Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհրդային ժողովրդի «միահամուռ ու անձնվեր» հայրենասիրությամբ ապահովված հաղթանակը պետք է ընկալել «իր ամբողջ գեղեցկությամբ»

16:55, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Խորհրդային ժողովրդի «միահամուռ ու անձնվեր» հայրենասիրությամբ ապահովված հաղթանակը պետք է ընկալել «իր ամբողջ գեղեցկությամբ»

«…вырыли мы окоп в полный рост. Немец бьет нам прямо в лоб, а сзади заградотряд…»

Ալեքսանդր Ռոզենբաում, բանաստեղծ, կոմպոզիտոր և երգիչ


     Պետական քարոզչամեքենան միշտ պնդել է ու ամեն կեղծիք գործի դնելով փորձել է մարդկանց հավատացնել, թե «1941-ի հունիսի 22-ին սովետական ամբողջ ժողովուրդը, ինչպես մեկ մարդ, սրբազան պատերազմի ելավ հանուն իր Հայրենիքի ազատության ու անկախության: Հարյուրհազարավոր կամավորներ զինկոմիսարիատների դռների մոտ հերթի էին կանգնել օր առաջ ռազմաճակատ մեկնելու համար, իսկ ովքեր ռազմաճակատում էին, մինչև վերջին փամփուշտը կռվում էին ատելի թշնամու դեմ: Մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող զանգվածային հերոսությունը կոտրեց ֆաշիստական գազանի ողնաշարը»:


     Այնինչ պատերազմում Ստալինի հաղթանակն ապահովեցին ոչ թե տանկերը, ինքնաթիռները կամ հաուբիցները, այլ «արգելափակիչ ջոկատներ» -ը:

«Անսպասելի ու հանկարծահաս» պատերազմի առաջին իսկ օրը ստորագրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ բազում էջերից կազմված (այսինքն՝ նախապես կազմված, քննարկված ու Ստալինի կողմից հաստատված) հրամանագիրը, որի համաձայն՝ ռազմական դատարաններին էին հանձնվում «հակահեղափոխական գործունեության» և 1932 թվականի օգոստոսի 7-ի օրենքով սահմանված այլ «հանցագործությունների» քննությունն ու պատժի իրականացումը: Այնուհետև ռազմական դատարանների վարույթին հանձնվեցին «Բնակչության մեջ տագնապ հարուցող կեղծ լուրերի տարածում» և «Ռազմական ձեռնարկություններում աշխատող բանվորների կողմից աշխատանքն ինքնակամ լքելը» հոդվածներով նախատեսված դեպքերի քննությունը:

1941-ի օգոստոսի 16-ին հրապարակվեց Գերագույն գլխավոր հրամանատարի թիվ 270 հրամանը, որտեղ մասնավորապես ասված է «…մարտի ժամանակ տարբերանշանները համազգեստից պոկող ու դասալքող, թիկունք փախչող կամ թշնամուն հանձնվող հրամանատարներին ու քաղաշխատողներին համարել չարամիտ դասալիքներ, որոնց ընտանիքները ենթակա են ձերբակալության՝ որպես երդումը խախտած ու Հայրենիքը դավաճանած դասալիքի ընտանիք: Պարտադրել բոլոր վերադաս հրամանատարներին ու կոմիսարներին տեղում գնդակահարել այդպիսի դասալիքներին…

Յուրաքանչյուր զինծառայողի, անկախ նրա ծառայողական դիրքից, պարտավորեցնել, որպեսզի վերադաս հրամանատարից պահանջի, եթե զորամասը շրջապատման մեջ է, կռվել մինչև վերջին հնարավորությունը՝ յուրայիններին հասնելու համար, և, եթե որևէ պետ կամ կարմիբանակայինների որոշ մաս, թշնամուն հակահարված կազմակերպելու փոխարեն, նախընտրի գերի հանձնվել, բոլոր միջոցներով ոչնչացնել, իսկ գերի հանձնվածների ընտանիքներին զրկել պետական նպաստից և օգնությունից…»:

Պետական նպաստից և օգնությունից զրկելը սովամահություն էր նշանակում, քանի որ բանվորի ու ծառայողի աշխատավարձով կարելի էր ամսական ընդամենը 2-3 կիլոգրամ մթերք գնել: 1944 թվականին միջին ամսական աշխատավարձով կարելի էր ընդամենը 5, 3 կգ կարտոֆիլ գնել:

Պատժիչների աշխատանքը եռում էր: Պատերազմի տարիների ընթացքում ռազմական դատարանները դատապարտել են 2 միլիոն 530 հազար 683 մարդու: Դրանցից միայն 994 հազարն է եղել զինծառայող: Ռազմական դատարանների կողմից դատապարտվածներից 1, 5 միլիոնը քաղաքացիական անձինք են եղել: Մահապատժի դատապարտվածների թիվը կազմել է 217 հազար: Եվ սա միայն ռազմական դատարանների գործունեության «արգասիքն» է, իսկ թե Ներքին գործերի ժողկոմիսարիատի Հատուկ խորհրդի, «արգելափակիչ ջոկատներ» -ի, ստորաբաժանումների հրամանատարների «հաշվեկշռում» քանի գնդակահարված է եղել, անհնար է պարզել: 217 հազար մահապատժի ենթարկվածներից 135 հազարը (10 դիվիզիա) զինծառայողներ են, 82 հազարը՝ քաղաքացիական անձինք՝ հիմնականում «հակահեղափոխականներ» (ՌԽՖԽՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդված): Այս զանգավածային մահապատիժների մթնոլորտում ապրող շարքային քաղաքացին, ճակատային գծում «արգելափակիչ ջոկատներ» -ով պատնեշված զինվոր մի՞թե «հայրենասիրությունի» -ից, «հայրենիքին ժամ առաջ զինվորագրվելուց», թշնամու դիրքերը նետվելուց բացի, այլ այլ կերպ կարող էր վարվել:

Ուշագրավ է բռնաճնշումների ժամանակացույցը: Պատերազմի տարիներին (1941-1945) «պատերազմական հանցագործություններ» -ի համար համապատասխանաբար դատապարտվել է 117, 299, 218, 88 և 69 հազար մարդ: Ինչպես տեսնում եք, ամենաշատ դատավճիռները 1941-ին ու 1942-ին չեն «բաժին ընկնում»: Էլ ավելի տպավորիչ է «Հայրենիքի դավաճանության համար» (հոդված 58-1բ) դատապարտվածների թվի աճի դինամիկան: 1941-ին դատապարտվել է 8976 մարդ, 1942-ին` 45 050, 1943-ին` 52 757, 1944-ին` 69 895 մարդ: Որքան մոտեցել է պատերազմի ավարտը, Հայրենիքն այնքան ավելի մեծ քանակության «դավաճաններ» է բացահայտել:

Այսպիսին է եղել «համաժողովրդական հայրենասիրության» իրական պատկերը: Շատ դժվար է համակերպվել այն եզրակացությունների հետ, որոնք ծառանում են այս փաստերը համադրելուց հետո: Եթե հետագայում էլ Ստալինի հաղթանակը Հիտլերի նկատմամբ անվանվի «Մեր մեծ հաղթանակ», ապա պետք է այդ հաղթանակն ընկալել «իր ամբողջ գեղեցկությամբ»:

Արյան ծովեր հեղելով Ստալինի հաղթանակի համար` խորհրդային ժողովուրդն էլ ավելի ամրացրեց իր լուծը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3670 | 0 | 0
Facebook