Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդիկ Սարի թաղ են տեսել, ցույց տվեք մոնոպոլիստներին

Միքայել
Հեղինակ`
Միքայել
12:10, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Մարդիկ Սարի թաղ են տեսել, ցույց տվեք մոնոպոլիստներին
    
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, և ով ինչ ուզում է՝ կարող է ներկրել: Նա նաև բերել է օրինակ, թե ապրանքներից մեկի մասին ասվում էր, որ առկա է մենաշնորհ, սակայն այսօր այդ ապրանքից ներկրող այլ գործարար ևս կա: Հավանաբար, Կարեն Կարապետյանը նկատի ունի բանանը, որի վերաբերյալ մի քանի շաբաթ առաջ հայտարարություն էր տարածել Պետական եկամուտների կոմիտեն: Այդ հայտարարության մեջ ասվում էր, թե ինչ-որ գործարար ցանկացել է բանան ներկրել, սակայն անհայտ անձինք փորձել են խոչընդոտել, ինչից հետո ՊԵԿ-ը միջատել է և հնարավորություն տվել, ապահովել է, որ գործարարն անի իր գործը:

    
Ողջույնի արժանի օրինակ է, իհարկե, սակայն այդ դեպքում գուցե պետք է գործարարներին ասել, որ եթե նրանք որևէ բան ներկրելու փորձ անեն, եթե նման բան անցնի իրենց մտքով, ապա լավ կլինի՝ նախապես զանգահարեն ՊԵԿ և օգնություն խնդրեն, որովհետև հետո արդեն, երբ ապրանքը հատի Հայաստանի սահմանը, կարող է շատ ուշ լինել: Ավելին, չի բացառվում, որ կարող է ուշ լինել նույնիսկ մինչև ապրանքը Հայաստանի սահմանը հատելը: Մյուս կողմից, իհարկե, հարց է առաջանում, թե ինչ կարող է անել իշխանությունը, ինչ պետք է անի, որ վերջապես հավաստի և համոզիչ լինի այն, որ Հայաստանում չկա մենաշնորհ, և բոլորն ազատ կարող են ներկրել՝ ինչ ուզում են: Ի վերջո, մարդիկ շատ պարզ, հայերեն հայտարարում են, թե՝ գնացեք և ազատ ներկրեք, իսկ եթե որևէ մեկը խոչընդոտի, ապա զանգահարեք մեզ:

    
Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ մարդիկ չեն հավատում: Չեն հավատում, որովհետև, օրինակ, այդ մարդիկ տեսել են, որ Հայաստանում եղել է հուլիսի 29-ի Սարի թաղ, որտեղ քաղաքացիական հագուստով ինչ-որ խաժամուժ հարձակվել է լրագրողների և քաղաքացիների վրա, սարսափելի ծեծի ենթարկել, բռնություն կիրառել, կա այդ ամենի լուսանկարների, տեսագրությունների ապացուցողական բազան՝ թե ովքեր են եղել այդ մարդիկ, ում թիկնապահները և այլն, սակայն չկան պատասխանատվության ենթարկվածներ, պատժվածներ:

    
Մարդիկ շատ անգամ են տեսել, թե ինչքանով են Հայաստանում տարբերվում իշխանության առաջին դեմքից մինչև վերջինը արվող հայտարարություններն ու իրականությունը, խոսքն ու գործը: Մարդիկ տեսել են և տեսնում են, հետևաբար, նրանք ոչ միայն իրավունք ունեն չհավատալու և չվստահելու, այլ երևի թե իրավունք չունեն հավատալու և վստահելու, քանի դեռ խնդիրների լուծմանն ուղղված իշխանության քայլերը ոչ միայն լիարժեք չեն, այլև չեն ենթադրում ամենապարզ ու սկզբնական գործողությունը` անուն առ անուն բացահայտել մարդկանց, ովքեր մենաշնորհ ունեն, և առավել ևս՝ ովքեր խոչընդոտել են որևէ մեկին:

    
Խնդիրն այս դեպքում բացարձակապես կուլակաթափությունը չէ, որևէ մեկին բռնելն ու բանտարկելը չէ, այլ ընդամենը վստահության մթնոլորտի՝ հնարավորինս հաստատուն երաշխիքային միջավայր ձևավորելը: Իսկ դրա համար, որպեսզի մարդիկ հավատան, համոզվեն, որ իրավիճակ է փոխվել, փոխվել են խաղի կանոններ, պետք է ընդամենը անվանապես նշել նրանց, ովքեր գործել են խաղի կանոնների խախտումով, թվարկել նրանց, ում պատկանել են չգրված մենաշնորհները: Միայն այդպես մարդիկ կհավատան, որ բան է փոխվել, որովհետև մենաշնորհատերերը այդպես կհայտնվեն հանրային վերահսկողության տակ և կաշկանդված կլինեն հասարակության հայացքով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3090 | 0 | 0
Facebook