Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիպլոմներ քննիչի թեկնածուներին

12:17, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Դիպլոմներ քննիչի թեկնածուներին

Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 26 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
     Միջոցառմանը ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր:

Հանդիսությունը հատկանշական էր այն առումով, որ դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուները ստացան ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները: Ակադեմիայի շրջանավարտներից 24-ը, արդեն որպես քննիչ, այսօրվանից սկսեցին աշխատել: Նորանշանակ քննիչները նաև հանդիսավորությամբ երդվեցին:

Օրենքով սահմանված կարգով՝ քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումն իրականացվել է Արդարադատության ակադեմիայում: Ուսուցման ընդհանուր տևողությունը շուրջ ութ ամիս էր՝ 2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Ուսուցումն իրականացվել է ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական դասընթացների հիման վրա՝ նպատակ ունենալով ձևավորել ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ, ինչպես նաև ընդլայնել մասնագիտական գիտելիքները:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում հատուկ ընդգծեց քննիչի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքների անփոխարինելի դերը:

«Որևէ անմեղ մարդ չպետք է դատապարտվի, հանցանք գործած որևէ անձ չպետք է խուսափի քրեական պատասխանատվությունից, իսկ դրանց հնարավոր է հասնել միայն օբյեկտիվ քննությամբ, օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների արդյունքում» , -նշեց Ա. Հովսեփյանը՝ շեշտելով, որ քննիչը պետք է լինի հետազոտող, ոչ թե հետապնդող:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ ունկնդիրների համար անցած ուղին բավական դժվար էր, թեպետ քննիչի աշխատանքն ինքնին բարդ ու պատասխանատու է: Այդուհանդերձ, ռեկտորը համոզմունք հայտնեց, որ ակադեմիայի շրջանավարտները ի վիճակի են պատվով իրականացնել իրենց առաքելությունը:

«Վստահ եմ՝ այսօրվա շրջանավարտները նոր շունչ են հաղորդելու քննչական մարմիների գործունեությանը» , -նշեց ռեկտորը՝ հավելելով, որ արդարադատության իրականացման հիմքում հենց քննիչի աշխատանքն է:

Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիայի ղեկավարությանը՝ քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը կազմակերպելու և անցկացնելու համար և ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին պարգևատրեց «Համագործակցության համար» մեդալով:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3539 | 0 | 0
Facebook