Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ փիլիսոփան սրամիտ սոփեստ է, կարողանում է հենց տեղում իր դատապարտելի վարքն արդարացնող պատճառներ մոգոնել

20:49, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Երբ փիլիսոփան սրամիտ սոփեստ է, կարողանում է հենց տեղում իր դատապարտելի վարքն արդարացնող պատճառներ մոգոնել

Հին հույները Հյուսիսային Աֆրիկայի Կիրենեա քաղաքում ծնված մի փիլիսոփա են ունեցել՝ Արիստիփոս (Ք.ա. 435-355) անունով: Սոփեստաբանելու որոշակի հակում ունեցող այս իմաստասերը Սոկրատեսի աշակերտներից առաջինն է եղել, որ ուսուցման համար փող է վերցրել: Նա նույնիսկ փորձել է իր վաստակածի մի մասն իր ուսուցչին ուղարկել, բայց վերջինս հրաժարվել է ընդունել՝ պատճառաբանելով, թե վերջին պահին իր ներքին ձայնը, զգուշանալով մարմնական ու բարոյական վտանգներից, որ կարող է պատճառել ուղարկած փողը, իրեն հուշել է մերժել օգնությունը: Արիստիփոսը Սոկրատեսի աշակերտներից ամենավատահամբավն է եղել՝ նաև այն պատճառով, որ Սիցիլիա կղզու Սիրակուզե քաղաքի բռնակալ Դիոնիսոսին շատ է հաճոյացել ու շողոքորթել (որի համար Դիոգենեսը նրան «թագավորի շուն» է անվանել): Նրան ծաղրել են վախկոտության, պերճասիրության ու անառակ կանանց հետ կապերի համար:

Ահա՛ մի քանի հետաքրքիր ու, թերևս, նաև ուսանելի ու օգտակար (հատկապես ստորաքարշների համար) պատմություն նրա մասին:


     Երբ Սիրակուզեի բռնակալ Դիոնիսոսը թքում է Արիստիփոսի վրա, նա լռելյայն կուլ է տալիս վիրավորանքը, իսկ երբ այդ անարգանքը տեսած մեկն սկսում է նրան անպատվել արժանապատվություն չունենալու համար, նա պատասխանում է. «Նույնիսկ մանր ձկներ որսալու համար ձկնորսները ծովի փրփրոտ ցայտերի տակ են մտնում: Մի՞թե ես, որ խոշոր ձուկ եմ ուզում բռնել, չեմ կարող դիմանալ թքի ցայտերին»:


     Մի անգամ Արիստիփոսը Դիոնիսոսից ուզում է պաշտպանել իր ընկերոջը, բայց, արդյունքի չհասնելով, բռնակալի ոտներն է ընկնում: Երբ այդ դեպքից հետո ականատեսներից մեկը ծաղրում է փիլիսոփային, նա պատասխանում է. «Ես մեղավոր չեմ, մեղավորը Դիոնիսոսն է, որի ականջները ոտներին են աճել»:


     Մի անգամ Արիստիփոսը Դիոնիսոսից փող է խնդրում, և վերջինս ասում է. «Բայց չէ՞որ դու ասում ես, թե իմաստունը կարիքներ չունի», և փիլիսոփան պատասխանում է. «Դու ինձ նախ փող տուր, հետո կքննենք այդ հարցը»: Ստանալով փողը` նա ասում է. «Հիմա տեսնո՞ւմ ես, որ ես իսկապես կարիք չունեմ»:


     Դիոնիսոսի այն հարցին, թե ինչու են փիլիսոփաները հարուստների դուռը գնում և ոչ թե հարուստները` փիլիսոփաների դուռը, Արիստիփոսը պատասխանում է. «Որովհետև ոմանք գիտեն, թե իրենց ինչ է հարկավոր, իսկ ոմանք չգիտեն»:


     Արիստիփոսը հրապարակում անցնում է բանջարեղեն մաքրող Դիոգենեսի կողքով: Դիոգենեսը նրան ծաղրանքով ասում է. «Եթե դու կարողանայիր ա'յ սրանով սնվել, ստիպված չէիր լինի բռնակալների դռների մոտ քարշ գալ: Արիստիփոսը պատասխանում է. «Իսկ եթե դու մարդկանց հետ վարվել իմանայիր, ստիպված չէիր լինի քո բանջարեղեն ինքդ մաքրել»:


     Հարցին, թե փիլիսոփաները մնացյալ մարդկանցից ինչով են տարբերվում, Արիստիփոսը պատասխանում է. «Եթե բոլոր օրենքները վերանան, միայն մենք մեր կարգով կապրենք»:

Մեկն իր որդուն բերում է նրա մետ, որ ուսուցանի: Փիլիսոփան 500 դրահմա է պահանջում: Տղայի հայրն ասում է. «Այդքան փողով ես երկու ստրուկ կարող եմ գնել»: «Գնի'ր, - ասում է Արիստիփոսը, - և դու երկու լիարժեք ստրուկ կունենաս»:


     Երբ մեկը փիլիսոփային պախարակում է սեղանի ճոխության համար, նա հարցնում է. «Բայց մի՞թե դու կհրաժարվեիր այս ամենը 3 օբոլով գնել»: «Իհարկե չէի հրաժարվի», - պատասխանում է պախարակողը: «Կնշանակի քեզ համար փողն ավելի կարևոր է` քան ինձ համար վայելքը»:


     Իր տուն մտնող Դիոնիսոսի կողքին տեսնելով Արիստիփոսին` փիլիսոփա Անտիսֆենեսն ասում է. «Արիստիփոս, եթե դու գոհանայիր այն սննդով, որով ես եմ գոհանում, հարկ չէր լինի, որ բռնակալի պոչից կպած ման գայիր»: Փիլիսոփան հակադարձում է. «Իսկ եթե դու կարողանայիր պարզապես խոսել բռնակալի հետ, ապա այդ կերակրով չէիր գոհանա»:


     Դիոնիսոսը Արիստիփոսին փող է տալիս, իսկ Պլատոնին` գիրք: Դա ևս մի առիթ էր, որ նրան խայթեն, որոնց ի պատասխան` Արիստիփոսն ասում է. «Կնշանակի` ինձ փողն է առավել անհրաժեշտ, իսկ Պլատոնին` գիրքը: Ճշմարիտն այն է, որ առատաձեռնությունը երբեք չի սնանակացնի Դիոնիսոսին. շատ խնդրողներիս նա քիչ է տալիս, իսկ Պլատոնին, որը ոչինչ չի վերցնում, նա շատ է տալիս»:


     Երբ դասավանդելուց նա խոշոր գումար է աշխատում, Սոկրատեսը հարցնում է. «Ինչի՞ համար են քեզ այդքան շատ վճարել»: Նա պատասխանում է. «Այն նույն բանի քամար, որ քեզ այդքան քիչ են վճարում»:


     Մի անգամ, երբ Արիստիփոսը նավարկում էր, ուժեղ փոթորիկ է սկսվում, և փիլիսոփան շատ է վախենում: Նավի ուղևորներից մեկը նրան հարցնում է. «Արիստիփոս, մի՞թե դու էլ ես ուրիշների պես վախենում»: Փիլիսոփան պատասխանում է. «Լիակատար իրավունք ունեմ վախենալու. այս վտանգը ձեզ ստիպում է տագնապել ձեր թշվառ կյանքի համար, իսկ ինձ` իմ երանավետ կյանքի համար»:


     Արիստիփոսն ասել է.


     «Ինչպես չափազանց շատ ուտողները առավել առողջ չեն լինում, քան սննդում ամենաանհրաժեշտը ներառողները, այնպես էլ ճշմարիտ գիտնականները ոչ թե շատ կարդացողներն են, այլ օգտակարը կարդացողները»:


     «Շատ խմելն ու չհարբելը բնորոշ է նաև ջորուն»:


     «Եթե առատությունը վատ բան լիներ, այն աստվածների խրախճանքներում տեղ չէր ունենա»:


     «Ավելի լավ է ընչազուրկ, քան` անկիրթ լինել. Եթե առաջինը զուրկ է փողից, ապա երկրորդը` մարդկային կերպարանքից»:


     «Դու իրավունք ունես հայհոյել, իսկ ես իրավունք ունեմ հնազանդվել»:


     «Մի՞թե միևնույնը չէ` զբաղեցնել այնպիսի տուն, որում ապրել են շատերը, թե՞ մի տուն, որում ոչ ոք չի ապրել: Մի՞թե միևնույնը չէ` նավարկել մի նավով, որով հազարավորներն են նավարկել, թե՞ մի նավով, որով դեռ ոչ ոք ծով չի մտել: Ահա այդպես էլ միևնուն է` ապրե՞լ արդյոք մի կնոջ հետ, որի հետ արդեն շատերն են ապրել, թե՞ մի կնոջ հետ, որին ոչ ոք չի դիպել: Լավագույնն այն չէ, որ ձեռնպահ մնաս վայելքներից, այլ այն, որ իշխես դրանց»:


     «Ես ամենուր օտարական եմ»:


     «Ոչ մի դեպքում ես ինձ իշխել ցանկացողների շարքը չեմ դասի»:


     «Դժվար բան է սեփական անձի համար ամեն հարկավորը ձեռք բերելը, բայց միայն կատարյալ խելագարը կարող է չգոհանալ ամենաանհրաժեշտով` իր վրա առավել ծանր լուծ դնել` բոլոր քաղաքացիներին իրենց անհրաժեշտ ամեն ինչը մատակարարելով»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6317 | 0 | 0
Facebook