Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Պոլ Անրի Հոլբախ. «Սրբազան վարակ կամ սնահավատության բնական պատմություն. բոլոր կրոնները աստվածության մասին մեզ տալիս են միատեսակ հակասական ու չարագույժ պատկերացում» (հայերեն հրապարակվում է առաջին անգամ)

23:04, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Պոլ Անրի Հոլբախ. «Սրբազան վարակ կամ սնահավատության բնական պատմություն. բոլոր կրոնները աստվածության մասին մեզ տալիս են միատեսակ հակասական ու չարագույժ պատկերացում» (հայերեն հրապարակվում է առաջին անգամ)

Ամեն ժողովուրդ ունեցել է իր օրենսդիրներն ու միսիոներները: Ամեն օրենսդիր կամ միսիոներ ներմուծել է սեփական հասկացությամբ ստեղծված ու փոփոխված, սեփական նախապաշարմունքներին ու շահերին համապատասխանող իր աստծուն, իր պաշտամունքը, իր կրոնը՝ բնականաբար, համահունչ այն նախապաշարմունքներին ու շահերին, այն զգացմունքներին, որոնք նա ցանկանում էր ներշնչել իրեն վստահող ու պատվող մարդկանց: Դա կա՛մ մոլեռանդ մեկն էր լինում, կա՛մ՝ շառլատան, իսկ ավելի հաճախ՝ և՛ մեկը, և՛ մյուսը միասին: Նրա պատկերած աստծո դիմագծերն ու հատկանիշները, նրա աստծո՝ իրեն փոխանցած հրամանները, այն միջոցները, որոնց կիրառմամբ պետք էր արժանանալ այդ աստծո բարեհաճությանը, բացառապես նրա երևակայության, նրա շահերի, նրա կեղծ պատկերացումների արգասիք են եղել: Ահա թե ինչու այդքան շատ աստվածներ ու կրոններ են գոյություն ունեցել. աստվածների բնավորությունն ու վարքը պայմանավորված է եղել բացառապես այն մարդկանց նպատակներով, որոնք ժողովուրդներին աստվածներ են «շնորհել»: Պատվամոլ, խորամանկ ու դաժան օրենսդիրն իրեն առաջնորդ ընտրած ստրուկներին ու գողերին, բնական է, պիտի իր գարշելի բնույթին ու բնավորությանը նմանվող աստված տար իր հպատակներին: Ով կարդացել է Հին կտակարանը, նա ի դեմս հրեա ժողովրդի տեսնում է գողերի, ավազակների ու բանդիտների, որոնց Մովսեսը կարողանոմ է հանել իրենց տիրակալի դեմ և որոնց նա դաժան միջոցներով պարտադրում է իր նման դաժան ու չար, իր ազգակիցների մտածողությանը շատ մերձ մի աստծու: Մաղձոտ, մռայլ, կամակոր ու բռնկուն այս օրենսդիրն իր աստծուն դարձրեց իր նման անդուր մի արարած: Նվաճողական հակումներ ունեցող ռազմիկն էլ բարձրագույն էակին պատկերացրել է որպես խիզախությունը գնահատող համարձակ միապետ, իսկ հեշտասեր խաբեբան իր աստծուն վերածել է մարմնական վայելքի բարեկամի: Խստասիրտ ու վայրենի բարքի տեր մարգարեն իր աստծուն ամենայն հաճույքի ու վայելքի թշնամի է դարձրել: Ընդ որում նշանակություն են ունեցել նաև հենց ժողովուրդների հակումներն ու մտածողությունը: Ստրկության հակված ու էն գլխից խստասիրտ, անմատչելի ու անգութ բռնակալներին ենթակա արևելյան ժողովուրդները, որոնք անգթորեն պատժվել են չնչին իսկ անհնազանդության համար, ունեցել են բացարձակ իշխանությամբ օժտված իրենց տիրակալներին նմանվող աստվածներ: Այդ ժողովուրդները եղել են իրենց քրմերի ու թագավորների ստրուկները, որոնք էլ նրանց սնահավատություն ու նախապաշարմունքներ են ներարկել: Արևմուտքի և Հյուսիսի առավել մարտաշունչ, առավել առողջ ժողովուրդների աստվածները եղել են առավել պատերազմասեր ու կենսասեր, քանի որ նրանց տարերքը պատերազմն է եղել: Մի խոսքով, երկրի վրա տարածված բոլոր սնահավատություններում աստվածներն ու նրանց պաշտամունքը եղել են այն մարդկանց նմանակը, որոնք խոսել են իր անունից: Այդ աստվածները հարմարեցվել են իրենց աստված հռչակած ժողովուրդների առանձնահատուկ հակումներին ու նաև նրանց ֆիզիկական ու բարոյական նկարագրին: Հակումները պայմանավորված են մեր մոլորակի տարբեր բնակիչների խառնվածքով, նրանց ընդունած սննդով, կենսակերպով, նրանց բնական միջավայրի կլիմայով, նրանց պահանջմունքներով ու նախապաշարմունքներով, նրանց կառավարություններով ու բարքերով: Տարբեր ժողովուրդների այդ հակումները հազվադեպ են միանման եղել, այդ իսկ պատճառով էլ նրանց աստվածներն ու պաշտամունքները պետք է տարբեր լինեին: Սակայն, ինչպես մենք արդեն հիշեցրել ենք, նրանց միջև նմանության գծեր եղել են: Աստվածները բոլոր կրոններում թագավորներ են եղել, բոլոր կրոններում նրանք սարսափ են սփռել, ամենուր կրոնը ստրկական, սողունային բնույթ է կրել, և ամենադժբախտ ու ամենատգետ ժողովուրդներն ամենասնահավատներն են եղել: Բայց ամենախելահեղ, ամենաանմիտ, ամենապաճուճագեղ սնահավատությունները պետք է գերազանցեին մյուսներին: Այդ իսկ պատճառով Եգիպտոսը, Սիրիան, Հրեաստանը, Փյունիկիան, Հնդկաստանը կարող են համարվել աստվածների ու կրոնների մեծ բուծարաններ: Այս երկրներից են դուրս եկել միսիոներների պարսերն ու հեռավոր երկրներ հասցրել իրենց աստվածներին, իրենց ծիսակարգերը, խորհուրդներն ու առակները: Առաջին հերթին Եգիպտոսն է հանդիսանում աստղաբաշխական զառանցանքների, մոգության, կախարդության, գուշակությունների, մարգարեությունների, երազահանության և, վերջապես, մետաֆիզիկայի, այսինքն ոգիների մասին գիտության հայրենիքը: Այնպիսի մի անառողջ երկիր, ինչպիսին Եգիպտոսն է, որի բնակիչները ենթակա են եղել բազմաթիվ դաժան հիվանդությունների, բնականաբար, պետք է հակված լինեին սնահավատության: Բացի այդ, շոգ կլիման պետք է քրմերի մեջ պտղավորեր բազմաթիվ ֆանտազյորների՝ կախարդների, պայծառատեսների, գուշակների, մարգարեների ու երազողների, և նրանց զառանցանքները հմայում էին մելամաղձության հակված դժբախտ ժողովրդին: Այդ իսկ պատճառով Եգիպտոսը եղել է ամենախելապակաս, ամենակրոնական երկիրը և ամենից շատ է ենթակա եղել քրմերին: Վերջիններն իրենց ֆանտազիանեով ու սնահավատություններով աստիճանաբար վարակել են ամբողջ աշխարհը: Հին պատմությունից ակներև է դառնում, որ Եգիպտոսը եղել է բոլոր կրոնների օրրանը: Հրեաների Ադոնայը կամ Եհովան, որի իշխանությունը մեր ժամանակներում այդքան տարածված է, ակներևաբար, նույն աստվածն է, ինչ սիրիացիների, փյունիկեցիների Ադոնիսն է, և փռյուգիացիների Ատիսը: Այս բոլոր աստվածները պատճենահանվել են եգիպտական Օսիրիսից, որն սկզբում եղել ձմռանը մահացող և գարմանը հարություն առնող բնության մարմնացումը: Ահա թե որտեղ է հին ու նոր առասպելաբանությունների նմանության պատճառը: Եգիպտոսում է առասպելական երգիչ ու երաժիշտՕրփեոսը քաղել աստվածների մասին իր ուսմունքը. տալխիններում, դաքտիլներում, կուրետներում և այլնում պետք է տեսնել աստվածներին, պաշտամունքներն ու առասպելները Հունաստան բերած միսիոներներին: Այդ ժամանակի դեռևս վայրենի հույները նրանց հիացմունքով են դիմավորել: Ակներևաբար, հրեաներն իրենց կրոնն ու ծեսերը փոխառել են եգիպտացիներից: Ըստ էության, հրեաները եղել են եգիպտական բողոքականներ, իսկ քրիստոնյաները պարզապես հրեա-սխիզմատիկներ են, որոնք ագահությամբ ընդունել են եգիպտացիների՝ Պլատոնի կողմից ջերմացված ու հետագա շրջանի բազմաթիվ խորագետ աստվածաբանների կողմից նրբացված մետաֆիզիկան ու աստվածաբանությունը: Այդ ժողովրդական միտումները միշտ ծնել են ու պիտի ծնեն սնահավատություններ ու աստվածաբանական հասկացություններ, ու միշտ նրանց համար բարեբեր հող են ծառայելու: Բայց այդ հասկացությունները չեն կարող անսասան մնալ, որովհետև միշտ կառուցվում են մի խումբ մարդկանց երևակայության ու այն մարդկանց անգրագիտության, դյուրահավատության ու խավարամտության վրա, որոնց դրանք մատուցվում են: Պատվաստված ծառի պտուղների նման՝ կրոնը, այսպես ասած, ձեռք է բերում տվյալ հողի համը. նախասկզբնական աստվածները փոխում են իրենց դեմքը, և կրոններն ստիպված են հարմարվել ժողովուրդների պատկերացումներին ու կյանքի պայմաններին, սովորություններին, քաղաքական սկզբունքներին, ինչպես նաև առաջնորդների գաղափարներին:

Այսպիսով, հրեական օրենսդիրները եգիպտացիների աստծուն նոր դիմագիծ տվեցին. Ճիշտ նույն կերպ այդ նույն աստծուն քրիստոնյաները նոր կերպարանք տվին, և այդ աստվածը նրանցից պահանջում է այնպիսի պաշտամունք, որն առաջներում լիովին անընդունելի կլիներ նրան: Միևնուն աստվածն ու միևնույն կրոնը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր նրբերանգներ է ձեռք բերում: Անգլիացին այսօր աստծուն այն նույն աչքերով է նայում, ինչ՝ առաջ, բայց նա արդեն նրան այդքան կատաղի, վայրենաբարո չի պատկերացնում, ինչպես նրան պատկերացրել են իր հայրերը կամ այն հարևանները, որոնք առ այսօր շարունակում են մնալ իրենց տերտերների լծի տակ: Մի խոսքով, բարձրյալի անխախտ կամքը ենթարկվեց փոփոխության, ստիպված եղավ հաշվի առնել մտքերի առաջընթացը, մարդկության կյանքի փոփոխություններն ու հեղաշրջումները: Մարդկանց դոկտրինաները, պաշտամունքները, կրոնական աշխարհայացքը, կախված հանգամանքներից, մշտապես փոխվում են. վերջինս միշտ է՛լ ավելի ուժեղ է, քան հրաշքներն ու մտահայեցողությունը: Տերտերները երբեք չեն կարող իրեր հետ տևական համաձայնության հանգել ու իրենք են նպաստել իրենց հավատքի ուսմունքների փոփոխմանը: Արդյունքում՝ աստվածները, այսպես ասած, փոխեցին իրենց ֆիզիոնոմիան: Մարդիկ չեն կարող երկար ժամանակ միևնույն հայացքն ունենալ այն դոկտրինաներում, որոնք կառուցված չեն փորձի ու բանականության վրա. Նրանց քիմեռները, պատրանքները չեն կարող չփոխվել: Զարմանալի չէ, որ մոլեռանդությունից ծնված ու մարդկային կրքերին ու շահերին ստորադասված կրոնը նրանց հետ էլ փոխոխություններ է կրել: Կամակորություններին ի վիճակի է դիմակայել միայն այն, ինչը բանականությամբ է ստեղծված. միայն ճշմարտությունն է հարատևորեն անփոփոխ: Չնայած կրոնական աշխարհայացքի այս ամեն փոփոխություններին, չնայած մարդկանց հայացքների տարաձայնություններին, բոլոր սնահավատությունները, ինչպես մենք տեսանք, միշտ իրենց աստվածներին պատկերել են որպես տհաճ, զայրացնող ու անհանգիստ արարածներ: Աստվածությունը միշտ եղել է մարդու հանդարտության թշնամին: Քրմերը նրան միշտ խստշունչ են պատկերել: Կրոնը եղել է խավարի ու փոթորկի թագավորություն, մարդիկ այստեղ տեղաշարժվել են միայն կայծակի փայլատակման ժամանակ, կուրորեն հնազանդվել են աստվածության կամքին՝ որքան էլ դրանք ծանր ու անմիտ լինեին, որքան էլ դրանք հակասեին մարդկային ցեղի բնույթին, գիտակցությանը, առողջ բանականությանն ու խաղաղությանը: Հիմարացված ժողովուրդները չեն համարձակվել քննադատել իրենց աստվածների կամքը, համարել են, որ իրենք հարկադրված են նրանց հնազանդվել. աստվածներին սիրաշահելու համար նրանք պատրաստ են եղել նույնիսկ հակադրվել բնությանը, բռնանալ նրա ամենասրբազան օրենքների վրա, ավերել սեփական երջանկությունը: «Ես, - ասում է Եհովան, - խանդոտ աստված եմ, վրիժառու աստված եմ, անխանահ աստված եմ: Հրեանե՛ր, ես ձեզ կապանքներից ազատեցի միայն նրա համար, որպեսզի դուք ծառայեք իմ խանդոտ կատաղությանը: Ես ձեր ցասմանն եմ հանձնում անպատիվ քանանացիների կյանքն ու արժանապատվությունը: Կողոպտե՛ք, կոտորե՛ք ժողովուրդներին, որոնք իրենց պաշտամունքով ինձ զայրացրել են: Թող մեռնի յուրաքանչյոր ոք, ով չի ճանաչում ինձ: Թող անգթորեն մորթվեն կրծքի երեխան, արտասվող կինը, նվաղկուն ծերունին ու նույնիսկ նրանց անասունը: Ոչնչից մի՛ վախեցեք, ես ձեր առջևից կգնամ և կուղղորդեմ ձեր զարկերը, ես կողջունեմ ձեր անողոքությունը և կպարգևատրեմ: Ես ռազմիկ աստված եմ: Ճշմարտությունն ու կեղծը ես եմ արարում, ինձանից է կյանքն ու մահը, ամբողջ երկիրն ինձ է ենթակա: Հնազանդվե՛ք և դողացե՛ք, որովհետև ես եմ տերը: Հայրերի անհնազանդության համար ես վրեժխնդիր եմ լինում նրանց անմեղ երեխաներից»:

«Լսե՛ք, - բացականչում է Մոլոխը, - լսե՛ք ինձ, Տյուրոսի և Կարթագենի բնակիչներ: Ես արյունռուշտ աստված եմ: Իմ զոհասեղաններն արյա՛մբ հեղեք: Ինձ սիրաշահելու համար կրակի՛ մատնեք ձեր երեխաներին, թող դաժանացած մայրն ինձ ընծայաբերի իր երեխային ու լաց չլինի: Իմ ունկը շոյվում է անմեղների ճիչերից, իմ հոտոտելիքին հաճելի է այրվող մսի հոտը: Ինձ գոհացնելու համար պետք է ճնշել բնության ձայնը»:

«Հռոմեացինե՛ր, - ասում են երկիրը նրանց թալանին մատնած իրենց կողմնակալ աստվածները, - կատաղությա՛մբ կռվեք: Թո՛ղ ռազմիկն իր բոլոր ուժերը նվիրաբերի և քաջաբար զոհվի: Թող դաժանությունը լինի ձեր ամենագլխավոր արժանիքը: Ձեր աստվածները հավանություն են տալիս թալանին ու սպանությանը: Կատարե՛ք նրանց պատգամախոսների դաժան մարգարեությունները: Թո՛ղ ձեր հաղթական բանակներն ամբողջ աշխարհը սպանդանոցի վերածեն: Մարդկային ցեղը պետք է զոհաբերվի հայրենիքի զոհասեղանին: Այդ նույն զոհասեղանին պետք է անգթորեն զոհաբերվի նաև բնությունը»:

«Մեքսիկացինե՛ր, - ասում է նրանց իրենց վայրենի աստվածը, - ի՛ մարտ նետվեք, հարձակվե՛ք ձեր հարևանների վրա, նվաճե՛ք, գերեվարե՛ք, որպեսզի գերիներին մորթեք իմ զոհասեղանին: Ինձ զոհաբերե՛ք նրանց մխացող սրտերը: Ես մարդկային մսի քաղց ունեմ: Ջանացե՛ք կշտացնել ինձ, այլապես վախեցե՛ք իմ զայրույթից»:

«Մահկանացունե՛ր, իմ զայրույթից ծնվածնե՛ր, - ասում է քրիստոնյաների աստվածը, - փշրե'ք գանգերը: Ձեր բանականությունը կորստյա'ն մատնեք: Ինձ համար զոհաբերե'ք ձեր ամենանվիրական ցանկությունները: Հեռո'ւ փախեք կյանքի ուրախությոններից: Հեռացե'ք ինքներդ ձեզանից ու նրանցից, որոնց բնությունը ձեզ համար թանկ է դարձրել: Ատե՛ք այլասերված աշխարհը: Ես խանդում եմ ձեր սրտերին, դարձե՛ք դժբախտ: Թո՛ղ ցավն ու վիշտը թունավորեն ձեր կյանքը: Ես ձեզ կյանք եմ տվել միայն նրա համար, որպեսզի կարողանամ արբել ձեր վշտով: Այս աշխարհն ընդամենը անցումային աստիճան է, որի վրա ես ուզում եմ ձեզ փորձել: Տառապե՛ք, աղոթե՛ք, հոգո՛ց քաշեք, ողբացե՛ք: Ինձ հաճելի է տեսնել ձեր արցունքները, իմ ունկը շոյում են ձեր ողբն ու կականը: Ձեր ողբն ու կականը, միգուցե, կասեցնի իմ ամպրոպը: Ձեզ համար ի՜նչ երջանկություն է, որ ճանաչեցիք ինձ: Իմացեք, որ ես պահեստավորել եմ հավերժական տանջանքներ նրանց համար, ովքեր չեն հնազանդվի իմ առեղծվածային կամքին: Բանականությունն ինձ համար արգահատելի է, և ես ձեզ արգելում եմ դիմել դրան: Ապրեք վախի ու տագնապի մեջ: Խորհրդածեք իմ դատաստանի մասին: Ժամանակը իմ վրեժին սահման չի դնում, այն կլինի տևական ու դաժան»:

Այդ իսկ պատճատով Էակի, Մինոսի ու Ռադամանտի՝ հեթանոսների գեհենական երեք դատավորների տեղում մենք մեր կաթոլիկական դժոխքում ունենք Լյուցիֆերին, Աստարտեին և Բերզեբուխին: Նրանց հրեշներ դարձրած աստծո քմահաճույքի համար հավերժության մեջ նրանք խորովում են անհավատներին ու այդ կարգի այլ սրբապիղծներին, ինչպիսիք են Մարկոս Ավրելիոսը, Անտոնինան, Տիտոսը, Տրոյանոսը:

Բոլոր սնահավատությունները մոտավորապես վերոբերյալ խոսքեր են դնում իրենց աստվածների բերանը: Այդ սնահավատությունների անփոփոխ նպատակը միշտ եղել է մարդկանց դատողությունները խլացնելը, նրանց սարսափեցնելն ու դատողություններ թույլ չտալը: Վրդովված, գրգռված մարդուն կարելի է առանց ապացույցների ստիպել հավատալ և ուրիշի ցուցմամբ գործել: Ինչպես էլ եղած լինի, ժողովուրդներին աստվածներ ու պաշտամունքներ բերած մարդիկ սկզբում դրանցում մարմնավորել են բնությունն ու դրա դրսևորումները՝ թաքցնելով դրանք գաղտնիքների ու այլաբանությունների քողի տակ: Բայց բավարար չի եղել բնությունը պատկերել բանաստեղծական տեսքով, նաև հարկավոր է եղել, որ այն խոսի ժողովրդի զգացմունքների հետ: Հարկավոր է եղել ժողովրդի ուշադրությունը կենտրոնացնել այն նյութական առարկաների վրա, որոնք պատկերում են այն աներևույթ ուժերը, որոնց նա պետք է խոնարհվի: Այդ իսկ պատճառով աստվածները հայտնի ձևերն են ընդունել. այն կերպարը, այն խորհրդանշանը, որին պայմանավորվել է խոնարհվել տվյալ ազգը, աստված է դարձել: Այստեղից էլ այն մտահնար, արտասովոր ու պաճուճազարդ կերպարանքները, որոնք տարբեր ժողովուրդների մոտ պաշտամունքի առարկա դարձան: Դրանց ետևում միշտ թաքնված են եղել բնությունն ու բնության երևույթները՝ ժամանակը, տարվա եղանակները, լուսատուների պարբերական շարժումները, երկիրը, պտղաբերությունը, ծնունդը և այլն: Այս նախասկզբնական տարրերից էլ ստեղծվել են աստվածները, որոնք միշտ սարսափելի են եղել ու սարսափելի են լինելու մարդու համար. վերջինները, համառորեն, կյանքով, խելքով ու կամքով են օժտելու այն ամենը, ինչն իրենց վրա տպավորություն է թողնում, կամ այն պատճառները, որոնք ի վիճակի չէ ըմբռնել: Այսպիսով, մարդիկ միշտ մարդկային որակներով են օժտել այն անտեսանելի ուժերին, որոնք իրենց համար աներևույթ կերպով են գործել: Այստեղից էլ հասկանալի է, թե ինչու են աստվածների մունետիկները սովորաբար նրանց մարդկային կերպարանքով պատկերել: Յուպիտերի վերածված եթերը պատկերվել է որպես կայծակով զինված մի թագավոր: Ժամանակը պատկերող Սատուրնը անվրդով ծերունու տեսք է ընդունել, մի ծերունու, որի մանգաղը չի խնայում ոչ մեկին:

Բայց ժողովուրդը երբեք չիմացավ կամ էլ արագ մոռացավ, թե ինչ էր թաքնված այդ խորհրդանշանների կամ կերպարների հետևում: Նա հավատում էր, թե կոպիտ նյութի կամ արձանի մեջ, որը նրան ցուց էին տալիս, ապրում է ինքը՝ աստվածությունը կամ էլ աստվածությունից բխող ինչ-որ խորհրդավոր ուժ: Նա միշտ պաշտել է ծառը, քարը, մարմարը, բրոնզը, խնդրանքով դիմել է այդ պատկեր-խորհրդանշաններին: Այդպես ծնունդ առավ կռապաշտությունը: Մարդկանց մեծ մասը կռապաշտ է եղել է և միշտ կռապաշտ է լինելու: Եթե որոշ՝ համեմատաբար կարծր ուղեղներ իրենց ցուցադրված պատկերներում տեսել են միայն աստվածների խորհրդանշաններ, ապա ժողովուրդը դրանցում տեսել է հենց աստվածներին: Եթե առավել նրբացված կրոններում որոշ ուղեղներ հասել են աստվածության ոգիացմանը, ապա ժողովուրդը այդ խորհրդանշաններում միշտ տեսել է հենց աստվածությանն ու խոնարհվել է դրան: Մեր միջավայրում կան մարդիկ, որոնք իրենց կռապաշտության մեծ թշնամի են ներկայացնում, բայց պաշտում են մտքով ու սրտով օրհնված հացը, որի խորհրդանշանի տակ թաքնված է տիեզերքի աստվածը: Այն մարդը, որը կարող էր ժողովրդի աչքերը բացել ու նրան բացատրել, որ իրեն ցուցադրվող խորհրդանշաններն ու կերպարներն աստվածներ չեն և ոչ մի ուժի չեն տիրապետում և պետք է ընդամենը ներկայացնեն բնության անտեսանելի պատճառներն ու գործոնները, այդ մարդիկ կամ իրենք են մոռացել այդ, կամ էլ զգուշացել են ժողովրդին ճշմարտությունն ասելուց: Նրանք միշտ շահագրգռված են եղել, որ ժողովրդին խաբեն, խորացնեն նրա մոլորությունը, նրան հավատացնեն, թե նրանք՝ քրմերն ու մեկնիչներն են ո՛չ թե սոսկ անշունչ արձանի կամ պայմանական խորհրդանշանի, այլ հենց աստվածության զորավոր ու սարսափելի այն ուժի, որը պետք է ժողովրդին պատկառանք ներշնչի: Աստվածների քրմերին միշտ ձեռնտու է ժողովրդի կուրության ու զարմացման խորացումը, որպեսզի նրա աչքին բարձրանան: Նույն դրդապատճառով հռոմեա-կաթոլիկական եկեղեցու սպասավորները սկզբում կատաղորեն հարձակվեցին նրանց վրա, ովքեր համարձակվեցին քննադատել օրհնված հացում աստվածության ներկայությունը: Հոգևորականության շահը միշտ նրան հակելու է այն աշխարհայացքի կողմը, որն առավել ձեռնտու է իր շահերին: Այն երկրներում, որտեղ հաղորդությունն ընդամենը խորհրդանշան է հանդիսանում, եկեղեցին անհամեմատ քիչ իշխանություն ունի, քան այն երկրներում, որտեղ հացը հենց ինքն աստվածն է: Քանի որ ժողովրդի սահմանափակ աշխարհայացքը թույլ չէր տալիս լայն հեռանկարն ընդգրկել, ապա սկզբում ժողովուրդը չէր կարող պատկերացնել, որ մեն մի աստված կարող է ամբողջ աշխարհը կառավարել: Հարմարվելով ժողովրդի ըմբռնմանը՝ հարկ եղավ բազմապատկել աստվածների, նրանց խորհրդանշանների ու պատկերների թիվը: Օդը, հողը, ծովերը, կրակը, լուսատուները, ժամանակը, տարվա եղանակները աստվածացվեցին, ներկայացվեցին որպես առանձին աստվածություններ: Պատերազմն ու խաղաղությունը, առողջությունն ու հիվանդությունը, արբեցումն ու վայելքը, ինչպես նաև խղճի խայթն ու կարոտը իրենց առանձին աստվածներն ունեցան և համարվեցին գերբնական ուժերի դրսևորումներ: Ի վերջո, յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր մարդ նույնպես ստացավ իր առանձին աստծուն, պահապան հրեշտակներին ու սրբերին:

Սակայն որոշ օրենսդիրներ հրամայեցին միայն մեկ աստծու խոնարհվել. այն մտավախությունից, որ ժողովուրդն այդ միակ աստծո փոխարեն կարող է խոնարվել նրա պատկերին, նրանք նույնիսկ արգելեցին նրան որևէ խորհրդանշանով կամ կերպարանքով պատկերել: Այդ օրենսդիրներից ուրիշները անվերջանալի դժվարություններով ստիպեցին իրենց հետևորդներին խոնարհվել միայն մեկ մետաֆիզիկական անտեսանելի էակի: Անհամար դժվարությունների և բազմակի զանգվածային սպանությունների գնով հրեա ժողովրդի առաջնորդը թույլ չտվեց, որ նրանք ծառայեն եգիպտական աստվածներին: Այդ կոպիտ, նյութապաշտ ժողովրդի սրբազան տարեգրությունները ցույց են տալիս, որ այն միշտ հակված է եղել նորից կռապաշտության վերադառնալու: Սակայն մարդկային բանականությունը ոչինչ չշահեց զգայական պատկեր չունեցող միասնական աստված ներմուծելուց: Այդ անորոշ էակն ավելի մեծ գլուխկոտրուկ առաջադրեց: Այդ անտեսանելի ուրվականին երկրպագողները նրա մասին հորինեցին անհեթեթ ու հակասական պատկերացումներ, որոնք հավերժական վեճերի առարկա են: Ժողովուրդները միշտ նրանում տեսել են միայն խանդոտ, գոռոզ ինքնակալի, որը ենթակա է այն նույն կրքերին, որոնց ենթակա են նաև երկրային բռնակալները:

Նրանք, ովքեր թույլ են տվել միայն մեկ աստծու երկրպագումը, նրա միասնականությունից ծայրահեղ վտանգավոր եզրակացություն են քաղել. նրանք ցանկացել են, որ նա միահեծան տիրապետի ու պայքարել են նրա տիրապետության տարածման համար: Նրանք, ովքեր համոզված են եղել, թե իրենց աստվածն օրինական տիրակալ է, մյուս աստվածներին ինքնահռչակ բռնակալներ, իսկ դրանց երկրպագողներին՝ ոչնչացման ենթակա խռովարարներ են համարել:

Բազում աստվածներ պաշտողները համեմատաբար զիջողամիտ են եղել: Նրանք համարել են, թե յուրաքանչյուր աստված իր դաստակերտն ունի և որ կարելի է, նրան չվիրավորելով, այդ դաստակերտում թույլ տալ ուրիշ, նրան հավասար աստվածների մուտքը և նույնիսկ երկրպագել նրանց:

Միաստվածության դոգման միակ աստծուն վերածեց կասկածամիտ բռնակալի, բոլոր նրանց բնական թշնամու, ովքեր ցանկանում են նրա հետ գահակալել: Ընդհակառակը, բազմաստվածությունը ենթադրում էր, որ տարբեր ազգերի աստվածները տիրակալների ազնվականություն կամ հանրապետություն են ձևավորում, որոնք լիակատար համաձայնությամբ իրար մեջ բաժանում են աշխարհը և չեն փորձում իրենց հարևանի դաստակերտին տիրել: Երբ այդ տարբեր աստվածների հետևորդները միմյանց դեմ կռվի էին ելնում, այդ պատերազմը միշտ քաղաքական և ոչ թե կրոնական բնույթ էր կրում: Հնազանդեցված ազգի աստվածն ընդունում էր հաղթող ազգի օրենքը, և հաճախ վերջինը երկրպագում էր նաև նրան: Բազում աստվածներ պաշտողները սովորաբար նվազ մոլեռանդ էին լինում ու հավատի գործերում առավել հանդուրժող, քան միակ աստված պաշտողները: Կրոնական խանդը միշտ միահեծան իշխանություն պահանջող միակ աստծո իշխանատենչությանն ու հավակնություններին ծառայելու ձգտում է եղել: Անհանդուրժողականությունը, ատելությունն ու հալածանքներն ավելի շատ բնորոշ են եղել միաստվածությանը: Պարսիկները, հրեաները, քրիստոնյաները, մահմեդականները, մի խոսքով, բոլոր մոնոթեիստները, միշտ անհանդուրժող են եղել, միշտ ատելությամբ են ներծծված եղել այլադավանների նկատմամբ ու միշտ ձգտել են նրանց իրենց հավատին դարձնել: Իր կրոնի թելադրանքով՝ պարսից արքա Կամբյուսեսն ավերում է Եգիպտոսի տաճարներն ու սպանում է Ապիս աստծո սրբազան ցուլին: Լինելով բազում աստվածներ երկրպագողներ` հռոմեացիները զոհեր են մատուցել իրենց նվաճած երկրների աստվածներին` զգուշանալով այդ աստվածներին վիրավորելուց: Միայն այն ժամանակ, երբ ագահությունը գերակայեց սնահավատությանը, որոշ հռոմեացիներ իրենց թույլ տվեցին տաճարներ թալանել:

Անկախ նրանից, թե կրոնը երկրպագել է մեկ կամ մի քանի աստծու, այդ աստծուն կամ աստվածներին միշտ վերաբերվել են որպես թագավորների: Այդ անտեսանելի թագավորների նկատմամբ հարգանքից մղված` նրանց համար պալատներ են կառուցել ու այդ պալատները տաճար են անվանել. Այդ պալատներում աստվածներին դրել են գահին ու այդ վայրը սրբազան են համարել: Հավատացյալները չեն հանդգնել դրանց մոտենալ: Այդ աստվածների համար զոհասեղաններ են կառուցել, նրանց սպասարկելու համար հատուկ սպասարկուների, պաշտոնյաների հաստիքներ են սահմանել ու այդ բոլորին հոգևորականներ են անվանել: Այդ տիրակալներին ու նրանց վստահությանն արժանացած անձանց մշտապես ընծաներ են մատուցել:

Ահեղ աստվածության մասին պատկերացումների ուժով ժողովրդին վախի ու հնազանդության մեջ պահելու համար աստվածների պատկերները սովորաբար այնպիսի վայրերում են տեղադրել, որոնք կարող են այդ զգամունքներն հարուցել ու սնել: Մարդկանց ստիպել են աստվածներին խոնարհվել ու նրանց պատգամախոսներին լսել մռայլ քարանձավներում, անտառների խորքում, այնպիսի վայրերում, որոնք սարսափ են ներշնչում: Սնահավատությունը սնվում է անվստահության զգացումով, սարսափով ու մելամաղձությամբ և պետք է խույս տա ցերեկային լույսից: Աստվածները չպիտի շփվեն մարդկանց հետ, նրանք պիտի մարդկանց հետ միշտ այլաբանորեն և այնպիսի վայրերում խոսեն, որոնք վախ են ներշնչում: Միայն խավարի մեջ կարելի է խոնարհվել այն արարածներին, որոնց մասին պատկերացում կազմելն անհնար է, որոնց էության մեջ թափանցելն անհնար է: Մեր գոթական եկեղեցիները շատ հարմար են սնահավատության նպատակների համար: Մի իտալացի հեղինակ շատ ճիշտ է նկատել. «Սրբազան քարանձավի ներշնչած սրբազան հուզմունքը, կրոնական խավարը, հուլությունը, քիչ են տարբերվում գիշերվա ներշնչածից, և այս ամենը հավատացյալի հոգում խոնարհումի զգացում է հարուցում, ուժգնացնում է այն բանի մշուշոտ մեծափառությունը, որը տեսնում ես ընդամենը կիսախավարի միջից»: Պատգամախոսները սովորաբար գտնվել են սարսափ հարուցող մութ վայրերում:

Լուկանոսը (հռոմեացի բանաստեղծ, Սենեկայի եղբորորդին) Մարսելի բնակիչների մասին ասել է. «Երբ աստվածների պատկերներն ամենուրեք են հանդիպում, վերջիններից այնքան էլ չեն վախենում:

Իրենց վախերի ու հույսերի առարկաները տեղավորելով երկրի վրա, մարդիկ ցանկացան քաղել իրենց եսասիրական հոգսերի պտուղները: Տիրելով աստվածությանը, այն ուժին, որին ենթակա է ամեն ինչ, նրանք հույս ունեին, թե կարող են իրենց ամեն մի ուզածին հասնել և վերացնել այն ամենը, ինչն իրենց վնասակար է. նրանք համարում էին, որ կարող են հաղթահարել սեփական անվստահությունն ու մարդկանց ճակատագիրն իրենց ձեռքերում պահող արարածների օգնությամբ նույնիսկ կանխատեսել ապագան: Աստվածների պալատականներն ու նախարարները չհապաղեցին նրանց ցանկությունը կատարել: Նրանց հետ ամեն ինչի մասին պայմանավրվեցին. համարեցին, թե այն անձինք, ովքեր աներևույթ տիրակալին մերձ են ու վայելում են նրա բարեկամությունը, պիտի որ տեղյակ լինեն նրա կամքին, իմանան նրա ծրագրերն ու ապագայի վերաբերյալ նրա մտադրությունները: Այսպիսով, քրմերն ամենուրեք դարձան աստվածների կամքի մեկնիչներ ու նրանց պատգամախոսներ, կանխատեսեցին ապագան և, հաղորդակցվելով աստվածային ամենազորությանը, հրաշքներ գործեցին՝ հասարակ մարդուն շշմեցնելով ու զարմացնելով: Ժողովուրդը գետին փռվեց ու սրտի դողով ընդունեց նրանց որոշումները, անխոս ենթարկվեց նրանց ու կուրորեն գնաց այն ճանապարհներով, որոնք նրան ցույց տրվեցին: Քրմերի աճպարարությունները, դրանց գաղտնիքների մեջ խորամուխ չլինող ժողովրդին գերբնական թվացին ու նրան վերջնականապես համոզեցին, թե քրմերի շուրթերով աստվածությունն է խոսում: Այդ աճպարարությունները համարվեցին երկնքի հրամաններ: Այսպես ծնունդ առան բազում գաղտնի արվեստները՝ հիմքում ունենալով աստվածներին քրմերի մերձավորությունը: Այդ արվեստները հայտնի են աստղաբանություն, մոգություն, դիցահմայություն, կախարդություն, ոգեկանչություն, հրաշքներ, գուշակություններ անուններով: Դրանք արժեվորվեցին բոլոր քրմերի կողմից ու միշտ մոլորեցնելու են դյուրահավատ ժողովրդին: Ժողովրդի անկրթությունը, վախեցածությունը, հրաշքի նկատմաբ սերն ու հետաքրքրասիրությունը միշտ մարդկանց տրամադրելու են՝ լսել խաբեբաներին, հիանալ նրանցով ու աստվածային համարել այն ամենը, որ իրենք ի վիճակի չեն հասկանալ:

Իր երկնային թագավորի մեջ ահեղ արարած տեսնող ժողովուրդը չի համարձակվել մոտենալ նրան, վախեցել է նրան սեփական աչքերով տեսնել: Ինչպես այն ստրուկը, որը վախենում է իր զայրացած ու կամակոր տիրոջ աչքերին նայել, նա էլ աստծո երեսը տեսնելու իրավունքը տրամադրել է միայն նրա սպասավորներին, որոնց նա համարել է նրա սիրեցյալները: Ծածկված բոլոր կողմնակի մարդկանցից՝ աստված այդ սիրեցյալներին հայտնվել է միայն հրաշունչ լեռներում՝ ամպրոպի ու կայծակների մեջ, սարսափելի անապատներում ու ստվերախիտ անտառներում, քարանձավներում ու անձավներում:

Հետագայում նա հայտնվում էր միայն իր քրմերին, որոնք միայն կարող էին մտնել նրա սրբարանը: Այդ վայրերից, որոնց մուտքն արգելված էր հասարակ մարդկանց, աստվածությունը թելադրում էր իր օրենքները, հայտարարում էր իր դոգմաները, սահմանում էր իր պաշտամունքի ծեսերը, արարողակարգը, մաքրագործող և այլ կարգի զոհաբերությունները, և գլխավորը՝ հոգում էր իր սրտին հարազատ հոգևորականների ճակատագիրը:

Բոլոր այն սնահավատությունները, որոնք ներմուծվել են այս կամ այն աստվածությամբ, խրախուսվում են, դրանք բոլորը կառուցված են աստվածային հեղինակության վրա և արգելվում է դիմել բանականությանը՝ դրանք ստուգելու համար: Դրանք բոլորը սարսափելի պատիժներով են սպառնում բոլոր նրանց, ովքեր հանդգնություն են ունենում կասկածի տակ առնել դրանց վերաբերյալ կարծեցյալ ճշմարտությունները: Այլ կերպ ասած՝ աստվածների պաշտամունքը մտցրած մարդիկ իրենց իրավունք վերապահեցին դրա համար կեղծ հիմքեր հորինել ու արգելել, որ մյուսները քննության առնեն այդ հիմքերը: Բանականության չնչին իսկ լույսի դեպքում բոլոր կրոնների մեջ տեսնում ես այն մոլեռանդ, իշխանատենչ ու ագահ մարդկանց կոպիտ աշխատանքը, որոնք իրենց վերապահել են մարդկության ու իրենց աստվածների միջև միջնորդի դերը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1741 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ