Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քրեակատարողական հիմնարկին շոգեխաշած միս մատակարարող ԱՁ-ն ունի իրավաբանական մի հասցե, գործունեություն է ծավալում մեկ այլ հասցեում և պիտակների վրա գրում լրիվ այլ հասցե

18:32, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Քրեակատարողական հիմնարկին շոգեխաշած միս մատակարարող ԱՁ-ն ունի իրավաբանական մի հասցե, գործունեություն է ծավալում մեկ այլ հասցեում և պիտակների վրա գրում լրիվ այլ հասցե

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՔԿՀ-ներում իրականացված կասկածելի գնումների վերաբերյալ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի հրապարակման հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. սեպտեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Դիտորդների խմբի հրապարակմամբ, մասնավորապես, անդրադարձ էր կատարվել քերակատարողական հիմնարկներին մատակարարվող շոգեխաշած մսին և յուղին, որոնցից առաջինի դեպքում մթերքն արտադրվել էր ԱՁ Հ. Հովսեփյանի կողմից, որը, սակայն, համաձայն www.e-register.am կայքէջի, իր գործունեությունը դադարեցրել է դեռևս 2012 թ.-ին, այսինքն՝ մթերքը փաստացի արտադրվել է միս արտադրելու համար համապատասխան փաստաթղթեր չունեցող ֆիրմայի կողմից: Իսկ յուղ մատակարարող «Դանինի» ընկերությունը, չմասնակցելով քրեակատարողական հիմնարկների գնումների գործընթացին, այնուամենայնիվ մթերքը մատակարարում է կասկածելի ցածր գնով, ինչը կարող է հանգեցնել կորուստը փոխհատուցելու նպատակով հետագայում նախատեսվածից քիչ ապրանք մատակարարելուն:

Ներկայացված հաղորդման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Հ. Չալաբյանը պարզել է, որ յուղ մատակարարող «Դանինի» ընկերության բաժնետոմսերը այժմ պատկանում են «Հանեշ Գրուպ» ՍՊ ընկերությանը, որն էլ իրականացրել է «Դանինի» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մնացորդ ապրանքատեսակների իրացումը՝ քրեակատարողական հիմնարկներին մատակարարելով պայմանագրով նախատեսված ողջ խմբաքանակը:

Նույն «Հանեշ Գրուպ» -ի պատվերով էլ ԱՁ Հ. Հովսեփյանի կողմից արտադրվել է քրեակատարողական հիմնարկներին մատակարարված շոգեխաշած միսը: Արտադրամասը, համաձայն քննչական մարմնի տեղեկությունների, սկզբում գտնվել է Արցախի 57 հասցեում, ապա տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ, որտեղ էլ այժմ գործունեություն է ծավալում:

Վկայակոչելով Համլետ Հովսեփյան ԱՁ-ի գլխավոր հաշվապահ Ն.Ջավուկցյանի բացատրությունը, հավելում են, որ հիշյալ արտադրամասը հիմնադրման օրվանից չի դադարեցրել իր գործունեությունը և որ ԱՁ Հ. Հովսեփյանը, որը, համաձայն www.e-register.am կայքէջի, 2012 թ.-ին դադարեցրել է իր գործունեությունը, «չի հանդիսանում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը մատակարարած շոգեխաշած տավարի մսի պահածոն արտադրող անհատ ձեռնարկատերը», և հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժում:

Մինչդեռ Դիտորդների խմբի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ շոգեխաշած մսի պիտակի վրա առկա է «ք. Երևան, Արցախի 57» արտադրման հասցեն, ինչից հետևում է, որ եթե անգամ խոսքը վերաբերում է տարբեր անհատ ձեռնարկատերերի, ապա երկրորդ կասկածելի հանգամանքն է առաջ գալիս՝ ինչու՞ է Կոտայքի մարզի ջրվեժ գյուղում գործունեություն ծավալող և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում իրավաբանական հասցե ունեցող արտադրամասի պիտակների վրա առկա «ք. Երևան, Արցախի 57» արտադրման հասցեն:

Այս հանգամանքը, սակայն, քննության առարկա չի դարձել քննչական մարմնի կողմից, վերջինս չի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար:

Վերոգրյալի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացրած բողոքին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը ևս հաստատել է քննչական մարմնի դիրքորոշումը այն մասին, որ 2012 թ.-ին իր գործունեությունը դադարեցրած ԱՁ-ն քրեակատարողական հիմնարկին շոգեխաշած միս մատակարարողը չէ, իսկ հասցեի առնչությամբ էլ նշել, որ նշված երկու հասցեներն էլ վերաբերում են Համլետ Հովսեփյան ԱՁ-ի գործունեությանը՝ կրկին չմեկնաբանելով, թե ինչու է Ջրվեժ գյուղում արտադրված պահածոյի վրա նշված «ք. Երևան, Արցախի 57» հասցեն:

Անտրամաբանական է նաև պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերը ՀՀ Քննչական կոմիտեի կողմից քննելը այն դեպքում, երբ ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դրանք պետք է քննվեն Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Գլխավոր դատախազի տեղակալը, սակայն, պետական հատուկ ծառայողների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպք չի տեսնում և դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքում առկա հանգամանքները համարում անհիմն՝ սրանով հաստատելով ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Հ. Չալաբյանի՝ 2016 թ. հոկտեմբերի 27-ի որոշման օրինականությունը:

Որոշումը կբողոքարկվի դատական կարգով:

Աղբյուրը` hcav.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3971 | 0 | 0
Facebook