Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դանիել Վարուժան. կենսագրություն, գրական գործեր

17:58, շաբաթ, 05 նոյեմբերի, 2016 թ.
Դանիել Վարուժան. կենսագրություն, գրական գործեր
    
Դանիել Վարուժանը ծնվել է 24 ապրիլի 1884 թվին Սեբաստիայի նահանգի Բրգնիք գյուղում: Սոորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բարձրագույն կրթությունը ստացել է Գենտի (Բելգիա) համալսարանում: Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է ուսուցչությամբ. Սեբաստիայի Արամյան վարժարանում դասավանդել է հայերեն և ֆրանսերեն, հայ գրականություն, սահմանադրություն և քաղաքատնտեսություն, Թոքատի (Եվդոկիա) ազգային ճեմարանում՝ հայ գրականություն, տնտեսագիտություն, բարոյագիտություն, ֆրանսերեն, Կ.Պոլսում (1912-15, ապրիլ) եղել է Լուսավորչյան վարժարանի տնօրենը:
     Դանիել Վարուժանը ձերբակալվել է թուրք իշխանության կողմից 11 ապրիլի 1915 թ., սպանվել է 13 օգոստոսի 1915 թ.:
    
     Դանիել Վարուժանն արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է, նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ: Նրա պոեզիան անձնական ու հասարակական ցավերի ծնունդ է, կործանումից ելք որոնող ժողովրդի մաքառման ուժի և ճակատագրի փիլիսոփայության խտացումը:

    
Դանիել Վարուժանը (իսկական ազգանունը՝ Չպուգքյարյան) 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը, որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից:
1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:
1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր:
1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը:
Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրա առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի հիմնական բովանդակությունը կյանքի տառապանքից ծնված վիշտն է և ամոքման բաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկ երազների հակադրության հոգեկան դրաման («Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներուն առջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» և այլն):
«Ցեղին սիրտը» (1909 թ.) ժողովածուի մեջ գերիշխողը հայրենասիրական ոգին է. մեկտեղվել են ցեղի մորմոքն ու արյան ընդվզումը, ապրելու հավատն ու մարդասիրությունը: Բաղկացած է «Ձոն» (որպես բնաբան) և «Նեմեսիս» (նախերգանք) բանաստեղծություններից, 2 բաժնից և «Հովիվը», «Արմենուհին», «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպերից: Առաջին՝ «Բագինին վրա» բաժնում պատկերված է զոհաբերվող ժողովրդի տառապանքն ու ողբերգությունը («Ջարդը», «Կիլիկյան մոխիրներուն», «Մարած օջախ»), պանդխտության ցավերը («Կարոտի նամակ», «Ծեր կռունկը»), սոցիալ-քաղաքական ճնշումները («Հորս բանտին մեջ», «Լվացարարուհին», «Օձը»), երկրորդ՝ «Կրկեսին մեջ» բաժնում հեղինակը ներկայացրել է պայքարող հայորդիներին («Առևանգիչը», «Դյուցազնի մը սուրին», «Հաղթողը» և այլն), նրանց փառաբանող պոետի կերպարը: Ատելությամբ խոսելով թուրքական բռնակալության և Աբդուլ Համիդ II սուլթանի մասին՝ բանաստեղծը բացահայտել է նաև եվրոպական տերությունների կեղծ մարդասիրությամբ քողարկված խարդախ դիվանագիտությունը.

    
Աղվո՜ր աղջիկ, ուրիշներու արցունքին
Գիտե՞ս, թե որչափ աշխարհս է անտարբեր...

    
Վարուժանի «Ձոնը» վշտի և կարոտի, ծանր ապրումների և զորեղ զգացումների ամբողջություն է: Բանաստեղծությունն ամփոփվում է խոր հավատով ու պայքարի ոգեշունչ խոսքերով.

    
Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի.
– Ձեզի ընծա՛, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գրչով վրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՜ց ելաներ:

    
1912 թ-ին լույս է տեսել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն՝ կազմված «Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ» շարքերից ու «Հարճը» պոեմից:
Առաջին շարքում հեթանոս կյանքի հեռապատկերի վրա բանաստեղծն ստեղծել է իր երազած աշխարհը. նա նպատակ չի ունեցել հեռավոր անցյալի մեջ փնտրելու մարդու երջանկությունը, այլ ծեսերի, դիցաբանական ավանդապատումների միջոցով ներկայացրել է ուժեղ ու կատարյալ մարդու, նաև ազատ, ներդաշնակ աշխարհի մասին իր իդեալները («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Օ՛ Տալիթա», «Հեթանոսական» և այլն):
«Գողգոթայի ծաղիկներ» շարքում Վարուժանը պատկերել է բանվորների ծանր կացությունը, որոնց ապրելու երջանկությունը վերածվել է գոյության դրամայի («Բանվորուհին», «Սպասում», «Մեռնող բանվոր»): Այստեղ առավել ցայտուն է դրսևորվել նախորդ շարքում արծարծված մաքառման և ազատության գաղափարը:
«Հարճը» պոեմի նյութը հեղինակը քաղել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» . ստեղծել է հզոր մարդկանց զգացմունքերի ու կրքերի պատմություն՝ ի հակադրություն XX դարի քաղքենի կյանքի, մանր ու ծախու բարքերի: Տրդատը՝ քաջարի ու առնական մի տղամարդ, խիզախորեն կռվում է չքնաղ Նազենիկի՝ Սյունաց Բակուր նահապետի հարճի համար և նվաճում նրան: Եվ չնայած մեռնում է Նազենիկը՝ «զարնված աղվոր աղավնու» պես, բայց չի մեռնում սերը: Նազենիկի սիրտը վերապրում է բնության մեջ, իր «լույս մարմնույն ավիշներով կենսահորդ» խառնվում հավերժ նորոգվող բնությանը:
Վերջին՝ «Հացին երգը» (1921 թ., հետմահու) ժողովածուի մեջ բանաստեղծը գովերգել է գյուղական կյանքն ու բնությունը, աշխատանքի ու հացի արարման խորհուրդը («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հունձք կը ժողվեմ», «Հասուն արտ» և այլն) .

    
Հունձք կը ժողվեմ մանգաղով,
– Լուսնակը յարս է –
Ակոս-ակոս ման գալով:
– Սիրածըս հարս է: –
Արտըս ոսկու՛ն է... Նըման բոցերու.
Ցորենն է բռընկեր՝ Առանց այրելու:

    
Բանաստեղծը ծրագրել էր ստեղծել նաև «Գինիին երգը» շարքը, հայ առասպելների ու ավանդությունների նյութի վրա՝ «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ամբողջությամբ մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական վիպերգը, որոնք, սակայն, ընդհատվեցին արյունալի աղետով.

    
Անդի՛ն, անդի՛ն կը մորթեն
Կյանքն արտին մեջ և գաղափարը՝
գանկին...

    
Վարուժանի ժողովածուները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Երևանում նրա անունով կոչվել են փողոց, դպրոց, որի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

    
«Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց»:
«Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային»:
Դանիել Վարուժան
«Դանիել Վարուժանի .... «Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց»:
Սերգեյ Գորոդեցկի,
ռուս բանաստեղծ, թարգմանիչ

    
«Վարուժանի հայերենը բազմակողմանի հարստություն ունի և ճկուն է, կարող՝ արտահայտելու ամեն գաղափար ու զգացում և պատկերացնելու ամեն տեսարան. հնչուն է ու զորավոր և իր արտահայտության կերպին պես բազմազան ու գունեղ»:
Մեսրոպ Ճանաշյան,
գրականագետ
«Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»:
Հակոբ Օշական,
գրող

    
«Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով ....
Դանիել Վարուժանը .... ի՛նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են...»:
Սեն Ժոն Պերս,
ֆրանսիացի բանաստեղծ
1958 թ-ին Գենտի համալսարանի մեծ սրահի պատին ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ այն մասին, որ նա 1905–09 թթ-ին սովորել է այդ համալսարանում:
    
    

ՁՈՆ

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
     - Քեզի ընծա՜, իմ հայրենիք -
     Սոսյաց անտառեն էի զայն կտրեր...
     - Քեզի ընծա՜, հին հայրենիք -
     Եղեգնյա գրչով երգեցի քուրմեր.
     Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ:
    
     Եղեգնյա գրչով երգեցի կարոտ.
     - Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ -
     Ան տարաշխարհիկ բույսի մ'էր ծղոտ...
     - Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ -
     Եղեգնյա գրչով երգեցի հարսեր.
     Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ:
    
     Եղեգնյա գրչով երգեցի արյուն.
     - Ձեզի ընծա՜, սուրի զոհեր -
     Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
     - Ձեզի ընծա՜, կրակի զոհեր -
     Եղեգնյա գրչով երգեցի վերքեր.
     Ընդ եղեգան փող սի'րտս ելաներ:
    
     Եղեգնյա գրչով որբ տունս երգեցի.
     - Քեզի ընծա՜, հայր ալեհեր -
     Ցամքած աղբյուրեն մեր զայն հօտեցի...
     - Քեզի ընծա՜, մայր կարեվեր -
     Եղեգնյա գրչով օճախս երգեցի.
     Ընդ եղեգան փող ծո'ւխ ելաներ:
    
     ՈՒ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
     - Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
     Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
     - Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ -
     Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.
     Ընդ եղեգան փող բո'ց ելաներ:
    
    
    

ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆ

Պատուհանիս տակեն, ամեն առավոտ,
     ՈՒրվականի պես կ'անցնիս.
     Եվ կուսագեղ գըլուխիդ վրա կ'արտասվե
     Տերևաթափ վարդենիս:
    
     Լուռ թաղին մեջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող
     Շունն` որ վըրադ կը հաչե՜.
     Կամ կը լըսեմ քընիս մեջեն ձայնն հազիդ`
     Որ ծոցդ աղվոր` կը տանջե:
    
     Եվ կը խորհիմ թե քընատ ես և նոթի.
     Իրանդ հովեն կը դողա.
     Եվ կը նըստի գանգուրներուդ վըրա, քո'ւյր,
     Եղյամն իբրև շափյուղա:
    
     Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին
     Ջուրն անոնց մեջ կը ճողպա.
     Կամ ետևեդ շըվայտորեն կը սուլե
     Սըրիկա մը անոպա:
    
     Եվ կը խորհիմ թե, տան մեջ, մայրդ է հիվանդ.
     Ցամքած է ձեթն ալ ճրագին.
     ՈՒ դուն կ'երթաս գործատան մեջ աշխատիլ
     Լույսին համար ու կյանքին:
    
     Ես կը խորհի՜մ - և խենթի պես կը բաղձամ
     Վար իջնել, քո'ւյր դալկադեմ,
     Քո'վըդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,
     Եվ հը****. - "Քեզ կը սիրեմ: " -
    
     Կը սիրեմ վիշտդ` որ իմ վիշտս է գերագույն,
     Կը սիրեմ կուրծքըդ քանդված`
     Որուն մեջ դեռ կը համառի Սերդ երգել
     Արտույտի պես սըրարբած:
    
     Կը սիրեմ քու անոթությունդ ու ծարավդ,
     Եվ ոսկորներդ ուժասպառ.
     Ես կը սիրեմ կույս աղիքներըդ ցամքած,
     Մազերուդ սուգն` ուսեդ վար:
    
     Եվ ես կ'ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա
     Տատրակի պես տարագիր,
     Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,
     Եվ ազգանունս անբասիր.
    
     Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշավակ,
     Եվ քողն ըլլալ պատիվիդ,
     Կրանիդե բազուկիս տակ պաշտպանել
     Սեռըդ ու գեղըդ անժըպիտ:
    
     Կ'ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըվավ,
     Ինչ որ խլեցի մարտերով.
     Քեզ պըսակել արյունիս գույնն ունեցող
     Հաղթանակիս վարդերով:
    
     Միայն թե դուն չըլլաս տըժգույն ու քաղցած,
     Արևուն տակ չըհազաս.
     Մորըդ վերև չըմարի ճրագն, ու, ո'վ քույր,
     Դուն գործատուն ա'լ չերթաս:
    
    

ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

Գրասեղանիս վըրա, սա
     Սկավառակին մեջ կա բուռ մ'հող, բերված հոն
     Հայրենիքի դաշտերեն:
     Նըվեր է ան.- Զայն ինձ ձոնողը կարծեց
     Սիրտն իր տըրված, առանց երբեք գիտնալու
     Թե կու տար իր պապերունն ալ միասին:
     Զայն կը դիտեմ.- մերթ ժամեր
     Բիբերս անոր վըրա հառած կը մընամ
     Լո՜ւռ և թախծո՜տ, իբր այդ հողին մեջ հուռթի
     Նայվածքս արմատ արձակեր: -
     Կը մըտածեմ.- Գուցե իր գույնը բոսոր
     Չէ պարգևված բնության ներհուն օրենքեն.
     Վերքերու սպունգ մ'ըլլալով
     Խըմած է մաս մը կյանքի, մաս մ'արևու.
     Եվ իբըր տարր անպաշտպան
     Կարմիր հող մ'է եղած, հայ հող մ' ըլլալուն:
     Գուցե իր մեջ կը բաբախեն տակավին
     Դարերը հին-հին փառքին,
     Կայծն ամրակուռ սըմբակներու որոնց գոռ
     Արշավանքն օր մը ծածկեց
     Հայկյան վաշտերն հաղթության տաք փոշիով:
     Կ'ըսեմ.- Իր մեջ դեռ կ'ապրի
     Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,
     Կյանքս իմ, քու կյանքդ, ու տըվավ,
     Կարծես ձեռքով գիտակից,
     Նույն թուխ աչվին նույն և նըման հոգիով
     Կիրք մ' Եփրատեն առնըված,
     Սիրտ մը կամշոտ, թագըստոց
     Ըմբոստանքի ու նաև բո'ւռըն սիրո:
     Իր մեջ, իր մեջ կը կայծկըլտա հոգի մ' հին՝
     Հին դյուցազնի եղած փըսոր մը գուցե՝
     Կույսի մ' աղվոր արցունքով.
     Հյուլե մը կա Հայկեն, փոշի մ'Արամեն,
     Անանիայեն բիբ մը դետ՝
     Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն.
     Ա'զգ մը կա հոն, սեղանիս վրա ազգ մը հին,
     Որ այսօր իր վերաշողշող այգուն մեջ,
     Հողի բնատուր մարմնույն տակ ինձ կը խոսի,
     Կ'ոգեզինե - և աստղերու ինչպես ցանն
     Անհունության մեջ կապույտ -
     Փոշիներովն իր հրաբորբ
     Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգե:
     ՈՒ այն ատեն լարը ջղերուս կը դողա
     Սարսուռով մ' հորդ, ա'յն սարսուռով՝ որ մըտքին
     Հերկերուն վրա ավելի'
     Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ:
     ՈՒ կը զգամ անցքն ուղեղես
     Նոր հուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր
     Խոր վերքերովն իրենց, վրեժի՝ շրթունքներ.
     Եվ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ
     Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիթ չըներ
     Եթե մարմնույս աճյուններն
     Օր մը մահեն վերջ հովերուն մեջ գըտնար.
     Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ
     Մնացած մեր հաղթ պապերեն,
     Բըժժանքն ու ձոնն այդ կարմիր,
     Սիրտըս սեղմած մագիլներով անծանոթ,
     Երկինքն ի վեր, գըրքի մը վրա, թանկագին
     Ժամու մը մեջ ժըպիտներու, սերերու,
     Կամ քերթվածի մը ծընած վեհ վայրկյանին
     Զիս հապըշտապ կը մըղե
     Մերթ լալու, մերթ մռընչելու,
     Եվ զինելու բռունցքըս, հոգիս բռունցքիս մեջ:
    
    
    

ՀԱՇԻՇ

Սիրտը լեցուն է բանտին խավարով.
     Ա՛լ դաշտ ու երկինք չը կան իր համար.
     Պիտ՚ գըներ աչքի հազար գոհարով՝
     Աստըղ մ՚ան նույն իսկ՝ ասուպ ալ ըլլար։
    
     -"Օ՜ն, հաշիշ բերեք, կը մըրմընջե ան,
     Երբ աշխարհս ինձմե այսպես կ՚ապշոպեն,
     Ես կ՚ուզեմ հոգվույս մեջ ըստեղծել զայն։-
     Օրորվիլ, բուժի՜լ հըզոր ցընորքեն։
    
     Օ՜ն, հաշիշ բերեք"։- Եվ ան կը ծըխե,
     Իբր ուրախութեան ըստի՛նքը ծըծեր.
     Կը հոսի երազ ջըլերուն մեջե.
     Աշխարհը լուծված կ՚ելլա սիրտն ի վեր։
    
     Աչքերը բանտին դիմաց կը գոցվին՝
     Ապարանք մ՚իր մեջ գըտնելու համար.
     Բիբերն հըրաժեշտ կու տան խավարին՝
     Աստղեր բերելու խոստումով ճարտար։
    
     Եվ կը քընանա՜ արվեստի քընով՝
     Ինչպես խըղճի խայթն՝ աղոթքե մը վերջ.
     Ո՛վ թըշվառ հոգի, հիմա ապահով,
     Ազատ է եւ տեր՝ ցընորքներուն մեջ.
    
     Եվ կ՚երազե շա՛տ, շատ բաներ աղվոր
     Կամ հուրիներն ալ աղվոր կ՚երազե.-
     Բըռնած շըղթայի մ՚օղակն ահավոր՝
     Կընոջ մը մանյակը զայն կը կարծե։
    
     Վարդե, ոսկիե գետի մ՚ափն ի վար
     Իր մանկան խաղին կը ժըպտի հիմա.
     Կամ ինքն իսկ մանուկ՝ լըճակին մեջ հար
     Երկինքն՝ երկընքին մեջ զինք կը տեսնա։
    
     Շըրթունքները լուռ, մեղմիկ կը դողան՝
     Անշուշտ ուրիշներ գըտնալնուն համար.
     Թերեւս (ո՞վ գիտե) կը լըրացնե ան
     Համբույր մ՚ատենով թողված կիսկատար։
    
     Կամ կը շըրջի արտն՝ ազատ քայլերով.
     Կը վայլե երկինքն, աստղերու արգանդ։
     Մի՛ արթընցընեք, քանզի ապահով
     Զինք կը փոխադրեք լույս աշխարհեն՝ բանտ։
    
     Թողեք քընանա.- թող հաշիշին մեջ
     Սեւ շըղթան բեկտի՝ վիշտը լուծելով։
     ... Ո՛վ անմահ մեկոն, երազի առէջ,
     Դու ցընորքն հյուսե ոսկեղեն թելով.
    
     Հյուսե խընդություն մը անըրջական
     Իր խոցված հոգվույն, ուղեղին վըրա.
     Ժըպիտն աղվո՜ր է, եթե նույն իսկ ան
     Խաբված ջըղերու վիժա՜ծն ալ ըլլա։
    
    

ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ

Յաղթանակի գիշերն է այս տօնական . -
     Հա՛րս, եղ լեցո՛ւր ճրագին ։
     Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական . -
     Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին.
    
     Սայլ մը կեցաւ դրան առջեւ, հորին քով . -
     Հա՛րս, վառէ՛ լոյսը ճրագին ։
     Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով . -
     Հա՛րս, բեր ճրագը շեմին ։
    
     Բայց… սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են…
     Հա՛րս, ճրագը ասդի՛ն երկարէ ։
     Հերոս տղաս հոն զարնուա՜ծ է սրտէն . -
     Ա՜խ, հա՛րս, ճրագըդ մարէ՜… ։
    
    

Աղօրիք

Է՜յ աղօրիք, դարձի՛ր, դարձի՛ր,
     Նստած կանանչ խորը ձորին.
     Աղաղակէ՛ երգըդ խորին
     Դէպի լուսնակն արծաթածիր։
    
     Դուն դողդոջուն տընակ մըն ես
     Ալիւրոտած պատերով ՝ ուր
     Կարծես կու լան հիազարհուր,
     Ջըրանոյշներ հագած բեհեզ։
    
     Միշտ կը հսկէ մէջըդ արթուն
     Աղօրեպանը ճեփճերմակ.
     Եւ ըստ պէտքի ՝ մեղմ կամ արագ,
     կը լարէ սի՛րտըդ բաբախուն։
    
     Է՜յ աղօրիք, բանտուած մրրիկ
     Ծառերուն մէջ . աղա՛, աղա՛,
     Փըրփուր խըմէ՛, ալիւր տեղա՛.
     Քարէ կուրծքէդ տեղա՛ բարիք։
    
     Կեցո՛ւր գետակն ընթացքին մէջ
     Իր ծըփանուտ բաշէն բռնած։
     Ջրվէժն ահեղ երգի փոխած
     Պոռթկայ վիհէն վար գահավէժ։
    
     Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր
     Ջաղացքներուն ճերմակ ճամբէն
     Աղօնն իրենց քեզ կը բերեն…
     Է՜յ աղօրիք, դարձի՛ր, դարձի՛ր։
    
     Ցորեններ թող ալիւր ըլլան
     Պորտին մէջ ժիր երկաններուն ՝
     Որոնք բռնուած տենդով մ ՚անհուն
     Կը մըռըլտան ու հիռ կու գան։
    
     Ցորեններ թող ըլլան փոշի
     Զիրար գրկող քարերուն տակ.
     Զիրար կրծող ժայռերուն տակ
     Ցորեններ թող ըլլան նաշիհ։
    
     Մինչեւ լեցուին շարան շարան
     Պարկերն, ու վե՛ր կանգնին նորէն.
     Եւ սայլերն ալ ճռուողելէն
     Ոսկին թողած ՝ լոյսով դառնան։
    
    

Գուռը

Իրիկուան մէջ, գիւղին քով,
     Կը մըրմընջէ գուռն ուռիին տակ շըքեղ։
     Զայն կը լեցնէ աղբիւրն երգովը բիւրեղ,
     Աստղը ՝ բիւրեղ արցունքով։
    
     Խորհուրդին մէջ ըստուերին
     Կընունքի ջինջ աւազան մ՚է կարծես ան՝
     Ուր քաղցրօրէն կը մըկըրտուի լուսընկան՝
     Տըղու մը պէս նորածին։
    
     Յոգնաբեկ խումբն եզներուն
     Հոն կը դիմէ արահետէն ճախճախուտ՝
     Ուրկէ կ՚հոսի, ճապաղելով, ջուրն անփոյթ՝
     Մարգերուն տակ՝ պըսպըղուն։
    
     Կողեր կողի դէմ ահա՛,
     Եւ գաւակներ գաւակներու կ՚ընդհարին.
     Յանկարծ մոլուցք մ՚եղջիւրներու ահագին
     Կը տատանի գուռին վրայ։
    
     Միահաղոյն կ՚երկարեն
     Վիզերն իրենց, եւ ռունգերնին յարդամած
     Յըստակ ջուրին ադամանդին մէջ մըխած՝
     Յաւերժօրէ՜ն կը խըմեն։
    
     Կ՚ըմպեն ալիքն անապակ,
     Լոյս ծիւրումը պարեխներուն սառնակերտ.
     Ու չե՛ն խըրտչիր լուսընկայէն՝ որ մերթ մերթ
     Կ՚լողայ իրենց բերնին տակ։
    
     Կը վերցընեն երբեմն, յա՛գ,
     Հըզօր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն…
     Կը սորսորայ իրենց դունչէն՝ քարերուն՝
     Ջուրը, երակ առ երակ։
    
     Անդէորդն, հոն, մահակին
     վըրայ կըռթնած՝ կը սուլէ երգն հեշտօրօր,
     Մինչեւ վէտ վէտ ցամքի հեղուկը բոլոր,
     Մընայ մամուռն՝ յատակին։
    
     Կ՚երթան յետոյ, օրօրուն,
     ոմին խաղաղ գաւիթին մէջ պառկելու.
     Կը կարկաջէ գիւղամէջէն, զերթ առու,
     Զանգակն իրենց վիզերուն։
    
     Ու երբ դարձեալ գան առտուն
     Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին
     ուռը նորէ՜ն լեցուած երգովն աղբիւրին,
     Եւ արցունքովն՝ աստղերուն։
    
    

ԼՈՅՍԸ

Դուն կը փայլիս մեծութեան եւ զոհագործումին համար։
     (Ռիկ-Վետա)
    
     Կ'երթամ աղբի՜ւրը լոյսին…
     Ուղին երկա՛ր է. սալարկուած է ուղին
     Կայծքարերով, ցանկուած ՝ մուրտի փուշերով.
     Ուղին շեղ է ճառագայթի մ ' հանգունակ։
     Անկէ կ'ելլեմ ՝ յենլով դողդոջ ծունկերուս,
     Եւ ծունկերէս, զոր գամեցին եղբայրներս,
     Արիւնըս տաք կը բըխի ։
     Հեւքն է ՝ կուրծքիս, թարթիչներուս վրայ ՝ փոշին։
     Սիրտըս սափորն է դատարկ,
     Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին…
    
     Լոյսն աղուոր է, բարձրութեան մէջ ՝ հոսանուտ,
     Խոնարհումին մէջ ՝ արդար ։
     Օր մը տեսայ էութենէն մաս մը սուրբ
     Մօրս հոգւոյն մէջ ճաճանչագեղ, եւ ցաթած
     Մեր գիւղակին մէկ վաղեմի հերոսին
     Հողակոյտին վրայ դալար ։
     Միջօրէին ՝ զայն տեսայ
     Որ ՝ նըման մեծ թիթեռնիկի մ ' ըսպիտակ ՝
     Կը քալէր գաղջ պատուհանիս քարին վրայ,
     Որ մայթերէն կամ աղծապիղծ ճամփայեն,
     Ներողամիտ գըթութեամբ,
     Կը հոսէր նոր կըթուած կաթի մը պէս եղկ,
     Որ իրիկունն, հորիզոնէ հորիզոն,
     Կ'երիզանար գետերու պէս յակինթի,
     Կամ կը կազմէր, երկինքներուն վրայ խաղաղ,
     Անըրջական աւազաններ, որոնց մէջ
     Կը բռընկէին նունուֆարէ կըղզեակներ ։
     Զայն ես տեսա՜յ, - եւ հոգւոյս մէջ արթընցաւ
     Պանդուխտի տենչ մը անորոշ եւ լըլկիչ
     Դէպ ի գաւառ մ ' անծանօթ, լի արեւով.
     Եւ արդ կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին…
    
     Լոյսն է Մըտքիս հարսը, աղջիկն ՝ Աստուծոյ.
     Ան գինին է Տիեզերքի բերկրութեան,
     Որ իրիկուն մը, կողէն դուրս Յիսուսին,
     Հեղեղօրէն հոսեցաւ,
     Ներումի պէս հոսեցաւ, վա՛րը, Մեղքին
     Սեղանին շուրջը հաւաքուած մարդերուն
     Անյուսութեան ըսկիհներուն մէջ դատարկ ։
     Լոյսը արիւնն է բնութեան,
     Գիշերուան թագն, ու պատմուճանն է օրուան.
     Աստուածային Ակնին է ՝
     Որ, երկունքի մէջ մեռած մօր մը նման,
     Կը ստեղծէ իր վախճանելու ժամանակ,
     Ակնին ՝ հրեղէն բիբերով,
     Որուն հոգին ամէն գարուն կը տրոփի
     Հիւլէին մէջ եւ մարդկային մըտածման,
     Որուն համար զոհերով դեռ կը մըխան
     Նուիրական ափերը յորդ Գանգէսին ։
     Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին…
    
     Լոյսը մարմարն է երկնային հանքերուն.
     Որով Արուեստն, անմահական երազով,
     Կը քանդակէ ձիւնամարմին աստուածներ ։
     Իր ծոցին մէջ կը ծընին
     Մռայլ Տանդէներն ու Հոմերները հըսկայ,
     Իր ծոցին մէջ իմաստութիւնը երգ մ ' է ՝
     Զոր գիշերուան մէջ խորին
     Բանաստեղծները կը խըմեն աստղերէն ՝
     Որ նուագեն ցերեկուան մէջ ՝ Մարդերուն ։
     Ան ամէնո՜ւն զինքը կու տայ, ամէնո՜ւն
     Կը բաժնուի, եւ կը մընայ անբաժան
     Նըշխարքին պէս. - ան նըշխարքն է ՝ որ կ'իջնէ
     Ամէն առտու, սեղաններուն վըրայ մեր,
     Մարդեղութեան արիւնլուայ խորհուրդին ։
     Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին…
    
     Քանի՞ հազար, քանի՞ հազար տարիներ
     Պէտք է որ ա՛յսպէս քալեմ.
     Քանի՞ անգամ պէտք է իյնամ, կարեվէր,
     Ճանապարհիս վրայ բացուած
     Նըպատակիս ժայռափըշուր մուրճերով.
     Չըգիտե՜մ ես . - միայն թէ, ո՜վ եղբայրներ,
     Ո՛վ խաչ հանող եղբայրներ,
     Թողուցէք զիս ճամբորդութեանս մէջ մինակ,
     Ա՛յնքան մինակ եւ ա՛յնքան լուռ, որ լըսեմ
     Տրոփը սըրտիս, զոր ընտըրած նուագս է
     Նուագներուն մէջէն բիւր.
     Արեւով լի եւ արեւները տանող
     Ուղիիս վրայ մի՛ սըփռէք
     Ձեր շուքը, մռայլ թեւի մը պէս ուրուրի ։
     Եւ ոչ ալ զիս կանչեցէք
     Խընճոյքներուն ձեր զուարթ ՝
     Ուր ***ութիւնը կը զարնէ նուագարան ։
     Ընդունա՜յն է խոստանալ
     Սըրտիս կոյսեր, - սիրտըս սափորն է դատարկ,
     Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը Լոյսին ։
    
    

ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՒ

Դաշտերուն վրայ իր տրտմութեամբ յամառող

Անձրեւը չէ՛ ասիկայ ։
     Գարնան ջաղբն է ՝ որ ցանքերուն վրայ անհուն
     Լուսացընցուղ կը տեղայ ։
    
     Աստղերն անյայտ, կարծես հալած արեւէն,
     Տեղատարափ կը թափին,
     Եւ կը լըւան իրենց լոյսին մէջ փաղփուն
     Անդաստաններն ու այգին ։
    
     Կապոյտն յանկարծ կու լայ բուռըն ծիծաղէն,
     Եւ կը տեղայ ադամանդ .
     Կը լուսնան կոյր աղբերակներն ու կ'երգեն
     Իրենց ծընունդն արգաւանդ ։
    
     Անհունն ի վար կը հեղեղուին շառաչով
     Մեծ կաթիլներ շափիւղայ,
     Լի արեւով, ցընծութիւնով, կապոյտով,
     Ծիծաղներով սատափեայ ։
    
     Մարգերը թաց կ'արտաշընչեն զովութիւն…
     Կը լըւացուին գառնուկներ…
     Բո՜յրը հողին, հողին բո՜յրը, ծաւալուն,
     Կը լեցնէ գիւղն ու եթեր ։
    
     Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մէջ քրտնաշատ
     Իմ ցորեաններս յամեցող
     Նոր ուժերով յորդահոսա՜ն կ'ընձիւղին
     Կայլակներու մէջ ի լող ։
    
     Եւ մաքրըւած անտառին մէջ, այս պահուս,
     - Ըստ իմ գիւղիս հէքեաթին -
     Կը ծնի եղնիկը, գօտիին տակ ծիրանի,
     Եղնորթ մը ՝ նման լուսինին ։
    
    
    

ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

Զեղուն աւիշն հողերուն տակ պայթեցուց
     Սերմերն ։ Արտերս այս գիշեր
     Կանանչցեր են լուսընկային տակ գարնան…
     - Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր,
     Քըրտինքիս ցօղը վըրան ։
    
     Կատաղօրէ՜ն, կատաղօրէ՜ն յորդեր են
     Տե՛ս, ցորեններն աղարծի ։
     Դաշտերն հագեր են զմրուխտէ պատմուճան…
     - Քոյրի՛կ, ծիլ մը բեր ինծի,
     Եզիս շողիքը վըրան ։
    
     Կը փողփողին արտավարէ արտավար
     Կարծես կանանչ մոմիկներ ։
     Ամէն ընձիւղ մարգրիտ մ ' ունի իր բերանն…
     - Հօտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,
     Արեւուն շողը վըրան ։
    
     Կը զարդարէ ամայութիւնը հողին
     Մատղաշ ծաղի՛կը հացի .
     Կանանչին մէջ կոշտերը թուխ կը լողան…
     - Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի,
     Մատերուդ բոյրը վըրան ։
    
     Ծիլ արտերուս մէջն է ծըլեր նըշենիս,
     Հոն միսմինա՜կը ծաղկեր…
     - Մայրի՛կ, քոյրի՛կ, հօտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
     Բերէք անկէ ծաղիկներ,
     Բերէք վարդգոյն ծաղիկներ,
     Հընձուորին յո՜յսը վըրան ։
    
    

ՕՁԸ

Լերան կողին, նըման վէրքի մը լայնշի
     Հեղեղատն այն կը տեսնա՞ք.
     Ջուրէն բացուած, այսօր ջուրի ծարաւուտ
     Ան ճամբայ մ ' է կարմրորակ։
    
     Տըղայ կեանքիս, օգոստոսի մ ' արեւով,
     Կ'ելլէի ես անկէ վեր,
     Դէպի լեռն այն, դէպի դաշտերն ընդարձակ՝
     Ուրկէ ինծի դիւրին էր
    
     Քաղել աստղեր ու անոնցմով պըսակուիլ,
     Շընչել ամէ՛ն երկրի հով,
     Ու հետեւիլ արծիւներուն ընթացքին՝
     Մատղաշ հոգիս պարզելով։
    
     Ու կ'ելլէի ես այդ կարմիր ճամբայէն...
     Հոն ո՛չ սիւք կար եւ ոչ խոտ.
     Թիթեռնիկներն այնտեղ ինկած դիպուածով՝
     Կը փախչէին հեւհեւկոտ։
    
     Արեւն էր լոկ, իմ ուղեկիցս արե՜ւն էր՝
     Որ մըխած գլուխն հըրաբոց
     Աւազին մէջ՝ կը խըմէր հողն, ու հազար
     Պատիճներովն ոսկեզօծ՝
    
     Կը ճաթեցնէր ապառաժները՝ սնելով
     Անոնց ծածկած տամկութեամբ։
     Ու կ'ելլէի ես այդ կարմիր ճամբայէն
     Շուքս ետ թողած, - միակ ամպ ։ -
    
     Կեցա՛յ յանկարծ, ու արեւն հետըս կեցաւ
     Խարըսխուած գըլխուս վըրայ. -
     Վերէն՝ խրամատ ժայռէ մը դուրս սըլացիկ՝
     Վա՛ր կու գար օձ մը հըսկայ։
    
     Ալիք-ալիք օղակներով իր ճապուկ
     Դահանակի եւ լալի,
     Ու շըչելով ՝ իբրեւ եղէգ մ ' հողմակոծ ՝
     Ան կ'իջնէր, ես կ'ելլայի ։
    
     Տեսանք զիրար, - կեցանք - զիրար չափեցինք...
     Իր բոլոր զէնքը անի
     Բերանին մէջ հաւաքեց, ես՝ աչքերուս,
     Ես, դեռ անզէն պատանի,
    
     Ոստում մ ' ըրաւ նայուածքներուս ուղղութեամբ՝
     Զերդ շանթը դէպ լըսնոսկին՝
     Որուն վախճանն հորն է մաքո՜ւր եւ նուաճո՜ղ...
     Ոստում մ ' ըրաւ մոլեգին,
    
     Եւ փաթթելով ինք զինք մատղաշ իրանիս
     Իբրեւ բաղեղ՝ վարդենւոյն,
     Կուրծքը կուրծքիս դըրաւ, ուղղեց շըրթներուս
     Կոր գըլուխն իր լիաթոյն։
    
     Ես պարուրուած ոլորտներուն մէջ իր ցուրտ
     Մահուան դողով դողացի.
     Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին
     Թովչանքն հոգւոյս մըտացի.
    
     Դըրին անոնց բոցերուն մէջ դեղնորակ
     Իմաստութիւնը մարդուն,
     Ըղեղին լոյսն՝ որ քընացուց կամ սանձեց
     Բընազդը նենգ կենդանւոյն։
    
     Խայթն ամփոփեց. - ու ես կեանքի, մահուան մէջ,
     Կեանքի, մահուան արցունքով
     Արտասուեցի։ - Ան բերանն իր բացած լայն
     Կըզակիս տակ, անվըրդով,
    
     Խըմեց շիթ-շիթ կաթող արցունքն այտերէս,
     Քամեց բիբերըս բերրի,
     Եւ մարեց մէջն օգոստոսի արեւն հուր
     Օձն այդ ծարաւ արտօսրի։
    
     Յետոյ շըչաց ու նոր օղակ մ ՛ ընելով
     Շուրջը վըզիս ՝ զայն սեղմեց.
     Մինչ պոչն իր ՝ նո՛ր քաղցով ետեւը ճօճուն ՝
     Կը ջախջախէր քար մը մեծ ։
    
     Քընթըռնոցներն ամփոփուելով իրար մէջ՝
     Կոկորդըս պինդ պըրկեցին,
     Ու ես վայրկեան մ ՛ ըզգացի մէջըս փակուած
     Չորս ճամբաները կեանքին։
    
     Եւ ունչերէս ու աչքերէս բըխեցաւ
     Արիւնըս դուրս սորսորուն,
     Եւ ըզգացին կարծես շըրթունքըս դողդոջ
     Սըրտիս ամբողջ ջերմութիւնն։
    
     Իսկ ան յեցած կըզակն ուղիղ կըզակիս
     Խըմե՜ց արիւնս անդեղեայ ։
     Մէն մի կըլլուած շիթ որ կ'իջնէր՝ կը զգայի
     Իր մարմնոյն մէջ, մարմնոյս վրայ ։
    
     Ինչպէս շողերը արեւուն կը սուզին
     Հին ջրհորներուն մէջ ցամքած՝
     Ա՛յսպէս կարծես երակներս իմ քամուեցան
     Որկորէն վար թըխպամած։
    
     Կըշտացած էր. - վիզէս, մէջքէս, ծունկերէս
     Լուծեց օղերն յամրաբար,
     Միշտ յիշատակն իր օձ-ձեւին թողելով
     Շուրջն իրանիս դալկահար ։
    
     Կըշտացած էր իմ արցունքով, արիւնով ...
     Ա՛լ, զերդ ոճիր կենդանի,
     Արփւոյն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայէն՝
     Ան կ'իջնէր, ես կ'ելլա՜յի ...
    
    
    

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

Արտս ոսկո՜ւն է...
     Նման բոցերու,
     Ցորենն է բռնկել
     Առանց այրելու։
     Արտս ոսկո՜ւն է...
     Երկինքն է կրակ.
     Հողը խորխոլած
     Ծղոտների տակ։
     Արտս ոսկո՜ւն է...
     Քառաշար հասկեր
     Քառաշար սաթով
     Արև են հագել։
     Արտս ոսկո՜ւն է...
     Բոռ, մեղու, պիծակ
     Քիստերի միջից
     Կանցնեն զերթ փայլակ։
     Արտս ոսկո՜ւն է...
     Մերթ ելնում հովից,
     Մի դեղձանիկ թի՛ռ
     Ոսկեծուփ ծովից։
     Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
     Օ՜ր տուր, հասուն արտ,
     Գամ ոսկիդ հնձեմ
     Մանգաղով արծաթ։


    

ԱՆԴԱՍՏԱՆ

Արեւելեան կողմն աշխարհի
     Խաղաղութի՜ւն թող ըլլայ...
     Ո՜չ արիւններ, քրտինք հոսին
     Լայն երակին մէջ ակօսին.
     Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՛
     Օրհներգութ՜իւն թող ըլլայ։
     Արեւմտեան կողմն աշխարհի
     Բերրիութի՜ւն թող ըլլայ...
     Ամէն աստղէ ցող կայլակի,
     Ու ամէն հասկ ցուլէ ոսկի.
     Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛
     Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։
     Հիւսիսային կողն աշխարհի
     Առատութի՜ւն թող ըլլայ...
     Ոսկի ծովուն մէջ ցորեանին
     Յաւէտ լողայ թող գերանդին.
     Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի՛
     Բերկրութիւն թող ըլլայ։
     Հարաւային կողմն աշխարհի
     Պըտղաբերում թող ըլլայ...
     Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
     Յորդի գինին բաժակներուն.
     Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛
     Սիրերգութի՜ւն թող ըլլայ։
    
     ՀԱՑԻՆ ԵՐԳԸ

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 1. ՄՈՒՍԱՅԻՆ

Թե ջըլապինդ մըշակն ի՛նչպես կը փարի
     Իր կոր մաճին, կը պատռե լանջն հողերուն:
     Եվ սահանքին տակ արփական շողերուն
     Ի՛նչպես կ'ըլլան լերկ ակոսները` բերրի:
    
     Թե շիկագույն ցորյանն ի՛նչպես կալին մեջ
     Կը բըրգանա, և աղորիք կը մռընչեն.
     Ի՛նչպես կ'հորդի քաղցած խըմորը տաշտեն,
     Զոր հուսկ կ'եփեն գեղջուկ փուռին մեջ անշեջ:
    
     Թե կը սըփռե Հա՜ցը, Հա՜ցը սրբազան
     Ի՛նչ բերկրանքներ, արարչական ի՛նչ կորով,
     Սորվեցո՛ւր ինձ, ո՛վ հայրենի իմ Մուսան:
    
     Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով,
     Զի կալին մեջ, զով շուքին տակ ուռիին
     Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն:
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 2. ԱՐՏԵՐՈՒՆ ՀՐԱՎԵՐԸ

Գյուղակներեն հորիզոնները մինչև
     Կը տարածվի մեր մայրությունը հողի:
     Գարունն եկա՛վ. չի բավեր ձյունը թեթև
     Ա՛լ ծածկելու մեր մերկությունը հըղի:
    
     Վերադարձեք մեր ծոցը, ո՛վ մըշակներ,
     Առավոտներն արդեն Ապրիլ կը բուրեն.
     Սառեն լուծված կը կարկաջեն առվակներ.
     Մեր տաք կողեն ծըլավ նարգիսը արդեն:
    
     Մեզի եկեք. ձեր սերմով լի բուռերուն
     Մենք կը սպասենք կիներու լուռ ըղձանքով.
     Ճաճանչն արդեն խըվեցավ մեր սիրտերուն:
    
     Պիտի լեցվին քըրտինքներու համրանքով
     Հասկերը շեկ, ու պիտի ո՜րքան բերկրինք
     Երբ առջի հեղ խոփը ճըմլե մեր ըստինք:
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 3. ՄՇԱԿՆԵՐԸ

Մըշակնե՛րն են իմ գյուղիս, դաշտի հըզո՛ր զավակներ,
     Քըրտինքներով մարգարտյա` բընության թա՛գն են հյուսեր:
     Կը բաբախե սիրտն հողին իրենց բըրդոտ կուրծքին տակ.
     Ու իրենց լայն երակին մեջ կը հորդի արեգակ:
    
     Երբ որ քալեն` մայր-երկիրն իր արգանդեն կը սարսռա.
     Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հըսկա:
     Գըլուխն իրենց, զոր կ'հակեն առջևը սուրբ խորանին,
     Պըսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:
    
     Ակոսներուն մեջ անոնք խինդ կը ցանեն, և Աստված
     Իրենց ճակտին ակոսեն բարություններ կը հընձե:
     Ավիշներուն հոսուն երգն անո՛նք միայն են լըսած:
    
     Եզին շողիքն ի՛նչ փույթ թե իրենց ձեռքերը կ'օծե,
     Եվ ախոռի հոտ կու գա իրենց նախշուն լոդիկեն.
     Նախ անենց լայն ափի՛ն մեջ կը ծըլին սերմերն համորեն:
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 4. ՀԱՐԿԻՔ

Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով`
     Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ:
     Գարունի առտվան օդեն են գինով.
     Կը նային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ:
    
     Ձըմեռը զանոնք խարո՛վ սընուցի.
     Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես:
     Իրենց սանտըրված պոչը թավարծի
     Կը լիզե իրենց կողերն` օձի պես:
    
     Կը սիրեմ անոնց նյուսը բյուրածալ,
     Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր`
     Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,
    
     Եվ ճոճքը իրենց, և պոչյունն հըզոր
     Հորիզոններե՜ն. երբ կ'երթան անվերջ
     Եղջյուրնին մըխած Արշալույսին մեջ:
    
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 5. ՀԵՐԿԵՐ

Հո՜, հռո՛ հռո՛ հռո՛. Հողին տակ հըռընդյունն է արորին
     Լուրթ մշուշին մեջ առտվան, կողին վրա բըլուրին
     Կ'երթան եզները հուժկու` զանգակներով դաշնավոր,
     Ու մսուրին վերջին հարդը կ'որոճան գլխիկոր:
    
     Սարին ուսեն ծըյլացող արևն ահա կը ծագի
     Ու մըշակին ճակտին վրա կը դնե հումբույրը ոսկի:
     Մարդը կ'երթա երգելով` մաճն ափին մեջ պընդաջիղ,
     Ու իր ճամբան կը գծե իր հոգիին պես ուղիղ:
    
     Հո՜, հռո՛ հռո՛ հռո՛. Ակոսները կը բացվին մըխալով,
     Եվ կը դիզվին արգավանդ հողակոշտերն իրար քով:
     Մեկ ծագեն մյուսն հուլորեն կը սողա խոփը պողպատ,
     Կը հեղեղե հերկերուն մեջ իր լույսերը արծաթ:
    
     Իր տակ ճըմլված, կարեվեր, կը գալարվի հույր Ճըճին.
     Կ'ահաբեկին խըլուրդներ իրենց խուղին մեջ մըթին:
     Բունծերն ահա կ'ոռոգին մերթ օձերու արյունով,
     Զոր ըսպաննած է արորն անոնց գլուխեն անցնելով:
    
     Արևն արդեն կը հոսե իր երակներն հրածորան
     Ակոսներուն նորաբաց արգանդին մեջ հոտևան:
     Հո՛, հռո՛ հռո՛ հռո՛. Անդաստանն է կորդացած այս տարի,
     Բայց հերկերուն ծարքն արդեն անհունորեն կ'երկարի:
    
     Եզները հաղթ թափ կու տան, դողացնելով մերթ ընդ մերթ,
     Սուր խըթանեն` ըստևներն իրենց փորին լուսաշերտ:
     Ի՛նչ փույթ թե ճղուղն արորիին խութին դեմ հա՛նկարծ կու լա,
     Եվ կը ծորի մըշակին քիրտը ամեն գուղձի վրա:
    
     Դեռ սուրբ կոչնակը գյուղին` սարին ետև չըհընչած`
     Բըլուրին կողը ամբողջ պիտի ըլլա թըխացած,
     Եվ պիտի լայն ակոսները շար ի շար ավարտին`
     Օծված շաղով իրիկվան, շողիքներովն հարկիքին…
    
     Այն ատեն երբ արտին ծայրն հասած, ճիգով մը դողդոջ,
     Տըղմուտ արորն հողին մեջ հանկարծ կասի, Մշակը խոնջ
     Պիտի խորհի անկասկած – հանո՜ւն վաղվան հունձքերուն–
     Թե կարասի՛ մ'ոսկելից կառչեր է խոփը իսկույն:
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 6. ՑԱՆ


     Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի
     Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր:
     Ոտքին առջև անդաստաններն հայրենի
     Կը տարածեն մերկություննին անպարույր:
    
     Լի է ամբողջ ցորեններով աստղահատ
     Խորունկ գոգնոցն: Հարկերն հերվան` ծարավի`
     Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ
     Արտերուն վրա` զերդ արշալույս` կը բացվի:
    
     Մըշա՛կ, ցանե՜. հանուն տանդ սեղանին
     Թևիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլա.
     Վաղ` նետած ցորեններդ այդ կը թափին
     Օրհնության պես թոռնիկներուդ գլխին վրա:
    
     Մըշա՛կ, ցանե՜. Հանուն նոթի թըշվառին
     Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բնավ.
     Աղքատ մ'այսօր ճըրագին մեջ տաճարին
     Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ:
    
     Մըշա՛կ, ցանե՜. հանուն Տիրոջ նըշխարին
     Թող մատներդ հորդին սերմեր լուսեղեն.
     Վաղը ամեն հասկի մեջ կաթնային
     Պիտ' հասուննա մաս մ'Հիսուսի մարմինեն:
    
     Ցանե՜, ցանե՜. նույնիսկ հեռու սահմանեն,
     Աստղերու պես, ալիքներու պես ցանե՜:
     Ծիտերն ի՛նչ փույթ թե հատիկներդ կ'ավերեն.
     Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե:
    
     Լեցո՛ւր ակոսն, հորդե՛ հերկերը բերրի,
     Հողին ծոցեն ոսկի լույսեր թող հոսին:
     Օրը ահա կ'իրիկնանա. կ'երկարի
     Շուքը թևիդ հորիզոննե՜րն աստղային:
    
    
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 7. ՏԱՓԱՆ

Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
     Թաղե ցաներն հողին մեջ.
     Ցորենն` ոսկի, սերմն հակինթ է`
     Երբ միանա հողին գեջ:
    
     Տափա՜ն, թևերըդ տարածե,
     Գրկե արտերը հուռթի.
     Հերկն աննըվաճ ալիք մըն է`
     Զոր կ'անդորրես դուն հեշտին:
    
     Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
     Փակե բերանն ակոսին`
     Ուր ամեն մեկ ցորեն սաթ է.
     Թող սարյակներ չը տանին:
    
     Տափնեց տափանն, հարթեց կոշտեր,
     Հըղկեց անդերը անհուն…
     Այժմ հողին տակ կ'ուռին հունտեր`
     Ինչպես ծիծերն ուլերուն:
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 8. ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց
     Սերմերն: Արտերս այս գիշեր
     Կանանչցեր են լուսնկային տակ գարնան…
     – Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր,
     Քըրտինքիս ցողը վըրան:
    
     Կատաղորե՜ն, կատաղորե՜ն հորդեր են
     Տե՛ս, ցորեններն աղածրի:
     Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան…
     – Քույրի՛կ, ծիլ մը բեր ինծի,
     Եզիս շողիքը վըրան:
    
     Կը փողփողին արտավարե արտավար
     Կարծես կանանչ մոմիկներ:
     Ամեն ընձյուղ մարգրիտ մ'ունի իր բերանն…
     – Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,
     Արևուն շողը վըրան:
    
     Կը զարդարե ամայությունը հողին
     Մատղաշ ծաղի՛կը հացի.
     Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան…
     – Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի,
     Մատերուդ բույրը վըրան:
    
     Ծիլ արտերուս մեջն է ծըլեր նըշենիս,
     Հոն միսմինա՜կը ծաղկեր…
     –Մայրի՛կ, քույրի՛կ, հոտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
     Բերեք անկե ծաղիկներ,
     Բերեք վարդգույն ծաղիկներ,
     Հընձվորին հո՜ւյսը վըրան:
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 9. ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող
     Անձրևը չէ՛ ասիկա:
     Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն
     Լուսացընցուղ կը տեղա:
    
     Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,
     Տեղատարափ կը թափին,
     Եվ կը լըվան իրենց լույսին մեջ փաղփուն
     Անդաստաններն ու այգին:
    
     Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն,
     Եվ կը տեղա ադամանդ.
     Կը լուսանան կույր աղբերակներն ու կ'երգեն
     Իրենց ծընունդն արգավանդ:
    
     Անհունն ի վար կը հեղեղվին շառաչուկ
     Մեծ կաթիլներ շափյուղա,
     Լի արևով, ցընծությունով, կապույտով,
     Ծիծաղներով սատափյա:
    
     Մարգերը թաց կ'արտաշընչեն զովություն…
     Կը լըվացվին գառնուկներ…
     Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն,
     Կը լեցնե գյուղն ու եթեր:
    
     Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ
     Իմ ցորյաններս համեցող
     Նոր ուժերով հորդահոսա՜ն կ'ընձյուղին
     Կայլակներու մեջ ի լող:
    
     Եվ մաքըրված անտառին մեջ, այս պահուս,
     – Ըստ իմ գյուղիս հեքիաթին –
     Կը ծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի,
     Եզնորդ մը` նման լուսինին:
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 10. ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կ'ացնին.
     Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
     Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:
     Գեղադալար կողերն ի վար բըլուրին
     Ծովե՜ր կ'անցնին:
    
     Հովե՜ր կ'ացնին.
     Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
     Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
     Գոգին մեջեն ալետատան հովիտին
     Ծովե՜ր կ'անցնին:
    
     Հովե՜ր կ'անցնին.
     Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
     Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
     Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
     Ծովե՜ր կ'ացնին:
    
     Հովե՜ր կ'անցնին.
     Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ`
     Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
     Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
     Ծովե՜ր կ'անցնին:
    
     Հովե՜ր կ'անցնին.
     Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
     Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն`
     Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
     Ծովե՜ր կ'անցնին,
     Հովե՜ր կ'անցնին:
    
    

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 11. ԿԱԿԱՉՆԵՐ

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
     Ահա սիրող սիրտերու պես կ'արյունին:
     Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
     Խըմենք ալիքն արևին:
    
     Անոնք ա՛յնչափ բըռնըկեր են` որ կարծես
     Հըդեհն իրենց կ'այրե դաշտերը անհուն:
     Պիտի իրենց բաժակներեն հըրակեզ
     Խըմենք կայծերն աստղերուն:
    
     Քո՛ւյր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկըված
     Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կը նազին:
     Պիտի իրենց բաժակներեն բոսորած
     Խըմենք արյունն ակոսին:
    
     Անոնք ծըռած արտույտներու բույնին վրա
     Լալ շողերով ողկույզ ողկույզ կը ծըփան:
     Պիտի իրենց բաժակներեն հակընթյա
     Խըմենք խոստումը Գարնան:
    
     Քաղե՛, քո՛ւյր իմ, կակաչ չէ, բո՜ց քղե դուն.
     Հըրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի:
     Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
     Խըմենք կրակներն Հունիսի:
    
     Ծաղկե՜ր, ծաղկե՜ր են բերնիդ պես քնքշենի,
     Կը խոսակցին ցորյանին հետ օրորուն:
     Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
     Խըմենք գաղտնիքն հասկերուն:
    
     Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
     Վաղվան զըվարթ տոնին համար գյուղակին:
     Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
     Խըմենք գինին Տարփանքին:
    
     ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ

ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ 2. ՆԵՄԵՍԻՍ

Պաշտե՛ դահանակե աչքերով Աստվածուհին,
     ո՛վ Ժողովուրդ, երբ բռնակալությունները կործանես, կործանե այլևս զինքն
     ալ, և դո՛ւն բարձրացիր իր պատվանդանին վրա` շուշան մը ձեռքիդ մեջ:
    
     Քերթողն հըսկա, մըրըրկավարս, հըրաչվի,
     Նըվիրական արվեստանոցն իր մըտավ,
     Եվ փակեց լայն պողպատ դըռներն հապըշտապ.
     Ճեղքերուն մեջ մընացին
     Արեգակին մազերն ոսկի, սանտըրված:
     Լեռնակուտակ զանգված մ'ընտիր մարմարի
     Այդ շենքին մեջ մըթընշաղ
     Կը սպասեր` ձևն հագնելու հին դյուցազնի.
     Եվ կամ գուցե կը հուսար
     Որ աստղերեն իջնելով`
     Պիտի աստված մը գա իր մեջ բընակիլ:
     Զանգվածը այդ ապառաժ մ'էր բարբարոս`
     Որուն մեջ դեռ կը մընար
     Կիսավեր բույն մը արծվի.
     Եվ խորն իր մեկ խոռոչին
     Օձ մ'էր ծվարած ու կը նընջեր հանդարտիկ:
     Քերթողն ինքզինք պահ մ'անհունին մեջ հոգվույն
     Ըզգաց Աստված: Սոթտեց թևերը ջղուտ,
     Ոսկեղեն մուրճը ափին մեջ, տըժգույն, վեհ,
     Մարմարին դեմ, գըլխեբաց,
     Հըսկայի պես կանգնեցավ...
     Նըշմարեցին աչքերը ձեռք մ'այն ատեն
     Մութին ծոցեն` կարկառուն`
     Որ վիթխարի բըռնած սափոր մը` պարպեց
     Խորն իր հոգվույն լայնալիճ
     Տիեզերքին ըստեղծահյութն հողաբույր:
    
     Եվ քանդակեց, քանդակեց,
     Եվ քանդակեց, քանդակեց:
     Արվեստանոցին բյուզանդական գըմբեթեն
     Հույսի ձեթով լի սուրբի գանկ մը կախված
     Կ'ըլլար ջահն իր լուսատու:
     Ան կը տեսներ մարմարին շուրջը ձևված
     Հըզոր երազն` որ միս կ'առնուր և ծալքեր:
     Մըտածումն իր` այդ քարին կույս ծոցին մեջ
     Իր արմատներն հուշիկ հուշիկ կը խըրեր
     Ծառի մը պես ձիթենի:
    
     Եվ քանդակեց, քանդակեց,
     Եվ քանդակեց, քանդակեց...
     Ամեն մի բուռն հարվածին տակ հաղթ մուրճին`
     Ինչպես թե ռումբ մը պայթող`
     Ուղխ մը կայծեր, քարերու հետ խուռնախիտ,
     Կ'անձրևեին պատերն ի վար խավարչուտ
     Պսակի պես քայքայվող:
     Դուրսն ողկույզներն հասմիկին
     Կը թափեին մուրճին մեն մի թընդյունեն
     Փեղկերն ի վար իրենց կապույտ ծաղիկներ:
    
     Եվ քանդակեց, քանդակեց,
     Եվ քանդակեց, քանդակեց.
     Մինչև որ բիրտ վայրենությունը քարին
     Նըվաճվեցավ, և ահա գլուխ մը կընոջ
     Մարմարին մեջ թարմորեն
     Ծաղկեցավ բա՛րձըր շուշանի մ'հանգունակ:
     Չըքնաղ էր ան, միանգամայն էր ահեղ.
     Հելլենական արձաններու կուրությամբ
     Կը հառեին խորունկ աչքերն` որոնց մեջ
     Կարծես հոգին, անդունդն ի վեր մագըլցող
     Կարիճի պես` կամաց կամաց կերևնար:
    
     Եվ քանդակեց, քանդակեց,
     Եվ քանդակեց, քանդակեց...
     Բանաստեղծն իր բազուկին տակ կենսադրոշմ
     Կը փորագրեր կարծես քերթված մ'ահավոր.
     Խոր ծալքերուն մեջ կյանք առնող մարմարին
     Մեն մի հարված դաշնակություն մ'էր քնարի,
     Հանգ մ'էր, տուն մ'էր, և կամ շեշտ մ'օդասլաց:
     Մեն մի հարված ռըմբագոռ
     Ըմբոստ երգ մ'էր ոսկի մուրճով երգըված`
     Որուն Աստված երկընքին մեջ կ'ունկընդրեր:
    
     Եվ քանդակեց, քանդակեց,
     Եվ քանդակեց, քանդակեց,
     Ու ավասիկ ճոխ գանգուրներն այդ կընոջ
     Զերդ ողկույզներ իրար խըռնված օձերու
     Ուսերուն վրա թափեցան:
     Կերտեց թիկունքն և թիկնամեջը շըքեղ,
     Կերտեց թևերն ամազոնի` որոնք թե`
     Կարող էին արձակել
     Ոսկի փըքինը սիրո,
     Եվ թե հրաշեկ կայծակը` տեգ մահընկեց:
    
     Եվ քանդակեց, քանդակեց,
     Եվ քանդակեց, քանդակեց...
     Ո՜հ, ի՜նչ փույթ թե անցան անքուն գիշերներ
     Եվ ցորեկներ` անդադար.
     Ծիծե՜րն ահա, ծիծե՜րն ահա արձանին,
     Ա՜յնքան մաքուր կըլորցըված, պաղպաջուն,
     Որ անշուշտ կաթն անոնց մեջ պետք էր ըլլալ
     Կամ լույս` սառած, և կամ արծաթ` հալըված:
     Կողերն ահա, ահեղորեն շընչավոր,
     Որոնց ներքև կարծես արյամբ մեծնային
     Արդարության, վրեժի սաղմերն երկվորյակ:
     Շինեց ողն, հո՛ւյր բումբերն, ազդրերը ողորկ.
     Շինեց և՛ պորտն` որ զանգվածին մեջ հանկարծ
     Քաոսեն ծնող աստղի պես
     Ճառագայթներ դուրս պոռթկաց:
    
     Օ՛ն, հարվա՜ծ մ'ալ, հարվա՜ծ մ'ալ…
     Գանկ ջահին մեջ, ձեթն ըսպառիլ ըսկըսավ.
     Օ՛ն, հարվա՜ծ մ'ալ, հարվա՜ծ մ'ալ…
     Եվ քանդակեց, քանդակեց...
     «Եվ քանդակեց, քանդակեց...»
     Կերտեց գուճերն և սրունքներ.
     Կերտեց ոտքերն` որոնց տասնյակ մատերեն
     Ժահրով, մեղրով խառնըված
     Դըդըչահոս լույսի վտակներ բըխեցան:
     Եվ շինեց ան վերջապես
     Կնոջ մեջքեն վար ահեղ
     Սուր մ'երկսայրի, սուր մ'անպատյան, սուր մ'անբիծ,
     Եվ Աստուծո պես արդար:
     Այն ատեն հոն մարմարիոնին խորշին մեջ
     Քըացող օձն արթընցավ
     Եվ փաթթելով զինք մեղմորեն այդ զենքին`
     Կաթիլ կաթիլ ըսկըսավ թույն մը կաթել:
    
     Օ՛ն, հարվա՜ծ մ'ալ, հարվա՜ծ մ'ալ դեռ, և ահա
     Պիտի գործն այդ ավարտի:
     Քանդակագործ քերթողն հանկարծ խորշոմեց
     Մարգարտապսակ ճակատը ջինջ քըրքինքով.
     Այդ ի՞նչ արձան, անունն ի՞նչ էր այդ կընոջ.
     Գորգոնա՞ մ'էր, Հերա՞ն քինոտ, թե՞ Իսիս.
     Պատվանդանին վրա հըսկա
     Փորագրեց.– Նեմեսիս:
    
     Ահա երազն իր, կը շընչեր, կը խորհեր.
     Իր երազն այդ մարմարեղեն` զոր երկար
     Ատեն սըրտին հավքերուն մեջ այն կըրեց:
     Արդարության և Վրեժի
     Դիցուհին այդ` աղջիկն էր իր կորովին
     Զոր հըղացավ, ողնածուծովը սընույց
     Այն օրեն վեր` երբ հըլությամբ հարսնացավ
     Ժողովուրդին արյան հետ
     Գիտակցությունն իր բեղուն:
     Այլևս ի՛նչ փույթ թե մնաց թաղված օրերով
     Արվեստնոցին դամբանական մութին մեջ:
     Ի՛նչ փույթ թե արդ ճակատեն վար կը հոսի
     Բարի քըրտինքն հոգնության,
     Եվ ուսերուն և գըլխուն վրա սևահեր`
     Իբրև ըլլար ջաղացպան մ'ան կը նըստի
     Ճերմակ փոշին մարմարին.
     Եվ խիտ երկար թարթիչներն իր կը նմանին
     Աղավնյակի մը թևերուն ըսպիտակ.
     Ի՛նչ փույթ թե ան, ա՜հ, չըտեսավ կույս գարնան
     Լուսակարկաջ աղբյուրներուն մեջ ժըպտիլն,
     Եվ չըքամեց դեռ խաղողի ողկույզներ
     Բաժակին մեջ բյուրեղյա.
     Կամ չըխառնեց գանգուրներն իր ասպետի
     Բըլուրներուն վրա պարող
     Աղջիկներուն հողմատարիկ վարսերուն:
     Ո՜հ, ի՛նչ փույթ կյանքը մեռնող,
     Երբոր երազը կ'ապրի,
     Երբոր երազն անմա՜հ է:
    
     Մուրճը ձեռքին մեծ բանաստեղծը հաղթական
     Արձանին խիստ աչքերուն մեջ կը հառի.
     Եվ անոնց մեջ կը ճանչնա
     Ինքզի՜նք, ամբողջ, անթերի:
     Կը ճանչնա սուրբ մարմարիոնն այն` որ առավ
     Բազկին տակ կյանք, որ այդտեղ
     Եկավ զանգված մ'իր բըրտության մեջ նընջող
     Եվ արթընցավ Դիցուհի՜.
     Զերթ քարափերթ մ'ըստրուկ ինկավ մուրճին տակ,
     Եվ կանգնեցավ Վրիժուհի՜:
    
     Ավարտած էր ամեն գործ.
     Ահա մեջտեղն էր, Նեմեսիսը, կանգուն,
     Պաշտըվելու, ընդունելու ողջակեզ
     Այլևըս կա՛զմ և պատրաստ:
     Այն ժամանակ քերթողն ուրախ, գոհունակ,
     Քաշեց նիգերը, բացավ
     Պըղնձե դռներն հսկայական գավիթին.
     Նույն ատեն լույս մը դեմեն
     Երկինքն ի վար այնպես արձանն ողողեց
     Որ դիցուհվույն մարմինը շուրջն ըսկըսավ
     Ճառագայթներ աձակել:
     Խըտղըտեցույց ճերմակությունն իրանին
     Աչքերն աղվոր օրիորդի մ'որ դեմի
     Պատըշգամբին նըստած ժանյակ կը հյուսեր:
     Ձյունեղ ժայռ մ'էր կարծես`
     Որ կը ցըցվեր արևուն մեջ` հոլանի:
     Կը թափեին ուսերեն վար, կուրծքեն վար.
     Շողի հազար վտակներ, հազար ալիքներ:
     Քերթողն անգամ մըն ալ անոր նայեցավ.
     Եվ ճակատին վրա ճանչցավ
     Անգամ մըն ալ դուստըրն իր հեստ արյունին:
     Տըվավ համբյուր մ'երկյուղած
     Մեջտեղն անոր ծիծերուն,
     Ուրկե մընաց շըրթունքներեն վար առկախ
     Լույսի կաթիլ մը` վաղվան
     Նոր վրեժներու արգասիչ:
     Հետո նետեց ծանրակիմուրճը ձեռքեն.
     Թևը սոթտված պատվանդանին վրա դըրավ.
     Եվ գըլուխն ալ թևին վրա.
     Եվ իբր առյուծ մը պառկող`
     Հոգնած, քըրտնած և վըսեմ,
     Աստվածուհվույն ոտքերուն տակ քընացավ:
     Ժողովո՜ւրդն է, ժողովո՜ւրդն է, որ կու գա,
     Ճամբաներուն, փողոցներուն մեջ Քաղքին
     Գետեր են որ թըխակոհակ կը հոսին.
     Հարստահարված ժողովուրդն է որ կու գա.
     Անոնք տեսան Նեմեսիսի վեհ արձանն,
     Եվ քուրմեր են, վրեժի քուրմեր, և ահա
     Անո՜ր, անո՜ր կը դիմեն:
     Գործատունեն, թիարանեն, բանտերեն
     Գըրոհ կու տան: Արյունոտ են ու քաղցած:
     Դեռ բեկորներ շըղթայի` զոր ջարդեցին,
     Մերկ ոտքերուն հետ ընդքաշ
     Սալհատակին շըռինդ շըռինդ կը հընչեն:
     Ոմանք սակրով, ոմանք մուրճով են զինված.
     Դեմքերուն վրա արյունռուշտ
     Կը փայլակե կատաղությունն` հեռուեն
     Մերկացնելով մարգարտաշող կըրճըտումն
     Ակռաներուն մարդու միսի անոթի:
     Մերկ են կիներն իրենց ամբողջ ծիծերով,
     Եվ մանուկներ` բոպիկ`
     Որոնց տըժգույն ճակատեն
     Գարունն ընդհուպ կը թափթըփի վարդ առ վարդ
     Դեռ չավարտած իր բողբոջումը առույգ:
     Ատելության գոռուկոչ մ'է` կը պոռթկա,
     Կը տարածվի պողոտայե պողոտա
     Քաղաքին մեջ բովանդակ:
     Ամեն շըղթա կը բեկտի,
     Եվ կը փըլչի ամեն բանտ.
     Հրապարակին մեջտեղ կրակի կը տըրվի
     Կառափնարանն` հերոսներուն արյունեն
     Վարդակարմիր և ճարպոտ,
     Եվ իր մեծ բոցն երկնոլոր
     Ամբոխներուն գիտակցության կ'ըլլա ջահ:
     Ամեն խըրճիթ ըմբոստ մը դուրս կը պոռթկա,
     Ամեն շիրմե նահատակ մ'հաղթ կը հառնու
     Նո՛ր միսով, նո՛ր ըղեղով, նո՛ր զենքերով
     Ըսպառազեն: Ժողովո՛ւրդն է հող կըրծող.
     Մինչև մեջքն իր` տիղմին մեջ
     Ուրիշներու դըղյակ շինող ամբոխն է`
     Որ ոտքի միակ մոլեգնադռույթ ոտումով
     Նույն իր խորունկ գերեզմանին քարին վրա
     Ահավասիկ կը կանգնի:
     Եվ մարդկային օվկիանն այդ փըրփրագոռ
     Կ'եռա խորքերն իր մըռայլ.
     Եվ ալիքներն հառաջ կ'երթան մահադող.
     Եվ կը թըքեն իրենց փըրփուրը հորձքի
     Պալատներուն մինչև քիվերն, ու մինչև
     Ճակատն արփվույն անտարբեր:
     Քըրջավո՛ր են, ահավո՛ր են, բայց այսօր
     Հանճարներու, դարերու
     Ամբողջ մտածումն, ամբողջ վաստակը խըմող
     Գաղափարին արծիվի թևն ըսպիտակ
     Եկավ դըպչիլ անոնց դեռ կույս ճակատին:
     Եվ անոնք ուղխ ճամբաներե հավաքված`
     Այսօր ունին վըսեմությունն օվկիանի.
     Եվ կը մռնչեն, կը հայհոյեն, կ'աղոթեն,
     Կը մըրմըռան բըռնության դեմ ծուփ առ ծուփ.
     – Վըրե՜ժ, վըրե՜ժ, Նեմեսի՜ս:
    
     Եվ Նեմեսիսն հո՛ն է, հո՛ն է մխիթարիչ
     Քենն երկնային. ձյունափարփառ մարմինն իր
     Լուսնակին պես ալիքներն այդ կը քաշե
     Դեպի ծոցն իր մայրենի:
     Եվ ժողովուրդն արձանին շուրջ կը դիզվի
     Հետք հետքի վրա, խուռնախիտ,
     Եվ կըզակներ կըռթընցըված ուսերու:
     Առջևը վեհ Դիցուհվույն
     Ամեն ոք իր վերքը կուրծքին կը բանա.
     Պարմանիներ ցույց կու տան
     Թևերն իրենց կոտրած` շըղթա կոտրելեն.
     Մայրերն ահա վեր կ'առնեն սև-սև քողեր
     Անոնց ծալքին մեջ բանալով գանկիկներ
     Մանուկներու` այրուձիին տակ ճըզմված,
     Եվ պառավներն անոր առջև կը փըռեն
     Քըղամիդները կարմիր
     Դըրժված մորթված դյուցազնական թոռներու:
     Եվ կը բերեն ամենն ալ
     Իրենց վերջին հարըստությունը` նըվեր,
     Եվ ծընրադիր` անիծախառն աղերսով
     Արտասվագին միահամուռ կը գոչեն.
     – "Ո՛վ Նեմեսիս, Անվրիպելի՜դ, Վրիժուհի՜դ,
     Մեր տառապանքն, անկումը մեր կը տեսնե՞ս.
     Մեր արցունքի մեկ շիթին
     Օվկիանական անհունությունը արդյոք
     Քու ափիդ մեջ կըշռեցի՞ր:
     Բա՛վ է փառքերն ու հաճույքներն ապրեցնենք
     Մեր արյունին արյուններով ու մինչև
     Ոսկորներնուս քըրտինքով.
     Բա՛վ է սվինները պատռեն
     Մեր արգանդին մեջ հավետ
     Լուսաթաղանթն արշալույսի սաղմերուն.
     Բա՛վ է անիվը գործատան փերթ առ փերթ
     Խըլե մեր միսն և յուղոտե ճըղուղն իր.
     Բա՛վ է, բա՛վ է մեր բովանդակ կյանքին մեջ
     Խարազանված թիկունքներնուս վրա կըրենք
     Մեր շիրմաքարն ու երթանք ա՛յսպես շիրիմ:
     Վըրեժի ժամն ա՛լ հասավ.
     Նըշկահումի ամպրոպահունչ ժամն հասավ:
     Ո՛ւժ տուր մեզի, ոգևորե՛ և մըղե՛.
     Դո՛ւ մեզ Աստված, դո՛ւ Տիրամայր, դե՛հ իջիր
     Պատվանդանեդ և ձուլե մեզ կամքիդ մեջ,
     Եվ օրենքներըդ գըրե
     Մեր ճակատին վըրա արյան գըրերով:
     Քու ժողովուրդըդ մե՜նք ենք.
     Պիտ' ըսպաննենք մեր աստվածներն հին և նոր
     Եվ աճյունին վրա անոնց`
     Ատտիկեի և մեհյանեդ ալ հոյակապ
     Պիտ' քու մեհյանըդ կանգնենք
     Պիտ' կործանենք ապարանքներ ու բանտեր`
     Եվ քառանկյուն սալքարերովն իրենց հաղթ
     Պիտի բագինը՜դ կանգնենք:
     Ամեն տարի մահատոնիդ նեմեսյան
     Ատելության ի՜նչ նըվագներ պիտ' հընչեն.
     Պիտի զարթնուն ի՜նչ մոռցըված մեռելներ`
     Եվ խըմելով արյունախա՛ռըն գինին,
     Զոր սափորով իրենց շիրմին պիտ' դընենք,
     Արևուն տակ, զոր կարոտցան, ձեռք ձեռքի
     Պիտի պարեն շուրջն արձանիդ` հանձնելով
     Իրենց պատանքը հովին:
     Իջի՛ր մեջ, և բընակե լոկ մե՜ր մեջ.
     Օ՛հ, ո՜րքան դու չըքնաղ ես
     Եվ ո՜րքան ալ սարսափելի. աչքերդ այդ
     Արդարաբար կը սպաննեն միշտ, և ձեռքերդ
     Աճյուններու մեջ պատրաստ են սերմանել
     Շուշան հունտեր շուշանափայլ կյանքերու.
     Գանկի մը մեջ բույնն իր դընող տատրակն ես.
     Աղբյուր մ'ես դու ըՍտյուքսի`
     Որ կը բըխի գերեզմանե մը կանանչ:
     Ահա քեզի կր կարկառենք մեր քաղցած
     Երեխաները. թող որ քո՛ւ ծոցիդ մեջ
     Մըկըրտըվին, և ծըծեն կուռ ծիծերեդ
     Կաթը վաղվան վըրեժին:
     Օ՛ն, Նեմեսիս, իջիր մե՜ր մեջ. մեզ ըրե
     Վահա՛ն լանջքիդ մարմարե,
     Սո՛ւրը թևիդ անխընա:
     Զի մենք ծարավ ենք արյա՜ն,
     Արյա՜ն, արյա՜ն, Նեմեսիս":
    
     Կ'ըսեն: Իրենց գոռուգոչումն ահավոր
     Կը սասանե գահերուն վրա կայսըրներ,
     Եվ կ'օրորե պատվանդանին վրա նընջող
     Քերթողին քունն հանդարտիկ:
     Կ'ըսեն: Եվ նվե՛ր Աստվածուհվույն կ'ընծայեն.
     Անոր առջև արյունլըվա ձեռքերով
     Կը սըփռեն վարդ ու հասմիկ:
     Կույս աղջիկներ դալկադեմ
     Ասեղներե ծակծակված գիրգ մատներով
     Կ'հյուսեն անոր գըլխուն համար պըսակներ:
     Գյուղացիներ կ'ողջակիզուն վբերջին ուլն
     Իրենց թափուր և ցըրտացած փարախին:
     Տըղայք կընդրուկ կը ծըխեն.
     Իսկ բանվորներն ու ռազմիկները պարման
     Թուրերն իրենց, մուրճերն իրենց նվիրական
     Կու գան անոր կըռվանին վրա հեսանել:
     Եվ ժողովուրդը բովանդակ հանկարծ լուռ
     Լուսընկային տակ հանդարտող ծովու պես
     Կը խոնարհի աղոթքի…
    
     (Օրհնյա՜լ ըլլաք, հառաչանքի մեջ խեղդված
     Ո՛վ արցունքներ, մազերն ի վար կայլակող
     Ո՛վ արյունի կաթիլներ.
     Ո՛վ աղոթքներ նախատոնին կռիվներու
     Մանավանդ դուք օրհնյա՜լ ըլլաք.
     Ձեր մեջ է որ Հույսերը մոտ հաղթության
     Իբրև ճերմակ աղավնիներ` ամենուն
     Ծոցեն արփվո՜ւյն կը սլանան):
    
     Եթերական կրակին խորեն իրիկվան,
     Դեմի սարեն զառիվայր
     Այն որ կ'իջնե անչափելի քայլերով
     Հերո՜ս մըն է, պերճահասակ քըրմապետ
     Նեմեսիսին կուսական,
     Եվ անձնուրաց նախախնամող մարդկության:
     Արևը դեռ չըմեկնած
     ճաճանչներն իր ամփոփե է շեշտուղիղ
     Անոր կուրծքին կարմրաբորբ,
     Ցայտեցնելով զենուզարդեն պաղպաջուն
     Ճառագայթներ` նման բամբշի մը գըլխուն
     Ծամակալ մեծ ասեղներն:
     Արյուն մ'ահա կ'այլակի տակավին
     Իր գոտիին արդարադատ կեռ սուրեն:
     Կու գա՜, – ճակատն իր արդեն
     Շաղկապված դափնիով:
     Քայլերը ծանըր` փառքեն,
     Եվ բըռնությունը ճըզմելեն` տենդակոխ
     Ահավասիկ կ'երկփեղկեն
     Ժողովուրդն այն խոնարհած
     Ատելության և աղոթքին բեռին տակ:
     Նեմեսիսին ձոնելու
     Ան իր նըվերը ունի.
     Գըխուն շուրջեն կ'արձըկե
     Դափնեպըսակը` զոր կույսերն որբացած
     Շիրիմներուն նըստած տըրտում շուքին տակ
     Իրեն համար հյուսեցին.
     Կ'արձըկե զայն և ձախ ձեռքովը բըռնած
     Բուրյան ճյուղին մեկ ծայրեն
     Մյուսով զայն կը մերկացնե, սըփռելով
     Իր սաղարթներն օդապար
     Աստվածուհվույն ոտքերուն վրա անարատ,
     Որոնցմե հա՛մ'աղվոր տերև մ'արյունոտ,
     Կ'երթա, կ'իյնա արձանին տակ քընացող
     Քանդակագործ բանաստեղծին ճակտին վրա,
     Որ գրավված նո՛ր Տեսիլներով երազի
     Այդ հըպանցումը փառքին
     Ամենևի՜ն չ'իմանար:
    
    

ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ 3. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈԳԻՆ

Ե՞րբ պիտի գաս. ե՞րբ մեր գետնին ույծքերեն,
     Իբր հարությունն հողին խըմած շողերուն,
     Պիտի պոռթկան շունչիդ բոցերն երկնապող.
     Կամ մեր երկրին արյուն կաթող ո՞ր աստղեն`
     Դու պիտ' իջնես հրդեհել
     Զենքի տըրմուղ ժողովուրդդ`
     Որուն սըրտեն դարերն հավետ խըմեր են
     Թորգոմական արյունն և ո՛ղը պարպեր,
     Որուն համար մեր պապերուն ոսկրոտին`
     Հովտե հովիտ սըփըռված`
     Բաժին են լոկ գայլերու:
     Ո՜վ անդրանիկ Աստվածուհի, Իսկուհի`
     Հայ ջըրերուն, կըրակներուն և կավին,
     Տե՛ս. քու երկիրդ` որ մեր սերմին մայր ըրիր`
     Այլազգներու խըժդըժանքին մատնըված,
     Այսօր, ավա՜ղ, սուգ ու արյուն կը բըխե.
     Իր կործանած քաղաքներուն վրա լըռիկ
     Կը նըստի կռո՛ւնկն ողորմուկ.
     Հողն` հերկըված միայն սողովն օձերուն`
     Իր աղտաղտուկ խավերուն մեջ կը պահե
     Պաղլեղ, և իր սև տափերուն վրա` ոքոզ.
     Կը մընան մեր այգեստանները` առանց
     Շերտափակի, և կարասները` առանց
     Հայրենական գինիին.
     Եվ մեր խոյերն ըսպիտակ`
     Չըգըտնելով խոտնոցներուն մեջ առվույտ`
     Նոթութենե մոլեգնած`
     Մըսուրներուն դեմ կը ջարդեն եղջյուրնին:
     Իսկ որդիները թըշվառ
     Կամ հեռացած հորենական երկըրեն
     Կը խառնակին ազգերու խորդ արյունով,
     Կամ նույն երկրին ծոցին մեջ
     Կը մեռնին լուծն ուսերնուն,
     Ապրողներուն թողլով մաս
     Մերկացում «ն» ողջ հայութենեն, խորդացումն`
     Որով կ'ըլլան իրարու դեմ թըշնամի
     Եվ թըշնամվույն դեմ` ծառա:
     Ո՛չ մեր դաշտերն` եղած արյամբ ճախճախուտ,
     Ո՛չ պարիսպներն ու տաճարներ քարուքանդ
     Զիրենք կըրնան զայրագնել,
     Ո՛չ օտարին ծաղրանքն և ո՛չ անարգանք
     Կ'արթընցընեն իրենց հոգվույն մեջ ընթարմ
     Հըպարտությունն հայկական:
     Կը ծառայեն և կ'ողբան
     Եվ ողբալով ըստըրկությունն ավելի՛
     Իրենց դեմքին կը հորինեն վայելուչ…
     Եկո՜ւր, եկո՜ւր. Ժամանակն ա՛յս է. Եկո՜ւր…
     Ահա ցեղեդ մաս մ'ազնիվ`
     Գաղափարի, գուպարի մեջ հալումաշ`
     Ճամբուդ վըրա կը սըփռե
     Իր արյունին հետ նոր վարդեր, կակաչներ…
     Եկո՜ւր, եկո՜ւր. Եվ Մասիսի կատարեն
     Դյուցազներու, վըկաներու հոգիներ,
     Ւբր աստղերու սերմընցան,
     Տեղա՛ բոլոր իգության մեջ մեր երկրին,
     Մեր սըրտերուն խորունկ խորքերը հոսե
     Արյունդ անբիծ, զոր շիթ առ շիթ ժողվեցիր
     Վարդաններու ռազմահարդար հետքերեն,
     Եվ ըրե մեր օրրաններն
     Արշակներու վերածընող շիրիմներ.
     Ամեն հայու լանջքին տակ
     Իր մեկ հին պապն արթընցուր.
     Եվ նվիրական, հավերժական զանգվածով
     Զանոնք խառնե և խըմորե և ձուլե
     Եվ ըստինքովդ ապրեցուր:
     Ա՛յնպես որ` քու մայրենի
     Ճաճամչավուխտ թև թռիչներուդ տակ ամփոփ
     Տաքնա՛ մեր հողն, և բլուրներուն վրա խայտան
     Գարուններն հին, Նավասարդները` լեցուն
     Մարտիկներու վահաններուն կոփյունով,
     Մեր արծիվներն ու ուրուրները` թողած
     Ճախճախուտները նըվաստ`
     Կայծակներու թառերուն վրա կըռընչեն.
     Էգ առյուծներն ու էգ վագրերը բոլոր`
     Մայրագորով լիզումով`
     Ըլլան կայտառ հայկակներու կաթընտու.
     Մեր ամպրոպները (լեցուն
     Ըստվերներովն երգիչներու գողթական)
     Սըրտին մեջ հայ քերթողին
     Փոխվին երգի ու չափվին
     Կայծակներու շեշտերով.
     Բանվորն հեստի՛, հեստի՛ գեղջուկն ու` այգուն`
     Երբ իր քայլերն ուղղվին դաշտերն ավերված,
     Արշալույսեն արյունի հոտը առնե
     Եվ արյունի՛ ծարավի.
     Շունչիդ զեփյուռն ու ճառագայթն աչքերուդ,
     Նըման գարնան մեր տան շեմերը պըճնող,
     Թող ճամբորդեն հյուղե հյուղ,
     Բննակարանե բնակարան.
     Կանգնի՛ն այրերն ու մայրեր,
     Ծերը կանգնի՛, կանգնի՛ տղան.
     Ու ամեն ոք Ազգին սիրով լոկ արբշիռ,
     Ազգին ոգով հաղորդված
     Ա՛յնպես վառի, ապըստամբի, բորբոքի,
     Որ Թորգոմա Տունն ըզգա
     Թե իր օճախը մարած`
     Այսօր հրաբուխ է դարձեր:
    
    

4. ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԵՋ

Ա
    
     Ըլլա լացի, համբույրի,
     Հիշատակի, մըտածման,
     Մըռընչելու համար ըլլա, օ՛ն, մըտնենք.
     Մըտնենք հըսկա քաղաքն հըսկա աճյունի,
     Մըտնենք Շիրիմն հայության…
    
     Ողջո՜ւյն, Անի, գերեզմնոց,
     Ուր կը փըտին ոսկորներն հաղթ Անցյալին.
     Ողջո՜ւյն, Անի, օրորան,
     Ուր փլուզի տակ, կարիճի սև արյունով
     Մեր Ապագան կը մեծնա.
     Ողջո՜ւյն, Մեռե՜լ, Մա՜յր, ողջո՜ւյն.
     Ահա կու գամ, ես վերջին
     Նորաբողբոջ գըլուխը հայ Հիդրային,
     Կու գամ կյանքիդ փառքովը մա՛հդ օրորել.
     Ըսել, թե մեծ եղար դու,
     Կամ մեծ խոստումը մեծության, դու եղար
     Լուսակայլակ պողպատ ըստինք մ'որուն դեմ,
     Խուժդուժ ցեղերը ծըծելու դեռ անվարժ`
     Եկան նոթի լընդերն իրենց ջախջախել.
     Ծեր Ասիո շեմին վրա դո եղար
     Երեք դարու սիրտն` եթե Հույնն ըղեղն էր,
     Սիրտ կենսաբուխ` որուն աչքերն հառած պիշ`
     Նենգ Բյուզանդիոնն, այդ ***որդին Հըռոմի
     Քեզ կը դավեր լափլիզելու ախորժով:
     Եվ ան դավեց և ան հաղթեց. ու ավա՜ղ,
     Երբ դրոշակն իր ցըցված տըխմար արքայիդ
     Հովհաննեսի շիրմին վրա`
     Վեստ Սարգըսյան կ'ըլլար խըլան խոստացված,
     Քու բալլիքներըդ Վոսփորի բանտին մեջ
     Երիտասարդ թագավորիդ թևերուն
     Կուռ շըղթաներ կըղպեցին:
    
     Բ
    
     Ո՜վ պատուհաս. կորսըվեցար դու այլևս,
     Երբ Պարսն և Հույնն, երկու ոսոխ ոսոխներդ,
     Իրարու դեմ ըզքեզ ասպար կանգնեցին,
     Կամ իբրև որս մ'որ արդեն իր մագիլով
     Նախ իր սիրտն է խոցոտեր,
     Քեզ անցուցին Մոնոմախոսն ու Տուղրիլ,
     Պերոզն ու ժանտ Արփասլան`
     Ժանիքներե ժանիք, թաթե ի թաթուլ.
     Եվ, դեմ դիմաց կզակներն իրենց ջարդելով,
     Հիմնաքարերդ հանեցին`
     Որպեսզի սև դամաբանաքարդ հորինեն:
     Ա՛լ այն օրեն դու իբրև շենք մ'հոյակապ`
     Ուրկե հազար կայծակ մեկեն է անցեր`
     Քայքայվեցար մարմար մարմար, ծեփ առ ծեփ:
     Ու, ո՛վ ցասում, ո՛վ ամոթ,
     Քեզ դեմ առ դեմ բըզքըտողները նենգժոտ
     Չեղան արծիվ` այլ գայլե՜ր….
    
     Գ
    
     Արդ քարուքանդ կը հանգչիս
     Եվ նըշխարներդ ինը դար է որ կ'ապրին.
     Ժամանակին ձեռքը չեղավ այնքան հաղթ
     Աճյուններդ այդ մըրրիկներուն հանձնելու.
     Բայց ծոցիդ մեջ ալ բընա՛վ
     Սըմբատի սոս նըժույգը չի՛ խըրխընջեր,
     Այն չի թոթվեր արյունթաթախ բաշերն իր
     Քած ձիուն դեմ Ափշինի,
     Ու կոչնակներն ու շեփորներն ոսեցոլ`
     Որոնց ի լուր թուրը խաչով կը ձուլվեր.
     Հոն լըռած են` ապրեցնելով իրենց տեղ
     Բուի հազար սերունդներ:
     Այդ լըռության չղջիկի լայն թևին տակ
     Կ'աճի եղիճն արտասուքովն աստղերուն.
     Եվ հոն բաղեղն հայրենասեր թևերով
     Կը գըրկե հողըդ տըրտում
     Իր պատառիչ կալծքարերով միասին.
     Եվ խոտ մ'հազիվ, բարձրացած
     Ճամբաներուն վրա անկոխ`
     Կը ծածկե սողն օձի մ'արփվույն տակ ճեմող:
    
     Դ
    
     Ի՞նչ մընաց, ի՞նչ. Պարիսպներեն քարակուռ`
     Որոնք ըզքեզ գըրկած տըվին կուրծքերնին
     Ասիական մըրըրկարշավ ցեղերուն.
     Պալատներեդ, ամրոցներեդ, սյուներեդ,
     Աշտարակի սըլաքներեդ` ուր ծըփուն
     Կարմիր դրոշակ մ'հայկական
     Կ'սրբեր քրտինքն արծիվներուն ճամբորդող,
     Խոյակներեդ, գըմբեթներեդ` որոնք օր
     Մ'ամպին մեջ` շանթն Էին մեջ բախտն հեգնելով`
     Ժամանակի բռունցքին դեմ
     Կ'ըլլային կումբ ձուլված փառքի հանքերեն,
     Զորանոցեդ, տաճարներեդ, այո՛, քու
     Հազարումեկ տաճարներեդ` որոնց մեջ,
     Դեպի հավատքն ուղղաբերձ
     Մինչ բազուկներ կը հոգնեին, կ'հեղգային
     Մինչ հին արյունն Արամյան
     Իր հեթանոս ռազմիկ թափեն կը սանձվեր,
     Եվ մինչ Հիսուսը կը ծըներ արցունքով
     Լաստիվերտցին և նենգ Հուդան` Կիրակոս,
     Այդ հազար մեկ տաճարներուդ մեջ կ'ըսեմ,
     Քանդակ քանդակ, զարդ առ զարդ,
     Արվեստ մը նոր, արվեստ մը հայ,
     Արվեստն աղջիկ Աստուծո, քույր Բընության,
     Արվեստը հարս Տիեզերքին,
     Ժող'վուրդներու և Ազգերու վախճանած
     Տապանագիրն ու շիրմապսակն այդ վերջին
     Իբր աղավնի մ'ոսկեդըրվագ ուրագով
     Քանդակված` այդ գըմբեթներուդ ներքև սուրբ,
     Բատուցներուդ, խոյակներուդ, մույթերուդ
     Մեջեն լըռիկ, գըլուխը դուրս կարկառած`
     Դեպի երկինք, աղվոր, վեհ,
     Թռիչները լա՜յն կը պարզեր...
     Հիմա, ավա՜ղ, ատոնցմե,
     Այդ բյուրավորճաճանչներեդ, ո՛վ Անի,
     Ըսե՛, ըսե՛, ի՞նչ մընաց...
    
     Ե
    
     Կը պատե շուրջը լըռություն: Լայնարձակ
     Դաշտին վըրա, լուսնակի քա՛ղցր շողով
     Ավերակները կ'ողողվին: Հեռուեն
     Միջոցին մեջ աստղալից
     Լոկ կը լըսվի սույլն հովերուն ճամբորդող:
    
     Անի հավե՜տ կը լըռե...
    
     Ոտքըս փըլած քարի մը վրա կը դընեմ,
     Եվ ուրիշի մ'հետո, հետո ուրիշի
     Մ'ու կ'ելլեմ դե՛պի կիսաքանդ պարըսպին.
     Ծերպերն որմին, ժամանակի վերքեր, ինձ
     Սանդուխ կ'ըլլան. քայլափոխես փըխըրված
     Կը թավալին կոշկոռներ,
     Եվ մատերուս տակ ճանկող`
     Բաղեղներեն, մորմերեն
     Քընաթաթախ մողեզներ վար կը թափին:
     Ու ես կ'ելլեմ. հոգիս խոր
     Արբշըռության մ'ուժին տակ
     Զիս աստղերուն կը քաշե.
     Կը շուլլըվիմ, կը մագլիմ.
     Կայծքարերուն դեմ կուրծքըս մերկ կ'արյունի,
     Կը մնա մաս մ'ըզգեստես
     Վարը փուշի մը ճանկին մեջ ավազակ.
     Բայց ես կամշոտ, որսին դիմող վագրի պես,
     – Եթե ազատ բարձրությունն որսն է հոգվույն –
     Կուռ ու տենդոտ խոյանքով,
     Մութն ու փլատակն ոտքերես վար թոթափած,
     Նախնիներուս բյուր գանկերուն վըրա գոս
     Հուսկ ոստումով մը խըրոխտ
     Պարիսպներուն հառաչակուլ կը կանգնիմ...
    
     Զ
    
     Ո՜վ բնազդական դու վերելք,
     Ո՜վ խոյացման գինովություն` նույնիսկ սև
     Դամբանի վրա կամ ոսկրի,
     Ո՜վ վեհ բարձունք` որ կը գըգվես ճիղմ հոգիս
     Զիս ընելով աճյունին վրա պապերուս
     Բողբոջ մ'որ դեռ կը զարդարե կոճղը հին.
     Ո՜վ բարձրություն թովչական`
     Որ կապույտին և խավարին մեջտեղ զիս
     Մըտածումի լազվարթ լարով կ'առկախես.
     Կու տաս անցուկ մխիթարությունը սըրտիս`
     Որ վարն ոտքիս տակ գըտնեմ
     Անիի մեջ ցոլքն երկընքի մեծության,
     Ըզգամ թե մեր շիրմին վրա
     Մոլորակները դեռ զիրենք կը գըծեն,
     Թե խավարն այս` է Խորհուրդին դեմքը վեհ,
     Փլատակը` մե՛ղքն Հավերժին.
     Անվո փոշին հարդգողն, և կամ աս շըրջմոլ
     Փոսուռան աստղ մ'է չըքնաղ.
     Սա գանկը հոս լուսին մըն է, ես` Աստված...
     Ըլլալ Աստվա՜ծ, ո՛վ հեգնություն, այս ըլլալ
     Է միմիայն ծաղրանըկարն Աստուծո,
     Քանի որ մեր հոգին հարճն է Բընության,
     Եվ սոսկ անոր տաք ծոցին մեջ` բեղնավո՛ր,
     Չունենալով նույն ինք իրե՛ն սեփական
     Հայրենիքի այս Ոչընչին, բոհին դեմ`
     Իբր առաջին սերմընցու
     Խո՜սք մ'որ ստեղծե, ներդաշնակե, պոռթկալով
     Փոշիներեն Անիի
     Քանան մը նո՜ր և ազա՜տ:
    
     Է
    
     Ի՜նչ, ունենալ աչքի ներքև դիակներ`
     Որ եղած են ատենով
     Արյանդ արյուն, սերմիդ սերմ
     Եվ, ո՛հ, առանց հարուցանել գիտնալու`
     Այսպես դիտե՜լ ծալապատիկ թևերով,
     Ի՜նչ, տեսնել որ խըխունջ մ'այսօր կը չափե
     Հըսկա շենքերն այն` երկու թել լորձունքով,
     Եվ խորանի խորշին մեջ լոկ կ'ապրի
     Բուն, սևազգեստ ճըգնավոր,
     Տեսնել, որ լուռ կը փըտին
     Ավերներու տակ հերոսի բազուկներ,
     Գանկեր, սըրտեր` որոնց արյունը եղավ
     Թույն` իժերուն, ա՛յնչափ որ լի էր ոխով.
     Տեսնել որ փլած պատվարներու, դըղյակի
     Ճեղքերուն մեջ կը մեռնի
     Շող մ'արևու, Անուն մը հին, Ազգ մը մեծ,
     Եվ գահերու բեկորներուն վրա թափուր
     Արծիվն ամպեն կը ծըրտե՜...
     Ի՜նչ, մինչդեռ վարը, անդին,
     Այս ջընջումին հավասար
     Կը ջընջըվին, կ'այլասերին հոգիներ
     Խեղդըվելով նույնիսկ իրե՛նց արյան մեջ,
     Կամ մալ ու կուրտ եզի պես
     Ժուժով մը վատ, յուրաքանչյուրհարվածի
     Ներքև ջըլատ կ'ըսեն. – Լըծե՛: – Ո՛հ, ի՜նչ, ի՜նչ,
     Առջևը այս ամենուն,
     Շուրջիս այս մութ ծըփանքին մեջ դիերու,
     Ոսկըրներու, նըշխարներու, արյունի,
     Մընալ կանգուն, մինավորիկ, անկարո՜ղ,
     Եվ չը կըրնալ այս թոհբոհեն հանել դուրս
     Վերածընո՜ւնդ, վերածընո՜ւնդ մ'արփագեղ...
    
     Ո՛վ այպանք, ո՛վ նախատիք,
     Ուրեմն ինչո՞ւ ապրիլ, ինչո՞ւ ընդունայն
     Հայրենիքի անունն ասա՛նկ մըռընչել,
     Երբոր Ողջերը թըմրած
     Քեզ չե՛ն ուզեր լըսել, ոստնուլ չե՛ն ուզեր,
     Եվ ռազմերգեդ` ահաբեկ`
     Ականջներնին ծոցերնուն մեջ ղողած
     Երբ գըլխուդ շա՛նթ կը մաղթեն,
     Ուրեմն ինչո՞ւ, ինչո՞ւ ապրիլ...
    
     Ը
    
     Վարը, հոս,
     Օձ մը հըսկա` գըլուխը փոսեն տընկած դուրս`
     Լուսնի շողով կը նայի ինձ. օ՛ն, եկուր.
     Դու, որ ունիս այդ աչքերուդ մեջ կանանչ
     Մահվան անուշ մխիթարությունն. օ՛ն, եկուր.
     Կըրունկս քուկդ է. քուկըս տաք
     Երակներս այս. խա՛ծ ու խայթե. թող տապալ
     Գըլորիմ վար, Ախուրյանի ողբին մեջ,
     Եվ վարը այն որձաքարին վըրա սև
     Ջախեմ գլուխս, ու իմ խեղճ
     Հայրենիքիս փոշիներուն վըրա սա`
     Ըղեղիս խյուսը փըռեմ...

5. ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ

Սովամահ ժողովուրդին
    
     – "Սովէ. հա՜ց, հա՜ց..." –
     Ո՞վ կ'հեծե
     Շեմին վըրա խըրճիթիս ո՞վ կը հեծե:
     Սերըս մարած է օճախիս բոցին հետ.
     Մեջս է մոխիր, շուրջըս մոխիր. օ՛հ, ի՜նչ շահ
     Մոխիրներու վըրա արցունք սերմանել:
     Բան մը չունիմ, բա՜ն մը. այսօր իմ վերջին
     Լումայով թույն գընեցի,
     Ներսը թույնս իմ կը շաղվեմ:
     Վա՛ղը եկուր գերեզմնոց, ո՛վ Անոթի,
     Բուքին մեջե, կանուխ, երբոր գյուղին շուրջ
     Գայլերը դեռ կը հածին,
     Վա՛ղը եկուր… պիտի ես
     Շիրմիս մեջեն, իբրև հաց
     Քերթողի սիրտս այդ մախաղիդ մեջ ձըգեմ.
     Քերթողի սիրտս արյունդ, արյունն որբերուդ
     Պիտի ըլլա ո՛րքան որ Վիշտըդ ապրի…
     Վաղը եկուր գերեզմնոց, ո՛վ Անոթի:
    
    

6. ՄԱՐԱԾ ՕՃԱԽԸ

Այս տունին մեջ` որուն շեմին վայրահակ
     Այսօր կու լա ուռենին,
     Եռաց զըվարթ կյանք մը թորգոմ գեղջուկի:
     Ատեն մ'եղան հոն թարմ հարսեր` որ լույսին
     Հետ արթընցած, վարդենիի պես հագված`
     Աշխատեցան, կաթ կըրեցին սափորով,
     Կամ դույլերով հորը ջուրի գընացին:
     Ատեն մ'անոր դըրան առջև նըստեցավ
     Ծերուկն, և թո՛ռը ծունկերուն մեջ առած,
     Պատմեց զըրույցն Արտավազդի, Վահագնի,
     Անոր հոգվույն տեղալով
     Վերջին ազնիվ մնացորդը խոնջ օրերուն.
     Կամ` իրիկվան` տեսավ անցնիլն առջևեն
     Հարուստ հոտին` զոր իր որդին լեռնեն վար
     Դեպի փարախ կը քըշեր.
     Եվ ծեր ռունգերը բացած
     Ոչխարներուն բուրդին բարկ հոտը ծըծեց`
     Օրհնելով թիվն ու ընտիր ցեղը անոնց:
     Ատե՜ն մ'էր ան…
    
     Այսօր ոչ ոք այդ տունեն
     Կ'ելլե կամ ոտքն անոր շեմին կը դընե:
     Կոտրած դըրան արյան չորցած կաթիլներ,
     Ներսեն ձայներ ագռավի,
     Եվ հարատև մլավյուններ
     Կը լեցընեն գեղջուկին սիրտը դողով,
     Որ անցնելու վայրկենին այդ փողոցեն
     Խաչ կը հանե կամ քայլերն իր կ'երագե:
     Կոտորածի օրեն (երբ գյուղը բոլոր`
     Կյանքն հանձնելով նենգ գայլին քա՛ն թե մարդուն`
     Դիմեց դեպի ճերմակ լեռներն հայրենի)
     Այս բնակարանն այս սև խորհուրդն է հագած,
     Եվ մեռելի մ'անփակ աչքին հանգունակ
     Ան` արևուն և կյանքին
     Եղած է միշտ բաց, նաև միշտ ալ զրկված:
     Ըմբոստ բաղեղն և ուռենին հեզանազ
     Կը ծածկեն մուտքն անոր զիրար գըրկելով:
     Գավիթին մեջ կա բողբոջումը լըռիկ
     Բաղըրջուկին և թավշանման մամուռին,
     Որոնց մեջ մերթ կ'երևի
     Կըտցահարումն աներկյուղ
     Վառյակներուն դըրացի, մե՛րթ ալ հանկարծ
     Փախուստն անոնց կարկաչելով դեպի դուրս:
     Ի՞նչ կ'ապրի հոն, ի՞նչ գաղտնիք
     Կը մեծնա այդ բնակարանին մեջ խոժոռ.
     Արդյո՞ք անթաղ դիակներու ոգիներ
     Հոն կը ժողվին լալու կամ դափ զարնելու,
     Թե վըհուկներ ճերմակ և թավ հոնքերով
     Օձ կը կըրթեն կամ կը հյուսեն պատանքներ:
     Իրիկուն մ'էր – լավ կը հիշեմ – սիրտ ըրի
     Այդ շեմեն ներս մըտնելու:
     Գյուղացիները ետևես, գըլխաբաց,
     Աղոթեցին հուսակտուր, ա՜յնքան Աստված,
     Անոնց հոգվույն մեջ և հոգվույն ի խընդիր,
     Սատանային սև պատկերն իր պատկերեն
     Մեծ և որոշ էր գըծած:
     Մըթընշաղ մ'այն գավիթին մեջ կը տիրեր,
     Եվ պատերեն` ուր կը շըրջեր ցողկը մերթ`
     Բորբոսանքի և շիրմի հոտ մը կ'ելլար.
     Կը լըսվեին գերաններուն ծերպերեն
     Ճիչերը սև չըղջիկներուն սըրաթև.
     Բոլոր դըռներն հոն բաց էին. չէր լըսվեր
     Հավանոցեն կամ գոմեն
     Ո՛չ եզներու բարի պոչյունն, և ո՛չ իսկ
     Բեղուն կըրկռոց մը հավի.
     Ամբողջ մարագը դատարկ էր, դատարկ էր
     Մառանը բաց` ուր բուրեցին օր մը մուշկ
     Սաթ ողկույզներն հայրենական այգիին:
     Այնտեղ ամեն ինչ տըխուր,
     Հեգ մնացորդ մ'էր կողոպուտի մը վայրագ:
     Ո՛չ մեկ սյունի, ո՛չ մեկ անկյան մը ետև
     Կը տեսնըվեր մարդկային ձև, կամ ապրող
     Շողյուն մը զույգ բիբերու:
     Կը լըսվեին ձայները լոկ հարատև
     Թոնրատունեն` ուր սարսուռով մոտեցա,
     Ու մըտա ներս... Ո՜վ խեղճ տուն,
     Լավ էր դու բանտ կամ գերեզման ըլլայիր,
     Այդ հողդ ոսկոր փըտեցըներ. սյուներուդ
     Մեջ դագաղներ փորեին.
     Լավ էր ըզքեզ հորինող մեն մի կրաքար
     Ծովափներուն փոշի փոշի քայքայվեր,
     Քան թե կանանչ երդիքիդ տակ ծածկեիր
     Մարած օճախ, մեռած սիրտ հայ գեղջուկի`
     Որուն համար կանգնելը հարկ չէ այլ ինչ
     Բայց թե դամբանն իր և իր հեգ սերունդին.
     Ավա՜ղ, շինել իր ձեռքերով... Մըտա, հոն:
    
     Մեջտեղը տան, ըստվերին տակ այն խոնավ
     Նըշմարեցի մարդու դիակ մը պառկած, ,
     Կըռնակի վրա, դեմքը ճերմակ կը հառեր
     Լուսամուտին` ուրկե` երդին վրա բուսած
     Ճյուղ մ'ոլոռի կարկառուն
     Մինչև ճակտին կը հասներ.
     Երիտասարդ կուրծքին վրա
     Կար վերք մը խոր, և թերաքամ ափին մեջ
     Դաշույն մը նույն իր արյունեն ժանգոտած.
     Աչքերը, բաց, միապաղաղ, կարծես դեռ
     Կը նայեին փախած հոգվույն ետևեն.
     Եվ թուխ մազերն իր խառնակ,
     Արյութաթախ, շըրջասփյուռ,
     Կը մնային պի՛նդ մածանված այն սև գետնին:
    
     Ես հոն կանգուն կը խորհիմ`
     Թե սյունն էր ինք այս հարկին, բո՛ցն օճախին,
     Որ հաղթվեցավ, որ բիրտ ուժին տակ տեսավ
     Ծալլըվումն իր գուճերուն.
     Եվ մընաց ա՛յսպես ահավոր և մինակ`
     Ըսպասելով ընդունա՜յն
     Իրեններուն արցունքին,
     Որոնք իր սև բախտին եղան բախտակից.
     Մորթըվեցան այրերն, հարսերը բոլոր
     Հանվեցան լեռն` հոն լալու
     Ճերմակությունն իրենց մարմնույն լըլկըված.
     Իսկ ծերուկ հոր հետին մոխիրն արդ գուցե
     Թոնիրին մեջ դեռ կը սըրսփա ջերմաջերմ.
     Իսկ իր մարմինն երկա՜ր ատեն անտերունջ,
     Այսպես առանց շիրմի, առանց աղոթքի,
     Կը մընա լուռ, և կեսն արդեն խաթարված.
     Միայն կատուն տիրասեր,
     Տան գորշ կատուն, նիհար, նոթի, անդադար
     Կը մըլավե շուրջն անոր,
     Եվ լի գութվ մը կը սպառնա, կը վանե
     Չորս դին երամ մ'ագռավներու աղմըկոտ`
     Որ դիակին ախորժեն`
     Լուսամուտեն կը մըտնե ներս, ու հավետ
     Ամայի տան ըստվերին մեջ կը դառնան:
    
     Կը խոնարհիմ ես վայրկյան մ'հոն երկյուղած,
     Հին վըրեժ մ'այդ հին մեռելին վրա կ'երդնում.
     Հետո առած զայն ուսիս,
     Աղիողորմ մլավյուններովը կատվին,
     Կը ճեպեմ դուրս:
    
     Դուրսը դեռ
     Գյուղացիները գըլխաբաց կ'աղոթեն:
    
    
     ԹԻԱՊԱՐՏՆԵՐԸ

Պատերազմ է հըռչակված: Թընդանոթի մը պողպատ
     Ծանըր սայլին լըծեր են թիապարտներ մերկիրան.
     Անհեթեթ բեռը պետք է մինչև գագաթը տանին
     Սա դիմացի խրոխտ լերան` որ իր գլուխն է մըխըրճեր
     Կապույտին մեջ արևոտ` իբրև հալած կապարի:
     Անկե ո՛չ ես, ո՛չ գոմեշ ելավ, և ո՛չ ալ ջորին.
     Սեպերեն վար սահեցան պճեղներն անոնց կըրկաճիղ.
     Ծալլըվեցան ուժասպառ և դողահար ծունկերնին,
     Կամ թե երբուծը անոնց հանկարծակի պայթեցավ
     Բուռըն հևքեն զըսպըված թոքրենուն մե տապահեղձ:
     Եվ արդ մընաց կըրելու հերոսներո՛ւն մըկնագեղ
     Բեռը ձուլված արյունով, բեռը մահվամբ ծանրակիր:
     Ետևեն բիրտ զինվորներ կը մըտրակեն անխընա
     Թիապարտները բոպիկ, մերկ կըռնակով, գըլխեբաց,
     Որոնց մարմինն` որ ուներ անբըծություն մարմարի,
     Այսօր թուխ է իբրև պղինձ քուրա մը միշտ հըրամերձ:
     Կը տոչորե անդադար սևցած հըզոր ծոծրակնին
     Ամրան արևն ու հանկարծ կը կեցընե, կը խըմե
     Քըրտինքի շիթ մը մարգրիտ` ողնաշարնեն վար սահող…
     Վե՜ր, վե՜ր. Փոկերը ճարպոտ դժնե հարված մըտրակին
     Կը շառաչեն կըռնակնունյ, մեջքերնուն շուրջ կ'ոլորտին,
     Եվ ուսերնեն վար մինչև պորտերն անոնց սողալով`
     Կը գալարվին լըզվըռտվող օձերու պես քըստմնելի.
     Եվ թողված հետքը կապույտ, կաղապարով խոտորնակ,
     Կամաց կամաց կը սկըսի սրյան ծիլեր դուրս բըխել:
     Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Ու պարանը անճոռնի, հաստաբեստ,
     Մարմինն իրենց կը պըրկե, միսերնուն մեջ կը թաղվի.
     Նյարդերու բեկտումին, ոսկորներու փըշըրման
     Աղաղակն է` որ կարծես իրենց ճիգեն կը լըսվի:
     Դեմքերուն վրա՛ թափված են խառնափընթոր մազերնին`
     Որոնց ծայրեն կը թորի առատ քըրտինք մ'հողին վրա:
     Շունչերնին դուրս կը պոռթկա ընդհատ ընդհատ ռունգերնեն`
     Եվ միացած կուռ սայլին երկրասասան դըղըրդյունին
     Վայրենի նըվագը կ'ըլլա աշխատանքին այդ դաժան:
     Ահավասիկ կը կաթի խարազանված ուսերնեն
     Արյունն արդար, սուրբ գինին մարտիրոսված այդ Ուժին,
     Որով խըխում` կ'արբենա ամուլ լերան ճերմակ հողն
     Ուրտեղ նույնիսկ չի գըտներգաղտնամես օձը սընունդ:
     Ո՛չ ալ կյանքն իր բաշխելու համար արևն հունտ մը էգ:
     Այդ կատաղի վերելքեն` անոնց ոտքի տակ լայնշի
     Հանկարծակի կը փըրթին լայնաձեռեկ ճեղքվածքով
     Ժայռեն մեծղի կըտորներ. և ձորին մեջ թավալող
     Պայծառահունչ կրանիդի յուրաքանչյուր կոշտ հարված
     Ներբաններուն վիրավոր վարդագույն դրո՛շմը ունի:
     Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Այդ մահվամբ հըղի հրանոթն ուռնակուռ
     Միջօրեի անողորմ ամառնաբորբ տոթին տակ
     Ճաթելու չափ տաքցած է, շիկնալու չափ` հրազօծ.
     Երբ կ'ընկըղմի մերթ արևն երախին մեջ լայնաբաց`
     Ան վիշապի մ'աչքին պես կը ժայթքե թուխ փայլակներ:
     Մինչ խարազանն անընդհատ եղեռնաբար կը շաչե`
     Թիապարտները կարծես, գլուխնին հակած անմըռունչ
     Թանձր ու կախ հոնքերուն տակ մըտասույզ, ինքնամփոփ,
     Դեռ կը խորհին լեռներու իրենց ազատ կյանքին վրա,
     Ո՜հ, այն լայն կյանքն` ուրկե շեշտ կայծակներու պես անցան
     Մահ և փայլակ դրոշմելով ամեն հինցած շենքի վրա.
     Ամեն պայծառ կյա՜նքն` որ իրենց կամքին թռիչքովը միայն
     Գաղափարին աստղալից խորաններուն կը սուրար:
     Ո՛չ մեկ մտածում պահպանող, ո՛չ մեկ հեշտանք, ո՛չ մեկ կույս
     Կըրցավ վայրկյան մ'օդին մեջ բըռունցքն իրենց կեցընել,
     Որ շեշտակի թագերուն և գահերուն վրա կ'իջներ:
     Իրենց ճակտին շողացող երկնային մե՛ն մի ճաճանչ
     Սանձակոտոր եռանդի մը փոխվեցավ մրըրկահույզ.
     Իրենց մեջ ոսկր ու արյուն դարձավ ամեն գաղափար.
     Եվ այսպեսով մկանունքներուն ամեն մեկ բուռն հաղթանակ
     Մեկ հայակապ հաղթանակն էր մարդկային մեծ Մըտքին:
     Երբոր անոնք կ'անցնեին հորիզոնեն արփամուտ,
     Աշխարհ վախով և հույսով տեսավ կարմիր շուքն անոնց.
     Եվ արյունի մեջ մեռնող շողերուն տակ լըռավետ
     Իրենց զենքերը բահեր կը թըվեին` որոնցմով
     Խուզարկելու կ'երթային արշալույսներ նորանոր…
     Սակայն հի՞մա. Ա՜հ, հիմա բըռնադատված են քաշել
     Կույր հըրանոթն` որ պիտի վաղն արձակվի կույրերե:
     Պարանն` որ ձիգ կըռնակնեն կաշկանդումով մը կ'անցնի
     Կը պըղծի սուրբ ուսերնին` որոնք էին արժանի
     Լոկ փառքը կրել մազերնուն արփվույն շողով սանտըրված:
     Հոլա՛, վե՜ր, վե՜ր. Բայց ահա խրոխտ խոյանքով մը վերջին
     Թընդանո՜թն այն տըղըդեր լերան կատարն հանեցին
     Այն թընդանոթն` որուն շունչը պիտ' երթա լափլիզել
     Կատաղաշարժ բանակներ, կամ քաղաքներ մարմարե.
     Խաղաղ գյուղեր` որ ցանված բըլուրներուն լանջքին վրա`
     Արեգակին տակ կ'օծվին, կամ լուսնին տակ կ'աղոթեն:
     Թիապարտներն ավասիկ հառաչակուլ հևալով
     Լերան վըրա լուսողող կոթողվեցան գըլուխնին վեր.
     Իրենց աչքերն, որոնց մեջ արյուննին է խըռնըվեր.
     Արևուն տակ, պըղինձին մութ ու կարմին փայլին պես,
     Ըսկըսան շող մ'արձակել: Անոնք տեսան իրենց շուրջ
     Հորիզոններն` որոնց վըրա բերդեր էին կառուցված,
     Պատերազմի ճամբաներ` բանակներու իբր ուռկան,
     Եվ հասկըցան` որ աշխարհն իրենց թողած օրեն վեր
     Մընացեր է միշտ զառամ, միշտ մեղքին տակ կորակոր.
     Այն ատեն դող մը անցավ ոսկորներուն մեջ հոգնած.
     Սըրտերնուն մեջ հին մոլուցքն ու մըռընչյուններն արթընցան,
     Եվ զինվորները մինչդեռ կը սկըսեին վերստին
     Դառնակոշկոճ, արյունոտ կրունկներն անոնց շըղթայել,
     Անոնք իրենց չհասկըցված, հոգնությամբ լի հոգիով
     Երեք անգամ օրհնեցին լերան գագաթը հանած
     Ինքնափճացման կույր գործիք, թընդանո՛թն այն եղեռնի:
    
     ՎԱՂՎԱՆ ԲՈՂԲՈՋՆԵՐ


     Երբ արտին մեջ երգելով,
     Խաղա՛ղ հոգի, կ'աշխատեր,
     Ըսպաննեցին: Տարին եզները ջուխտակ:
     Վըկա չըկար: Պիտի վրեժն ո՞վ կըշռե. Դո՛ւ,
     Ո՛վ շանթ, անոնց ետևեն շուտ դու հասիր,
     Որ լերան վրա ամպամած
     Խոժոռադեմ կը հըսկես.
     Անշուշտ տեսար ամպի մը մութ բացվածքեն`
     Թե ինչպես վարը բըռնի,
     Յաթաղանին տակ սըրբազան բահն ինկավ,
     Եվ պոռթկաց խոնջ ճակատեն
     Արյունը տաք, վարդերուն պես հունիսի:
     Գայլի՜ եղեռն: Մըթընշաղին մեջ հիմակ
     Ակոսներուն վըրա լուռ
     Բըզիկ բըզիկ կը պառկի:
     Գյուղացիի խորշոմներուն մեջ աղվոր`
     Ուր արեգակն առողջ արյունն եռեփեց
     Քըրտինքը ա՛լ սառած է.
     Աշխատանքի քըրտինքը սուրբ ու բեղուն
     Որ մինչ այսօր, ինչպես արյունը, եղավ
     Մըկըրտությունն Արարատյան մշակներուն:
     Հերկե խոնջած բազուկներն ա՛լ անգործ են.
     Կուրծքը մըռայլ, թավամազ,
     Դեպի աստղերը, արձակ,
     Շեջ հրաբուխ մ'է որ կ'ուզե բոց երկընքեն
     Դեպ Անհունին սև սառնության ժայթքելու.
     Կողը տված է հողին
     Զոր մըշակեց ամրան դեղին հասկերուն
     Երազանքեն ժըպտելով:
     Շարժմամբ աճած, աղվոր, զորեղ իր մարմնեն
     Արյունը խուլ դըղըչյունով կը հոսի.
     – Կարմի՜ր հեղեղ, սըրտի խորեն վար իջած –
     Տափանն ու թին ներկելով
     Կ'երթա գուղձերն ողողել.
     Ակոսներուն մեջ զետեղել լիազոր
     Կարողություն մ'արեգակի, անձրևի.
     Թափանցել մութ ծոցն երկրին,
     Իբրև ըլլար մարգարեի մըտածում,
     Եվ հոն ճըռզած հունտերուն մեջ ներշընչել
     Ուռչում մ'ատոք և առույգ,
     Դարձընելով կյանք մ'իր առջի օրոցքին,
     Նոր ծաղկումի մը համար,
     Եվ հոն հը**** նախնիքներու փոշիին
     Թե – մինչ ե՞րբ իր արյամբ
     Հայ գյուղացին պիտի արտն իր ոռոգե:
    
     Կը լըռե շուրջն ամեն իր:
     Լուսնին լացող աչքերուն
     Ամպերը թուխ թաշկինակներ կը դառնան.
     Խավարն հոծ է, սև պատանք:
     Հեռուն կնոջ մ'հոգին տարտամ կասակծով
     Գիշերվան մեջ կը սպասե.
     Ջուխտ որդիներն ինկած ծունկին գըգվանուշ
     Հույսի մը մեջ վաղամահ, զերդ ծիածան,
     Հեծկըլտանքնին կը խեղդեն:
     ... Ահե՜ղ հանգիստ. դիակին քով արյունոտ
     Կյանք մը ծաղկի, աստղի առկայծ ճաճանչներ,
     Զույգ մը բիբեր, զույգ մ'հոգեվարք կայծոռիկ,
     Արտին մեջ շունչ մ'հովերու
     Մեռնող սուրբի մ'հուսկ սաղմոսին պես տըխուր,
     Խորշոմներուն և իր գեղջուկ լոիկին
     Ծալքերուն մեջ արևու
     Ջերմություն մ'հուր, երգ մը հովեն սորվեցված,
     Քըրտինքի շիթ մը սարսռուն,
     Հողի բույրեր, կըծու բույրեր ծոթրինի,
     Այլևս անդարձ, անվըրեժ, լուռ կը մեռնի՜ն...
     Ո՛չ, հանուն հայ մռունչներուն,
     Թափված արյունն անմեղին չի՛ մեռնիր. Ո՛չ...
     Վաղն հողը դուրս պիտ' պոռթկա
     Արևուն տակ հասկեր առլի, կյանք մը նոր,
     Նոր և հըսկա, հըսկայացած դիակով,
     Բողբոջ մ'առույգ, գեղեցիկ,
     Վաղն այս բարի արյունեն վեր պիտ' ելլեն
     Խառնըվելով ցորենին
     Նոր Սերունդի կարմիր կարմիր կակաչներ,
     Որոնց արմատը կը դըպչի, պայթման մոտ,
     Վարն հրաբուխի մ'ապագա…


    
    


    
    
    


    
    


    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10376 | 0 | 0
Facebook