Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փորձագետի աշխատանքն արդյունավետ լուծումներ առաջարկելու, զարգացման ուղիներ հուշելու ճանապարհ է. Նորա Գևորգյան

16:07, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2016 թ.
Փորձագետի աշխատանքն արդյունավետ լուծումներ առաջարկելու, զարգացման ուղիներ հուշելու ճանապարհ է. Նորա Գևորգյան

Փորձագետի աշխատանքի առանձնահատկությունների մասին ենք զրուցել ՈԱԱԿ փորձագետ, Հայ-Ռուսակական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Նորա Գևորգյանի հետ:
    

-Ո՞վ է փորձագետը:

-Եթե ավանդական ձևակերպումից ելնենք, փորձագետը որևէ ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետն է, որն ընդգրկվում է որևէ արտադրանքի կամ գործունեության համապատասխանությունը որոշակի ընդունված ստանդարտներին հավաստելու գործընթացում: Կարծում եմ` փորձագետի աշխատանքն ավելի շուտ արդյունավետ լուծումներ առաջարկելու, զարգացման ուղիներ հուշելու ճանապարհ է:
    

-Ձեր կարծիքով համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետը ինչո՞ւ պետք է ցանկանա դառնալ փորձագետ:

-Հատկապես ՀՀ համար, որն աշխարհաքաղաքական տեսակետից ոչ այնքան բարենպաստ դիրքում գտնվող, ներքին և արտաքին մարտահրավերներով լի երկիր է, զարգացման միակ ուղին կրթության ու հետազոտության խթանումն է: Կրթությունը մեր երկրի զարգացման հիմնաքարերից է, և դա է հիմնական պատճառը, որ այս ոլորտի մասնագետները, որոնք ունեն համապատասխան որակավորում և տիրապետում են փորձագիտական մեթոդաբանությանը, պետք է մասնակցեն կրթության որակի ապահովման գործընթացին:

Կա նաև անձնական գործոնը: Փորձագիտական աշխատանքը երկկողմանի գործընթաց է, դրա արդյունքում նաև բարձրացնում ես քո մասնագիտական պատրաստվածությունը` շփվելով ոլորտի հայաստանյան լավագույն մասնագետների, ինչպես նաև միջազգային փորձագետների հետ, ձեռք ես բերում շատ կարևոր փորձառություն կարիերայի հետագա զարգացման համար:
    

-Կհիշեք` ինչպե՞ս որոշեցիք ՈԱԱԿ փորձագետ դառնալ:

-Որպես ամերիկյան համալսարանների շրջանավարտների ասոցիացիայի անդամ, նամակով տեղեկացվել էի, որ ՈԱԱԿ-ը դասընթաց է իրականացնում` փորձագիտական բազան համալրելու նպատակով: Մի քանի դասընթացների մասնակցելուց հետո ընդգրկվեցի փորձագիտական խմբում: Եվ հիմա պետք է ասեմ, որ շատ գոհ եմ, որ ժամանակին նման որոշում կայացրեցի: Փորձագետ լինելն իմ կյանքում շրջադարձային էր, դրան մեծ հաջողություններ հետևեցին:
    

-Որպես մասնագետ` ի՞նչ է Ձեզ տվել փորձագետի աշխատանքը: Մանավանդ` ՈԱԱԿ փորձագետ դառնալուց առաջ նաև ամերիկյան և եվրոպական որոշակի փորձ ունեիք:

-Նահանգներում փորձ եմ ձեռք բերել ԱՄՆ Պետդեպարտամենտի Junior Faculty Development Program ծրագրի շրջանակներում: Այն երիտասարդ դասախոսներին ԱՄՆ բուհերում վերապատրաստվելու հնարավորություն էր տալիս: Ծրագրի շրջանակներում ծանոթացել եմ մասնագիտության կրթական ծրագրերի մշակման և կրթության որակի ապահովման ամերիկյան փորձին: Այնուհետև կրթությունս շարունակել եմ Հոլանդիայում` ստանալով Լայդենի համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում: Որից հետո դասավանդել և աշխատել եմ որպես գիտայցելու մի շարք եվրոպական բուհերում, ինչը հնարավորություն տվեց ծանոթանալ նաև կրթության որակի ապահովման եվրոպական փորձին:

Իսկ Հայաստանում որպես փորձագետ աշխատելն ինձ հնարավորություն տվեց ամերիկյան, եվրոպական ու հետխորհրդային կրթական համակարգերի միջև համեմատականներ անցկացնել և համապատասխան փորձ ձեռք բերել:

Մասնագիտական զարգացման առումով սա ինձ համար շատ լավ փորձառություն էր: Լինելով Սլավոնական համալսարանի դոցենտ` իմ հիմնական աշխատանքը կրթություն ապահովելն էր, փորձագետի աշխատանքը թույլ տվեց ընդլայնել իմ կարիերայի հնարավորությունները և ընդգրկվել կրթության ոլորտի քաղաքականության մշակման և զարգացման գործում:

Անշուշտ, փորձագետի աշխատանքն ինձ համար մեծ հնարավորություն էր ու քայլ առաջ: Մասնագիտական առումով ինձ համար նաև նոր հնարավորություններ բացվեցին. ընդգրկվեցի Ֆլեթչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում» ծրագրում:
    

-Իսկ փորձագետ դառնալն որևէ կերպ ազդե՞լ է Ձեր ու Ձեր գործընկերների հարաբերությունների վրա:

- Փորձագետ լինելը գործընկերների հետ հարաբերությունների վրա միայն դրական է ազդում, ավելի փորձառու, ավելի լայն մտահորիզոնով մասնագետ ես դառնում: Փորձագիտական գործունեության շնորհիվ նաև նոր կապեր ես ձեռք բերում, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական: Այնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս` եթե ունեք այդ կոմպետենցիան, անպայման միացեք թիմին:
    

-Եվ վերջին հարցը` Ձեր կարծիքով փորձագետի աշխատանքն ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի:

- Դրականները շատ են, առաջին հերթին շփումն է հմուտ մասնագետների, այդ թվում և միջազգային մասնագետների հետ, ծանոթանում ես կրթության որակի ապահովման խնդիրներին ներսից, հնարավոր լուծումներին, ավելի ճկուն և ավելի ստեղծագործ ես դառնում: Իսկ բացասական կողմ, անկեղծ, չեմ կարողանում մտաբերել:


    
     Փորձագետին ներկայացվող մասնագիտական պահանջների և փորձագետ դառնալու գործընթացի մասին` ՈԱԱԿ կայքի «Փորձագետներ» բաժնում
Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4087 | 0 | 0
Facebook