Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զրուցակցին ավելի լավ ճանաչելու և հասկանալու համար պետք է իմանալ նրա ձեռների ու հատկապես ձեռնաթաթերի «լեզուն»

22:29, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Զրուցակցին ավելի լավ ճանաչելու և հասկանալու համար պետք է իմանալ նրա ձեռների ու հատկապես ձեռնաթաթերի «լեզուն»

Իրանի երկայնքով թուլորեն «կախված» ձեռները մատնում են տվյալ անձնավորության կրավորականությունը (պասիվությունը), գործողությունների դիմելու պատրաստակամության բացակայությունը, կամքի պակասը:

Կրծքին խաչաձևած ձեռները պաշտպանական ռեակցիայի, որոշակի մեկուսացման ու սպասողական վիճակի դրսևորում է: Եթե մարդը ձեռները հետևն է տարել, կնշանակի նրա մեջ գործողության դիմելու պատրաստակամության լիակատար բացակայություն է ու նաև` երկչոտության ու իրեն դժվարին դրության մեջ զգալու արտահայտություն: Ձեռան ափը դեպի վեր դիրքը` բացատրելու, համոզելու, հանձնելու շարժում է: Եթե երկու ձեռը կամ ձեռներից մեկը գրպանում է, կնշանակի մարդը փորձում է թաքցնել իր դժվարին կացությունը, անվստահությունը, կնշանակի նա անկեղծ չէ: Եթե ձեռնաթաթը բռունցքված է, կնշանակի մարդը կենտրոնանում է, զսպում է հուզմունքը և ինքնահաստատման է ձգտում: Ձեռները շփելը նշանակում է, որ մարդուն հաճելի, սեփական անձը գոհացնող մտքեր են համակել: Եթե ձեռն ինչ-որ բան է վերցնում կամ մի որոշակի ուղղությամբ շարժում է կատարում, կնշանակի տվյալ անձն ագահ է ու նրա մեջ գերիշխողը նյութական շահն է:

Եթե մարդը ձեռներով ամբողջովին կամ մասամբ ծածկում է դեմքը, կնշանակի նա ցանկանում է զրուցակցից թաքցնել իր հոգեվիճակը, դա նաև նշանակում է, որ նա դժվարություններ ունի: Եթե մարդն ափով ճակատը սրբելու շարժում է անում, կնշանակի նա ուզում է իրենից հեռացնել վատ մտքերը կամ ուզում է կենտրոնանալ:

Եթե մարդը մի ափով մյուս ձեռքի երեսն է շոյում, կնշանակի տվյալ անձը մեղմ բնավորություն, բարյացկամ տրամադրվածություն ունի:

Եթե մարդու միայն ցուցամատն է ձգված, կնշանակի նա ներամփոփված է, բայց դրա պատճառն ուրիշները չեն: Եթե մարդը պարզած ցուցամատը տարել է դեպի շրթունքի անկյունը, կնշանակի նա ինքնավստահ չէ և օգնության փնտրտուքի մեջ է:

Եթե մատը բերանն է տարել, կնշանակի տվյալ անձը միամիտ է ու ցրված:

Եթե մատը հպել է աչքին կամ ականջին, կնշանակի անձը որոշակիորեն երկնչում է ու փախչելու ցանկությամբ է համակված:

Եթե ցուցամատի ու բթամատի ծայրերն իրար են հպված, իսկ մնացած մատերը, հատկապես ճկույթը, չռված են, կնշանակի մարդը չափազանց կենտրոնացած է` հատկապես մանրամասների վրա:

Եթե մարդու ձեռները գոտկատեղին են, կնշանակի նա իր «ես» -ը ընդգծելու, իր հաստատակամությունը, գերազանցությունը, քաջությունը միամտորեն կամ չարամտորեն շեշտելու կարիք ունի:

Ինչ-որ բանի (օրինակ` սեղանին, աթոռի թիկնակին և այլն) հենված ձեռները պահում են իրանի վերին հատվածը. դա նշանակում է, որ մարդը հոգևոր հենարանի կարիք ունի կամ էլ անվստահ է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3397 | 0 | 0
Facebook