«Ա» տառի ծնունդը բաց դասի տեսքով մատուցեց ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 1-ին դասարանի դասվար Գայանե Շանոյանը, ով առանձնակի նվիրումով էր պատրաստվել դասին: Դասն իր կառուցվածքով տարբերվում էր պարապած նախորդ դասերից, լի էր ծննդյան օրվան բնորոշ անակնկալներով, որոնք մատուցվում էին աշակերտներին առանձնակի սիրով ու ջերմությամբ: Աշակերտների ակտիվ մասնակցությունը՝ համեմված բանաստեղծություններով, երգով ու պարով, տրամաբանված խոսքը առհավատչյան էին դասվարի ամենօրյա պրպտուն աշխատանքի և անմնացորդ նվիրման: Անակնկալների շարքն ազդարարեց տեսահոլովակով Ա տառի մուտքը, այնուհետև արագիլը, վարագուրված հերոսները Ա տառի, այլմոլորակայինների այցելությունը դասարան տորթով, աշակերտների կրծքանշանները, իսկ ամենավերջում տնօրենի անակնկալը «ԵՐՋԱՆԻԿ ԵՆՔ, ՀՊԱՐՏ ԵՎ ԱՆՀՈԳ» խորագրով պաստառը՝ բոլոր աշակերտների լուսանկարներով: Աշակերտներից յուրաքանչյուրը մի շողն է արևի, ինչպես պաստառում էր պատկերված, որ ջերմացնում է և դպրոցը, և դասարանը, և յուրաքանչյուրն իր տունը: Ուրեմն այս Արևները թող միշտ ժպտան և լուսավորեն ամենուր...
Շնորհավոր ծնունդդ Ա տառ, շնորհավոր ծնունդդ առաջիններ...