Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Հավաստագրեր Արդարադատության ակադեմիայի դասավանդողներին

10:00, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Հավաստագրեր Արդարադատության ակադեմիայի դասավանդողներին

«Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում անցկացված վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած Արդարադատության ակադեմիայի 22 դասավանդողների հավաստագրեր հանձնվեցին:

Հոկտեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, հյուրեր:

Բանախոսներն իրենց ելույթներում մեծապես կարևորեցին Արդարադատության ակադեմիայի դերն ու հատկապես նման ծրագրերի իրականացումը, որի արդյունքում դասավանդողները խորը գիտելիքներ են ձեռք բերել միջազգային և ազգային չափանիշների վերաբերյալ, որոնք առնչվում են կյանքի իրավունքին, խոշտանգման և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքին, անձին ազատությունից զրկելուն և այդ հիմնարար ազատությունների դատավարական հարցերին: Վերապատրաստումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու դասավանդման այնպիսի գործիքների և մեթոդների հետ, որոնք էական նշանակություն ունեն մարդու իրավունքների ոլորտում բարձր որակի դասընթացներ ապահովելու համար: Բացի այդ՝ վերապատրաստումների շրջանակում մանրամասն քննարկվել են հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից մշակված 4 նոր դասընթացները, որոնք առաջիկայում ներառվելու են Ակադեմիայի ուսուցման ծրագրերում: Դրանք են՝ «Քրեական գործի քննության ընդհանուր մեթոդաբանությունը» , «Խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննությունը և կյանքի իրավունքին առնչվող գործերը» , «Խոցելի տուժողների/վկաների և կասկածյալների մասնակցությամբ գործերի քննությունը» , «Մինչդատական կալանքը և քրեական գործի քննության հարակից խնդիրները»: Առանձին ձեռնարկներով արդեն հրատարակվել են այդ դասընթացների նյութերը:

Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը փաստեց, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի այս փուլը հաջողությամբ հասավ իր ավարտին, և հույս հայտնեց, որ դասընթացների արդյունավետությունը զգալի կլինի մոտ ապագայում:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի համագործակցությունը, կարևորեց նոր մշակված դասընթացները և դասավանդողների խմբի ստեղծումը՝ ընդգծելով, որ Եվրոպայի խորհրդին անդամակցած և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ելույթում բարձր գնահատեց միջազգային առաջադեմ փորձի, ինչպես նաև Եվրոպական դատարանի սկզբունքների շարունակական ներդրումը ներպետական իրավակիրառ պրակտիկայում՝ կարևորելով հատկապես ընտրված թեմաների արդիականությունը: «Այս ոլորտում պատշաճ գիտելիքներ ձեռք բերելը, և որ ամենակարևորն է՝ պրակտիկան աշխատողներին փոխանցելը, կարծում եմ՝ չի ուշացնի այն արդյունքը, որին բոլորս սպասում ենք», -նշեց Արթուր Դավթյանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին գոհունակությամբ խոսեց ծրագրի շրջանակում կատարված աշխատանքի մասին՝ միաժամանակ հիշեցնելով վերջին տասը տարիների ընթացքում Եվրոպական միության կողմից Հայաստանի արդարադատության ոլորտին ցուցաբերվող հսկայական օժանդակության մասին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին ակադեմիայի կարողությունների զարգացմանն աջակցելու համար՝ իրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից մեծապես կարևորելով վերոնշյալ դասընթացների իրականացումը և դրա շրջանակում քննարկված առանցքային ուղղությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր խոսքում նշեց, որ շահագրգիռ է, որ ակադեմիայի՝ վատ վերաբերմունքի կանխարգելմանը նվիրված ցանկացած դասընթաց ունենա բարձր որակ և այդ ոլորտում դասավանդման արդյունավետությունը շարունակական բարձրանա:

Տեղեկացնենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության 2015-2017 թթ. ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
157 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ