Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՙԱջակցենք Սահմանամերձ բնակավայրերին՚ նախաձեռնությանը բաց նամակ է հղել մշակույթի նախարարին

Արթուր
Հեղինակ`
Արթուր
19:46, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
ՙԱջակցենք Սահմանամերձ բնակավայրերին՚ նախաձեռնությանը բաց նամակ է հղել մշակույթի նախարարին

Հարգելի´ պարոն նախարար, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ստեղծվել է 2014 թվականի հուլիսին մի խումբ մտահոգ երիտասարդների կողմից: Նախաձեռնության նպատակն է սահմանամերձ բնակավայրերի մշակութային, սպորտայի, կրթական դաշտի ակտիվացումը: Ստեղծման օրվանից նախաձեռնությունը բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել: Սահամանամերձ բնակավայրերում ապրողների համար ամիսը մեկ անգամ կազմակերպում ենք մշակութային տարբեր միջոցառումներ՝ թատրոն, կինոդիտում, ազգային պարերի բաց դասեր, համերգներ, սպորտլանդիա, էքսկուրսիաներ և այլն: Այդ ամենին զուգահեռ՝ վեր ենք հանում տարբեր խնդիրներ և ներկայացնում ենք համապատասխան պետական կառույցներն՝ փորձելով համատեղ լուծումներ տալ դրանց: Այս ամենը հնարավոր է լինում իրականացնել վերոնշյալ նախաձեռնության կազմակերպիչների ու աջակիցների հավաքագրած միջոցների շնորհիվ: Իրենց ներդրումն են ունենում նաև տարբեր մշակութային օջախներ՝ շատ դեպքերում սեփական միջոցներով մասնակցելով մեր կազմակերպած միջոցառումներին:

Ապրիլյան պատերազմական իրավիճակի թեժացման օրերին նախաձեռնել և իրականացրել ենք «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» ծրագիրը, որին մասնակցել են բազմաթիվ անհատներ թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից: Հետագայում նաև հավաքված գումարի սահմաններում գնել ենք տարբեր տեսակի գույք և այլ անհրաժեշտ իրեր առաջնագծի համար և դրանք հասցրել ենք դիրքեր:

Ողջյունելով Մշակույթի նախարարության նոր ծրագիրը՝ Երևանում հանգստյան օրերին մշակութային միջոցառումներ անցկացնելու հետ կապված, և կարևորելով մարզերի և հատկապես սահմանամերձ բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացման անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք, որ վերոնշյալ մշակութային միջոցառումները լինեն համակարգված, պարբերաբար և կրեն պետական հովանավորչություն: Այսինքն` Մշակույթի նախարարության հովանու ներքո Հայաստանի տարբեր մշակութային օջախներին՝ թատրոն, կինո, երգի-պարի խմբեր և այլն, տրամադրել համապատասխան միջոցներ՝ ճանապարհածախս, օրապահիկ` սահմանամերձ բնակավայրերում ներկայացումներ իրականացնելու համար: «Մշակույթը ևս սահման պահելու միջոց է» խորագրով այս ծրագիրը կարող է մեծ ազդեցություն ունենալ այդ բնակավայրերում ապրողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման վրա, ինչը մեծապես կնպաստի մեր սահմանների ամրապնդմանը, քանի որ արդյունքում նոր սերունդը՝ երեխաները և երիտասարդները, ավելի ամուր կկապվեն իրենց հող ու ջրին: Միջոցառումները կարող են լինել նաև կենտրոնացված: Օրինակ` ներկայացումը տեղի ունենա մեկ գյուղում, իսկ կողքի գյուղերից մարդկանց տեղափոխեն այդ գյուղ: Դա կնպաստի նաև իրար մոտ գյուղերում ապրողների միջև շփման մեծացմանը: Մեր գործունեության ընթացքում համոզվել ենք, որ հասարակ մարդկային շփումը ամենակարևոր գործոններից մեկն է, մանավանդ մշակութային հետաքրքիր միջավայրում: Կարծում ենք` սա շատ կարևոր գործ կլինի մեր երկրի մշակութային կյանքի, ոլորտի վերելքի համար:

Հարգանքներով՝ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն
     Աղբյուրը հղումով

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4084 | 0 | 0
Facebook