Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

«Պաշտոնը պատասխանատվություն է, այլ ոչ թե իրավունք ու վայելք»

09:42, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Պաշտոնը պատասխանատվություն է, այլ ոչ թե իրավունք ու վայելք»

«Հրապարակ» թերթի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ

-Պարոն Կարապետյան, Վանաձորում ավարտվեցին ավագանու ընտրությունները, իսկ վերջինիս կողմից քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ ցուցակի առաջին համարը՝ Մամիկոն Ասլանյանը: Մինչ ընտրությունները տարբեր խոսակցություններ կային, որ նրա թեկնածությունը առաջադրելու հարցում Դուք եք աջակցել: Սակայն ամբողջ ընտրությունների ընթացքում Դուք որևէ կերպ չարտահայտվեցիք:

-Ճիշտ եք նկատել, որ նախընտրական ողջ ընթացքում որևէ կերպ չեմ արտահայտվել, և դա մտածված քայլ է եղել: Այո, դրական վերաբերմունք ունեցել եմ, և Մամիկոն Ասլանյանի՝ որպես ցուցակի առաջին համարի թեկնածության առաջադրման փուլում իմ դիրքորոշումն այդպիսին է եղել: Սակայն ընտրական գործընթացի ժամանակ չեմ արտահայտվել մի պարզ պատճառով. հասարակությունն ինքը պետք է իր որոշումը կայացնի և հետագայում նաև պահանջի իր կողմից ընտրված համայնքի ղեկավարից: Անկախ նրանից, թե ես ինչ եմ մտածում, չպետք է խանգարել, որ մարդն իր կամքով, իր պատկերացումներով կատարի իր քվեարկությունը: Ուստի, կրկնում եմ, չնայած իմ դրական վերաբերմունքին, չեմ ցանկացել իմ կողմնակիցներին արհեստականորեն ուղղորդել:

-Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ, կարծում եմ, հետևել եք ընթացքին: Գո՞հ եք նախընտրական արշավից:

-Բնականաբար հետևել եմ և ափսոում եմ հատկապես երկու (եթե էլի դեպքեր եղել են, որոնց տեղյակ չեմ, ներողություն եմ խնդրում) միջադեպի առումով, երբ ուղղակի անթույլատրելի վերաբերմունք դրսևորվեց իմ կողմից շատ հարգված մարդկանց հանդեպ: Թե Վանաձորի Ավետարանական հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանի (ում ես համարում եմ լուսավոր ու մտավորական մարդ), թե գրող Սամվել Խալաթյանի ընտանիքի հետ կապված միջադեպերն ուղղակի անթույլատրելի և դատապարտելի են, և եթե ընտրական գործընթացներ չլինեին, գուցե ինքս ռեակցիա տայի: Իսկ մնացյալ առումներով, ընդհանուր առմամբ՝ գոհ եմ, քանի որ, չնայած մասնակի թերություններին, թե ՀՀԿ-ն, թե «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն, ՀՅԴ-ն բարեբախտաբար կեղտոտ տեխնոլոգիաներ չկիրառեցին: Ինքս իմ կողմից ուղղակի ամեն ինչ արել եմ, որպեզի առավելապես պահպանվեն քաղաքակիրթ ընտրարշավի կանոնները, և թույլ չտրվի ընտրարշավը տեղափոխել անձնական վիրավորանքների, անվանարկումների ու վարկաբեկումների դաշտ: Ցավոք, որոշ դեպքերում նույնը չես կարող ասել սոցիալական ցանցերում այդ ուժերի ֆեյքերի մասին, որոնք հաճախ դուրս էին գալիս թույլատրելիի բոլոր սահմաններից: Եվ երևի թե բոլոր քաղաքական ուժերը նաև այս դաշտի մասին պետք է լրջորեն մտածեն: Ի վերջո, ընտրություններով կյանքը չի ավարտվում, ընտրություններին հաջորդում են այլ օրեր, երբ միմյանց աչքերի մեջ պիտի նայենք:

-Իսկ ընտրությունների արդյունքից գո՞հ եք:

-Այստեղ արդեն իմ գոհ կամ դժգոհ լինելը ամենաէականը չէ: Կարևորը, որ ընտրողների քվեն ստացած քաղաքապետը կարողանա արդարացնել ընտրությունների արդյունքները: Իմ խորհուրդն է Վանաձորի նորընտիր քաղաքապետին՝ անձնական մոտեցումներն ու նկրտումները մի կողմ դնել և աշխատել մարդկանց համար, լինել բոլորի քաղաքապետը՝ անկախ նրանից, թե նրանք որ քաղաքական ուժին են ձայն տվել: Միշտ պետք է հիշել, որ պաշտոնը ժամանակավոր է, առաջնայինը պատիվն ու արժանապատվությունն են, նաև՝ կատարված աշխատանքը: Ես հասկանում եմ, որ համայնքային բյուջեի, նաև պետբյուջեից ստացվող միջոցների սղության պայմաններում լուրջ չէ շատ արագ ու կտրուկ փոփոխություններ ակնկալել, թեկուզ և լրացուցիչ ձայներ կորզելու համար քաղաքական ուժերը չարդարացված մեծ սպասելիքներ առաջացրեցին: Համայնքի բյուջետային մուտքերը տարեկան նույնիսկ 10 մլրդ դրամով ավելացնելու պարագայում տասը տարում հազիվ հնարավոր կլինի վերականգնել 1985 թվականի Վանաձորի բնակֆոնդը, վերականգնել բոլոր ճանապարհները: Իսկ ակնկալվող մուտքերը հողի հարկից, գույքահարկից կամ տեղական այլ տուրքերից, ինչպես նաև պետբյուջեից տրվող գումարները, բնականաբար, ներկայումս հեռու են նման թվեր ապահովելուց: Կարելի է և պետք է մտածել որոշակի վարկային ռեսուրսներ ներգրավելու մասին, թեկուզ դրանց սահմանագիծն էլ մեծ չէ և պետք է շատ զգույշ մոտենալ այդ հարցին: Սակայն վերոնշյալը հիմք չէ ձեռքերը ծալած նստելու: Առաջին հերթին ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման շնորհիվ հնարավոր է տեսանելի ու շոշափելի արդյունքներ արձանագրել: Մեր հասարակությունը բավական գիտակից է. եթե մարդիկ տեսնում են, որ ջանք է գործադրվում, սակայն հնարավորությունները չեն բավարարում, ընկալում են: Բայց եթե զգում են, որ հնարավորությունների սղության հետ նաև անսիրտ ու անարդար վերաբերմունք կա, հիասթափվում են: Կարծում եմ, հիասթափությունը հենց մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որը հանգեցնում է քաղաքական ուժերի նկատմամբ բացասական վերաբերմունքի, արտագաղթի և այլն: Իսկ նման մթնոլորտում նույնիսկ լավագույն ծրագրերը հնարավոր չէ կյանքի կոչել: Բոլորս շատ լավ գիտենք, որ մարդիկ սոցիալապես ծանր վիճակում են, սակայն այդ վիճակն առավել է խորանում, երբ առնչվում են տեղական մանր ու միջին չինովնիկների կողմից անարդարացի վերաբերմունքի: Նորընտիր քաղաքապետի առաջնային խնդիրը պետք է լինի հնարավորինս վերացնել չինովնիկական քաշքշուկները, անտարբերությունը մարդկանց խնդիրների նկատմամբ, անարդարությունը և համանման այլ խնդիրներ: Ես ծնունդով լոռեցի եմ և չեմ կարող, բնականաբար, անտարբեր մնալ մարզի որևէ բնակավայրին, որևէ քաղաքացուն առնչվող խնդիրներին: Պաշտոնը պատասխանատվություն է, այլ ոչ թե իրավունք ու վայելք: Ցավոք հենց այս հոգեբանության բացակայություն է հաճախ մեր «տունը քանդել»: Անթերի մարդ չկա, սակայն յուրաքանչյուրս մեր տեղում մեր պատասխանատվության չափը պիտի գիտակցենք: Միայն վերին էշելոններում ընթացք ստացած փոփոխություններով շատ բանի չենք հասնի: Փոփոխությունները պետք է սկսել ներքևից, և առաջին հերթին՝ հոգեբանության փոփոխությամբ, որ ոչ թե ամեն մի չինովնիկ մտածի, թե ինչպես այսօր մի բան գողանա, որ տուն տանի, այլ պատասխանատվություն զգա երկրի ոչ միայն այսօրվա, այլև վաղվա համար: Երկիրը մեկինը կամ երկուսինը չէ, այլ բոլորինս: Եվ եթե մասնավորաբար Մամիկոն Ասլանյանն ու իր թիմը աշխատեն վերը նշված խնդիրների ուղղությամբ, ապա կունենան իմ ամբողջական աջակցությունը: Հակառակ դեպքում, թեկուզ դարձյալ կլինի աջակցություն իմ կողմից, սակայն նաև կարժանանան սուր քննադատության: Իսկ աջակցություն միշտ կլինի, քանզի մենք մեր տարաբնույթ ծրագրերով ոչ թե այս կամ այն համայնքի ղեկավարին կամ պաշտոնյային ենք օգնում, այլ ժողովրդին, մեր հայրենակիցներին, մեր պետությանը:

-Պարոն Կարապետյան, իսկ այն ինչ կատարվեց ավագանու առաջին նիստում, երբ 13 (լավ, ՀՅԴ-ն էլ հետը՝ 15) մանդատ ունեցող թեկնածուն 19 քվեով ընտրվում է քաղաքապետ, նորմա՞լ եք համարում:

-Որքան էլ ես շահագրգիռ կողմ լինեմ, միևնույն է, զուտ քաղաքականության տեսակետից ցավում եմ կատարվածի համար: Ոչ թե նրա համար, որ ՀՀԿ թեկնածուն է ընտրվել, այլ նրա համար, թե ինչ կատարվեց իրականում: Եթե ընտրողների մոտ որպես ընդդիմադիրներ ներկայացած քաղաքական ուժերը համատեղ համաձայնագիր են ստորագրում, բնականաբար ենթադրելի է, որ պետք է պահպանեին իրենց իսկ կնքած համաձայնությունը: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Եվ առկա վիճակից առաջին հերթին եզրակացություններ պետք է անեն հենց այդ ուժերը, քանզի եթե մի լոկալ տարածքում երեք քաղաքական ուժեր չեն կարողանում գտնել 18 վստահելի, հավատարիմ մարդ, ապա դա ինքնին մտահոգիչ է հատկապես եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին, երբ պետք է կարողանան վերահսկել ընտրական գործընթացը: Ընդ որում, սա բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև հետագայի համար, քանի որ ցանկացած իշխանություն, երբ զգում է, որ կարող է իրեն ձեռնտու արդյունք ապահովել այս կամ այն ճանապարհով, ապա առավել հանգիստ է զգում իրեն: Իսկ դա անթույլատրելի է: Մյուս կողմից, գտնում եմ, որ արդարացված չէ բոյկոտելու քաղաքականությունը: Քաղաքը բազում խնդիրներ ունի և եթե ամիսներ շարունակ կաթվածահար արվի քաղաքապետարանի գործունեությունը, հազիվ թե հնարավոր լինի որևէ արդյունքի հասնել: Չէ որ վանաձորցին միայն ՀՀԿ-ին չէ ձայն տվել, այլ նաև նշյալ ուժերին: Իսկ ինչի՞ համար է քվե տվել ընտրողը, բոյկոտելո՞ւ: Ես ուզում եմ հավատալ, որ նշյալ ուժերի խնդիրը Վանաձորում դրականորեն ինչ-որ բան փոխելն է, այլ ոչ թե սոսկ պաշտոնը: Ինչ վերաբերում է վերոնշյալ չորս հոգուն «հայտնաբերելուն», ապա չեմ կարծում, թե դա է այսօր գերխնդիրը: Իրականում, իմ համոզմամբ, նույն այդ քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները և զսպող դեր ունենան տեղի իշխանությունների համար, որպեսզի համատեղ ջանքերով՝ թե համագործակցությամբ, թե քննադատությամբ հնարավոր լինի Վանաձորի ու վանաձորցիների համար դրական գործ անել: Ոչ ոք որևէ ուժի ինչ-որ բան սովորեցնելու կամ խրատելու իրավունք չունի, այդ թվում՝ ես: Ուղղակի առիթից օգտվելով ներկայացրեցի իմ տեսակետը: Իսկ թե որքանով դրանք հաշվի կառնվեն թե տեղական իշխանությունների, թե ընդդիմադիրների կողմից, ժամանակը ցույց կտա:

-Պարոն Կարապետյան, առիթից օգտվելով, առավել ևս, որ խոսեցիք վերին էշելոններում տեղի ունեցող փոփոխությունների մասին, կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքը այդ փոփոխությունների վերաբերյալ:

-Ես մեկ անգամ արդեն ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին:

Անի Առաքելյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
345 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ