Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Էրիվան» պարային համույթը հինգ տարեկան է

01:23, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
«Էրիվան» պարային համույթը հինգ տարեկան է
     Հոկտեմբերի 11-ին «Էրիվան» պարային համույթը նշեց իր կազմավորման հնգամյակը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լեփ-լեցուն դահլիճի բեմը զարդարում էին գունագեղ տարազներ հագած փոքրիկները: Նրանցից շատերն այսօր առաջին անգամ էին բեմում: Երիտասարդ պարուսույց Վարդան կարապետյանը, որը երկար տարիներ պարել է «Բերդ» պարային անսամբլում, հիշում է, թե ինչպես ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը մի անգամ առաջարկեց խումբ բացել, երեխաներին պար սովորեցնել: Մեկ ամիս անց Վարդանն արդեն սեփական խումբն ուներ: Սկզբում աշակերտները ութն էին, այնուհետև պարել ցանկացող փոքրիկների քանակը օրըստօրե շատացավ: ժողովրդական և ազգագրական պարերի ջատագով Վարդանը պատմեց, թե ինչպես Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցի տնօրենը, որը նախկինում հրաժարվել էր ուրիշներին դահլիճ տրամադրել լատինոամերիկյան պարերի ուսուցման համար, մեծ պատրաստակամությամբ այն տրամադրեց իրեն: Առաջին երեք տարիներին Վարդանն ու քույրը միասին էին դասավանդում` ընտանեկան ջերմ միջավայր ստեղծելով նաև աշխատավայրում:
     Հնգամյա պարային համույթը արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ փառատոնների` Գյումրիի «Վերածնունդ», «Պարատուն» և այլն:
     Հարցին, թե որ տարիքից երեխաները կարող են միանալ «Էրիվան» պարային համույթին, Վարդան Կարապետյանը պատասխանեց, որ սկզբում ընդունում էին յոթից մինչև տասնչորս տարեկան երեխաների, բայց քանի որ ծնողները շարունակ բերում էին իրենց չորս, հինգ տարեկան երեխաներին, ի վերջո, որոշվեց խումբ բացել նաև չորսից վեց տարեկան երեխաների համար: Փոքրիկների համար կազմվեց հատուկ ծրագիր, որպեսզի ավելի մեծ հետաքրքրությամբ հաճախեն դասերին:
     Երիտասարդ պարուսույցը կարևորում է մանկուց երեխաների մեջ ազգային մշակույթի հանդեպ սիրո սերմանումը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5288 | 0 | 0
Facebook