Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՇԱԲԱԹ

16:45, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՇԱԲԱԹ

2016թ. սեպտեմբերի 19-ից 23-ը կայացավ Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի հումանիտար մասնախմբի «Պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների առարկայական շաբաթը:

Շաբաթն սկսվեց բացման խոսքով, որը ներկայացրեց մասնախմբի նախագահ Ն. Վարդանյանը: Նա խոսեց այն մասին, որ ձևավորվել է II մասնաշենքի I հարկը: Ձևավորման ժամանակ հաշվի են առել Հայաստանի պատմական անցյալը, հայ ժողովրդի քրիստոնյա լինելը: Սեղանին դրված իրերից յուրաքանչյուրը՝ ձեռնաշեն փոքրիկ եկեղեցի, մարմարակերտ խաչքար, «Հայր մեր» աղոթք, սափորներ՝ հասկերով լցված, իր խորհուրդն ունի հայ ժողովրդի կյանքում:

Սեպտեմբերի 20-ին «Առաջավոր փորձի» դաս անցկացրեց հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Հ. Պոդոնյանը 8 Գ դասարանում: Դասի վերնագիրն էր «Խաչի չորս տոները»: Դրանք են «Սուրբ խաչի երևման տոնը», «Խաչի գյուտը», «Խաչվերացը» և «Վարագա սուրբ խաչի» տոնը: Աշակերտները խմբային աշխատանքի միջոցով ներկայացրին այդ 4 տոները, խոսեցին նրանցից յուրաքանչյուրի մասին, կարևորեցին խաչի՝ իբրև քրիստոնեական հավատքի խորհրդանիշի դերը, էությունը: Մինչ քրիստոնեությունը խաչը համարվում էր անիծված մահվան գործիք: Քրիստոնեության ընդունումը լիովին վերափոխեց նրա իմաստը:

Սեպտեմբերի 22-ին 9 Ա դասարանում անցկացվեց «Առաջավոր փորձի» դաս «Հայոց պատմություն» առարկայից, որը վարում էր հմուտ ուսուցիչ Վ. Անդրեասյանը:

Դասը նվիրված էր հասարակական գործիչ և գրող Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին:

Բաց դասի ընթացքում ուսուցիչը պատմեց Ա. Ահարոնյանի կյանքն ու կենսագրությունը, որից հետո ներկաները դիտեցին վավերագրական ֆիլմ՝ նվիրված նրան: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին Ա. Ահարոնյանի գրական ու քաղաքական գործունեությունը և ունկնդրեցին Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը: Ապա աշակերտներն ընթերցեցին Ա. Ահարոնյանի «Մենավոր ծառ» ստեղծագործոթյունից հատվածներ: Դասն ավարտվեց հաղթական ու ոգեշնչող «Գարահիսար լեռան կրծքին» երգով:

Սեպտեմբերի 23-ին անցկացվեց շարադրությունների մրցույթ «Որպես փյունիկ՝ կրակից կելնես» վերնագրով: Մրցույթին մասնակցում էին 5-9-րդ դասարանների աշակերտները: Շարադրությունները նվիրված էին կրակից կախարդական թռչունի՝ փյունիկի նման ելնող, վերածնվող ու ապրող հայ ժողովրդին: Հաղթող ճանաչվեց 9 Ա դասարանի աշակերտուհի Լուսինե Սանթոյանը:

Սեպտեմբերի 24-ին 7 Գ դասարանում «Առաջավոր փորձի» դաս անցկացրեց պատմության ուսուցչուհի Կ. Մարտիրոսյանը: Դասի թեման էր «Քրիստոնեական եկեղեցի»: Դասն անցկացվեց «Դասախոսություն» և «Զրույց», «Հարցուպատասխան» մեթոդների օգտագործումով: Ուսուցիչը պատմեց քրիստոնեության ընդունման մասին՝ կարևորելով այն փաստը, որ քրիստոնեությունը առաջինն ընդունել է հայ ժողովուրդը: Աշակերտները պատմեցին առաքյալների գործունեության մասին: Դասն էքսկուրս էր դեպի պատմության խորքերը և վերադարձ դեպի մեր օրերը:

Սեպտեմբերի 25-ին մասնախմբի նիստի ժամանակ պլանով նախատեսված զեկուցում կարդաց պատմության ուսուցչուհի Է. Անտոնյանը: Զեկուցման վերնագիրը «Անկախություն» էր: Այն նվիրված էր այնքան դժվար ձեռք բերած անկախությանը և դրա արժևորմանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4746 | 0 | 0
Facebook