Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Կարգալուծութեան քաղցկեղը Հայ եկեղեցում

14:36, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Կարգալուծութեան քաղցկեղը Հայ եկեղեցում

Վերջին տարիներին, ի թիւս եկեղեցական մի շարք հարցերի, սեղանի վրայ է դրուած, այսպէս կոչուած, «կարգալուծութեան» աննորմալ երեւոյթը, որ համաճարակի պէս հնձում է եկեղեցական անդաստանը: Սրանից առաջ մենք մամուլի հրապարակումներով անդրադար­ձել էինք այս խնդրին, մանաւանդ նրա լեզուական սխալ կիրառութեանն ու աստուածաբանական թիւր ըմբռնմանը, որոնք և ամփոփեցինք « «Կարգալուծութեան հերետիկոսութիւնը Հայ եկեղեցում» » յօդուածում: Արդէն սառոյցը բաւական կոտրուել է, եւ փոքր-ինչ յաջողեցինք եկեղեցական դասին հասկացնել, որ աստուածաշնչական ընկալմամբ` քահանայութիւնը մշտնջենաւոր է` ըստ Մելքիսեդեկի կարգի, ուստի քահանան յաւիտեան քահանայ է, եթէ ունի վաւերական ձեռնադրութիւն` առաքելական յաջորդակա­նու­­թեամբ եպիսկոպոսից իրեն փոխանցուած:

Դժբախտաբար, այս ուղղադաւան մօտեցումը, որը կիսում են Հայ եկեղեցու մեծ թուով եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ և սարկաւագներ, յամառօրէն մերժում է եկեղեցու պետը, ով միմիայն իր անձի մէջ է տեսնում Հայ եկեղեցու ողջ հաւատքը, վարդապետութիւնը, կարգաւորութիւնը, օրէնքը... Վկան «հայրապետական տնօրինութիւն­ներ» յորջորջուող տխրա­հռչակ գրութիւնները, որոնցով անհիմն կերպով եւ առանց կանոնական պատճառների, քմահաճօրէն, «կարգալոյծ» են հռչակւում այս կամ այն եկեղեցական­նե­րը` «դասուելով աշխարհականների շարքը»: Սա նշանակում է, որ Հայ եկեղեցու վերին իշխանութիւնը չի հաւատում քահանութեան մշտնջենաւորութեանը, ինչը սուրբգրային ճշմարտութիւն է, այլ դաւանում է, թէ քահանայութիւնը վարչական պաշտօն է, որից անձին կարելի է զրկել ցանկացած պահին եւ ամէն մի չնչին պատրուակով, անձնական հակակրանքով ու վրէժխնդրութեան ոգով: Քանի որ եկեղեցական նոյն այդ բարձրագոյն իշխանութիւնը կարծում է, թէ կաթողիկոսն ամբողջովին իրաւասու է Հայ եկեղեցուն վերաբերող իւրաքանչիւր հարց ինքնուրոյնաբար քննել, վճռել եւ տնօրինել` այսկերպ կամայ թէ ակամայ Հայ եկեղեցին հռչակելով միապետական, ինչը բոլորովին հակառակ է առաքելական աւանդութեանն ու ուղղափառ հասկացողութեանը:

Դեռեւս առաջին դարերից ի վեր եկեղեցական կարեւորագոյն հարցերը քննուել եւ բարի լուծում են ստացել եկեղեցական ժողովներով: Նմանատիպ առաջին ժողովը կարելի է համարել Երուսաղէմի առաքելական անդրանիկ ժողովը, որի մասին յիշատակւում է Գործք Առաքելոցի 15-րդ գլխի 1-21 համարներում: Յետագայ դարերում եւս եկեղեցական հարցերը քննութեան են դրուել տարբեր ժողովների օրակարգում, իսկ վարդապետական հարցերն իրենց վերջնական լուծումն են գտել տիեզերական ժողովներում: Այն մօտեցումն էր գերիշխում, որ մարդը միշտ սխալական է` ադամական մեղանչական բնութիւնը ժառանգելու պատճառով, ուստի մէկ անձին, անգամ` եկեղեցու գահակալին չի կարելի վստահել համաեկեղեցական նշանակութիւն ունեցող խնդիրների ինքնագլուխ լուծումը, որպէսզի եթէ նա յանկարծ սխալուի, իր սխալի պատճառով ողջ եկեղեցին չընկնի նոյն այդ սխալի մէջ, որը յղի է անդառնալի հետեւանքներով: Ուստի եկեղեցական կարեւոր հարցերի քննութիւնն ու լուծումը դրուեցին Եպիսկոպոսաց ժողովի կամ Սիւնհոդոսի (Սինոդ) վրայ, որն ըստ էութեան ներկայացնում է եկեղեցական բարձրագոյն օրէնսդիր իշխանութիւնը: Սակայն եթէ եպիսկոպոսները կամովին հրաժարւում են իրենց առաքելական իշխանութիւնից, ինչի արդիւնքում Եպիսկոպոսաց ժողովն ուզուրպացւում է, ապա ինքնաբերաբար եկեղեցական ողջ բարձրագոյն իշխանութիւնը կենտրոնանում եւ ամ­բող­ջա­նում է մեկ անձի` եկեղեցու պետի մէջ, ինչն էլ ծնում է եկեղեցական միապետու­թիւն:

Քրիստոնեական եկեղեցու հիմնարկութեան օրուանից երբեւէ չենք հանդիպում եկեղեցական միապետութեան գէթ մէկ օրինակի: Եկեղեցին չի կարող միապետական լինել, քանի որ եկեղեցու բարձրագոյն իշխանութիւնը ոչ թէ կաթողիկոսն է կամ պատրիարքը, այլ` Եպիսկոպոսաց ընդհանուր ժողովը: Այսպէս եղել է առաքելական ժամանակներում, այսպէս է նաեւ այսօր: Աւելին` եկեղեցու գլուխը ոչ թէ կաթողիկոսն է կամ պատրիարքը, այլ` Քրիստոս, եթէ հաւատում ենք, որ եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է` ըստ պօղոսեան աստուածաբանութեան: Եկեղեցու ներքին կեանքին վերաբերող ամէն ինչ նախ պէտք է քննութեան առնուի Սիւնհոդոսի կողմից, որի մասնակից եպիսկոպոսների մեծամասնութեան քուէով էլ տրուի համապատասխան հրահանգներ: Ապա այն պէտք է ներկայացուի կաթողիկոսին կամ պատրիարքին` առ ի վաւերացում եւ ի գործադրութիւն: Վերջինս եթէ լուրջ հակասութիւն նկատի եկեղեցու վարդապետութեան եւ աւանդութեան ու Եպիսկոպոսաց ժողովի վճռի միջեւ, ապա ի զօրու է բեկանել Եպիսկոպոսաց ժողովի տնօրինութիւնը: Նոյնկերպ, Սինոդն իրաւասու է ընդդիմանալ եւ անվաւեր հռչակել կաթողիկոսական որեւէ տնօրինութիւն, եթէ այն նկատում է հակականոնական եւ ուղղափառ վարդապետութեանն ու սրբազան աւանդութեանը հակառակ: Եպիսկոպոսաց ժողովն աւելի բարձր է, քան Գերագոյն հոգեւոր խորհուրդը, որն աւելի շատ վերածուել է կաթողիկոսի խորհրդակցական մարմնի, եթէ յատկապէս հաշուի առնենք այն հանգամանքը, որ նրա անդամները ոչ թէ ընտրուած են Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, ինչպէս պահանջում է եկեղեցական ընկալեալ աւանդութիւնը, այլ նշանակուած են կաթողիկոսի կողմից: Ուստի Գերագոյն հոգեւոր խորհրդի բոլոր որոշումները կարելի է համարել անվաւեր` ելնելով նրա կազմի չընտրուած, այլ նշանակուած անդամների առկա­յու­թեան փաստից:

Այս եւ մնացեալ նշանակումները խորթ են եկեղեցական իրականութեանը: Ինչպէս տեսնում ենք, կաթողիկոսը ինքնուրոյն կերպով իր ուզած եպիսկոպոսին այս կամ այն թեմի առաջնորդ է նշանակում, ինչպէս պարագան է հայաստանեան բոլոր թեմերի, իսկ բոլորովին վերջերս` նաեւ Մեծ Բրիտանիայի հայոց թեմի: Նոյնկերպ կաթողիկոսն իրեն համակիր անձանց նշանակում է Գերագոյն հոգեւոր խորհրդի, Կարգապահական յանձնախմբի անդամներ: Վերջինս գործում է 2011 թուականից, որն աւելի շուտ նման է ներկայացման, քան կարգապահական ժողովի, քանի որ չկայ որեւէ կանոնագիր, որի վրայ յենուի Կարգապահական յանձնախումբը` իր որոշումները կայացնելիս: Ամէն ինչ թողնուած է նրա անդամ մի քանի երիտասարդ եպիսկոպոսների քմահաճութիւններին, որոնք նախապէս տեղեակ են այս կամ այն եկեղեցականի վերաբերեալ կաթողիկոսի դիրքորոշմանը: Այս յանձնախումբը եւս անվաւեր է, քանի որ ընտրուած չէ Եպիսկոպոսաց ժողովի կողմից, ինչն աւելի շատ արհեստածին մի կառոյց է, փոխանակ ստեղծուէր եկեղե­ցա­կան անկախ դատական ատեան, որը պիտի զբաղուէր եկեղեցականների կարգապահա­կան հարցերով եւ պատժական տնօրինումներով` համաձայն Հայ եկեղեցու կանոնական իրաւունքի սկզբունք­նե­րի:

Հայ եկեղեցու ներկայիս պատկերը բոլորովին այլ է: Յամենայն դէպս այն չէ, ինչ մեզ ժառանգել են մեր Սուրբ Հայրերը: Այսօր մենք ունենք միահեծան եւ բռնապետական եկեղեցի, ինչը բացակայում է անգամ Կաթողիկէ եկեղեցում, որտեղ Պապը ոչ թէ եկեղեցու միապետն է, այլ` Հռոմի եպիսկոպոսը եւ առաջինը` հաւասարների մէջ: Սրբազան քահանայապետը միայն Վատիկան քաղաք-պետութեան միապետն է, որի անսխալականութիւնը տարածւում է բացառապէս «ex cathedra», այսինքն` «յաթոռոյ»: Սա նշանակում է, որ համաձայն կաթողիկէ ուսմունքի` Պապն անսխալական է վարդապետական հարցերում, երբ դրանք հռչակում է եկեղեցու բեմից, իսկ որպէս մարդ` նա նոյնպէս ժառանգել է ադամական մեղանչական բնութիւնը, հետեւաբար եւ` բոլոր մարդկանց պէս նա էլ է սխալական: Սակայն չշեղուելով բուն նիւթից` վերադառնանք խնդրոյ առարկայ կարգալուծութեան չսպիացող եւ անդարմանելի հիւանդութեանը, որ քաղցկե­ղի նման բոյն է դրել Հայ եկեղեցու սրտում եւ ներսից կրծում ու քանդում է եկեղեցին:

Կարգալուծութեան թեմային ժամանակին անդրադարձել են Սահակ եպիսկոպոս Մաշա­լեա­նը, Աբէլ քահանայ Մանուկեանը, Սահակ քահանայ Գալստեանը, Մարտիրոս քահանայ Բէրբէրեանը, Արմէն քահանայ Մելքոնեանը, Արամ դպիր Դիլանեանը, Ոսկան Մխիթարեանը եւ այլոք: Մեզ այս պահին առաւել հետաքրքրում է Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանի ուշագրաւ մէկ հարցազրոյցը, որ եթեր հեռարձակուեց օրեր առաջ «Ցայգ» հեռուստաընկերութեամբ: Այդ հարցազրոյցի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդն ընդգծում է, որ ինքը դէմ է առհասարակ կարգալուծութիւններին` որպէս պատժական տնօրինում, ինչը խորքի մէջ բարոյական մահ է: Երանի թէ Միքայէլ Սրբազանն այդ նոյն քաջութիւնն ու համարձակութիւնն ունենար եւ հերթական Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ կարգալուծութեան հարցը բարձրացնէր` ի լուր ժողովական հայրերի յայտնելով իր դիրքորոշումն այդ հարցում: Ճշմարիտ է ասուած, որ քահանան կաթողիկոսի ստորագրութեամբ չէ, որ քահանայ է հռչակւում, ուստի կաթողիկոսի ստորագրութեամբ անհնարին է ջնջել քահանայութիւնը` քահանային դասելով աշխարհականների շարքը: Սա առնուազն ծիծաղելի է, եթէ այլ որակումներ չտանք այս սոսկալի տգիտութեանը:

Գաղտնիք չէ, որ եկեղեցական կանոնները մեր օրերում գտնւում են անդամալոյծ վիճա­կում, որոնք ընտրողաբար թերեւս գործադրուեն այն ժամանակ, երբ դրանք համընկ­նեն եկեղեցական վերին իշխանութեան անձնական գձուձ հաշիւներին կամ քինախնդիր հաշուե­հար­դարներին: Պատժական տնօրինումներ կատարելիս չկա՛յ անաչառ դատաստան եւ անկողմնակալ քննութիւն: Կարգալուծութիւնը վերջին եւ ծայրայեղ միջոցն է` պատժելու որեւէ եկեղեցականին, որը ոչ թէ ջնջում է նրա քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը, այլ պարզապէս զրկում է քահանայական կարգից` իշխանութիւնից, ասել է թէ` քահանա­յա­գոր­ծելու իրաւունքից: Սա նման է փիլոնազրկութեան կամ կախակայութեան պատժին` այն տարբերութեամբ, որ եթէ առաջինը որոշակի ժամկէտի համար է սահմանւում, ապա վերջինս անժամկէտ է: Բայց մի՞թէ սպառուել են մարդկային եւ քրիստոնէավայել բոլոր մօտեցումները` փոխանակ կարգալուծութեամբ բարոյապէս սպանելու որեւէ եկեղեցականի, պարզապէս նրա նկատմամբ կիրառել ուղղիչ եւ խրատական պատժատեսակներ, որոնցից է, օրինակ, վանքերից որեւէ մէկում որոշակի ապաշխարութեան շրջան սահմանել մեղադրեալ եկե­ղե­ցա­կանի համար: Քիչ էր մնում` մոռանայի, որ Հայ եկեղեցին չունի վանական կեանքի դրութիւն եւ փաստօ­րէն` գործող վանքեր, ինչպէս հանրութեանը փորձում է ապակողմնորոշել և շփոթել կաթողիկոսի մամլոյ խօսնակ Վահրամ քահանայ Մելիքեանը` մամուլով յայտարարելով, որ «այսօր Հայաստանում եւ Արցախում կայ ընդամէնը 361 գործող վանք, եկեղեցի ու մատուռ և ամբողջ աշխարհում սպասավորող մոտ 800 հայ հոգևորական»: Երևի Մայր Աթոռի համար «գործող վանքերը» այն վանքային շինութիւններն են, որոնք գէթ կանգուն են, ծիսակատար հոգեւորական ունեն, զբոսաշրջիկների համար այցելավայրեր են եւ դրամ շահելու աղբիւր... Եկեղեցական հեռացնելը բրնձով փլաւ եփել չէ, որ ուզած ժամանակ կամայականօրէն կարգազրկեն քահանային: Հոգեւորականի քահանայագործութիւնը դադարեցնելու համար չափազանց լուրջ եւ ծանրակշիռ պատճառներ պէտք է որ լինեն` հաստատուած իրական փաստերի եւ հիմնուած եկեղեցական կանոնների վրայ: Բայց եթէ մի օր հրաշքով Հայ եկեղեցում սկսեն գործել սուրբ հայրապետների օրինադրած կանոնական որոշումները, ապա վերից վար պէտք է կարգազրկուի եկեղեցականների մի ստուար զանգուածը...

Ամէն մի քահանայի անիրաւ կարգազրկութեամբ քանդւում է նրա ջանքերով կառուցուած եկեղեցական համայնքը, եթէ նկատի ունենանք, որ այդ քահանան շատերի խոստովանա­հայրն է եւ կապուած է իր ծխի անդամների հետ: Այսպէս, քանդուեցին Մոսկուայի, Նիսի, Ժնեւի, Բուէնոս-Այրէսի, Գլենդելի, Մոնրէալի, Երեւանի եւ այլ քաղաքների եկեղեցական մի շարք համայնքները, որոնց արդիւնքում հալածուեց հաւատքը, տկարացաւ եկեղեցին, ծաղկեց աղանդաւորութիւնը, ուրախացաւ սատանան: Այս բանը չի կարող հանդուրժել որեւիցէ արթուն եւ քաջ հովուապետ, եթէ մի փոքր աստուածավախ լինի, այլ սա, վստահաբար, ձեռնտու է միայն նեռին ու սատանայի արբանեակներին: Կարգալուծութիւնը հարցի լուծում չէ: Պէտք է ոչ թէ կտրել մարմնի անդամները, այլ խոհեմաբար դարման գտնել նրա ցաւերին: Հոգեւոր սովի այս ժամանակներում տարեկան մէկ կարգալուծութիւնն իսկ խենթ շռայլութիւն է: Կարգաթո­ղու­թեան եւ կարգազրկութեան բոլոր դէպքերը միասին վերցուած վերջին 17 տարիներին հաւա­նա­բար հարիւրից անցնում է: Նման համաճարակ չի գրանցուել նախորդ եւ ոչ մի կա­թո­ղի­կոսի գահակալութեան տարիներին: Որեւէ եկեղեցական ապահովագրուած չէ այս քաղց­կե­ղի վարակից: Ուզած վայրկեանին ցանկացած հոգեւորական կարող է կարգազրկուել, եթէ եկեղեցական վերադասի մօտ ընդունելութիւն չգտաւ: Մնացած ընթացակարգերն աւելի քան ձեւականութիւններ են: Կարծես եկեղեցականը իր վերադասի անձնական պարտիզպանն էր, որ առանց հիմնաւոր պատճառի տանուտէրը կարգազրկութեամբ դուրս է հանում իր գործաւորին:

Ամէն անգամ, երբ Գարեգին Բ-ն մեղադրւում է կարգալուծութեան անբուժելի մոլուցքի մէջ, ով Գինեսի ռեկորդ է սահմանել իր աննախադէպ կարգալուծութիւնների թուաքանակով, իբրեւ արդարացում է բերւում այն իրողութիւնը, որ նաեւ այս կաթողիկոսի ժամանակ է տեղի ունեցել մեծ թուով քահանայական ձեռնադրութիւններ: Այսինքն` մի կողմից արագ-արագ ձեռնադրում են, միւս կողմից ետեւ ետեւի կարգազրկում են եւ իբրեւ թէ այդպիսով պահում հաւասարակշռութիւնը: Արդէն իսկ մեծ թուով ձեռադրութիւնները ցոյց են տալիս, որ դրանք հիմնականում լինում են անարժանաբար, քանի որ քիչ չեն պատահական անձինք, որոնք «ծանօթ-խնամի-բարեկամ» սկզբունքով կամ առանց քահանայական կոչման ու իրենց արժանաւորութեան մասին ժողովրդի վկայութեան են ձեռնադրւում, որոնք նոր պատուհաս են լինում հաւատացեալների գլխին: Ո՛չ ձեռնադրութիւնը եւ ո՛չ էլ կարգազրկութիւնը խաղալիք չեն: Այսօր եպիսկոպոսներն անգամ զրկուած են իրենց թեմերում ինքնուրոյնաբար ձեռնադրութիւններ կատարելու առաքելական իրենց իշխանութիւնից եւ փոխարէնը կարգազրկման սպառնալիքի վախի մէջ են, եթէ իրենց սկզբունքներից ելնելով` հակադրուեն կաթողիկոսի այս կամ այն կարծիքին եւ մտածողութեանը: Երուսաղէմի Նուրհան Պատրիարք Մանուկեանի բաց նամակում կար­դում ենք. «Միթէ Ձեր «Շինարար կաթողիկոս» -ի համբաւը իսկապէ՞ս կ’ուզէք կարգալոյծ հռչակուածներու շարքը երկարելով` ջնջել... Իսկ երկու տարի առաջ երբ փորձած էիք մեր ապառողջ Թորգոմ պատրիարքը համոզել, որ «աթոռակից» մը ընտրել տար, եւ ան մերժած էր Ձեր առաջարկը, ետքը Դուք Արիս արք. Շիրվանեանին, որ ըսած էր Ձեզի. «Մենք մեր կանոնադրութեան մէջ այդպիսի յօդուած մը չունէինք», որուն Ձեր իրեն կատարած սպառնալիքը եղած է` «Ես ձեր բոլորին կարգը կ’առնեմ», ինծի ալ կրկնեցիք նոյնը, եւ իմ պատասխանս եղաւ. «Վեհափառ, ո՞ւր կ’երթաս, ուրիշ բան չե՞ս գիտեր» ...»: Կարգալուծման նոյն սպառնալիքը պատահեց Ֆրանսիայի հայոց թեմի նախկին առաջնորդ Նորվան ար­քե­պիս­կոպոս Զաքարեանի հետ. «Եթէ Տէր Վաչէ Քահանայ Հայրապետեանը մինչեւ 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն եւ թէ թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դու գործ չունես: Այո, դու Մայր Աթոռի հետ գործ չունես այլեւս»: Մեր աչքի առջեւ են Հայ եկեղեցու երեք եպիս­կո­պոս­նե­րի կարգազրկութեան աննախընթաց դէպքերը, որոնք մինչեւ անգամ չեն քննարկուել Եպիս­կո­պոսաց ժո­ղո­վի ժամանակ:

Մաղթենք, որ ժամանակի ընթացքում սրբագրուեն «հայրապետական տնօրինութիւն­նե­րի»` կարգալուծութիւն գուժող անընդունելի եւ սխալ ձեւակերպումները, մանաւանդ դադարեն անիմաստ ու վայրենաբարոյ այս հակաքրիստոնէական կարգալուծախտի նոր դրսեւորումները, որոնց պատճառած ամէն մի ցնցումը նոր վէրք է բացում Հայ եկեղեցու սրտում` էապէս սասանելով եկեղեցական կեանքի առաքելութիւնը եւ նոր հերձուածներ առաջացնելով եկեղեցու ծոցում: Յիշենք, որ կարգազրկութիւնը ոչ թէ կարգազրկողի զօրութիւնն է, այլ նրա ամենամեծ տկարութիւնը: Վերջապէս, տրամաբանական չէ, որ այդքան մեծ թուով կարգազուրկները` բոլորն էլ սխալ լինեն: Դա նշանակում է, որ եկեղեցու միապե­տա­կան կառավարումն է սխալ եւ դատապարտելի:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4143 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ