Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ալյանս» կուսակցության պայմանագիրը գյումրեցիների հետ

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
22:46, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
«Ալյանս» կուսակցության պայմանագիրը գյումրեցիների հետ

Սիրելի գյումրեցիներ.

Նախընտրական շրջանը Գյումրիում և, առհասարակ, ամբողջ Հայաստանում առանձնահատուկ շրջան է: Նախընտրական շրջանում գողը դառնում է գող բռնող, կաշառք վերցնողը՝ կաշառք մերժող, բյուջե թալանողն էլ՝ բարեգործ: Նախընտրական շրջանում ասվում են խոսքեր, արտահայտվում են մտքեր, տրվում են խոստումներ, որոնք հետագայում մոռացվում են. պաշտոնյաները գնում են թալանը վայելելու, ժողովուրդն էլ՝ օրվա հացով գոյատևելու…

«Ալյանս» -ը գալիս է փոխելու այս ամենը: Պատմության մեջ առաջին անգամ կուսակցությունն առաջարկում է ընտրողներին պայմանագիր, որը կնքում և ստորագրում է: Պայմանագրի կողմ կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով պատրաստակամ է մնալ իր հայրենիքում և շենացնել այն:

Սիրով առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ պայմանագրի պայմաններին և միանալ «Ալյանս» կուսակցությանը, Գյումրի քաղաքից սկսել փոփոխությունները և մեկընդմիշտ քաղաքական դաշտից հեռացնել ժողովրդի ձայնը չլսող, ժողովրդի տառապանքը չտեսնող և սեփական խոսքերը մոռացող քաղաքական գործիչներին:

Հարգանքով՝
    
«Ալյանս» կուսակցության Գյումրու ավագանու թեկնածուներ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

(«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու ավագանու թեկնածուների և Գյումրեցիների նախընտրական և հետընտրական իրավահարաբերությունների կարգավորման վերաբերյալ)

Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու ավագանու թեկնածուները, որոնք գործում են կուսակցության և թեկնածուների լիազորման հիման վրա, մի կողմից և ՀՀ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի ուժով ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող Գյումրեցին մյուս կողմից, այսուհետ սույն պայմանագրում համատեղ կոչվելով Կողմեր, կնքում են սույն պայմանագիրը հետևյալի մասին.

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1 Սույն պայմանագրով (Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու ավագանու թեկնածուները պարտավորվում են ստանձնել ինչպես սույն պայմանագրով նախատեսված, այնպես էլ նախընտրական և հետընտրական շրջանում Գյումրեցիների կողմից առաջադրված, լուծման պահանջարկի առումով լայն հանրային կոնսոլիդացիա ունեցող խնդիրների լուծման առաքելությունը` որպես սույն պայմանագրով Գյումրեցիների համար նախատեսվող միակ պարտավորության կատարման պատասխան գործողություն:

  1. «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են քաղաքացու համար լինել անընդմեջՀԱՍԱՆԵԼԻ կապի բոլոր միջոցներով և ընդունելություններով.

«Ալյանս» խմբակցության ավագանիներն ու փորձագետներն աշխատելու են ամենօրյա ռեժիմով, ընդունելու են քաղաքացիների բողոքները, դիմումներն ու առաջարկները, որոնք ներկայացվելու են քաղաքային խորհրդի նիստերին:

2.2 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են տրամադրել ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ.

«Ալյանս» խմբակցությունը ձևավորելու է թեժ գիծ ու արձագանքման խումբ քաղաքացիների ահազանգերին օպերատիվ արձագանքելու և առկա խնդիրներն արագ կարգավորելու համար: Այս մեխանիզմով իրականացվելու է նաև քաղաքացիներին անհրաժեշտ խորհրդատվություն:

Խմբակցությունը նախաձեռնելու է ողջ քաղաքի տարածքում թաղամասային պատասխանատուների համակարգի ներդրում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե ում է պետք դիմել համայնքին վերաբերող խնդիրներին ընթացք տալու համար և ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել որևէ խնդրի դեպքում:

2.3 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են իրականացնել արդյունավետ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ և ՏՆՏԵՍՈՒՄ.

«Ալյանս» խմբակցության ավագանու անդամները վերահսկելու են Գյումրու բյուջեի յուրաքանչյուր լուման, որպեսզի այն ծառայի նպատակային ու առավելագույն տնտեսման հնարավորությամբ:

Համայնքային բյուջեի միջոցների արդյունավետ տնօրինման համար ներդրվելու է վերահսկողական մեխանիզմ: Բյուջեի բոլոր ծախսերը լինելու են թափանցիկ ու հրապարակային և անընդհատ ներկայացվելու են քաղաքացիներին: Նյութերը տեղադրվելու են Gyumri.info կայքում:

2.4 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցների ապահովումը ավագանու որոշումների նախագծերի փաթեթով.

«Ալյանս» խմբակցությունը նախաձեռնելու է համայնքային ուղևորափոխադրումների երթացուցակների վերանայում: Դրանք պետք է տեսանելի լինեն մեքենաների սրահներում և կանգառներում. հրամայականը մեկն է՝ երթուղային տաքսիներում կանգնած ուղևոր չպետք է լինի: Վարորդների համար սահմանվելու է հստակ վարքականոն (չծխել, չխոսել հեռախոսով, հարգալից լինել ուղևորի նկատմամբ), նախընտրելի է վարորդ-ուղևոր շփումը նվազագույնի հասցնել՝ հնարավորության դեպքում ներդնելով քարտային վճարման համակարգ:

«Ալյանս» խմբակցությունը նախաձեռնելու է, որ դպրոցականներն ու սոցիալապես անապահով անձինք քաղաքային տրանսպորտից անվճար երթևեկելու հնարավորություն ստանան:

Ծայրամասային թաղամասերը երեկոյան ժամերին տրանսպորտով ապահովելու համար խմբակցությունը նախաձեռնելու է հատուկ համայնքային տաքսիների ներդրում, որոնք կաշխատեն կոնկրետ երթուղիներում, կոնկրետ սակագնով՝ մեկ ուղևորի հաշվով:

2.5 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են իրականացնել ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ հատուկ միջոցառումներ.

Փողոցների, մայթերի, բակերի բարեկարգումը, աղբահանութունը «Ալյանս» խմբակցության ուշադրության կենտրոնում է լինելու, մաքուր ու բարեկարգ քաղաք ունենալու համար բյուջետային միջոցներից բացի նախաձեռնելու ենք համագործակցություն տարատիպ կառույցների, հաստատությունների ու անհատ քաղաքացիների հետ՝ խրախուսելով կրեատիվ նորարարությունը: Հատուկ հսկողություն է սահմանվելու համատիրությունների աշխատանքի նկատմամբ, արդյունավետության բարձրացման համար: Հատուկ ուշադրություն ենք բևեռելու քաղաքի ծայրամասային թաղամասերի ենթակառույցների հասանելիությանը:

Կանաչ տարածքների խոտհունձն ու մաքրումը լինելու է մեր անմիջական պարտականություններից մեկը. Գյումրին չպետք է ունենա չխնամված կանաչ գոտիներ, ինչը կոնկրետ օրինակով ցուցադրում են «Ալյանսի» կամավորները «Մուշ» թաղամասում:

Նախաձեռնելու ենք էներգախնայող լուսադիոդային և LED տեսակի լամպերի կիրառությամբ կրկնակի ավելացնել փողոցների լուսավորության ժամերը` առանց լրացուցիչ ֆինանսավորման, միմիայն առկա միջոցների հաշվին:

«Ալյանս» խմբակցությունը ավագանու նիստին է ներկայացնելու Գյումրի քաղաքը ամբողջությամբ անվճար WIFI համացանցային հասանելիության ցանցով պատելու առաջարկ` հաշվարկված տնտեսական ու ֆինանսական հիմքերով:

2.6 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել ԳՅՈՒՄՐԻ-ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ գործընթաց` ներկայացնելով համապետական օրենքի նախագիծ:

«Ալյանս» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջոցով Ազգային ժողովում հարց է բարձրացվելու Հայաստանի համայնքների հավասարաչափ զարգացման ու ապակենտրոնացման ապահովման վերաբերյալ, նախատեսվում է ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն` փոխելով «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը, որով Գյումրիին տրամադրվող պետական հատկացումները կավելացվեն: Երևանում երկրորդական նշանակություն ունեցող ծախսերի փոխարեն ֆինանսական միջոցները կուղղորդվի Գյումրի, ինչը կհատկացվի սոցիալական ծրագրերին, օրինակ կստեղծվի սոցիալական ատամնաբուժարան, որն անվճար ծառայություններ կմատուցի սոցիալապես անապահով մարդկանց, կկառուցվեն բնակարաններ անօթևանների համար, կնորոգվեն ճանապարհները և այլն:

«Ալյանս» խմբակցությունը նախաձեռնելու է գործընթաց` ուղղված որոշ պետական գերատեսչությունների (նախարարությունների) հնարավորինս արագ տեղափոխմանը Երևանից Գյումրի:

2.7 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ գործընթաց լրացուցիչ պայմանների ապահովմամբ:

«Ալյանս» խմբակցության վերահսկողությամբ ձևավորվելու է կադրային կենտրոն, որում տարբեր մասնագիտական խմբերում աշխատելու են բազմաթիվ քաղաքացիներ, ըստ իրենց ունակությունների ու գիտելիքների:

Հատուկ ուշադրություն ենք դարձնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, նախաձեռնելու ենք հատուկ պայմանների ստեղծում, որպեսզի Գյումրիում պատրաստվող կադրերը չհեռանան քաղաքից, իսկ Երևանում ներկայացուցչություն ունեցող ՏՏ ձեռնարկություններին առաջարկվելու է Գյումրիում մասնաճյուղեր բացելու համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ և տրամադրել լրացուցիչ հնարավորություններ:

Գյումրիում կատարվող ցանկացած ներդրում խրախուսվելու է, տեղական բիզնեսի զարգացման համար նախաձեռնելու ենք ազատ առևտրի գոտու հիմնում:

Մեծամասշտաբ աշխատատեղերի ստեղծման համար նախաձեռնելու ենք սոցիալական բիզնեսի ներդրում, որի եկամուտներն ուղղվելու են կա՛մ նոր աշխատատեղերի ստեղծմանը, կա՛մ էլ սոցիալ-բարեգործական նպատակներին: Անհրաժեշտ միջոցները տրամադրվելու են արտակարգ տնտեսման ռեժիմի արդյունքներից:

2.8 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել փոքր և միջին բիզնեսի զարգացման համար ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ գործընթացի աջակցման ծրագիր:

«Ալյանս» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջոցով Ազգային ժողովում հարց է բարձրացվելու Գյումրիում փոքր և միջին բիզնես ունեցող անձանց աշխատանքները խրախուսելու ու զարգացում տալու համար վարկային պարտավորությունները պետական միջոցներով մարելու վերաբերյալ:

2.9 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ գործընթացը զարգացնող նոր իրավական ակտի ընդունումը Գյումրու քաղաքային խորհրդում:

«Ալյանս» խմբակցությունը ներկայացնելու է առանձնատների կառուցման ու սեփականաշնորհման պարզեցված ընթացակարգ, ներդրվելու է տիպային բնակելի տների կատալոգ:

Խմբակցությունը նախատեսում է դիմել պետական իշխանություններին տնակներում ապրող անձանց բնակարանով ապահովելու համար նոր ծրագիր մշակելու և լրացուցիչ արտոնություններ ու թույլտվություններ տալու առաջարկով:

Իրականացվելու է անօթևան անձանց հաշվառում և նախաձեռնվելու է սոցիալական բնակարանաշինություն այդ անձանց բնակարանով ապահովելու համար: Այդ նպատակով իրականացվելու է դրամահավաք Հայաստանում և Սփյուռքում:

2.10 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են ստեղծել ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ համար նախադրյալներ:

«Ալյանս» խմբակցությունը նախատեսում է Գյումրու մասին հատուկ բազմալեզու տեսահոլովակների նկարահանում, քաղաքի ճարտարապետության, տեսարժան վայրերի ու արժեքների մասին կայքերի և այլ տեղեկատվական կրիչների ստեղծում, որոնցով Գյումրին հասանելի է դառնալու ողջ աշխարհին:

Կազմակերպվելու են հատուկ զբոսաշրջային երթուղիներ, որոնց միջոցով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները հնարավորություն են ունենալու բացի ավանդական վայրերից նաև այցելել Գյումրի:

Գյումրիում կազմակերպվելու են ամենամյա փառատոններ, երիտասարդական, սպորտային, մշակութային միջոցառումներ:

2.11 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են իրականացնել հատուկ հոգածություն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ հաստատությունների նկատմամբ.

Նախաձեռնելու ենք քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների բարեկարգման նոր ծրագիր (վերանորոգում, անհրաժեշտ գույք և միջոցներ): Այս նպատակի համար մեր պահանջով պետք է համայնքային բյուջեից հավելյալ միջոցներ տրամադրվեն այդ կառույցներին, իսկ ոչ բավարար ֆինանսական միջոցների դեպքում խնդիրը բարձրացվելու է պետական մակարդակով: Որպես հավելյալ միջոցներ առևտրային ընկերություններին ներկայացնելու ենք կոնկրետ ծրագրեր՝ հաշվի առնելով սոցիալական պատասխանատվության իրենց գերակայությունները, նաև կապ ենք հաստատելու հովանավոր-բարեգործների հետ իրենց աջակցությունը ստանալու համար:

2.12 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են իրականացնել ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ այն չափով, որքան քվե կստանան քաղաքացիներից ընտրություններին:

«Ալյանս» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում և Գյումրիում մասնավորապես կառավարումն իրականացվում է անարդյունավետ և անհրաժեշտ է լուրջ համակարգային փոփոխություն` կառավարող պատասխանատուների ու իշխանության փոփոխությամբ հանդերձ:

Եթե քաղաքացիների ցանկությամբ «Ալյանս» կուսակցությունը Գյումրիում գա իշխանության, ապա փոփոխությունները կլինեն արմատական ու խորքային, մենք կարճ ժամանակահատվածում կունենանք միանգամայն նոր քաղաք: Իսկ եթե ժողովրդի քվեով «Ալյանսն» ունենա միայն ավագանու խմբակցություն, ապա մենք իրականացնելու ենք առնվազն վերը շարադրված պարտավորությունները:

  1. ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՄԻԱԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

3.1 Գյումրու բնակիչները պարտավորվում են ընտրությունների ժամանակ կատարել սեփական համոզմունքներից, ցանկությունից ու խղճից բխող ընտրություն` անկախ որևէ կողմնակի ազդեցության կամ կաշառելու փորձերից:

  1. ՊԱՅԱՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

4.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ս/թ հոկտեմբերի 2-ի Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ավագանու խմբակցության ձևավորումից հետո ավագանու առաջին նիստից և դադարում գործել նույն խմբակցության լիազորությունների դադարեցման պահից:

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  • Կողմերն իրենց իրավահարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի ու փոխվստահության ձևաչափով և գործում են սույն պայմանագրով սահմանված դրույթների և ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում:
  • Նշված կետերից որևէ մեկը չկատարելու դեպքում ցանկացած քաղաքացի իրավասու է դատական կարգով պատասխանատվության ենթարկել «Ալյանսի» ավագանու անդամներին:
Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2966 | 0 | 0
Facebook