Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս կառուցել նոր բնակարաններ Գյումրիում

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
22:23, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Ինչպե՞ս կառուցել նոր բնակարաններ Գյումրիում

ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ.

Տնակային ավանները հարցը Գյումրիի համար գերխնդիր է: 1988 թ. երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին տնակում կամ կիսափլված շենքում է ապրում. շուրջ 3000 ընտանիքներ, այսինքն մոտ 12.000 գյումրեցիներ չունեն բնակարան, սակայն պետությունն այդ ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանց անօթևան չի համարում:

Այդ դեպքում ինչու՞ են տվյալ մարդիկ բնակվում տնակներում: Հասկանալի է, որ պատճառները տարբեր են, բայց ուղղակիորեն առնչվում են աղետին ու դրա հետևանքների վերացման երկարատև գործընթացին: Շատերը բնակարան կամ բնակարանի գնման վկայական են ստացել, սակայն սոցիալական խնդիրների պատճառով վաճառել են՝ շարունակելով ապրել տնակում: Մյուսների դեպքում ընտանիքը մեծացել են ու բաժանվել, արդյունքը բնակարան ստացել է մի մասը: Իհարկե կան նաև ընտանիքներ, որոնք երկրաշարժից հետո են տեղափոխվել Գյումրի, այսինքն որևէ ձևով բնակարան չեն կորցրել: Սակայն ամենամտահոգիչն խնդիրն այն է, որ կան բազմաթիվ գյումրեցիներ, ովքեր ուղղակի ժամանակին չեն հաշվառվել որպես անօթևաններ կամ ինչ-որ պատճառով մերժվել են պետության կողմից:

Կան նաև տնակների պահպանման այլ պատճառներ, այնուհանդերձ ենթադրությունը մեկն է՝ նման իրավիճակ չէր ձևավորվի, եթե պետությունը անօթևանության խնդիրն արագ լուծեր կամ օրինականորեն պահանջեր բնակարան ստացած անձանց ապամոնտաժել իրենց ժամանակով կացարանները: Այնուհանդերձ փաստն այն է, որ այսօր տնակներում ապրում են բազմաթիվ գյումրեցիներ, ոմանք ծայրահեղ աղքատության պայմաններում, ու բավարար միջոցներ չունեն բնակարանային խնդիր լուծելու համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

Իրականացնել անօթևան անձանց հաշվառում և նոր պետական ծրագրի նախաձեռնում:

Քաղաքապետարանը պետք է հստակ իմանա, թե ովքեր են տնակներում բնակվող քաղաքացիները, պետք է մանրամասն ուսումնասիրվի, թե ինչու նրանք չունեն բնակարաններ: Պետք է հստակ պատկեր ունենանք, թե որքան անձինք, ինչ պատճառներով են շարունակում ապրել տնակներում, ըստ այդմ ավագանին պետք է նախաձեռնի գործընթաց պետական բնակարանաշինության նոր ծրագիր հաստատելու համար: Պայմանականորեն «Գյումրիում բնակարանների ապահովման ծրագրում» պետք է ներառվեն նաև կիսափլված շենքերի ամրացման կամ ըստ անհրաժեշտության ապամոնտաժման ու բնակիչներին կացարանով ապահովման խնդիրը:

Բնակելի տների կառուցման և սեփականաշնորհման պարզեցված մեխանիզմի ներդրում:

Պետք է ընդառաջել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարող են սեփական միջոցներով իրենց ժամանակավոր կացարանը քարապատել: Բայց եթե այսօր քաղաքացին որոշի իր տնակը քարապատել, որպեսզի կարողանա սեփականաշնորհել, բացառված չէ, որ ինքնակամ շինարարության համար կարող է և հարյուր հազարավոր դրամով տուգանվել, իսկ հաշվի առնելով օրինական ճանապարհով շինարարություն իրականացնելու թղթաբանության երկարաձիգ ու խրթին գործընթացը, շատերը ուղղակի չեն ցանկանա այդ բյուրոկրատական քաշքշուկների մեջ մտնել:

Մինչդեռ պետություններն այլ բան է հայտարարում. սոցիալական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է բնակարանային շինարարության խթանումը (ՀՀ Սահմանադրության, հոդված 86): Կառավարությունն որոշակի միջոցառումներ է իրականացրել, այսպես պարզեցվել է շինարարական թույլտվության գործընթացը։ Մարզերի բնակչության համար կազմվել է «Անհատական բնակելի տների նախագծերի» կատալոգ, որից կառուցապատողն անվճար կարող է ընտրել իր պահանջներին համապատասխան նախագիծը: Այսինքն եթե նախկինում տուն կառուցելու համար պահանջվում էր առնվազն 2-3 ամիս և 400-800 հազար դրամ նախագծային փաստաթղթերի պատրաստման համար, ապա այժմ հնարավորություն կա շինարարության թույլտվություն ստանալ ընդամենը 5 օրում և անվճար ձեռք բերել նախագծային փաստաթղթերի փաթեթը։

Գյումրիում ևս պետք է տեղայնացնել կառավարության այս որոշում. անհրաժեշտ է մշակել պարզեցված ընթացակարգ, որ սովորական քաղաքացուն հասկանալի լինի, թե որքան ժամանակում ինչ պետք է անի՝ իր բնակելի տունը կառուցելու համար: Վստահաբար շատերը կօգտվեն այս հնարավորությունից:

Պետք է նաև հստակ լինի նոր բնակելի տան կառուցման ընթացակարգերը, քաղաքապետարանը պետք է անվճար կամ հատուկ գներով հողատարածքների հատկացնի այն քաղաքացիներին, ովքեր պատրաստակամ են սեփական միջոցներով կառուցել իրենց բնակելի տունը:

Համայնքապատկան շինարարական կազմակերպություններ

Առանձնատան, շենքերի, շինությունների կառուցման օրինական իրավունք ունեն միայն շինարարական կազմակերպությունները: Ավագանին ստեղծում է համայնքապատկան շինարարական կազմակերպություններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում իր կացարանը կառուցող քաղաքացին կարողանա օգտվել արհեստավարժ շինարարների ծառայություններից, պարզ վարչարարությամբ հասկանա իր անելիքը, կատարվող աշխատանքների համար ավել գումար չվճարի և կառուցապատման նախագծի պահպանման խնդիր չունենա:
     Դրանով նաև համայնքը հավելյալ աշխատատեղեր կստեղծի շինարար-վարպետների ու աշխատավորների համար:

Սոցիալական բնակարանաշինություն:

Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեն սոցիալական է. 405 մլրդ դրամ հատկացվում է սոցիալական պաշտպանության ոլորտին, սակայն բնակարանաշինության համար անգամ 1 մլրդ անգամ չի տրամադրվում: Այսպիսի քաղաքականության ինքնին հիմնախնդիրը երբևէ չի լուծվի: Մենք առաջարկում ենք նախաձեռնել սոցիալական բնակարանաշինության հստակ ծրագիր:

Ինչպե՞ս հայթայթել անհրաժեշտ գումարը: Կարելի է դիմել տարբեր կառույցների, բարերարների, կազմակերպել դրամահավաք միջոցառումներ, կարելի է անգամ առաջարկել «Հայաստան համահայկական հիմնադրամին» ամենամյա մարաթոններից մեկը «Գյումրիում սոցիալական թաղամասի կառուցման ծրագրով» իրականացնել:

Սակայն դրանից բացի կարող ենք փորձելու ենք ներգրավել սփյուռքի մեր հայրենակիցներին, բայց ոչ թե որպես նվիրատվություն անելու, այլ որպես իրենց պատկանող համալիր առանձնատան կառուցման առաջարկ: ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ:

Ձևավորվում են տիպային տների կատալոգ. առանձնատներ, որոնք կազմված են լինելու երկու կամ երեք բնակարաններից: Նախագծային հաշվարկներով հաստատում է մեկ նման առանձնատան կառուցման ծախսերը: Արտերկրում բնակվող մեր հայրենակիցը ֆինանսավորում է տվյալ առանձնատան կառուցումը, որի մեկ մասը կլինի իր սեփականությունը, իսկ մյուս մասը կտրամադրվի անօթևան ընտանիքին: Իսկ երեք տների դեպքում երկու սեփականատերեր կկիսեն երրորդ տան կառուցմանը ծախսը ևս:

Այս ճանապարհով սփյուռքի մեր հայրենակիցը բնակարան կունենա հայրենիքում, որը Հայաստանի հետ կապի գործուն մեխանիզմ կլինի, իսկ մյուս կողմից հուսալի ու արդյունավետ բարեգործություն կիրականացնի:

Անօթևան ընտանիքն այդ սոցիալական բնակարանը կստանա հստակ պայմանով. նախ այդ բնակարանն իր սեփականությունը կարող է դառնալ մշտական բնակությունից 15-20 տարի անց, երկրորդ՝ նա պետք է նաև հոգ տանի իր հովանավոր հարևանի բնակարանին, քանի որ ենթադրաբար վերջինս մշտապես չեն բնակվի Հայաստանում, այլ կգան հայրենիք ժամանակ առ ժամանակ, երրորդ պարտավորությունը կլինի առանձնատան տարածքի պահպանությունն ու մաքրությունը:

Այս ճանապարհով հնարավոր կլինի կառուցել ամբողջական սոցիալական թաղամասեր՝ Գյումրիում վերջնականապես լուծելով անօթևանության խնդիրը, իսկ մյուս կողմից ամրացնել սփյուռքահայերի կապը Հայաստանի հետ:

Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3952 | 0 | 0
Facebook