Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս ստեղծել նոր աշխատատեղեր Գյումրիում

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
22:17, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Ինչպե՞ս ստեղծել նոր աշխատատեղեր Գյումրիում

ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2016 թ. հունիս ամսվա տվյալների Հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը 96.370 է, այս ցուցանիշով Շիրակի մարզը բացասական իմաստով առաջին տեղում է. Շիրակում աշխատանք են փնտրում 16.900 քաղաքացի, որից միայն Գյումրիում՝ 13.560-ը: Բնակչության քանակի և աշխատանք փնտրողների տոկոսային հարաբերակցությամբ Գյումրին Հայաստանի այլ բնակավայրերի համեմատությամբ թերևս վատթարագույն վիճակում է գտնվում: Մայրաքաղաքի հետ համեմատականը լրիվ անտեղին է. եթե Երևանում բնակչության միայն 1, 5 տոկոսն է աշխատանք փնտրում, ապա Գյումրիում 11, 5 տոկոսը, ու սա դեռ պաշտոնական տվյալներն են, այսինքն իրականությունը շատ ավելի անմխիթար է:

Զբաղվածության խնդիրն ուղղակիորեն ազդեցություն ունի Շիրակի մարզում և Գյումրում արտադրվող ապրանքների քանակի չափազանց փոքր ցուցանիշների վրա: Այսպես 2016 թ. առաջին կեսի տվյալներով արդյունաբերական արտադրանքի ծավալները ողջ Շիրակի մարզում 23, 5 մլրդ դրամ, սա Հանրապետության ցուցանիշի (659, 7 մլրդ դրամ) միայն 3, 6 տոկոսն է: Մինչդեռ խորհրդային Լենինականը նույն ցուցանիշի համեմատականով առնվազն 7-8 անգամ գերազանցում է մերօրյա Գյումրիին: Այս հանգամանքը բավականին արդյունավետ հիմք է հասկանալու համար, որ Գյումրին ունի մեծ ներուժ, որը անհրաժեշտ է ճիշտ ուղղորդել ու աջակցել այն ոլորտների զարգացմանը, որոնք վերջին հաշվով հանգեցնում են քաղաքի զարգացմանը:

Միամտություն կլինի ակնկալ, որ հնարավոր է վերականգնել Լենինական արդյունաբերական ներուժը, երբ շուրջ հինգ տասնյակ գործարաններում աշխատում էին գրեթե 50 հազար հասնող աշխատավորներ, իսկ քաղաքի ընդհանուր աշխատատեղերը շուրջ 70 հազար էր: Մոտ ապագայում անգամ իրատեսական չէ պատկերացնել, որ այդպիսի ցուցանիշներն հնարավոր է վերականգնել: Գյումրու մշտական բնակչության քանակը ըստ 2016 թ. հուլիսի 1-ի տվյալների կազմում է 117.400 մարդ, այսինքն առնվազն կրկնակի ավելի քիչ, քան խորհրդային տարիներին: Այսինքն անգամ տեսականորեն կարճ ժամանակահատվածում իրատեսական չէ վերականգնել Լենինականի արդյունաբերական ներուժը:

Մյուս կողմից պետք է հաշվի առնել նաև առկա պատրաստի արտադրանքի սպառման խնդիրը. նախկինում՝ պլանային տնտեսության պարագայում արտադրանքի իրացման հարց չկար, իսկ ժամանակակից կապիտալիստական տնտեսությունն առաջնային պահանջ է դնում մրցակցային պայմաններում ունենալ սեփական սպառման շուկան:

Հայաստանի ներքին սպառման ծավալները չափազանց փոքր են, ուստի մեզ համար թիրախային է դառնում Եվրասիական տնտեսական միության 180 միլիոն բնակչությամբ շուկան: Աշխատանքների ճիշտ և գրագետ կազմակերպման դեպքում Գյումրու արդյունաբերությունը կարող է առաջնահերթ հայաստանյան շուկայից դուրս մղել թուրքական ապրանքները, ինչը սկզբունքորեն հայի պատվի հարցն է. վերջին 5 տարվա առևտրաշրջանառության ծավալների միջինացված տվյալներով տարեկան Թուրքիայից Հայաստան է ներմուծվում շուրջ 200 մլն դոլարի ապրանքատեսակներ (սննդամթերք, հագուստ, տնտեսական ապրանքներ, քիմիական արդյունաբերության ապրանքներ և այլն), իսկ Հայաստանից Թուրքիա արտահանումները կազմում են չնչին 1, 5 մլն դոլար:

Այս 200 մլն դոլարանոց ներքին սպառման շուկան պետք է լրացվի Գյումրիում հիմնվելիք ձեռնարկությունի միջոցով: Այնուհետ կարելի է նաև կարգավորել դեպի ԵԱՏՄ շուկա և այլ երկրներ արտահանելու խնդիրները:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

Համայնքային կադրային կենտրոնի և մասնագիտական խմբերի ձևավորում:

Այսօր կան մի շարք ոլորտներ, որտեղ նոր աշխատատեղերի ստեղծման մեծ ներդրումներ չեն պահանջվում, այլ անհրաժեշտ է միայն համապատասխան մասնագետների գործունեության համադրություն: Այսպես մենք նախատեսում ենք ստեղծել համայնքի բնակչության կադրային տվյալների բազա, որ հնարավորություն կտա հասկանալու, թե ինչպիսի մարդկային ռեսուրսներ ունենք, ուստի որ ոլորտի ուղղությամբ է պետք մեր ուշադրությունը բևեռել:

Ձևավորում ենք իրավաբանների, տնտեսագետների, ծրագրավորողների, լեզվաբանների, լրագրողների, հաշվապահների, գործակալների, տուրիզմի մասնագետների և այլ ոլորտների հատուկ մասնագիտական խմբեր, որոնք կգործեն համայնքի կամ «Ալյանս» խմբակցության կողմից հիմնած կադրային կենտրոնում: Անհրաժեշտության դեպքում կիրականացվի ներգրավված մասնագետների վերապատրաստում և գործունեության վերապրոֆիլավորում: Մեծ տեղ կհատկացվի նաև կամավորական աշխատանքի խթանմանն ու խրախուսմանը:

Կադրային կենտրոնն իր համալիր ծառայությունները կառաջարկի թե՛ կայացած, թե՛ նորաստեղծ բիզնեսին: Այսպես տնտեսագետները կարող են շուկայի ուսումնասիրություն, կազմել բիզնես պլանը, մարկետոլոգները, PR մասնագետները կարող են զբաղվել տվյալ ձեռնարկության արտադրանքի բրենդինգով, գործակալները կարող են հոգալ արտադրանքի իրացման, շուկայի ընդլայնման հարցերը, իսկ լեզվաբանների ու ծրագրավորողների հետ միասին կփակեն նաև արտահանման հարցերը: Իսկ իրավաբաններն ու հաշվապահները կզբաղվեն այդ բիզնեսի օրինական կառավարման գործունեությամբ:

Սկզբունքորեն կադրային կենտրոնը բոլոր մարդկային ռեսուրսները կունենա ցանկացած նոր բիզնեսի կայացման ու զարգացման համար: Իսկ պոտենցյալ ներդրում կատարող անձը մասնագետների խնդիրներ չի ունենա: Նման ճանապարհով մենք հնարավորություն կունենանք նվազագույն ծախսերը ստեղծելու մի քանի տասնյակ, անգամ հարյուրի հասնող աշխատատեղեր:

Կադրային կենտրոնի առաջին ձեռնարկը.

Կադրային կենտրոնի հիմքով կիրականացվեն մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, անհրաժեշտության դեպքում դրանք կկազմակերպվեն նաև «e-learning» տարբերակով (ինչն առավել կարևոր կլինի ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց համար):
     Առաջնահերթ նախատեսում ենք կազմակերպել վեբ ծրագրավորման ու մարքեթինգի դասընթաց, որնավարտելուց հետո ուսանողները կաշխատեն կազմակերպության կողմից հիմնվելիք «Կայքերիպատրաստման ու սպասարկման կենտրոնում», որն իր համալիր ծառայությունները կառաջարկիհանրապետությունում գործող տարբեր հաստատություններին. դրանով կստեղծվեն մի շարքաշխատատեղեր: Նույն մեխանիզմով աշխատատեղեր ու կենտրոններ կստեղծվեն նաև այլմասնագիտություններով:
     Այս տարբերակն արդյունավետ կաշխատի անգամ փոքր ֆինանսական ներդրումների դեպքում, իսկհետագայում կյանքի կոչվեն արդեն ավելի լայնամասշտաբ ձեռնարկներ՝ արտադրություններ (կոշիկ, հագուստ, հյութեր, սննդամթերք, անգամ շինանյութ և այլն), որոնք բոլորը կաշխատեն սոցիալական բիզնեսիսկզբունքով:

Բիզնեսի զարգացման համար հատուկ պայմանների ստեղծում:

Նախատեսում ենք պետական կառույցների հետ համաձայնեցմամբ Գյումրիում ձևավորել ազատ տնտեսական գոտի, համայնքային հնարավորություններով խրախուսել և աջակցել ներդրումների իրականացմանը, նորաստեղծ բիզնեսի աջակցության համար տրամադրել անվճար մասնագիտական ծառայություններ, իսկ կայացող բիզնեսի համար ուղիներ գտնել ընդլայնման համար՝ ընդգրկելով Հանրապետության այլ տարածքները, ինչպես նաև այլ երկրներ: Հատուկ ուշադրություն են կենտրոնացնելու համար տնայնագործական բիզնեսի զարգացմանը:

Գյումրիում փոքր և միջին բիզնես ունեցող անձանց աշխատանքները խրախուսելու ու զարգացում տալու համար նախաձեռնելու ենք վարկային պարտավորությունները պետական միջոցներով մարելու ծրագիր:

Մենք նաև համակարգելու են, որ ձեռներեցության աջակցությանը վերաբերող պետական և միջազգային ծրագրերի ու դրամաշնորհների տեղայնացվեն Գյումրիում, որպեսզի հենց գյումրեցի ձեռներեցները կարողանան օգտվել ընձեռված հնարավորություններից:

Այն ոլորտները, որոնցում համայնքային գնումները հաճախակի բնույթ են կրում, իսկ այն ծառայությունները, որոնցից քաղաքապետարանը հաճախակի են օգտվում հնարավոր է սեփական ներուժով փոխարինել: Դրանով համայնքը հնարավորություն կունենա ոչ միայն նույն ապրանքների ու ծառայությունների համար բարձր գին չվճարելու, այլև տվյալ արդեն համայնքային ենթակայության բիզնեսի գործունեությունից մշտական եկամուտ ստանալու և քաղաքային բյուջեն համալրելու համար:

Սոցիալական բիզնեսի ներդրում:

Սոցիալական բիզնեսը՝ որպես այլընտրանք սոցիալիզմին ու կապիտալիզմին.

Առաջնահերթ սոցիալական բիզնեսը որևէ մեկին հարստանալու հնարավորություն չի տալիս. ձեռնարկատիրական եկամուտները որևէ մեկ անձ չի տնօրինում, այն համայնքի, խմբակցության կամ կից կազմակերպության ենթակայության տակ է ու կարող է ծառայել միայն սոցիալական նպատակների (նոր աշխատատեղերի ստեղծումից մինչև սոցիալական բարեգործության) համար:

Սոցիալական բիզնեսն ամբողջությամբ թափանցիկ է (սկսած գնումների գործընթացից մինչև աշխատանքի ընդունում), ինչն էլ հնարավորություն է տալիս խուսափել առկա միջոցների անհիմն վատնումից ու յուրացումներից:

Ամենակարևորը սոցիալական բիզնեսն ինքնաբավ բարեգործության մոդել է, որն հնարավորություն է տալիս ապահովելու հարատև գործուն մեխանիզմ հասարակությունն ավելի լավը դարձնելու համար: Մենք առաջնորդվում ենք էգալիտար հասարակարգի կառուցման տեսլականով, որում սոցիալականը բիզնեսը պետք է դառնա տնտեսվարման հիմնական միջոցը՝ դուրս գտնվելով վայրի մրցակցության տրամաբանությունից: Սոցիալական բիզնեսը լավագույն միջոցն է արժեքավոր հասարակական բարիք ստեղծելու համար:

Սոցիալական բիզնեսը միասնական ջանքերով արդար հասարակություն ձևավորելու մեխանիզմ է, որտեղ սեփական եկամուտների աճը հնարավոր է միայն համակարգի հետ միասին, այսինքն եթե բիզնեսի շահույթը աճում է, ուրեմն մեծանում է նաև դրանում ներգրավված յուրաքանչյուր անձի եկամուտները: Դրա համար աշխատակիցների վարձատվությունը կսահմանվի նվազագույն և առավելագույն շեմի հարաբերակցությամբ (ընդունենք՝ 1: 2-ի), իսկ աշխատավարձերի բարձրացումը հնարավոր է միայն ձեռնարկության եկամուտների աճի դեպքում:

Ձեռնարկության ղեկավարության ընտրությունն էլ կկատարվի ներքին ժողովրդավարության հիմունքներով: Ձեռնարկության ղեկավարին ընտրում են աշխատակիցները, յուրաքանչյուրը կարող է ստանձնել այդ գործառույթները (եթե ունի բավարար գիտելիքներ ու հմտություններ), իսկ դժգոհությունների առկայության դեպքում ձեռնարկության ղեկավարը կարող է փոխարինվել: Այս մեխանիզմի ներդրմամբ հավասար հնարավորություններ են ստեղծվում բոլորի համար, որը կարող է դրվել նաև մասնագիտական կարողությունների ընդլայնմանն ու ձեռնարկության աշխատակիցների ներքին մրցակցությանը:

Այս գաղափարների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացման մոտիվացիան մշտական կլինի ու կնպաստի զարգացմանը:

Սոցիալական բիզնեսի մեկ նախագծի իրականացման դեպքում մենք հետագայում հնարավորություն կունենանք ստեղծելու նորանոր ձեռնարկությունները, ի վերջո կառույցի եկամուտների զգալի մասը թիրախավորված գնալու է հենց այդ գործին: Արդյունքում ժամանակի ընթացքում տարբեր ոլորտներում կստեղծվեն տարատիպ կառույցներ, որոնցում կլինեն բազում աշխատատեղեր. վերջին հաշվով հնարավոր կլինի կարգավորել եւ՛ աղքատության, եւ՛ գործազրկության հիմնախնդիրը: Իսկ հետագայում նույն մեխանիզմով մեր գործունեությունը կտարածենք ոչ միայն Շիրակի մարզւոմ, այլեւ հանրապետության ողջ տարածքում, Արցախում եւ Սփյուռքում՝ ընդգրկելով նորանոր շուկաներ եւ նորանոր ոլորտներ:

Ինչպես ենք հիմնելու առաջին սոցիալական բիզնեսը:

Համայնքը կամ խմբակցությունը ձեւավորվում է բարեգործական հիմնադրամ, որում հանուն Գյումրու զարգացման դրամահավաքի միջոցով իրենց նվիրատվությունները կանեն տարբեր անձինք եւ կազմակերպությունները: Այս և նմանատիպ այլ ուղիներով հավաքագրված գումարները կուղղվեն Գյումրիում որևէ ձեռնարկության ստեղծմանը: Եթե գումարները բավարար չեղան նախատեսվող ձեռնարկության ստեղծման համար, ապա կներդրվի նաև բաժնետիրական հավելյալ համակարգ: Օրինակ նախատեսում ենք կառուցել հագուստի ֆաբրիկա, որի համար անհրաժեշտ է մոտ 200 մլն դրամ: Եթե բարեգործական ճանապարհով հնարավոր է եղել հավաքագրել այդ գումարի կեսը (100 մլն դրամ), ապա այդ ձեռնարկության եկամտի 50 տոկոսը ծառայելու է սոցիալական բիզնեսի գործին, այսինքն ընդլայնվելու է արտադրությունը, ստեղծվելու են նոր գործարաններ կամ իրականացվելու են բարեգործական ծրագրեր:

Իսկ պահանջվող մնացյալ գումարը ներդրվում է բաժնետիրական հիմքներով, այսինքն ընդունենք մնացյալ 100 մլն դրամ գումար հավաքագրման համար անհրաժեշտ կլինի, 200 քաղաքացի, ովքեր կտրամադրենք ընդամեն 500 հազարական դրամ՝ ակնկալելով համապատասխան եկամուտներ: Այս արդեն փոքր գումարների հայթայթման համար էլ կարելի է անգամ պայմանավորվածություններ ձեռք բերել ֆինանսական հաստատությունների հետ:

Հարյուրավոր բաժնետերերի վստահության ձեւավորման նպատակով այդ բաժնետիրական ընկերությունը ղեկավարվելու է համայնքային կամ հասարակական կառույցի կողմից, իսկ գումարների յուրացումից խուսափելու համար ֆինանսական գործեունեությունն ամբողջությամբ թափանցիկ է իրականացվելու՝ գնումներից մինչեւ աշխատավարձեր: Ասենք՝ աշխատավարձերի համար սահմանվում է որոշակի նվազագույն եւ առավելագույն թվերի հարաբերակցությամբ՝ սոցիալական հավասարությամբ պահպանման նպատակով, եթե ձեռնարկության տնօրենի աշխատավարձը 300 հազար է, ապա աշխատակիցների նվազագույն աշխատավարձը չի կարող 150 հազարից պակաս լինել: Իսկ հետագայում աշխատավարձերի աճ հնարավոր է միայն միասնական համակարգով:

«Ալյանս» կուսակցության պայմանագիրը գյումրեցիների հետ

Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4075 | 0 | 0
Facebook