Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱԽՏԱԿԸ

20:33, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
ԲԱԽՏԱԿԸ

Գարեգին Շառոյանի պայծառ հիշատակին


    

Երկար ու ձիգ, կպչուն գիշերը ճզմում է կուրծքդ՝ դժվարացնելով շնչառությունը: Աղմուկով զարկում է սիրտդ, անհույս ճգնելով հեռացնել, լուծել ցավը, որ դաժան մի օղակի պես սեղմում է գլուխդ:

Դժվարությամբ, տրորված անկողնում փոխում եմ դիրքս՝ հուսալով գտնել ավելի հարմարը: Իզուր: Երևի ինձ համար այլևս հարմար դիրքեր չկան: ՈՒրեմն՝ դարձյալ, ինչպես վերջին ժամանակներս, ստիպված եմ լինելու մենամարտել այս հյուծող, անխնա ցավի դեմ, և միայն այգաբացին կհաջողվի մատնվել մոռացության՝ սուզվելով մղձավանջների մեջ, ու գեղադիտակի նման, միմյանց հաջորդում են պայթյունները, փայլատակումները, որոտ ու ոռնոց՝ խառնված նախամահյան ճիչերին:

Դողդոջուն ձեռքով միացնում եմ գլխավերևիս լամպարը, շոշափելով գտնում ծխախոտն ու հրահանը, ծխում եմ: Լույսը տհաճորեն կուրացնում է, և ես լամպարը շրջում եմ: Մի քանի անգամ ագահորեն ծուխ եմ ներշնչում, հենվում եմ բարձին ու դիտում շուրջս:

Ամեն մանրամասնությամբ ծանոթ դասավորություն՝ գրասեղան, բազկաթոռ, գրապահարան, դարակներ, հեռուստացույց, էստամպներ՝ կիսախավարում մի տեսակ հանելուկային, անսովոր տեսք են ստացել: Հայացքս կանգ է առնում ճերմակ բծի վրա, որ ընդգծվել է պատին նետված լամպարի լույսից: Կարճատև, անմիտ սևեռումից հետո, սկսում եմ ուշադիր զննել: Մատիտով արված փոքրիկ ճեպանկար է վատմանի թղթի վրա, խնամքով ամփոփված հասարակ, փայտե շրջանակում: Նկարից ինձ է ուղղված հասուն, մորուքավոր տղամարդու մի դեմք, բերետը գլխին: Մի երկու ժլատ գծեր նշում են, որ հագին աֆղանկա է, և գծավոր ծովային շապիկ:

Նկարչի ձեռքը մանրակրկիտ գծագրել է աչքերը, իսկ ողջ մնացածը դարձրել հենք այդ աչքերի համար: Աչքերն ապրում են ինքնուրույն կյանքով, ձգում են դեպի իրենց, նրանք շփման մեջ են մտնում դիտողի հետ, նրանք պատմում են, ստեղծում ու ճառագայթում դեպքերի, իրադարձությունների ընդհատ պահեր, որոնք պայծառ ու կենդանի հատվածներով արտապատկերվում են իմ հիշողության մեջ…

…Ամառվա վերջն էր: «Արծիվ» հպարտ անունով հատուկ գումարտակը, որ շտապ կարգով ձևավորվել է աշխարհազորային վետերաններից, սգավոր լռությամբ շարվել է «Եռաբլուր» պանթեոնի տարածքում: Այստեղ կամավորականներն են թաղված, որ իրենց կյանքը տվեցին հայրենիքին, այս նզովյալ, պարտադրված պատերազմում: Տապանաքարերը մեզանից թաքցնում են ռազմիկներին, որոնց հետ շատերս միացած ենք եղբայրական կապերով, այսինքն՝ ոչ միայն ռազմաճակատային: Հիմա մենք նրանց առաջ էինք երդվում, «Կանգնել ի մահ…»:

… Գիշերային ծածուկ մարշ-անցում, հայտնվեցինք ռազմաճակատի մի հատվածում, ուր թշնամին խտացրել էր հարվածային ուժերը և անարգել մղվում էր առաջ: Պաշտպանությունը բաղկացած էր ընդամենը տեղացիների մի քանի փոքրիկ ջոկատներից, որոնք նշանակալի կորուստներ էին կրում, և մեծ դժվարությամբ էին դիմագրավում հարձակումը: Ճեղքման հնարավորությունը դառնում էր գրեթե անխուսափելի, մի բան, որ կտրուկ պիտի վատթարացներ ընդհանուր վիճակը և բացեր թշնամու ճամփան դեպի բնակավայրերը, դեպի խաղաղ ազգաբնակչությունը:

Մենք դիրքեր գրավեցինք, և խրամատավորվեցինք:

ԵՎ այստեղ մեզ սպասում էր երդման կատարումը…

…Լուսանում է: Զրնգուն լռությունը հագեցած է անձայն սպառնալիքով, նույնիսկ թռչուններն են լռում, կարող է նրանք ընդհանրապես չկան, թռել, հեռացել են այստեղից: Չէ որ բնության մեջ ոչ մեկն ի վիճակի չէ տանել այս սարասփը, ստեղծագործված մարդկության կողմից, ինքնաոչնչացման նպատակով, որ սիրով և համառությամբ կատարելագործվում է քաղաքակրթության զարգացմանը համաչափ… Ոչ ոք չի կարող տանել պատերազմի այս գարշաձայնությունը, առատորեն ոռոգված արյամբ, ցավով և քայքայման ամենուր թափանցող նեխահոտով, մահվան հոտով:

Բայց ոչ, նայում եմ գործնական վազվզող մրջյուններին, երևի սրանց միկրոաշխարհում այս մակրոիրադարձություններն ընկալվում են գրեթե այնպես, ինչպես մարդկությունն է ընկալում գերհզոր աստղերի պայթյունները Տիեզերքի ինչ որ մասում:

Հանկարծ, չգիտակցված մի բան ստիպում է զգուշանալ, բոլոր զգայարանները գազանի հանգույն լարվում են, կլանում են լռությունն. ու որսում այն խախտող ինչ որ բան: ՈՒղեղը, հնազանդ վերամշակելով աղքատիկ տեղեկությունները, արտաբերում է միանշանակ պատասխանը. Զրահատեխնիկա, շարժիչի հռնդյուն: Անմիջապես դիրքերից շղթայական հաղորդվում է. «ՈՒշադիր, տանկեր»:

Հեռվում հայտնված փոշու ամպ, որ հետզհետե վերածվում է սեպի՝ մեկ տանկ և երկու հետևակի զրահամեքենա: Արդեն անզեն աչքով կարելի է տարբերել զրահին խտությամբ ծեփված կերպարանքները, և հետևակի շղթան, որ սփռվել է նրանց հետևից:

Տանկն ու զրահամեքենաները ընթացքից ցրիվ կրակ են բացում, շոշափելով պաշտպանության գիծը:

Մեր դիրքերը լռում էին, մոտ թողնելով թշնամուն «ֆագոտների» նետընկեցի տարածք: Դրանց արկերը գործում էին մինչև երկու կիլոմետր հեռավորության վրա:

Թշնամու թնդանոթներին միացան խոշոր տրամաչափի գնդացիրները, դղրդյունն ու հրային ալիքը անողոքաբար մոտենում էին, և, թվում էր այլևս ոչինչ չի կարող կանգնեցնել այդ զրնգացող ու մահ ժայթկող զրահապատ գութանը, որն ընդունակ էր անարգել կտրատել պաշտպանների նեղ գիծը: Ահա, հաճախակի դարձան ավտոմատների կրակահերթերը՝ հակառակորդի հետևակն էր անցնում գրոհի, ճոխացնելով պատերազմի աստված Մարսի սիմֆոնիան…

Բայց հետո ամեն ինչ ընթացավ մեր սցենարով: Հիանալի աշխատեցին «ֆագոտիկները», և զրահապատ հրեշները վերածվեցին անարժեք, ծխացող մետաղակույտերի: Մեր գնդացիրները գործը հասցրին տրամաբանական ավարտին:

Անսպասելի կրելով անսովոր մեծ կորուստներ և՛ տեխնիկայի, և՛ կենդանի ուժի մեջ, հակառակորդը նահանջեց: Մեր ռադիստներին հաջողվեց եթերից որսալ հրահանգների, զեկույցների պատառիկներ: Ընդ որում, դրանք հնչում էին բաց տեքստով, մի բան, որ ինքնին պարզում էր, թե ինչ է այնտեղ կատարվում: «Այստեղ մսաղաց է… բոլորը կոտորվեցին… Այս ինչ զորքեր են այստեղ կանգնած… Օգնեցեք… Նրանք հիանալի զինված են… Տեխնիկան այստեղից չի անցնի… Օգնություն ուղարկեք…»:

Մարտից հետո դադարը լրացվում էր վիրավորների օգնությամբ /կորուստներ չունեինք/, քննարկվում էին մանրամասները, կտորները, տպավորություններ էին փոխանակվում, և այդ ամենը տաքացած, հուզված, փայլատակող աչքերով, կտրուկ շարժումներով, և ավելի բարձրաձայն, քան պետք էր՝ արագ լցնելով դատարկված պահունակներն ու ժապավենները, և հապշտապ սնվելով. զբաղվում ենք խրամատների ու խանդակների կարգավորմամբ:

ԵՎ հենց նույն պահին սկսվեց: Մեր դիրքերն «արդուկեց» թշնամու հրետանին: «Գրադը», հաուբիցներն ու ականանետները, փակ դիրքերից այնպիսի առատությամբ էին արկեր ու ականներ տեղում, որ պաշարների անսպառության պատրանք էր ստեղծվում: Խլացած, ծխախեղդ ու հողածածկ մենք սպասում էինք: Վերջապես լռություն տիրեց: Օրվա առաջին կորուստներ, խցված կոկորդ, սեղմված բռունցք, ատելությունից աղավաղված դեմքերը ողջերի, և աչքեր, որոնց մեջ կարդացվում էր թշնամու անդառնալի դատավճիռը…

…Օրեր, հագեցված միալար ու միաժամանակ դեպքերի սրնթաց արագությամբ, առլեցուն կորուստների մեծ վշտով ու փոքրիկ ճակատային ուրախություններով:

«Գրադները», հաուբիցները, ականանետները, տանկերի ու զրահամեքենաների հրանոթնորը կանոնավոր ագրոտեխնիկական աշխատանքներ էին կատարում մեր դիրքերում, և այնպիսի հաջողությամբ էին հերկել սիմինդի դաշտն ու թփուտները, որ եթե տեղական մի հողագործ հայտնվեր այստեղ, ոչ մի կերպ չէր ճանաչի հարազատ հողերը:

Իսկ մենք, բառացիորեն խրվում էինք հողի մեջ, այնպիսի խորամանկ ու խոր բներ կառուցելով, /փառք Արարչին՝ ստեղծելն ու կառուցելը հայ ժողովրդի ազգային գիծն է համարյա գենետիկ մակարդակի վրա/, որ միայն դիպուկ ռմբակոծումը, այն էլ ոչ միշտ, այդ թաքստոցները դարձնում էր եղբայրական գերեզման. Մնացյալ դեպքերում հարազատ հողը մեզ անվնաս պահպանում էր: Տղաները ծիծաղում էին. «Արծվի ճտերը համատեղության կարգով նաև խլուրդ են»:

Հրետակոծության երկարատևությունը մեզանից շատերին վարժեցրել էր այդ թնդյունների տակ անխռով քնել մեր թաքստոցներում: Այդ ժամերին միայն աստծո և ճակատագրի վրա էինք հույս դնում, սթափ տրամաբանելով, որ ինչին վիճակվում է լինել՝ պիտի կատարվի: Հրետակոծությունն օրորում էր, մինչդեռ վրա հասած լռությունն անմիջապես ընդհատում էր քունը և, տառացիորեն շպրտում էր մեզ խրամատներն ու խանդակները եզրափակող հողապատնեշին: Դա նշանակում էր, որ հակառակորդը, արդեն որերորդ անգամ, համոզվում էր իր «հերկման» բարձր արդյունավետության մեջ, դարձյալ փորձում էր գրոհել մեր ամրությունների վրա:

ՈՒ դարձյալ կարճ մարտ, կատաղի, անխնա, մեծ կորուստներ կրելով ողջ մնացածները փախչում են: Մենք էլ ենք կորուստներ կրում, ճիշտ է՝ մեր կորուստները հիմնականում հրետակոծությունից են, քանի որ թշնամու հրետանին լռեցնելու համար մենք գործնականում ոչինչ չունենք:

Պատահում են նաև լռության բայրացակամ րոպեներ, երբ ոչ կրակահերթեր կան, ոչ՝ գրոհներ: Այդ պահերին մենք դուրս ենք սողում մեր որջերից, հավաքվում ենք փոքրիկ, հարմարավետ շրջանակներով, ու ծուխ արձակում: Արագոտն ջահելներն ինչ որ ուտելիք են ճարում. մեկ՝ վայրի տանձի պտուղներ, պայթյունից տապալված ծառից, մեկ՝ սիմինդի չհասած հատիկներ, հատապտուղ, ուտելու խոտեր, որ խիստ առատ է այս կողմերի բերքատու հողերում:

Գարիկը պլանշետից հանում է խնամքով պահված թղթապանակը՝ վատմանի թղթերով, մատիտներ, ու սկսում է տղաների ճեպանկարներն անել: Նա աշխատում է կլանված, արագ ու զարմանալի թեթևությամբ փոխանցում թղթին կերպարներն ու բնավորությունները: Գարիկը խոստանում է տուն վերադառնալուց հետո այդ բոլորը վերածել իսկական դիմանկարների, հնարավոր է, նույնիսկ յուղաներկով:

Այդպես ես էլ հայտնվեցի սպիտակ թղթի վրա…

Երբեմն ինձ թվում է, որ մահվան հնագույն պատկերումը, ժանգոտ գերանդով ոսկրոտ պառավի տեսքով, հնացած պատկերն է փորձառու ռազմիկի «Կալաշնիկովի» գնդացիրը ձեռքին, քանի որ մարտի դաշտում, լավ դիրքավորմամբ և բավարար զինամթերքով, գնդացրորդը հնձում է թշնամու հետևակը այնպիսի բարձր ՕԳԳ-ով, որ նույնիսկ երազում չեն տեսել ժամանակակից խոտհնձիչների գյուտարարները:

Երկու օր առաջ շարքից դուրս եկան մեր ռադիստն ու գնդացրորդը, բարեբախտաբար, միայն վիրավոր:

Ճուտը /նրան քնքշորեն այդպես էինք կոչում/ ամենաջահելն է մեզանից, բայց արդեն փորձված գնդացրորդ է, բոլորի սիրելին, անընդհատ ժպտացող, չվհատվող ու անսահման խիզախ: Հոսպիտալ ուղարկվելուց առաջ, խիստ նայելով աչքերիս, ասաց.

-Գնդացիրս տալիս եմ անձամբ քեզ, բայց որոշ ժամանակով: Մի քանի օրից կվերադառնամ ու ետ կվերցնեմ: Պահպանիր քեզ ու նրան: Եղա՞վ:

…ՈՒ դարձյալ հրետակոծությունները հերթագայում են հետևակի գրոհներին; Կրակագծում Գարիկի հետ ենք: Մեր գնդացիրը շատ հարմար է տեղավորված, տեսադաշտը և գնդակոծման լայն հատվածը մեր պաշտպանությունը դարձնում են գործնականում անխոցելի հակառակորդի կենդանի ուժի համար, և գնդացրային կետի համար իսկական որս է գնում: Մեկ գնդակ է շրխկում կողքդ՝ նշանաձիգն է աշխատում, մեկ հաուբիցն է մեծ խնամքով արկը արկի վրա դարսում: Զգացվում է, որ կրակը սրբագրվում է դիտորդ–հետախույզի կողմից: Ժամանակն է տեղը փոխել. արդեն մոտ են խփում, վտանգավոր է: ՈՒնկը նրբորեն արձագանքում է հրետանու կրակոցներին, և համապատասխան փորձի միջոցով որոշում՝ գերթռիչք, պակասող թռիչք: Սա մերն է:

Ահա խուլ տնքաց հարյուր քսան տրամաչափի հաուբիցը, դադար, և ավելի վստահ. «Մերն է…»: Բերանքսիվայր շպրտվում ենք խրամատի հատակին:

Բռնկում, որոտ, մի գազանային ոռնոց է դուրս պրծնում ճզմված կրծքից, և վրա է հասնում սև ոչինչը: Վայրկյանաբար էլ վերադառնում է գիտակցությունը՝ ողջ եմ: Կանչում եմ Գարիկին, կողքիս ինչ որ շարժում է, բարձրանում ենք, թափ ենք տալիս մեզ, բացարձակ լռություն է, մարմնիս աջ կողմը թմրած է, աջ ձեռքս մտրակի պես կախ է ընկել, համազգեստն այդ կողմում ուռչում է արյունից: Նայում եմ Գարիկին: Կողքիս ինչ որ շարժում է, բարձրանում ենք, թափ ենք տալիս մեզ, բացարձակ լռություն է: Մարմնիս աջ կողմը թմրած է, աջ ձեռքս մտրակի պես կախ է ընկել: Համազգեստն այդ կողմում ուռչում է արյունից: Նայում եմ Գարիկին. նրա ականջներից ու քթից արյուն է ցայտում: Ձախ ձեռքով շոշափում եմ երեսս՝ նույն բանն է: Պարզ է, պայթյունի ալիքն է, դրանից է խլացածությունը: Գարկիկը դուրս է նայում խրամատից, և ինչ որ բան է բղավում, շուրթերի շարժումից հասկանում եմ. «Գրոհ»: Շարժումով հասկացնում եմ, որ մի ձեռքով գնդացրից գլուխ չեմ հանի: Գլխի հասկացող շարժումով Գարիկը փորումհանում է հողով ծածկված գնդացիրը: Օգնում եմ տեղադրել, կարգավորում եմ իր տեղում ժապավենը, հարմար տեղադրում պահատուփը: Փորում հանում եմ ավտոմատը, և փափշտակալներով կիսապայուսակը: Դուրս եմ նայում, գրոհողների շղթաները մոտենում են կարճ վազանցումներով: Ձախ ձեռքով, ժլատ կրակահերթերով նպատակային խփում եմ հարձակվողներին: Պահվածքն ու շարժումները բնազդային վիճակում են, և միայն տրոփող մի միտք կարգավորում է կրակը. «Հանգիստ, հանգիստ, պետք է խնայել փամփուշտները…»: ԵՎ նույն պահին գնդացիրն էլ կենդանացավ: Գարիկի ձեռքերում, միանգամից ետ շպրտելով հետևակի նոսրացած շղթաները դեպի սկզբնական սահմաններ: Մի խոսքով դուրս պրծանք: Քիչ շունչ ենք առնում, և հերթական գրոհը…

Միայն մայրամուտից հետո մենք հասանք մերձճակատային դաշտային /ավելի ճիշտ՝ անտառային/ հոսպիտալ, ուր մեզ ցույց տվին անհրաժեշտ օգնություն: Ինձ մոտ հայտնաբերվեցին բազմաթիվ մակերեսային բեկորային վերքեր, մարմնիս աջ կողմում բուժքույրը ութսունչորս վերք հաշվեց/, բեկորներն անմիջապես, առանց թմրեցման հեռացրեց ջահել, համառ բժիշկը: Գործողությունը ցավազրկվում է կատակներով և զվարթ խրախուսանքով: Գարիկը ոչ մի բեկոր չուներ, բայց երկուսս էլ կարգին կոնտուզիա էինք ստացել:

Մեզ հանվեցրին, պառկեցրին, և մենք անջատվեցինք մի երեսուն ժամով՝ վաղուց չէինք հանվել ու ծածկվել վերմակով: Երբ արթնացանք, մեզ կերակրեցին, փոխեցին իմ վիրակապերը, հարմար կախեցին աջ ձեռքս, ու մենք, վերցնելով ավտոմատներն ու վիրակապի տոպրակները, փախանք բժշկական մասից մերոնց մոտ, առաջին գիծ, լավ իմանալով, որ այնտեղ ամեն զենքի փողը ոսկու գին ունի:

Տղաները մեզ ուրախությամբ ընդունեցին, պատմեցին անցած օրերից, և ծաղրում էին Գարիկին, իբր ոնց նա կարողացավ խուսափել նույնիսկ փոքրիկ քերծվածքից: Բոլորը խնդրումէին գործնականում ցուցադրել բեկորները կողքինի վրա արտանետելու վարպետությունը, և ի վերջո նրան կնքեցին «Բախտակ» մականունով: Գարիկը ժպտալով ետ էր մղում կատակները, խոստանալով առաջին իսկ հարմար դեպքում ցուցադրական ելույթներ կազմակերպել…

Օրերը թռչում էին օրերի ետևից: Մեզ հաջողվեց կոտրել հակառակորդի ճիգերի ողնաշարը: Խուլ պաշտպանությունից մենք անցանք հակահարձակման, ու գրավեցինք իշխող դիրքերը, որ մեզ հնարավորություն տվեց լիովին հսկել տեղանքը: Մեզ հրետանի տվեցին, ճիշտ է՝ արկերն այնքան էլ շատ չէին, բայց դա էլ բավական էր, որ թշնամու մարտկոցներն իրենց չզգային առաջվա պես լիովին ախոցելի: Մեր գումարտակը մեծապես քանդված ու նոսրացած պատրաստվում էին փոխարինել թարմ զորամասելով, իսկ մեզ տեղափոխել հանգստի և կազդուրման:

Մարտերի միջև եղած դադարները դարձյալ լցվում էին իրար գլխի հավաքվելով, ծխելով և կատակներով, երազանքներով ու ապագայի ծրագրերով: Այս անգամ էլ հանկարծ ամեն ինչ լռեց. Խաղաղվեց, ոչ մի կրակոց, պայթյուն: Մենք դուրս եկանք թաքստոցներից, ու խմբերով տեղավորվեցինք ընդարձակ, կանաչ մարգագետնում /հասկանալի է՝ բացի դիտորդենրից/ ըմբոշխնելով լռությունն ու ծխախաոտի բույրը:

Միայնակ, բազմաճյուղ ու փչակավոր, գեղեցիկ կաղնու մոտ, որն իր կյանքում շատ բան էր տեսել, հարմարավետ տեղավորվեց մի խումբ, ես ու Գարիկը դրանց թվում:

Մայրամուտն ու խաղաղությունը հանդարտեցնող ազդեցություն էին թողնում, և չէիր ուզում հավատալ, որ պատերազմը պարզապես թաքնվել է իր հերթական, արյունոտ զոհի սպասման մեջ: Ես մի զինվորի հետ ոտքի ելա ու մենք դանդաղ գնացինք մոտակա աղբյուրը լվացվելու, և ջրամանները թարմ ջուր լցնելու: Բայց մի րոպե չանցած հակառակորդի կողմից բնորոշ շրխկոց լսվեց: «Ականանետ» պարզեցինք լսողությամբ, և անմիջապես ականի յուրահատուկ սուլոցը հուշեց. «Մերն է, և խոշոր տրամաչափի»: Ակնթարթում փռվելով գետնին, սպասեցինք պայթյունին, բեկորները ոռնոցին, ապա ոտքի ցատկեցինք:

Ականը, մեն-միակը, մի տեսակ խելառ, նետված անողոք ու չար ճակատագրի ձեռքով, ընկավ կաղնու մոտ, և մեր երկու ընկերների կյանքը խլեց: Երեքն էլ վիրավորվել էին:

Զոհված երկուսից մեկը մեր Բախտակն էր…

Ժամանակակից մարտը գործնականում պարզորոշ ցուցադրությունն է բալիստիկայի և ակուստիկայի սոսկալի խառնուրդի, հարաբերականության տեսության և հրատեխնիկայի, կենսաքիմիայի, ադրենալինի ճնշման տակ, և ֆիզիոլոգիայի, էլեկտրոնիկայի և օպտիկայի… և բազում այլ գիտությունների, տեսությունների ու բարձր տեխնոլոգիաների, բայց հիմնական և վճռորոշ մասն այդ դիվական շփոթի, որ մարտի ելքն է վճռում, մնում է մարդկային գործոնը;

Սպառազինության ցանկացած առավելություն, զինապաշարի, արտահագուստի և գույքի՝ ոչինչ է մարդու համեմատ, որ օժտված է անվհատ խիզախությամբ, և մեծ ձգտումով, ազատագրելու իր հայրենիքը, և սրան հազարավոր օրինակներ կան մարդկության պատմության մեջ: Այս բավական հասարակ ճշմարտությունը, որ մեկ անգամ չէ հնչում էկրաններից գեղարվեստական ստեղծագործությունների էջերից, զինվորական հուշերի ժլատ տողերից, դառնում է խոր ու ապշեցուցիչ կերպով տարողունակ, երբ նրան հանդիպում ես մարտի դաշտում:

Լուսանում է, ահա և վերջացավ ծանր, տանջող գիշերը, ցավը մի փոքր թուլացնում է իր անխնա ճնշումը, առջևում օրն է՝ իսկ հետո՞… Դարձյալ մենամարտ ցավի հետ:

Նայում եմ իմ դիմանկարին, մտովի հասցեագրելով նրան հարցերս, աչքերը պատասխանում են հանգստությամբ ու հասկացողությամբ, ճառագելով կարեկցանք ու էլի ինչ որ բան…

ՈՒրեմն ես մենակ չեմ, ուրեմն ես դաշնակից ունեմ, ուրեմն ետ կշպրտենք թշնամուն;

ՖԵՈԴՈՐ ԱԲԱՋԵՎ

Թարգմանությունը՝ ՎԱՀԱՆ ՏԵՐ –ՂԱԶԱՐՅԱՆԻ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4109 | 0 | 0
Facebook