Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԱՐԻԿ ՇԱՐՈՅԱՆԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

17:38, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
ԳԱՐԻԿ ՇԱՐՈՅԱՆԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

/Հուշագրություն/


    

1992թ. սեպտեմբերի 22-ն էր: Անկախության առաջին տարելիցի հաջորդ օրը:

Սեպտեմբերի 21-ին դիրքերը նոր էին կարգավորել:

Արդեն Արծիվ-մահապարտները հոգնել էին: Գարիկը գալուն պես ձեռնամուխ էր եղել «Արծիվ 2» -ի անձնակազմին անհրաժեշտ տեղամասերում անվտանգ բաշխելու պրոցեսին, խրամատավորվելու և չվախենալու, առաջ գնալու, մի խոսքով Մարտական փորձը հաղորդելու գործընթացին:

Երբ առավոտյան նախապատրաստեցի ականանետների տեղափոխության և անձնակազմի տեղավորման սխեման, կազակներին առաջադրանք տվեցի՝ վերցնել ականապատման համար անհրաժեշտ հակահետևակային ականներ (մին), վրան, սննդամթերք, լապտերներ, և Սեմերջյան Արկադիայից՝ մեկ հաշվարկ հրետանավորներ:

Առավոտյան, երբ մեր զրահագնացը տեղ հասավ, նկատեցի, որ կազակների Վասյան մոռացել է ձողերը, երկրորդ վրանը և այլ պարագաներ: Այնուամենայնիվ, կանչեցի Գարիկին, Գագիկին, Ֆյոդրին ու Մարտինին, որ ձորակի ականապատմանը մասնակցելու, և փոխարինման պատրաստվելու անհրաժեշտ հանձնարարություններ տայի: Գարիկը համառորեն չէր համաձայնվում, և Վաղուհասի մարտիկներից երկուսին նույնպես պարտադրել էր իր տեսակետը՝ մնալ ևս տաս օր: Սակայն ես (քանի որ նա ցնցակաթված էր ստացել, և ոչինչ չէր լսում), հրամայեցի.

-Քո հեքիաթներն անտեղի՛ են, գնա և իջացրու մահապարտներին Վաղուհասի բարձունքից ձախ գտնվող 3-րդ դիրքից մինչև 6-րդ դիրք ընկած հատվածից:

Նա սկսեց կռնատ պապի հումորը, թե՝ «Ես կմնամ քո մի թևի փոխարեն, թող քո գլուխն աշխատի և իմ մեխանիկական թևը, հո աչքերս էլ լավ են տեսնում» ... Գլխարկը քաշեց աչքերին՝ «Դե լավ, բարձրանում եմ...»:

Ես շուռ եկա, Հովսեփի հետ գոտիներին կապեցինք ականները, կազակների բարձրացրած աղմուկը սաստեցի, և Մարտինի, Մուրադի և Ֆյոդրի հետ ականներ շարելով գնացինք, շարժվեցինք ընկած հաստ ծառի բնի երկայնքով ու ձորակի № 1 տեղամասը ականապատելու նպատակով վերցնելով «սապյորնի բահերը», և... ինչ պատահեց հանկարծ: Մարտինը, որ հիանալի երաժշտական լսողություն ուներ, հրեց ինձ ու Ֆյոդրին տապալված հաստաբուն հատված ծառի վրա երկայնքով, մենք հասկացանք, որ աղմուկի վրա հակառակորդի սարքերը արձանագրել էին մեր տեղը... Մեր վրա էր սուրում 120մմ-ոց: ականանանետային արկը: Պառկեցինք: Հետո շուռ եկանք, ու ինչ տեսանք. Սեյրանի ծառի տակ ընկած է Մուրադը, քիչ այն կողմ՝ Հովսեփը, որ բարձրանալով նետվեց դեպի Մուրադը: Մենք նույնպես մոտեցանք, իմանալով, որ ինձանից միայն ավոմատին ամրացված ժգուտն է պետք բազկի արյունահոսությունը կանգնեցնելու համար, մոտեցա, այն տալուց հետո տեսա, որ Գարիկը դեռևս նույն փոսում է թիկնած ու գլխաբաց... Գոռացի.

-Ի՜նչ է, խո՞ւլ ես, դեռ չես բարձրացել...

Ձեռքս խփեցի թիկունքին, ու հանկած մատներս արյունոտվեցին: Գոռացի.

-Անժելա, Անժե՛լ, Գարիկը վիրավոր է: - Նա չէր լսում:

Վազեցի ներքև, մոտ 25 մետր, և ի՛նչ տեսա. վրանի մոտ գետնատարած ընկած էին երկու կազակներ, իսկ ավելի ներքև՝ ականանանետի մոտ գնդացրորդ Համիկն էր, որին փորձում էր վիրակապել Անժելան: Սակայն զուր էր, Համիկը այլևս չէր շնչում:

ԵՎ լացակումած Անժելայի հետ բարձրացանք, և մոտեցանք Գարիկին: Անժելը դիմացից ձեռքը դրեց կրծքին, և արյուն հորդեց: Ես թեքվեցի դեպի Գարիկը, գլխարկս արյունոտվեց- «Փրկի՜ր, Անժել» ... ո՜նց ... փորձեցինք արյունը կանգնեցնել՝ ապարդյո՛ւն: Չորսից ավելի խրված ականային բեկորներ դուրս եկան, մեծ վիրակապ դրեցին իմ մայկայով փաթաթեցին, բայց ոչինչ չէր օգնում:

Ֆյոդրի ու Մարտինի հետ Գարիկին տեղափոխեցինք զրահամեքենայի վրա, սակայն ոչ մի արձագանք, փրկություն չկար:

Զոհվեցին յոթ հոգի, այդ թվում չորսը կազակ:

Ռադիոկապով Արկադիին հրամայեցի.

-Այո՛, լռեցրու ոչ միայն դրանց, այլ քանդի՛ ողջ հրետանին, «գրադ» Ժորայի հետ կապվիր, հավասարեցնի գետնին:

Քիչ հետո դողաց հողը, կրակ ու բոցը տիրեց անտառին և հարակից բացատին:

-Հառա՜ջ, դեպի Գետավան և Չափառ...

Երբ հաջորդ օրը, սեպտեմբերի 23-ին վերադարձա շտաբ, այնտեղ հասկացա, որ տղաներից ոչ ոք ողջ չի մնացել:

Հիշեցի, երբ Գարիկին ուղարկում էի մեր զոհված ընկերոջը՝ Հրաչին հարազատներին հանձնելու, հուղարկավորմանը մասնակցելու՝ 3 օր ուզեց: Հիմա նայեցի տղաներին, որ ուղեկցելու էին նրան, թույլ տվեցի չվերադառնալ. «Կարող եք հետո տուն գնալ»:

Սիրտս մղկտում էր:

Իսկ մենք մնացինք, շարունակեցինք այդ երեք օրը «Արծիվ 2-ի» հետ, պատրաստեցինք, նրանց հանձնեցինք դիրքերը:


    

...Գարիկին գիտեի դեռևս 1989թ.-ից, նույն ազգային ազատագրական պայքարից: Իր ողջ ընտանիքով իմ ընտանիքի հետ միասին միշտ շարժման մեջ էր: Հիշում եմ, թե այն ժամանակ, երբ Քասախի և Նաիրիի շրջանի ջոկատների հետ էր, թե երբ արդեն Հատուկ գնդի Նոյեմբերյանի շրջանի վաշտի հրամանատար, ով «Կոլցո» օպերացիայի ժամանակ բազմաթիվ գրոհներ է ետ մղել, դիմագրավել բոլոր պրովակացիաներին, ազատագրել Յուխարի և Աշավի-Ակսիբարը /Վերին և ներքին Ոսկեպար/, մասնակցել է Բաղանիս –Ղուշչի-Այրումի ազատագրմանը, միևնույնն է՝ նա միշտ եղբայր էր, առաջնորդ, հրամանատար, որ սիրում էր իր զինվորներին, որ ճակատից ճակատ փորձառություն ձեռք բերելով, ինչպես բոլորս, «ինքակրթվելով» դարձել էր լիովին զինվորական:

Հիշում եմ, երբ Երևանում էր, բարձրահասակ, առնական, պիրկ կառուցվածքով երիտասարդ զինվորական, երիտասարդ հայր, որ բարձրացնում մեկ ձեռքով իր երկու տղաներին և «տեղակայում» պահարանի գլխին... կառչելով իջնում է աստիճաններից, և մատներով օղակի շարժումներով նրանց հետ պարապում:

Տղան՝ Վահագնը, մտերիմ էր ինձ հետ... ինքն էր ինձ բացատրում, ուշադիր լսում, հաստատում էր թե՝ ես էլ եմ ուզում զինվորական դառնալու:
     Շատ դժվարին օրեր ենք անցել միասին՝ Նոյեմբերյանում, Սիսիանում, Իջևանում, Վարդենիսում ու Մարդակերտում: Զինամթերքից մինչև զորանոցների և զինապահեստների շինարարության զրահատեխնիկայի մոդելավորումից և վերանորոգումից մինչև զենքի արտադրություն:

Շատ էր սիրում թե՛ Արցախը, թե՛ Նոյեմբերյանը, թե՛ հատկապես Ջավախքը, ձեռնամուխ էր եղել նրանց զինելու և օգնելու գործին, անգիր գիտեր հայրենի հողի գույնը, անտառի, ծառի թե աղբյուրի և ժայռի, քարանձավի տեղը:

Ընդունվեց ՆԳ սպայական բարձրագույն ինստիտուտ, սակայն քննություններից հետո մեկնում էր ճակատ: Հիշում եմ, քննություններից մեկի ժամանակ (շորերը լվացել էր, դեռ թաց էին), երբ հագավ իմ շորերը. տաբատը մի տաս սանտիմետրով կարճ էր, գուլպաները երկարացրինք, հագավ սապոգներ, որ բացը ծածկվեր, չնկատեին, ու գնաց քննության: Եկավ թե՝ «Հինգ ստացա»:

Երբ հարց էին տվել, թե «Ինչո՞ւ Հայաստանը բաժանվեց երկու մասի...»: Նայել էր իր՝ անհրաժեշտության բերումով «ստեղծագործված» համազգեստին, ինքն իրեն հայացքով գնահատելով, պատասխանել էր. «Որովհետև սա թույլ էր, իսկ նրանք ուժեղ, դրա համար էլ բաժանեցին»: ՈՒժեղը Բյուզանդիան և Պարսկաստանն էին:

Իսկ հիմա մեզ չբաժանեցին, քանի որ մնացիր ուժեղ, իսկական հերոս զորականի մարմնացում, հաղթող և անպարտ, հպարտ հրամանատար–Տեր երկրի: Քո շուրթերով, քո արյունով վրձնեցիր հայրենի սահմանները, հողի ծիածանագույն երանգները, սահմաններն հայոց անվերջանալի պայքարի...

Կարոտով, սիրով, ու մեր ընդհանուր Երդմանը հավատարմությամբ, խոնարհվում ենք հիշատակիդ առաջ, ԳԱՐԵԳԻՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՇԱՐՈՅԱՆ:
     Փառք քեզ, ու մեր բոլոր հերոսացած անպարտ մահապարտներին:

Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆ
    

    

Հ.Գ. - Մաքառումի այդ օրերին Երդվել էինք Հաղթանակից հետո Գանձասարում կնքել մեր երեխաներին: 1993թ. օգոստոսին մեկնեցինք Գանձասար: Կնքվեցին մեր տղաները, աղջիկները: Մեզ հետ էր Գարիկի որդին՝ Վահագնը: Նրա կնքահոր պարտականությունը վերցրեց քրոջս ավագ որդին՝ Օնիկը: Ես նայում էի նրա աչքերին, երբ թվարկում էր հերոսների, այդ թվում և ի՛ր հոր անունը... Այնքան իմաստավորված, խորությամբ էր ընկալել խորհուրդը, որ մենք իր հայացքից ճառագող լույսից ինքներս հոգով արևավորվեցինք:

Այդ օրվանից նա սկսեց ըմբնումով մոտենալ զինվորական գործին: Ստացվեց այնպես, որ գրեթե հասակակից լինելով, նույն տարիներին Ռազմական ակադեմիայում էին սովորում նաև իմ որդին՝ Վարդանը, քրոջս որդին՝ Վահագնը, Գարիկի ավագը՝ Վահագնը: ՈՒսանելու ընթացքում նա բնակվում էր մեր տանը, թեև երեքն էլ համարյա ակադեմիայից տուն չէին գալիս. անընդհատ ու սևեռված խորացնում էին ռազմական գիտելիքները:

Այդպիսով, Վահագնը շարունակեց Հայրենիքի Տեր ու պաշտպանի քո առաքելության ուղին, Գարիկ: Նա՝ Անկախ Հայաստանի քաղաքացին, հնարավորություն ունեցավ Հայոց բանակն համալրող Հայկական ռազմական ԲՈՒՀ-ն ավարտել, դարձավ կադրայի՛ն զինվորական: Նոյեմբերյանի գնդի հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Վահագն Գարեգինի Շարոյանը շարունակում էր Արծիվ մահապարտիդ արծվային թռիչքը, որն ավա՜ղ, կարծես որպես ճակատագրի կրկնություն՝ 2002թ. դեկտեմբերին ընդհատվեց դարանակալ ոսոխի գնդակից:

Նա դեռ ամուսնացած չէր: Իսկ կրտսերդ՝ Վահրամը այդ օրերին նշանված էր: Մենք համոզեցինք, ստիպեցինք, որ Վահագնի քառասունքը լրանալուց հետո անպայման պսակադրությունը կատարվի: Տիկին Գոհարը, կյանքի և զենքի հավատարիմ ընկերուհիդ ուժ գտավ իր մեջ՝ համաձայնելու մեզ հետ, և իմ կնքահայրությամբ Հաղթանակ գյուղում եկեղեցում կատարվեց պսակադրություն:

Շարոյանների գերդաստանը պիտի շարունակի պայքարը՝ ապրելով, վերածնվելով, և Տոհմածառը ավելի բազմաճյուղ դարձնելով, որպեսզի սերնդե սերունդ շարունակվող պայքարը դեպի մեր Ազգային երազների հանգրվան, պսակվի վերջնական Հաղթանակով:
     Վահրամը, սկզբում զինվորական էր, այժմ ընտրվել է Հաղթանակ համայնքի ղեկավար, արժանապատվորեն կրելով Ձեր պատգամներն ու կիսատ երազներն իրականացնելու պարտականությունը:

Քո ընկեր՝ Ալիկ Պետրոսյան
1989թ. Ազգային ազատագրական շարժման ակտիվիստներ. Աստվածատուր Պետրոսյան / բարձրախոսի մոտ/, Գարիկ Շարոյան /ետին պլանում, կենտրոնում/
1989թ. Ազգային ազատագրական շարժման ակտիվիստներ. Աստվածատուր Պետրոսյան / բարձրախոսի մոտ/, Գարիկ Շարոյան /ետին պլանում, կենտրոնում/
Աջից առաջինը Գ.Շարոյան, կենտրոնում Ա.Պետրոսյան
Աջից առաջինը Գ.Շարոյան, կենտրոնում Ա.Պետրոսյան
Օգոստոս, 1992թ.-«Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկները մարտավարական պարապմունների օրերին:2-րդ շարքում, նստած, ձախից առաջինը՝ Գ.Շարոյան
Օգոստոս, 1992թ.-«Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկները մարտավարական պարապմունների օրերին:2-րդ շարքում, նստած, ձախից առաջինը՝ Գ.Շարոյան
Օգոստոս, 1992թ.-«Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկները մարտավարական պարապմունների օրերին:Աջից 3-րդը Գ.Շարոյան, կանգնած
Օգոստոս, 1992թ.-«Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկները մարտավարական պարապմունների օրերին:Աջից 3-րդը Գ.Շարոյան, կանգնած
Օգոստոս, 1992թ.-«Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկներ:Աջից 3. Գարիկ Շարոյան, ձախից 1-ին պլան, 1. Հմայակ Մկրտչյան /Համիկ/, 3. Արշակ Ղամբարյան
Օգոստոս, 1992թ.-«Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկներ:Աջից 3. Գարիկ Շարոյան, ձախից 1-ին պլան, 1. Հմայակ Մկրտչյան /Համիկ/, 3. Արշակ Ղամբարյան
«Արծիվ մահապարտներ» ՀՆԳ 6-րդ վաշտի հրամանատար Գարեգին /Գարիկ/ Շարոյան:
«Արծիվ մահապարտներ» ՀՆԳ 6-րդ վաշտի հրամանատար Գարեգին /Գարիկ/ Շարոյան:
Գարեգին Շարոյանի օրագրից մի էջ, օգոստոս, 1992թ.
Գարեգին Շարոյանի օրագրից մի էջ, օգոստոս, 1992թ.
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10331 | 0 | 0
Facebook