Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Երբ կաշին թանկ է ամեն ինչից

Anahit Gaboyan
Հեղինակ`
Anahit Gaboyan
14:26, կիրակի, 24 փետրվարի, 2013 թ.
Երբ կաշին թանկ է ամեն ինչից

Հին ժամանակներում հավատալիք կար, որ կոկորդիլոսի կաշվից որևէ բան հագնելով տվյալ մարդը ձեռք է բերում մոգական հատկանիշներ. դառնում է երջանիկ, ուժեղ և հարուստ: Այսօր էլ այն բնորոշում է հագնողի բարեկեցության աստիճանը: Ամեն մարդ չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ ունենալ թանկարժեք բնական կաշվից պատրաստված իրեր:

Կաշվե իրերը միշտ համարվել են և կհամարվեն լավ ճաշակի, բարեկեցության այցեքարտ, որը, ինչպես մորթիները, ձեռք է բերվում կենդանիների կյանքի` արյան գնով:


    

Կաշին հագուստի հնագույն հումք է համարվում: Այն բնական նյութ է, որն ստանում են կենդանու մորթու վերամշակումից: Կաշեգործներն ունեն իրենց գաղտնիքները հում կաշին գեղեցիկ հումքի վերածելու գործում` պահպանելով նրա բնական հատկանիշները: Այն էլաստիկ է ու հարմարավետ, շնչում է, պաշտպանում քամուց: Յուրաքանչյուր կաշի ունի իրեն բնորոշ կառուցվածք և, կախված վերամշակման ձևից, կարող է լինել թավշյա, փայլուն կամ խամրած: Որոշ կաշիներ ունենում են պիգմենտներ և նախշեր, որոնց պատճառով ավելի կամ պակաս արժեք ունեն:

Կաշիներն օգտագործում են հագուստի, կոշիկի, ձեռնոցների, պայուսակների, մեքենաների սրահների և այլնի համար:

Կոշիկի կաշին ստանում են խոշոր եղջերավոր կենդանիների` ուղտի, խոզի, ծովային կենդանիների, ձիու մաշկից: Հագուստինը` ոչխարի (շևրո, որն աչքի է ընկնում առաձգականությամբ) և խոզի մաշկից: Ձեռնոցների կաշին ստանում են ոչխարների, այծերի, մտրուկների, խոճկորների, շների մաշկից:

Այսօր վիճակագրական ստույգ տվյալներ չկան, թե քանի կենդանի են մորթում կաշվե իրեր սիրող մարդկանց ճաշակը բավարարելու համար, սակայն կենդանիների պաշտպաններն այս հարցում էլ բավականին մեծ աղմուկ են բարձրացնում և կոչ անում բնական կաշին փոխարինել արհեստականով:

Լիլիթ Հովհաննիսյան

- Ես ընդհանրապես բնական կաշի չեմ սիրում և չեմ հագնում. հիմնականում արհեստական կաշվից բաճկոն եմ հագնում: Դա պայմանավորված չէ նրանով, որ մտածում եմ կենդանիների պաշտպանության մասին. ուղղակի տանել չեմ կարողանում կաշվի հոտը: Եթե ավելի խորը մտածեմ, ուրախ եմ, որ ակամա կենդանիների պաշտպան եմ դառնում:

Արփինե Իսրայելյան

- Ես ունեմ թե բնական, թե´ արհեստական կաշվից իրեր. հատկապես կարևորում եմ բնական կաշվից կոշիկները: Տեղյակ եմ, որ արհեստական կաշվից կարված կոշիկները առողջական խնդիրներ են առաջացնում ոտքերի համար, ինչի պատճառով նախապատվությունը տալիս եմ բնական կաշվե կոշիկներին: Ճիշտ է` տխուր փաստ է, որ բնական կաշվից իրեր պատրաստելու համար շատ կենդանիներ են սպանվում, բայց դրա դեմ պայքարելն այսօր այնքան էլ արդյունավետ չէ:

էմմի

- Առհասարակ սիրում եմ կաշվե իրեր: Շատ սիրում եմ կաշվե բաճկոններ, գոտիներ: Ընդհանրապես չեմ սիրում, երբ հագուստը ամբողջությամբ կաշվից է, բայց սիրում եմ, երբ փոքրիկ տարրեր է պարունակում: Սխալ եմ համարում, որ կենդանիների կյանքի գնով են ստանում բնական կաշին, բայց... Ամեն դեպքում, կոշիկի պարագայում շատ լուրջ եմ տրամադրված: Կոշիկի համար կարևոր է բնական կաշվից լինելը, քանի որ այն անմիջապես ոտքիդ հետ առնչություն ունի: Եթե այն կաշվից չլինի, տեղյակ եմ, որ բազում հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:

Անի Երանյան

- Կաշվե բաճկոնների հանդեպ թուլություն ունեմ, հատկապես` սև գույնի: Սիրում եմ տարբեր տեսակի բաճկոններ, երբեմն նաև կարել եմ տալիս: Պետք է խոստովանեմ, որ կաշվե բաճկոնների հավաքածու ունեմ. ինը` սև և երեքը` շագանակագույն: Ինձ համար բնական կաշվե բաճկոնները ոչ թե ճոխություն են, այլ պարզապես որակյալ ու հաճելի հագուստ: Քանի որ մենք չենք կարող պայքարել բնական կաշիների օգտագործման դեմ, այդ իսկ պատճառով անիմաստ եմ համարում հրաժարվել բնական կաշվից իրեր ունենալուց:

Սյուզի Մելիքյան

- Բնականաբար, նախընտրում եմ հագնել բնական կաշվից իրեր` կոշիկ, պայուսակ և այլն: Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դրանք լինեն հենց բնական կաշվից, քանի որ այն ավելի դիմացկուն ու մնայուն է: Առհասարակ, փորձում եմ չմտածել այն մասին, որ բնական կաշվից հագուստ ու հարդարման այլ պարագաներ արտադրելու համար հազարավոր կենդանիներ են ոչնչացվում: Եթե մտածեմ այդ մասին, ապա հնարավոր է, որ ընդհանրապես կաշվե իրեր չհագնեմ:

Ո՞րն է տարբերությունը

Արհեստական կաշին պոլիմերային նյութ է, որն օգտագործում են բնական կաշվի փոխարեն: Այն կոշիկի ռետին է, փափուկ արհեստական կաշի, որն ստանում են կաուչուկի ռետինացմամբ և այլ հիմքերից: Այն լինում է հոծ կամ ծակոտկեն:

Բնական կաշիներից ամենաթանկը կոկորդիլոսինն է: Այն յուրահատուկ է իր բաղադրությամբ, գույնով:

Որպես կանոն` ալիգատորների կաշվից պատրաստվում են հարդարման ժամանակակից և յուրօրինակ պարագաներ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար` գոտիներ, դրամապանակներ, պայուսակներ և այլն: Ամենաթանկը կենդանու փորի հատվածի կաշին է` 1 սմ համարժեք է 25 եվրոյի. մեծ կոկորդիլոսի կաշին 700-2000 եվրո է: Ալիգատորների բուծումն ավելի տարածված է ԱՄՆ-ում (Տեխաս, Ֆլորիդա, Լուիզիանա) . տարեկան արտադրում են 45 հազար կաշի: Կոկորդիլոսների ֆերմաներ կան նաև Թաիլանդում, Կուբայում և Հարավային Ամերիկայի երկրներում:

Համաշխարհային նորաձևության տներից D&G, PRADA-ն հաճախ են օգտագործում կաշի:

Նման ճոխությունները հայ հայտնիների համար չեն, բայց, պարզվում է, որ նրանց մեջ էլ քիչ չեն կաշվե իրերի սիրահարները:
    
     «Ե՞ս Yes!» ամսագիր


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4545 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ