Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գեղասար Համայնքը

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
14:03, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2016 թ.
Գեղասար Համայնքը
     Փամբակ գետի աջ ափին բնության անձեռակերտ մի կոթող է հառնում դեպ վեր, հայության հրաշագեղ օրրաներից մեկը, որն իր խորհրդանշական դիրքին վայել ստացել է Գեղասար անվանումը:
     Նախկինում՝ Թափանլի կոչվող այս բնակավայրը հիմնադրվել է 1826-27թթ.՝ Բասենից, Ղարսից, Անատոլիայից գաղթած հայերի կողմից: Թեև 1988թ.-ի երկրաշարժն իր ավերիչ ձեռագիրն է թողել նաև այստեղ, այնուամենայնիվ գյուղը վերագտել է իրեն և հառնելով` այսօր էլ ապրում ու արարում է հային վայել ստեղծագործաբար ու նվիրումով:
     Հարավից լեռներով շրջափակված Գեղասարի անդորրն է վերահսկում և իր օրհնությամբ պարուրում Սուրբ Աստվածածինը, երկնասույզ այս գեղեցկությամբ է պայմանավորված նաև գյուղի անունը, որը ստացել է համայնքը 1978 թվականին` Գեղասար:
    

     Հազարի հասնող բնակչության թվով Գեղասարը Սպիտակի տարածաշրջանի զարգացման ներուժ ունեցող համայնքներից է. Գյուղի հյուսիսային կողմով է անցնում Գյումրի-Վանաձոր խճուղին եւ երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովվում է գյուղի տրանսպորտային կապը:
     Տեղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։ Համայնքում հիմնականում է մշակում են կարտոֆիլ, հացաբույսեր, բանջարա-բոստանային կուլտուրաներ և խոտաբույսեր:
     2000թ-ից hամայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած` Ստասիկ Հովհաննիսյանը կարևորելով և համեմատական վերլուծությամբ ներկայացնելով տարիների ընթացքում կատարված աշխատանքները, ուրախությամբ է փաստում վերջին տարիներին Գեղասարում արձանագրված բարեփոխումները, որոնք առաջնահերթ գյուղի միախմբվածության արդյունքն են: Մեր երիտասարդ պետության կայացման ճանապարհին պետք է բոլորս մեր ներդրումն ունենանք, և այս գաղափարով է գեղասարցին ապրում ու արարում է` անխոնջ նվիրումով, հավատով ու լուսավոր հեռանկարի տեսլականով:
     Չնայած Գեղասարի վերաբերյալ պատմական վաղ շրջանի տեղեկությունները գրավոր աղբյուրներով մեզ չեն հասել, բայց այդ մասին են վկայում գյուղատարածքում հայտնաբերված քարանձավային քարափոր տներն ու դամբարանները։ Պատմաբանների կարծիքով դրանք X - XI դարի կառույցներ են։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս տարածքով են ձգվել առևտրա-տնտեսական գլխավոր ճանապարհներ, այս տեղով են անցել նաև Պարսկաստանից դեպի Կովկաս ուղևորվող բեռնավորված ուղտերի քարավանները: Գեղասարում է գտնվում 19-րդ դարի Ս. Սարգիս եկեղեցին (XIX դար), իսկ 2 կմ հեռու Ս. Աստվածածին սրբավայրը: Գյողում հավերժանում է նաև 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից զոհ գնացած 140 գեղասարցիների հիշատակին նվիրված հուշաքարը: Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Գեղասար համայնքում իր արգասավոր գործունեությամբ առանցքային դերակատարում ունի Գյուղի միջնակարգ դպրոցը: Նորակառույց հարմարավետ շենքային պայմաններով կրթօջախում սովորում է 92 աշակերտ: Եթե սերունդը կրթված է, ապա ազգի վերելքն ու առաջընթացը երաշխավորված է. Այս առումով Գեղասարի միջնակարգ դպրոցի ուսերին ևս մեծ պատասխանատվություն է դրված:
     Երկնասույզ ակնածանքով Արարչին խոնարհվող լեռներով Գեղասարը մեր երկրի մի հրաշագեղ բնապատկեր է, որի կոլորիտն ու բնույթն ամբողջանում է հային բնորոշ հյուրընկալությամբ, ազգային ավանդույթներով ու սովորույթներով և ամենակարևորը հայրենիքի հանդեպ անսահման սիրով ու նվիրումով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6382 | 0 | 0
Facebook