Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԻՆԳ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
11:19, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
ՀԻՆԳ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ /պատմվածք/

Հեռախոսազանգ առաջին: -Ռոբ, այ Ռոբ, շուտ տուն արի, լսու՞մ ես… Բան է պատահել… Հեռախոսով չեմ կարող ասել, անհարմար եմ զգում: Հենց հիմա, տաքսի նստիր ու եկ… Չես կարո՞ղ… Ի՞նչն է դժվար… Էհ, դու էլ կատակի ժամանակ գտար… Հետո ուշ կլինի: Եթե չգաս, ես կգնամ: Լսու՞մ ես, կգնամ ու էլ ետ չեմ գա: Դու ինձ գիտես… Ի՞նչ: Աշխատանքն է կարևո՞ր, թե՞ ես… Հա՛, հա՛: Լալիս եմ, լալիս… Իմ բախտի համար, իմ խաբված, կորած օրերի… Չեմ հավատում, եթե սիրեիր, գոնե… Ուրիշ ի՞նչ պիտի լինի. հերդ կյանքս կերավ, հանգիստ չի տալիս… Ընկել է ետևիցս, քյավթառը… Իմ նեղանալու փոխարեն դու ե՞ս նեղանում: Լավ է, խոսք չունեմ… Մազերն էլ ներկել է, փչացածը… Հենց ըտենց, որ գաս, մանրամասն կասեմ… Հրեն, մեծ սենյակում դիվոտած պտտվում է: Կարծում է՝ պիտի թաքցնեմ… Անառակի մեկը՝ անամոթ, շնամիտ… Ինքը որ չի ամաչում, ես ինչու՞ պիտի… Թող լսեն, թող արար աշխարհն իմանա… Դու էլ ճանաչիր հորդ… Առավոտյան, հիշում ես, չէ՞, տաք ջուր տվին… Հա՛, քո սափրվելուց հետո ես մտա բաղնիք… Մերդ՝ չէ: Նա գործի է գնացել: Ես ու քյոփակ հերդ էինք… Պիտի ասեմ՝ մեկ է: Ինչքան լեզուս ատամներիս տակ պահեցի, հերիք է: Հա չտեսնելու, չհասկանալու էի տալիս, ինքս ինձ համոզում, որ սխալը ես եմ… Թողնու՞մ ես, որ պատմեմ: Ուրեմն՝ տես, ինձ համար լողանում եմ, մտքումս ուրախանում, որ վերջապես տաք ջուր տվին, ինձնից դուրս երգում, չիմացած եղանակ դնդնում… Ըտենց տրամադրություն վաղուց չէր իջել վրաս: Մեկ էլ աչքս ընկավ դռանը: Ալո՞, Ռո՛բ, դու ինձ լսու՞մ ես… Ա՛յ տղա, ձեն հանի, ես էլ ասի՝ անջատվեց… Ու՞ր հասա: Հա, մեր դռան ապակին, գիտես, արանքներից քիչումիչ երևում է… Էլի սկսեց: Ասենք թե ես եմ փոխել տվել, դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Էդ էլ իմ լավությունը. Տունը շնորհքի բերեցի… Ե՞ս… Դու սկսեցիր… Ինքս էլ գլուխ չունեմ… Շնորհակալությունը… Հիմա ասեմ: Նախշերի արանքից, որտեղ փայլը մնացել է, տեսնեմ բան է շարժվում, գնում-գալիս: Լսու՞մ ես… Ապրես, միջանցքում, հա՛, հա՝ կոշիկների կողմը: Սկզբում կաևորություն չտվի: Ասի՝ մարդ է, երևի մի գործ ունի: Տեսնեմ՝ չէ, էդ ստվերը կանգնած մնացել է: Ջուրը կտրեցի, ինձ համար օճառվում եմ, հետն էլ ականջ դնում: Ռոբ, հավատա, քո ձենը հիմա ո՞նց եմ լսում, ֆսֆսոցն ըտենց պարզ… Էլ ի՞նչ պիտի լինի. անամոթն էդ ճեղքից պլշտած ինձ է նայում՝ տեսնի, թե հարսը ո՞նց է լողանում… Հիմա որ հիշում եմ, էլի նման դեպքեր եղել են… Հավատալդ չի գալի՞ս… Իմը ևս… Ուրիշը որ պատմեր, ես էլ կասեի՝ հորինում է… Դու շարունակությունը լսիր. գնացի լոգատաշտի մյուս անկյունը: Իմ հաշվով՝ դրսից չպիտի երևար: Ցնցուղը, ճիշտ է, մնաց կենտրոնում, բայց ասի՝ գրողին, մենակ թե անամոթը մարմինս չտեսնի: Դեմքս էլ շուռ եմ տվել պատի կողմը, դեպի դուռը մեջքով կանգնել: Այդպես մի հինգ րոպեի չափ լողացա, թեև վայ էն լողանալուն: Հլա դեռ կասկածում եմ: Թվացել է, - մտքումս ասում եմ: Բայց ի՞նչ թվալ, ինչ բան: Դրա շունչը մինչև հիմա ականջումս է: Զգում եմ, ոնց է կրքից տապակվում: Հայացքը՝ մի տախտակ էն կողմ, թիկունքս կտրում անցնում է… Լողանում եմ, բայց ամեն րոպե սպասում, որ, հրես, ձեռքերը դռան միջով կերկարի ու կգրկի ուսերս: Էքան էլ շոգ էր անտերը՝ գոլորշին բռնել էր բաղնիքը, հայելին քրտնել, ջուրն առու-առու վազում էր: Ճիլոպը քսմսում եմ մարմնիս, որ մոռանամ էդ բուղի հայացքը, չի լինում: Շունչս կտրվում էր. էլ չգիտեմ՝ շոգի՞ց էր, հուզվելուց… Կարմրել, թոնրի կող էի դարձել… Ի՞նչ… Չլսեցի… Գեղարվեստական եմ պատմու՞մ… Գեղարվեստականը դու հիմա տես: Ուրեմն՝ երգում եմ, որ դրա ընդհատ շունչն ականջիս չառնի, մեկ էլ չրխկոց լսեցի: Դառնամ, ի՞նչ տեսնեմ. երեխեքի քանոնը, ամառվա արձակուրդ օրով ոնց էլ գտել էր, մտցրել դռան արանքը, ուզում է բացել… Բա որ ասում ե՞մ… Երեխաներիս արև: Պատկերացնու՞մ ես իմ վիճակը: Ինձ կորցրի ու ի՞նչ անեմ, որ լավ լինի: Անկյունում ավելն էր՝ էն, որ մաշված է, միայն բաղնիքի ու միջանցքի համար ենք պահում: Դուռը բացեցի ու էդ ավելի կոծոծով՝ գլխին: Քյավթառ շուն… Մե՞րկ… Խալաթը թաց-թաց վրաս էի առել… Ի՞նչ պիտի աներ. սկզբում ձայն չհանեց, պլշած ինձ էր տնտղում: Երևի հույս ուներ, թե կզիջեմ: Մտքում ի՞նչ իմանամ՝ ինչ կար: Մենակ տուն, ես ու ինքը, ամառ օր… Շատ որ նայեց, խալաթիս կոճակներն արձակեցի ու՝ տե՛ս, - ասի, -թող աչքդ կշտանա, մեկ է էսօր-էգուց սատկելու ես… Էդ մեկը լավ չեմ արե՞լ… Կներես, շատ էլ տեղին էր: Տեսնեիր դրանից հետո ոնց գոռգոռոցը դրեց, մինչև հիմա ընկնավորի պես ման է գալիս: Էնքան գա՜… Ռոբ, թե մեր ընտանիքը թանկ է քեզ համար, թե ինձ սիրում, գոնե մի քիչ հարգում ես, հենց հիմա եկ: Պահ, պահ, պահ… Էլ ո՜նց կլիներ… Հերդ դուռը շրխկացրեց, գնաց… Կարծում է՝ վախեցող կա… Գալիս ե՞ս… Արի, արի էդ կապը կտրածին, էդ անատամ ցուլին խելք սովորեցրու: Ձեռից լրիվ գնացել է… Եղավ, եղավ… Դնում եմ: Ալո. Ալո… Դրեց…

Հեռախոսազանգ երկրորդ: - Ալո՞… Ուսուցչանոցի՞ց է… Սեդային հեռախոսի մոտ կանչեք, խնդրում եմ… Շնորհակալություն, կսպասեմ: Եկա՞ր… Ես եմ: Դու պետք է տուն գաս… Թույլտվություն խնդրիր. երեսուն տարվա աշխատող ես, կհարգեն… Չեմ կարող բացատրել… Հուզվա՞ծ, դա այն բառը չէ… Ասում եմ՝ անպատշաճ է, ի վիճակի չեմ… Դրսից՝ անկյունի ավտոմատից… Մտաբերելիս անգամ սրտխառնուք եմ զգում: Ինչպե՜ս կարելի է, ինչ աստիճան կարող է մարդն իջնել… Ում - մեր հարսի, քո սիրասուն Սոֆիի մասին է խոսքը… Ալո, ալո… Սեդա, այդ ի՞նչ աղմուկ է… Ի՞նչ դասամիջոց. արձակուրդներ են… Տարօրինակ է, դաս չկա, բայց քառասունհինգ րոպեն մեկ զանգը տալիս են… Եթե այդպես է, ինչու՞ են զուր տեղը կանչում, մի քանի օր էլ թող համբերեն՝ մինչև դասերն սկսվեն… Ժողկրթբաժնի՞ց… Դե, ի՞նչ ասեմ, քեզ ոչ ոք չի՞ լսում… Եթե այդպես է, երկու բառով կպատմեմ… Հիմա՛, հիմա՛… Չէ… Ինչու եմ լռու՞մ… Չգիտեմ… Հիմա… Ձեր գնալուց հետո պատրաստվում էի շուկա գնալ… Չէ, Սեդա, չկարողացա, թողե՞ց, որ… Ասի՝ կոշիկները մաքրեմ, երեկվանից մնում էին… Դե, ոչինչ, չեմ նեղանում. դու առանց այդ էլ շատ ես հոգնում: Հարսը… Անունն անգամ չեմ ուզում տալ, լոգարանում էր: Քեզնից հետո տաք ջուր տվեցին: Մտել էր ցնցուղի տակ ու… երգում էր… Բարձրաձայն, իհարկե… Դե, դա ոչինչ, թող երգի, որքան կամենում է… Ամենևին: Ես ևս սկզբում այդպես էի կարծում: Մտածում էի՝ կարոտել է երեխաներին… Վաղն առավոտյա՞ն… Իրենց ավտոբուսներո՞վ… Խայտառակություն. նա ի՞նչ կերպ պիտի նայի Արմենի ու Արմանի աչքերին… Նա մայր չէ, այլ… Ներիր ինձ, Սեդա, փորձիր դրությանս մեջ մտնել… Ես… Ո՜նց հիմարացրեց… Ձայնն սկսել էր ազդել վրաս… Տխմար երգեր էին՝ բառերը հարմարեցրած: Մեկ էլ տեսնեմ՝ ինձ է կանչում: Հարցրի՝ ի՞նչ է պատահել: Սիրտս նվաղում է, -ներսից ասում է: Ջուրն այդքան տաք մի արա, -խորհուրդ տվեցի: Սեդա, լսու՞մ ես… Ուրեմն՝ հիմա էլ սկսեց տնքալ: Վախեցա, մտածում եմ՝ ի՞նչ պատահեց, սի՞րտը թուլացավ: Ձայն եմ տալիս՝ Սոֆի, Սոֆի… Չի պատասխանում… Ու՞մ մտքով կանցներ: ******ը… Ներիր, Սեդա… Իմ ապուշ խելքն ասա… Հեռախոսի մոտ քանոն կար, ասի՝ արանքից մտցնելով կիսաբաց անեմ: Թող գոնե մաքուր օդ խաղա, -մտածում եմ: Իմ՝ կեռիկը գցելն ու դրա՝ դուռը լրիվ ետ տանելը մեկ եղան: Տեսնեմ՝ գոլորշու մեջ կանգնել, ժպտում է… Մերկ, վրան հատիկ-հատիկ ջուր… Հրավիրող հայացքով… Աննամուսը քիչ է… Ամոթից գլուխս կորցրած՝ քարացել էի… Ուզեցի դուռը փակել, ձեռքը երկարեց, չի թողնում… Ինձ, իմ թևն է բռնել… Աչքերում մշուշ… Պատկերացնու՞մ ես… Շունչս կտրվում է, -ասում է, հետն էլ վավաշոտ ժպտում… Չգիտեմ՝ երբ խելքս գլուխս եկավ, թափով ազատեցի դաստակս ու դուռը շրխկացրի վրան… Դու հետոն լսիր: Կոշիկներս եմ հագնում, մեկ էլ տխմարը դուռը բացեց և ավելով… Սեդա, դու ինձնից սուտ խոսք հավատու՞մ ես… Լկտի… Զարմանում եմ, թե կաթվածն ինձ ո՞նց տեղնուտեղը չխփեց… Ապշած ուղղվեցի, իսկ դա ձեռքերով ամոթատեղն է ցույց տալիս: Էշն ի՞նչ գիտի նուշն ինչ է, -ասում է, -էսօր-էգուց սատկելու ես: Խայտառակություն… Տականք է, դև… Կեղտը… Տեղով ցանկասիրություն… Ի՞նչ պիտի անեի. ինձ կորցրած՝ բերանս ինչ խոսք, մանկությունիցս մնացած հայհոյանք մտքիս, լեզվիս եկավ, ասի… Շանտաժիստի մեկը… Այդքանից հետո ինքն է մեղադրում: Զանգել է Ռոբերտին, տեսնեիր ինչպես էր ամեն բան շրջած ներկայացնում… Տնից ուղղակի փախա, թե չէ մի բան կտայի գլխով, կսպանեի… Հանդարտվե՞մ… Ես նրա հետ այլևս տանը վայրկյան չեմ մնա: Կամ մենք, կամ՝ ինքը… Մեր զավակը… Եթե նա իսկապես տղամարդ է, պետք է հասկանա. Սոֆին իմ գլխին որ էդ օյինը խաղաց, ուրիշի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում նկուղ կիջնի, կպառկի թփի տակ, մարմնավաճառությամբ կզբաղվի, թե որ արդեն… Սեդա, էլ՝ վե՛րջ: Հետս համամիտ չե՞ս… Նրանից ամեն ինչ սպասելի է… Լավ, սպասող կա, առանց այդ էլ երկար խոսեցինք… Քստմնելի, էն էլ որքան… Ես տուն չեմ գնա, էս կողմերը կթափառեմ, մինչև գաս… Եղավ, Սեդա, եղավ… Եկ… Կջանամ… Առողջությու՞ն… Սրանից հետո ապրելն անիմաստ է… Լավ, լավ… Դու ճիշտ ես. չեմ խոսի… Եկ:

Հեռախոսազանգ երրորդ: -Հայկազ, դու էլի քրեական բաժնու՞մ ես… Տեղափոխել են քաղաքային վարչությու՞ն… Շնորհավորանքներս… Չգիտեի, որտեղի՞ց իմանայի… Ավելի լավ՝ կկարողանաս օգնել... Հիմար պատմության մեջ եմ ընկել: Թե մանկության ընկերս չլինեիր, չէի դիմի… Ճիշտն ասած՝ ուզում եմ մոտդ գալ. ինչ պիտի ասեմ, հեռախոսի բան չէ… Գործուղու՜մ… Քանի՞ օրով… Դե, դա ոչինչ: Լսիր, դու քննիչ Մահտեսյանին ճանաչու՞մ ես… Հա, մեր շրջանի… Ի՜նչ ես ասում: Գործս նրա մոտ է ընկել… Առանձնապես մեծ բան չէ… Ընտանեկան վեճ… Հորս… Հիմա թոշակի է անցել… Ահագին՝ հարյուրից ավել… Ցնդել է, Հայկազ ջան, խելքը գցել… Կատակ չեմ անում՝ ամբողջ կռվշտոցը նրա պատճառով է… Բիձեն կնոջս վրա է աչք դրել… Էլ դու՝ սուս… Ի՜նչ ես ասում, ուրեմն՝ մենք մենակ չենք… Հետո՞, ու՞մ օգտին դատը վճռեցին… Իմը գժի թուղթ չունի… Հիմա, հենց հիմա կպատմեմ, դու մեր դատն արա… Հայկա՞զ… Անջատվե՞ց… Ի՞նչ եղավ, Հայկա՛զ… Դրեք, այ ընկեր… Հայկազ, գծի մեջ մարդ է ընկել… Ախ, հա՜, մյուս հեռախոսով էիր խոսում… Քարտուղարուհի չունե՞ս… Բա լսափողն ո՞վ սկզբում վերցրեց… Հասկացա: Լսիր, դու քանի՞ երեխա ունես, մոռացել եմ… Իմն էլ են երկուսը, միայն թե մերը տղա են… Այնպես որ՝ աղջիկներիդ լավ պահիր, ընկեր, մեկ էլ տեսար՝ խնամի դարձանք… Գործի՞ց… Լսիր՝ երեկ չէ մյուս օրը կինս… Հա՛, հա՝ Սոֆին, զանգեց գործի տեղը… Կարճ ասեմ՝ նրա բաղնիքում եղած ժամանակ հերս դուռը բացել, մտել է ներս… Հիմա չգիտեմ… Վեճ, խոսակցություն… Սոֆին զանգեց, թե՝ արի: Մինչև տուն հասա, մերս էլ էր եկել… Դարձյալ դպրոցում է… Թոշակ, հա՛, ստանում է, բայց շարունակում է աշխատել: Առանց երեխաների, -ասում է, - չեմ կարող… Ես էլի կնոջս չէի հավատա, եթե հերս իրեն կարգին պահեր… Իմ ներկայությամբ, պատկերացնու՞մ ես, կնոջս ասում է՝ ******, ******ի ծնունդ… Դե լավ, էլի, չափ ու սահման կա, չէ՞: Եթե մինչևիսկ Սոֆին է մեղավորը… Այ Հայկազ, ի՞նչ հասկանամ. ամեն մեկը մի բան է ասում: Կնոջս պատմելով՝ հերս է ապակու արանքից նայել, հետո փորձել քանոնով դուռը բացել: Թե որ հորս լսես՝ ինքը կոշիկները մաքրելիս է եղել, երբ Սոֆին, իբր, ներսից կանչել է, բա՝ սիրտս կանգնում է, դուռը բաց… Ես էլ եմ ասում՝ առանձնակի բան չկա, բայց դու մնացածը չգիտես… Դուռը բացելուց հետո կինս ավելի պոչով տվել է հորս գլխին… Երկուսի արարքն էլ մի բան չէ: Թե մերս, թե ես սկզբում ասում էինք՝ հարևան, բարեկամ կա, խոսակցությունը թող մեր չորս պատից դուրս չգա, բայց… Խրվեցինք… Վրաներս գործ է բացվել… Ինձ ասում է՝ դուրս արա. կամ ես, կամ՝ ինքը… Խենթի մեկը… Տեսավ՝ իր խելքին չեմ, հիմա էլ կպավ երկուսիս: Օդն ազատեք, -գլխից դուրս գոռում է: Է, ինչքա՞ն համբերեմ… Կնոջս թևից ընենց քաշեց, քիչ մնաց գլուխը պատին առնի… Բա ո՜նց… Ցնդել է, բան եմ ասում, խելքը լրիվ թռցրել… Մեկ էլ էն տեսա՝ վազեց ննջարան: Մեր տանը պապիցս մնացած դաշույն ու հրացան կա՝ փամփուշտներով… Ատրճանակ էլ. ծառայությունը փոխելուց հետո չհանձնեց: Մեր մանկության տարիներին, երևի, հիշում ես, մեր թաղայինն էր… Հա, հա՛, էն, որ մի անգամ հետս էի վերցրել… Իրենց սենյակում է պահում՝ պահարանի ետևը… Գոռոցով վազեց ու՝ կսպանեմ, -ասում, -անառակին: Ձեռքը գցեց, որ հրացանը հանի… Բա՛… Հաստատ կկրակեր, եթե թողնեի… Էլ չհամբերեցի՝ ետևից հասա ու մի հատ ուզածիդ պես հասցրի… Էդ անառակ խոսքի վրա… Ճիշտն ասած, չէի սպասում, թե հարվածն էդքան ուժեղ կստացվի… Ուղիղ՝ քիթ-բերանին… Արյունը գցեց… Հայկազ, լսու՞մ ես… Տհաճ պատմություն է, իհարկե: Սակայն, երևակայիր, հիմա որ մտածում եմ, ճիշտ արեցի. միակ ելքը դա էր… Չես պատկերացնի… Չնայած տարիքին՝ ուժը տեղն է, հազիվ էի պահում… Երկուսս էլ հատակին… Սոֆին սփրթնել, միջանցքում մնացել էր… Տեսավ՝ չի կարողանում ազատվել, ձեռքս առավ բերանը… Ամբողջ ուժով կծում է… Մինչև հիմա բինտած է… Կապտել, դհոլ էր դարձել… Էլ դու սուս… Ինչ անում եմ, չի թողնում, սեղմում է, ինչքան ուժը պատի… Ի՞նչ պիտի. մատներս կոխեցի բերանն ու ուժի զոռով ծնոտը բացեցի… Ուրիշ հնար չկար, թողնեի՝ կսպաներ… Ուզում էի փախչել, հեռանալ, բայց վախենում էի ետևիցս հասցնի կրակել, կամ թե՝ խանչալով… Ստիպված մորս ձեն տվի… Մեր տներն էլ, գիտես, չորս սենյակ. մեկում մարդ մորթեն, մյուսում չեն իմանա: Նա էլ, փոխարենը մեզ բաժանի, հատակի փայտը՝ դրանով պատշգամբն էր փայլեցնում, տարավ-բերեց ու՝ մեջքիս… Վաթսունհինգ տարեկան հորդ ծեծու՞մ ես, գազան, -ասում է, -քեզ տղա ասողի… Հասել խփում է, չանգռում… Հորս քարշ տալով մի կերպ բերել եմ միջանցք, հետո նոր Սոֆիին դուռը բաց անել տվել… Ընթացքում հարևանները հավաքվել, զանգը տալիս էին… Փակը ետ արեց, թե չէ, դուրս թռա… Ժողովուրդ, բռնեք, սպանում է, -ասի… Որ հիշում եմ, մազերս բիզ-բիզ են կանգնում: Կյանքի խնդիր էր. ամոթ-բան մի կողմ էի դրել: Պատկերացրու, հարևանները հացի դանակը հազիվ ձեռից առան… Էդ արանքում ո՜նց հասցրեց խոհանոցից վերցնել… Շարունակությու՞նը… Դրանից հետո կնոջս հետ դիմեցի ուղիղ քաղմաս, ապա՝ դատական բժշկի… Ձեռքիս համար… Ի՞նչ… Կարծեմ՝ առողջությանը չվնասող մարմնական վերքեր… Ոչի՞նչ… Ինչու՞… Կարիք չկա՞ր… Ես հաստատ համոզված էի, որ հերս իր հերթին կբողոքի. տարբեր պաշտոնների է եղել, ջրից չոր դուրս գալու եղանակները գիտի: Կարծում… Ոչ թե կարծում եմ՝ այդպես էլ եղավ, ու ճիշտը ես էի: Մյուս օրն է իմացա, որ ինքն էլ է դիմել, դատական բշիշկ պահանջել… Իրենը՝ չգիտեմ… Աչքն է ուռել, տակը սևացել… Հա, մի թեթև էլ շրթունքի անկյունն է պատռվել: Երևի ձեռքս ազատելու համար ուժեղ եմ հուպ տվել… Ստացվել է… Եթե լուրջ չլիներ, Հայկազ, քեզ չէի դիմի: Լավ կլիներ, իհարկե, մոտդ գայի, բայց որ հեռախոսով եմ սկսել, մանրամասն պատմեմ, որպեսզի իմանաս: Բացատրություն գրելուց հետո երկու ոստիկան առած ետ եկա: Կհավատա՞ս՝ ատրճանակը չգտնվեց… Դտախազությունից թույլտվությու՞ն… Երևի… Հրացանը հանեցին, բայց որսորդական դուրս եկավ: Դաշույնը, պարզվեց, ժամանակին գրանցել է տվել, իբրև տոհմական հիշատակ, պապերից մնացած ժառանգություն, նվեր… Միակ բանը, ինչից կարելի էր բռնել, ատրճանակի փամփուշտներն էին… Վեց՝ բոլորը մարտական… Ինչ եմ ուզում անե՞լ. ինքս էլ լավ չգիտեմ: Թե բանը նստելուն հասավ, զիջող չեմ: Դպրոց գնացող երեխաներ ունեմ, ջահել կին, կյանքը դեմս է: Հո՞ չեմ խայտառակվելու: Գործի տեղն ի՞նչ կմտածեն… Անհանգստանալու պատճառ չունեմ, թող ինքը վախենա… Կնոջս նկատմամբ բռնաբարության փորձ արե՞լ է - արել է, տանը զենք պահու՞մ է - պահում է… Ինձ ասին, որ փամփուշտն էլ քիչ չէ: Բացի դա՝ որսորդների ընկերության անդամատոմս չունի և հետո՝ իմ բոլոր քայլերն ինքնապաշտպանական նպատակ են հետապնդել… Հա՛, ճիշտ նկատեցիր. երկու օրում հասցրել եմ քրեական օրենսգիրքն անգիր անել… Հո հիմա՞ր չեմ. ես միայն պաշտպանվել եմ, ոչ մի խփել… Նույն բացատրությունը կինս է տվել… Ինչու եմ քեզ դիմու՞մ… Ի՞նչ իմանամ, այ Հայկազ, վախենում եմ. մեկ էլ տեսար գործն ուրիշ բնույթ ստացավ… Եվ հետո՝ մարդկանց չգիտե՞ս, կսկսեն բարոյական բաներ փնտրել մեջը… Քո անելիքը… Մահտեսյանին ասես, որ մի լավ վախեցնի խևին, համոզի, որ դիմումը ետ վերցնի, որովհետև… դատվողն ինքն է լինելու: Ես պատրաստ եմ հաշտվել, եթե ինքը չբողոքի: Վերջին հաշվով հայրս է, Հայկազ: Կարծում եմ ինձ հասկանում ես. ես ևս որդիական զգացմունքներ ունեմ… Տարիքն էլ… Բայց եթե չհաշտվեց, թող չնեղանա, բանտ չընկնելու համար ամեն բան կանեմ… Գուցե քո օգնության կարիքն իսկապես զգացվի… Կխոսե՞ս… Ե՞րբ, Հայկազ… Գործուղումից գաս, նո՞ր… Ուշ չլինի՞ հանկարծ… Երկու ժամ հետո… Ինքնաթիռո՞վ… Ասում ես՝ առանձնակի փոփոխություններ չեն լինի՞, գործը չեն հանձնի դատարա՞ն… Եղավ, Հայկազ ջան… Շատ լավ… Քեզ բարի ճանապարհ… Մոռացա հարցնել՝ ե՞րբ ես գալու… Քսանհինգի՞ն… Ես կզանգեմ… Ցտեսություն…

Հեռախոսազանգ չորրորդ: -Վերջապես… Քանի օր է զանգում եմ՝ զբաղված, զբաղված… Սիրտս տրաքվեց, հարազատ մեկը չկար, պատմեի… Սոնա, աղջիկս… Ահավոր պատմություն է, լեզուս չի պտտվում… Ո՞վ կհավատար… Տղա՞ն էլ հոր վրա ձեռք բարձրացնի, տեսնվա՞ծ բան է… Չորանար արգանդս, էդ գազանին չծնեի… Թե վրա չհասնեի՝ կսպաներ: Այդքա՞ն էլ անհոգի մարդ… Պատճառը… Մեր տան խառնակիչը չգիտե՞ս ով է: Որտեղի՞ց եկավ կավատը… Այ ցավդ տանեմ, դրա նմանը աշխարհը չի ծնել… Ի՞նչ պատմեմ. բանը բանից անցել է… Ներսումս էնքան եմ պատմել, կռիվ տվել… Մեր աշխատանքի գնալուց հետո Սոֆին, ոչ բարով տաք ջուր տային, մտնում է լողանալու: Հերդ էլ շուկա պիտի գնար, բայց… Բացել է դուռն ու մտել ներս… Հարսի խոսքերն են… Ի՞նչ իմանամ… Թե ջահել լիներ, կհավատայի: Մյուս կողմից… Իգամոլ, որ հիշում եմ… Ժամանակին քույրերիս էլ էր ծուռ աչքով նայում: Գիշերը ցերեկ շինած՝ պահակություն արեցի, որ, բան է, ծոցները չմտնի, սակայն հիմա… Էդ բանին վերջ ենք տվել… Մեր հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել… Հե՞րդ… Այդ մասին խոսել չի ուզում… Իր ասելով՝ Սոֆին հիմարացրել է, սուտի տեղը օգնություն կանչել: Ինքն էլ միամիտ՝ դուռը բացել… Չէ՝ հա. ոչ մի բան… Տականքը… Էդքանից հետո ավելով խփել է հորդ… Ռոբերտն էլ էդ է ասում՝ գայթակղողն ինչու՞ էր ավելով գլխին… Այդպես էլ կա, ճիշտ ես. պարկեշտ է ձևանում… Մի պահ ինքս էլ հավատացի, բայց հիմա… Դու հորդ բերանից հայհոյանք լսած կա՞ս: Միշտ զուսպ, չէիր ասի ոստիկանական համակարգից է: Ուրեմն՝ ի՞նչ աստիճան է վիրավորված, որ իմ ներկայությամբ Սոֆիին ****** ասի… Ռոբերտը կնոջ փեշը կթողնի՞ որ: Իբր, ախպորդ չգիտես… Խանդում է. ինքնասիրությունը վիրավորվել է… Անտեր մնար էդ հատակը. սատանի մատը, ասես, խառը լինի… Անտեղյակ՝ ինձ համար պարկետն եմ փայլեցնում, դու մի ասի՝ դրանք միջանցքում կռվում են… Աղջի՝ հեչ… Հերդ ասում է, որ միասին ապրելն արդեն անիմաստ է, լավ կլինի իրենց համար տուն վարձեն: Սրանք էլ, թե՝ մենք երեխաներ ունենք, դուրներդ չի գալիս, դուք գնացեք… Ու հասնում են հորդ վրա… Ես դրան զավակ ասողի… Բացատրության մեջ գրել է, թե հերդ ուզում էր հրացանով խփել… Սու՛տ… Թշնամին, օտարը նման բան չէր անի… Ոստիկան բերեց տուն, բա… Տակնուվրա արեցին… Էլ դատական բժշկի գնալ, էլ հազար ու մի պոչով ստեր… Գործ են կազմել… Բա ի՞նչ ես կարծում… Տո՛, դա քննիչներին, ճիշտ ես ասում, փող էլ կտա, որ հորը բանտ դնեն… Տեսնեիր ոնց տարավ հրացանի ու դաշույնի գլխին կանգնեցրեց… Իրեն ուտում էր, որ ատրճանակը չգտան… Ես եմ տասը տարի առաջ աղբի հետ գցել մեքենան… Իր մասին էի մտածում… Չե՞ս հիշում՝ դրել գրպանը, գնացել էր կռիվ անելու: Ասի՝ ջահել է, հանկարծ մի ուրիշ անգամ կտաքանա, մեկին կվնասի… Էդ էլ իմ լավությունը… Այսօրվա օրը կհիշի՞ որ… Տեսնես՝ քո պատճառով ինչ օյիններ է հանում մեր գլխին… Ասում է՝ ամուսնացել է, գնացել, էլ ի՞նչ եք օգնում: Այ տղա, -ասում եմ, - դու լենուբոլ չորս սենյակի մեջ ապրում ես, ամեն ինչդ՝ տեղը տեղին, իսկ էն խեղճերը ոչ տուն ունեն, ոչ աշխատավարձերն է մի բան… Չէ որ չէ՝ չպիտի օգնեք, ամուսին ունի, - թող պահի, -ասում է: Ձուն ի՞նչ է, որ վրայից մեկը վերցնեմ, կնկատի… Էլի՛ տարար, - կասի: Էհ, դու ինձնից լավ գիտես… Հիմա էլ գործ է բացել վրաներս… Էսօր-էգուց դատը լինելու է… Չես հավատու՞մ. խաչը վկա… Էդ անտեր փամփուշտները ո՞նց աչքովս չէին ընկել… Գիտեիր ու չէի՞ր ասում… Տես, է… Դարակում … Գտան, բա ինչ արին… Հերդ չի ապրի, բանտ որ ընկավ՝ վերջ… Դու նրան լավ գիտես. նյարդերն առանց էդ էլ… Կամ ես, կամ՝ նա, -կրկնում ու կրկնում է… Բարսեղ, -ասում եմ, -փաստերը քո օգտին չեն… Լսել չի կամենում… Վախենում եմ կողքից հեռանալ, հանկարծ ու իրեն փորձանքի բերի… Դպրոց՝ չէ… Դիմում եմ գրել… Աշակերտների աչքին այսքանից հետո կարո՞ղ եմ երևալ, ազնվությունից, մարդասիրությունից խոսել… Արմանն ու Արմենը… Եկած պիտի լինեն… Չէ՝ աներոջ տուն են գնացել… Էլ սուս… Գնամ ժողկրթբաժին, խնդրեմ, երեխաների համար ուղեգիր վերցնեմ, իսկ իրենք… Դրանից էն կողմ բա՞ն կա, որ լինի: Ինձ գիտե՞ս ինչ է ասում, թե՝ տները փոխենք երեքի ու մեկի հետ, երեքը՝ մեզ, մեկը՝ ձեզ… Հորդ չեմ ասել. լրիվ կցնորվի… Ասում է՝ միայն էդ դեպքում կներեմ, բանտ չեմ նստեցնի… Պետք չէ, աղջիկս, ի սեր Աստծո… Ինձ որ մնա, ամեն բան կթողնեմ, կգնամ… Մեղքը հերդ է. տեսնես ինչ է դարձել… Ես էլ եմ այդպես կարծում… Ու՞մ խիղճը կգնա այդ տարիքի մարդուն բանտ կոխի… Ով լսում, ամոթանք է տալիս… Էդ կարգի տղային պիտի օրորոցում խեղդած լինեիր, -ասում են… Գնալու եմ ոտքերն ընկնեմ, թող դիմումը ետ առնի… Թաքուն, որ լսեց՝ կսպանի… Թե կարողանաս, դարձյալ դու… Հիմա մենակ ենք, կուզես՝ եկ, վրադ արդեն ֆշշացող չի լինի… Հորդ խղճա, աղջիկս… Թող հաշտվեն… Աշխարհով մեկ խայտառակ եղանք… Կգա՞ս… Իրիկու՞նը… Ամուսնուդ բան չասես, պետք չէ իմանա. ոնց լինի, մի օր երեսովդ կտան, թեև քոնը, գիտեմ, քաղցրարյուն տղա է… Չէ՝ մերի պես… Չունենայի… Սոնա… Էս ի՞նչ էր… Ի՞նչ Կապան… Ընկերուհի, մենք Կապան պատվեր չենք տվել… Դուք դրեք. ես աղջկաս հետ էի խոսում… Սոնա՛… Անջատեցին… Սոնա…

Հեռախոսազանգ վերջին: -Բարև Ձեզ, քննիչ Մահտեսյանն է, Հայկազ Գուգենիչ… Կարգադրել էիք, որ զանգեմ… Նույնիսկ չգիտեի… Երեկոյա՞ն եք վերադարձել… Մեր աշխատանքի բնույթն է, ի՞նչ կարող ենք անել… Լսում եմ… Ձեր մանկության ընկերո՞ջ… Անունը… Հոր ու տղայի՞… Այո, այո՛, ինձ էր հանձնարարած… Ինչպես չէ… Ամբողջ քաղաքն է խոսում… Երեքն էլ զուր տեղը մեռան… Հայրը տղային ու հարսին սպանելուց հետո կախվեց… Իսկապե՞ս չգիտեք… Անգամ ինձ են մեղադրում. ավագությունից հանելու հարց է դրված… Չգիտեմ… Զգոնության պակաս՝ չեմ կանխատեսել դեպքերի հետագա ընթացքը… Դե, տեսնու՞մ եք՝ ո՞վ կսպասեր… Ձեզ ե՞րբ է զանգել… Տասնութին… Դրա հաջորդ օրն է բոլորը եղել: Կինը՝ Սոֆին ցանկացել է հաշտեցնել հորն ու տղային… Վախեցել են դատվեն: Ձեր ընկերոջ՝ Ռոբերտի պատմելով, մայրը տղային ցույց է տվել դատաբժշկական հնձնաժողովի եզրակացության պատճենը… Առանձնապես ոչ մի լուրջ բան… Դրանից հետո է հարսը գնացել սկեսրայրի հետ խոսելու… Ալո՛, ալո՛… Ռոբերտը, մյուսները համաձայնել են… Հակառակի պես մայրը՝ Սեդան տանը չի եղել, թե լիներ, երևի հաշտվեին, պրծներ գնար: Չնայած՝ ի՞նչ գիտենաս… Վերջը՝ կինը շատ է ուշացել՝ հավանաբար, երկու ժամ: Անհանգստացած՝ Ռոբերտը փորձել է զանգել: Ասես դիտմամբ՝ հեռախոսներն այդ օրը չեն աշխատել: Մենք ճշտեցինք՝ կաբելը շինարարների մեղքով երկու օր կտրված է մնացել՝ երեք հարյուր զույգ… Հետո տղան գնացել է տուն՝ պարզելու ինչն ինչոց է: Բացատրության մեջ զոքանջը գրել է, որ փեսան շատ անհանգիստ էր… Կարծես թե ամեն ինչ հեռվից հեռու տեսնելիս է եղել… Խանդել է… Անտարկույս… Ձեր զրույցի ժամանակ և՞ս զգացվում էր… Եթե նախքան գնալը զանգեիք, գուցե ինչ-որ բան հասցնեինք կանխել… Կներեք… Թե նրա, թե կնոջ մոտ բանալի կար: Բացել է դուռը և մեծ սենյակում տեսել հորն ու կնոջը համբուրվելիս… Բազմոցին… Սոֆիի բացատրության մեջ այդ մասին թռուցիկ ակնարկ կա՝ ինքը լսել է փականքի ձայնը, սակայն… Երեք օր ապրեց… Հիվանդանոցում… Խոսքը ժապավենին առանք… Թույլ չէին տալիս, բայց ես գլխավոր բժշկին կարողացա համոզել, բացի դա՝ վերջին պահին ինքը ցանկություն հայտնեց… Սկզբում ոչինչ չէր ասում: Հարկադրված՝ վերջին միջոցին դիմեցի: Գուցեև մարդկային չէր, բայց հայտնեցի, որ սկեսրայրը՝ Բարսեղը, կախվել է… Հա.. Ամենավիճելին, խախուտը գործի այդ մասն է: Ձայնագրության մեջ ասված է, որ Ռոբերտը թքել է հոր վրա, ապա՝ ապտակել կնոջը: Սոֆին արդարացել է, թե ստիպված է դիմել այդ քայլին, իբրև վարձատրություն հաշտության… Դրանից հետո ծերունին մոլեգնել է, դաշույնը դարակից հանել ու խրել է հարսի որովայնը… Իմ պրակտիկայում առաջին դեպքն է… Մղձավանջային… Ապա… Ռոբերտը վրա է հասել, որպեսզի ընկնող կնոջը բռնի, այդ պահին հայրը թիկունքից խփել է նաև տղային… Խելագար ասիր ու թողի՞ր… Ամենևին սպասելի չէր: Դուք հարցաքննությունների ժամանակ տեսնեիք՝ այնքան լուրջ, ամեն բան տեղը տեղին… Ի վերջո, վարչության պետ է եղել, ինձնից լավ գիտեք… Ի՞նչ… Բացառված էր, թեև, կարգի համաձայն պոլիկլինիկայի քարտը ստուգել տվի, հարցում արեցինք դիսպանսեր ծառայությանը… Դատական բժի՞շկը… Նրա՞ն ինչ, ձևականության համար գուցե պատժեն… Ամենաշատը՝ նկատողություն, համամիտ եմ… Պահի տակ ամեն բան հնարավոր է… Ձայնագրության այդ մասն անկարելի է անտարբեր ունկնդրել… Բաժնի պետի մոտ է պահվում… Կտան, իհարկե, դուք դրա իրավունքն ունեք… Խփելուց հետո դաշույնի ծայրը դուրս է եկել փորից… Ռոբերտը, -ասվում է, - զարմացած մի քանի վայրկյանի չափ շոշափում էր, ասես շեղբի սրությունն ստուգելիս լիներ… Տեղնուտեղը մահացել է… Տասը րոպե հետո սկեսուրը՝ ուսուցչուհին է տուն մտել… Նա էլ մեզ տեղյակ պահեց… Սոֆին արյուն շատ էր կորցրել, կապրեր, եթե դաշույնը երիկամներով անցած չլիներ… Համենայնդեպս՝ երեք օր դիմացավ: Հոր դիակը քսանմեկի առավոտյան գտնվեց: Օրուկես մնացել էր անտառում, որտեղ հեռուստաաշտարակն է… Կախվել էր… Բացառված է… Ուրիշ ոտնահետք, մատնահետք չհայտնաբերվեց… Ծոցագրպանում յոթանասուներկու ռուբլի կար: Սպանողը, եթե թալանելու նպատակով լիներ, կտաներ, բացի դա՝ ժամացույցը… Ոսկյա… Սոֆիի բարեկամնե՞րը… Չէ, աչքերը բաց էին, եթե կախած լինեին, բիբերում կպատճենվեր… ոչ մի հարվածի հետք, միայն ոտքերին չանգռվածքներ կային, ու մի տեղ միսը թեթև կերված էր… Թափառող շների արածն է. վայրենացել են, գայլից չես տարբերի… Հատուկ գրություն է կազմվել՝ հասցեագրված քաղաքային իշխանություններին… Արդեն պատուհաս են դարձել… Հեռուստատեսության աշխատակիցները, մերձակայքի բնակիչները չեն համարձակվում գիշերով տասը քայլ անել… Այդ հարցն է, որ չհասցրինք պարզել… Ճիշտ են ասում՝ մեր աշխատանքում նրբանկատությունը գործին խանգարել միայն կարող է: Սկզբում չհարցրի՝ խնայելով մահամերձին, հետո, ինքներդ եք հասկանում, ուշ էր… Կարծում եմ, նրանց միջև անցյալում նման կապ չի եղել. Միմյանց նկատմամբ գուցե կիրք տածել են, ցանկացել իրար, սակայն սիրային կապ՝ դժվար թե. բաղնիքի պատմությունն էլ դա է ապացուցում… Համբուրվելը, ըստ իս, նրանց մեջ ծնվել է հանկարծաբար… Ատելությունի՞ց… Հետաքրքիր է… Ատելությունը պահի տաք, - ասում եք, - կարող է փոխարկվել կրքի՞… Այդ ուղղությամբ, խոստովանում եմ, երբևէ չեմ մտածել: Համենայնդեպս, մահից առաջ նա սկեսրայրին չէր մեղադրում… Բռնաբարելու փո՞րձ… Դա արդեն հաստատ բացառված է՝ մանրակրկիտ զննություն է գնացել… Երեխաների հարցը… Անշուշտ, դժվար կլինի նրանց համար: Միակ լուսավոր կետն այս պատմության մեջ այն է, որ տատը երեխաներին բերել է տուն, ստանձնել խնամքը: Փեսան ու աղջիկը ևս հետներն են ապրելու: Նրանք երեխա չունեն… Ինչ խոսք, դա մի կողմից լավ է. սրտները տաք կլինի փոքրիկների վրա, ծնողի դեր կկատարեն… Ի՞նչ… Եթե դեպքերը նման ընթացք չստանային… Ռոբերտի անհանգստությունն անտեղի էր. նրա արարքում պատժելի ոչինչ չկար… Ինքնապաշտպանության փաստարկը լիուլի բավարար էր, թեև մյուս կողմից՝ տարիքի խնդիր կար… Հայրը վաթսուհինգ տարեկան էր, ինքը՝ քառասուն, կարող էր հեշտությամբ վնասազերծել: Սակայն, չեմ կարծում դա որոշիչ նշանակություն ունենար… Հոր հարցն ուրիշ… Փամփուշտները մարտական էին, հետո՝ հիմնավոր բացատրություն չէր տալիս, թե ինչ է արել անվանական պարգևատրում-ատրճանակը: Սոֆիի բացատրությունն իր հերթին… Բայց թե՝ հավանաբար, դատարանը գոհանար թեթևակի պատժով՝ հարգելով տարիքը, պատերազմին մասնակցությունը, համակարգին ծառայությունները… Բոլոր դեպքերում՝ բանը բանտային ռեժիմի չէր հասնի, սյնպես որ… Եթե միայն գիտենայինք… Թեկուզև ի պաշտոնե իրավունք չունեի, կբացեի խաղաթղթերը, կասեի, որ վտանգ չկա… Հիմա՞… Գործն օրենքի համար, ինքներդ հասկանում եք, այլևս հետաքրքրություն չի ներկայացնում… Բարոյական կողմը… Թերևս, դա հոգեբանների, սոցիոլոգների բնագավառն է… Ի՜նչ եք ասում, շնորհակալության հարկ չկա… Հայկազ Գուրգենիչ, համարձակությանս համար կներեք, ես սա… ոչ ի պաշտոնե… Ի՞նչ պետք է խնդրեիք, եթե ձեր ընկերը… Ինքներդ էլ չգիտե՞ք… Այո, թե որ կենդանի լինեին, ավագությանս հարցը ևս վտանգի տակ չէր դրվի… Ձեզ դիմե՞մ… Շնորհակալություն, Հայկազ Գուրգենիչ, դուք շատ բարի եք… Փոքրիկ, աննշան իրադարձությունները… Ճիշտ եք ասում… Ու՞մ կյանքը, եթե հատվածների, մասերի բաժանես, չի դառնա մանրիկ, առօրյա դեպքերի շարան, որոնք, սակայն, ճակատագիր են վճռում… Ցտեսություն… Այո՛, բումերանգի օրենքը…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8584 | 0 | 0
Facebook