Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանը՝ որպես վերջին հանգրվան

19:47, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Հայաստանը՝ որպես վերջին հանգրվան

Սաթենիկ Ազատյան


    
    

Իտալացի քանդակագործ, պոետ և բառիս բուն իմաստով բոհեմիկ մի կերպար Մասսիմո Լիպպին առիթը բաց չի թողնում լինել Հայաստանում, շփվել հայերի հետ, զգալ հայոց հողի էներգետիկան, արտահայտել իր սերն ու հիացմունքը հայ ժողովրդի հանդեպ: Նրա նախավերջին այցը վառ ապացույցն էր իր անմնացորդ սիրո: Ապրիլյան «չորսօրյա» պատերազմից անմիջապես հետո իր մտերիմ ընկերոջ՝ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ ժամանեց Արցախ, և իրենց ներկայությամբ և արված քանդակներով կանգնեցին Արցախի ժողովրդի կողքին: Այս հարցազրույցը ես նախատեսել էի այդ օրերին, բայց ցավոք ժամանակի սղության պատճառով այն չհաջողվեց: Ես, իհարկե, չհրաժարվեցի իմ այդ մտքից՝ սպասելով հաջորդ հանդիպմանը, որը կայացավ բոլորովին վերջերս «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, որտեղ բացվեց Մասսիմո Լիպպիի աշխատանքների ցուցահանդեսը: Իսկ մեր հետաձգված հարցազրույցը տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության փոքրիկ ու ջերմ դահլիճում, որտեղ հանդիպեցինք հնդիկ քանդակագործ և նկարիչ Կանտակիշոր Մոհարանայի աշխատանքների ցուցահանդեսի բացման ժամանակ: Կարծես թե արդեն որևէ խանգարող խնդիր չկար. բայց արի ու տես, որ կա, չունենք թարգմանիչ. Վիգեն Ավետիսը, որ պետք է թարգմաներ, բազմազբաղ է և հոգնած…Արդեն ուշ երեկո է, հյուրերից շատերը կամաց-կամաց գնում են, քչերն են մնացել, մենք անհույս նստած ենք…ու հանկարծ ներս է մտնում գրականագետ Վահագն Ղուշչյանը, որը տիրապետում է մի քանի լեզուների: Մենք՝ ես և Մասսիմո Լիպպին, բառիս բուն իմաստով բերման ենթարկեցինք Վահագնին և այդ ցուցահանդեսային աղմուկի և հյուրերի անց ու դարձի մեջ ՝մի փոքրիկ անկյունում, վերջապես կայացրինք մեր հարցազրույցը, որը սիրով ներկայացնում եմ ձեզ:

-Մի քանի անգամ եղել եք Հայաստանում, մասնակցել տարբեր սիմպոզիումների և Ձեր հարցազրույցներում բազմիցս խոստովանել եք Ձեր սերն ու հիացմունքը հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ: Բայց այս նախավերջին այցը տարբերվում էր մյուսներից. եկաք Հայաստանի համար օրհասական օրերին և գնացիք բուն պատերազմական գոտի ՝ապացուցելով Ձեր սերը հայ ժողովրդի հանդեպ: Այդ օրերին հատկապես ինչը՞ Ձեզ մղեց նման քայլի:

-Բազմաթիվ անգամներ լինելով Հայաստանում ՝միշտ զգացել եմ, թե ինչ կարող եմ անել, բայց հատկապես այդ անգամը շատ կարևոր էր: Արվեստը շատ բան չի կարող անել, բայց կարող է իմ արվեստը հայ ժողովրդին մոտեցնել ինձ: Հայաստանում շատ կարևոր օրեր էին, և եկել էինք՝ հարգելով այն հոգևոր ուժը, որ հայ ժողովուրդը տվել է մեզ: Ես իմ քանդակների մեջ արտահայտում եմ Հայաստանի անցյալը՝ զգալով հայի հոգևոր ուժը և տեսնելով ապագան: Իմ կարծիքով մեր վերջին քանդակներից մեկը արտահայտում է հենց այդ: Աշտարակում արված իմ այս վերջին քանդակը արտահայտում է այն, ինչը, որ մտածում եմ և ասում եմ. չորս տարրերը՝ կրակը, օդը, ջուրը և հողը: Հողը հայկական հողն է, և կարծում եմ, որ երկրային դրախտը գտնվում է այստեղ՝ Հայաստանում:

-Ըստ Ձեզ՝ ո՞վ է հայը և ու՞ր է գնում:

- Հայաստանը ինձ համար ասոցացվում է մեղուների հետ, որոնք խորհրդանշում են աշխարհի կյանքը: Եթե մեղուները մեռնեն, բնությունը և աշխարհը կմեռնեն, այսինքն՝ հայն ինձ համար առաջին և միաժամանակ վերջին ժողովուրդն է: Ես Հայաստանը և հայ ժողովրդին ընկալում եմ որպես վերջին հանգրվան, վերջին շեմ, որ դեռ դիմադրում է այսօրվա անիրավ բարքերին: Եթե Հայաստանը գլորվեց, ապա սատանայական բարքերը կտիրեն ամբողջ աշխարհը: Ամենայն հավանականությամբ հայերը սուրբ ազգ են, Աստծո կողմից ընտրված, որովհետև հայ ժողովուրդը այն ժողովուրդը չէ, որ ինչ- որ դրոշի կամ դրոշակակրի հետևից գնա: Մի ազգ է, որ ամբողջությամբ հետևում է Քրիստոսի պատվիրաններին: Հայ ժողովրդի անցած ճանապարհը, թափված արյունը և պատմությունը ապացույցն են, որ դուք ունեք Աստծո կողմից ընտրված և նախանշած ճակատագիր: Հայ ժողովրդը՝ որպես փրկիչ, առաջնորդել է մյուս ազգերին, քանզի նա իր անցած ճանապարհով ապացուցել է իր ՝ խոչընդոտներից և փորձություններից դուրս գալու ուժը:

-Աստվածաշնչում ասվում է «սիրիր թշնամուդ» , բայց երբ այդ թշնամին քանդում է մեր երկիրը, սպանում մեր երիտասարդներին, հնարավո՞ր է արդյոք սիրել նրան՝ չնայած այն հանգամանքին, որ առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք:

-Գեղեցկությունից, արվեստից առաջ եղել է պատերազմի արվեստը, բայց այն չէր կարող գնալ առաջ առանց իր զուգահեռի, որը խաղաղության արվեստն է: Բուն սերը Աստծո պարգևն է, և ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող սեր տալ, սակայն կարող են այդ միջազգային կազմակերպությունները լույս սփռել և ուշադիր ու արդար վերաբերվել Հայաստանին: Հայ ազգը իր պատմությամբ անընդհատ ցույց է տվել, որ այն տառապանքներին, ինչին անարդարացիորեն ենթարկվել է, նույնությամբ չի հակադարձել: Արվեստը խորհրդանշում է այս ամենը և շատ մեծ ռիսկ է պարունակում իր մեջ: Շատ մեծ ապտակներ են ստանում արվեստագետները՝փորձելով դառնալ արդարության ջատագովներ և վտանգելով սեփական կյանքը: Ինչպես այսօր տեսնում ենք, մեր հնդիկ բարեկամը կարողանում է կապ հաստատել մեզ հետ Հայաստանում՝ շրջանցելով մշակութային, կրոնական և այլ խոչընդոտներ: Երբ Քրիստոսը ապտակ ստացավ, նա ասաց . «Թույլ եմ տալիս ինձ ապտակել, բայց ասեք՝ ո՞ րն է իմ մեղքը»: Դա խորհրդանշում է Աստծո սերը, այսինքն՝ կարող ենք տառապել, բայց դիմացինը անպայման պետք է պատասխանի, թե ինչի համար: Եթե կարողանա դա հիմնավորել, հնարավոր է նույնիսկ երկրորդ այտը ցույց տալ. Քրիստոսը պասիվ մեկը չէր, որին կարողանային ուղղակի ապտակել, բայց նա, մեծահոգաբար թույլ տալով իրեն նույնիսկ ապտակել և պահանջելով այդ ապտակի պատճառը, հենց այդ օրինակն է ցույց տալիս, այսինքն՝ Աստծո սիրո ներշնչման: Այդ սերը մեծահոգի է, որ կարող է ընդունել նույնիսկ վայրագություն՝ միայն դիմացինից բացատրություն պահանջելու դեպքում:

-Տոնինո Գուերան իր մի հարցազրույցում ասում է, որ յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ պետք է լինի Հայաստանում, որպեսզի ինքնամաքրվի: Իսկ Ձեզ համար ի՞նչ է Հայաստանը:

-Հայաստանը ինձ համար ներկայանում է քրիստոնեության կենդանի ապացույց: Ես այստեղ զգում եմ ինձ նախորդող և ինձ առաջնորդող մի ժողովուրդ: Այն, ինչ որ Քրիստոսը ինձ փոխանցել է, ես տեսնում եմ հայ ժողովրդի մեջ: Տեսնում եմ մշակույթ, ավանդույթներ՝ ներդաշնակված քրիստոնեական գաղափարներով, սկսած սովորական մարդուց … Տոնինո Գուերայի ասածը շատ ճիշտ է. ըստ իս՝ նա անում է ընդհանրական դիտարկում, ես անում եմ անձնական դիտարկում, ես կապված եմ սովորական մարդու, մշակույթի, ավանդույթների և առաջատար արվեստագետների հետ, որոնք ի կատար են ածում Քրիստոսի պատգամները՝ ելնելով կրած տառապանքից, զտելով և աշխարհին տալով լավագույնը: Այդ իսկ պատճառով ունեք շատ հզոր կանայք և տղամարդիկ (մատնանշում է ինձ ու Վահագնին…մենք շնորհակալ ենք):

-Ամեն անգամ այստեղից գնալով ի՞նչ եք Ձեզ հետ տանում:

-Երեխաներին, որոնք մենք էինք վաթսուն- յոթանասուն տարի առաջ, որոնք դեռ շարունակում են լինել մաքուր հրեշտակներ, տարեց մարդկանց, որոնք իմաստուն են և ոչինչ չեն պահանջում, ոչինչ չեն ուզում: Մի աղոթք եմ մեջս պահում, որ Արցախի հեռավոր գյուղերից մեկում եմ լսել: Աղոթում եմ, որ Հայաստանի երիտասարդ սերունդը չդավաճանի հայոց մարգարեությունը: Նաև աղոթում եմ, հուսով եմ և հավատում եմ, որ Հայաստանի հայոց առաջնորդները, որոնք իմ կարծիքով արվեստագետներն են, այնպիսի հզորությամբ կարտահայտվեն, որ կհամախմբեն հայ սփյուռքը, որը կբերի հարստություն՝ հոգևոր, մտավոր, նաև նյութական: Քանզի Հայաստանում նկատում եմ նյութական շատ դաժան պայմաններ, որոնք կարող են հուսալքել մարդկանց. դա Հայաստանի հետ կապված իմ այսօրվա ամենամեծ վախերից մեկն է:

Հատկապես ինձ հետ տանում եմ ինքս իմ հանդեպ պահանջկոտություն և այն ունակությունը, որ այստեղ տեսնում եմ՝ լինել հպարտ և վսեմ զրկանքների և զոհաբերությունների մեջ:

-Որքանո՞վ եք հաշտ Ձեր ներքին եսի հետ:

-Խորապես տառապում եմ ահաբեկչությունների, սխալմունքների, անարդարությունների համար, որ կատարվում է աշխարհում, սակայն հավատում եմ Քրիստոսին. Քրիստոսը մեզ չի ազգայնացնում, այլ մեզ տալիս է հավատ, որպեսզի մենք մեր կյանքուվ սնենք այդ հավատը և ապացուցենք դրա ճշմարտացիությունը: Սակայն իմ անձնական զգացողությունները ինձ հաճախ տառապանքի են ենթարկում երբ նկատում եմ աշխարհում տիրող անարդարությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7549 | 0 | 0
Facebook