Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վայոց Ձորի մարզի Շատին համայնքը

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
11:32, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2016 թ.
Վայոց Ձորի մարզի Շատին համայնքը
     Երկնքից առկախ մի լեռնակղզի՝
     Հայաստան աշխարհ...
     Վայոց ձորի մարզի Շատին համայնքն է՝ ժայռակազմ լեռների բազմասյուն ճակատներին հարող հայոց բնակավայրերից է մեկը:
     Մարզկենտրոնից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող այս բնակավայրը ձգվում է Արփա գետի աջակողմյան Եղեգիս վտակի երկայնքով, ուր հատվում են նրա երեք վտակները:
     Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1300-1350 մ:
     Գեղեցիկ դիրքով աչքի ընկնող հայոց այս շենի պահապանը արևելքում շուրջպար բռնած ամրակուռ լեռներն են, որոնք ասես հսկում են գյուղի անդորրը:
     Շատին գյուղի նորօրյա պատմությունը ձևավորվել է 1828թ.ին, երբ գյուղը բնակեցվել է Պարսկաստանի Սալմաստ գավառից ներգաղթած հայ ընտանիքներով, սակայն Շատին համայնքի պատմությունը ձգվում է վաղնջական ժամանակներ, այդ մասին են վկայում գյուղում գտնվող վանքերն ու մատուռները:
    

     Շատին գյուղը, ինչպես հայկական մի շարք բնակավայրեր, աչքի է ընկնում պատմամշակութային մնայուն արժեքներով, գյուղի տարածքում են գտնվում երբեմնի Եղեգիս քաղաքի ավերակները, Ավարայրի ճակատամարտից նահանջած հայրենասեր մարտիկների գերեզմանները, որոնք նահանջի ճանապարհին մարտի են բռնվել պարսիկների հետ: Գյուղում են գտնվում 17-րդ դարերի զանգակատունը, 10-17-րդ դարերի խաչքարեր, 5-րդ դարի բերդանիստ ամրոցը, Սուրբ Սիոնի եկեղեցին, Հոստուն գյուղատեղիում 10-րդ դարի եկեղեցին:
     Շատինից մոտ 4 կմ արևելք` Եղեգիս գետի ձախափնյա լանջին, 10-17-րդ դարերի Շատիվանքի համալիրն է, որն ըստ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի, 929թ-ին հիմնադրել է Սյունյաց տեր Հակոբ եպիսկոպոսը: Շատիվանքը Սյունիքի ուշ-միջնադարյան, կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից է, վանքը եղել է նաև նշանավոր գրչության կենտրոն:
     Եթե ազգի սաղարթը կրթված է, ապա նրա արժեհամակարգն ամուր է, դիմագիծն` անխաթար որը նաև ազգապահպանման կարևոր գրավականն է: Ամուր արմատներով անցյալից սերվող կրթամշակութային ավանդույթները Շատինում այսօր է բարձր հարթության վրա են: Շատինում գործում է նաև առողջության կենտրոն համալարված բժշկական անհրաժեշտ միջոցներով և սարքավորումներով:
     Ուշագրավ բնաշխարհով հայտնի Շատին համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։ Բերրի բնությունն այստեղ շռայլորեն բաշխում է կենարար բարիքները` արդյունավետ պայմաններ ստեղծելով գյուղատնտեսության զարգացման համար:
     Շատին համայնքի առավելություններից է նաև, գյուղամիջով անցնողՀերմոն-Ելփին ոռոգման ջրատարի առկայությունը, որի շնորհիվ ոռոգվում է համայնքի շուրջ 200 հեկտար տարածք։
     Զրուցելով Շատին համայնքում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների և նախատեսվող ծրագրերի մասին` համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանը կարևորեց հատկապես տեղի բնակչության հայեցի մտածելակերպն ու սեփական բնակավայրի հանդեպ ունեցած սերն ու նվիրումը, որի առկայությամբ է պայմանավորված համայնքում նկատվող ցանկացած դրական տեղաշարժ և հաջողություն. չէ որ մի ձեռքը ծափ չի տա, իսկ գյուղ կանգնի` գերան կկոտրի:
     Եղեգիս գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունները Շատինի հանգստյան յուրօրինակ գոտիներն են, որոնք ասես եդեմական պարտեզ են հիշեցնում:
     Բնության այս ներդաշնակության մեջ ապրում ու արարում են շատինցիները` անցյալից ժառանգած պատմամշակութային մնայուն արժեքներով, ավանդույթներով և նիստ ու կացով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
8137 | 0 | 0
Facebook