Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
19:45, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
ՀԱԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Հայ Ազգային Կոնգրեսը իր բոլոր գործառույթներում, իր ողջ մարդկային ռեսուրսով այնքան անբասիր է և այնքան սկզբունքային, որ որևէ սողանցք հնարավոր չէ գտնել,

որովհետև իրենք չեն կեղծում, չեն փորձում դուր գալ ժողովրդին, չեն փորձում որևէ բան ապացուցել: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան…

Քսանութ տարի անընդմեջ իմ հեռուստասյուժեներն ու հրապարակումները ունեցել են մի ներքին ուղղորդող ուժ և մի հմայական զորություն, որոնք ամփոփված են երկու, ինձ համար շատ թանկ անունների մեջˋ Լեւոն Տեր Պետրոսյան և Վանո Սիրադեղյան, որն էլ ինձ իրավունք է վերապահում որոշ դատողություններ անելու:

Քղաքական ներկապնակի բազմաբևեռ վայրիվերումների մեջ պատահականություններ իհարկէ լինում են, բայց ասենք այնպիսի պատահականություն, որպիսին Արման Գալոյանն է ՀԱԿ կառույցում, ինձ համար գոնե անհեթեթություն է (իմանալով այդ տղայի վարքը, վախկոտությունը, պատվեր կատարելու պատրաստակամությունը):


    

Լինելով «Հայք» թերթի ստեղծման ակունքներում, և մասնակիցը լինելով Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրու գրեթե բոլոր շրջադարձային փոփոխություններին, ինձ իրավունք եմ վերապահում անհանգստությունս հայտնել վերոնշյալ անձի, ինչպես նաև ոչ ՀԱԿ անդամ, մարզային «Շրջապատ» թերթի խմբագիր Եպրաքսյա Մեխակյանի Գյումրու ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորելու առիթով, որին կանդրադառնամ քիչ ուշ:

Վերջերս «newsline.am» էլեկտրոնային թերթում իբր վերլուծական հոդված հրապարակվել է «Գյումրիում դժգոհության ևս մեկ ալիք է հասունանում» գրակույտը, որտեղ այնքան մերկապարանոց է պատվեր կատարողի նկրտումները և այնքան անհիմն ու անհեթեթ «փաստարկները», որ իրեն լրագրության մեջ այլևս «AS» համարող այդ տղան, ում շուրջ տաս տարի է վտարել են Գյումրիից, իր փոքր ուղեղի փոքր մանյովրներներով առնվազն վարկաբեկում է ՀԱԿ-ին:

Օրինակˋ ջահելը գրում է. «համենայն դեպս Գյումրեցիները պնդում են, որ Սահակ Մինասյանը չունի ազնիվ անկաշառ մարդու համբավ» . Շատ լավ, տղա ջան վերլուծական հոդվածը իր մեջ պարտադիր փաստերի վկայակոչում է ակնկալում, քո վիրտուալ զրույցները գյումրեցիների հետ (մի քանի հոգու ճանապարհին այսօր հարցրեցի ճանաչու՞մ եք Արման Գալոյան լրագրողի, պատասխանը հակադարձվեց հարցովˋ դա ո՞վ է) գոնե մի փաստ արձանագրվելու է, օրինակˋ ֆանտազի Արտաշի թոռը Դրագոն Կարոյի ծոռան հետ գալիս ու Արման Գալոյանին ասում ենˋ «Արման ջան, Սահակը մեզնից կաշառք է ուզել» … այ, այդ դեպքում կասեի ապրես Արման ջան արի գնանք դատախազություն, Սահակի դեմ հայտարարություն տալու:

Երևանում ներկայանալ որպես հալածված առաքյալ և որպես ճանաչված լրագրող, առնվազն ամոթ է, ոչ թե Արման Գալոյանի համար, այլ նրանց, ովքեր դա ընդունել են որպես ճշմարտություն:

Չստեղծվի այնպիսի կարծիք թե ես պաշտպանում եմ հանրապետականներին: ՀՀԿ-ի ամենամեծ մահախոսականները 1998-ից մինչև օրս Շիրակի մարզից իմ շարունակական հրապարակումներն են, բոլորը փաստարկված և հարուցված քրեական գործերով: Գրում ես. «Մինասյանն առանձնակի թուլություն ունի փողի հանդեպ» և որպես ապացույց շարունակում ես «Այդ թուլությունը դրսևորվել է վարչության պետի պաշտոնում» … Առավել անմեղսունակ և մանկամիտ այսպես կոչված «փաստարկ» -ի Шедевр հայ լրագրությունը չունի: Երևանում կուչ գալ և մեծ-մեծ խոսել բոլորն էլ կարող են, : Տղամարդ ես, արի Գյումրի հետո խոսի, ինչպես ես եմ անում արդեն երեսուն տարի, հրաժարվելով Երևանյան բոհեմից… Քանի որ կրթությունդ թերուս է, նույնիսկ չգիտես, որ ամենևին էլ դոկտորի գիտական աստիճանը ռեկտորի համար պարտադիր չէ: Տնտեսագիտական համալսարանի տեղը նույնիսկ չգիտես, ինչո՞ւ ես տապակվում Գյումրիում համալսարան ստեղծելու գաղափարից, որը շուրջ հինգ տարի է, ինչ շրջանառվում է, էլ չեմ ասում երկրաշարժից հետո Գյումրիում Ամերիկյան Համալսարան կառուցելու գաղափարը այլասերելու և այն Երևան տեղափոխելու մասին: Իսկ եթե Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանը այնքան համարում ունի, որ ռեժիմը հոգևարգի մեջ իր հույսը մեր տարածքում դրել է նրա վրա, մտածելու բան է: Անդրադառնամ Եպրաքսյա Մեխակյանի «Շրջապատ» -ում տպված Արման Գալոյան ի մեծադիր պրոֆիլին և ամպագորգոռ թևավոր խոսքին. «Գյումրիում ընդդիմությունը միշտ էլ ջախջախիչ հաղթանակ է տարել» … սուտ, խայտառակ սուտ: Գյումրին ապաքաղաքական տարածք է և որևէ կուսակցություն, լինի իշխող թե ընդդիմադիր, որևէ ծիլ Շիրակում չի արձակել: Այդ կարծեցյալ հաղթանակները ռեժիմից գերագույն զզվանքի արգասիք են և պետք չի, այն, ինչից անտեղյակ եքˋ գրպանել: ՀԱԿ վարչությունը ի՞նչ հիմնավորումներով է որոշել մարզային և քաղաքային իշխանություններից սնվող Եպրաքսյա Մեխակյանին իր թերթոնով հանդերձ դարձնել Գյումրու ավագանու ընտրությունների ՀԱԿ ցուցակի թիվ մեկ թեկնածու, առնվազն անլուրջ է: Նույն թերթը այսօր լեգիտիմ է դարձնում Սամվել Բալասանյանի սեփականությունը հանդիսացող «Սև բերդ» պատմամշակութային հուշարձանը կործանելու իրողությունը, օգտագործելով մեծանուն կոմպոզիտորˋ Տիգրան Մանսուրյանի անունը, իբր «Սև բերդ» -ում կկայանա Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն, այն դեպքում, երբ մաեստրոն իմանալով, որ այդ տարածքում ավերվել է մ.թ.ա. 7-րդ դարի դամբարանադաշտ, պղծվել են եղեռնից մազապուրծ Ալեքպոլի Ամերիկյան որբանոցում մահացած մանուկների գերեզմանները, այլևս կասկածի տակ է դրել այդ տարածքում համերգ տալու գաղափարը:

Թերթի հռետորական «դուք լինելու եք ՀԱԿ ավագանու թեկնածուների ցուցակում» հարցին ի պատասխան ինքնասիրահարված նարցիսը փոխանակ ասի «այո, թերևս» հայտարարում է «միանշանակ»:

Այս աշխարհում միանշանակ ոչինչ չկա:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5910 | 0 | 0
Facebook