Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ջարդեմ փշրեմ», «կաշիներդ կքերեմ», «կարգալույծ կանեմ». Գարեգին Բ

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
22:23, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
«Ջարդեմ փշրեմ», «կաշիներդ կքերեմ», «կարգալույծ կանեմ». Գարեգին Բ
    
Չգիտես ինչու` մեզանում այն կարծիքն է տարածված, որ կարելի է մամուլի էջերից փնովել երկրի նախագահին, խորհրդարանին, այլեւայլ պաշտոնական անձանց, պախարակել ազգի առողջ, առաջադիմական ուժերին, նվաստացնել մտավորականությանը, սակայն չի կարելի անգամ շշուկով խոսել այնպիսի փակ համակարգի մասին, ինչպիսին է Հայ Առաքելական եկեղեցին եւ նրա նորընտիր ղեկավարը:
Դարեր շարունակ մեր Ազգային Եկեղեցին հանդիսացել է պետականություն, ազգային գաղափարախոսություն եւ մտածելակերպ ձեւավորող միակ կառույցը, գիտության եւ մշակույթի առաջընթացի զարգացման դարբնոցը: Ցավոք, վերջինիս օրոք այն հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի պատճառը ըստ Մայր Աթոռի «դիվանի» հայտարարության, վերջին տարիներին չափազանց ակտիվացած կրոնական տարբեր աղանդների գործունեությունն է: Սակայն բուն պատճառը պետք է փնտրել ոչ թե եկեղեցու, այլ նրա ղեկավարի անձի եւ իր իսկ կողմից աճեցրած սերնդի մեջ:
     Ծայրահեղ միջակ ունակությունների տեր անձը չէր կարող բազմել Հայրապետական Գահին, եթե հոկտեմբերի 27-ին չգլխատվեր հայ ազգային գաղափարախոսության փարոսը: Թե ինչ անհայտ հովանավորների եւ գաղտնի ծառայությունների միջամտությամբ ընտրվեց վերջինս` այնքան էլ պարզ չէ: Բայց որ այդ ուժերը իրենց գործունեությամբ պառակտեցին եւ մասնատեցին մեր եկեղեցին, փաստ է:
     Մայր Աթոռում այժմ որդեգրված քաղաքականությունը չի բխում ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ հոգեւորականության եւ ո՛չ էլ մտավորականության շահերից: Այն հակադրվում է 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցու ընդունած կանոններին, նրա ինքնավարությանը, ազգային պատկանելիությանը եւ վերջապես սպառնում է նրա Սրբությանը: Այսօր եկեղեցին առաջնորդվում է ոչ թե իր «հավատո հանգանակով», ազգային ժողովրդական սկզբունքներով, ինչպես որ ավանդվել է մեզ դարեր շարունակ, այլ ոմն մարինեների, կասկածելի անցյալի տեր հաստապարանոց վերստուգիչ Մութաֆյանների եւ «ախպերության» կողմից:
     «Ջարդեմ փշրեմ», «կաշիներդ կքերեմ», «կարգալույծ կանեմ» . ահա բարոյական այն չափանիշները, որոնցով առաջնորդվում է նորընծան: 1700-ամյա մեր եկեղեցին դարձել է Կտրիճ Ներսիսյանի եւ ներսիսյանների հայրական սեփականությունն ու ընտանեկան բոստան-բիզնեսը:
     Մայր Աթոռում նվաստացված ու ստորացված են եկեղեցու ամենացածր սպասավորից մինչեւ բարձրաստիճան սպասավորները: Տիրում է վախի, կասկածամտության, ստալինա-բերիական սարսափի մթնոլորտը: Միաբանությունը անմիաբան է: Նրա ոչ մի անդամ վստահություն եւ հարգանք չի տածում մեկը մյուսի նկատմամբ:
     Գարեգին Բ-ի արհամարհանքը, կասկածամտությունը եւ ինչու չէ նաեւ վախը հասել է այն աստիճանի, որ նրա հովվապետական այցելությունները բացառապես գաղտնի են պահվում ե՛ւ միաբանությունից, ե՛ւ մեր ժողովրդից, մինչդեռ կարգը պահանջում է իրազեկ պահել թե՛ միաբանությանը եւ թե՛ հավատացյալ հոտին` արժանանալու համար նրանց սրտաբուխ, ազնիվ աղոթքներին: Վախն ու կասկածամտությունը հասել են այնպիսի ծայրահեղության, որ չի հանդուրժում նույնիսկ միաբանների պատահական ներկայությունը վեհարանի խոհանոցում:
     Միանգամայն հստակ կարող ենք նշել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի տիտղոսը կրող անձը ներկայումս միայն որոշակի հեղինակություն է վայելում հանրապետության որոշ չինովնիկների ու «ախպերության» շրջանում եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ձեւավորված մասնակի թեմերում: Ինչ վերաբերում է սփյուռքին` ավելացնենք, որ միջակության դրսեւորումը ակնառու է դառնում այն պարագայում, երբ դիտում ենք վերջինիս արհամարհված վիճակը Անթիլիասի կաթողիկոսի, Պատրիարքական Աթոռների եւ շատ թեմական առաջնորդների կողմից: Պատահական չէ, որ լուսահոգի Գեւորգ Զ, Վազգեն Ա, Գարեգին Ա ազգընտիր հայրապետներից հետո այս պրորաբի կառուցած եկեղեցիներում անգամ Աստված չի բնակվում: Վերջինիս բարոյական արժանիքներն ու նկարագիրը, ցավոք, մշուշապատ եւ վարագույրի ետեւում են, որովհետեւ մասամբ ոչնչացվել են նախորդ կաթողիկոսների անձնական արխիվները, բայց եւ միանգամայն թափանցիկ է երբեմնի վեհարանը, որը ժամանակին ծառայելով որպես հայրապետական կացարան, վերածվել է կանանոցի:
     Եթե 120-րդ Հովհաննես Ը Կարբեցի կաթողիկոսը իր գահակալության 11 տարիների ընթացքում (հայ ժողովրդի համար բախտորոշ տարիներին) ցարից խնդրեց ընդամենը ազնվական տիտղոս իր ազգականների համար, ապա 132-րդը ընտրվելուց հետո հետամուտ եղավ առանց միջոցների մեջ խտրականության ոչնչացնել Մոսկվայի եւ համայն Ռուսաստանի հայ եկեղեցու թեմական առաջնորդ բազմավաստակ Տ. Տիրան արքեպիսկոպոսին, նույն պաշտոնում նշանակելով իր եղբորը: Իր միջակությունը եւ մտավոր սահմանափակ ունակությունները քողարկելու նպատակով Մայր Աթոռից հեռացրեց բոլոր իր սերնդակից եւ օծակից հոգեւորականներին: Վանականների մեջ Աստվածային սեր եւ ներողամտություն սերմանելու փոխարեն, ցավոք սրտի եւ դժբախտաբար, որոմ շաղ տվեց` զբաղվելով ճղճիմ բանսարկություններով, որի հետեւանքով միաբանությունը պառակտվեց էջմիածնականների եւ սեւանյանների, հարությունականների եւ մասիսյանների: Եթե Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի շրջանավարտ ես, ապա շատ եւ շատ դռներ քեզ համար փակ են, իսկ եթե Սեւանի հոգեւոր դպրանոցի սան ես եւ նորընտիրի կամքով մի քիչ էլ Պավլիկ Մարոզով, ապա ապագան երաշխավորված է արտերկրում: Դժբախտաբար ներկայիս հոգեւոր հաստատությունները նորընտիրի բարդույթների եւ ֆոբիաների պատճառով վերածվել են կամազուրկ, ստրկահոգի, անհատականությունից եւ ազգային պատկանելիությունից զուրկ անձանց արտադրական արտադրամասի:
     Մեր եկեղեցու վերջին 300 տարվա պատմությունը եւ կաթողիկոսների վարքը ուսումնասիրելով, գալիս ենք այն համոզման, որ վերջին 132-րդը հոգեւորականների կարգալուծության հարցում սահմանել է յուրահատուկ Գինեսյան ռեկորդ` գերազանցելով նախորդ 131 կաթողիկոսներին միասին վերցրած: Ի՞նչ է սա: Կարծում ենք, որ այս արարքը մեր դարավոր սուրբ եկեղեցին նվաստացնելու, ոչնչացնելու գիտակցաբար ծրագրավորված գործընթացի սկիզբն է միայն, որը ձեռնտու է միայն մեր ազգի թշնամիներին եւ այլեւայլ աղանդավորներին:
     Մեր ազգի քրիստոնեական պատմության ժամանակաշրջանում բազում են պատմական իրողությունները, երբ հայոց հայրապետները եւ հոգեւորականությունը մասնակցել եւ անգամ ղեկավարել են ազգային-ազատագրական շարժումները: Հիշենք Ղեւոնդաց պայքարը Ավարայրում, Հովհաննես Գ. Օձնեցու հայրենասիրական վարքը, Ներսես Ե. Աշտարակեցուն, Գեւորգ Ե կաթողիկոսին, Գարեգին Հովսեփյանցին եւ Էջմիածնի միաբանության մասնակցությունը Սարդարապատի ճակատամարտին, Գեւորգ Զ Կաթողիկոսին` երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, հիշենք նաեւ Վազգեն Ա կաթողիկոսին` Արցախյան գոյամարտի եւ նրա անգնահատելի դերը անկախության առաջին տարիներին: Հիշենք նաեւ մեր Հայրիկին Խրիմյան` որպես ե՛ւ ազգային, ե՛ւ եկեղեցական գերմեծ գործչի:
     Իսկ ինչ պիտի հիշեն մեզանից հետո... Մեր օրերում մեր անտարբերության եւ այս նոր տնօրենի անպատժելիության, ամենաթողության պատճառով գլոբալիզացիայի անդունդը գլորվող Հայ Առաքելական եկեղեցի: 30 արծաթով վաճառված, ոտնահարված ազգային սրբություններ: Աղանդավոր քարոզչի հոգեբանությամբ ազգադավան, քաղկեդոնադավան բիրտ քաղաքականություն` իր ողբերգական բոլոր հետեւանքներով հանդերձ: Չի կարելի կոչվել հոգեւոր հայր` վաճառվելով քաղաքական ուժերին, սիրաշահել չինովնիկներին, կատարել այլ տերերի պատվերներ եւ բարերարների ոտքերը համբուրելով դրամ մուրալ սեփական կրքերին հագուրդ տալու համար: Ամոթ է, մեկ-մեկ էլ աղոթք արեք:
     Տեսնելով Մայր Աթոռում տիրող չափազանց անբարոյական իրավիճակը, որի բուն պատճառը Գարեգին Բ-ն է. կոչ ենք անում Ձեզ, հայցելով Ձեր գործնական եւ անմիջական աջակցությունը` վերացնելու համար Հայ եկեղեցու ծոցում գործող քաղցկեղը: Վերացնելու համար այն անօրինականությունների շղթան, որով չկայացած կաթողիկոսը մինչեւ այժմ առաջնորդվում է:


     Հայ Ազգային եկեղեցու արժանապատվությամբ մտահոգված
     աշխարհիկ եւ հոգեւոր գործիչներ
     «ԱՐՁԱԳԱՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
29916 | 1 | 0
Facebook