Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր»-ը

12:38, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր»-ը

18-րդ դարի վերջում Ֆրանսիայում հեղափոխության նախադրյալներ էին հասունացել: Բացարձակ միապետությունը դարձել է անտանելի. Այն խոչընդոտում էր երկրի առաջընթացը, պահպանում էր ազնվականների ու հոգևորականության բազմաթիվ արտոնությունները, անասելի խորացնում ունևորների ու ունեզրկվածների միջև գոյացած անդունդը:

Ծանր հարկերից ու տուրքերից լիովին ընչազուրկ դարձած գյուղացիները զանգվածաբար քաղաքներ էին մեկնում՝ համալրելով աղքատների շարքերը:

Համընդհանուր դժգոհությունը մարելու համար թագավորը 1789-ի գարնանը Գլխավոր շտատներ է գումարում, որը 175 տարի չէր գումարվել: Երրորդ դասի ներկայացուցիչների թիվն հավասար էր ազնվականության ու հոգևորականության ընդհանուր թվին: Երրորդ դասի պատգամավորների մեջ ղեկավար դիրք ստացած բուրժուազիայի ներկայացուցիչները պահանջում են մյուս դասերի հետ միասին քննարկել որոշումներն ու միասնական քվեարկություն կատարել: Աշխատանքի այս կարգի դեպքում երրորդ դասը ներկայացնող պատգամավորները կհաղթեին, քանի որ ազնվականությունն ու հոգևորականությունը ներկայացնող պատգամավորների մեջ կային մարդիկ, որոնք համամիտ էին երրորդ դասի պատգամավորների հետ: Բայց արտոնյալ դասերը ներկայացնող պատգամավորները հրաժարվում են ընդունել երրոդ դասի պատգամավորների առաջարկը: Ի պատասխան՝ երրորդ դասի պատգամավորները հունիսի 17-ին իրենց «Ազգային ժողով» են հռչակում:

Այս «հակաիշխանական» որոշմանը վճռական աջակցություն է ցուցաբերում 1789-ի հուլիսի 14-ին Փարիզում սկսված ապստամբությունը, որը դառնում է Ֆրանսիական Մեծ հեղափոխության սկիզբ: Ապստամբությունն ամրապնդում է Ազգայի Ժողովի դիրքերը, որը շուտով իրեն «Սահմանադիր ժողով» է հռչակում և օգոստոսի 26-ին հաստատում է «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր» -ը՝ որն ուղղված էր բռնակալության, Ֆրանսիայի դասային կառուցվածքի ու աղաղակող անարդարության դեմ և կոչված էր ապահովելու անհատի, խոսքի, համոզմունքների ազատություն ու շահագործման դեմ ընբոստանալու իրավունքը:

Այս հռչակագիրն առ այսօր Ֆրանսիայի սահմանադրական իրավունքի հիմքն է: 1958-ին այն հաստատել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը: Հռչակագիրն այժմ իսկ իրավաբանական պարտադիր փաստաթուղթ է: Դրա դրույթների խախտումը հակասահմանադրական գործողություն է համարվում:


     Նախաբան

Ազգային Ժողով կազմող Ֆրանսիայի ժողովրդի ներկայացուցիչները, ուշադրության առնելով, որ մարդու իրավունքների անգիտությունը, մոռացումը կամ արհամարումը հասարակական դժբախտությունների ու կառավարության փչացածության միակ պատճառն է, որոշեց հանդիսավոր հայտարարությամբ շարադրել մարդու բնական, անօտարելի ու սրբազան իրավունքները, որպեսզի այս հայտարարությունը, մշտապես լինելով հասարակական դաշինքի անդամների աչքի առաջ, անդադար հիշեցնի նրանց իրենց իրավունքներն ու պարտականությունները, որպեսզի օրենսդիր և գործադիր իշխանության որոշումները ցանկացած պահի բաղդատվեն և լինեն էլ ավելի հարգելի, որպեսզի քաղաքացիների պահանջները, այսուհետ հիմնվելով պարզ ու անվիճարկելի սկզբունքների վրա, միշտ վայելեն Սահմանադրության աջակցությանն ու նպաստեն համընդհանուր բարեկեցությունը:

- Այս ամենի արդյունքում՝ Ազգային Ժողովը, Բարձրագուն Էության առաջ ու նրա հովանու ներքո, ճանաչում և հայտարարում է մարդու և քաղաքացու հետևյալ իրավունքները:

Հոդված 1: Մարդիկ ազատ և իրավահավասար են ծնվում: Հասարակական տարբերությունները կարող են հիմնված լինել միայն ընդհանուրին տված օգուտի վրա:

Հոդված 2: Քաղաքական յուրաքանչյուր դաշինքի նպատակը մարդու բնական և անքակտելի իրավունքների պահպանումն է: Այդ իրավունքները ազատության, սեփականության, անվտանգության ու կեղեքմանը դիմադրելու հիմքն են:

Հոդված 3: Ցանկացած ինքնիշխանության հիմքը ժողովուրդն է: Ո՛չ մի անձ, ո՛չ մի խումբ չի կարող իշխանություն ունենալ, եթե այն, դրական իմաստով, չի բխել ժողովրդից:

Հոդված 4: Ազատությունը բաղկացած է այն ամենն անելու հնարավորությունից, որը չի վնասում մեկ ուրիշին. այսպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքը սահմանափակված է միայն այն սահմաններով, որոնք հասարակության մյուս անդամներին ապահովում են այդ նույն իրավունքներով: Այդ սահմանները կարող են որոշվել միայն Օրենքով:

Հոդված 5: Օրենքը կարող է արգելել միայն հասարակությանը վնասկար գործողությունները: Ինչը չի արգելված օրենքով, դրան չի կարելի խոչընդոտել, և չի թույլատրվում որևէ մեկին հարկադրել անել այն, որն օրենքով չի նախատեսված;

Հոդված 6: Օրենքը հանուրի կամքի արտահայտությունն է: Բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցել դրա կազմմանը: Այն պետք է միանման լինի բոլորի համար՝ հովանավորելիս ու պատժելիս: Նրա աչքի առաջ բոլորն հավասար են, և այդ իսկ պատճատով նրանք ունեն հավասար հնարավորություն ցանկացած հասարակական աստիճանի, տեղի ու պաշտոնի՝ համապատասխան իրենց կարողություններին ու առանց այլ տարբերակման, քան միայն բարի գործերի ու տաղանդի:

Հոդված 7: Ոչ մի մարդու չի կարելի մեղադրել, կալանավորել կամ բանտարկել այլ կերպ, քան Օրենքով սահմանված դեպքերում ու դրա սահմանած ձևերով: Ով մուրում է, գրում է և կատարում է կամ ստիպում է կատարել կամայական հրամաններ, ենթակա է պատժի. բայց օրենքին համապատասխան կանչված կամ ձերբակալված ցանկացած քաղաքացի պարտավոր է անմիջապես հնազանդվել. դիմադրելով՝ նա հանցանք է գործում:

Հոդված 8: Օրենքը պետք է սահմանի միայն ակնհայտ պատիժները: Ոչ ոք ենթակա չէ պատժի՝ այլ կերպ, քան այն օրենքի ուժով, որը հրապարակվել է հանցանք կատարվելուց առաջ:

Հոդված 9: Ցանկացած մարդ անմեղ է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նա մեղավոր չի հայտարարվել: Դրան համապատասխան, եթե անհրաժեշտ լինի նրան կալանավորել, խստության ցանկացած միջոց, որն անխուսափելի չի համարվում այն բանի համար, որպեսզի խոչընդոտի նրա թաքնվելը, պետք է օրենքով խստորեն պատժվի:

Հոդված 10: Ոչ ոք չպիտի անհանգստացվի իր համոզմունքների, թեկուզ կրոնական համոզմունքների համար, եթե դրանք չեն խաթարում Օրենքով սահմանված հասարակական կարգը:

Հոդված 11: Սեփասկսան համոզմունքներն ու կարծիքներն ուրիշներին ազատ փոխանցելը մարդու ամենաթանկարժեք իրավունքներից մեկն է. այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատ խոսել, գրել, տպագրել՝ պատասխանատու մնալով այդ ազատության չարաշահման դեպքում՝ որոշակի օրենքներին համապատասխան:

Հոդված 12: Մարդու և քաղաքացու իրավունքների երաշխավորումը պետական կազմակերպված ուժի անհրաժեշտություն է ծնում. այդ ուժը, այսպիսով, սահմանված է ի շահ բոլորի, այլ ոչ թե հօգուտ նրանց, որոնց այն վստահվել է:

Հոդված 13: Պետական ուժի պահպանման ու կառավարման ծախսերի համար անհրաժեշտ են հասարակական տուրքեր. դրանք պետք է հավասարապես դրվեն բոլոր քաղաքացիների վրա ՝ իրենց ունեցվածքին համապատասխան:

Հոդված 14: Բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով համոզվելու հասարակական տուրքերի անհրաժեշտությանը, ազատորեն տալու իրենց համաձայնությունը դրանց, հետևելու դրանց օգտագործմանն ու սահմանել դրանց չափը, հիմնավորումը, գանձման կարգն ու գործադրման ժամկետը:
     Հոդված 15: Հասարակությունն իրավունք ունի պետական ցանկացած գործակալից հաշվետվություն պահանջել այդ տուրքերի կառավարման մասին:

Հոդված 16: Ցանկացած հասարակություն, որում ապահովված չեն իրավունքների երաշխիքները և սահմանված չէ իշխանության բաժանումը, սահմանադրություն չունի:

Հոդված 17: Սեփականությունը, որպես անքակտելի ու սրբազան իրավունք, ոչ մեկից չի կարող խլվել այլ կերպ, քան ակնհայտորեն օրինականորեն սահմանված հասարակական անհրաժեշտությումբ՝ արդար ու նախապես փոխհատուցման պայմանով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8028 | 0 | 0
Facebook