Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փորձագետն ակամայից դառնում է որակի մշակույթի կրող և տարածող. Տիգրան Մնացականյան

15:21, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Փորձագետն ակամայից դառնում է որակի մշակույթի կրող և տարածող. Տիգրան Մնացականյան

Բուհերի հավատարմագրման գործընթացում փորձագետների դերն անթերագնահատելի է: Նրանք են ուսումնասիրում բուհի ինքնավերլուծությունը, ուսումնական հաստատությունում փորձաքննություն իրականացնում, վեր հանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ խորհրդատվություն մատուցում: Փորձագետներն անկախ մասնագետներ են, որոնք մեծ փորձ ունեն կրթության և, մասնավորապես, կրթության կառավարման ոլորտում, նրանց կարծիքը ծանրակշիռ և ընդունելի է թե բուհի, թե ՈԱԱԿ-ի համար: Փորձագետի աշխատանքի և հայաստանյան բուհերի առանձնահատկությունների մասին հարցազրույց ենք ունեցել ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, ՈԱԱԿ փորձագետ Տիգրան Մնացականյանի հետ:

-Պարոն Մնացականյան, այս պահին Հայաստանում ունենք ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 15 բուհ: Կառավարության որոշմամբ մինչև 2018 թվականը բոլոր բուհերը պետք է հավատարմագրում անցնեն: Ձեր գնահատմամբ` հավատարմագրման գործընթացը և արդյունքներն արդեն որոշակի ազդեցություն ունե՞ն մեր կրթական համակարգի վրա, թե դեռ վաղ է ազդեցության մասին խոսել:

-Ոչ միայն մենք, այլ նաև բուհերն են ասում, որ իրենց համար հավատարմագրումը շատ օգտակար է: Գործընթացի արդյունքում որոշակի ֆորմատի մեջ են մտնում, որոշակի գործընթացներ են սկսում, տեսնում են բացերը, որոնք մինչև պրոցեսների մեջ մտնելը չէին տեսել, դրանց շտկման ուղղությամբ խորհրդատվություն են ստանում: Այնպես որ այո, ազդեցությունն արդեն զգալի է:

-Որպես փորձագետ մասնակցությունը հավատարմագրման գործընթացներին ինչպե՞ս է ազդել Ձեր մասնագիտական գործունեության վրա:

-Հիմնական փոփոխությունը երևի այն է, որ դարձել եմ որակի մշակույթի կրողը: Դա դրսևորվում է թե անհատական մակարդակում, թե աշխատանքային, այսինքն ես այդ մշակույթը նաև իմ բուհ եմ տանում: Կարճ ասած` փորձագետն ակամայից դառնում է որակի մշակույթի կրող և տարածող:

-Իսկ ո՞վ է իրականում փորձագետը ու ինչպե՞ս են նրան ընկալում բուհերը:

-Բուհերում երբեմն փորձագետին դիտարկում են որպես ստուգողի: Սակայն փորձագետը բուհ է մտնում բարի տրամադրությամբ և մտադրությամբ: Հատկապես այցերի ընթացքում փորձում ենք բարիդրացիական հարաբերություններ հաստատել, փոխել առկա ընկալումը:

Բայց, միաժամանակ, այս փուլում օբյեկտիվորեն պետք է լինի այդ ընկալումը, այլ կերպ չի կարող լինել: Կարծում եմ, որ երկրորդ շրջափուլում այլևս նման խնդիր չի լինի: Անգամ առաջին հավատարմագրման ժամանակ այցի սկզբում և վերջում տրամադրությունները տարբեր են եղել:

-Փորձագետ դառնալուց հետո շրջապատում Ձեր ընկալումը որևէ կերպ փոփոխվե՞լ է:

-Փորձագետի ստատուսը հասարակական հայտնիություն չի բերում: Երևի թե միայն իմ բուհում ավելի շատ են խորհուրդ հարցնում, ներքին պրոցեսներում ներգրավում: Տնտեսագիտական համալսարանում, օրինակ, առանձին փորձագիտական կառույց է ստեղծվել, որը զբաղվում է որակի ներքին ապահովմամբ:

-Ձեր կարծիքով` որակի մշակույթի ձևավորման առումով ի՞նչ փուլում ենք:

-Կարծում եմ` դեռևս ծանոթացման փուլում ենք:

՞նչ քայլեր են պետք ամրապնդման համար:

-Տարածումն ինքնաբերաբար կլինի, զարգացումն էլ բուհից բուհ է: Կարևոր է, որ ՈԱԱԿ-ը մշտապես կապի մեջ է բուհերի հետ նաև հավատարմագրման գործընթացից դուրս: Տարբեր բուհերից փորձագետներ կան: Նրանք, իրենց բուհ վերադառնալով, դառնում են որակի մշակույթի տարածողն իրենց ուսումնական հաստատությունում, նկատում են բացերը և աշխատում դրանց լուծման ուղղությամբ: ՈԱԱԿ-ն այսօր ճիշտ ճանապարհի վրա է. գնում ենք նրան, որ մեր բուհական համակարգը դառնա որակի մշակույթի ամբողջական կրող:

-Հավատարմագրման մի քանի գործընթացների եք մասնակցել: Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք համակարգային են ու բոլորին բնորոշ:

-Հիմնական խնդիրն այն է, որ մեր խոշոր բուհերը, որոնք պետական են, չունեն շուկայական կողմնորոշում, այսինքն մրցակցային առումով ռազմավարական կառավարում լավ չեն իրականացնում, լավ չեն պատկերացնում, թե դեպի ուր են ձգտում, ինչ կարգավիճակի են ուզում հասնել: Մինչև բուհը չհասկանա, թե ինչպիսին է ուզում դառնալ, ինչի հիման վրա է ուզում իր առավելությունը ռեալիզացնի, հաջողության չի հասնի: Քանի որ այս ամենը մեր բուհերում նախապես չի որոշվում, նրանց համար դժվարանում է ռազմավարական զարգացումը: Սա, երևի թե, ամենախորքային խնդիրն է:

Ծրագրերի հետ կապված ևս խնդիրներ կան: Ճիշտ է, ծրագրային հավատարմագրման գործընթացներն ավելի լավ ցուցիչ կլինեն, բայց ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին փուլում ամեն տեղ նկատվեց, որ մասնագիտության կրթական ծրագրերը վերջնարդյունքների վրա հիմնվածության որոշակի պակաս ունեն. այսինքն բոլորը փորձում են ծրագրերը կառուցել վերջնարդյունքների հիման վրա, բայց դժվարանում են կապերը տալ, թե այդ վերջնարդյունքերին ինչպես հասնել, ինչ մեթոդներով դասավանդել, ինչ առարկաներ ներառել, տարիների ընթացքում ինչպես բաշխել այդ վերջնարդյունքը:

Պետք է ուրախությամբ նշել, որ ուսանողների հետ կապված խնդիրներ համարյա ոչ մի բուհում չկան, այսինքն ուսանողների ինքնակազմակերպման, ուսանողների ձայնի լսելիության և այլ առումներով խնդիրներ գրեթե չկան:

Ակնհայտ է` բոլոր բուհերի համար կա մի խնդիր` գիտահետազոտական աշխատանքը: Չկա բուհ, որ բավարար մակարդակով գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում: Սա բխում է առաջին խնդրից, որ ռազմավարական զարգացման հետ կապված անորոշություններ կան, բուհը չգիտի, թե ինչի համար զբաղվի գիտահետազոտական աշխատանքով, ինչ է իրեն տալու դա: Այլ խնդիր կլիներ, եթե բուհը փորձեր գիտահետազոտական աշխատանքը դիտարկել որպես եկամուտի լրացուցիչ աղբյուր:

Եվ վերջին համատարած խնդիրը միջազգայնացումն է: Ճիշտ է, բուհերը հաստատում են կապեր օտարերկրյա բուհերի, այլ կազմակերպությունների հետ, բայց այդ ամենը կարծես ինքնանպատակ է արվում, նորաձևությանը տուրք տալով: Բուհերը չեն կապում միջազգային համագործակցությունը ներքին արդյունքների հետ, ուղղակի համագործակցում են:

-Բուհերն այս խնդիրները գիտակցո՞ւմ են և պատկերացնո՞ւմ են, թե ինչպես կարող են լուծել դրանք:

-Հավատարմագրման գործընթացներում փորձագիտական խմբերն այդ խնդիրները բարձրաձայնել են, բուհերը ծանոթ են խնդիրներին: Բուհերը, հիմնվելով փորձագետների խորհրդատվության վրա, մատնանշված խնդիրների բարելավման ծրագիր են կազմել: Մինչև հաջորդ հավատարմագրումն այդ ծրագիրը պետք է իրականացվի` համաձայն սահմանված ժամանակացույցի: Իսկ բարելավման պլանների իրագործումն ակամայից բերելու է այս խնդիրների լուծմանը: Այստեղ կարևոր է նաև, որ բուհը ոչ թե մեխանիկորեն կատարի այդ խորհրդատվությունը, այլ նաև գիտակցի: Ինչը, կարծում եմ, ապահովվում է նրանով, որ փորձագիտական խումբը և ՈԱԱԿ-ը միշտ համագործակցում են, բացատրական աշխատանքներ են տանում բուհերի հետ, բուհերում էլ կան փորձագետներ:

Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4354 | 0 | 0
Facebook