Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թլպատման շնորհիվ տղամարդու սեռազգայնությունը նվազո՞ւմ է, թե՞ աճում է նրա սեռական կարողությունը

20:20, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
Թլպատման շնորհիվ տղամարդու սեռազգայնությունը նվազո՞ւմ է, թե՞ աճում է նրա սեռական կարողությունը

«…Բազում դարերի ընթացքում թլպատման ծեսը հրեաների մասին կատակների անսպառ աղբյուր էր, բայց երբ վերջին ժամանակներս պարզվեց, որ թլպատումն առողջապահական առումով օգտակար է, վերաբերմունքը փոխվեց: Բժիշկների խորհրդով՝ աշխարհի շատ կրթված մարդիկ հիմա իրենց արու զավակներին թլպատում են»:

Հերման Վուկ, «Սա՛ է իմ Աստվածը»


     Բարձրյալի և հրեա ժողովրդի միջև ուխտի նշան հանդիսացող թլպատումը հուդայականության կարևորագույն պատվիրաններից մեկն է: Այն հրեաները կատարել են իրենց պատմության ամբողջ ընթացքում, և այսօր էլ հրեաների ճնշող մեծամասնությունն այս ծեսը սրբորեն կատարում է: Աստծո հետ ուխտ հաստատելու մասին վկայող այս վիրահատությանը միստիկական այնպիսի մեծ նշանակություն է տրվում, որ հրեաներն իրենց առաջին հերթին բնութագրում են որպես «թլպատվածներ» ՝ դրանով իսկ իրենց առանձնացնելով «չթլպատված» ժողովուրդներից:

Թալմուդում և Կաբալայում ընդգծվում է, որ «օրերի վերջում», Մաշիախի (Մեսիայի) գալստյան նախօրեին, հրեաները կհրաժարվեն բոլոր պատվիրաններից, բայց կշարունակեն իրենց որդիների թլպատումը, և դրա շնորհիվ փրկության իրավունք ձեռք կբերեն:

Շատ ռաբիններ այս խոսքերի հաստատումը տեսնում են Իսրայելի կյանքում, որի բնակչության նշանակալի մասը թեպետ աշխարհիկ կյանք է վարում ու խախտում է կրոնական բազմաթիվ հանձնարարականներ, բայց հավատարիմ է թլպատման ուխտին: Ըստ վիճակագրւթյան՝ երկրի հրեա բնակչության 95 տոկոսը արական սեռի նորածիններին թլպատում է՝ այդ առթիվ պարտադիր կարգով խնջույք կազմակերպելով: Ընդ որում, հրեաների ճնշող մեծամասնությունն այն համոզմանն է, որ չթլպատված ծնողներից ծնված երեխան բարոյական մեծ կորուստներ է կրում: Չթլպատված հրեայի երեխան ամբողջ կյանքում կրելու է դրա բացասական հետևանքները:

Թորայի մի շարք նշանավոր մեկնիչներ այն համոզմանն են եղել, թե թլպատման պատվիրանի նպատակն է եղել որոշակիորեն նվազեցնել տղամարդու սեռական կիրքն ու սեռական հարաբեորության պարգևած հաճույքի զգացումը՝ ցույց տալով, որ, չնայած մեծ կարևորությանը, սեռական հարաբերությունը հրեայի կյանքում պետք է ստորադասվի հոգևոր վայելքներին: Իսկ հոգևոր վայելքներից գլխավորը Թորայի ընթերցումն է, Աստծո կամքի ու այն լծակների ճանաչումը, որոնց օգնությամբ Նա կառավարում է աշխարհը: ; Այս տեսակետին է եղել, օրինակ, ուշ միջնադարի նշանավոր ռաբին Ռամբամը, որն արաբներին ու եվրոպացիների Մայմոնիդ անվամբ է հայտնի եղել: Ռամբամի կարծիքով` թլիպը մշտական գրգռիչ է, որը տղամարդուն շարունակ սեռական վայելքի է մղում` նույնիսկ այն ժամանակ, երբ նրա կողքին սեռական գրգիռ հարուցող կին չկա: Իսկ դա նշանակում է, որ թլիպը թույլ չի տալիս, որ տղամարդն իր ուշադրությունը սևեռի ուսմանն ու խոկա: Դժվար է ասել, թե նա որքանով է իրավացի, որովհետև 20-րդ դարի կեսերին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռական հասունացման ու պատանեկան գերսեքսուալության շրջանում թլպատված հրեա տղաները նույնքան ծարավի են սեռական հարաբերության, որքան չթլպատված իրենց հասակակիցները: Բայց արժե նշել, որ Մայմոնիդի համոզումը շատ կողմնակիցներ ունի նաև այսօր:

«Մեր մարմինը ոչ թե տեր, այլ ծառա լինի, - ասել է ռաբին Հիրշը: Հատելով թլիպը՝ մենք մեր մարմինը կնքում ենք Աստծո տված բարոյական օրենքով՝ որպես հնազանդության նշան: Աստված հատկապես մարմնի հնազանդությունն է համարում իր գլխավոր պատվիրանը: Այդ պատվիրանը թույլ չի տալիս, որ մարդու հոգին բարձունքներում սավառնի այն ժամանակ, երբ մարմինը ենթակա է ցանկացած ազդեցության: Պատվիրանի առաջին նախապայմանը մարմնական հակումների ենթարկումն է Աստծո թելադրած բարոյական օրենքներին: Միայն այս հենքի վրա կարող է աճել ճշմարիտ հոգևորը, Բարձրյալի հետ հոգևոր կապը: Միայն բարոյապես մաքուր մարմնում կարող է ծաղկել աստվածային հոգևոր կյանքը»:

Պետք է ասել, որ «թլպատում» բառը, մեղմ ասած, չի համապատասխանում այն վիրահատության նկարագրությանը, որ հրեաները կատարում են. ըստ էության, հրեաները թլիպը ոչ թե կտրում գցում են, այլ երեսանց ճղում են ու փաթաթում սեռական անդամի շուրջը (նշանդրեքի մատանու նման), որի դեպքում, իմիջիայլոց, կարեր դնելու անհրաժեշտություն չի լինում, ու սպիներ չեն մնում (ինչպես լինում է մահմեդականների թլպատման դեպքում, երբ թլիպն ամբողջովին կտրվում է): Այս հատկանշական տարբերության շնորհիվ բժիշկներն ու մարմնավաճառները հեշտությամբ ճանաչում են հրեաներին: Բայց Երկրորդ աշխարհամարտի տարիներին այդ տարբերությունն անմիջապես մատնում էր այն հրեա տղամարդկանց, որոնք փորձում էին, մուսուլման ներկայանալով, փրկել իրենց կյանքը:

Հայտնի է, որ Եվրոպայում ու քրիստոնեական աշխարհում թլպատումը բարբարոսություն է համարվել: Նույնիսկ մասնագետներն այն համոզմանն են եղել, թե դա վնասում է նորածնին ու բացասական ազդեցություն է ունենում տղամարդու սեռական կյանքի վրա: Բայց վերջին տասնամյակների հետազոտությունները հակառակն են ապացուցել: Ի մասնավորի՝ հիմնավորվել է, որ թլպատված տղամարդը զերծ է մնում տարատեսակ հիվանդություններից: Օրինակ՝ իսրայելական «Եդիոտ ախրոնոտ» թերթը 2003-ին հարապարակել էր ամերիկացի բժիշկների հետազոտության արդյունքները, որոնք ապացուցում էին, որ թլպատման դեպքում կտրուկ նվազում է ՁԻԱՀ-ով վարակվելու վտանգը սեռական հարաբերության դեպքում: Բացի այդ, նվազում է հավանականությունը, որ թլպատված տղամարդու զուգընկերուհուն արգանդի պարանոցի քաղցկեղը պատուհասի:

Քաղցկեղն ազգություն չի ճանաչում, բայց հրեա տղամարդու սեռական անդամի քաղցկեղ երբևէ չի արձանագրվել: Շատ գիտնականներ այս երևույթը պայմանավորում են թլպատումով, որովհետև երբ սեռական անդամը թլպատված է, թլպաճարպի կուտակում տեղի չի ունենում: Իսկ թլպաճարպի քայքայումից առաջացած նյութերը քաղցկեղածին հատկություն ունեն:

Նախորդ դարի 60-ականների սկզբին Մոսկվայի համալսարանի նորակառուց շենքում տեղի է ունենում Ուռուցքաբանների համաշխարհային կոնգրեսը, որի ընթացքում հարավսլավացի գիտնականներն իրենց ուշագրավ հետազոտություններն են ներկայացնում: Այդ հետազոտությունները նրանց հիմք են տալիս պնդելու, որ սեռական անդամի քաղցկեղը մահմեդական տղամարդկանց 100 անգամ նվազ է պատուհասում, քան քրիստոնյա տղամարդկանց, իսկ կրոնական օրենքներին հետևող հրեաները երբեք սեռական անդամի քաղցկեղ «չեն վաստակում»: Դա բացատրվում էր նրանով, որ մահմեդականները թլպատում կատարում են 13 տարեկանից հետո, և այդքան ժամանակահատվածը բավական է, որ թլպաճարպն իր բացասական ներգործությունը կատարի:

Այս ամենը հանգեցրեց նրան, որ թլպատումն այլ ազգերի շրջանում լայն տարածում ստանա, իսկ ԱՄՆ-ում այն նույնիսկ մոդայիկ դառնա (20-րդ դարի 80-90-ական թվականներին այս երկրում ծնված գրեթե բոլոր տղաները թլպատվել են):

Բայց և այնպես, շատ սեռաբաններ շարունակում են պնդել, որ թլպատումն էական վնաս է հասցնում տղամարդու սեռական կյանքին: Նրանց կարծիքով, թլիպի հեռացմամբ, ոչնչացվում են նաև այն զգայուն բջիջները, որոնք սրում են տղամարդու սեռական զգացողությունները սեռական հարաբերության ժամանակ, և, բնականաբար, նվազում է տղամարդու սեռական ցանկությունը, և նա «ամորձատվածի բարդույթով» է համակվում: Նրանց կարծիքով՝ հասուն տարիքում թլպատումը կարող է նույնիսկ սեռական անկարողության հանգեցնել: Բայց եթե հավատանք Թորային, ապա 99 տարեկանում իրեն թլպատած Աբրահամը՝ հրեաների նախահայրը, թլպատումից անմիջապես հետո սաղմնավորել է Իցխակին (Իսահակ), ապա, Սառայի մահվանից հետո, նորից ամուսնացել է ու էլի բազում երեխաներ ծնել:

Իսկ ով չի հավատում Հին կտակարանի առասպելին, հազիվ թե կարողանա հերքել կյանքի փորձով ապացուցվածը: ԽՍՀՄ-ից Իսրայել հրեաների զանգվածային գաղթից հետո հազարավորները հասուն տարիքում թլպատվեցին: Դա հնարավորություն ընձեռեց հետազոտել թլպատման ազդեցությունը նրանց սեռական կյանքի վրա: Հարցման ենթարկված 350 տղամարդկանց կեսն ասել է, թե թլպատումը ոչ մի ազդեցություն չի ունեցել իրենց սեռական կյանքի վրա, 30 տոկոսն ասել է, թե զգացողությունները սրվել են, իսկ հարցվածների 70 տոկոսը խոստովանել է, թե իրենց սեռական ակտիվությունն աճել է: Թլպատումից հետո հարցվածների 55 տոկոսը երեխա է ունեցել, իսկ 40 տոկոսը նշել է, թե թլպատումից հետո իրենց զուգընկերուհիները առաջին անգամ լիարժեք հեշտանք են զգացել:

Վերջին փաստը հաստատել են նաև եվրոպացի ու ամերիկացի մասնագետները: Հետազոտությունում ընդգրկված կանանց 50 տոկոսը խոստովանել է, թե հրեա տղամարդու հետ ինտիմ հարաբերությունից ավելի մեծ հաճույք է զգում, քան ոչ հրեաների հետ հարաբերվելիս, և նրանք դա բացատրել են հրեաների սեռական անդամի «առանձնահատուկ ձևով» ու այն հանգամանքով, որ նրանց հետ սեռական հարաբերությունն ավելի երկար է տևում: Այս իրողությունը, սեռաբանների կարծիքով, թլպատման հետևանք է, որովհետև թլապատված անդամից սերմնաժայթքումն ավելի ուշ է տեղի ունենում և, նրանց կարծիքով, հաստատում է ռաբին Ռամբանի այն պնդումը, թե թլպատումից հետո որոշ չափով նվազում է սեռական զգացողության սրությունը: Բայց սեռական հարաբերության հարուստ փորձ ունեցող տղամարդը հասուն տարիքում թլպատվելուց հետո այդ փաստը հերքում է: Հետևաբար, եթե նույնիսկ զգացողությունների նվազում է տեղի ունենում, ապա այն այնքան աննշան է, որ տղամարդը դա չի զգում, բայց նրան որոշակի առավելություն է տալիս սիրո արվեստում:

Բայց ընթերցողը կարող է ասել. «Ընդունենք, թե «հրեական թլպատումը» «մուսումանական թլպատումից» լավ է, բայց ինչո՞ւ են հրեաները պահանջում, որ այն կատարվի երեխայի ծննդից 8 օր անց, և ինչո՞ւ են մահմեդականները թլպատումը ծնվելուց 5 տար անց կամ նույնիսկ ավելու ուշ կատարում»:

Թորան ասում է. «Ութերորդ օրը թլպատիր նրան …»: Այս օրենքի բժշկական բացատրությունը կա: Բանն այն է, որ արյան մակարդման մեխանիզմի աշխատանքը պայմանավորված է որոշակի սպիտակուցների քանակով: Այդ սպիտակուցները լյարդն է արտադրում: Դրանց «արյան մակարդման տարրեր» անունն է տրվել, և այդ տարրերը, որոնք փոխներգործում են այնքան ժամանակ, մինչև որ արյունը մակարդող հիմնական սպիտակուցը (ֆիբրին) արտադրվի, նշվում են հռոմեական I-ից XIII թվերով: Ծննդյան օրից մինչ ութերորոդ օրը երեխայի լյարդը «հասունացման» փուլ է անցնում, և միայն դրանից հետո է արտազատում այն տարրերի բավարար քանակությունը, որոնք ի վիճակի են արյունը մակարդել և թույլ չտար արնահոսություն:

Բացի այդ, նորածնի թլիփը մինչև ութերորդ օրը դեռ «օժտված չէ» նյարդային վերջույթներով, այդ իսկ պատճատով թլպատումը նրան ցավ չի պատճառում:

Հրեա նորածնի և Աստծո միջև այս ուխտը կոչվում է «բրիտ միլա» («թլպատման ուխտ»): Ոչ ոք չի կարող հրեա դառնալ սոսկ թլպատվելով, որովհետև դա ընդամենը «միլա» («հատում») է նշանակում: Հուդայականություն ընդունող և հրեա դառնալ ցանկացող ոչ հրեաները պետք է «գիյուրա» -յի ամբողջանան գործընթաց անցնեն, և այդ գործընթացի բաղադրիչներից մեկն էլ «բրիտ միլա» ծեսն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
15645 | 1 | 0
Facebook