Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգևոր հանգստությո՞ւն, թե՞ նյութական բավարարվածություն

20:42, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Հոգևոր հանգստությո՞ւն, թե՞ նյութական բավարարվածություն
     Հայաստանում գործում է 60-ից ավելի ոչ ավանդական կրոնական կազմակերպություններ, որոնց մի մասը ֆինանսավորվում է դրսից՝ հիմնականում եվրոպական երկրներից։ Չկան հստակ վիճակագրական տվյալներ, թե որքան մարդ է տուժել դրանց գործունեությունից։ Բայց նույնիսկ առանց վիճակագրական տվյալները դիտարկելու հասկանալի է, որ այդ թիվը տարեցտարի մեծանում է։ Նրանց գործունեությունից տուժածները, լինում են դեպքեր, որ դիմում են ինքնասպանության՝ մյուս կյանքում ավելի լավ ապրելու հույսով, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու ակնկալիքով։
     «Նախորդ տարի ամռանը Հրազդանում կազմակերպված ճամբար հանգստանալու էր գնացել նաև իմ երեխան։ Երբ ետ եկավ, վախեցած էր, բայց չէր ուզում ոչինչ պատմել, ասում էր, որ իրեն կպատժի աստված, եթե ինքը մեզ ինչ-որ բան պատմի։ Նրա պայուսակից բուկլետներ ու գրքեր գտա։ Պարզվեց, որ այնտեղ հավաքներ են կազմակերպել և երեխաներին վախի ազդեցությամբ ստիպել են տուն գնալուց հետո էլ հավաքներին մասնակցել։ Ոստիկանություն դիմեցինք», - պատմում է 12 ամյա երեխայի մայրիկ` Լուսինեն։

Մարդիկ չունենալով հոգևոր բավարար գիտելիքներ, այդ կրոնական կազմակերպությունների ծուղակն են ընկնում։ Նրանց դեմ պայքարելու հիմնական պարտականությունը Հայ առաքելական եկեղեցու ուսերին է դրված, սակայն շատ դեպքերում եկեղեցին անզոր է, քանի որ ինչպես գիտենք այն գործում է պետությունից անջատ և իրավասու չէ ինչ որ մեկի առջև արգելքներ դնելու, անգամ եթե նրանք իրենց գործունեությամբ արատավորում են եկեղեցու անունը կամ գործում են եկեղեցու անվան տակ։
     «Աղանդավորական կազմակերպությունները սկսեցին մեծ թափով աճել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. նախ՝ խորհրդային միությունը վարում էր հակաաստվածային և հակաեկեղեցական քաղաքականություն, ինչի արդյունքում եկեղեցին բավականին զիջել էր իր դիրքերը և նրան ժամանակ էր պետք ոտքի կանգնելու, և երկրորդ՝ 1988-ի երկրաշարժը աղանդների համար ակտիվանալու և իրենց շարքերը համալրելու իդեալական առիթ էր. որոշ չափով օգնություն էին բերում աղետից տուժածներին և նոր, ավելի մեծ օգնության խոստումներով ներքաշում նրանց իրենց շարքերը։ Չնայած հոգևորականների փոքր թվին (մոտ 200) եկեղեցին մշտապես փորձում է իր ներկայացուցիչը ունենալ հասարակության բոլոր շերտերում՝ մանկապարտեզում, դպրոցում, բանակում, բուհերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում։ Ես բազմիցս ահազանգել եմ ոստիկանություն, տեսնելով, որ թերթեր, գրքեր, կամ բուկլետ են բաժանել», - մեզ հետ զրույցում նշեց Գեղամ սարկավագ Ավետիսյանը։

Աղանդները նաև վնասում են մեր պետությանը։ Նրանք իրեց գրքերում գրում են, որ զենք վերցնելը մեղք է, այն ամենը ինչը որ պետական է դա չարիք է, նրանց համար օրհներգը սխալ է։ Այս քայլերը միտված է պետությունը ներսից քայքայելուն, բանակը թուլացնելուն։ Նրանք գործի են դնում հզոր հոգեբանական մեխանիզմներ մարդկանց գրավելու և ներքաշելու համար։

Հոգեբան Արսեն Շամիլյանը նշում է. «Նրանք գտնում են մարդու թույլ կողմը և այն լուծելու քողի տակ ներգրավում իրենց շարքերը։ Ներքաշվում են ամենակարիքավոր մարդիկ։ Կան կարիքավորների մի քանի խմբեր՝ ֆինանսի տեսանկյունից` նյութական կարիքներ ունեցողներ, կա նաև ուղղակի հոգեբանական միայնության կարիքավորների խումբ։ Կարող են լինել մարդիկ, ովքեր միայնակ են և ընկերներ են փնտրում կամ մարդիկ, ովքեր ընտանիքում խնդիրներ ունեն կամ սիրված են ուզում լինել: Աղանդները իրենց կեղծ սիրով տալիս են մարդկանց այն, ինչի կարիքը որ զգում են և համալրում իրենց շարքերը։ Աղանդի մեջ խորասուզված անձին դարձի բերելու համար միջինը 5-7 տարի է պետք» ։

Մարդիկ աղանդներից տուժում են ոչ միայն հոգեպես և ֆիզիկապես, այլ նաև ֆինանսապես, քանի որ աղանդները հաճախ իրենց կազմակերպությանը որևէ խնդրի լուծման հարցում աջակցելու համար և դիմացինի խոսքը աստծուն հասցնելու, այս կամ այն հիվանդությունը բուժելու խոստումներով մարդկանցից մեծ գումարներ են շորթում։ Երևան քաղաքի բնակիչ Ն. Ղ. իր խոսքով վաճառել է իր բնակարանը և ամբողջ գումարը նվիրաբերել աղանդներից մեկին, որպեսզի կարողանա իր խոսքը լսելի դարձնել աստծուն և բուժվել չարորակ քաղցկեղից։ Սակայն նա մինչև այժմ տառապում է նշված հիվանդությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6015 | 0 | 0
Facebook