Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միջոցառում՝ նվիրված հայրենի հողի նվիրյալ Թաթուլ Կրպեյանին

Nan Zeynalyan
Հեղինակ`
Nan Zeynalyan
20:49, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Միջոցառում՝ նվիրված հայրենի հողի նվիրյալ Թաթուլ Կրպեյանին
     Ոգեկոչման և հայրենասիրության զարգացման գործում կարևոր տեղ ունեն մեր հայկական՝ հատկապես գյուղական վայրերի դպրոցները: Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցում սկսվել և շարունակվում են այնպիսի միջոցառումները, որտեղ աշակերտները ծանոթանում են մերօրյա հերոների կյանքին և կատարած սխրանքներին:
     Ապրիլի 16-ին դպրոցը շնչում էր Գետաշենի արծիվ Թաթուլ Կրպեյանով: Հայոց լեզվի, գրականության և ՀԵՊ ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանը դպրոցի 7-12-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր համադպրոցական միջոցառում՝ «ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՆՎԻՐՅԱԼԸ» խորագրով:
     Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Ազգային հերոսի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը, ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն՝ նախագահ Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ակումբի խորհրդատու, թուրքագետ, բառարանագետ Քեյթի Գունդակչյանը, Վեդու Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, Արարատի մարզպետարանի Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, ազատամարտիկներ և ուսուցիչներ:
     Միջոցառման սկիզբը ազդարարեց Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը՝ կոչ անելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը, այնուհետև դահլիճը լցվեց Տերունական աղոթքով:
     Միջոցառումը յուրօրինակ ձևաչափ ուներ: Աշակերտների շուրթերով հնչեցին Թաթուլի ստեղծագործությունները, որոնց հաջորդեցին կենսագրական էջերն ու ոգեկոչումը: Րոպեների ընթացքում էջ առ էջ բացվեցին ու ցոլացան երիտասարդ թալինցու կարճ, բայց բովանդակալից տարիները: Ասմունքը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր հայրենասիրական երգերով, խոնարհումի ու մեծարանքի տողերով:
     Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Վ. Ավետիսյանը, Վեդու Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, Ազգային հերոսի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը, «Վարդանանք» ՌՀԴԱ նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ակումբի խորհրդատու Քեյթի Գունդակչյանը: Բոլորի խոսքում մի կարևոր միտք կար՝ անվերապահորեն ու ազնվորեն սիրել հայրենիքը և ճանաչել հայրենի հողի նվիրյալներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3962 | 0 | 0
Facebook