Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դավաճանություն. նշան, որ ապրում ենք վերջին օրերում

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
12:26, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Դավաճանություն. նշան, որ ապրում ենք վերջին օրերում
     Դավաճանություն. նշան, որ ապրում ենք վերջին օրերում
    
    
    

Նվիրվածությամբ, արդարությամբ և անարատությամբ վարվեցինք» (1 ԹԵՍԱՂ. 2։10) ։

ԳՏԻՐ ԱՅՍ ԳԼԽԱՎՈՐ ՄՏՔԵՐԸ

․․․․․

Ի՞նչ ենք սովորում Դալիլայի, Աբիսողոմի և Հուդա Իսկարիովտացու դավաճանություններից։

․․․․․

Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հովնաթանի ու Պետրոսի նվիրվածությունը։

․․․․․

Ինչպե՞ս կարող ենք ամուր պահել կողակցի ու Աստծու հանդեպ նվիրվածությունը։

1-3. ա) Ո՞րն է վերջին օրերում ապրող մարդկանց բնորոշ գծերից մեկը, և ի՞նչ է այն նշանակում։ բ) Ո՞ր երեք հարցերին ենք պատասխանելու։

Ի՞ՆՉ ընդհանուր բան կա Դալիլայի, Աբիսողոմի և Հուդա Իսկարիովտացու միջև։ Նրանք բոլորն էլ անհավատարիմ էին. Դալիլան՝ այն մարդու հանդեպ, ով սիրում էր իրեն՝ Սամսոն դատավորի, Աբիսողոմը՝ իր հոր՝ Դավիթ թագավորի հանդեպ, Հուդան՝ իր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Յուրաքանչյուրի դատապարտելի արարքները ծանր հետևանքներ ունեցան մյուսների համար։ Բայց ինչո՞ւ դա պետք է հետաքրքրի մեզ։

2 Ժամանակակից մի հեղինակ նշում է, որ դավաճանությունը այսօր ամենատարածված չարիքներից մեկն է։ Եվ դա սպասելի է։ «Աշխարհի վախճանի նշանը» տալիս Հիսուսն ասաց. «Շատերը.... իրար կմատնեն» (Մատթ. 24։3, 10) ։ «Մատնել», կամ՝ «դավաճանել» նշանակում է «նենգ և անհավատարիմ լինելով՝ հանձնել թշնամու ձեռքը» ։ Հավատարմության բացակայությունը ցույց է տալիս, որ ապրում ենք «վերջին օրերում», երբ, ինչպես կանխագուշակել է Պողոսը, մարդիկ լինելու էին «անհավատարիմ.... մատնիչ» (2 Տիմոթ. 3։1, 2, 4) ։ Թեև գրողներն ու սցենարիստները գրականության մեջ և ֆիլմերում հաճախ վառ գույներով են ներկայացնում ու իդեալականացնում են նենգ գործողությունները, իրական կյանքում անհավատարմությունն ու դավաճանությունը ցավ ու տառապանք են պատճառում։ Իսկապես, այսպիսի արարքները նշան են, որ ապրում ենք վերջին օրերում։

3 Ի՞նչ դասեր կարող ենք սովորել աստվածաշնչյան այն կերպարներից, որոնք անցյալում անհավատարիմ են եղել։ Նվիրվածություն դրսևորած ո՞ր մարդկանց կարող ենք ընդօրինակել։ Եվ ո՞ւմ պետք է լիովին նվիրված մնանք։ Տեսնենք։

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԱՆՑՅԱԼԻՑ

4. Դալիլան ինչպե՞ս դավաճանեց Սամսոնին, և ինչո՞ւ էր նրա արարքը ստոր։

4 Նախ նկատի առ նենգ Դալիլային, որին սիրահարվել էր Սամսոն դատավորը։ Վերջինս նպատակ ուներ հանուն Աստծու ժողովրդի կռվել փղշտացիների դեմ։ Փղշտացիների հինգ կառավարիչները, հավանաբար իմանալով, որ Դալիլան չի սիրում և նվիրված չէ Սամսոնին, նրան մեծ կաշառք առաջարկեցին, որ բացահայտի նրա գերմարդկային զորության գաղտնիքը, քանի որ ուզում էին սպանել նրան։ Շահատենչ Դալիլան ընդունեց առաջարկը, բայց Սամսոնի գաղտնիքն իմանալու նրա փորձերը երեք անգամ ձախողվեցին։ Դրանից հետո «նա իր խոսքերով շարունակ նեղում էր նրան ու համոզում» ։ Ի վերջո Սամսոնի «հոգու համար անտանելի դարձավ՝ մինչև մահվան աստիճան» ։ Ուստի նա Դալիլային պատմեց, որ իր մազերը երբեք չեն կտրել ու եթե կտրեն, նա կկորցնի իր զորությունը*։ Երբ կինն իմացավ դա, մարդ կանչեց, որը ածիլեց Սամսոնի գլուխը, երբ վերջինս քնած էր իր ծնկների վրա։ Հետո նա Սամսոնին հանձնեց թշնամիների ձեռքը, որ նրա հետ անեն այն, ինչ ուզում են (Դատ. 16։4, 5, 15–21) ։ Որքա՜ն ստոր էր նրա արարքը։ Ագահության պատճառով Դալիլան դավաճանեց նրան, ով սիրում էր իրեն։

5. ա) Աբիսողոմն ինչպե՞ս անհավատարիմ գտնվեց Դավթի հանդեպ, և դա ի՞նչ բացահայտեց։ բ) Իմանալով, որ Աքիտոփելը դավաճանել է իրեն՝ ի՞նչ զգաց Դավիթը։

5 Այժմ քննեք դավաճան Աբիսողոմի օրինակը։ Փառասիրական մոլուցքով տարված՝ նա վճռել էր զավթել հոր՝ Դավիթ թագավորի գահը։ Նախ նա «գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը» ՝ խորամանկ խոստումներ տալով և կեղծավորությամբ շահելով նրանց հաճությունը։ Աբիսողոմը գրկում ու համբուրում էր նրանց, ասես իսկապես հետաքրքրված էր նրանց բարօրությամբ ու մտահոգված նրանց խնդիրներով (2 Սամ. 15։2–6) ։ Նա նույնիսկ իր կողմը քաշեց Դավթի վստահելի ընկերոջը՝ Աքիտոփելին, որը դարձավ դավաճան ու միացավ դավադրությանը (2 Սամ. 15։31) ։ 3-րդ և 55-րդ սաղմոսներում Դավիթը նկարագրում է, թե ինչ ազդեցություն ունեցավ իր վրա այդ անհավատարմությունը (Սաղ. 3։1–8; կարդա՛ Սաղմոս 55։12–14) ։ Աբիսողոմի փառասիրական ծրագրերն ու Եհովայի կողմից օծված թագավորի դեմ ստոր դավադրությունը բացահայտեցին Աստծու գերիշխանության հանդեպ նրա անամոթ արհամարհանքը (1 Տար. 28։5) ։ Վերջիվերջո, ապստամբությունը ձախողվեց, ու Դավիթը շարունակեց թագավորել որպես Եհովայի օծյալ։

6. Հուդան ինչպե՞ս դավաճանեց Հիսուսին, և «Հուդա» անունը ո՞ր բառի հոմանիշը դարձավ։

6 Մտածիր նաև այն մասին, թե մատնիչ Հուդա Իսկարիովտացին ինչպես վարվեց Քրիստոսի նկատմամբ։ Երբ Հիսուսն իր 12 առաքյալների հետ նշում էր վերջին Պասեքը, ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. ձեզնից մեկը մատնելու է ինձ» (Մատթ. 26։21) ։ Ավելի ուշ այդ գիշեր Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին Գեթսեմանիի պարտեզում ասաց. «Ահա մոտեցել է ինձ մատնողը» ։ Այդ ժամանակ պարտեզում հայտնվեց Հուդան իր համախոհների հետ ու «քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ ասաց՝ «ողջո՛ւյն, Ռաբբի՛» ու համբուրեց նրան» (Մատթ. 26։46–50; Ղուկ. 22։47, 52) ։ Հուդան «արդար արյուն մատնեց» ու Հիսուսին թշնամիների ձեռքը հանձնեց։ Եվ ինչի՞ դիմաց դա արեց այդ փողասեր մարդը։ Ընդամենը 30 կտոր արծաթի (Մատթ. 27։3–5) ։ Այդ ժամանակվանից «Հուդա» անունը դարձավ «մատնիչ» բառի հոմանիշը և հատկապես օգտագործվում է՝ մատնանշելու այն անհատին, որը դավաճանում է ուրիշին՝ ընկերոջ դիմակ հագած*։

7. Ի՞նչ ենք սովորում ա) Աբիսողոմի ու Հուդայի օրինակներից։ բ) Դալիլայի օրինակից։

7 Ի՞նչ ենք սովորում այս նախազգուշական օրինակներից։ Աբիսողոմն ու Հուդան խայտառակ վախճան ունեցան, քանի որ դավաճանեցին նրանց, ովքեր օծված էին Եհովայի կողմից (2 Սամ. 18։9, 14–17; Գործ. 1։18–20) ։ Դալիլայի անունը հավիտյան կասոցացվի նենգ վարմունքի ու կեղծ սիրո հետ (Սաղ. 119։158) ։ Ուրեմն որքա՜ն կարևոր է արմատախիլ անել կույր փառասիրության կամ ագահության ցանկացած հակում, որի պատճառով կկորցնենք Եհովայի հաճությունը։ Կա՞ն ավելի ազդեցիկ դասեր, որոնք կօգնեն մեզ մերժելու այդ զազրելի հատկությունը՝ անհավատարմությունը։

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ

8, 9. ա) Ինչո՞ւ Հովնաթանը երդվեց, որ նվիրված կլինի Դավթին։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հովնաթանին։

8 Աստվածաշունչը խոսում է նաև բազում հավատարիմ անձանց մասին։ Քննենք նրանցից երկուսի օրինակը ու տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։ Սկսենք մի մարդուց, որը փաստեց իր նվիրվածությունը Դավթի հանդեպ։ Հովնաթանը՝ Սավուղ թագավորի ավագ որդին, հավանաբար կլիներ Իսրայելի թագավորական գահի ժառանգը, եթե չլիներ մեկ հանգամանք. Եհովան Դավթին էր ընտրել որպես հաջորդ թագավոր։ Հովնաթանը հարգեց Աստծու որոշումը, նա չնախանձեց Դավթին ու նրան իր մրցակիցը չհամարեց։ Ընդհակառակը՝ «Հովնաթանի հոգին կապվեց Դավթի հոգու հետ», և նա երդվեց, որ նվիրված կլինի նրան։ Հովնաթանը նույնիսկ Դավթին տվեց իր հանդերձները, սուրը, աղեղն ու գոտին՝ այդպիսով արքայական պատվի արժանացնելով նրան (1 Սամ. 18։1–4) ։ Հովնաթանն իր ձեռքից եկածն արեց, որ Դավթին «զորացնի», և նույնիսկ իր կյանքը վտանգի ենթարկեց, որ Սավուղի առաջ պաշտպանի նրան։ Հովնաթանը հավատարմորեն ասաց Դավթին. «Դու թագավոր կդառնաս Իսրայելի վրա, և ես քեզանից հետո երկրորդը կլինեմ» (1 Սամ. 20։30–34; 23։16, 17) ։ Զարմանալի չէ, որ Հովնաթանի մահից հետո Դավիթը իր վիշտն ու սերը նրա հանդեպ արտահայտեց մի ողբերգում (2 Սամ. 1։17, 26) ։

9 Հովնաթանը գիտեր, թե ում է հարկավոր նվիրված լինել։ Նա լիովին հնազանդ էր Գերիշխանին՝ Եհովային, ու ամբողջովին աջակցում էր Դավթին՝ որպես Աստծու օծյալի։ Նմանապես այսօր, նույնիսկ եթե ժողովում չունենք հատուկ առանձնաշնորհում, պետք է պատրաստակամորեն օգնենք այն եղբայրներին, ովքեր նշանակվել են առաջնորդություն վերցնելու մեր մեջ (1 Թեսաղ. 5։12, 13; Եբր. 13։17, 24) ։

10, 11. ա) Ինչո՞ւ Պետրոսը նվիրված մնաց Հիսուսին։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պետրոսին և ի՞նչ անելու պետք է մղվենք։

10 Լավ օրինակ է թողել նաև Պետրոս առաքյալը, որը հանրապես ցույց տվեց, որ նվիրված է Հիսուսին։ Երբ վերջինս, փոխաբերական լեզու օգտագործելով, ընդգծեց իր մարմնի ու արյան հանդեպ հավատ դրսևորելու կարևորությունը, որ շուտով զոհաբերելու էր, աշակերտներից շատերը իր խոսքերը զարհուրելի համարեցին ու հեռացան իրենից (Հովհ. 6։53–60, 66) ։ Հիսուսը շրջվեց դեպի իր 12 առաքյալներն ու հարցրեց. «Դո՞ւք էլ եք ուզում գնալ» ։ Նրան պատասխանեց Պետրոսը. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես, և մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը» (Հովհ. 6։67–69) ։ Արդյոք դա նշանակո՞ւմ էր, որ Պետրոսը ամբողջովին հասկանում էր Հիսուսի խոսքերն այն զոհի մասին, որ շուտով մատուցելու էր։ Հավանաբար ոչ։ Բայց նույնիսկ այդ դեպքում առաքյալը վճռեց նվիրված լինել Աստծու օծյալ Որդուն։

11 Պետրոսը չմտածեց, թե որոշ հարցերում Հիսուսի տեսակետը հավանաբար սխալ էր և թե ժամանակի ընթացքում նա կհրաժարվեր իր խոսքերից։ Նա խոնարհաբար գիտակցում էր, որ Հիսուսն ուներ «հավիտենական կյանքի տանող խոսքերը» ։ Իսկ մենք այսօր ինչպե՞ս ենք արձագանքում, երբ «հավատարիմ.... տնտեսի» կողմից տրված հրատարակություններում հանդիպում է միտք, որը դժվարըմբռնելի է կամ չի համապատասխանում մեր մտածելակերպին։ Պետք է ձգտենք հասկանալ այն և չպետք է ակնկալենք, որ հետո ինչ-որ փոփոխություն կլինի, որպեսզի այդ միտքը համապատասխանի մեր տեսակետին (կարդա՛ Ղուկաս 12։42) ։

ՆՎԻՐՎԱԾ ՄՆԱ ԿՈՂԱԿՑԻԴ

12, 13. Ինչպե՞ս կարող է դավաճանությունը բուն դնել ամուսնության մեջ, և ինչո՞ւ տարիքը արդարացում չէ այդպես վարվելու համար։

12 Դավաճանության ցանկացած դրսևորում ստոր է, և չի կարելի թույլ տալ, որ այն խաթարի քրիստոնեական ընտանիքի և ժողովի խաղաղությունն ու միասնությունը։ Դա հիշելով՝ տեսնենք, թե ինչպես կարող ենք ամուր պահել մեր կողակցի ու Աստծու հանդեպ նվիրվածությունը։

13 Շնությունը դավաճանության ամենամեծ ցավ պատճառող դրսևորումներից է։ Շնացող մարդը անհավատարիմ է լինում կողակցի հանդեպ և իր ուշադրությունը կենտրոնացնում է ուրիշ անհատի վրա։ Դավաճանված կողակիցը հանկարծ միայնակ է դառնում, և նրա կյանքը տակնուվրա է լինում։ Ինչպե՞ս կարող է նման բան պատահել երկու մարդկանց, որոնք մի ժամանակ սիրում էին իրար։ Հաճախ ամեն բան սկսվում է նրանից, որ ամուսինները էմոցիոնալ առումով հեռանում են իրարից։ Սոցիոլոգիայի պրոֆեսոր Գաբրիելա Տուրնատուրին բացատրում է, որ երբ զույգերի «հարաբերություններում լիովին ներկա լինելը փոխարինվում է ոչ լիովին ներկա լինելով, բուն է դնում դավաճանությունը» ։ Ոմանք նույնիսկ միջին տարիքում են հեռանում իրենց կողակցից։ Օրինակ՝ 50 տարեկան ամուսինն ամուսնալուծվում է 25 տարվա իր հավատարիմ կնոջից, որպեսզի ապրի մեկ այլ կնոջ հետ, որը հրապուրել է իրեն։ Ոմանք արդարացնում են այդ քայլը՝ անվանելով «միջին տարիքի ճգնաժամ» ։ Սակայն փոխանակ այնպես ներկայացնելու, թե դա անխուսափելի է, եկեք տանք դրա ճիշտ անվանումը՝ «միջին տարիքի դավաճանություն» *։

14. ա) Ո՞րն է Եհովայի տեսակետը ամուսնական դավաճանության վերաբերյալ։ բ) Հիսուսն ի՞նչ ասաց ամուսնական հավատարմության մասին։

14 Ի՞նչ է Եհովան զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր, առանց աստվածաշնչյան հիմքի, լքում են իրենց կողակցին։ Մեր Աստվածը «ատում է ապահարզանը» և խստորեն հանդիմանում է նրանց, ովքեր վատ են վարվում իրենց կողակիցների հետ ու լքում նրանց (կարդա՛Մաղաքիա 2։13–16) ։ Լիովին համաձայն լինելով իր Հոր հետ՝ Հիսուսը սովորեցրեց, որ անհատը չի կարող լքել կամ դուրս անել իր անմեղ կողակցին և ցույց տալ, թե ոչինչ չի եղել (կարդա՛ Մատթեոս 19։3–6, 9) ։

15. Ամուսնացածներն ինչպե՞ս կարող են ամրացնել իրար հանդեպ նվիրվածությունը։

15 Ամուսնացածներն ինչպե՞ս կարող են նվիրված մնալ իրենց կողակցին։ Աստծու Խոսքն ասում է. «Ուրախացիր քո երիտասարդության կնոջ [կամ ամուսնու] հետ» և «կյանք վայելիր քո սիրած կնոջ [կամ ամուսնու] հետ» (Առակ. 5։18; Ժող. 9։9) ։ Տարիների ընթացքում երկու կողակիցներն էլ պետք է թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ առումով «լիովին ներկա լինեն» իրենց հարաբերություններում։ Դա նշանակում է, որ նրանք պետք է ուշադիր լինեն իրար հանդեպ, ժամանակ անցկացնեն իրար հետ, ավելի մտերիմ դառնան իրար։ Նրանք պետք է կենտրոնանան իրենց ամուսնությունը և Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները պահպանելու վրա։ Իսկ դրա համար հարկավոր է, որ զույգերըմիասին ուսումնասիրեն Աստվածաշունչը, միասինկանոնավորաբար ծառայեն ու միասին աղոթեն Եհովայի օրհնությունը ստանալու համար։

ՆՎԻՐՎԱԾ ՄՆԱ ԵՀՈՎԱՅԻՆ

16, 17. ա) Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը ինչպե՞ս կարող է հարցականի տակ դրվել ընտանիքում և ժողովում։ բ) Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ ընկերակցությունից զրկված հարազատների հետ շփում չունենալու մասին Աստծու պատվերին հնազանդվելը կարող է լավ արդյունքներ բերել։

16 Ժողովի որոշ անդամներ լուրջ մեղք են գործել ու «խստությամբ հանդիմանվել» են, որպեսզի «առողջ լինեն հավատի մեջ» (Տիտոս 1։13) ։ Ոմանք իրենց վարքի պատճառով զրկվել են ընկերակցությունից։ Խրատը օգնել է «դրանով կրթվածներին» վերականգնելու իրենց հոգևոր առողջությունը (Եբր. 12։11) ։ Ինչպե՞ս կվարվենք, եթե ընկերակցությունից զրկվի մեր հարազատը կամ մտերիմ ընկերը։ Այստեղ արդեն Աստծու հանդեպ մեր նվիրվածության հարցն է և ոչ թե այդ մարդու։ Եհովան նայում է, որ տեսնի, թե արդյոք կհետևենք իր պատվերին՝ շփում չունենալ ընկերակցությունից զրկված ցանկացած մարդու հետ (կարդա՛1 Կորնթացիներ 5։11–13) ։

17 Նկատի առ ընդամենը մեկ օրինակ, թե ինչ լավ արդյունք կարող է լինել, երբ ընտանիքը հավատարմորեն կառչած է մնում Եհովայի պատվերին՝ շփում չունենալ ընկերակցությունից զրկված հարազատների հետ։ Մի երիտասարդ ավելի քան տասը տարի զրկված էր ընկերակցությունից, և այդ ընթացքում նրա հայրը, մայրն ու չորս եղբայրները «այլևս շփում չունեին» նրա հետ։ Երբեմն նա փորձում էր մասնակցություն ունենալ նրանց գործերին, բայց գովելի է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ հաստատուն էր իր դիրքում ու ոչ մի կապ չէր ունենում նրա հետ։ Այն բանից հետո, երբ երիտասարդը վերականգնվեց, ասաց, որ միշտ կարոտում էր ընտանիքի հետ շփմանը, հատկապես երբ երեկոները մենակ էր լինում։ Նա ընդունեց, որ եթե ընտանիքը նույնիսկ մի քիչ շփվեր իր հետ, այդ փոքր դոզան բավարար կլիներ իր համար։ Սակայն քանի որ ընտանիքի ոչ մի անդամ նույնիսկ փոքր-ինչ չէր հաղորդակցվել իր հետ, նրանց հետ լինելու անհագ ցանկությունն այն գործոններից մեկն էր, որը մղեց իրեն վերականգնելու Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։ Եթե երբևէ կանգնես գայթակղության առաջ՝ ցանկանալով խախտել Աստծու պատվերը՝ շփում չունենալ ընկերակցությունից զրկված հարազատներիդ հետ, մտածիր այդ մասին։

18. Համեմատելով նվիրվածության առավելությունները անհավատարմության հետևանքների հետ՝ ի՞նչ ես վճռել։

18 Մենք ապրում ենք նենգ, անհավատարիմ աշխարհում։ Այնուամենայնիվ, քրիստոնեական ժողովում կարող ենք գտնել նվիրված մարդկանց, որոնց պետք է ընդօրինակենք։ Նրանց կյանքի ընթացքը կարծես ասում է. «Դուք վկա եք, Աստված նույնպես, թե ինչպիսի նվիրվածությամբ, արդարությամբ և անարատությամբ վարվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ հետ» (1 Թեսաղ. 2։10) ։ Եկեք, ուրեմն, բոլորս ավելի քան երբևէ ամուր պահենք Աստծու և իրար հանդեպ մեր նվիրվածությունը։

[ծանոթագրություններ]

Սամսոնի զորության աղբյուրը ոչ թե նրա մազերն էին, այլ այն, ինչ դրանք նշանակում էին՝ որպես ուխտավոր նրա հատուկ փոխհարաբերությունները Եհովայի հետ։

Այդ պատճառով «Հուդայի համբույր» արտահայտությունը նշանակում է «դավաճանություն» ։

Այս հարցում օգնություն ստանալու համար տե՛ս «Երբ կողակիցը դավաճանում է...» հոդվածը, «Դիտարան», 2010, հունիսի 15, էջ 29–32։

[նկար 10-րդ էջի վրա]

Պետրոսը նվիրված էր Աստծու օծյալ Որդուն, թեև ուրիշները մերժեցին նրան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3640 | 0 | 0
Facebook