Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձախ ափին յաթաղան, աջին՝ նոր կյանք

22:22, կիրակի, 06 մարտի, 2016 թ.
Ձախ ափին յաթաղան, աջին՝ նոր կյանք

1915 թ. կոտորածներից մազապուրծ եղած մեծաթիվ գաղթականների համար Արաքս գետի արևելյան ափին գտնվող Գետաշեն (նախկինում Ջաֆարաբադ) գյուղը դարձել է կայուն հանգրվան: Այստեղ են հաստատվել Կարսից, Մուշից, Իգդիրից, Ալաշկերտից, Արցախից և այլ վայրերից գաղթած ընտանիքիներ:


    

Նոր ընտանիք՝ նոր ափերում

Իմ 61-ամյա Գոհար տատը հիշում է իր սկեսրոջ՝ Տիրուն (Տիրուհի) տատի պատմածները 1915 թ. կոտորածների և գաղթի մասին: Ցավոք, Տիրուն տատը կենդանության օրոք չհասցրեց անձամբ ինձ փոխանցել այն, ինչը պատրաստվում եմ ներկայացնել. սերնդեսերունդ փոխանցվելով՝ պատմություններում հնարավոր են որոշ մանրամասների մոռացում:

Տիրուն տատի սկեսուրը՝ Թելոն (իրական անունը մեզ հայտնի չէ) ամուսնացած է եղել Մուշի վիլայեթի, Ալաշկերտի գավառի Բաթնոս գյուղում: 1912 թ. նրա ամուսինը (անունն անհայտ է) անդամագրվում է զինվորական ծառայության: Քանի որ այդ ժամանակաշրջանում հայերին արգելված էր զինվորական գործը, ծառայելը մեծ պատիվ էր համարվում, և առաջնեկի անունը, ի պատիվ զինվոր հոր, դնում են Սալդաթ (Солдат- ռուս. թարգմ.՝ զինվոր): Հետագայում նրանք ունենում են ևս երկու որդի՝ Ղարիբ և Քաջիկ անուններով:

1915 թ. Փետրվարին Թելոյի ամուսնուն գնդակահարում են, իսկ նա երեք որդիների հետ բռնում է գաղթի ճանապարհը: Արաքս գետն անցնելիս ավագ որդին՝ Սալդաթը, օգնում է մորն ու կրտսեր եղբայրներին գետն անցնել: Բոլորին անցկացնելուց հետո ուժերը լքում են նրան. ուժասպառ Սալդաթն այլևս չի կարողանում դիմադրել Արաքսի ալիքներին՝ ընկրկում է: Թելոյի համար շատ ծանր էր ավագ որդու կորուստը. այն չի փարատվում մինչև կյանքի վերջը:

Արաքսն անցնելով՝ Թելոն որդիների հետ գնում է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), որտեղ գտնվում էին ամերիկյան որբանոցները (ի դեպ, այդ կառույցները չի կարելի անվանել մանկատներ, քանի որ իրենց պայմաններով համապատասխանում էին որբանոց բառին): Հասնելով Լենինական՝ երկու որդիներին՝ Ղարիբին և Քաջիկին, հանձնում է որբանոցի խնամքին և ճանապարհ ընկնում դեպի Արարատյան դաշտ: Բայց Ալեքսանդրապոլից դեռ դուրս չեկած՝ փոշմանում և ետ է գնում որբանոց՝ որդիներին հետ վերցնելու: Ավաղ, արդեն ուշ էր: Քաղաքից հեռացող գնացքն ուղևորվել էր՝ իր հետ տանելով երկու թառլան տղաներին: Մեկին Արաքսը տարավ, երկուսին՝ ամերիկացիները: Միայնակ մնացած Թելոյի համար դժվար էր կյանքը շարունակել՝ տնից հեռու, առանց ընտանիքի: Բայց իր մեջ ուժ գտնելով՝ Թելոն գալիս է Արարատյան դաշտ և հաստատվում սահմանակալ Ջաֆարաբադ (ներկայիս՝ Գետաշեն) գյուղում՝ հույս ունենալով, որ հնարավորության դեպքում կվերադառնա Արաքսի մյուս ափին մնացած հայրենի Բաթնոս գյուղը:

Ջաֆարաբադում ամուսնանում է Խուրշուդ Ասատրյանի հետ և ունենում երեք զավակ՝ Գինուշ (Գինուհի), Սուրեն և Գառնիկ: Հետագայում Խուրշուդի և Թելոյի ավագ որդին՝ Սուրենը, իր չորս զավակներից երկուսին կնքում է իր խորթ եղբայրների անուններով՝ Ղարիբ և Քաջիկ (Գագիկ):


    

Երկու կճուճ ոսկի՝ թուրքերին

Գոհար տատը հիշում է նաև իր տատի՝ Երանուհու պատմությունը: Երանուհու հայրական տունը եղել է Իգդիրում: Հայրը եղել է Իգդիրի ամենահարուստ վաճառականներից, ունեցել է չորս զավակ՝ Երանուհի, Դրախտուհի, Վարդուհի և Սարգիս: Նա կամենում էր, որ զավակներն իր մահվանից հետո հոգսեր չկրեին: Կոտորածների ժամանակ Երանուհու հայրը, վախենալով, որ իրեն կսպանեն և տունը կկողոպտեն, երկու կճուճ լցնում է ոսկով, դրանցից մեկը թաղում է այգու մեծ ծիրանենու, իսկ մյուսը՝ թոնրի մոխրի տակ. այս մասին ասում է միայն Երանուհուն. վերջինս, լինելով երեխաներից ավագը, վայելում էր հոր սերն ու վստահությունը: Երանուհու հորը սպանում են: Նրա զավակները գաղթում են Ալեքսանդրապոլ և հանձնվում որբանոցներին: Երկու կճուճ ոսկին այդպես էլ մնում է:

Երանուհին ամուսնանում է Ջաֆարաբադցի Երեմի հետ: Ունենում են երեք դուստր՝ Սոնիկ, Սիրուշ (Սիրանույշ), Մարուս (Մարուսյա): Շուտով սկսվում է երկրորդ աշխարհամարտը, որը նոր փորձության է ենթարկում Երանուհուն: 1941 թ. Նրա ամուսինը գնում է պատերազմ և այլևս չի վերադառնում: Երանուհին երեք երեխաներին միայնակ է մեծացնում՝ մտքում պահելով հայրենի տան ու երկու կճուճ ոսկու տեղը:


    

Ոչ արյունակից, բայց բախտակից հարազատներ

1914-1917 թ.թ. Լենինականի ամերիկյան որբանոցներում տեղ ու ճար չկար: Որբանոցներից ԱՄՆ տանում էին միայն առողջ ու փարթամ տղաներին, իսկ թույլերին ու աղջիկներին թողնում էին այնտեղ: ԱՄՆ ուղարկելուց հետո բոլոր երեխաների անուն-ազգանունները փոխում էին, որ հետագայում հարազատներից ոչ ոք չկարողանար գտնել նրանց:

Որբանոցներում շատ անծանոթներ են դարձել քույրեր ու եղբայրներ: Նրանցից էին Հայկոն (Հայկանուշ), Անահիտը, Թելոն և Խաչիկը: Հայկոն (ծնված 1912 թ.) ունեցել է վեց քույր և եղբայր, որոնք հաստատվել են տարբեր որբանոցներում և այլևս չեն գտել միմյանց:

Թելոյի պատմությանն արդեն ծանոթ ենք «Նոր ընտանիք՝ նոր ափերում» ենթավերնագրից: Անահիտի և Խաչիկի պատմություններն անհայտ են, բայց հետաքրքիր է նրանց չորսի ընդհանուր պատմությունը: Լինելով տարբեր շրջաններից՝ նրանք որբանոցում այնքան են մտերմացել, որ դարձել են հարազատներ:

Հերթական հավաքի ժամանակ, երբ տղաներ էին ընտրում՝ ԱՄՆ տանելու համար, որբանոցում մնացել էին քիչ թվով տղաներ: Ամենայն հավանականությամբ, Խաչիկին էլ կտանեին, բայց Հայկոն ու Անահիտը չէին պատրաստվում հրաժարվել նոր ձեռք բերած (թեկուզ ոչ արյունակից, բայց՝ բախտակից) եղբորից: Նրանք Խաչիկին աղջկա հագուստ են հագցնում և թաքցնում իրենց մոտ: Խաչիկին ԱՄՆ չեն տանում: Այդպես քողարկված նրանք փախչում են որբանոցից և գալիս-հաստատվում Ջաֆարաբադում:

Նրանց բարեկամության վառ ապացույցն է նաև այն, որ Անահիտի զավակները Հայկոյին մորաքույր, իսկ Խաչիկին քեռի էին կոչում:


    

Կարսից և Շամախից՝ Ջաֆարաբադ

Կոտորածներց զերծ չի մնացել նաև իմ մյուս՝ 65-ամյա Սոնա տատի ընտանիքը: Նրա տատ Մարանը (Մարինե) ամուսնացած է եղել Կարսում՝ բրուտ Ղազարի տղա Գևոյի (Գևորգ) հետ: Գևոն ու Մարանն ունեցել են հինգ գազակ: 1915 թ., երբ Գևոն և Մարանն ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան, ունեցել են մեկ դուստր (Վերգուշ (Վերգինե) ), ով գաղթի ճանապարհին հրաշքով է փրկվել: Արևելյան Հայաստանում ծնվել են նրանց մյուս զավակները՝ Վարդ (Վարդուհի), Եղիս (Եղիսաբեթ), Գագիկ և Այվազ (Ջանիբեկ):

Հաստատվելով Ջաֆարաբադում՝ նրանք նոր տուն են հիմնում և զբաղվում գյուղատնտեսությամբ: Վերգինեն ամուսնանում է իրենց տան հոտաղի (անասնագոմը մաքրող) ՝ Բախշիի հետ: Բախշին ծնվել է 1901 թ. Շամախի քաղաքում: Նրանց ընտանիքը, ապրելով Շամախիում, ևս զերծ չէր մնացել ջարդերից: 1915 թ. իրենց տան մեջ Բախշիի հորը և մորը գնդակահարում են, իսկ երեխաներին, այդ թվում Բախշիին, հանձնում են Բաքվի որբանոցներին: Այնտեղից տանում են ԱՄՆ: 1922 թ. նրանց ԱՄՆ-ից բերում են Թիֆլիս, Թիֆլիսից՝ գնացքով դեպի Արմավիր: Բախշին Արմավիրից գալիս է Ջաֆարաբադ և աշխատում Մարանի և Գևոյի տանը: Չորս տարի աշխատելուց հետո փախցնում է նրանց ավագ դստերը՝ 16-ամյա Վերգինեին, և ամուսնանում նրա հետ: Բախշին մասնակցում է Հայրենական Մեծ պատերազմին, հասնում մինչև Բեռլին և ստանում բազմաթիվ մեդալներ արիության և հայրենիքի պաշտպանության համար:

Համատեղ կյանքի ընթացքում Բախշին և Վերգինեն ունենում են 13 զավակ, որոնցից ողջ են մնում միայն երեքը՝ Սենիկը (1947-2006 թթ.) և երկվորյակ դստրերը՝ Սոնիկը (Սոնա) և Սոֆիկը (Սոֆա), (ծնվ.՝ 1950 թ.):


    

Արաքսի ափերը կարմիր են ներկվում

Մարան տատի պատմություններով մեզ են հասել թուրքերի վայրագություններից որոշ դրվագներ: Դրանց համաձայն, թուրք զինվորներն Արաքսի ափին կանգնում ու սպանում էին գաղթական ընտանիքներին: Նախ գնդակահարում էին տղամարդկանց, ապա մայրերի աչքերի առաջ թրատում և գետն էին գցում նրանց մանուկներին: Տարեցներին հաստ փայտերով այնքան էին ծեծում, մինչև շունչները փչեին: Բացի այդ, ասկյարներն իրենց մոտ հատուկ գործիք ունեին՝ 17-18 տարեկանների համար: Դա բարակ ու սուր ծայրով մի փայտ էր, որի արագ և կտրուկ հարվածով հանում էին երիտասարդների աչքերը: Արգելված էր հայերին հեշտ մահ «պարգևելը», քանզի հայերը պետք է տառապանքով մեռնեին:

Այստեղից է եկել 17 տարեկանների վերաբերյալ թուրքերի հեգնական ասույթը. «Ի՜նչ մեռնելու տարիք է»:

Նշված բոլոր հերոսներն իմ հարազատներն են, իմ տատերն ու պապերը, որոնց ընտանիքները զոհ են գնացել թուրքերին: Եվ սա եղեռն ապրած հայերի պատմության չնչին մասն էր միայն:

Մերօրյա թուրքերը շարունակում են իրենց նախահայրերի սկսած գործը՝ մաքրելով ցեղասպանության հետքերը, փորձելով աշխարհին համոզել, որ նման բան չի եղել: Բայց մենք լավ գիտենք պատմությունը, մեր վկաները մեզ հասած անժխտելի փաստերն են: Գիտենք, հիշում ենք և՝ պահանջում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6592 | 0 | 0
Facebook