Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Յո՞ Երթաս

Lilit Kostandyan
Հեղինակ`
Lilit Kostandyan
17:51, շաբաթ, 31 հոկտեմբերի, 2015 թ.
Յո՞ Երթաս
    
    

Ավտոբուսը շարժվեց… Արտասվախառն աչքեր, անհագ կարոտ, արցունքի մեջ խեղդված ժպիտներ… ամեն ինչ իրար է խառնվել: Ավտոբուսից նույն հայացքներն են՝նույն ապրումները, հոգու նույն ցավը. Առջևում կարոտն է ու անհայտությունը, օտար ափերն ու անորոշությունը: «Գնացողներին» ու «մնացողներին» միայն հույսն է կապում.ասում են՝ վերջինն է մեռնում… Արմենն էլ գնաց: Եվս մի երիտասարդ, որ դեռ չէր ամուսնացել, ծառ չէր տնկել, տուն չէր սարքել:

Ինքնամխիթարման պես մի բան էր թվում Արմենի հոր՝ Արշակի հրաժեշտի խոսքը. «Արտասահման գնալով՝ կյանքդ շատ լավ կլինի: Սրտիդ ուզածը կունենաս ու մարդավարի կապրես, ոչ մի բանի պակաս չես ունենա» ՝ ասում էր Արշակը:

«Պապ ջան կգնամ, կաշխատեմ ու անպայման հետ կգամ: Ամեն ինչ լավ ա լինելու»:

Անցան հինգ երկար ու ձիգ տարիներ: Այդ ընթացքում Արմենը հայրենիք մեկ անգամ եկավ:

Ասում են՝ ամիսը մեկ անգամ Արշակը գնում-կանգնում էր այնտեղ, որտեղից ճանապարհել էր որդուն և սպասում էր…

«Օրերից մի օր տղես զանգեց, ասավ. «Պապ ամուսնանում եմ»: Շատ ուրախացա, երջանկությանս չափ ու սահման չկար, բայց վայրկյաններ տևեց. հարսնացուն հայ չի, օտարազգի ա: Տղուս հակառակը համոզել չկարողացա, համակերպվեցի» , -պատմում է Արշակը:

Միակ հույս այն էր, որ որդին մինչև իրեն թոռ պարգևելը հայրենիք կվերադառնա. «Թոռի կարոտ եմ մնացել, գոնե թոռ ունենայի ու ինքը մեր տան ծուխը ծխեցներ, բայց չեկավ, մնաց…»

Հոգու մեջ Արշակն իրեն չէր ներում. «Ես եմ սխալը եղել չէի գիտակցում, որ որդուս էնտեղ ուղարկելով կտրացնում եմ տանս ծուխը: Պետք էր ու էտ լավ պայմանները ստեղծել քո հայրենիքում» , -ասում է Արշակը, այնուհետև ավելացնում, - «Որ մարդ լավատես էղնի ու չգնա իր երկրից ամեն ինչ լավ կլինի, պետք է միշտ հուսալ»:

Որդու վերադարձի մասին երազել անգամ չէր կարող, իր կարծիքով որդու ետադարձի կամուևջներն ինքն էր այրել: Բայց անքննելի ու անզննելի են Աստծո գործերը: Արշակը պատմում է, որ երբ առաջին անգամ թոռնիկը հայերեն է թոթվել և նրան «հայր» անվանել, Արմենի հոգին փոթորկվել է հայի արժանապատվության զգացումից և այն վախից, թե օրերից մի օր էլ իր նորածին որդին կօտարանա և կմնա անհայրենիք, կդառնա Որբ, կդառնա ոչ Հայ:

Վերադարձը պահանջ դարձավ, ապրելու հրամայական: Արմենի տեսակը վերածնվեց իր որդու մեջ՝ վերարտադրելով հող ու ջրի, արյան, ծնողի, հոգու կանչը:

Նրա՝ ազգությամբ ոչ հայ կինն անգամ ըմբռնելով ամուսնու մտատանջությունը, անխոս եկավ Հայաստան, այս անգամ արդեն սեփական մաշկի վրա զգալով արտագաղթի ողջ «հմայքը»:

Հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս և որպես լրագրող և որպես ժամանակակից երիտասարդ ինչու՞ ենք գնում և ու՞ր ենք գնում… գնում ենք փոխված արժեհամակարգեր փնտրելու թե՞ գոյության պայքարը գոյության ձև դարձնելու նպատակով: Իսկ գուցե մեր այն ես-ին ենք փնտրում, որն այդպես էլ իր տեղն իր հայրենիքում չի գտնում, ինքս էլ չգիտեմ:

Փրկության թունելն այդպես էլ չի երևում…


    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4426 | 0 | 0
Facebook