Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սոս Սարգսյան /Բեմի արվեստի ու գրականության մոհիկանը

14:40, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2015 թ.
Սոս Սարգսյան /Բեմի արվեստի ու գրականության մոհիկանը


     Հոկտեմբերի 24-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը կդառնար 86 տարեկան:
     Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Սարգսյանը դեռևս ստեղծագործութան վաղ շրջանից, մերժելով պաթոսային, կեցվածքային-հռետորային խաղակերպը, դրսևորել է բնութագրական դերասանին բնորոշ հատկանիշներ Մելքոնի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»), Ջոն Պրոկտորի (Արթուր Միլլերի «Սալեմի վհուկները»), Տիբալտի (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և այլ դերակատարումներում. վերջինս աչքի էր ընկնում կերպարի լիարժեք բացահայտմամբ: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ արտահայտվել է իր նախասիրած՝ տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորումներում՝ Զիմզիմով (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Դոն Կիխոտ (Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ»), Յագո, Ջոն արքա, Լիր (Վ. Շեքսպիրի «Օթելլո», «Ջոն արքա», «Լիր արքա», նաև վերջինիս ռեժիսորն է), Ադամյան (Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ», ՀՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մացակ («Հացավան», ըստ Նաիրի Զարյանի), Թաղապետ (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», նաև ռեժիսորն է) և այլն:

Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի նաև հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ: Խորհրդային կինոարվեստում միլիցիոների կերպարի անձնավորման փայլուն օրինակներից է Սարգսյանի Քննիչը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.): Լավագույն կինոդերերից են նաև Մկրտիչը («Եռանկյունին», 1967 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Զամբախովը («Խաթաբալա», 1971 թ.), Սմբատը («Քաոս», 1973 թ.), Նահապետը («Նահապետ», 1977 թ.), Ձորի Միրոն («Ձորի Միրոն», 1980 թ.), Համբոն («Գիքորը», 1982 թ.), Ասացողը («Մատենադարան», 1983–2002 թթ., հեռուստաֆիլմ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) և այլն: Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում («Սոլյարիս», 1973 թ., «Երկնագույն մավրիկիոսը», «Հետաքննության հանձնաժողովը», 1978 թ., և այլն):

Սարգսյանը հանդես է գալիս նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր:

Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2001 թ.) շքանշաններով, ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալով (2001 թ.):
     Սարգսյանը գրել է «Վարագույրից այս կողմ» (1991 թ.), «Ընդհատում» (2000 թ.), «Մենք ու մերոնք...» (2010 թ.) գրքերը:

Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից:
     ___________________

Կյանքում մարդիկ ամեն կերպ թաքցնում են իրենց էությունը, իսկ թատրոնը միշտ բացահայտում է դա։
    
***

Ինչ-որ մի ժամանակ մարդն ուզեց ինքն իրեն ճանաչել ու հորինեց թատրոնը:
     ***

Գիտե՞ք` սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ:
     ***

Սիրո ազդեցության տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս:
     ***

Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա:
     ***


    

Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու եւ գործելու:

Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբերան ժողովուրդ: Այսքան չի կարելի վատատես լինել, լավը չտեսնել: Շատ լավ բաներ են կատարվում…
     ***

Մեծ մարդիկ որ շատ լինեն, նրանց արժեքը կկորի։
     ***

Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:
     ***

«Գիքոր» ֊ի Համբոն հոգու գործ էր, ես դա ապրեցի
     ***

Ինձ համար ամենամեծ զավեշտը դերասան դառնալս է
     ***

Իմ ժողովուրդը սիրում է ինձ: Մի քիչ՝ շատ, բայց սիրում է
     ***

Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված: Դրա մասին եմ մտածում, որ միտքս տեղում լինի, բեռ չդառնամ որևէ մեկի համար, ցավ չդառնամ…
     _________________
    
    

Ֆիլմագրություն

  • 1960 - Նվագախմբի տղաները՝ Արտաշես
  • 1961 - Լուսաբացից առաջ՝ Եգոր
  • 1961 - Ճանապարհ՝ Դայան
  • 1962 - Տերն ու ծառան՝ Մանաս
  • 1964 - Քահանայի ուխտը՝ քահանա
  • 1967 - Եռանկյունի՝ Մկրտիչ
  • 1968 - Ապրում էր մի մարդ՝ Մուրադ
  • 1969 - Գարունա, ձյունա արել՝ Կոմիտաս
  • 1969 - Մենք ենք, մեր սարերը՝ միլիցիայի լեյտենանտ
  • 1970 - Լենինն ու Ալին՝ Ալի
  • 1970 - Հեղնար աղբյուր՝ վարպետ Մկրտիչ
  • 1971 - Խաթաբալա՝ Զամբախով
  • 1972 - Սոլյարիս՝ Գիբարյան
  • 1973 - Քաոս՝ Սմբատ Ալիմյան
  • 1973 - Ժայռը՝ Հայրապետ
  • 1973 - Հնձան՝ Վարդան
  • 1974 - Պինդ քարը՝ Սեվոյան
  • 1975 - Իմ սիրտը լեռներում է՝ Բեն Ալեքսանդր
  • 1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը
  • 1975 - Ձեռք կբերես մարտադաշտում՝ Ապրեսյան
  • 1976 - Եվ ապա դու ետ կգաս՝ Բաբայան
  • 1976 - Ծնունդ՝ Մուրզա
  • 1977 - Նահապետ՝ Նահապետ
  • 1978 - Հուսո աստղ՝ Մովսես
  • 1978 - Հետաքննիչ հանձնաժողովը՝ Մադոյան Սարգիս
  • 1979 - Կապույտ առյուծ՝ ոսկերիչ
  • 1979 - Մահ ձիու վրա՝ Գայի հայրը
  • 1979 - Ձորի Միրոն՝ Միրո
  • 1979 - Կյանքի լավագույն օրերը
  • 1979 - Մահկանացուդ կնքիր թամբին՝ Գայի հայրը
  • 1980 - Յոթ սարից այն կողմ՝ Հովսեփ
  • 1982 - Գիքոր՝ Համբո
  • 1984 - Առանց ընտանիքի՝ Վիտալիս (Կառլո Բալզանի)
  • 1985 - Ճերմակ անուրջներ՝ Հակոբ
  • 1985 - Խնձորի այգին՝ Մարտին
  • 1986 - Միխայլո Լոմոնոսով՝ Ֆեոֆան Պրոկոպովիչ
  • 1986 - Մեկկոտոշավոր կովի նշանի տակ՝ Տոբի
  • 1987 - Խաչմերուկի դեղատունը՝ Ադամյան
  • 1987 - Հատակում՝ Սաթին
  • 1987 - Քառյակ՝ Պետրոս
  • 1988 - Համբարձում՝ Գալուստ
  • 1988 - Ոճրագործի ընտանիքը (հեռուստաբեմադրություն)
  • 1989 - Եվ կրկնվելու է ամեն ինչ՝ Սահակ Խորենովիչ
  • 1991 - Ձայն անապատում՝ բեմադրիչ
  • 1992 - Որտե՞ղ էիր, մարդ Աստծո՝ բժիշկ Ստեփան Եսայան (զառամյալ տարիքում)
  • 1997 - Հարսնացուն Ջերմուկից՝ ինքը
  • 2001 - Ուրախ ավտոբուս՝ քահանա
  • 2001 - Լռության սիմֆոնիա
  • 2006 - Տերևաթափի բլյուզ՝ Արմեն Սահակովիչ
  • 2006 - Փարոս
  • 2010 - Ես եմ
1971 - Խաթաբալա՝ Զամբախով
1977 - Նահապետ՝ Նահապետ
1960 - Նվագախմբի տղաները՝ Արտաշես
Մենք ենք, մեր սարերը
1967 - Եռանկյունի՝ Մկրտիչ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9187 | 0 | 0
Facebook