Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հովհաննես Թումանյան /Բանաստեղծություններ

13:55, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2015 թ.
Հովհաննես Թումանյան /Բանաստեղծություններ

Գութանի երգը
    

Արի՜, գութան, վարի՜, գութան,
     Օրն եկել է, ճաշ դառել,
     Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
     Օրհնյալ է աստված, հորովե՛լ:
     Քաշի՜, եզը, ուսիդ մատա՛ղ,
     Քաշի՜, քաշենք, վար անենք.
     Ճիպտի՜ն արա, քըշի՜, հոտա՜ղ,
     Մեր սև օրին ճար անենք:
     Պարտքատերը գանգատ գընաց,
     Քյոխվեն կըգա, կըծեծի,
     Տերտերն օրհնեց, անվարձ մընաց,
     Կըբարկանա, կանիծի:
     Էն օրն եկան թովջի արին,
     Հարկ են ուզում տերության.
     Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին...
     Վարի՜, վարի՜, իմ գութան:
     Ձեռըս պակաս, ուժըս հատած,
     Հազար ու մի ցավի տեր,
     Ինձ են նայում մերկ ու սոված
     Մի տուն լիքը մանուկներ:
     Արի՜, գութան, վարի՜, գութան,
     Օրն եկել է, ճաշ դառել,
     Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
     Օրհնյալ է աստված, հորովե՛լ:

1887

***

Ամառվա գիշերը գյուղում
    

Լուսընկա գիշեր,
     Երկինքը պայծառ,
     Անհամար աստղեր
     Ցոլցըլում են վառ:
     Քընած է արդեն
     Հովտում ողջ գյուղը,
     Մըթնած ու լուռ է
     Գյուղացու հյուղը:
     Հոգնած գյուղական
     Ընտանիքն ահա
     Սրահում, կալում,
     Կամ կըտրի վըրա:
     Երկընքի դիմաց
     Գըրկված են քընած,
     Վերևիցն, ասես,
     ժըպտում է աստված:

1887

***

Հին օրհնություն
    

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
     Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
     Միասին բազմած,
     Մի շըրջան կազմած,
     Քեֆ էին անում
     Եվ ուրախանում
     Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
     Գյուղի տերերը:
     Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
     Երեք դասընկեր,
     Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
     Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
     Զի՛լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում —
     Տաղ էինք ասում:
     Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
     Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
     Նըրա հետ վերցրին լիք բաժակները
     Բոլոր մեծերը
     Ու մեզ օրհնեցին. — «Ապրե՜ք, երեխե՜ք,
     Բայց մեզ պես չապրեք...»:
     Ժամանակ անցավ, նըրանք էլ անցան,
     Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
     Եվ ես հիշեցի մեր օրը լալիս,
     Թե մեզ օրհնելիս
     Ինչու ասացին. — «Ապրե՜ք, երեխե՜ք,
     Բայց մեզ պես չապրեք...»
     Խաղաղությո՛ւն ձեզ, մեր անբա՜խտ պապեր,
     Ձեզ տանջող ցավը մե՜զ էլ է պատել:
     Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
     Մենք էլ` օրհնելիս մեր զավակներին՝
     Ձեր խոսքն ենք ասում. — «Ապրե՜ք, երեխե՜ք,
     Բայց մեզ պես չապրեք...»
     1889

***

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
     Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
     Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
     Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ:


     Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
     Ուրախությամբ ինձ սպասում էին,
     Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
     Մարդոց սրտերը միշտ հուզում էին:


     Կարճատև՛ ցնորք, որ անցար արագ,
     Ինչպես մի քամի, առավել չընչին,
     Եվ ահա ընկած իբրե մի նավակ,
     Որ կամեր լողալ ավազի միջին:


     Դուն անցար, այո, դարձյալ աշխարհը
     Կառավարվում է յուր օրենքներով,
     Եվ դիմակ առած մեծ բարերարը
     Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով:


     Մահացու ախտով վարակվածն ահա
     Անարատության հագած վերարկու,
     Եվ խավարասեր ամբոխը նրա
     Զազիր գործերին կանգնած խնկարկու.


     Եվ հազարավոր անմեղ հոգիներ
     Հալածված են չար կրքերից անսանձ,
     Եվ, ի նախատինս բանականության,
     Արդար է միայն զորեղը մարդկանց:


     Ահա գետնաքարշ և չարախնդում
     Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
     Վխտում են անվախ՝ հրապարակներում,
     Իբրև առաջնորդ մարդոց մտքերի:


     Ահա, խնդության ձայներ են թնդում,
     Իբրև արձագանք չարության խոսքի,
     Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
     Պատահսաները մարդկային ազգի:


     — Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր,
     Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.
     Եվ այդ բոլորը միայն մի կտոր
     Հացի համար է. սակայն, ո՞վ գիտի,


     Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
     Բանականության բռնավորների,
     Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն:
     Ձեզ հավիտենական կարծում եք գերի:


     Խեղճե՛ր, նայեցե՜ք, ահա ձեր դիմաց,
     Առանց նայելու ձեր կտոր հացին,
     Բանականության զավակը կանգնած,
     Սպասում է նա մոտ լուսաբացին:


     Երանություն էր խոստացել հույսս ինձ.
     Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
     Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
     Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ:


     Հառա՛ջ, կռվելով, և կըգա մի օր,
     Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,
     Նրա ավերի վերա փառավոր
     Ապագան լուսո կըկանգնի նշան:

1889

***

Վերջին խոսք

Հեռո՜ւ, ո՜վ սուրբ խաղաղության,
     Մենք քեզ համար չունենք անկյուն
     Մեր հալածված հայրենիքում
     Եվ մեր ցաված սրտի խորքում:


     Գնա դեպի այն լեռները,
     Ուր որ հովիվն ու գառները
     Ապահով են պատառողից,
     Մենք ազատ չենք ահ ու դողից:


     Գնա՜, հանգիր այն դաշտերում,
     Ուր որ իրար էլ չեն տիրում
     Եղբայր-մարդիկ, և հերկելով
     Քեզ օրհնում են սուրբ երգերով:


     Գնա դեպի երանավետ
     Այն վայրերը, ուր կյանքի հետ
     Խաղ չեն անում զվարճության
     Կամ հեշտության համար միայն:


     Իսկ մենք ցավով լեցուն սրտով
     Անկարող ենք միշտ անվրդով
     Ե՜վ քրդերի լուծը տանել,
     Ե՜վ քեզ օրհնել, փառաբանել:


     Հեռո՜ւ, ո՜վ սուրբ խաղաղություն,
     Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
     Երանությամբ միշտ հիշելով
     Պիտի կռվենք մեռցնող սրով:
     Դեկտեմբեր.
     1889

***

Ես նայում եմ. իմ առջև
     Ահա տիրոջ աշխարքը.
     Բերրի դաշտերը մինչև
     Հեռու լերանց այն շարքը


     Լայնարձակ, դալարագեղ
     Տարածվում են և կորչում
     Մշուշի մեջ, իսկ այնտեղ
     Ճոխ անտառն է կանաչում:


     Ուր որ ազատ շրջելով
     Ապրում են երե, գազան,
     Եվ թռչունքը ճախրելով
     Երգ են ասում գոհության:


     Ահա, շքեղ դաշտի միջով
     Գալարվում է և անցնում
     Հանդարտ գետը մրմունջով.
     Հեռո՛ւ, հեռու է գնում:


     Նրա դալար ափերում
     Մինը հազար է բերում.
     Սակայն ահա, մյուս կողմում
     Կապույտ ծովն է մեղմ ծփում:


     Ինչքա՛ն ճոխ է, հրաշալի
     Այս աշխարհը լայն, արձակ,
     Ամեն մի շունչ աչքը լի
     Կապրի այստեղ համարձակ:


     Ես նայում եմ, և մի միտք
     Հղանում է ինձանում.
     Ինչո՞ւ համար են մարդիկ
     Իրար զրկում, սպանում:

1889

***

Մանկություն

Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
     Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
     Հաճախ, մանկության, խռոված հոգուս
     Ներկայանում ես ինչպես առավոտ:


     Եվ մանկան նման արտասվում եմ ես,
     Երբ այս օրերում, չարությամբ լցված,
     Քեզ, սուրբ մանկության, հիշում եմ ինչպես
     Երազի տեսիլք անհետ չըքացած:


     Ինչպես արևի ճաճանչը վերջին
     Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
     Այնպես շողացիր և անցար կրկին,
     Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար:


     Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
     Դառնալ քո գիրկը... ա՜խ, ի՞նչ եմ ասում,
     Այդ անհնար է. — արդեն հանդերձյալ
     Կյանքի ճամփան է իմ առջև բացվում:


     Բայց մինչև այնտեղ, սոսկալի՛ ուղի,
     Ահա բռնություն, պատիվ անարգած,
     Ահա հառաչանք, արտասուք աղի,
     Ահա սև նախանձ և սեր սակարկած...


     Կըմեռնեմ և ես այս ցավերի տակ
     Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
     Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
     Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ:


     Մի տխրատեսիլ գուցե գերեզման
     Անցվորականից խնդրե մի բերան
     Ողորմի ասել... ո՞վ գիտե, և այն
     Կըլինի՞ արդյոք, կընայե՞ն նորան...
     1889

***

Ների՜ր, ո՜վ կույս, որ հուզեցի
     Խաղաղ կուրծքդ կուսական,
     Մեղսոտ սրտով ես չուզեցի
     Կործանել քո ապագան:


     Այն մի անմեղ խաղ էր, հոգի՜ս,
     Պատանեկան հասակի,
     Որ անցնելով պատճառ դարձավ
     Քո աչքերիդ արցունքի:


     Ես գուշակել չըկարացի
     Կյանքի վճիռն անարդար,
     Անգիտությամբ ես հարուցի
     Այդ փոթորիկն անդադար:


     Ների՛ր, ո՜վ կույս, բուռն եռմունքին
     Պատանեկան կրքերի,
     Ների՜ր, հոգիս, որ մատնեցին
     Քնքուշ սիրտդ վշտերի:
     1889

***

Նախերգանք

Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
     Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
     Եվ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
     Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:


     Ձե՛զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
     Կյանքի տխրության ամպերի տակից
     Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
     Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:


     Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՛ն տրտմություն,
     Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
     Այնժամ էլ, չէիր ինձ հանգիստ տալիս՝
     Սըրտիս ականջին խոսելով թաքուն...


     Ո՛վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
     Հազար ցավերով, հազար ձևերով,
     Ոգևորության հըզոր թևերով
     Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՛ք իմ հեգ:


     Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
     Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
     Այլ դառն հեծության հառաչանքներով
     Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:


     Ձորե՛ր, ա՛յ ձորեր, սև, լայնաբերան,
     Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
     Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
     Քեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:


     Դուք էլ խոսեցե՛ք, դուք էլ պատմեցե՛ք,
     Ձեր անդունդներով եկեք չափվեցե՛ք,
     Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
     Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...
     1890

***

Այդ ի՛նչ սրտամաշ տխրություն է քեզ
     Պատել, հայրենի գեղեցիկ աշխարհ.
     Մինչև ե՞րբ պիտի չարչարվես այդպես
     Տառապանքներով, առանց մխիթար...


     Իմ հայրենիքս տխուր է, տխուր...
     Ուր աչք եմ դարձնում՝ տխուր ավերակ,
     Ամեն տեղ միայն, միայն ցավալուր
     Հեծության ձայներ, երկչոտ աղաղակ:


     Թե երկրագործն է հորովել կանչում,
     Թե մայրը որդուն օրորք է ասում,
     Թե հովիվն իրան սրինգը հնչում,
     Մի հուսակտուր հառաչ եմ լսում:


     Աշխարհից, մարդուց հույսերը կտրած
     Գանգատվում է նա և ցավից տնքում,
     Կյանքիցը զզված, սակայն դեռ չապրած,
     Հանգիստ է խնդրում հեռո՛ւ, երկնքում...


     Մի՞թե տրտմության թախիծըն այդպես
     Խեղդեց նրա մեջ ապրելու հույսը.
     Մի՞թե այլևս նա չէ երգելու
     Իրան պապերի երգած խրախույսը:


     Մինչև ե՞րբ պիտի մարդիկ կատաղի
     Արցունքովն հայի կերածը թրջեն,
     Եվ երկա՞ր պիտի մեռելաթաղի
     Տաղերով ագահ ցերբերներ շրջեն...


     Մի՞թե դեռևս անսիրտ հագարը
     Այն ավերակաց վերա պիտ իշխե,
     Անարգե, պղծե մեր սուրբ տաճարը,
     Անարժաններին շնորհներ բաշխե...


     Եվ չարագուշակ մտքերով հուզված
     Քաշվում, մտնում եմ մի խաղաղ անկյուն.
     Եվ երկար անշարժ ու խորասուզված
     Հածում եմ նրա ցավերում անհուն:


     Ավելի խորը, ավելի հեռու
     Միտքս ինձ առնում, թռցնում, տանում է.
     Թռչում է հանկարծ մի ծանր հառաչանք,
     Եվ սիրտս կարծես հանգստանում է:
     1890

***

Եթե իմ վերջին հայացքը մնա
     Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
     Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
     Որ սրտանց ես դու կոծում ինձ համար.


     Եթե գիտենամ, իրավ պիտի դու
     Ինձանից հետո ցավես իմ մահով, -
     Երդվում եմ սիրով, առանց ցավելու
     Կըմեռնեմ ես այդ հուսով ապահով:


     Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
     Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
     Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
     Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը:
     Ապրիլի 1.
     1890

***

Պանդուխտն երգեց օտար երկրում
     Եվ սրտաբեկ հոգվոց քաշեց,
     Երբ որ տխուր յուր երգերում
     Անցած ուրախ օրերն հիշեց:


     Մարմնով տկար, հոգով տխուր
     Շուրջը նայեց, մեկը չըկար,
     Որ տար գեթ մի բաժակ ցուրտ ջուր, —
     Ողբաց պանդուխտն անմխիթար:


     Եվ նա խնդրեց անժամանակ
     Հանգստության լուռ գերեզման,
     Անհույս երգեց վերջին նվագ, —
     «Արի՜, չարքաշ կյանքիս վախճան.


     Էլ ույժ չըկա. — բարյավ մնաք,
     Դուք սև օրեր պանդխտության,
     Դուն, հայրական հեռու տնակ,
     Եվ երազներ պատանեկան:


     Իսկ դուն արի՜, քաղցր հիշատակ,
     Կորցրած սիրո, վայելչության,
     Արի ինձ հետ իբրև սփոփանք
     Գերեզմանիս լուռ տխրության»:


     Մեռավ պանդուխտն. բարյավ մնաք...
     Գիտեք, որքան ձեզնից թաքուն
     Խեղճը հեծեց, ողբաց մենակ...
     Գեթ ողորմի տվեք հոգուն:
     Ապրիլի 2.
     1890

***

Մի՜ որոնիր՝ մի ժամանակ
     Արհամարհածդ՝ այս կըրծքի տակ,
     Հառաչանքով դուրս թըռավ նա
     Ու դատարկ է տեղը հիմա...


     Էլ մի՜ կանչիր, մի՜ լար իզուր.
     Քո արցունքից միայն տըխուր
     Հին-հին հուշեր պիտի զարթեն,
     Եվ ի՛նչ օգուտ... ո՛ւշ է արդեն...
     Ապրիլի 21.
     1890

***

Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
     Փոքրոգությանն եք պարսավում նրա:
     Լռեցե՜ք, եղբարք, ի՞նչ գիտեք, ի՜նչ ցավ
     Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ:


     Տեսե՜ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
     Մոլոր շրջում է սգվորի նման.
     Բայց նրա մասին մի դատեք, երբ որ
     Չգիտեք ինչն է կորացրել նրան:


     Ահա, վարում են մյուսին պատժարան,
     Օ՛, մի՜ անվանեք նրան չարագործ.
     Ի՞նչ գիտեք, գուցե մի միտք երկնարժան
     Այս օրին մատնեց այդ մարդուն անփորձ:


     Եվ դուք ի՞նչ գիտեք, թե երգիչն ուրախ,
     Որ ձեզ համար միշտ երգեր է երգում,
     Քարասիրտ մարդկանց ծաղրանքից ծածկած
     Ի՜նչ ցավեր ունի յուր սրտի խորքում:
     Ապրիլի 22.
     1890

***

Խորհրդածություն

Ո՞րն է դրախտը, — վայրն երանավետ,
     Ուր պիտի ապրեմ գերեզմանից ետ.
     Մի՞թե մարդկային տառապած կյանքը
     Չըստեղծեց այն սուտ մխիթարանքը.
     Եվ մի՞թե նորա մահից սարսափած
     Ագահությունը չէ իրան խաբած...
     Սակայն բարի է. — մի տանջված արդար,
     Կամ իրան արդար համարող մի չար
     Երկրային կյանքի վերջին վայրկյանին
     Հանգիստ ու խաղաղ կավանդե հոգին,
     Համաձայն իրան ճաշակի, կամքի,
     Վայելքն հիշելով խոստացյալ կյանքի.
     Եվ ահա միակ, բայց մեծ օգուտը,
     Որ մարդկությանը տվեց այս սուտը:
     Ա՞յս է մեր կյանքը. — լոկ խաբեություն.
     Ո՛հ, մի՞թե և ես, ինչպես մի հնչյուն,
     Այս իմ հույսերիս, ձգտումներիս հետ
     Պիտի մեռանիմ, չքանամ անհետ...
     Չէ՜, սիրելի է խոստումն երկնքի —
     Հույսն հավերժական, անվախճան կյանքի.
     Հեռո՜ւ ինձանից, հոգեմաշ կասկած,
     Ողջույն քեզ, ողջո՛ւյն, ո՜վ կյանքի աստված.
     Արի՜, հայտնվի՜ր, նշկահիր մահու
     Տարակուսանաց տագնապն ահարկու
     Եվ կույր հավատով զորացրու հոգիս —
     Անմահություն տուր լքացած կյանքիս...
     Բայց ի՞նչպես պիտի կյանք առնեմ կրկին,
     Արդյոք լուսակազմ, աննյութ, անմարմին
     Պիտի սավառնեմ անծայր եթերքում,
     Թե՞ իբրև մի հունչ շրջեմ աշխարքում,
     Թե՞ անփույթ, անգործ թափառեմ պիտի
     Մարդոց աչքերին անտեսանելի,
     Թե՞ ամպերի մեջ պիտի ես հանգչեմ
     Եվ ոտքիս տակից կայծակներ իջնեն...
     Օ՛, ներիր, աստված՝ ծածկագետ, անհուն,
     Ներիր մեծամիտ, գոռոզ պատանուն.
     Աննշան ճճիս չարաչար մեղա, –
     Հանդուգն խորհրդով խորամուխ եղա,
     Ձգտեցի պարզել քո աստվածային
     Անհասանելի, անմեկին գաղտնին:
     Ապրիլ.
     1890

***

Մարգարե

Երբ որ վեհության կնիքը ճակատին
     Եվ ճշմարտության սուրբ պատգամներով
     Նա հայտնվեցավ մոլար աշխարքին
     Եվ դարձ քարոզեց հրաթափ լեզվով,


     Նրա աստվածային ձայնից սարսափած
     Գիշերատեսիլ մարդիկ հուզվեցին,
     Իրանց սեղանից վեր կացան հարբած,
     Մոլեգնության մեջ աղաղակեցին.


     Ո՞վ ես դուն, արի՜, այս մեր հանցավոր
     Ուրախությանը մասնակից եղիր,
     Կամ թո՜ղ վայելենք մեր կյանքն անցավոր.
     Թե չէ՝ խիստ պատժի քարերից փախիր:


     Սակայն անվհատ նա հառաջ գնաց
     Անուշադիր յուր անձի վնասին,
     Մոլորությունը ներելով մարդկանց՝
     Հոգ տարավ նրանց փրկության մասին:


     Եվ երբ որ լուսո նա ջահը ձեռքին
     Մոտեցավ կորստյան փոսի եզերքին,
     Ապերախտ ձեռքով ամբոխը խավար
     Զարկեց, խորտակեց ջահը փրկարար:


     ժամանակ անցավ. թշվառ ամբոխին
     Արդեն փորձանքը վրա էր հասած,
     Երբ ուշքի եկավ, վայ տվեց գլխին. —
     «Նա մարգարե էր, նա իրավ ասաց»:
     Մայիսի 1.
     1890

***

Պոետին

Մեր ուշքն ինչո՞ւ ես կախարդում
     Սիրո անհոգ երգերով,
     Մեր աչքն ինչո՞ւ ես դու խաբում
     Ցնորական պատկերով:


     Այս օրերում հարկավոր չեն
     Զբոսանքներ հոգեկան,
     Նայի՜ր կյանքին, մեզ կանչում են
     Մեր եղբայրներն օգնության:


     Իսկ դու, անփույթ մեր տանջանքին,
     Հարվածներին մեր բախտի,
     Արբեցնում ես արթուն հոգին
     Քաղցըր թույնով հեշտախտի:


     Քո սիրային երգերի հետ,
     Նայի՜ր, սուգ ենք մենք անում.
     Բավակա՜ն է, կանգնի՜ր, պոետ,
     Կյանքի կռվի սահմանում:


     Եվ տարածիր աջըդ անզենք
     Ընդդեմ չարին մահաբեր,
     Մենք էլ այնժամ քեզ հետ կասենք
     «Մնաք բարյավ, կույս և սեր»:

1890

***

Գիշերային առաջին աստղի դիմաց

Արևը թռավ. երկինք ու երկիր
     Առավ խավարը գիրկն համատարած.
     Դուն, փայլան աստղիկ, դարձյալ շողացիր,
     Արդյոք այս գիշեր ի՞նչ բերիր մարդկանց:


     Դուն ավետեցիր ժամը տեսության
     Այն սիրատենչակ սիրահարներին.
     Որ սրտատրոփ անհամբերությամբ
     Սպասում էին խաղաղ գիշերին:


     Դուն երևացիր խավար երկնքից...
     Օ՛, նա սպասում էր քո երևալուն.
     Ահա հուսահատ, զզված յուր կյանքից,
     Խեղդվելու գնաց մարդկանցից թաքուն:


     Դուն երևացիր և բազկատարած
     Պատրաստվում է մեկն աղոթք անելու,
     Այնինչ, մի ուրիշն յուր զենքերն առած՝
     Գնում է անմեղ մարդ սպանելու:


     Իսկ մեծատունը, խնջույքից հոգնած,
     Հանգստանամ է. ա՛խ, թե նա հիշեր,
     Որ յուր պալատի պատի տակ կանգնած
     Թշվառն օթևան չունի այս գիշեր...


     Դուն, փայլուն աստղիկ, որ շողշողում ես,
     Ինչպես սիրուհու թրթռուն տենչանք,
     Ամեն գիշեր ինձ համար բերում ես
     Կրքերի հուզմունք և հոգու տանջանք:
     Մայիսի 12.
     1890

***

Չարամիտներին

Դո՜ւք, մեծ հայրերի ընկած զավակներ,
     Դո՜ւք, ո՛վ ստրուկներ մոլի կրքերի,
     Դո՜ւք, ո՛վ զեխության խղճալի հյուրեր,
     Որ շվայտ կյանքին դարձել եք գերի.


     Դո՜ւք, որ ընկնում եք ոչ պատերազմում
     Թշնամու սրով և ոչ ձեր մահով,
     Որ եղբայրադավ ժողով եք կազմում
     Եվ տեսնող աչքից կարծում ապահով.


     Դուք, որ պատրաստ եք անմեղին կապած
     Սեղանավորի ոտքի տակ զոհել,
     Որ ավազակի առջ սարսափած,
     Ճշմարտությունն եք ուրանում խոսել.


     Դո՜ւք, որ ուզում եք աշխարքին խաբել,
     Եվ դատաստանի առաջ դողալով
     Գիտեք կեղծավոր արտասուք թափել
     Չարությամբ լեցուն, հանցավոր սրտով.


     Դո՜ւք, որ մարդկերանց աչքերն եք կապում,
     Ո՛վ սպասավորներ բանտի, խավարի,
     Որ հարազատի արյունն եք թափում
     Եվ ձեր եղբոր գույքն առնում ավարի.


     Դո՜ւք, որ այրիի դառն արտասուքով
     Շաղախեցիք ձեր սեղանի հացը,
     Որ հպարտացած անօրեն գործքով
     Հարցանում եք թե՝ ո՞ւր է աստվածը. —


     Կըհասնի նա ձեզ, բարկությամբ արդար
     Արժանի մահով պատուհասելու,
     Եվ ո՞վ պիտի ձեզ ցույց տա ճանապարհ
     Նորա բարկության պատժից փախչելու:
     Մայիսի 20.
     1890

***

Միամիտներին

Երանի է ձեզ, որ չեք հասկանում,
     Թե մարդիկ ինչու ինչեր են անում,
     Երանի ձեզ, որ մարդու չեք զրկում,
     Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում.
     Երանի ձեզ, որ ոչինչ չըգիտեք,
     Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք:
     Հունիսի 12.
     1890

***

Ո՜հ, խնայեցեք, մի՜ հիշեցնեք ինձ,
     Թե ինչպես էր նա արտասուք թափում,
     Երբ, արդեն խաբված նենգավոր խոսքից,
     Անձնուրաց սիրույս էլ չէր հավատում:


     Ո՜հ, մի՜ հեշտացնեք, այդ խոսքեր են լոկ
     Եվ չեն դարձնելու կորուստս անգին,
     Անտարբեր եք դուք, դեռ ձեզ անողոք
     Բախտը չէ մատնել սիրո վտանգին:


     Մի՜ հիշեցնեք, մի՜, թե ինչպես դաժան
     Մարդիկ իրարից անջատեցին մեզ,
     Թե ոնց եմ ապրում նրանից բաժան...
     Թողեք ինձ հանգիստ, — ես գոհ եմ այսպես...


     Ոչ, ես չեմ կարող չարչարվել անվերջ,
     Ուզում եմ խնդալ ցավերից հեռի,
     Եվ մոռացության ալիքների մեջ
     Թաղել հիշատակն անցած օրերի:
     Հունիսի 25.
     1890

***

Ո՜հ, մեղմացնել չես կարող դուն
     Սաստկությունը տանջանքիս,
     Եվ հաշված են թույնով լեցուն
     Սակավ ժամերը կյանքիս.


     Բայց տեսնում ես, ես հանգիստ եմ,
     Մի՜ լար և դուն, իմ անգին, —
     Քո արտասուքն ես կարող չեմ
     Փոխարինել այս կյանքին.


     Օ՛, գերությունն ես ատում եմ,
     Եվ ցոփ կյանքը հեշտասեր,
     Այժմ, ահա, թոթափում եմ
     Նրանց լուծը մահաբեր.


     Սակայն գիտե՞ս թե այսքան
     Ինչն է տանջում ինձ այսպես —
     Արտասուքի և տրտմության
     Համար չէի ծնված ես.


     — Ես ուզեցի ազատ երգել
     Ե՜վ օրհնություն, և անեծ,
     Սիրով սրտերը բորբոքել,
     Որ նախանձը բաժանեց. —


     Կյանքի աղմուկն և գոյության:
     Պատերազմը տմարդի
     Արգելեցին լիաբերան
     Երգել զեղմունքն իմ սրտի.


     Ես լռեցի. կատաղությամբ
     Սիրտս ուժգին տրոփեց,
     Ոգևորված և համարձակ
     Մտա կռվի ասպարեզ.


     Բայց իմ խնդրած այն սրբազան:
     Կռիվը չէր բորբոքված,
     Ուր կռվում են ազատության,
     Պատվի համար անարգված.


     Անհավասար և վաղաժամ
     Կռվում ուժերս վատնեցի.
     Հափշտակված, հոժարակամ
     Ինձ գերության մատնեցի.


     Ո՜հ, չես կարող մխիթարել,
     Հոգիս անչափ է տրտում,
     Աչքս դեռ նոր եմ բաց արել՝
     Գերեզմանս եմ նկատում:
     Հուլիսի 5.
     1890

***

Գիշեր

Եկավ գիշերն՝ սփոփանքը
     Անմխիթար սըրտերի,
     Եվ սարերի կերպարանքը
     Փոխվեց անեզր ստվերի:


     Հաղթահարված խորին քնից
     Պապանձվեցին ամեն տեղ,
     Մութն ու խավար հորիզոնից
     Ծագեց լուսին փառահեղ:


     Եվ երկնքում բարձր կախված
     Սիփան սարի կատարին,
     Մունջ նայում էր նա դեպի ցած՝
     Տխուր նիրհող աշխարհին:


     Նըրա փափուկ, արծաթահեր
     Հով շողերը իրանց հետ
     Թափում էին հանգստաբեր
     Նիրհ ու թմբիր քաղցրավետ:


     Սակայն գիշերն այն հեգ երկրում
     Հանգստության փոխանակ
     Ահ ու սարսափ է միշտ բերում,
     Գաղտնի հարված ու տանջանք:

1890


    

Ա՛խ, ես երանի
    

Ա՛խ, ես երանի
     Կայծակ լինեի,
     Որոտ– ճայթյունով
     Մըռայլ ամպերից
     Ժայթքեի ըմբուսո,
     Զարկեի ուժգին,
     Պատռեի խավար
     Կամարը երկնի,
     Ցույց տայի մարդուն
     Գաղտնիքը վերին,
     Որ տեսներ՝ այնտեղ
     Ի՞նչ բան կա ահեղ,
     Կամ ո՞վ է նըստած
     Եվ ո՞ւր է աստված...
     Հունվարի 13.

1891

***
     Երգչի վրեժը
    

Ծանըր հեծության ժամանակների
     Եվ ճընշումների անըզգա որդիք,
     Կամեցա սիրել, սակայն դուք բարի
     Սիրտըս ու հոգիս զայրույթով լցրիք:


     Բայց դրա համար ես այնպես կերգեմ,
     Որ այդ ձեր սիրտը ցավից պատառի,
     Տըխուր ձայներով կըթունավորեմ
     Հանգստությունը գալոց օրերի:


     Հուսահատության թախծալի երգով
     Լեղի կըդարձնեմ ձեր կյանքը բոլոր,
     Եվ դուք կարտասվեք լիացած աչքով,
     Խնջույքների մեջ նստած գըլխակոր:


     Եվ խիստ վրեժը զայրացած երգչի
     Ձեզ կըհետևի մինչև գերեզման,
     Ձեր սիրտը կայրի, հոգին կըտանջի...
     Եվ կըտառապեք այսպես հավիտյան:
     Փետրվարի 22.

1891

***
     Կանչ


     Եթե կաս, աստված,
     Եվ չես ստեղծել
     Արտասուք ու լաց,
     Հեծել, անիծել.
     Թե չար նախանձի
     Թույնով մահացու
     Դո՜ւ չես վարակել
     Պարզությունն հոգու.
     Թե դո՜ւ չես ասել,
     Որ կյանքը այսպես
     Լինի անասպառ
     Տանջանքի հանդես, —
     Մեղմացրու մարդկանց
     Կիրքն ամբարտավան,
     Եթե աստված ես
     Դու խաղաղության:
    
     Տե՜ր արագահաս,
     Աստված արդարի,
     Ո՞ւր ես, եթե կաս.
     Ես աղոթք արի,
     Բայց սրածության
     Ահարկու ձայնից
     Խլացավ իսկույն
     Իմ աղոթքն անբիծ.
     Եվ ես, վայրենի
     Կրքից կատաղած,
     Ամբարիշտների
     Քարերից փախած,
     Քո անվան հուսով
     Կռվեցի երկար,
     Պարծեցա քեզնով,
     Սակայն դու չեկար:
     Էլ ինչո՞ւ եմ ես
     Տառատում այսքան,
     Եթե աստված ես
     Դու անմեղության:
    
     Ինչո՞ւ տակավին
     Չես պատժում չարին,
     Ո՞ւյժդ է պակասում,
     Թե՞ չենք աղերսում:
     Ինչո՞ւ չես գալիս,
     Ո՞ւր ես, եթե կաս,
     Թե դո՜ւ չես տալիս
     Խեղճին պատուհաս.
     Թե չարագործին
     Դո՜ւ չես տվել սուր,
     Որ խաղաղ հոգին
     Սարսափի իզուր.
     Թե՞ դու չըգիտես,
     Որ այստեղ, երկրում
     Մարդը ժպտերես
     Մարդ է գիշատում.
     Դե արի՜ ու տե՜ս,
     Զարկի՜ր ու շանթի՜ր,
     Եթե աստված ես
     Դու վըրեժխնդիր:
     Փետրվար.

1891

***

Սիրելի՜ ընկեր, շատ ոգևորվել,
     Շատ ես հառաչել դա նրա մասին,
     Որ այսօր հոգուս թռիչք է տվել,
     Որ պիտի երգեմ ես քո առաջին.


     Բայց ես չեմ կարող այնպես հառաչել
     Անզոր բառերով անվարժ տողերում.
     Եվ ահա, ինչ որ գրչով նկարել,
     Այն եմ սրտալի քեզ նվեր բերում.


     Ընդունի՜ր հոգիս. նրա ձայները
     Գուցե ականջիդ հարազատ հնչեն,
     Հիշեցնեն անցած օրերի սերը,
     Եվ քեզ քո սիրած տանջանքով տանջեն:
     Մարտի 2.

1891

***

Պատվեր
    

Վանա բանտի խորքից ելած հառաչանք,
     Ճիչ, աղաղակ բռնաբարված աղջկա,
     Թալանվածի լաց ու աղերս, աղաչանք
     Թե որ լսեք, ասացեք թե՝ բան չըկա:


     Ամբողջ տարին արյուն-քրտինք աշխատող
     Հայ գյուղացին թե որ լինի սովամեռ,
     Կամ հուսահատ տանից կորչի հողից հող,
     Գրեցեք թե՝ սաստիկ ցուրտ էր այս ձմեռ:


     Թե կրակված հայոց գյուղի բոցերում
     Վա՜յ կանչելով մարդիկ այրվեն կենդանի,
     Հավատացրեք — խաղաղություն է տիրում,
     Ժողովուրդը կյանքն օրհնում է սուլթանի:


     Բան է, թե որ (չի պատահիլ այդ իսկի)
     Նահատակված հային մի բան տանք, ասեն,
     Դուք հասկացրեք, իբրև ծանոթ այդ ազգի,
     Որ ժամը չէ, հայերը դեռ տըհաս են:


     Հայոց լեզուն Մեսրոպն իրան հետ տարավ,
     Իսկ կրոնը մի աղանդ է զենդական...
     Սպասեցեք, մինչև որ մեր սրտացավ
     Խնամքի տակ լուսավորվեն, առաջ գան:
     Մարտի 7.

1891

***


     Նվեր Ան.Աբ.-ին
    

Նորեկ գարունը լեռնական հային
     Տեսավ առապար օտար աշխարքում,
     Տեսավ մոլորված մտքով տխրագին,
     Եվ այսպես խոսաց թախծալի սրտում.


     «Հիշո՞ւմ ես, պանդուխտ, քո հայրենիքիդ
     Թանձր անտառը, ծառերը հսկա,
     Չքնաղ լեռները և ծաղկափթիթ
     Մարգագետինը, որ այստեղ չըկա.


     Գոչող ջրվեժը, որ ողողելով
     Իջնում է գլխից մռայլ ժայռերի,
     Զվարթ հավքերը, որ ճռվողելով,
     Մերթ խլացնում են աղմուկը ջրի:


     Երկրի վայրենի գեղեցկությունը
     Եվ գեղածիծաղ երկինքը անհուն,
     Նորա փառահեղ, պերճ հորիզոնը
     Վաղ առավոտյան, իրիկվան պահուն...


     Եվ այն բոլորը, որ թողել ես դու,
     Որ ա՛յնքան փարթամ, այնքան սիրուն են...
     Օ՛, մի՜ արտասվիր, խորտակված մարդու
     Արտասուքները այստեղ գին չունեն:


     Նրանք այս օտար ու սառն աշխարքում
     Կըկորչեն, ինչպես կաթիլը ջրի,
     Եվ քո թախիծը, դարձյալ քո սրտում,
     Մենակ քո անձը պիտի տոչորի»:
     Մարտի 24.

1891

***


     N. N. — ԻՆ
    

Կյանքի հոսանքն յար ընթացքում
     Մեզ մոտեցրեց միմյանց,
     Բայց զգացի ես իմ հոգում
     Հենց նույն ժամին մի կասկած:


     Նախազգացումն ինձ չըխաբեց.–
     Հայտնվեցար դու շուտով,
     Եվ մենք այժմ բաժանված ենք
     Ատելության անդնդով:


     Արդեն ծանըր ես տուժեցի
     Քեզ կանչելով «բարեկամ»,
     Էլ մի՜ ջանաք, փարիսեցի,
     Գրավել սերս մյուս անգամ:


     Մի՜ բարձրացնիր կենաց բաժակ,
     Ինձ մի՜ օրհնիր ժպտերես,
     Էլ չի՜ դարձնիլ ոչ մի մաղթանք
     Իմ հավատը դեպի քեզ:


     Քո պատկերը իմ սրտի մեջ,
     Նզովելի՛ հիշատակ,
     Ամեն անգամ զարթեցնում է
     Բուռն ցասումն և տանջանք:


     Գուցե տեսնես ինձ հալածված,
     Անցավակից և մենակ,
     Թափառելիս անտուն, անհաց...
     Սակայն, և այն ժամանակ,


     Անհնազանդ արտասուքս
     Կամ հառաչանք մի թեթև
     Եթե հանկարծ հայտնեն վիշտս
     Ակամայից քո առջև,


     Դու մի՜ կարծիր, թե քեզանից
     Կարեկցություն եմ խնդրում,
     Այլև իզուր մի՜ հարցնիր ինձ,
     Թե ինչ ցավ կա իմ սրտում. —


     Քո խոսքերն իմ տխրությանը
     Չեն լինելու մխիթար,
     Եվ իմ սրտի գաղտնարանը
     Միշտ փակված է քեզ համար:


     Երկինք, գետինք թող միանան,
     Կանգնի վկա տիեզերք —
     Տվողը հոգուս կարողության,
     էլ չեմ սիրիլ քեզ երբեք:
     Ապրիլի 10.

1891

***

ԴԵՐԱՍԱՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՀԸ
     «Մեռնել — քնել»
     Համլետ
    

Ոգևորողն ընկավ արդեն,
     Եվ լռեցին նորա հետ
     Սիրո տանջանք, զայրույթ ու քեն —
     Լիր, Օթելլո և Համլետ:


     Մեռավ — քնեց, հանգստացավ.
     Որպես աղմուկ կենդանության,
     Մեռելության միջից անցավ
     Եվ չքացավ հավիտյան:


     Էլ չի լսվիլ նորա ձայնը
     Իմաստներով ոգեշունչ,
     Հավերժացավ աստվածայինը,
     Մնաց դիակն անմռունչ:


     Եվ կըհանգչի լուռ և անշարժ
     Դերասանը քարի տակ,
     Բայց կպատմի քարն ապառաժ
     Մրրկալից հիշատակ:


     Եվ այցելուն պիտի կանգնե
     Շիրմի առջև փառագոչ,
     Սրտի խորքից բացականչե
     Ձայնով հպարտ ու դողդոջ —
     «Ոսկերացդ հանգիստ,
     Աննման արտիստ»:
     Հունիսի 7.

1891
     * * *
     Թե հոգնել ես հաղթահարված
     Կյանքի անվերջ հոգսերով,
     Թե տանջվում ես արհամարհված
     Բոցավառվող քո սիրով.


     Թե կյանքի մեջ մի չար դիպված,
     Մի ամոթ է քեզ ճնշում,
     Թե չարաչար հիսաթափված
     Կյանքն ատում ես և գարշում,


     Լավ իմացիր, ողջ անօգուտ
     Պիտի հուզեն միմիայն քեզ,
     Մի՜ սպառիր ուժը հոգուդ
     Մտածմունքով կարճատես.


     Հանգիստ եղիր, աղոթք արա,
     Անհիշաչար եղիր միշտ,
     Թող քո լացով չուրախանա
     Քո թշնամին ամբարիշտ:


     Կյանքի ցավը, բախտի խաղը,
     Ատելությունն անմըտի,
     Հավատացի՜ր, երբեք չարժեն
     Վրդովմունքին քո սրտի:


     Եվ այդ սիրտը քեզ չի տված
     Որ դու մաշես ամեն օր,
     Այնտեղ պիտի ապրի աստված,
     Ոչ թե ցավեր նորանոր:
     Հունիս.

1891

***

Սարերում
    

Մութը իջավ, գետինն առավ
     Քոշաքարա սարերում,
     Գագաթների տեսքը կորավ
     Ու խոր թաղվեց խավարում:


     Երկինքն ամպած, տխուր ու սև
     Լաց է լինում միալար,
     Հեռո՛ւ, հեռո՛ւ լերան ետև
     Խաղում փայլակն անդադար:


     Ահա փայլեց և մոտիկից,
     Լուսափայլեց սար ու ձոր.
     Ոլորվելով սարի տակից
     Գետը վազում է պըղտոր:


     Մենակ, անքուն հովիվն ահա
     Կանգնած իրեն արխաջում,
     Արթուն աչքով հըսկում է նա,
     Գողից երկյուղ է քաշում:


     Փայլակն ահա փայլեց կըրկին,
     Նըրա կարմիր լուսի տակ,
     Բինից հեռու, երևացին
     Երկու մարդու կերպարանք...


     Ամպը գոռաց ու տըրաքեց,
     Եվ անձրևը սաստկացավ,
     Հովիվն «հե՛յ հե՛յ...» աղաղակեց,
     Շունը թևից վեր կացավ...


     Հրացանները որոտացին,
     Ոչխարն եղավ ցանուցիր,
     Հավարն ընկավ, ողջ զարթնեցին...
     Գիշերը մո՛ւթն, ակնակիր...
     Ապրիլի 15,

1891

***

Խոստովանություն
    

Քո աչքերում, որ փայլում է,
     Հոգուս հուրն է մշտավառ,
     Իսկ ժպիտդ, որ բացվում է, —
     Սրտիս բերկրանքն անսպառ:


     Երբ որ հանգչի հուրն աչքերիդ
     Եվ շըրթունքըդ կարկամի,
     Կըմեռանի նաև գերիդ...
     Եվ մեզ մի մահ կըտանի:
     Նոյեմբերի 9.

1891

***

ՈԻրու


     Դո՞ւ ես, իմ սիրո՜ւն.
     Այն չըքնաղ ուրուն,
     Որ զըրկում է ինձ
     Գիշերը քընից:


     Դո՞ւ ես գըրկաբաց
     Հայտնըվում հանկարծ,
     Ուզում ես գըրկել,
     Ու հանկարծ, մեկ էլ


     Խավարի միջում
     Սահում ես, կորչում...
     Դո՞ւ ես ծիծաղով
     Կամ ծանոթ ձայնով


     Մեր սիրած երգի՝
     Իմ լուռ սենյակի
     Մոտից հեռանում
     Գիշերվա մըթնում...


     Ասա՜, իմ սիրո՜ւն,
     Դո՞ւ ես այն ուրուն,
     Որ զըրկում է ինձ
     Գիշերը քընից...

1891


     * * *
     Սիրելի՜ աչեր.
     Որպես մութ գիշեր
     Վառված աստղերով,
     Անմեկին ահով
     Ցնցում եք հոգիս,
     Եվ, մերթ նայելիս,
     Անդիմադրելի
     Հրապուրանքով լի
     Սիրտս եք թափանցում,
     Բայց դուք չեք խոցում,
     Այլ մեղմ, անվրդով,
     Լուռ այրվող խանդով
     Գրկում եք ամուր
     Սիրտս անձնատուր
     Եվ ճմլում այնքա՛ն
     Քաղցը՛ր, դյուրեկան...
     Օ՛, ոչ թե պաչել,
     Այլ ապշած պաշտել
     Ձեզ միայն կուզեի,
     Սիրատենչ սրտի
     Ջերմ խոսակիցներ, —
     Սևորա՛կ աչեր:

1891


     * * *
     Հուսահատությունը տիրել է կյանքին.
     Մարդիկ տխրությամբ տանջվում են ահա,
     Իսկ ոգևորողն այս ծանր ժամին
     Լսել է արդեն, և հիվանդ է նա:


     Անզգա մարդիկ, ձեր կրծքից այդպես
     Ոգևորությունը շո՞ւտ է հեռանում.
     Ինչո՞ւ չեք հիշում այն մարդուն, որ ձեզ
     Ձեր տղմոտ կյանքից երկինք էր տանում.
     Քարասիրտ մարդիկ, այսօրվան համար
     Էլ ձեր աչքերում արցունքներ չըկա՞ն,
     Մի՞թե բոլորը քամել են իսպառ
     «Անբախտ Համլետը», «Խելագար արքան» ...
     Այն արտասո՞ւքը, սե՞րը, հրճվա՞նքը...
     Մի՞թե ձեր սրտում բոլորը մեռան,
     Մի՞թե չեք սիրում բեմի պարծանքը,
     Օ՛, նա հիվանդ է, հիշեցեք նրան:

1891

***
     Խեղճ Ադամյան
    

Ճանաչում էի ես նրան, ընկեր. —
     Չափազանց ճարտար, հանճարեղ մարդ էր:
     Այս շրթունքները պատմում էին ինձ
     Լիր թագավորի, Համլետի սրտից,
     Այս աչքերն ուժեղ հրով ցոլանում —
     Ծիծաղում էին, տխրում, բարկանում...
     1891

***
    
    

Երբ գիշերային
     Մութ հորիզոնից
     Արև կամ լուսին
     Երևում են ինձ,
     Իմ տխուր հոգում
     Ծագում է ոսկի
     Ճաճանչը հուսո
     Հարատև կյանքի,
     Եվ մտածում եմ. —
     Աշխարքը դեռ կա,
     Դեռ օր կըտեսնեմ...
     Եվ նշանն ահա:
     Հրճվում է հոգիս,
     Երգում եմ զվարթ,
     Եվ ժպտում են ինձ
     Թե՜ աստված, թե՜ մարդ:


     Աստծո տաճարում
     Մոմը սեղանից
     Խնդաբույր ծխում,
     Վառվում է հանգիստ.
     Իմ մռայլ հոգում
     Առաքինության,
     Ճշմարիտ կյանքի
     Հավիտենական
     Լույսը ցոլանում,
     Վառվում է նույնպես.
     Սըտով մեղմանում,
     Աղոթում եմ ես:
    
     Կույսի աչքերին
     Նայում եմ ագահ.
     Թնդում է հոգիս,
     Դողում ակամա,
     Եվ կենդանության
     Ախտերը եռում,
     Ախորժ այրվում են
     Իմ երակներում.
     Սիրտս անհանգիստ
     Պայթում է կարծես,
     Զգում եմ ցավ, վիշտ...
     Եվ տանջվում եմ ես.
     Բայց այն տանջանքը
     Քաղցր է ինձ համար,
     Քան երկար կյանքը,
     Աղոթք փրկարար:
     Հունվարի 9.

1892

***
     Ռոմանս
    

Երկու աչքով լալիս էր նա.
     Վճիտ կաթիլքն արտոսրի
     Թափվում էին կրծքի վրա
     Սեվ աչքերից այն կուսի:


     Նուրբ շրթունքը այրվում էին
     Մատաղ սրտի կրակից,
     Եվ համարձակ իմ առաջին
     Լալով պատմում էր նա ինձ:


     Ես ակնապիշ լսում էի
     Այն պատկերով հիացած,
     Եվ հիշում եմ միմիայն վերջի
     Նրա խոսքերն, որ ասաց՝


     «...Ա՛խ, չարտասվել ես չեմ կարող
     Ծանր է ապրել սիրազուրկ...»,
     Եվ բարձրաձայն հեկեկալով
     Դարձյալ թափեց արտասուք:
     Հունվարի 13.

1892

***
     Քրիստոսն անապատում
    

Անապատի մեջ խավար ու տխուր,
     Ցրված քարերից մի քարի վըրա,
     Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
     Աշխարհի մասին մըտածում էր նա:


     Նրա ճակատը մութն էր ավելի,
     Քան անապատը գիշերվա մթնում,
     Մտածում էր նա՝ սեր — լույս ծավալի
     Մարդկային կյանքի մութ անապատում:


     Աչքի առաջև անց էին կենում
     Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
     Անճար ու տըկար լաց էին լինում
     Աղքատը, այրին ու որբը անտեր...


     Եվ անապատում, մի քարի վըրա
     Միայնակ նըստած մըտածում էր նա...
     Հունվարի 18.

1892

***
     Երազ
    

Գիշերն երազում հալածում էին.
     Փախչում էի չար թշնամիներից.
     Նրանք խառնաձայն հետևում էին...
     Դողում էին սիրտս ու ծնկներս ահից:


     Իմ առջև տեսա ընդարձակ դղյակ
     Բարձըր պատերով փոքրիկ ծմակում.
     Ես այնտեղ մտա... անմարդ ու դատարկ
     Այն ավերակը ինձ հույս էր ազդում...


     Զգույշ կուչ եկած, շունչս պահելով
     Ես դողում էի մահվան սարսափից,
     Եվ, զարհուրելի աղաղակներով,
     Չարագործները մոտիկ էին ինձ:


     Հանկարծ դղյակի իմ շուրջ տարածված
     Գերեզմաններից ձայներ դուրս եկան,
     Իմ հոգուն ծանոթ ձայներ մոռացված...
     Եվ ես զորություն առա գերբնական:


     Անարգ թաքստից դուրս թռա իսկույն
     Որպես վրդոված վագրը դարանից,
     Եվ հարձակվեցի ընդդեմ թշնամուն, —
     Զենքերի բախում... զարթեցա քնից:
     Հունվարի 20.

1892

***

Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ
     Բնության գործը գիշերվա մթնում,
     Միայն առավոտ, երբ որ լուսացավ,
     Փայլում էր ցողը կանաչ դաշտերում:


     Լուռ էր պոետը, թախիծը դեմքին,
     Ի՜նչ էր մտածում՝ մարդիկ չիմացան.
     Սակայն տողերում, երբ որ կարդացին,
     Զգայուն սրտի արցունքը տեսան:
     1892

***

Առավոտ
    

Նվեր մեր նոր երիտասարդությանը

Սրտամաշ տաղտուկ ծանըր գիշերի...
     Ահռելի սարսափ գիշակերների...
     Թառանչում էի և լալահառաչ
     Միմիայն արևի լույս էի խնդրում,
     Երբ որ շողացին մի քանի ճաճանչ
     Մութ հորիզոնի մռայլ ամպերում:


     Առավոտն ահա՜, բացականչեցի,
     Եվ թնդաց հոգիս, թեթև շնչեցի...
     Ցանկալի կյանքի նշան ակներև. —
     Պատառվեց ահա թանձր խավարը,
     Օրը բացվում է և գլխիս վերև
     Շառագունել է երկնակամարը...
     Մարտի 12.

1892

***

Իմ սերը
    

Ես սիրել եմ վարդը տըժգույն
     Սիրուց տանջված այտերի,
     Մելամաղձոտ խաղաղություն
     Զույգ սևորակ աչքերի:


     Ես պահել եմ սրտիս խորքում
     Մի լուռ գաղտնիք սիրային,
     Եվ այն երբե՛ք, ոչ մի երգում
     Հայտնելու չեմ աշխարհին:


     Բայց և պահել անկարող եմ,
     0՛, դըժվար է համբերել,
     Չասել՝ ինչով բախտավոր եմ,
     Չասել՝ ինչպե՛ս եմ սիրել:
     Մարտի 18.

1892

***
     Հիշի˜ր ...
    

Յուր չար բախտի ճանկում բռնված
     Նա քեզանից հեռու մնաց. —
     Սիրեց քեզ հեռվից
     Զրկված քո բույրից,
     Եվ տանջվեց թաքուն
     Գիշերը անքուն:


     Նրա սերը մընաց անհաս,
     Բայց անունը չըմոռանաս, —
     Պահի՜ր քո մըտքում,
     Հիշի՜ր աղոթքում.
     Եվ քո սրտում նա
     Թող անմահանա:
     Մարտի 20.

1892
     * * *

Ինձ մի՜ խընդրիր, ես չեմ երգի
     Իմ տխրությունն ահագին,
     Աղեկըտուր նըրա ձայնից
     Կըխորտակվի քո հոգին...
     Ոչ, քեզ համար այսպիսի երգ
     Երգելու չեմ ես երբեք:


     Ես երգեցի սարի վըրա,
     Ու չորացան խոտ ու վարդ.
     Անապատ է այնտեղ հիմա,
     Սև՛, ամայի անապատ...
     Հառաչանքից այրված սարում
     Էլ ծաղիկ չի դալարում:


     Բույր ու զեփյուռ ես կուզեի
     Եվ արշալույս ոսկեվառ,
     Որ մի պայծառ երգ հյուսեի
     Ու երգեի քեզ համար...
     Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
     Հուր հառաչանք, սև գիշեր:
     Մարտ.

1892

***
    
     ԿԱՍԿԱԾ
    

Ո՞վ ես, չար ոգի, դո՜ւ, որ իմ սրտում
     Այսպիսի անխիղճ խոսքեր ես կարդում.
     «Խղճալի՛, նույնիսկ այն շըրթունքները,
     Որ համբուրում ես կախարդված մտքով,
     Գաղտնի ծաղրում են քո անբիծ սերը,
     Որ փայփայում ես այդքան խնամքով...»:
     Ապրիլի 13.

1892

Պոետին
    

Մեր ուշքն ինչո՞ւ ես կախարդում
     Սիրո անհոգ երգերով,
     Մեր աչքն ինչո՞ւ ես դու խաբում
     Ցնորական պատկերով:


     Այս օրերում հարկավոր չեն
     Զբոսանքներ հոգեկան,
     Նայի՜ր կյանքին, մեզ կանչում են
     Մեր եղբայրներն օգնության:


     Իսկ դու, անփույթ մեր տանջանքին,
     Հարվածներին մեր բախտի,
     Արբեցնում ես արթուն հոգին
     Քաղցըր թույնով հեշտախտի:


     Քո սիրային երգերի հետ,
     Նայի՜ր, սուգ ենք մենք անում.
     Բավակա՜ն է, կանգնի՜ր, պոետ,
     Կյանքի կռվի սահմանում:


     Եվ տարածիր աջըդ անզենք
     Ընդդեմ չարին մահաբեր,
     Մենք էլ այնժամ քեզ հետ կասենք
     «Մնաք բարյավ, կույս և սեր»:

1893


     * * *
     Ես վիշտ ունեմ՝ բերած երկրից հայրենի,
     Նրանով են իմ երգերը կենդանի,
     Նրանով է իմ քնարը պարծենում,
     Նրանով եմ ես թև առնում, բարձրանում...
     Եվ չեք կարող դուք հասկանալ բնավին —
     Ինչ սիրով եմ ես հանդիպում այն ցավին:


     Եվ ձեր ուրախ խնջույքների ժամանակ
     Ձեռքիս բռնած կենաց գինով լի բաժակ
     Ես լալիս եմ, թեև դուք չեք նկատում,
     Իմ արցունքը սրտիս միջին է կաթում,
     Իսկ իմ երգը... դուք չե՞ք լսում, թե ինչպես,
     «Իմ հայրենի՛ք, իմ հայրենի՛ք» հառաչում է աղեկեզ:

1894

***

Նոր տարի
    

Դու էլ արի,
     Նորեկ տարի,
     Գըլխիս վերից
     Անցիր — գընա,
     Ինչպես մի օր
     Թեթևասահ,
     Որ արևի
     Վառ ժըպիտով.
     Հողմ ու շանթի
     Սառն աղմուկով
     Անց է կենում
     Ծաղկի վերից.
     Իսկ նա հովտում,
     Իր հուսալից
     Աչքը վերև,
     Փոքրիկ, չընչին,
     Ցնծում է կամ
     Մոտ է վերջին...
     Ես էլ էնպես.
     Նորեկ տարի,
     Մի խոտ, մի բույս
     Ո՜չ ավելի:
     Մի երկիր է
     Տվել մեզ կյանք,
     Մի երկինք է
     Պահել իր տակ.
     Եվ գեղեցիկ,
     Փարթամ, հըպարտ
     Մի խոտ, ծաղիկ,
     Կամ թե մի մարդ...
     Մենակ իրար
     Չենք հասկանում,
     Բայց ապրում ենք
     Մի սահմանում,
     Մի ճամփով էլ
     Պիտի գընանք,
     Կըրկին ձուլվենք
     Մի հող դառնանք,
     Անհետ, անտես
     Կորչենք, ինչպես
     Ջոկ հընչյուններ
     Մի մեծ երգի, –
     Լոկ հյուլեներ
     Տիեզերքի:

1894

***
     Ես ասացի...

Ես ասացի. — դու ծաղկում ես,
     Որպես շըքեղ մի գարուն,
     Եվ բոլո՛րը, ինչ որ ունես,
     Կյանք է թովիչ ու սիրուն...
     Միայն, ափսո՜ս, սիրտդ է մեռած,
     Մենակ նա է չոր քեզնում...
     Նա հառաչեց և ինձ ասաց.
     — Մենակ սիրտս չես տեսնում:
     Նոյեմբերի 5.

1894

***


     Մի հառաչանք
    

Այվազովսկու «Սև ծովի ափերը»
     նկարի առջև

Ես տեսա հսկա
     Տաղանդի մի գործ՝
     Անհաշտ Պոնտոսի
     Ափերն ալեկոծ.
     Տեսա ծովափնյա
     Ժայռերը մեծ-մեծ,
     Տեսա, հիացա,
     Եվ սիրտս բացվեց.
     Եվ նըրա միջից,
     Որպես վանդակից
     Արծիվը գերի,
     Մի կարոտալի
     Հառաչանք թռավ,
     Ծուխ դարձավ, կորավ
     Դեպի ժայռերը
     Իմ հայրենիքի,
     Դեպի վայրերը
     Իմ անցած կյանքի:

1893


     * * *

Եթե մի օր, անո՜ւշ ընկեր,
     Գաս այցելու իմ շիրմին,
     Ու նորաբույս վառ ծաղիկներ
     Տեսնես փըռված չորս կողմին,


     Դու չը կարծես թե հասարակ
     Ծաղիկներ են ոտքիդ տակ,
     Կամ թե գարունն է այն բերել,
     Իմ նոր տունը զարդարել:


     Նրանք չերգած իմ երգերն են,
     Որ սրտումըս ես տարա,
     Նըրանք սիրո այն խոսքերն են,
     Որ դեռ չասած ես մեռա:


     Նրանք իմ ջերմ համբույրներն են,
     Այն աշխարքից ուղարկված,
     Որի ճամփեն քո առաջև
     Գերեզմանով է փակված...

1894

***


     Երկու սև ամպ
    

Վաղուց թողած բարձր ու կանաչ
     Գահը իրենց հանգըստության,
     Երկու սև ամպ, հողմի առաջ,
     Գընում էին հալածական:


     Հողմը սակայն չար հոսանքով
     Բաժնել, ջոկել չէր կարենում,
     Ինչքան նըրանց լայն երկնքով
     Դես ու դեն էր քըշում, տանում:


     Ու անդադար գընում էին
     Քըշված հողմի կատաղությամբ,
     Իրար կըպած ու միասին,
     Երկու սև ամպ, երկու սև ամպ...

1894

***


     Ժպտուն աչքեր
    

Դու մի՜ հավատա ժըպտուն աչքերին.
     Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
     Բուսած կորըստյան անդունդի ծայրին,
     Միամիտ մարդկանց քարշելու համար:


     Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝
     Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
     Ու որքա՛ն տանջվեց, տառապեց խաբված,
     Եվ որքա՛ն սըրտում գանգատներ ունի...


     Դու շատ մի՜ խաբվիր ժըպտուն աչքերից.
     Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
     Ծըլում են սըրտի ավերակներից,
     Տըխուր հատակը ծածկելու համար:


     Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
     Որ սրտում այնքան գանգատներ ունի,
     Բայց հաճախ այնպես ժըպտում է զըվարթ,
     Ասես թե քեզնից բախտավոր լինի:

1894

***

Բայրընին
    

Ի՛նչ մեծ հանճարով, ո՜վ հսկա պոետ,
     Ազատությունը կաշկանդող շըղթան
     Հաշտեցրել ես դու ազատ մարդու հետ
     Եվ քաղցրացրել ես վիշտը գերության:


     Ի՛նչպես դարձրել ես բանտը հայրենիք
     Եվ ողջ աշխարհը լայնարձակ մի բանտ...


     Ահա տանջանքի աշխարքում բընիկ
     Մեծարում են քեզ որդիքը հիվանդ,
     Եվ արտասվում են քո անմահ երգում,
     Թե ոնց է մարդու հոգին խորտակվում:
     1895

***

Հարություն
    

Քրիստոս հարյավ... երկինք գնաց,
     Երկրում թողեց պատվերներ.
     Բայց պատվերը գրքում մնաց
     Եվ աշխարհքը հեծում է դեռ:


     Դեռ կուրացած ժանգ արծաթից
     Մատնություններ են անում,
     Եվ փախչելով արդար դատից
     Միշտ ձեռքերն են լվանում:


     Ապտակում են դեռ ծաղրելով
     Անմեղության ճակատին,
     Եվ հարության օր տոնելով
     Խաչ են հանում ճշմարտին:


     Ո՛հ, կարճամիտ անզգամներ,
     Դրանք այսօր կըմեռնեն,
     Բայց վաղը ձեր փոշու վրա
     Նոր փառքերով կըհառնեն:


     Գիշերային լռության մեջ
     Ծանըր տնքոց է լսվում,
     Եվ աղաչանք, և լաց անվերջ,
     Եվ... ողջ լեզվով չի ասվում:


     Էն ճամփորդն է, ճամփի տակին
     Չարչարվում է կիսամահ,
     Էն ծնողն է իր զավակին
     Ողբում, կանչում... և չըկա...


     Կույս աղջիկն է լըլկանքի մեջ,
     Ալևորը խոր բանտում...
     Էն կտրիճն է հայրենատենչ
     Խիզախ հոգին ավանդում...


     Եվ կյանքն այնտեղ ծանր ու խավար
     Մի գիշեր է ահավոր...
     Եվ ո՜վ գիտէ, որի՞ համար
     Կըլուսանա բարի օր:
     1896

***

Գաղթականի երգը
    

Կըռունկն երկընքում ճամփա կըհանի,
     Կը՛ռ, կը՛ռ, ձեն կուտա էն խավար ամպում.
     Ղարիբ մոլորել՝ չի՜տե ինչ անի
     Անգութ աշխարհքում, անծանոթ ճամփում:
     Ա՛խ, էս սև ճամփեն, էս դըժար ճամփեն
     Արդյոք ո՞ւր կերթա, արդյոք շա՞տ մընաց,
     Ո՞րտեղ կըհատնի էս օրը արդյոք,
     Ո՞րտեղ կըհանգչեն ոտներըս հոգնած:
     Է՛յ, բարով գնաս, սիրելի թըռչուն.
     Գարուն կըբացվի, ետ կուգաս կըրկին,
     Ձագով-ընկերով կագաս դեպի տուն՝
     Քո բունը հերվան, չինարու գըլխին...
     Ա՛խ, ես բընավեր, ընկած սարե-սար,
     Ու քաշ եմ գալի, ու քաշ եմ գալի,
     Անքուն ջրի պես դիպչում քարեքար.
     Անշունչ քարին էլ երնեկ եմ տալի:
     Ամեն քար, աստվա՛ծ, իր տեղն է անժաժ,
     Հենց ես եմ մենակ տեղից գըլորվել.
     Ամեն հավք, անգո՛ւթ, իր բունը ունի,
     Հենց ես եմ ղարիբ ճամփում մոլորվել...
     Ա՛խ, էս սև ճամփեն, էս դըժար ճամփեն
     Արդյոք ո՞ւր կերթա, արդյոք շա՞տ մընաց.
     Ո՞րտեղ կը հատնի էս օրը արդյոք,
     Ո՞րտեղ կը հանգչեն ոտներըս հոգնած...

1896

***

Անդարձ ճամփորդներ
    

Իմ անցած կյանքն ու հին տարին,
     Երկու անզոր ծերի նըման,
     Զըրույց տալով գընում էին
     Դեպի աշխարհն հավերժական:


     Մինն ասում էր. — Ես ունեի
     Թարմ ու բուրյան ծաղիկներ,
     Ու բոլորը մարդկանց տրվի
     Գարնան գըրկովն առատաբեր:


     Մյուսն ասում էր. — Ես ունեի
     Շատ ըզգացմունք ու կորով,
     Ու ողջ ես էլ նըրանց տըվի
     Սիրանըվեր երգերով:


     Մինն ասում էր. — Ես թողեցի
     Ձըմե՜ռ ու սև՜ էն հովտում:
     Մյուսն ասում էր. — Ես թախծալի
     Մի սիրտ բեկված ու տըրտում:


     Մինը ասավ. — Բայց կըծաղկի
     Էն հովիտը նորից նոր:
     Մյուսը էստեղ ոչինչ չասավ,
     Ու գնում էր գլխակոր...


     Էսպես իմ կյանքն ու հին տարին,
     Երկու անզոր ծերի նըման,
     Զրրույց տալով գընում էին
     Դեպի աշխարհն հավերժական:

1896

***

Տպավորություններ
    

Հա՜, կյանքում ես միշտ այսպես եմ եղել —
     Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
     Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
     Եվ սրտիս խորքից հառաչեւ եմ «ա՛խ»:


     Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին —
     Մերթ մութ ամպամած, մերթ մեղմ ու պայծառ,
     Եվ տարերքների ուժով ահագին
     Շափառուկները ճընշում են իրար:


     Իմ հոգին էլ այն երկնքի նման,
     Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
     Ձեզ անհայտ, գաղտնի — տեսնում է շատ բան
     Ե՜վ մոտ, և՜ հեռու, և՜ փայլուն, և՜ սև...


     Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
     Ամենայն կողմից ցոլանում, հոսում,
     Լցվում են նրանք իմ անտակ հոգին
     Եվ ալեկոծում, չարչարում, հուզում:


     Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
     Որ թաքնված են լռության ետև,
     Հազար ականջով ձայներ եմ լսում,
     Որ դեռ սրտերում շշուկ են թեթև:


     Եվ ամեն կողմից ձայնե՛ր ու ձայնե՛ր,
     Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ...
     Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
     Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ:


     Լրբենի մի ձայն, — և ինչպես մրրիկ
     Վազում է արյունս իմ երակներում,
     Պայթում է սիրտս, և օձի նման
     Բարձրանում եմ ես, թշշում, գալարվում:


     Մի ձայն էլ ահա, — տկա՛ր, խղճա՛լի...
     Եվ ես փոխվում եմ նորից ու նորից.
     Ա՛հ, աստվա՛ծ, աստվա՛ծ, իմ փոթորկալի
     Հոգին տանջվում է այսքան ձայներից:
     Դեկտեմբերի 14

1897

***

Երկար գիշերներ
    

Տանջվում եմ անբան գիշերն անկողնում,
     Տանջվում հուսահատ, վաստակած, տըկար,
     Ու մըտքերն հոգիս հանգիստ չեն թողնում,
     Ու գիշերը մո՛ւթ, գիշերը երկար:


     Ա՛խ, մի ժամանակ, և դեռ նոր էր այն,
     Մայրական գիրկ էր աշխարքն ինձ համար,
     Հըրճվանքը սըրտիս չէր թըվում ունայն,
     Ոչ գիշերն այսպես տաղտկալի, երկար:


     Էհ, անցա՛վ, գընա՛ց. և՜ ցընորք, ե՜ սեր,
     Ե՜վ ույժ, և՜ եռանդ — կորավ՝ ինչ որ կար,
     Եկան սև օրեր ու ծանըր հոգսեր
     Ու դարձրին այսպես գիշերը երկար:


     Տանջվում եմ անքուն այժըմ անկողնում,
     Եվ հուսակըտուր, հոգնած, ուժասպառ
     Նայում եմ, նայո՛ւմ, դեռ չի լուսանում.
     Ա՛խ, այս գիշերներն ինչքա՛ն են երկար:
     1898

***


     Տրտմության սաղմոսներից
     Ա
    

Տե՛ր, մինչև ե՞րբ մեր աչքերը քեզ մընան.
     Մեր գույժն հասավ, հեռո՛ւ-հեռու ազգերին,
     Աշխարհ լըցվեց մեր աղաղակ, մեր կական,
     Ու չի անցել մեր տանջանքը տակավին:


     Ինչո՞ւ, աստվա՜ծ. որբե՞րն արդյոք հայրական
     Գութըդ կօրհնեն կոտորածի էս ձորում,
     Թե՞ տարագիր պանդուխտները կըպատմեն
     Ողորմությունդ օտար-օտար ափերում:


     Մի՞թե, աստվա՜ծ, դեռ բավական չըտեսար
     Էսքան ավեր, վիշտ ու ցավեր, հեծություն,
     Մի՞թե, աստվա՜ծ, հաճելի չեն քեզ համար
     Աղոթք ու սեր, կյանք ու տաղեր զըվարթուն:


     ՏՐՏՄՈԻԹՅԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐԻՑ
     Բ
    

Աստվա՜ծ, ինչպես ծուխ օրերըս անցան,
     Ոսկերքըս, ինչպես խըռիվ, չորացան,
     Սիրտըս ցամաքեց, ընկա խոտի պես,
     Ճամփես մոռացա ահագին վըշտես:


     Հացըս նախատինքն եղավ օտարի,
     Հանգիստըս ճամփում հալածանքների,
     Լըսեցի ցերեկն աղաղակ ու բոթ,
     Գիշերը լացի մինչև առավոտ:


     Տըքնեցի, ինչպես բու ավերակում,
     Ինչպես միայնակ ճնճղուկ՝ տանիքում...
     Աստվա՜ծ, տանջանքից ուժերըս հատան,
     Մի՞թե չըհասավ ժամը փըրկության:

1898

***


     Տխուր գիշեր


     Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր.
     Վիշտս ու ես ենք արթան մենակ
     Եվ ուզում ենք մի լավ հիշել,
     Թե որտեղից իրար գըտանք:


     — Ասա՜, իմ վի՜շտ, իմ սև թախիծ,
     Ա՜յ անբաժան կյանքիս ընկեր,
     Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից,
     Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել...


     Ու գալի՜ս են սև-սև հուշեր...
     Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր...

1898

***

Գարնան հիշողություն
    

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
     Այն ճյուղալի ծառի տակին,
     Երբ գնացինք դիմավորել
     Նոր գարունքին ու նոր կյանքին:


     Այն լավ օրից տարիք անցած,
     Ես այն ճամփով անցնում էի,
     Եվ ականջիս դիպավ հանկարծ
     Մեր աղմուկը ուրախալի...


     Պարզ ու որոշ ես լըսեցի
     Այն կենդանի ձայներն, ընկեր.
     Շըրըխկոցը բաժակների,
     Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...


     Ու սրտաթունդ վեր նայեցի.
     Բայց կարոտած աչքիս առաջ
     Դաշտում դալար ու ամայի
     Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ:


     Լուռ ու դատարկ մարգի վրա
     Մենակ կանգնած մընում էր նա,
     Նա էլ, կարծես, բան էր հիշում
     Եվ տխրալի ձայնով շըրշում...


     Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
     Այն ճյուղալի ծառի տակին...
     Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել,
     Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին:

1898

***

Կորած ցնորքներ
    

Հեծում է մրրիկն իմ դալար հովտում,
     Թոշնել են, թոռմել ծաղկունքն իմ սիրած,
     Ձըմեռ է այնտեղ, ձմեռ՝ իմ սըրտում,
     Ու լալիս եմ ես ծաղկունքըս կորած:


     Ես ձեզ եմ լալիս, հոգուս ծաղիկներ,
     Է՛յ իմ վաղուցվան սիրուն ցընորքներ,
     Եկե՛ք, ետ եկեք, մի անգամ կըրկին
     Կյանքով, բուրմունքով լըցրեք իմ հոգին:


     Բերե՜ք առաջվան աշխարքն ինձ համար —
     Արևի շողեր, գարունքվա դալար,
     Ջըրերի կարկաչ, հավքերի երամ, —
     Իմ հույսերն անհուն, իմ սերն անթառամ
     Եվ իմ սիրուհին, որ միայն դուք գիտեք,
     Եկե՛ք, ե՜տ եկեք:


     Շընչում է մըրրիկն իմ անուշ հովտում.
     Թոշնել են վաղուց ծաղկունքն իմ սիրած.
     Ձըմեռ է այնտեղ, ձըմեռ՝ իմ սըրտում,
     Ծաղիկ ու ցընորք — բոլորը կորած...
     1900


    

Ի՛նչպես սրտալի, ի՛նչպես կաթոգին
     Սիրեցի նորա հասակը նոճի,
     Հայացքը հպարտ, շրթունքը նըրբին...
     Ի՛նչպես սիրեցի, ո՛րքան տանջվեցի:


     Բայց, ա՛խ, դավեցին շուրթերն իմ սիրած,
     Ժպտացին աչքերն այնպե՛ս նենգավոր...
     Եվ գեղն երկնային արդեն վաճառված,
     Եվ եղծված, պղծված թովչանքը բոլոր:


     Ա՛խ, ինչո՞ւ, ինչո՞ւ անշունչ, կենսազուրկ,
     Շուրթերը կարկամ, աչքերը անթարթ
     Մի անդրի չէր նա, քարեղեն մի կուռք,
     Անվերջ գեղեցիկ, հավիտյան հպարտ...
     Օգոստոս
     Շուլավեր.

1900

***

Ինչո՞ւ այդպես
    

— Ինչո՞ւ այդպես ինձ մոռացար
     Ասավ աղջիկն ինձ մի օր:
     — Ինչո՞ւ այդպես մեզ մոռացար,
     Գանգատվեցին սար ու ձոր:


     — Ո՛հ, մի՜ հարցնեք, հին ընկերնե՜ր,
     Ինչու էլ չեմ երգում ձեզ.
     Շատ եմ փոխվել այն օրից վեր,
     Այնպես մի ցա՛վ ունեմ ես...


     — Ի՞նչ է ցավըդ, մի ճար անենք,
     Ասավ աղջիկն անձնըվեր.
     — Ի՞նչ է ցավըդ, տո՜ւր մենք տանենք,
     Ասին սարերն ու ձորեր:


     Ո՛հ, չէ, սիրո՜ւն, էլ ոչ մի սեր
     Ճար չի անի իմ սըրտին,
     Դուք էլ, անուշ սար ու ձորեր,
     Չեք դիմանա էս դարդին:


     Ա՛խ, իմ դարդը... Բայց ո՞նց անեմ,
     Որ իմ դարդը իմանաք.
     Սիրտըս խորն է, թե բաց անեմ,
     Սիրտըս խորն է, լեզուս՝ փակ...
     1900

***

Դարամիջի ժամին
     XIX–XX
    

Ինչպես երկու ահեղ սարեր`
     Պատմում են մեզ երկու դարեր —
     Մեկի ետև հեքիաթ հին–հին,
     Մյուսի ետև լուռ ու մըթին,
     Եվ մենք նրանց նեղ արանքում
     Լաց ենք լինում, սիրում, խընդում...
     Ավա՛ղ, կանցնեն սեր, խինդ ու լաց,
     Եվ խղճալի աճյուն կտրած,
     Մեզ կըփակեն երկու դարեր,
     Ինչպես երկու ահեղ սարեր:
     Հունվարի 1

1901

***

Աստծո սպառնալիքը
    

Այժըմ ես կըգամ, ասում է աստված,
     Օգնել աղքատին իր ծանըր կըռվում.
     Չեմ թողնի նրան հավիտյան լըքված,
     Նա ինձ ապավեն կանչեց նեղ օրում:


     Վա՜յ ձեզ, հըզորներ, որ իր խըրճիթում
     Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
     Ու վես, անպատիժ՝ ասիք ձեր սըրտում–
     Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին:


     Մի՞թե կարծում եք՝ չէր տեսնում, լըսում,
     Նա, որ ստեղծեց և՜ աչք, և՜ ականջ.
     Մի՞թե կարծում եք՝ ուժն էր պակասում,
     Եթե համբերեց դատելուց առաջ:


     Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վրա —
     Հըսկել եմ անքուն ես ձեր գործերին,
     Էլ չեմ դանդաղի — գալիս եմ ահա,
     Ե՛ս, տեր զորությանց — և հուրն իմ ձեռին:


     Ես հուր եմ ձըգում ճընշվածի հոգին–
     Նրա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
     Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
     Նրա թիկունքին՝ գալիս եմ ձեր դեմ:
     1902

***

Դու քո ճամփեն
    

Դու քո ճամփեն գնա, քույրի՜կ,
     Եվ թող լինի նա պայծառ:
     Ինձ մի՜ ժըպտա, ինձ մի՜ սիրիր,
     Ես ընկեր չեմ քեզ համար:


     Ելած կյանքի ամեն ճամփից,
     Կարոտներով անմեկին,
     Ագահ, անվերջ ու անհանգիստ
     Թափառում է իմ հոգին:


     Մի ձեռք չըկա, մի գիրկ չըկա՝
     Պահի նըրան իրեն մեջ,
     Խենթ, խելագար գընում է նա
     Ձըգտումներովն իր անվերջ:


     Եվ ո՛վ գիտի՝ դեռևս անմեղ
     Քանի հոգի կը տանջի,
     Եվ ո՛վ գիտի՝ ինչ մութ, ահեղ
     Անապատում կըհանգչի...


     Դու քո ճամփեն գընա, քույրի՜կ,
     Եվ երբ լինենք մենք հեռու,
     Աղոթք արա, որ մյուս անգամ
     Չը հանդիպենք իրարու:

1902

***

Ա՛խ, ի՛նչ լավ են սարի վըրա
     Անցնում օրերն, անո՛ւշ, անո՛ւշ,
     Անըրջայի՛ն, թեթևասա՛հ
     Ամպ ու հովերն անո՛ւշ, անո՛ւշ:


     Ահա բացվեց թարմ առավոտ
     Վարդ է թափում սարին-քարին,
     Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
     Շընչում բուրմունք եդեմային:


     Ա՛խ, ի՛նչ հեշտ են սարի վըրա
     Սահում ժամերն անո՛ւշ, անո՛ւշ,
     Շըվին փըչեց հովիվն ահա —
     Աղջիկն ու սերն անո՛ւշ, անո՛ւշ:

1902

***

Ընկերիս
    

Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի,
     Վառ երազների մըտերիմ ընկեր,
     Դու էլ ինձ նըման պանդուխտ ու գերի,
     Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ վեր:


     Այնտե՛ղ, մեր հոգու սուրբ հայրենիքում,
     Խաղաղ օրերի պայծառ լույսի տակ
     Ապրում է սերը, ժըպիտը ծաղկում,
     Ուրախ երգերը թընդում ներդաշնակ...


     Բայց, ա՛խ, նա այնքան, այնքա՛ն է հեռու...
     Ու՝ մինչև այնտեղ կըհասնենք մենք դեռ,
     Այնքա՛ն ենք լալու, այնքա՛ն տանջվելու,
     Իմ տանջանքների մըտերի՜մ ընկեր:
     Օգոստոսի 10

1902

***

Տրտունջ
    

Օրերս անպըտուղ, տխուր, ձանձրալի,
     Ու գնում եմ ես ունայն տըրտունջով
     Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
     Գերեզմանների շարքերի միջով:


     Թաղել եմ նըրանց: Տխուր է ճամփան:
     Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
     Օտար ու մենակ անցվորի նըման,
     Որ չունի ընկեր, ո՜չ տեղ ու դադար:


     Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
     Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
     Անտարբեր՝ գալիք երջանիկ օրին,
     Չըգիտեն նըրա կարոտը անքուն...


     Չընչի՛ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ,
     Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
     Մեռնում են, մարում նըրանց հայացքից
     Ե՜վ հոգու ձըգտում, և՜ սըրտի ժըպիտ:


     Ել ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
     Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
     Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
     Ել ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...


     Եվ օրերս էսպես տըխուր, ձանձրալի,
     Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
     Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
     Գերեզմանների շարքերի միջով:
     Օգոստոսի 16.

1902

***

Պանդուխտ եմ, քույրի՜կ
    

Պանդուխտ եմ, քույրի՜կ, մանուկ օրերից...
     Գընում եմ դեպի մի անհայտ երկիր՝
     Կըտրված կյանքի ամեն կապերից,
     Մենակ, տարագիր:


     Հալածում են ինձ անցած օրերը,
     Ներկա ժամերը հանգիստ չեն տալի,
     Հոգնած են վաղուց իմ թույլ ոտները,
     Ու սիրտս ավելի:


     Բայց գընում եմ ես հալածված նորից,
     Ամեն վայելքից ու բախտից հեռու,
     Նույնիսկ հայրենի հողից ու ջրից,
     Ինչպես եղջերու:


     Եվ դու հանդիպած իմ դըժար ճամփում,
     Ասում ես՝ արդեն բախտավոր եմ ես.
     Իզուր եմ փախչում, իզուր գանգատվում
     Ու տանջվում այսպե՛ս...


     Օ՛վ դու միամիտ: Բայց, երկինք վըկա,
     Չեմ եղել երբեք ես այդքան ըստոր,
     Որ կարենայի այս դաժան բանտում
     Լինել բախտավոր:


     Չեմ եղել, քույրիկ. բոլոր օրերը
     Տառապանք բերին, կորուստ ու կըսկիծ,
     Եվ կյանքի հաճույքն, և կնոջ սերը
     Ընկան իմ սըրտից:


     Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝
     Անհայտ օրերի խավարի ընդդեմ,
     Ամենքից զըզված, ամենքին թողած,
     Քեզ էլ կը թողնեմ...

1902

***

Մեր նախորդներին
    

Երանի՛ էր ձեզ, գովվա՜ծ երգիչներ,
     Դուք երգում էիք վաղ առավոտյան,
     Երբոր երազներն ապրում էին դեռ,
     Ոսկի երազներն հայի փըրկության:


     Ձեր թարմ երգերում կար մի հայրենիք,
     Խրո՛խտ, վեհապա՛նծ, թեպետև գերի,
     Եվ ձեր քընարի ձայներն երջանիկ՝
     Լիքը հըրճվանքով գալոց օրերի:


     Ա՛խ, նա հոշոտվեց մեր աչքի առջև
     Եվ մեր ըզգայուն սըրտերն իրեն հետ,
     Ոսկի երազներ՝ միրաժի նըման՝
     Մեր անապատում չըքացան անհետ:


     Եվ մենք խորտակված մեր կյանքի ծեգից,
     Անհույս ու դալուկ, ճակատներըս ցած,
     Ընկնում է քընար մեր մատաղ ձեռքից,
     Ընկնում են սըրտից և՜ երգ, և՜ աստված:

1902

***

Խորհրդավոր մեռելը
    

Ուր որ կանգնում, նըստում եմ ես,
     Ամենուրեք, անմեկին,
     Աչքիս առջև դըրած է միշտ
     Մի լուռ դագաղ թանկագին:


     Օ՛, մի՜ հարցնեք՝ էն դագաղում
     Ո՜ւմն է դալուկ էն դիակ,
     Կամ թե ինչո՛ւ ես չեմ թաղում
     Նըրան ընդմիշտ հողի տակ:


     Ոչ, չեմ կարող ես հավատալ,
     Թե մեռած է նա հավետ,
     Թե նա գընաց, էլ ետ չի գալ,
     Թե նա չըկա էլ ինձ հետ...


     Եվ ուր կանգնում, նըստում եմ ես՝
     Նա մի՛շտ աչքիս առաջին...
     Ու երբ խոսում, ժըպտում եմ ձեզ՝
     Ըսպասում է իմ հոգին...


     Ըսպասում եմ ամեն վայրկյան,
     Թե ուր որ է՝ հիմի նա
     Պիտի շընչի ու մանկական
     Իր աչքերը ինձ բանա...

1902

***

Հայոց լեռներում
    

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
     Ու մենք անհատնում
     Էն անլույս մըթնում
     Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
     Հայոց լեռներում,
     Դըժար լեռներում:


     Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
     Մեր գանձերը ծով,
     Ինչ որ դարերով
     Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
     Հայոց լեռներում,
     Բարձըր լեռներում:


     Բայց քանի անգամ շեկ անապատի
     Օրդուները սև
     Իրարու ետև
     Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
     Հայոց լեռներում,
     Արնոտ լեռներում:


     Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
     Թալանված, ջարդված
     Ու հատված– հատված
     Տանում է իրեն վերքերն անհամար
     Հայոց լեռներում,
     Սուգի լեռներում:


     Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
     Հեռու աստղերին,
     Երկընքի ծերին,
     Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
     Հայոց լեռներում,
     Կանաչ լեռներում:

1902

***

Հայոց վիշտը
    

Հայոց վիշտը անհուն մի ծով,
     Խավար մի ծով ահագին,
     Էն սև ծովում տառապելով,
     Լող է տալիս իմ հոգին:


     Մերթ զայրացկոտ ծառս է լինում
     Մինչև երկինք կապուտակ,
     Ու մեոթ հոգնած սուզվում, իջնում
     Դեպի խորքերն անհատակ:


     Ոչ հատակն է գտնում անվերջ
     Ու ոչ հասնում երկնքին...
     Հայոց վշտի մեծ ծովի մեջ
     Տառապում է իմ հոգին:

1902

***

Մեր ուխտը
    

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
     Ու գընում ենք մեր ճամփով,
     Մըրրիկներով պատած անհույս,
     Սեվ խավարով, մութ ամպով:


     Մենք անցել ենք արյան ծովեր,
     Սար ենք տեսել ու կըրակ,
     Մեր ճակատը դեմ ենք արել
     Մըրրիկներին հակառակ:


     Ու թեպետև պատառ-պատառ
     Մեր դըրոշը սըրբազան,
     Ու մենք չունենք տեղ ու դադար —
     Երկրից երկիր ցիրուցան,


     Բայց գընում ենք մենք անվեհեր
     Զարկերի տակ չար բախտի,
     Մեր աչքերը միշտ դեպի վեր`
     Դեպի լույսը մեր ուխտի:

1902

***

Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն,
     Ու նրանց միջում հավիտյան սիրուն
     Կյանքը՝ հարաշարժ հոսանք է վարար...
     Նորանոր ուժեր ճնշում են իրար,
     Ելնում են թափով,
     Իջնում տագնապով
     Ու կենդան, կայտառ,
     Միշտ նոր ձևի մեջ,
     Անդուլ, անդադար
     Հոսում են անվերջ...
     Էն լայն հոսանքի, մեծ աղմուկի տակ
     Հավիտյան անշարժ, համր ու անգիտակ,
     Անտարբեր էն տաք, եռուն պայքարին,
     Անցնող օրերին, ապրող աշխարհին՝
     Հզորն ու տկար
     Ընդմիշտ հավասար,
     Անխտիր հալվում
     Մեծ հանգըստի մեջ,
     Հալվում են, ձուլվում,
     Հանգչում են անվերջ...

1907

***

Ընտրյալը


     Հոգու սըրբազան կըրակով վառված՝
     Իջնում էր Մովսես լեռան գագաթից,
     Իջնում էր ահեղ պատգամներն առած՝
     Շըղթայից հանող աստուծո մոտից:


     Եվ մինչ կանխատես աչքովն իր հոգու
     Տեսնում էր գալոցն իր ժողովըրդի,
     Ու մինչ հրճվում էր... ահա ներքևից
     Ձայներ բարկության ու խառն աղմուկի...


     Եվ տեսավ Մովսես լեռան բարձունքից,
     ժողովուրդն այնտեղ ներքև, հովիտում
     Աստված է շինել ոսկուց, արծաթից,
     Պարում է շուրջը ու հարբած գոռում.


     — Ինչո՞ւ մեզ բերավ Մովսես անապատ,
     Լի Եգիպտոսից ինչո՞ւ հանեց մեզ...
     Ո՞ւր է մեր սըխտորն ու սոխը առատ...
     Այնտեղ հանգիստ էր ու լիքն էր էնպես...


     Գոռում է էսպես ու հարբած պարում:
     Ու... սուրբ Սինայի մըռայլ ամպերում
     Կանգնեց մարգարեն, նայեց դեպի վեր.
     — Մի՞թե այս ամբոխն իմ եղբայրն է, տե՛ր...


     Լսում եմ ձայնըդ լեռների գլխին,
     Ծովեր եմ պատռում, անցնում անապատ,
     Հըրեղեն սյունով տանում իր ուղին,
     Նա մի՜շտ կասկածոտ, նա մի՜շտ հուսահատ...


     Տանջանքի միջից նըկատում եմ ես
     Երկիրն ավետյաց հեռո՛ւ մրշուշամ,
     Իսկ նա փոքրոգի, կույր ու կարճատես,
     Գերության սըխտորն ու սոխն է հիշում...


     Եվ երբ ամպերում խոսում եմ քեզ հետ,
     Քեզնից փըրկության պատգամ եմ բերում,
     Նա այնտեղ ցածում մոլի՛, անհեթե՛թ
     Ոսկի է պաշտում ու հարբած պարում...


     Ինչո՞ւ են, աստվա՜ծ, քո վեհ պատգամներ,
     Իմ տանջանքն ինչո՞ւ... Գոչեց զայրացած,
     Ու մեծ խորհուրդի քարյա տախտակներ
     ժայռերի գըլխից նետեց դեպի ցած...


     Բայց... մյուս առավոտ, երբ որ դեռ քընած,
     Հանգչում էր ամբոխն աղմուկից հոգնած,
     Իր ցուպը ձեռքին բարձրանում էր նա
     Դարձյալ միայնակ վե՛ր՝ դեպի Սինա:

1907

***

Կաքավի գովքը

(Ժողովրդական)

Արև բացվեց թուխ ամպերեն,
     Կաքավ թըռավ կանաչ սարեն,
     Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
     Բարև բերավ ծաղիկներեն.
     Սիրունի՛կ, սիրունի՛կ,
     Նախշուն կաքավիկ:


     Քո բուն հյուսած ծաղիկներով
     Շուշան, նարգիզ, նունուֆարով,
     Քո տեղ լրցված ցող ու շաղով,
     Քընես-կելնես երգ ու տաղով.
     Սիրունի՛կ, սիրունի՛կ,
     Նախշուն կաքավիկ:
     Քո թև փափուկ ու խատուտիկ,
     Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
     Կարմիր-կարմիր տոտիկներով,
     Կըշորորաս ճուտիկներով.
     Սիրունի՛կ, սիրունի՛կ,
     Նախշուն կաքավիկ:


     Երբ կըկանգնես մամռոտ քարին,
     Սաղմոս կասես ծաղիկներին,
     Սարեր ձորեր զվարթ կանես,
     Դարդի ծովեն սիրտս կըհանես.
     Սիրունի՛կ, սիրունի՛կ,
     Նախշուն կաքավիկ:

1907

***

Ճախարակ
    

(Ժողովրդական)

Մանի՜, մանի՜, ճախարակ,
     Նըստենք բանի, ճախարակ,
     Անտերին տեր, ճախարակ,
     Որբերին հեր, ճախարակ:


     Լուսնյակը դուրս է եկել,
     Աչքերիս լուս է եկել:
     Լուսնի լուսով մանեմ ես,
     Սիպտակ ոստեր անեմ ես,
     Աղքատ օրով ու լացով
     Որբեր պահեմ մանածով:


     Մանի՜, մանի՜, ճախարակ,
     Նըստենք բանի, ճախարակ,
     Անտերին տեր, ճախարակ,
     Որբերին հեր, ճախարակ:

1908

***

Դժար տարի

(Ժողովրդական)

Վարի՜, գութան ջան, վարի՜,
     Շատ է դըժար էս տարի.
     Պապին տարան քյոխվի դուռ,
     Հարկ են ուզում. — տո՜ւր հա, տո՜ւր...
     — Կըտամ, քյոխվա, փող չունեմ:
     — Չունե՞ս, Շեկոն կըտանեմ:
     — Ամա՛ն, քտխվա, քեզ ղուրբան,
     Շեկոն գընա թող գութան,
     Գարնան անենք վար ու ցանք,
     Կալը կալսենք, բերենք տանք:
     Գարունքը ետ դառավ էլ,
     Գութան լըծվեց — հորովե՛լ...
     Վարի՜, գաթան ջան, վարի՜,
     Դատենք ցորեն ու գարի,
     Տանենք ածենք քյոխվի փեշ,
     Որ չըտանի մեր գոմեշ:

1908

***

Գարնան առավոտ
    

(Ժողովրդական)

Բարի լուսի զանգեր զարկին
     Զընգզընգալեն անո՛ւշ, անո՛ւշ,
     Լուսը բացվեց մեր աշխարհքին
     Ճըղճըղալեն անո՛ւշ, անո՛ւշ:


     Հովտում առուն խոխոջում է
     Գըլգըլալեն անո՛ւշ, անո՛ւշ.
     Քամին բարակ շընկշընկում է
     Զըլզըլալեն անո՛ւշ, անո՛ւշ:


     Կռունկն եկավ երամ կապած
     Կըռկըռալեն անո՛ւշ, անո՛ւշ,
     Կաքավ քարին տաղ է կարդում,
     Կըղկըղալեն անո՛ւշ, անո՛ւշ:


     Հարսն ու աղջիկ հանդերն ելան
     Շորորալեն անո՛ւշ, անո՛ւշ.
     Ծաղկանց բուրմունքն անմահական.
     Սըլսըլալեն անո՛ւշ, անո՛ւշ:

1908

***

Վայրէջք

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
     Շիտակ, անվեհեր
     Դընամ եմ ես վեր-
     Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ:


     Քառասուն տարի ճամփովն ահարկու
     Անցել եմ էսպես
     Ու հասել եմ ես,
     Խաղաղությանն եմ հասել ես հոգու:


     Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
     Ե՜վ փառքը, և՜ գանձ,
     Ե՜վ քեն, և՜ նախանձ —
     Ամենը, ինչ որ ճընշում է հոգին:


     Եվ էն ամենը, արդ նայում եմ ես —
     Տեսնում եմ նորից
     Իմ լերան ծերից —
     Էնպես հասարա՛կ, դատարկ են էնպե՛ս...


     Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
     Անհոգ ծիծաղով,
     Երգով ու տաղով
     Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև...

Փետրվարի 7.

1909

***


     Ավերակում
    

Մոլոր, մենակ ես շրջում եմ
     Ավերակում հայրենի,
     Աչք եմ ածում ու հիշում եմ
     Անցած կյանքը վաղեմի:
     Է՛, այստեղ էլ ժամանակով
     Շեն ու կենդան է եղել,
     Ուրիշ օրով, ուրիշ կյանքով,
     Ուրիշ մարդիկ են ապրել:


     Ահա նըրանց տեղ-տըները
     Լուռ-լուռ փոսեր ցիրուցան,
     Ահա նըրանց շիրիմները,
     Մամռոտ, անշուք, աննըշան:
     Ահա մեծի ապարանքը
     Ու ամրոցը կիսավեր,
     Ահա նըրանց խաղաղ վանքը,
     Աղոթում է կարծես դեռ...


     Մթընշաղը գետինն առել,
     Լուռ է աշխարհք — արարած.
     Բեկորներին աչքերս հառել
     Մըտածում եմ շըվարած:
     Հին դարերի մըշուշի մեջ
     Նըշմարում եմ ես ահա
     Փարթամ քաղաք, տներ անվերջ...
     Մեծ պալատներ... ու սըրահ...


     Ու սըրահը ճոխ զարդարված
     Վառվում է ուշ գիշերով...
     էն սըրահում, լուսավորված
     Բյուրեղյա թանկ ջահերով՝
     Հայրենիքի ազատանին
     Հավաքվել է խընջույքի,
     Տոն է տոնում, տո՛ն հաղթության
     Իր հավատի ու զենքի...


     Ու փափկասուն տիկինները
     Հանդիսավոր ընթացքով
     Ճեմ են առնում, աչք են ածում,
     Սեր են թափում հայացքով:
     Պարիկները պար են պարում
     Ու դոփում են համարձակ,
     Ու թընդում են մեծ սըրահում
     Երգ ու նըվագ ներդաշնակ...


     «Վո՛ւյ...», «վո՛ւյ...», բուն էր, վայեց ահա...
     Մութն է: Ու ես գըլխիկոր
     Էն ավերակ քաղքի վըրա
     Կանգնած, ինչպես մի բեկոր...

1909

***

PARODIA
    

Հովհ. Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜»
     բանաստեղծության

     «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜...»

Տեսե՞լ ես արդոք այն բլուրները,
     Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
     Ուր թալանում են մերոնք ու այլերը,
     Ուր հոսում է միշտ արցունք ու արյուն:

Տեսե՞լ ես արդոք այն այգիները,
     Ուր իբրև գոհար խաղողն է հասնում,
     Որից դատարկ են նըստում տերերը,
     Որ միշտ ցեցերի գըրպանն է լըցնում:

Տեսե՞լ ես ծերուկ ժայռերի միջով
     Կատղած անցնելիս գետը փըրփըրած.
     Վախե՞լ ես անցնել կոտրած կամուրջով,
     Նստե՞լ ես արդյոք ափին մոլորված:

Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ
     Ու շուրջը փըռված հին աղբակույտեր.
     Տեսե՞լ ես ոնց են այնտեղ շարունակ
     Կըռվում, կեղեքում քյոխվեն ու տերտեր:

Եվ դու տեսե՞լ ես նրա գանձն անգին,
     Հարավի դուստրը — խղճուկ արարած,
     Լռության կնիքն իրեն շըրթունքին
     Ու ինքը ամբողջ կեղտի մեջ կորած:

Տեսե՞լ ես նրա եպիսկոպոսին՝
     Դեմքին գոհության տափակ կնիքը.
     Գիտե՞ս ինչ զարդ է թաղման հանդեսին,
     Եվ կամ ի՞նչ արժե մատի մատնիքը:

Եվ դու տեսե՞լ ես նրա գազեթը,
     Որ ազատ միտք է վաճառում հային.
     Զգո՛ւյշ, բարեկամ, չըվիճես հետը,
     Թե չէ՝ կըմատնի քեզ պոլիցիային...

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜...»

1910

***

Սոխակի վիշտը
    

(Ժողովրդական)

Մի օր տեսավ օտար թըռչուն՝
     Սոխակ կուլար կուց-կուց արուն.
     — Ինչո՞ւ, ասավ, սոխա’կ սիրուն,
     Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն.
     Ինչո՞ւ, մինչ ե՞րբ դու երերուն,
     Տըխուր կուլաս չոր թըփերուն,
     Աշխարհ ամեն վառ քո սիրուն,
     Էդ ճըռվռան քո երգերուն,
     Հապա ինչո՞ւ դու օրն ի բուն,
     Էս լուս ու մութ առավոտուն,
     Էս շատ անուշ զով հովերուն
     Ախ ու վախով կուլաս արուն:
     — Ի՞նչ կըխոսես, օտար թըռչուն,
     Խենթ ու խելառ դու ցընորուն.
     Ձըմե՜ռ նստեց մեր սարերուն,
     Կըտրեց ջրիկ աղբյուրներուն,
     Կըտրեց հոտիկ ծաղիկներուն,
     Կըտրեց ձենիկ իմ ձագերուն,
     Ի՞նչպես չըլամ կուց-կուց արուն:
     Էլի ասավ օտար թըռչուն.
     — Հերիք դու լաս, սոխա՜կ սիրուն.
     Հերիք դու լաս կուց-կուց արուն.
     Էլի կուգա քեզ նոր գարուն,
     Արև ծագե էս վայրերուն,
     Հալին ձյուներ մեր սարերուն,
     Բացվին ջըրեր աղբյուրներուն,
     Ու շուրջ առած քո ձագերուն
     Բարև կուտաս ծաղիկներուն:
     1910

***

Խորհրդածություն հայկական հարցի վրա
    

Հողմերի առջև ցըրված, հալածված,
     Քարեքար զարկված, տանջված ու հյուծված
     Ի՞նչ է ուզում նա դալուկ շրթունքով,
     Անվերջ բողոքով, անզոր խնդիրքով.
     Իր փա՞ռքն է ուզում, թե թագն ու գահո՞ւյք...
     — Իր կյանքն է ուզում, իր պատիվն, իր գույք:

Ո՛վ, ամո՛թ, ամո՛թ... ամո՛թ ամենքին,
     Ամո՛թ և մարդուն և ժամանակին:
     Շունն էլ չըպիտի էն խընդրեր շանից,
     Ինչ մարդն է խնդրում իրեն նմանից
     էս առատ-արձակ աշխարհքի միջին —
     Իր կայնքն, իր պատիվն, իր գույքը չընչին...

Ափսո՛ս էն պայծառ, պարզ արեգակին,
     Ափսո՛ս էն զառվառ ծըլին ու ծաղկին,
     Ափսո՛ս աստղերին, ծովին ալեծուփ,
     Ափսո՛ս դաշտերին, լերանց երկնահուպ.
     Ինչպե՛ս սըրանց մեջ ծընան հըրեշներ
     Էսքա՛ն մարդատյաց, անխիղճ ու անսեր...

Ո՜չ, հանգի՛ստ, հոգի՜ս, իզուր չի ոչինչ.
     Ո՜չ ծիլ ու ծաղիկ, ո՜չ արևը ջինջ,
     Ո՜չ խոսքն հանճարեղ, ո՜չ երգը քնքույշ:
     Կա մեծ ու զըվարթ իմաստուն մի ույժ,
     Որ Մութն աշխարհքից տանում է մարդուն
     Դեպի Լույս աշխարհք, սեր, եղբայրություն...

Ամեն մի չարիք ունի իրեն վերջ
     Ու կա հատուցում ամեն գործի մեջ.
     Կա մխիթարանք տառապող հոգուն,
     Լացող աչքերին կա հանգիստ ու քուն,
     Եվ դարձ կա նըրան, որ վառեց խարույկ,
     Խըլեց ուրիշից կյանք, պատիվ ու գույք:

1913

* * *

Տաղով եկավ,
     Ախով գնաց Սայաթ-Նովան.
     Երգով եկավ,
     Վերքով գնաց Սայաթ-Նովան.
     Սիրով եկավ,
     Սրով գնաց Սայաթ-Նովան.
     Սիոով մնաց Սայաթ-Նովան:
     Ապրիլի 7.

1913

* * *

Թեպետև թախտը մեզ շատ հարվածեց
     Երկար դարերով, ահեղ հարվածով,
     Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
     Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

Վկա է սակայն բովանդակ երկիր,
     Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
     Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր —
     Կենդանի է դեռ հայության ոգին:

Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
     Առաջ են խաղում լուսավոր տենչով,
     Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ
     Հարազատ լեզվով, հայրենի շընչով:

Եվ իր փըլատակ տըների տակից
     Ելնում է ահա հզոր ժողովուրդ,
     Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
     Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ:

Ո՛վ դուք սրբազան Մասիս, Արագած,
     Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,
     Եվ, որ նրանցից վերև խոյացած
     Փայլատակում եք լույս-պըսակներով —

Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,
     Որ լցրիք հայոց աշխարհքն ու սրտեր
     Լուսավոր կյանքի սիրով երջանիկ
     Ու ձըգտում տըվիք — ձըգտել դեպի վեր,

Քանի որ դուք կաք, քանի կըմնաք,
     Հոյակապ սյուներ հայության ոգու,
     Մենք միշտ անսասան առաջ տի գնանք,
     Ինչքան մեր ճամփան լինի ահարկու:

Եվ տոն կըտոնենք էսպես խնդագին,
     Եվ թող իմանա բովանդակ երկիր —
     Ապրում է անմեռ հայությունը հին,
     Ապրում են անմահ իրեն գիրքն ու գիր:

1913

***

Ծաղիկների երգը
    

(հատված)
     Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
     Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
     Արևն ելավ վառ ճառագած,
     Հարցմունք արավ հողին հակված.
     Արևը
     ― Սիրուն աղջի՜կ, ի՞նչ ղըրկեմ քեզ:
     Աղջիկը
     — Ես ծաղիկներ կուզեմ պես-պես:
     Արևը
     — Ա՜յ աղբյուրներ, ա՜յ գետակներ,
     Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
     Դո՜ւրս եկեք, դո՛ւրս,
     Շո՛ւտ, դեպի լուս,
     Նոր աշխուժով
     Ու նոր ուժով
     Կարկաչեցեք
     Ու կանչեցեք
     Հողում քընած սիրուններին՝
     Ծաղիկներին ու ծիլերին:
     Ջրերը
     Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
     Էս ի՛նչքան ուշ...
     Աղջի՜, աղջի՜, ծիլ-ծաղիկներ,
     Քա՞նի քընեք, վե՜ր կացեք, վե՜ր,
     Խընկածաղիկ,
     Ծընկածաղիկ,
     Արևքուրիկ
     Շար-շարուրիկ
     Հասմիկ, հափրուկ,
     Ամանկոտրուկ,
     Հորոտ-մորոտ,
     Աղավնարոտ,
     Կոճղեզ, ճանդուկ,
     Քուրդ, ճարճատուկ,
     Հարսնածաղիկ,
     Ոսկեծաղիկ,
     Խաշխաշ, ծըծուկ,
     Վարդ, երիցուկ,
     Մուշկ — վաղմեռուկ,
     Պուտ, վառվըռուկ,
     Շըրվան, մըրվան,
     Շուշան, ռեհան,
     Ապրեմ-չապրեմ,
     Բուրեմ-մարեմ...
     Քանի՞ քընեք հողի միջին,
     Եկեք էստեղ, սարի լանջին,
     Առվի ափին. հով ըստվերում,
     Ժայռի տակին, հովիտներում,
     Կանաչ խոտով,
     Անուշ հոտով,
     Ծիծաղեցեք
     Ու ծաղկեցեք:
     Ծաղիկները
     — Բարև, բարև, կարմիր արև,
     Ա՛խ, ի՜նչ լավ է դեպի վերև —
     Ազա՛տ, լո՛ւյս, տա՛ք,
     Կապո՛ւյտ, հըստա՛կ...
     Արևը
     — Սիրո՞ւմ եք ինձ...
     Ծաղիկները
     — Ա՛խ էնպես եմ սիրում, էնպե՛ս,
     Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես...
     — Ես քեզ հետ եմ ուր որ գընաս...
     — Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս...
     Արևը
     — Ապա եթե ձեզ համբուրե՞մ....
     Ծաղիկները
     — Ես հաճույքից կըկարմրեմ....
     — Ես կըբուրեմ...
     — Ես կըմարեմ...
     Արևը
     — Ա՜յ անուշներ,
     Ա՜յ քընքուշներ,
     Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ,
     Բաժակներդ բացեք իմ դեմ,
     Հազար գունի, հազար ձևի,
     Պայծառ, ծավի ու ծարավի,
     Լըցնեմ շողով,
     Գոհար ցողով,
     Ջերմ եթերով,
     Նուրբ թըրթիռով,
     Կյանքի հյութով,
     Խունկի հոտով,
     Ա՜յ անուշներ,
     Ա՜յ քնքուշներ...
     Աղջիկը
     — Էս ի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
     Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
     Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
     Ալ, նարընջի, մավի, կապուտ,
     Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
     Ողջ ինձ համա՛ր, ողջ ինչ համա՛ր...
     1914

***

Վերջին տագնապը
    

Վեր է կացել հին վիշապը նոր թափով,
     Վեր է կացել վերջին մոլի տագնապով,
     Արյունըռուշտ, ոճիրներով ահավոր
     Մահ է շընչում լէռներն ի վեր ալևոր:

Ու նրա դեմ ելած անզուսպ, անսահման,
     Հորձանք տալով ամեն կողմից՝ հայության
     Հին–հին հույսերն ու հուզմունքը դարավոր
     Ծառս են լինում լեռներն ի վեր ալևոր:

Ծառս են լինում քաջ խմբերով անձնվեր,
     Ծառս են լինում տանջվողներով կիսամեռ,
     Ծառս են լինում անընկճելի ու արի
     Մինչև ճերմակ գլուխները լեռների:

Ու լեռները պառավ մոր պես վերստին
     Արնոտում են գլուխները իրենց հին,
     Միշտ խորհելով ամպերի տակ սևակնած,
     Որ հենց իրենց հառաչանքն են կուտակված...

Ու ամպերում, բարձըր ուսից Մասիսի
     Սլանում է մեծ արծիվը հյուսիսի
     Շիտակ դեպի բարձունքները հայկական,
     Իր հետևից հայի բախտն ու ապագան:
     1915

***

Հայրենիքիս հետ
    

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
     Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
     Բայց՝ կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
     Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
     Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
     Ե՜վ գյուղերից, և՜ շեներից՝ տըխո՛ւր, դատարկ ու խավար,
     Զարկվա՛ծ հայրենիք,
     Զըրկվա՛ծ հայրենիք:

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
     Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
     Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
     Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
     Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
     Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
     Ողբի՛ հայրենիք,
     Որբի՛ հայրենիք:

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
     Կանգնած խոհո՛ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
     Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
     Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ.
     Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
     Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին —
     Հույսի՛ հայրենիք,
     Լույսի՛ հայրենիք:

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
     Հազա՛ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
     Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
     Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
     Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
     Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
     Իմ նո՛ր հայրենիք,
     Հըզո՛ր հայրենիք...
     Փետրվար.

1915

***

Հոգեհանգիստ
    

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
     Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
     Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
     Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
     էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
     Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
     Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
     Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
     Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...


     Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
     Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
     Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
     Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:
     — Հանգե՛ք, իմ որբե՛ր... իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ...
     Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
     Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
     Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
     Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,
     Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
     Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
     Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
     Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...


     — Հանգե՛ք, իմ որբե՛ր... իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ....
     Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...

1915

***

Բարձրից

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
     Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
     Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
     Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:

Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
     Մարդկային ամեն հընարքներից վեր,
     Վե՛ր ամեն շուքից և շամանդաղից՝
     Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:

Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
     Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝
     Պարզ, ամենատես, հայացքովը նա
     Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա:

Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՛կ, անվե՛րջ,
     Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
     Եվ աստվածները նըրանց զանազան,
     Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան:

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
     Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
     Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,
     Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած:

Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու —
     Խոր, արարչական հանգիստն անխըռով,
     Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
     Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով...

Անպատում վըշտով վերըստին նայեց
     Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ, —
     Անսահմա՛ն աշխարհք, և սեր ընդհանուր,
     Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր...

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու —
     Խոր, արարչական հանգիստն անխըռով,
     Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու
     Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով...
     Դեկտեմբերի 20.
     1915

***

Նվեր վրաստանի բանաստեղծներին
    

Չէ՜ չի լռել մեծ Շոթայի
     Երգի ձենը կաթոգին
     Ու դարավոր ցավն ամեհի
     Չի խորտակել էն հոգին:

Թընդում է դեռ նոր ձեռքերում
     Էն քնարը գովանի,
     Խընդում է դեռ նոր երգերում
     Վըրաստանը գեղանի:

— Ողջո՛ւյն, ողջո՛ւյն ձեզ հին ու նոր
     Արի, բարի ընկերներ,
     Արարատի կողմից էսօր —
     Եղբայրական երգ ու սեր:

Հին օրերի վերջալուսին,
     Արշալուսին նոր կյանքի
     Երգենք սըրտանց ու միասին
     Երգը հանուր բերկրանքի:

Բարձըր հընչի մեր երգը թող,
     Չարի ձենը խըլացնի,
     Հընչյուններովն իր կախարդող
     Երկրե երկիր թող անցնի:

Ամեն կողմից թող ամենին
     Հըրապուրի ու բերի
     Բազմալեզու խըրախճանին
     Ծեր Կովկասի ազգերի:

Ելնենք՝ տեսով ու ճանանչով,
     Ընկեր, ախպեր, մեր ու քուր,
     Մեր քյամանչով, ուրախ կանչով
     Գընանք դեպ կյանքն ընդհանուր:

Շա՜տ, շատ արցունք թափվեց մեզնում,
     Մեն մի կաթիլն — մի խըրատ,
     Անլուռ, անդուլ էն է ասում —
     Ճամփա չունի գործը վատ:

Թո՜ղ ով կուզի՝ երկար-բարակ
     Զոռ տա խելքին մինչև մահ,
     Մենք իմաստուն — սիրենք, խնդանք,
     Կյանքը էս է, ինչ որ կա:

Զարկե՜ք ուժգին մեծ Շոթայի
     Էն քընարը ոսկելար, —
     Մարդը ինչ տա — էն կըշահի,
     Թող իմանա ողջ աշխարհ. —

Տեսնի քանի նոր ձենով է
     Խոսում մուսան էս երկրում,
     Պատգամներով պայծառ ու վեհ,
     Հազար ու մի երգերում:

Ողջո՛ւյն, ողջո՛ւյն ձեզ հին ու նոր
     Արի, բարի ընկերներ,
     Արարատի կողմից էսօր —
     Եղբայրական երգ ու սեր:
     Ապրիլի 16.
     1920

***

Տիեզերքի ընթերցումը
    

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
     Սուզվելու վերին սահմաններն արփի,
     Որ միտք ես տըվել երկնաճեմ ու բաց՝
     Չափելու ահեղ բացերն անչափի,

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել՝
     Հոգուս անհունի հըրճվանքը տալով,
     Բարձըր ճակատիս ժըպիտ ես վառել,
     Վառել, զարդարել արփենի փայլով,

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով
     Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
     Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
     Ու գիշերները ահավոր ու պերճ:

Ու վերանում է հոգիս զըվարթուն —
     Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,
     Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
     Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված:

1920

***

Սիրիուսի հրաժեշտը
    

Սիրիո՜ւս, երկնից ահեղ անցվոր.
     Ո՞ւրկից եկել,
     Ո՞ւր ես թեքել,
     Ո՞ւր ես ճեպում էդքան հըզոր,
     Անճար թափով,
     Անծեր ճամփով,
     Դարե՛ր, դարեր հազարավոր:

Սիրիո՛ւս, երկնից շըքեղ գոհար,
     Որ խաղում ես,
     Փաղփաղում ես
     Ճերմակ ու բիլ լուսով քո վառ,
     Ու զարդարում,
     Զըվարթ վառում
     Մեր գիշերվան ճակատը մառ. —
     Ի՛նչքան աչք է վըրադ հառել,

Նայում են քեզ
     Հիմա մեզ պես,
     Ի՛նչքան աչք է նայել, մարել,
     Եվ կամ ի՛նչքան
     Դեռ պիտի գան,
     Որ անհայտից կյանք չեն առել:

Ո՞վ առաջինն ասավ ողջերթ
     Քեզ մեր հողից,
     Մարդու ցեղից,
     Կամ ո՞ւմ աչքում պիտի անհետ
     Մի օր հատնի,
     Մարի, մըթնի
     Հըրաժեշտի շողըդ հավետ...


     Բարի ճամփա՜, հյո՜ւրըդ մեր հին.
     Եվ թե տեսնես՝
     Մեզնից էսպես
     Մի հարցում տուր հըզոր մահին.
     — Մարդու քանի՞
     Սերունդ կանի
     Մի հըրաժեշտն աստեղային:

1922
     ________________________
    
    

Ա՜նց կացա՛ն...
     Օրերս թըռան, ա՜նց կացա՛ն.
     Ախ ու վախով, դարդերով
     Սիրտըս կերա՛ն, ա՜նց կացա՛ն:

1890

***

Վերջացա՛վ...
     Կյանքըս մաշվեց, վերջացա՛վ.
     Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
     Ինչ խընդություն՝ վերջը ցա՛վ:
     1890

***

Ո՞ւր կորա՛ն...
     Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
     Ինչքան լացի, ձեն ածի՝
     Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:

1916

***

Ետ չեկավ...
     Գընա՛ց, գընա՛ց, ետ չեկավ,
     Անդարձ կապով սև հողում
     Կապվե՛ց, մընա՛ց, ետ չեկավ:

1916

***

Հիմի բացե՛լ են հանդես
     Երգիչները իմ անտես.
     Ջա՛ն, հայրենի՜ ծըղրիդներ,
     Ո՞վ է լսում հիմի ձեզ:

1916

***

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
     Լիքն ակունքով հազարավոր.
     Իմ զայրույթը լիքն է սիրով,
     Իմ գիշերը՝ լիքն աստղերով:

1917

***

Քանի՛ մահ կա իմ սըրտում,
     Թափուր գահ կա իմ սըրտում.
     Չէ՞ դու էլ ես մահացու.
     Մահի ահ կա իմ սըրտում:

1917

***

Կյանքից հարբած անցավոր,
     Ահա դարձյալ անցավ օր,
     Դու վազում ես դեպի մահ —
     Մահը բըռնում հանցավոր:

1917

***
     Ե՜տ եկե՛ք...
     Գարնան վարար գետ եկե՛ք,
     Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր,
     Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք:

1917

***
     Հին աշխարհքը ամեն օր
     Հազար մարդ է մըտնում նոր,
     Հազար տարվան փորձն ու գործ
     Ըսկըսվում է ամեն օր:

1917

***
     Զուր եմ փախչում, ինձ խաբում,
     Հազար կապ է ինձ կապում.
     Ամենքի հետ ապրում եմ,
     Ամենքի չափ տառապում:

1917

***
     Ո՛վ իմանա՝ ո՜ւր ընկանք,
     Քանի՜ օրվա հյուր ընկանք,
     Սերն ու սիրտն էլ երբ չըկա՝
     Կըրա՛կ ընկանք, զո՛ւր ընկանք:

1917

***
     Երազումըս մի մաքի
     Մոտըս եկավ հարցմունքի.
     — Աստված պահի քո որդին,
     Ո՞նց էր համը իմ ձագի...

1917

***
     Ինչքա՛ն ցավ եմ տեսել ես,
     Նենգ ու դավ եմ տեսել ես,
     Տարել, ներել ու սիրել, —
     Վատը՝ լավ եմ տեսել ես:

1917

***
     Քանի՛ ձեռքից եմ վառվել,
     Վառվել ու հուր եմ դառել,
     Հուր եմ դառել՝ լույս տըվել,
     Լույս տալով եմ ըսպառվել:

1917

***
     Մընացել է բերդը մեզ,
     Հաղթանակի երթը մեզ.
     Անց են կացել՝ ով կային,
     Հիմի կըգա հերթը մեզ:

1917

***
     Հոգիս՝ տանը հաստատվել —
     Տիեզերքն է ողջ պատել.
     Տիեզերքի տերն եմ ես,
     Ո՞վ է արդյոք նըկատել:

1917

***
     Ո՛նց է ժըպտում իմ հոգին
     Չարին, բարուն, — ամենքին.
     Լույս է տալիս ողջ կյանքիս
     Ու էն ճամփիս անմեկին:

1918

***
     Ի՛նչ ես թըռչում, խև-դև սի՜րտ,
     Հազար բանի ետև, սի՜րտ,
     Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
     Քեզ պես թափով, թեթև, սի՜րտ:

1918

***
     Իմ սո՛ւր, արթուն ականջում
     Մի խոր ձեն է միշտ հընչում,
     Անհո՛ւն, անքո՛ւն կարոտով
     Իրեն մոտ է ինձ կանչում:

1918

***
     Լինե՛ր հեռու մի անկյան,
     Լինե՛ր մանկան արդար քուն,
     Երազի մեջ երջանիկ,
     Հաշտ ու խաղաղ մարդկություն:

1918

***
     Մի հավք զարկի ես մի օր.
     Թըռա՛վ, գընաց վիրավոր:
     Թըռչում է միշտ իմ մըտքում
     Թևը արնոտ ու մոլոր:

1918

***
     Երկու շիրիմ իրար կից,
     Հավերժական լուռ դըրկից,
     Թախծում են պաղ ու խորհում
     Թե՝ ի՛նչ տարան աշխարհքից:

1918

***
     Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
     Հեռվից անթիվ ձեռքերով՝
     ―Ջա՛ն, հայրենի անտառներ,
     Դուք եք կանչում ինձ ձեր քով:

1918

***
     Աշնան ամպին ու զամպին,
     Մոլոր նըստած իր ճըմփին,
     Լոռու հանդում՝ մի արտուտ
     Նայում է միշտ իմ ճամփին:

1918

***
     Կըլթացնում են, արտորում
     Արտուտները արտերում,
     Թըռչում մանուկ հոգուս հետ,
     Ճախրում, ճըխում եթերում:

1918

***
     Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
     Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
     Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
     Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

1918

***
     Մեռա՛ն, մեռա՛ն... Եվ ահա,
     Խառնըվել են կյանք ու մահ.
     Չեմ հասկանում աշխարհքի
     «Կան ու չըկան» ես հիմա:

1919

***
     Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
     Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
     Ի՛նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...
     Ա՛խ, թե, նորից գըտնեմ ճամփան դեպի էնտե՛ղ, դեպի տո՛ւն...

1919

***
     Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր.
     Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
     Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
     Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

1919

***
     Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
     Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
     Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
     Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

1919

***
     Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
     Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
     Է՛յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
     Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

1919

***
     Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
     Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
     Վըռազ անցան երազ, մուրազ, ու չըհասա ոչ մեկին,
     Կյանքըս թեթև տանուլ տըված գըրազ եղավ, անցկացավ:

1919

***
     Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում՝ է՞ս, թե էն.
     Մեջտեղ կանգնած՝ միտք եմ անում, չեմ իմանում՝ է՞ս, թե էն.
     Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
     Տանի՛, թողնի՛, — ո՞րն է բարին, ո՞ր սահմանում, է՞ս, թե էն:

1919

***
     Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ,
     Տեղըդ իմաց տուր՝ գըտնեմ,
     Ման եմ գալի էս մըթնում
     Քեզ մոտ գալու դուռ գըտնեմ:

1920

***
     Ի՞նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. —
     Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
     Բանաստեղծին թողեց մենակ, մե՛ն ու մենակ իրեն պես,
     Որ իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

1920

***
     Խայամն ասավ իր սիրուհուն. — Ոտըդ ըզգույշ դիր հողին,
     Ո՛վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի...
     Հե՛յ, ջա՛ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՛վ իմանա, թե հիմի
     Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի:

1920

***
     Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ — իմ կյանքի հետ լինեի.
     Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկընքի հետ լինեի.
     Բայց ո՜վ կըտա էն վայելքը՝ ինքըս ինձ էլ չըզգայի,
     Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի....

1920

***
     Լուսը լուսին քու ժպիտն է իմ երեսին ճառագում,
     Երբ, ա՜խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում.
     էսպես էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
     Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

1920

***
     Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես.
     Հոգիս ծարավ՝ սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
     Մինը պիտի գար իմ դեմը՝ ճոխ ու շըռայլ անհաշիվ,
     Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես:

1921

***
     Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
     Ես լըսում եմ նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
     Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
     Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր:

1921

***
     Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
     Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
     Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
     Դեպ Արևելքն աստվածային — հայրենիքը իմ հոգու...

1921

***
     Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
     Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մընում, —
     Զարմանում եմ, թե՝ ո՛վ Շըռայլ, ի՛նչքան շատ ես տըվել ինձ,
     Ի՛նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից:

1921

***
     Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
     Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
     Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
     Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:

1921

***
     Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ...»
     Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
     ―Ի՛նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
     Դու աստվա՛ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես...

1921

***
     Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
     Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
     Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
     Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կը հասնեմ Նըրա մոտ...

1921

***
     Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ.
     Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ —
     Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
     Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարե դար:

1921

***
     Ո՛վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
     Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում, —
     Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
     Ողջը Քո մեջ՝ անմա՛հ, անվերջ՝ Քեզ են երգում Քո ձենով...

1921

***
     Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
     Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
     Հարկավ՝ ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
     Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:

1921

***
     Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
     Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
     Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին...
     Ի՛նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին...

1921

***
     Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
     Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
     Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
     Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

1921

***
     Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,
     Ցավոտ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.
     Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
     Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:

1922

***
     Աղբյուրները հընչում են ու անց կենում,
     Ծարավները տենչում են ու անց կենում,
     Ու երջանիկ ակունքներին երազուն՝
     Պոետները կանչում են ու անց կենում:

1922

***
     Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
     Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
     Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
     Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

1922

***
     Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում,
     Էնքան անթիվ կորած լավերն իմ սըրտում...
     Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին՝
     Ե՜րբ են փայլել ուրախ օրերն իմ սըրտում:

1922

***
     — Էս է, որ կա... ճիշտ ես ասում. թասըդ բե՜ր:
     Էս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե՜ր:
     Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
     Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՜ր:

1922

***
     Հե՛յ ճամփանե՜ր, ճամփանե՜ր.
     Անդարձ ու հին ճամփաներ,
     Ովքե՞ր անցան ձեզանով,
     Ո՞ւր գընացին, ճամփաներ:

1922


    
Հովհաննես Թումանյան ՔԱՌՅԱԿՆԵՐ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
57021 | 0 | 0
Facebook