Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ղևոնդ Ալիշան/կենսագրություն, բանաստեղծություններ

23:36, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2015 թ.
Ղևոնդ Ալիշան/կենսագրություն, բանաստեղծություններ
    
    
Ղևոնդ Ալիշան
Հայագիտության և հայ գրականության պատմության մեջ Ղևոնդ Ալիշանը գրավում է նշանակալից տեղ։ Նրա գրչին են պատկանում հայոց պատմության, հնագիտության, աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ ստվարածավալ աշխատություններ, ինչպես` «Տեղագիր հայոց մեծաց», «Շնորհալի և պարագա յուր», «Շիրակ», «Սիսվան», «Սիսական», «Այրարատ», «Հին Հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց», «Հայապատում» և այլ փոքր ու մեծ բազմաթիվ հետազոտություններ, որոնք հսկայական նյութ են պարունակում մեր ժողովրդի պատմական անցյալի գրեթե բոլոր շրջանների և գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ։ Ականավոր հայագետի այդ աշխատություններն այսօր էլ դեռ մեծ արժեք են ներկայացնում հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթի պատմության մի շարք հարցերի մշակման և ուսումնասիրության տեսակետից: Ալիշանը հայ նոր գրականության պատմության մեջ է մտել որպես աշխարհաբար պոեզիայի հիմնադիրներից և ականավոր ներկայացուցիչներից մեկը։

    
Ղևոնդ (Քերովբե) Ալիշանը ծնվել է 1820թ. հուլիսի 18-ին Կոստանդնուպոլսում` դրամագետ-հնահավաք Պետրոս Մարգարի Ալիշանյանի ընտանիքում: Տասներկու տարեկան հասակում (1832թ.) նրան տալիս են Վենետիկի սբ. Ղազար վանքի դպրոցը («Ընծայարան»), ուր չորս տարի ուսանելուց հետո փոխադրվում է «Բարձրագույն կրթարանը»: Այստեղ էլ սկսում է իր առաջին գրական փորձերը:

    
1850–1853թթ. զանազան առիթներով Ալիշանը լինում է Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, ուր ուսումնասիրում է հայկական գրչագիր մատյանները, նյութական ու հոգևոր մշակութային հուշարձանները, նյութեր է հավաքում իր հայագիտական ուսումնասիրությունների համար։ 1858–1861թթ. վարում է Փարիզի Մուրադյան վարժարանի տեսուչի պաշտոնը:

    
1861թ. նոյեմբերին, թողնելով Փարիզի Մուրադյան վարժարանի տեսուչի պաշտոնը, Ալիշանը վերադառնում է սբ. Ղազար: 1866թ. նա կրկին նշանակվում է Վենետիկի Ռափայելյան վարժարանի տեսուչ։ Այդ պաշտոնը նա շարունակում է վարել մինչև 1872թ., որից հետո ընդմիշտ թողնում է մանկավարժական ասպարեզը և մինչև իր մահը (1901թ. նոյեմբբերի 22) նվիրվում հայագիտությանը:

    
Ալիշանն ստեղծագործել է մեկ տասնամյակից մի փոքր ավելի` 20–35 տարեկան հասակում: Իր պոեզիան գրեթե ամբողջությամբ հետագայում նա ամփոփել է «Նուագք» (Նվագներ) ժեղովածուի մեջ և հինգ հատորով հրատարակել 1857–1858թթ.:

    
Ալիշանն առաջիններից էր նաև, որ ձգտելով հասկանալի լինել ժողովրդին, քաղաքացիական իրավունք տվեց ժողովրդական լեզվին՝ օգտագործելով վերջինիս հարուստ բառապաշարը և գեղարվեստական պատկերավորման միջոցները:

    
Ղևոնդ Ալիշանը վախճանվել է 1901թ. Վենետիկում:

    

ՀԱՅ ՀԱՆՃԱՐ

Ո՞ւր ես հայ հանճար.— անցե~ր ես, անցեր...
     Հին և երկայն դարք այլևայլ բաղդով
     Մեր հայ հայրենյաց վրայեն սահելով,
     Սև ու սըպիտակ քողերով պատեր
     Զաղվորն այն ծածկեր,
     Անցե՜ր են, անցեր։

Այն աշխարհ, որ շատ աշխարհաց մայր էր,
     Որ սփռեց զազգեր մինչ ի ծայր երկրի,
     Արդյամբք իր հողուն, մատամբք ճարտարի
     Լեցուն գրկերով տաներ ու բերեր
     Զանազան բերքեր,
     Անցե~ր է, անցեր։

Այն, որ զառաջին շինվածն է կանգներ,
     Սարերըն ծակեր հանց փտտած տախտակ,
     Պատերով պատեր ըզծովուն հատակ,
     Բերդի տակ, լերան գըլուխ գետ քաշեր,
     Զանդունդ կամըրջեր,
     Անցե~ր է, անցեր։

Հայրենյաց պաշտպան՝ զենքով զենք քըշեր,
     Հյուսսի, հարավո դեմ դըներ վահան.
     Վազեր յարևմուտս, յԱթէնս հմտական,
     Հելլեն հանճարույն դեմ ըզհայն հաներ՝
     Անհաղթ հռչակեր,
     Անցե՜ր է, անցեր...


     Թո'պ... չըսե՞ք թմբկին... թո՛պ. թնդան սրտեր.
     Հայրենյաց է տոն, հայրենյաց համբավ.
     Ո~վ լավք, ո~վ քաջք, ձեզ վարձք հռչակեցավ.
     Արյո~ւն և քրտինք, ձեզ կապվին թագեր...
     Հա~յք, ո՞ւր արդյունք ձեր. —
     Անցե~ր են, անցեր։

Պարեն պատանիք, ծիծաղին ծերեր.
     Կուսանք ամոթիւածք վարդերով վառվան,
     Պարկեշտ երախտյաց գովեստք բարձրացան.
     Առաքինությո~ւնք, ահա պատիվ ձեր...
     Հա~յք, դո՞ւք լոկ անտեր
     Անցե~ր եք, անցեր։...

Անցա՞ն, մարեցա՞ն, ուրեմն, հայ լուսեր...
     Ա~հ, Հայաստան, ո՞ւր քո փառքըն փայլուն.
     Ո՞ւր քո ճարտարաց աշխատանքն անհուն.
     Ո՞ւր քաջ և գիտուն որդվոցդ արդյունքներ.
     Ո՞նց քո բյուր փառքեր
     Անցե~ր են, անցեր։...

Անցի~ք դուք այլ սև սրտիս սև ամպեր,
     Անկե'ք հայ հողուն սև քարին վըրայն...
     Ո~հ, քանի՞ հազար կանգուն լայն ու երկայն.
     Ո~հ, ո՞նց ցեղուցեղ անձինք հոն եկեր,
     Եկեր ու անկեր՝
     Անցե~ր են, անցեր։

Ըզսև գիրն Հայոց կարդացե՛ք, ազգեր.
     «Կարկառ հանգըստյան տոհմի տան Հայկա,
     Համարի 'նդ մեռյալս և ինքն ի քուն կա»: –
     Մեռյալ չե՞ն, ուրեմն, հայ հայրենիք մեր.
     Հայաստան անկեր՝
     Բայց ո~չ է անցեր։

Հա~յ ազգ, հա~յ հանճար, քունն է զքեզ բռներ,
     Քո~ւն թանձր և երկայն, բայց ոչ մահ անհույս.
     Ո~վ արթընցընե զազգն իմ ի նոր լույս.—
     Ես հազարներ տամ այնոր, տամ բյուրեր,
     Որ զաչքըն բաց ըներ,
     Ու չըլլա~ր անցեր»

Ո՞վ բանա զՀայկայ աշխույժ աչուկներ.
     Ո~վ, ո՞վ կանգնե զքեզ, հանճար հայրենի...
     Ե՛լ, կանգնե՛ դու զքեզ, զավակ ես երկնի.
     Լո~ւյս ծագե մըթեդ, ե՛լ, կանգնի՛ր ի վեր.
     Հերիք քընացեր.
     Գիշերդ է անցեր...

Կերդնու Նահապետ, կանչե ձեզ, Հայե~ր,
     Հանճարն է մեզ կյանք, ըզնա վառեցեք,
     Մեծ, պզտիկ՝ այտոր սիրով վառվեցեք։...
     Ծագե~, հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
     Իմանան ազգեր՝
     Թե Հայք չե՛ն անցեր։

1863

ՊԼՊՈԻԼՆ ԱՎԱՐԱՅՐԻ

Ո՞նց գաս, իմ լուսնակ, հեզիկ ու հանդարտ
     Համասփյուռ լուսովդ ի լեռ, ձոր և արտ,
     Եվ ի նահապետս, որ մըտոք մոլար
     Գիշերաժամիկ ժուռ գամ յԱւարայր,
     Ուր քաջ ու աննըման հարք մեր հայկազունը
     Ընկան զետ հըսկա, կանգնեցան զվարթունք.
     Միթե գա՞ս սըփռել ոսկերաց սըրբոց
     Ձյունափայլ ամպեդ ոսկեթել ծածկոց,
     Թե ճերմակ ճակտիդ՝ թեպետ և պայծառ
     Քաջացս արենեն կատե՞ս կարմիր վառ.
     Թե լըռիկ-մընջիկ ափշի՞ս տակավին,
     Թէ ի՞նչպես ընկավ Վարդանն ահագին,
     Մահու սև ըստվերն ի սիրտ թըշնամյաց,
     Զհոգին ձըգելով յերկին առ աստված։
     Դու այլ, ո'վ Տըղմուտ, տրտում ու արյունոտ,
     Որ լալով ոլրիս ի մեջ շամբերուդ.
     Եվ հովիկդ, որ գաս ի Մակվա քարեն
     Կամ ի ծեր Մասյաց սըրբազան սարեն.
     Դու այլ ինձ նըման դողդող և երեր
     Թույլ թևոք անցնիս սարեր ու ձորեր,
     Անտառե անտառ, տերևե տերև
     Կոծկոծելով գաս ի դաշտիս վերև,
     Զայս մաշած շընչիս վերջին հառաչանք
     Ձըգել ի Հայոց սըրտից արձագանք։
     Ո~հ դու բարեկամ այրած սըրտերու,
     Խոսնակ գիշերո, հոգյակ վարգերու,
     Երգե՛ պըլպուլիկդ, երգե՛ ի սարեդ,
     Զանմահ քաջքն Հայոց երգե՛ հոգվույս հետ.
     Թադեի վանուց ձենիկդ ինձ դիպավ,
     Սըրտիկս, որ ի խաչն էր կիպ, թունտ առավ.
     Ի խաչին թևեն թըռա ու հասա,
     Գըտա զքեզ ի դաշտ քաջին Վարդանա։
     Պըլպո'ւլ, քեզ համար մեր հարքն ասացին,
     Թե չէ հավ՝ պըլպուլ մեր Ավարայրին,
     Եղիշյա հոգյակն է քաղցրազրուցիկ,
     Որ զՎարդան ի վարդըն տեսնու կարմրիկ.
     Ջըմեռն յանապատ կու գնա կա ի լաց,
     Գարունն յԱրտազ գա ի թուփ վարդենյաց,
     Երգել ու կանչել յԵղիշեին ձայն
     Թե պատասխանիկ մ՚արգյոք տա Վարդան։
     Թե կիսահոգի պըլպուլիս նըման
     Ձենիկս հասնի ձեզ, որդի~ք Թորգոմյան,
     Որդի~ք, որոնց հարք քաջք ու առաքինիք
     Լըցուցին զդաշտեր, գըրքեր ու զերկինք.
     Թե ի ծով սրտիդ կաթիլ մ՚արունիկ
     Կա թե Հայ աղբյուրըն կամ Պահլավիկ,
     Թե զփառքն հայրենյաց ձեզ այլ գըրեք փառս,
     Հետ նահապետիս ելեք ի յԱրտազ։

ՀՐԱԶԴԱՆ

Հրազդա՜ն, գետակդ իմ հայրենի,
     Հրազդա՜ն, ջրիկդ իմ անուշիկ,
     Ահա թողել զհողն օտարի,
     Բաբկենս հասել եմ պանդըխտիկ.
     Ա~յ Հրազդան, ա՜յ ջուրք Հայրենիք,
     Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ:
     Ես ձեր դրացենակն եմ, չե՞ք ճանչել,
     Սիրտս ըզձեզ չէ մոռցել իսկի,
     Դուք կարկըջիկդ է՞ր եք մոռցել,
     Ծիծղուն երեսդ է՞ր սուգ ունի։
     Ա~յ Հրազդան, ա~յ ջուրք հայրենիք,
     Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ։
     Վա՜հ, մեր կանաչ անտառիկս ո՞ւր,
     Ո՞ւր տաղվարիկս, ո՞ւր մեր նըշիս,
     Հովո՞ւն եղան, թե ծովուն կուր.
     Ո՞ւր մեր տընակն, ո՞ւր մեր այգիս.
     Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
     Ա~յ ափունք, Է՞ր կու լայք լըռիկ։
     Ո՞ւր ես, ալիցըս լույս Խանտուկ.
     Ւմ ընկերներն ո՞ւր են, Հրազդան,
     Միթե Պարսկի՞ն եղան գերուկ,
     Միթե ամենքն ի հո՞ղ մըտան.
     Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
     Ա~յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ։
     Ա~հ, անցուգնաց եղել ամեն.
     Ա~հ, անցուգնաց է Հայաստան,
     Զիս անմեկիկ թողած աստեն
     Ետ անցնիս գնաս դո՞ւն այլ Հրազգան...
     Անցի՜ր, գընա, ջրիկդ հայրենի,
     Արտսունք հերիք են Բաբկենի:

1848

_____________
    

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


    

«... Ուր որ հայրենի երգեր կլսվին`
     Հոն հայրենիքը ողջ է»:

     Ղ. Ալիշան


    

Հայագիտության և հայ գրականության պատմության մեջ Ղևոնդ Ալիշանը գրավում է նշանակալից տեղ։ Նրա գրչին են պատկանում հայոց պատմության, հնագիտության, աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ ստվարածավալ ւսշխատռւթյուններ, ինչպես` «Տեղագիր հայոց մեծաց», «Շնորհալի և պարագա յուր», «Շիրակ», «Սիսվան», «Սիսական», «Այրարատ», «Հին Հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց», «Հայապատում» և այլ փոքր ռւ մեծ բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստական հսկայական նյութ են պարունակում մեր ժողովրդի պատմական անցյալի համարյա բոլոր շրջանների և գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ։ Ականավոր հայագետի այգ աշխատությունները այսօր էլ դեռ որոշակի արժեք են ներկայացնում հայ ժողովրդի նյութական և հոգևոր կուլտուրայի պատմության մի շարք հարցերի մշակման և ուսումնասիրության տեսակետից։


    

Ալիշանը հայ նոր գրականության պատմության մեջ է մտել որպես աշխարհաբար պոեզիայի հիմնադիրներից և ականավոր ներկայացուցիչներից մեկը։ Անշուշտ այդ է նկատի ունեցել Միքայել Նալբանդյանը, երբ «Սոս և Վարդիթեր» -ի «Կրիտիկա» -իի սկզբում նշելով, որ Աբովյանի «Վերք Հայաստանի» և Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպերը «հիմք դրին արդյան ազգային վիպասանության», անհրաժեշտ է համարել ավելացնել. «Չենք մոռացած «Նահապետ» ստորագրությամբ Հ. Ղևոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթվածքը` «Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ» և մյուս բոլոր աշխարհաբար ոտանավորքը, բայց այստեղ չհիշեցինք, որովհետև, արձակ բանաստեղծության վրա էր մեր խոսքը, ապա թե ոչ, չափաբերական քերթվածոց մեջ արժանավոր վարդապետը ախոյան չունի...» *:


    

Ալիշանի, որպես բանաստեղծի, պատմական ծառայությունն այն է, ռր նա բացասեց Մխիթարյանների կլասիցիզմը և իր «Նահապետի երգեր» -ով հաստատեց պատմական իրավունքը գրական այն նոր ուղղության՝ ռոմանտիզմի, որի սկիզբը դեռ 19-րգ դարի 20-ական թվականներին գրել էր Ալամդարյանն իր քնարերգությամբ։


    

________________
     * Միք. Նալրանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հատ. III, էջ 120։
     ________________


    

Ալիշանը պոեզիան դարձրեց կյանքի կենդանի արձագանքը: Այլ կերպ չի կարելի բացատրել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել են նրա լավագույն բանաստեղծությունները («Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ», «Հրազդան» և Նահապետի մյուս երգերը): Վերջիններիս հայրենասիրական-֊մարտական պաթոսը համահնչուն էր 40—50-ական թվականների՝ ազգային զարթոնքի դարաշրջանի ոգուն և ազգային ազատագրական ձգտումներին: Ալիշանը հարթեց հայ պոեզիայի հետագա զարգացման ուղին. նրա հայրենասիրական քնարից ստեղծագործական ներշնչումներ ստացան ականավոր այնպիսի բանաստեղծներ, ինչպիսիք են Ռափայել Պատկանյանը և Մկրտիչ Պեշիկթաշլյանը։


    

Ղևոնդ (Քերովբե) Ալիշանը ծնվել է 1820 թ. հուլխոի 18-ին Կոստանդնուպոլսում, դրամագետ-հնահավաք Պետրոս Մարգարի Ալիշանյանի ընտանիքում: Տասներկու տարեկան հասակում (1832 թ.) նրան տալիս են Վենետիկի ս. Ղազար վանքի դպրոցը («Ընծայարան»), ուր չորս տարի ուսանելուց հետո փոխադրվում է «Բարձրագույն կրթարանը» ։ Այստեղ էլ նա սկսում է գրական իր առաջին փորձերը:


    

Դրանք վանքի չորս պատերի մեջ պարփակված, բայց դեռևս «դուրսի աշխարհի» տպավորություններն իր մեջ չմեռցրած պատանու զեղումներն էին՝ ներշնչված Ադրիատիկ ծովի և ս. Ղազար կղզու գեղեցիկ բնանկարներից: Սակայն, Ալիշանի այս, ինչպես և հետագայում գրած բազմաթիվ գրաբար բանաստեղծությունները իրենց վրա կրում են կլասիցիզմի տիրական ազդեցությունը և, ըստ էության, քիչ են տարբերվում Մխիթարյան մի քանի հեղինակների ոտանավորներից։ 1841 թ. Ալիշանը նշանակվում է ուսուցիչ Վենետիկի Ռափայելյան վարժարանում։ Դասավանդմանը զուգնթաց` նա աշխատակցում է «Բազմավեպ» հանդեսին, որ լույս էր տեսնում 1843 թվականից։ 1848 թ. նա նշանակվում է հիշյալ վարժարանի տեսուչ: Ալիշանը Վենետիկում է լինում, երբ բռնկում է իտալական ապոտամբությունը ավստրիական լծի դեմ. նա լսում է վարժուրանի աոջևով անցնող հազարավոր իտալացի հայրենասերների ազատության ոգեշունչ երգերը, ականատես է լինում Վենետիկի փողոցներում մղվող մարտերին։ Եվ այդ ամենը երիտասարդ բանաստեղծի վրա թողնում է ուժեղ տպավորություն: Իտալական ժողովրդի ազատագրական պայքարի այդ օրերին Ալիշանը գրում է «Մասիսու սարերն», «Բա՜մ, փորոտան... և մի քանի այլ մարտաշունչ-հայրենասիրական բանաստեղծություններ։


    

1850–1853 թթ. զանազան առիթներով Ալիշանը լինում է Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, ուր ուսումնասիրում է հայկական գրչագիր մատյանները, նյութական ու հոգևոր կուլտուրայի հուշարձանները, նյութեր է հավաքում հայագիտական իր ուսումնասիրությունների համար։ Այս ճանապարհորդության ընթացքում նա բնագրից թարգմանում է Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորգ երգը և գրում է միշարք բանաստեղծություններ:


    

1858–1861 թթ. վարում է Փարիզի Մուրադյան վարժարանի տեսչի պաշտոնը: 1859 թ. ամռանը լինելով Փարիզում, Նալբանդյանը այցելում է Մուրադյան վարժարանը, ուր ծանոթանում և զրուցում է Ալիշանի հետ։ Իր հիշատակարանում պատմելով այդ այցելության մասին՝ Նալբանդյանը իրավացիորեն խիստ դատապարտում է Մուրադյան վարժարանի կրոնական– աղանդավորական ոգին: Այնուհանդերձ, Ալիշանի մասին նա Խոսում է դրվատանքով. «Այս արժանապատիվ անձը, — գրում է Նալբանդյանը, – ծանոթ է հայոց ազգին մանավանդ Նահապետ անունով։ նորա «Ավագ և Փոքր Մասիս», «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի» տաղերգությունքը ջերմացուցել են շատ սրտեր Նահապետի անունի վերա» *։


    

________________
     *Մ. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հատ. I, էջ 430:
     ________________


    

1861 թ. նոյեմբերին, թողնելով Փարիզի Մուրադյան վարժարանի տեսչի պաշտոնը, Ալիշանը վերադառնում է ս. Ղազար: 1866 թ. նա կրկին նշանակվում է Վենետիկի Ռափայելյան վարժարանի տեսուչ։ Այդ պաշտոնը նա շարունակում է վարել մինչև 1872 թ., որից հետո ընդմիշտ թողնում է մանկաոարժական ասպարեզը և ամբողջությամբ, մինչև իր մահը (1901 թ. նոյեմբբերի 22), նվիրվում է հայագիտությանը։


    

Ալիշան– բանաստեղծն ստեղծագործել է մեկ տասնամյակից մի փոքր ավելի, այն է՝ 1840–1852 թթ., 20–35 տարեկան հասակում: Իր պոեզիան գրեթե ամբողջությամբ հետագայում նա ամփոփել է «Նուագք» (Նվագներ) ժեղովածուի մեջ և հինգ հատորով հրատարակել 1857–1858 թթ.: Բեղմնավոր է եղել Ալիշանը նաև որպես բանաստեղծ. հիշյալ 10–12 տարվա ընթացքում նա արտադրել է ավելի քան երեք տասնյակ հազւսր տող... (չհաշված 1852 թվականից հետո գրած մի քանի բանաստեղծությունները և անտիպները) ։ Պետք է նկատել, սակայն, որ Ալիշանի այդ ստվարածավալ բանաստեղծական ժառանգության մեծագույն մասը («Նուագք» –ի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ հատորները) խրթին գրաբարով գրված կրոնա-միստիկական չափածո խորհրդածություններ են, որոնք ընթերցող լայն հասարակության համար մնացել են որպես «մեռյալ տառ» և որևէ դեր չեն կատարել հայ գրականություն պատմության մեջ: «Նուագք» -ի երրորդ՝ «Հայրունի» բնորոշ խորագիրը կրող հւստորումն են ամփոփված Ալիշանի պատմա-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները, որոնց մեծ մասը դարձյալ գրված է գրաբարով: Այս հատորումն են «Երգք Նահապետի» շարքը կազմող աշխարհաբար այն գործերը, որոնք հռչակել են Ալիշան–բանաստեղծի անունը և նրա համար պատվավոր տեղ նվաճել հայ նոր գրականության պատմության էջերում։


    

Քանակով շատ չեն այդ գործերը, սակայն մեծ է նրանց տեսակարար կշիռը և նշանակությունը գրա-պատմական տեսակետից։


    

Նախ և առաջ պետք է նկատի ունենալ, որ Ալիշանն իր «Նահապետի երգեր» -ը գրել է գերազանցապես 1847—1850 թվականներին. Խաչ. Աբովյանը դեռ կենդանի էր, երբ Ալիշանը գրում էր «Հայոց աշխարհիկ» –ն ու «Պլպուլն Ավարայրի» -ն (1847) ։ Մեր նոր գրականության ուղենիշը հանդիսացող «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանից յոթ տարի հետո, Աբովյանից անկախ, ըմբռնելով ժամանակի հրամայական պահանջը, երիտասարդ Ալիշանը, «շայիր» (աշուղ) դարձած, Նահապետ ծածկանունով փորձում էր կամուրջ գցել գրականության և ժողովրդի միջև։ Այս տեսակետից ուշագրավ է, որ Ալիշանը, նախ քան «Նահապետի երգեր» -ը հրատարակելը, հանդես է եկել որպես ժողովրդական բանահյուսության, մասնավորապես պոեզիայի առաջին գնահատողներից մեկը մեր իրականության մեջ. այսպես, 1845 թ. «Բազմավեպ» -ում տպագրված «Ռամկական երգեր» խորագիրը կրող հոդվածում նա գրում է. «Ռամկական երգը ազգային ոգվույն մեկ ձայնն է, որ շատ հեղ ուրիշ կողմանե մեռած կամ մարած ատեն ալ, դեռ այսպիսի երգոց մեջ կենդանի կմնա, անոր համար՝ ազգային երգ ալ կըսվի... Այսպիսի երգերը շատ անգամ ավելի լավ կիմացնեն ազգի հանճարը, քան թե ծանր գրվածքները, և կգտնվեն անոնց մեջ անանկ սքանչելի զուրցվածք, որ միայն իրենց ռամկական անունին համար հասարակ բան կկարծվին, բայց ճշմարտությամբ գերագույն գրվածոց կարգը անցնելու են»: Այնուհետև, մեջ բերելով «Ողբ կաքավու» («Նստյալ կայր ու լայր կաքվուկն...») երգը, ավելացնում է. «Կհամարձակիմ ըսելու, թե այս երգս անոնցմե մեկն է, որոց վրա չկրնար մեկը բան մը ավելցնել կամ պակսեցնել, և կրնա գեղեցիկ օրինակ մը ըլլալ նաև օտար ազգաց, միայն թե հայերենին քաղցրությունը կարելի ըլլա պահվիլ, որ անկարելի է. և կարծեմ՝ ավելի վսեմ հայկական լեզվով ալ գրված րլլար նե՝ նույն աղվորությունը չէր ունենար» ։ Ապա «ուսումնասեր և ազգասեր ընթերցողներին» կոչ է անում գրի առնել, հավաքել Հայաստանի այլևայլ գավառների մեջ երգվող ժողովրդական այդ երգերը, «վասնզի անոնցմե կրնան շատ մարգարիտներ ելլել, և թերևս ատենով հայոց գրականության տաճարին մեջը պատվավոր տեղ մը ունենալ» *: Ինքը՝ Ալիշանը, Վենետիկի, Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի մատենադարանների հայկական գրչագիր մատյաններում տարբեր ժամանակներում գրի առնված ժողովրդական երգերը ի մի հավաքելով, 1852 թ. հրատարակում է մի ժողովածու, հայերեն և անգլերեն, «Հայոց երգք ռամկականք» խորագրով։ Ժողովածուն պարունակում էր 19 զանազան երգեր, այդ թվում նաև հետագայում համազգային հռչակ ստացած «Կռունկ, ուստի կուգաս ...» -ը:


    

________________
     * «Բազմավեպ», 1845, ապրիլ 1, N7, էջ 109—111 (ընդգծումներն իմն են-Ա.Ի.):
     ________________


    

Ալիշանն առաջիններից էր նաև, որ ձգտելով հասկանալի լինել ժողովրդին քաղաքացիական իրավունք տվեց ժողովրդական լեզվին, օգտագործելով վերջինիս հարուստ բառապաշարը և գեղարվեստական պատկերավորման միջոցները։ Ալիշանի դժբախտությունն էր, սակայն, որ նա, մանկությունից վանքում մեծացած լինելով, կտրված էր աշխարհաբարի բուն աղբյուրից՝ ժողովողից. այդ է պատճառը, որ նրա լեզուն արհեստական է։ Միք. Նալբանդյանը մասնավորապես նշելով Ալիշանի լեզվի այդ թերությունը, գրել է. «...Նահապետի անունով գրվածքը, թեև աշխարհաբար, բայց շատ հաղթահարված հին լեզվից (գրաբարից-Ա. Ի.), և նմանել ցանկանալով մեծ Հայաստանի լեզվին, շատ անգամ մեջ խառնած այնպիսի տեղական բառեր, որ շատ սակավ էին գործածվում։ Հայր Ղևոնդ Ալիշանյանցը ունի բանաստեղծական քանքար, և այդ քանքարը կարող էր ավելի պարզ և վառ երևիլ, եթե աբեղայական սևաթույր վերարկուն չլիներ խափանառիթ» *:


    

________________
     *Միք. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հատ. I, էջ 430 (ընդգծումն իմն է —Ա. Ի.) ։
     ________________


    

Սակյն, չնայած Ալիշանի լեզվի էկլեկտիզմին, նրա լավագույն բանաստեղծությունները մտան ժողովրդի մեջ և, ինչպես Նալբանդյանն է նշել, «ջերմացուցին շատ սրտեր Նահապետի անունի վերա» ։


    

Արդ, ինչո՞վ բացատրել այդ ուշագրավ երևույթը։ Նախ՝ նրանով, որ «Նահապետի երգերը», որքան էլ հին լեզվից հաղթահարված լինեին, այնուամենայնիվ աշխարհաբար էին և մատչելի՛ ժողովրդին։ Երկրորդ՝ ոչ-նվազ կարևոր հանգամանքը նրանց հայրենասիրական-մարտական պաթոսն էր, որ, ինչպես վերը նշվեց, համապատասխանում էր ժամանակի ոգուն:


    

«Նահապետի երգեր» -ի հիմնական բովանդակությունը ազգային ինքնաճանաչման և ազատագրության գաղափարն է, սերն ու կարոտը դեպի հեռավոր հայրենիքը, օրինական հպարտությունը հայ ժողովրդի հերոսական անցյալի, նրա նյութական ու հոգևոր բազմադարյան կուլտուրայի նկատմամբ.


    

Մի առանձին հմայք ունեն հայրենի երկրի բնությանը նվիրված Ալիշանի թախծոտ ու սրտամորմոք երգերը՝ «Հայոց աշխարհիկ», «Հրազդան» և «հայ հայրենիք» ։ Այս էրգերում առանձնապես ուժեղ է արտահայտված պանդխտության ցավատանջ զգացումը, որ խորապես ապրել է ինքը՝ «Մեր միշտ պանդուխտ ալևոր Նահապետը» (Հովհ. Թումանյան):


    

«Հրազդան» -ը՝ իր հայրական տունն ու այգին, իր սիրած աղջկան՝ «աչքի լույս» - Խանդուկին և ընկերներին կորցրած պանդխտի սրտահույզ զրույցն է հայրենի գետակի հետ, որ բաժանում է նրա վիշտը և լուռ արտասվում.


    

Ա~յ Հրազդան, ա~յ ջուրք հայրենիք,
     Ա~յ ափունք, է՞ր լայք լըռիկ...
     Դուք կարկըջիկդ է՞ր եք մոռցել,
     Ծիծղան երեսդ է՞ր սուգ ունի...


    

Մեր դասական գրականության մեջ պանդխտությանը նվիրված լավագույն բանաստեղծություններից մեկն է «Հրազդան» –ը, իր անմիջականությամբ նույնքան հուզիչ, որքան և մեր ժողովրդական պանդխտի երգեբը:


    

«Հրազդան» -ի էլեգիական տրամադրությանը հակակշիռ է «Հայ հայրենիքը» ՝ իր պայծառ լավատեսությամբ, առույգ տոնով։ Դա խանդավառ գովք է հայրենի երկրի բնության։ Գեղեցիկ է հայկական լեռնաշխարհի արևածագի նկարագրությունը, որ տրված է պայծառ գույներով ու երաժշտայնությամբ.


    

Առավոտուն դըռնակն է բաց,
     Ե՛լ ե՛լ, արևդ Հայաստանյայց:
     ... Ահա ելներ արևն ՅԱՄՊՈՑ,
     Վարդ կու թափեր ՅԱՇԽԱՐՀՆ հայոց,
     Ցողըն տեղայր զով ու սիրուն,
     Զինչ մարգարիտն ի սադափուն.
     Կարմիր, կանաչ, ծին ծիրանի
     Գոտի ածվեր Հայաստանի:
     Լերանց սարերըն բարձրածայր
     Ոսկի պըսակ եդան հավսար.
     Հայոց գետերն հազարավոր
     Իջանեին ճաճանչավոր։
     Հազար թե գետ, բյուր թե առվի,
     Հայոց ծովակքն այլ ավելի...
     Աճա՛ վտակունք կըր՚կըջային,
     Ձորն ու հավիտ արբենային.
     ՅԱՄԵՆ կաթեն աստղիկ ծըներ,
     ՅԱՄԵՆ ծընեն ծաղիկ ծագեր...


    

Հայաստանը իրականության մեջ չտեսած, բայց ստեղծագործական զորեղ երևակայությամբ օժտված բանաստեղծը հայրենի բնության գունեղ ուս


    

միաժամանակ հուզաթաթավ նկարագրությամբ ժամանակակից սերունդը տոգորում էր հայրենասիրությամբ, արթնացնում էր ակտիվ, ներգործուն վերաբերմունք հայրենիքի քաղաքական ճակատագրի, նրա ներկայի և ապագայի նկատմամբ։


    

«Հայոց աշխարհիկ» բանաստեղծությունն սկսելով հայրենի բնության գովքով՝ Ալիշանը մանուկ սերնդին կոչ էր անում սիրել հայրենիքը, հավատարիմ մնալ նրան.


    

Ձեզ կասեմ մանկունք սիրունք, նազելիք,
     Որոց է բնական Հայոց աշիւարհիկ,
     Մ' ուրանայք զերկիրգ ու զազգըդ սիրուն,
     Ծառն՝ արմատով ծառ, տունն հիմամբն է տուն...


    

Այնուհետև հիշեցնելով, որ Հայկ նահապետի օրերից Հայաստանի սարերն ու ձորերը ներկված են արյունով, թվարկում է Տրդատի ու Տիգրանի, Վարդանի ու Վահանի, Աշուոի ու Սմբատի և շատ ուրիշների սխրագործությունները: Անցյալի այս ֆոնի վրա բանաստեղծը պատկերում է հայրենիքի մռայլ ներկան.


    

Բայց ափսո՜ս հիմա, որ չար թըշնամիք
     Իսկի չեն խնայել Հայո՜ց աշխարհիկ,
     Զազգն ընչոք ռեղոք քանդել ու գերել,
     Դեմ չորս հովերուն տըվել ու ցրվել։
     Ավա՜ղ քեզ, ավա՜ղ, Հայոց աշխարհիկ,
     Տուն երկնանման, փըլած տաղվարիկ...


    

Բանաստեղծը, սակայն, լավատեսորեն է տրամադրված իր հայրենիքի ապագաի նկատմամբ։ Իր երգը, որ սկսել էր գարնան նկարագրությամբ, ավարտում է այն հաստատ հավատով, որ մի օր բացվելու է Հայաստանի գարունը.


    

Ամպն ու փոթորիկ շուտով վերանա,
     Նոր արև, գարուն, ծառն ու այգի գա։
     Արմատք հին՝ նոր ճյուղ, հին ճյուղք՝ նոր ծաղիկ
     Ընծայեն թնության, Հայոց աշխարհիկ...
     Որք խելոք սիրով կան զինչ աղբըրիկք,
     Տեսնեն քո գարունդ, Հայո՜ց աշխարհիկ...


    

Եվ այդ Ժամանակ ծեր Նահապետն էլ հանգիստ շիրիմ կմտնի՝ հայոց աշխարհի վերակենդանության ավետաբեր լուրը նախնիներին հաղորդելու: Այս հավատով էլ ավարտվում է բանաստեղծությունը։


    

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման նկատմամբ Ալիշանի դիրքորոշումը պարզաբանելու տեսակետից խիստ ուշագրավ է «Մասիսու սարերն» բանաստեղծությունը, որը, ինչպես վերը նշվեց, գրված է 1849 թ. մարտին, այն օրերին, երբ իտալացի հայրենասերները Վենետիկի փողոցներում հերոսական մարտեր էին մղում ավստրիական լուծը թոթափելու համար:


    

Բանաստեղծությունը կառուցված է Փոքր և Ավագ Մասիսների միջև տեղի ունեցող երկախոսության վրա: Փոքր Մասիսը տարակուսանք է հայտնում հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույնությունը վերականգնելու նկատմամբ.


    

Թե՛ փառք, թե՛ պարծանք անցել են, գնացել,
     Քո բարձր գըլխեդ ի վայր են սահել...
     Շատ փառք ունեանք, հիմիկ ի՞նչ ունինք,
     Ավա~ղ, լուկ ամոթ, միայն նախատինք...
     Գան, զընան, դառնան ալիք գետերուն,
     Չի դառնար որդվոց՝ պարծանք հայրերուն։


    

Նա ժամանակակից հայերի սրտերը մեռած, սառած է համարում. նա կարծում է, թե հայոց արևն անցել է և «մեզ արևմուտքի լուսիկն է մնացել»: Ավագ Մասիսը փարատում է Փոքրի տարակուսանքը, այնպիսի սառն


    

կրծքեր կան, որ ունեն «սիրտ հրավառ» . քարից կայծ է դուրս գալիս, իսկ կայծից՝ կայծակ. արևը մտած է, սակայն նա նոր լույսով կծագի առավոտյան, ամպն էլ կփարատվի, մրրիկն էլ կդադարի: Հայաստանի ճրագն էլ, որ մարած է թվում, կրկին կվառվի, որովհետև՝ «իսկի անփոփոխ չէ բախտն աշխարհիս» ։ Փոքր Մասիսի աչն հարցին, թե ե՞րբ պիտի վառվեն սրտերը, ե՞րբ պիտի տեսնենք այդ երջանիկ օրերը, Ավագը պատասխանում է.


    

Երբ հետ դարերու առաջին անգամ
     Ես, Ավագ Մասիս, ներսուց որոտամ,
     Կանչեմ ու շընչեմ, արձակեմ ծուխ, բոց,
     Սասանեցնեմ զԱրարատն նայոց,
     Այս ըլնի նըշան նայոց աշխարհին,
     Թե գա ժամանակ, որ գան փառ֊քն այլ հին...


    

Փոքր Մասիսն իր հերթին մյուս սարերին ազդարարում է, թե՝


    

Երբ շարժի Ավագ, շընչե ծուխ ու բոց,
     Նըշան է բարվո Աշխարհին հայոց,


    

Ուշագրավ են բանաստեղծության եզրափակիչ տողերը, որոնցով Նահապետը շարժման է կոչում Ավագ Մասիսին և հայ երիտասարդությանը.


    

Շարժի՛ր, հա՛ շարժիր, Ավագըդ Մասիս,
     Արձան պարծանաց Հայոց աշխարհիս,
     Շընչե՛, հա՚ շընչե, ծըխիկ ծիրանի,
     Որ քո մանկըտյաց հուսո նըշան ըլնի...
     Ահա շարժեցավ Ավագըն Մասիս...
     Ահա շարժեցան դաշտք Արարատա,
     Դուք այլ շարժեցե՛ք, մանկըտիք Հայկա...


    

Մասիսի հրաբխային ժայթքման բանաստեղծական պատկերի մեջ Ալիշանը, անշուշտ, դրել է ապստամբության, ազատագրական պայքարի գաղափարը, որ, ի՛նչ խոսք, իտալական ազգային-ազատագրական շարժման անմիջական ազդեցության արգասիքն էր։ Այստեղ արտահայտված է բանաստեղծի հավատը ժողովրդի ուժերի նկատմամբ, որ թեև թմրած է, բայց մի օր դուրս է հորդելու՝ ինչպես Մասիսի խորքում թաքնված հրաբխային կրակը։ Սակայն, անհրաժեշտ է նկատել, որ նույնիսկ այս բանաստեղծության մեջ «աբեղայական սևաթույր վերարկուն» իրեն զգալ է տվել: Ալիշանը Հայաստանին հասած դժբախտությունները բացատրում էր նրանով, որ հայ ժողովուրդը մոռացել էր աստծուն։ Մասիսի շարժման հետ կապելով Հայաստանի վերանորոգությունը, բանաստեղծը, միաժամանակ, քանիցս խորհուրդ է տալիս «հանդարտ ու խելոք» լինել, «սիրով համբերել» և այլն։ Այնուամենայնիվ, «Մասսու սարերն» բանաստեղծությունը ուշագրավ երևույթ է անցյալ դարի 40-ական թվականների մեր պոեզիայի մեջ:


    

Ալիշանի հայրենասիրական պոեզիան, գրեթե ամբողջությամբ, հյուսված է պատմական հենքի վրա։ Նրա համար պատմությունը ինքնանպատակ չէր. բանաստեղծորեն վերակենդանացնելով հայ ժողովրդի անցյալի հերոսական դրվագները, նա ձգտում էր քաջ նախնիների արիության գործերով ոգեշնչել ժամանակակիցներին, նրանց մղել սխրագործության՝ հանուն հայրենիքի ազատության։ Այս տեսակետից ուշագրավ են «Ճակատամարտ Ձիրաւայ և քաջակորովն Մուշեղ», «Երգ ու գնացք զօրացն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ ի Շաւարշական դաշին վրէժք» («Բա՜մ, փորոտան...»), «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանայ» և, մանավանդ, «Պլպուլն Ավարայրի» պոեմը, որի հմայքը մեծ է եղել ժամանակակիցների համար և որը ներշնչել է Ռ. Պատկանյանին՝ գրելու իր «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը:


    

Ալիշանի սիրած ձևը դիմառնությունն է։ «Պլպուլն Ավարայրի» պոեմում նախ դիմելով լուսնին («Ո՞նց գաս իմ լուսնակ, հեզիկ ու հանդարտ...»), ապա Տղմուտին («Դու այլ, ո՛վ Տըղմուտ, տրտում ու արյունոտ...»), և սոխակին («Ո՜հ, դու բարեկամ այրած սրտերու...»), բանաստեղծը խորհրդածում է Ավարայրի հերոսի (Վարդան Մամիկոնյանի) և նրա երգչի (Եղիշեի) մասին, որից հետո սկսում է պոեմը։ Նա նկարագրում է Ավարայրի դաշտը ճակատամարտի նախորդ գիշերը, և ապա՝ ճակատամարտը.


    

... Երթալով երթան ձայնքըն գորանան,
     Շեշտակի շաչյունք լըսվին աղեղան,
     Ահեղ կոփկոփյունք վահան ընդ վահան,
     Նետք, նիզակք թափին անձրևի նըման.
     Բլրաձև փըղաց ոտքերուն գարգափ,
     Աշտարակազարդ բըրգոք քերդակապ՝
     Դաշտաց ու լերանց արկանեն սարսափ,
     Երկիրն ի հիմանց տա դղորդ ու կափկափ...


    

Վարդանը և. իր զինակիցները թշնամու գերազանց ուժերի, դեմ մարտնչում են արիաբար։ Ավարայի կտրիճներից ոչ ոք թիկունքից հարված չի ընդունում. նրանց կրծքերից բխած վարդագույն արյունը վկայում է քաջերի արիությունը և հայրենյաց սերը։


    

Վարդան Մամիկոնյանի կերպարը Ալիշանը պատկերել է վառ գույներով օգտագործելով ժողովրդական ստեղծագործության արտահայտչական միջոցները, հիպերբոլիկ համեմատությունները.


    

Սև զրեհոք հեծած ի սևն երիվար,
     Գայր ջինչ սաստկորոտ ամպ մըրըրկավար.
     Սուսերն անագին ջինչ կայծակ շողայր,
     Քան զայն ահեղ՝ մահ իսկ ոչ երևար.
     Զինչ հրդեհ բըռնած յանտառի ծայրեն
     Չի դադրի՝ մինչ փայտ չի լափե զամեն...
     ՅԱՋ ու ձախ զարներ, փըռեր ու անցներ,
     Զանտառ զորքերուն՝ ՅԱՆԱՊԱՏ փոխեր...


    

Վերջում բանաստեղծը նկարագրում է Ավարայրի դաշտը Վարդանի մահվան հաջորդ գիշերը, երբ Եղիշեն, դիակների մեջ շրջելով, փնտրում է Վարդանին։ Մի պահ ընդմիջելով՝ Ալիշանը պատմում է Վարդանի և Եղիշեի մտերմությունը, նրանց փոխադարձ սերը, մեկի արիությունը, մյուսի բանականության ուժը, որ, իրար լրացնելով, մի վեհ նպատակի՝ հայրենիքին էին ծառայում:


    

Պոեմն առատ է քնարական զեղումներով, որոնցով բանաստեղծն իր վերաբերմունքն է արտահայտում նկարագրվող դեպքերի նկատմամբ, այսպես, օրինակ, Վարդանի զինակիցների մահը պատկերելով՝ նա բացականչում է.


    

Վասըն քո ընկան, Աշխարհ իմ հայոց,
     Կըտրիճք աննմանք վեհք հյուսիսայնոց...


    

Պետք է նշել, որ Ավարայրի հերոսամարտին նվիրված այս պոեմու Ալիշանը շեշտել է նրա ո՛չ թե կրոնական, այլ քաղաքական-ազատագրական բնույթը։ «Պլպուլն Ավարայրի» պոեմի հիմքում բանաստեղծը դրել է հայրենիքի ազատության և անկախության համար ընկած հերոսի անմահության գաղափարը.


    

Թե բյուր դարք անցնին՝ դու մընաս, Վարդա՜ն,


    

բացականչում է Ալիշանը՝ Եղիշեի բերանով։


    

Ճիշտ է, Ալիշանի «Նվագներ» -ի մեջ կան ազգային սնապարծության տարրեր, սակայն, նրա ազգասիրությունը ագրեսիվ չէ։ Նա երգում է հայ ժողովրդի մղած պաշտպանական, ազատագրական պայքարն ընդդեմ օտար նվաճողների, հանուն հայրենիքի ազատության։ «Մեր ազգային զենքը պաշտպանական է և ոչ թշնամական», — ասում է նա։


    

Լավ քաղաքացի լինելու համար լավ պետք է ճանաչել հայրենիքը, քննել, ուսումնասիրել նրա անցյալն ու ներկան: Այս համոզմունքով էլ Ալիշանը գրել է Հայաստանի պատմությանը և աշխարհագրությանը նվիրված իր նշանավոր երկերը, որոնք ոչ-նվազ, քան «Նահապետի երգերը», տոգորված են ջերմ հայրենասիրությամբ:


    

Խոսելով ազգային-պատմական հուշարձանների մասին՝ Ալիշանը նկատում է, «Ո~հ, երբ այսպիսի հիշատակաց վրա շարժի գրիչն չի կրնար գոնե կարծեր չցատքեցնել. պատմիչն հանկարծ վիպասան կըլլա, բանադատն` բանաստեղծ...»:


    

Եվ իրոք, հայագիտական իր աշխատություններում պատմիչ ու «բանադատ» Ալիշանը երբեմն դառնում է վիպասան ու բանաստեղծ։


    

Ալիշանի «Նվագներ» -ը, հատկապես «Երգք Նահապետի» շարքը կազմող ստեղծագործությունները, նշանակալից չափով նպաստել են հայ բանաստեղծական կուլտուրայի զարգացմանը։ Օգտագործելով միջնադարյան տաղերգության և ժողովրդական պոեզիայի մշակած գեղարվեստական ձևերը, Ալիշանը նշանավորեց հայ բանարվեստի մի նոր աստիճանը, որն իր հետագա, ավելի բարձր զարգացումը պիտի ապրեր Պեշիկթաշյանի, Դուրյանի և Հովհաննիսյանիստեղծագործությունների մեջ։


    

Իրավացի էր Նալբանդյանը, երբ նշում էր, թե Ալիշանը «չափաբերական քերթվածոց մեջ ախոյան չունի» ։ Ավելի քան կես դար հետո, Վ. Բրյուսովը «Հյաստանի պոեզիան» անթոլոգիայում գրում էր, թե «Ալիշանի բանաստեղծությունները տեխնիկայով հասել են բարձր կատարելության, և մինչև այսոր նրա երկերը, որպես անկեղծ և գողտրիկ ներշնչումներ, սիրված են ընթերցողների նշանակալից մասի կողմից» *


    

Ինչպես ցույց է տվել Մ. Աբեղյանը, կարևոր է եղել Ալիշանի դերը նաև հայ պոեզիայի մեջ տաղաչափական ձևերի զարգացման մարզում**:


    

________________
     * "Поэзия Армении", Москва, 1916, էջ 66:
     ** Մ Աբեղյան, Հայոց լեզվի տաղաչափություն, Երևան, 1933, էջեր 195-209:
     ________________


    

Անկասկած, Ալիշանի գրական ժառանգության ստվարածավալ հատորների ժամանակակից ընթերցողը հեշտությամբ կնկատի վանական միջավայրի և կրոնական աշխարհայացքի դրոշմը նրա ինչպես հայագիտական, այնպես էլ գեղարվեստական երկերի վրա: Ալիշանը կանգնած էր իդեալիստական պատմահայեցողության դիրքերի վրա։ Բավական է ասել, որ հայ ժողովրդի պետական անկախության կորուստը նա լրջորեն համարում էր «աստվածային պատիժ» և հավատում էր, որ «աստծու կամքով» կործանված հայ պետականությունը նույն «աստծու կամքով» էլ կվերականգնվի: Վճռականորեն մերժելով Ալիշանի աշխարհայացքի ռեակցիոն կողմերը` հայ ժողովուրդը ըստ արժանվույն գնահատում է ականավոր գիտնականբանաստեղծի խոշոր ավանդը, որ թողել է նա մեր կուլտուրայի գանձարանում։


    


    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10130 | 0 | 0
Facebook