Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
11:47, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ /պատմվածք/

-Բախտ բաժանո՜ղ…

Մատներն անզգայացել, չէին առնում ջրի սառնությունը, մտքի ետքից ընկած՝ ձեռքը երկարում, մեքենաբար վերցնում էր հերթական պնակը, սպունգով օճառելուց հետո պահում ծորակի տակ, դնում մի կողմ:

Դարձյալ մի քսան րոպե և կպրծնի: Մնում էին դանակ-պատառաքաղները, որ հա ձեռքի տակ ընկնում, աղմկում էին, գավաթները՝ չեղածի հաշիվ:

-Անտեր մնաս…

Անտեր մնացածը հարբուխն էր: Թե որտեղից աշուն օրով եկավ, կպավ քառասնօրական փոքրիկին, պոկ չի գալիս:

Արաքսը թողեց աման-չամանը, մոտենալով կիսապատուհանին՝ ականջը պահեց: Թնկթնկոց էր գալիս, որ դեռ լաց չէր: Դեմքը հպեց ապակուն: Երեխան քնի մեջ դեսուդեն էր շարժում գլուխը: Տպավորությունն այնպիսին էր, թե քոր ունի:

-Քոռանամ ես, -հետո չբավարարվեց: -Մերդ քեզ մատաղ…

Դանակ-պատառաքաղները, գդալները վերստին զարկվեցին իրար, սպունգը փրփրակալեց, պնակները, գդալները չրխկացին, ջրի պաղությունը փոխանցվեց ձեռքերին, արյանը, առավոտից դատարկ ստամոքսին: Նույնպիսի մի սառնություն բետոնակուռ հատակից ոտքերով, ազդրերով ելավ, հասավ կոնքերին. դեռևս չապաքինված արգանդը կցկվեց, մզզաց, ու Արաքսը, չիմանալով ցավը որտեղից է, երկտակվեց:

-Օ՜ֆ…

Պատշգամբի արևոտ մասում աթոռակ կար, նստեց, գլուխն առավ ափերի մեջ: Փայտից արտածվող ջերմությունը դուրեկան էր: Էլի կնստեր, բայց ծորակը բաց էր թողել, ու խիղճը տանջում էր, հետո աղմուկը՝ չը՜ռ… Իրեն ստիպելով ելավ, անջատեց: Այդ պահին էլ հիշեց քաղաքային ծրագրով նախորդ օրը դիտած հաղորդումը ջուրը չվատնելու, կարիքավորների սիրով օգտագործելու անհրաժեշտության մասին: Էկրանին պես-պես խոհանոցներ էին, լոգասենյակներ ու կանայք՝ դժգոհ, որ թղթակցին վրա տվել, խեղդում էին:

-Հղփացածներ…

Պալատներում ապրում են, բայց թե, տե՛ս, իրենց հաշվով քիչ է: Էն մեկը՝ թավշյա խալաթով… Կյանք չէ, քաշածներս օր չէ, -ասում էր:

-Պա՛հ, պա՛հ… Բա որ մեր տեղը լինեի՞ր, էդ ժամանակ Աստված գիտի ոնց էիր պտպտալու…

Ո՞վ գիտի, որ գյուղից է: Եկան, տունուտեղի տեր դարձան, կլորփոր ամուսիններին դրին կողքները, իսկ իր նմանները՝ քաղաքում մեծացած, մնացել են բներում, առնետներին ընկեր:

-Քամբախը չքանդեցին...

Տերն ո՞վ է: Էնքան ապրի՜, ոսկորներդ փափկեն, աղակալեն ու անձրև օրերին մռմռան, կսկծից կորվես, ինչպես պատկից հարևանը, ում բոռոցը, երբ ցավը բռնում է, ասես, իրենց ննջասենյակից գա:

-Անտեր պատի ճղոնն էլ քանի գնում մեծանում է, մի օր փուլ չգա՞, մնանք տակը…

Կյանքները գնաց սպասելով: Մի բերան նույնն են ասում՝ եկող տարի: Աղջկա՝ Արփիկի հասակին էր, որ եկան, գրանցումները ճշտեցին ու թե՝ էս է, տուն կտանք, հոգիներդ կազատեք: Գնացին և էն գալն էր, որ պիտի գան: Ասում են՝ տեղը ճանապարհ պիտի գցեն: Շրջանցիկ է անունը: Բայց ե՞րբ, մինչև էս մե՞կն էլ ռախիտ ստանա, հիվանդանոցներն ընկնեն, հույսը ծովափը, աղաջուրն ու ավազը մնան:

Խելոքը Վանոյենք էին. փող խաղացրին /Աստված գիտի, որքան/ ու ստացան: Սև գրողին հեռու չէ: Հո՞ խոնավությունից պրծան, առնետ, խավարասեր ոտքի տակ, սեղանին չեն, զուգարանից մարդավայել օգտվել կա: Ամուսի՞նը...

-Խե՜ղճ Սուրեն...

Սուրենն ի՞նչ անի, նրան էդքան փող որտեղի՞ց: Ունենային, էն է, կոոպերատիվ կգրվեին, կպրծներ, կգնար: Իրենցը բողոքելն է, գրելը շրջանային ու քաղաքային մարմիններին, գերագույնին... Բայց թե գրելուն ո՞վ է նայում: Հրեն, վթարայինի թուղթը մաշվել, քրքրվել է: Ասում էին՝ փաստաթուղթ լինի, կտանք: Հինգ տարի առաջ /էդքան գրելուց հետո/ հանձնաժողով ուղարկեցին: Եկան, տեսան, թուղթը, ճիշտ է, զոռով /երևի մտքներին փող աշխատել կար/ տվեցին, բայց ի՞նչ: Հերթի են դրել: Հարյուր հիսուներորդն են:

-Չբռնեմ ու վառե՞մ...

Մեկից հայտնված միտքը մեղվաճանճի պես տզզաց, տզզաց և երկու-երեք պտույտ կատարելով գլխավերևում, հիմնավոր նստեց: Նստեց, մնաց:

-Գրողի ծոցին...

Հրեն, Ցախի թաղը այդպես չարե՞ց. հիմա բոլորն Ավանում են՝ տունուտեղ, օրումեջ տաք ջուր... Գործածներն էլ գազ չէ - էլեկտրականություն՝ ոչ ծուխ, ոչ օճորքի մրոտել, պայթելու վտանգ: Անմիջապես ապահովում են: Առաջնահերթ է կոչվում, թե՞ արտահերթ... Նման մի իրավունք տրվում է, հաշվում են բնական աղետ: Մենակ թե չբռնվես, չիմացվի: է՛հ, ասելն է հեշտ: Ու՞մ ձեռքը կգնա: Lավից, վատից տուն է դրել, անցյալ տարի գորգ առան, ապառիկով հեռուստացույց՝ յոթ հարյուր ռուբլիանոց: Իսկ եթե արժեքավոր բաներից որոշները ուրիշի տուն տանե՞ն, ասենք՝ Սուրենի եղբոր...

-Գորգն է, հեռուստացույցը: Ուրի՞շ...

Տեղաշորերը բրդից են՝ վերմակ, ներքնակ, ամեն մեկը՝ 300-700 ռուբլի: Չէ, այդպես չի կարելի, հիմար հո չե՞ն: Չե՞ն ասի՝ ու՞ր է անկողինը, դուք ինչի՞ վրա եք մինչև այժմ քնել: Հետո՝ հերիք է մեկնումեկը թույլբերան խոսք հասցնի: Միամտորեն չէ, հենց լավ էլ գնա ու պատմի: Ո՞վ: Ի՜նչ իմանաս, էնքան թշնամի, չուզող կա՜: Ինչ կանե՞ն - տուն չեն տա՝ մեկ, բանտ կնստեցնեն՝ երկու, արար աշխարհի առաջ խայտառակ կլինեն՝ երեք, ունեցած-չունեցածից կզրկվեն՝ չորս Էլի՞ շարունակի. Սուրենն առողջություն չունի, անտերանոցում չի դիմանա՝ հինգ... Սպասիր, սպասիր, էդ ինչու՞ դու չէ, որ Սուրենը: Նախ՝ նրան այդ մասին ոչ մի խոսք - հաստատ չի համաձայնի, կզայրանա, դեռ հայտնի չէ, ինչ օյիններ դնի:

-Չբաժանվի՞ հանկարծ սրտաչմեռը...

Լացի ձայն առնելով՝ Արաքսը գլխից քշեց հիմար խոհերը, տուն մտավ: Թորգոմիկի ճակատին քրտինք կար, դեմքը լարումից կարմրել, սևին էր տալիս: Արագ-արագ քանդեց, թեթև գոզահոտին խառնված շոգին շնչելով փոխեց տակաշորերը, վերստին բարուրեց: Երեխան շարունակում էր ճչալ: Արձակեց կոճակները, ստինքը շտապով բերանը տարավ:

-Թագավորս…

Ի պատասխան, մանուկը լեզվով պտուկը դուրս հրելով՝ կոպերի տակից նայեց մորը: Դժգոհություն, խռովք կար դեմքին, որը պահ անց փոխարկվեց թնկթնկոցի:

-Ի՞նչ եղավ, չէ՛, չէ՛…

Արաքսը ներբանով թեթևակի դիպավ էլեկտրափոխարկիչի սեղմակին, սակայն ձեռքը, որ միաժամանակ երկարել էր՝ միացնելու հեռուստացույցը, օդում արձանացավ: Ականջ պահեց: Ուղեղի ծալքերից մեկում դզզոց կար. մեղրաճանճն էր

-Սրտախորովը որտեղի՞ց եկավ…

Երեխան կշտացել, մեղուկ ժպիտը երեսին՝ ննջում էր: Դրեց մահճակալին, մոտեցավ, քաշեց դարակներից ներքևինը. լույս չեղած օրերի համար մոմ էր պահում:

-Ինչ լինում է, թող լինի…

Գործիքների արկղում գտավ պտուտակիչը: Հեռուստացույցի որովայնը բացելը ահագին ժամանակ խլեց. ակոսաձև գամերը երաշխիքային արհեստանոցի վերջին վարպետը հիմնավոր պնդել էր: Փոշի կար լամպերի վրա, խճողված տարագույն լարերին: Մարդ իմանար՝ որը ինչին միացնի: Բացահայտելու հնար բացարձակապես չկա: Գունավոր հեռուստացույցների հետ հաճախ է պատահում: Հանկարծակի սկսում է ծխալ, հետո բոց է հայտնվում, ճայթյուն լսվում… Քանիսի՜ց է լսել: Ինչ է պետք անել նման պարագայու՞մ: Ջուր շաղ տալ կտրականապես արգելվում է: Երևի պիտի նախ՝ անջատել հոսանքը, հետո շորից-բանից տակնուվրա փաթաթել, մեկնումեկի հետ դուրս հանել:

-Բա որ պայթի՞ հանկարծ…

Էհ, իր ի՞նչ մտածելու բանն է: Թող ցրիվ գա, հազար փրթիկ լինի, բոցը ելնի վարագույրներն ի վեր, բռնի առաստաղը, ցած իջնի, սողա հատակի որդնկեր տախտակների վրայով, նկուղից ելնող ժանգակեր խողովակում պաղպաջուն ջուրը եռ գա, թշթշոցով դուրս տա ծորակից, ճարճատել սկսեն նվեր ստացած բյուրեղապակյա սկահակները, որ այդպես էլ բանի պետք չեկան, հրո ճարակ դառնան պահարանի աչքերում գուրգուրաքով դարսած սփռոցները, հնդկական անկողնակալը…

-Գոնե լենուբոլ գործածած լիներ…

Ու՞մ ցույց տար, կամ որ փռեր՝ ի՞նչ, մեկ է, էս տանը բան չի երևում: Եկող էլ չկա: Ի՞նչու գան: Ճնշվում եմ, խղճի խայթ զգում, -մի օր խոստովանեց տեգրը: Կշտամբելու չէ: Գիշեր-ցերեկ կանգնած մգլահո՞տը պիտի գրավի, որ դուռ-լուսամուտ բաց պահելու դեպքում անգամ չի անցնում, սնկակեր պատե՞րը, ննջարանից կախ ընկած առաստա՞ղը, որը, թվում է, հրես, հրես փուլ կգա, կթափվի, կիսախավա՞րը, որ ստիպում է մինչևիսկ օրը ցերեկով, արև ժամանակ լույսը վառ պահել: էհ, ո՞ր մեկն ասի:

-Պրծնենք, թաք պրծնենք…

Մոմը դանակով կես արեց, մտցրեց բարալիկ լարերի խրձի տակ: Մեծ էր, ավելի կարճեց՝ թողնելով փոքրիկ կտոր: Մնում էր լուցկին տալ կերոնին, շտապով տեղը դնել հետնապատը և… միացնել: Մեղրաճանճը խելագար դզզում էր, պարտադրում արագ վճիռ կայացնել: Ուրեմն այսպես՝ հենց ծուխ հայտնվի, վերցնում է երեխային, թռչում դուրս: Օգնությու՜ն, -բղավում է: Մինչ հարևանները գլխի կընկնեն ինչն ինչոց է, կրակն իր գործը կանի: Սպասիր, բա որ շուտ վրա հասնելով հասցրին հանգցնե՞լ: Չէ, խելազուրկ տարբերակ է: Փողոցում տղամարդ, ճիշտ է, գրեթե չկա /աշխատանքային ժամ է/, բայց կանանց չգիտի՞…

-Մեղա քեզ, տեր Աստված…

Գոնե մատանիները վերցնի: Զարդատուփում են: Իսկ ներքնակի տակ ութսուն ռուբլի կա. Սուրենի ռոճիկն է, երեկ բերեց: Հա, անձնագրերը, ծննդյան վկայականները նմանապես կարևոր են: Շա՜տ կարևոր: Ընթացքում հագնվեց, որպեսզի երեխան չմրսի, փաթաթեց վերմակով, գտավ կողպեքը, բանալին: Պատուհանը բաց էր, գոցեց, ամրացրեց հետնապատի պտուտակներից մեկը, մյուսները պատաստ պահեց ձեռքի տակ: Հեռուստացույցը վերջին պահին վճռեց միացնել: Շունչը կտրվում էր: Հուզմունքից է, -գլխի ընկավ: Սեղանին գավաթով ջուր կար, կում արեց, ձեռքը տարավ լուցկուն…


    

-Էս ու՞ր, -պարսպին թիկն տված հարևանի տնվորն ուղղվեց:

-Պոլիկլինիկա, -Արաքսը ջանաց ժպտալ:

-Չանցա՞վ, -Հրաչը ետ տարավ վերմակի անկյունը, որ կիսով չափ ծածկում էր փոքրիկի դեմքը: -Թորգոմի՜կ…

Չէ, -Արաքսն ստիպված էր կանգնել: -Թոքաբորբի կասկած ունեմ:

-Տաք պահիր, -կենվորը շուրջը նայեց: -Տաքսի կանգնեցնե՞մ:

-Ոտքով կգնամ, շնորհակալություն, -Արաքսը խուսափում էր տան կողմը նայել:

-Հրեն, տրոլեյբուսը գալիս է: Երկու կանգառ ինչու՞ չարչարվես, -տնվորը գիտեր դրամի հարգը և տաքսու համար չպնդեց:

-Հեռուստացույցն ինչպե՞ս է, հո էլի չի՞ փչացել:

-Չէ, - Արաքսն անբնական ժպտալով՝ արագաքայլ դիմեց կանգառի կողմը:

Հարցից սահմռկած էլ բարձրացավ տրոլեյբուս: Ազատ տեղեր շատ կային: Նստեց, փութով թուլացրեց վզնոցը. Օդը չէր հերիքում: Չլինի՞ մատնեց իրեն, կամ թե՝ տեսած լինի, ականջ պահած, ծխահոտ առած: Որքան էլ համոզում էր, որ հարցը հետին մտքով չտրվեց, իրենց հեռուստացույցի «թուլակազմ» լինելը ողջ թաղը գիտի, պայծառատեսներ հիմա չկան, չեն մնացել, կասկածամտանքը վանել չէր լինում:

-Հերն էլ անիծած…

Հարկ կլինի բացատրություն գտնել, պաշտպանվել, արդարանալ, եթե բանը դրան հասնի: Բայց դժվար. Հրաչն այդ մարդը չէ: Եթե հաստատ իմանա էլ, կլռի: Հոգսը նրան ևս հարազատ ստվերի պես շարունակ հետևել է: Հետո՝ մարդկանց այն տեսակից է, ովքեր դրանից ոչ թե չարանում են, այլ, հակառակ, դիմացինին նեցուկ են լինում, որովհետև գիտեն՝ սխալ քայլը հարկադրաբար է արվել, կարիքի թելադրանքով, տառապանքի, լլկանքի արդյունք է, կյանքի մամլակի տակ տևաբար մնալու:

-Ձեր տոմսը…-ոտքը գետին չդրած՝ մեկը կանգառից առաջանալով՝ կտրեց դեմը:

Արաքսն անակնկալի եկավ:

-Տուգանված եք, -կինը քանդեց ստացականների տրցակը:

Տրոլեյբուսը հակառակի պես չէր շարժվում: Ոմանք գլխի ընկել, ապակիների այն կողմից ակնդետ հետևում էին: Բարուրած Թորգոմիկը խանգարում էր:

-Դու հանիր, այստեղ է, -ամաչում էր շուրջը նայել:

Կինը փափկեց.

-Լավ, գնա՛, գնա՛…

-Չէ, Ինչու՞, -Արաքսը վիրավորվեց:

-Երեխային խաթր եմ անում:

Արաքսն ընթացքում կարողացավ մի կերպ հանել փողը:

-Վերցրեք, -ձայնում թեթև չարություն կար:

-Մի նեղսրտիր, գործ է, անում ենք: Կարծում ես, մեզ մայր չի՞ բերել: Անունն ի՞նչ է:

Թորգոմ:

-Ախպորս անունն է: Հորով-մորով մեծանա: Ինչքա՞ն է:

Քառասունքը կիրակի լրացավ:

-Լողացրի՞ր:

-Բա ո՜նց, -Արաքսն առաջին անգամ ժպտաց: Տասանոցը բռում այնպես էր սեղմել, որ չնկատվի, չերևա: -Երևի այդ ժամանակ մրսեց. շատ պահեցի ջրում:

-Քոռանամ ես, բան չկա: Մեր ունե՞ս: Չէ՞: Ասա, սովորեցնող չի եղել: Առաջի՞նն է:

-Աղջիկ էլ ունեմ: Ես գնամ…

-Դուրս չպիտի հանեիր, -կինը կողքանց ուղեկցում էր Արաքսին: -Կնքե՞լ ես:

-Թող լավանա…

-Էջմիածին տար:

-Անպայաման:

Հսկիչը ոտքը կախ գցեց:

Պոլիկլինիկայում քիչ այցելու կար: Կկամենար, իհարկե, շատ լինեին, հոծ շարքով կանգնած, ինչպես շաբաթ օրերին: Հերթ կպահեր, կատարածը տալ-առնելու ժամանակ կունենար: Ասես, ջերմի մեջ ինքը լիներ, ոչ թե երեխան: Պատասխանում էր բժկուհու հարցերին, օգնում բուժքրոջը կամ՝ չափից ավելի փութաջանորեն, կամ թե անբարեկրթության աստիճան ուշացումով, անտրամադիր: Իշխողն անլիարժեքության բարդույթն էր: Բոլորը խաղաղիկ՝ իրենց գործին էին, մինչդեռ ինքը… Որ ասես խղճի խայթ էր զգում՝ չէ, սարսափ՝ նմանապես, այդուհանդերձ զգացողությունն այնպիսին էր, թե օտարված է շրջապատից, վարագույրը հիմա, հիմա կբացվի ու ինքը մերկ՝ կկանգնի մարդկանց առաջ, լուտանքների տարափի ներքո, անկարող այլևս խոսք ասելու, արդարանալու: Երբեմն թվում էր, սուտ է ողջը, լուցկին ինքը չչրթացրեց, վերջին պահին, որպեսզի կրակն արագ բռնկվի, կարի մեքենայի յուղը շաղ չտվեց հատակին, անմիջապես հեռուստացույցի տակ:

Տեսնես բոցն ու՞ր հասավ: Առաջինն ո՞վ հոտը կառնի, թե՞ փողոցից կնկատեն: Շատ չտարածվի՞ հանկարծ, հասնի Վաղիկենց սենյակներին: Աստված ոչ անի: Որքան էլ փլփլած, մարդիկ են ապրում, զրկանքով տունուտեղ են դրել, կարող է մեկնումեկը քնած լինել, երեխա է…

Վախվորած, մեղսագործի տրամադրությամբ հրաշեշտ տվեց բժշկուհուն, բուժքրոջը, դուրս եկավ: Մեկից հարցրեց ժամը: Ընդամենը հիսունհինգ րոպե էր անցել: Հետ գնալ չէր ուզում, մնալ անկարող էր: Ոտքով կհասնեմ, -վճռեց, -երկու կանգառ է:

Քայլում էր, խլշտորած դես-դեն նայում: Անկյունադարձից տունը պետք է երևար, սկզբում՝ Սահակի բետոնե պատշգամբը, որ մայթի հաշվին է կառուցած, անցնելու համար պետք է փողոցի բանուկ մաս իջնես, այնուհետ Հրաչենց երկարուկ սենյակը՝ ուսով հենված Վաղիկենց փորը դուրս պատին, հետո իրենցը, եթե ծուռտիկ սանդուղքներով քիչ վեր ելնես, կտրես Արուսենց շեմը:

Ծուխ ինչու՞ չի բարձրանում: Կրակն առաստաղը վաղուց պիտի բռնած լիներ: Չլինի՞… Բայց չէ, հրեն մարդիկ են խմբվել, մեքենաներն ազդանշան են տալիս, էն կարմիրը, հո, հրշեջներինն է:

Կրծքի տակ խփոց կար, միայնակ սրտի անօգ զարկեր, որոնց արձագանքը քունքերում էր, ականջախոռոչներում: Էլի մի տասը քայլ… Ձայները տարբերակել չէր լինում: Կտուրին ո՞վ է: Հրա՞չը: Ոնց որ թե նկատեց իրեն: Ինչ-որ բան ասաց: Ցածում հավաքվածները շրջվել, իրեն են հետևում: Ընդառաջ եկողը վտիտ ուսերով Արուսն է: Բայց ինչու՞ է լալիս:

-Տեր երկնավոր, բան պատահած չլինի՞…

Սարսռած՝ հայացքը գցեց Թորգոմիկին: Երեխան, մոր տագնապին անհաղորդ, վերմակի ծոպն առել բերանը, թմբիրի մեջ ծամում էր:

-Բան չկա, փորձանք էր, չբեկվես:

Ո՞վ էր, չըմբռնեց: Մարդիկ կողմ գնացին` Արաքսին թողնելով սևացած պատուհանի շրջանակները: Ներսում շողք կար արևի: Սկզբում չհասկացավ, հետո, երբ հանկարծաբար արցունքը ցայտեց ու, գլուխն Արուսի ուսին, սկսեց դառնագին հեկեկալ, պատկերը եկավ աչքին՝ թաց հողակույտը սեղանին, հատակի վրա, տիկնիկի գլուխը՝ կիսայրած: Լույսը տանիքից էր, հողը՝ նույնպես, թույլ ծխացող անձողները...

Փոքրիկը մեկի գրկին աղեկտուր լալիս էր: Հանկարծահաս վայրի մի զգացում տիրեց Արաքսին: Թվաց, մանկանը խլում են: Հասավ, գիրկն առավ, պինդ-պինդ սեղմեց կրծքին: Սրտի մրմու՞ռն էր ուզում մեղմել, ի՞նքն ավելի կարիք ուներ նեցուկի, երեխա՞ն:

Որքան էլ տարօրինակ է, Թորգոմը լռեց: Դա ուժ տվեց Արաքսին.

-Սուրենին լուր տվեք, -ասաց, մտավ սենյակ: Քայլ չարած՝ վախեցած ետ եկավ, տղային տվեց Արուսին. սևացած, դեռևս ծխացող ծպեղները վստահություն չէին ներշնչում:

Հեռուստացույց չկար, տձև զանգված էր՝ հեռավոր իսկ նմանություն չունեցող: Գորգի մեծ մասն այրվել էր, մյուս կեսը շարունակում էր կախված մնալ պատին: Սեղանը կանգուն էր, բայց վայ մնալուն: Ջերմությունից սպասքի մի մասը՝ հիմնականում բյուրեղապակին, ցրիվ էր եկել: Բոցը բռնել էր և Սուրենի տանու բաճկոնի թևը, որ այդպես էլ գցած էր աթոռի թիկնակին: Է՞լ: Կրակը մյուս սենյակ գրեթե չէր անցել: Ընդամենը դռների ներկն էր տեղ-տեղ փոխել գույնը, զարդահայելու պահարանիկի կողը, որ անմիջապես անկյունադարձի ձախակողմում էր: Սուր խանձահոտ կար, օդը խեղդուկ էր:

Դրսից Սուրենի ձայնը հասավ: Արաքսի կոկորդը վերստին սեղմվեց: Չհեկեկալ, արտասուքներին ազատություն չտալ չէր կարող. այնքա՜ն շվար էր շեմքին կանգնած ամուսինը, դեմքը՝ դժգույն, պարանոցն առաջ գցած, ուսերն անզոր: Ուրիշներն էլ էին լալիս: Սուրենը մոտեցավ, մեքենաբար շոյեց կնոջ թիկունքը, փորձեց խաղաղեցնել: Նա ևս կորցրել էր գլուխը, սակայն ոչ այն աստիճան, որ օտարների ներկայությամբ փղձկա:

-Լավ կլինի, հոգ մի արա, -շարունակ կրկնում էր:

Նա հետը շրջգործկոմից մարդ էր բերել: Գործընկերներն էին խորհուրդ տվել, գնացել հետը, թէ չէ ինքը՝ դժվար. եթե այդքան շրջահայաց լիներ...

-Կարգին բան չկա, -եղածին հարևանցի աչք գցելով՝ ասաց մարդը, որ հազիվ երեսուն լիներ, սակայն այնպես էր պահում իրեն, կասեիր կյանքը տակից գլուխ ճանաչում է:

-Ո՞նց թե, -ամուսնու ընկերներից էր:

-Ինքներդ եք տեսնում, -նա տարածեց թևերը: -Ի՞նչ կարող եմ անել:

-Էս ո՞վ է, -Վաղոյի կինն առաջ եկավ: -Ի՞նչ է ասում:

-Դուք գործ չունեք, խնդրում եմ, -Սուրենն էր:

-Շատ էլ լավ ունեմ: Շուտ ակտը կազմիր: Բա ի՞նչ էիր ուզում, երեխաներն էլ մեջը վառվեի՞ն:

-Ես ակտը կկազմեմ, բայց դրա հիման վրա բնակարան չեն տա:

-Կտան, այնպես տան, բերանները բաց մնա: Իսկ ինչու՞ չպիտի տան, -Հրաչն այնքան մոտ էր կանգնել խոսողին, որ վերջինս ընկրկեց:

-Ամենաշատը միջոց կտրամադրեն:

-Այսի՞նքն:

-Նորոգելը նկատի ունեմ:

-Չհասկացանք: Փո՞ղը կտա պետությունը, թե՞ շինանյութը:

-Տանտերն ինչպես կամենա:

-Քո հաշվով ինչքա՞ն կբռնի:

-Երեք-չորս հարյուր:

-Ի՞նչ, -Հրաչը մեկից բորբոքվեց: -Գնա քեզ համար հարիֆ գտիր: Երեք հարյու՜ր: Դրանով քանի՞ պատուհան կառնես:

-Դե, գործկոմը վաճառքի գներով է հաշվում, իսկ պետականը, գիտեք, էժան է:

-Եթե ճարես:

-Ես մոտավոր ասի: Թող հազար տան, չուզողը ես լինեմ: Գոնե ապահովագրվա՞ծ է:

-Սուրեն, Արաքս...

Սուրենը տարուբերեց գլուխը:

-Գքւյքի դիմաց ահագին փող կտային: Հեռուստացույց է եղել, ինչքան հասկացա, բայց տեսնենք հրշեջներն ի՞նչ կասեն: Նրանք ակտ կկազմե՞ն: Գուցե միտումնավո՞ր է արված՝ տուն ստանալու նպատակո՞վ:

-Այ տղա, գլխիցդ, հո, ձեռք չե՞ս քաշել: Ի՞նչ ես ավել-պակաս դուրս տալիս, -Արուսի ամուսինը վրա քշեց:

-Երջո քեռի, -սաստեց Սուրենը:

-Լակոտին տես, -չէր հանդարտվում Երջոն:

-Թող ինքն ասի, -հրշեջին մատնացույց արեց շրջգործկոմի աշխատակիցը:

-Տուն մտնող գիծն անվնաս է, իհարկե, անվտանգության կանոնները չեն պահպանվել:

-Հլա տես ոնց են խոսքները մեկ արել, -Երջոն, որ պատրաստվում էր նստել առաջարկված աթոռին, ուղղվեց:

-Այ մարդ, կռիվ ե՞ս փնտրում: Մասնագետը դու ես, թե՞ ես:

-Աշխարհ, ինչու՞ չես ավերվում, -Երջոն քմծիծաղեց: -Ես որ էլեկտրականությունից հասկանում էի, դու ու՞ր էիր:

-Ավելի լավ, դե ասա՝ էս տանիքի, տոլերի տակով հոսանք կանցկացնե՞ն:

-Անունդ ի՞նչ է:

-Մեխակ:

-Մեխա՛կ տղա, -հետո քիչ համարեց, -Մխոյի մեկը, էդ որ տարին երկու անգամ գալիս եք, տասական ռուբլի առած գնում, նույն լարը չէ՞ր, չէի՞ք տեսնում:

-Ընկեր, քո իմացածներից չեմ, մի վիրավորիր:

Փողրակը հավաքող հրշեջներից ոչ ոք ձայն չհանեց, չպաշտպանեց գրասենյակային առնետին:

-Չեմ անպատվում: Հիմա ինձ ասա՝ կրակն ինչի՞ց է բռնկվել, -Երջոն նստեց:

-Դժվար է անմիջապես վերջնական վճիռ կայացնել: Ըստ երևույթին, գծերը հին են եղել: Կարճ միացում՝ սա է իմ եզրահանգումը: Ես պլիտա, արդուկ չտեսա:

-Հը՛մ, աչք կա՞, որ տեսնես:

-Դու, լսի՛ր, հո էս մարդկանց թշնամին չե՞ս: Ի՞նչ, ուզում ես ճշմարտությու՞նը գրեմ: Էդ դեպքում իրենք մեղավոր դուրս կգան, ոչ մի կոպեկ չի հասնի, -մարդը շրջվեց կանանց կողմը: -Մի կում ջուր կարելի՞ է:

Նրան ջուր տվին: Խմելու միջոցին քչփչոցն ուժգնացավ:

-Փող է ուզում, -իր հաշվով անլսելի՝ նկատեց Վաղոյի կինը:

-Չէ, քուրս, ասի՝ ձեր իմացածներից չեմ: Ուզում եմ մի բանով օգնած լինել: Էն գրկանոց երեխայի լացն ականջումս է:

Խոսքն ազդեց: Արուսը, էլի մեկ-երկուսը ձեռքերը թաշկինակներին տարան:

-Մի բան արա, ախպեր ջան:

-Ես արձանագրությունը կկազմեմ, մնացածը դուք գիտեք:

-Դու գրիր, մենք էլ մարդ ենք…

Հրշեջը ձայն չհանեց:

-Գործկոմի ընկերն էլ մոր տղա է, կհասկանա:

-Գոնե թողնեիք կարգին վառվեր, -շրջգործկոմից եկածը մի քար գտել, կոշիկի ծայրով հա գլորում էր:

-Արուսն էր, էլի: Եթե ձայնը գլուխը չգցեր…-Հրաչը մոտեցավ ծորակին, սկսեց լվացվել:

-Ի՞նչ, թողնեի բոցը մյուս սենյա՞կը բռներ: Արաքս, դու ասա: Խեղճերը տուն են դրել, չոփ-չոփ հավաքել են, հեշտ է՞:

Արաքսն ուժասպառ՝ չէր ըմբռնում շուրջն ինչ է կատարվում: Քնել էր կամենում, անջրպետվել աշխարհից: Տունը տեղում լիներ, երեխան՝ օրորոցում, Արփենը դպրոցից եկել, դասերն է անում, Սուրենն ապուրը կերել, ընկողմանած թախտին լրագրերն է թերթում, ինքը պրծել լվացքը, անցել է արդուկին, օջախը խաղաղ է, ծխահոտ չկա՛, ծխահոտ չկա՛, չկա՛…

Ընթացքում գործկոմից ժամանածը և հրշեջ ընկերության պետն արձանագրություն կազմելուց հետո մեկական օրինակ տվին Սուրենին ու, չգիտես ինչից դժգոհ, հեռացան: Կարծիք եղավ, թե փողն առձեռն էին ուզում, նույն պահին:

Ակտերը, ինչպես հետագայում պարզվեց, այն ուժը չունեին, ինչ սպասվում էր: Գործը երկարեց, մտավ քաղխորհուրդ, նոր հանձնաժողովներ եկան… Մինչ այդ ամառն անցավ, աշնան տաք օրերը՝ նմանապես, սկսվեցին անձրևները: Սուրենն ու Արաքսը, որ մյուսների խորհրդով ավելի էին քանդել առաստաղը, փլցրել պատերը, որպեսզի թյուրիմացության մեջ գցեն զանազան կազմակերպություններից ժամանակ առ ժամանակ եկող պաշտոնյաներին, ստիպված հարևանների, բարեկամների աջակցությամբ ժամանակավոր ծածկ կանգնեցրին, հինումին պատուհաններ գտան, ապակի… Դեմը դեկտեմբերն էր, հետո հունվար պիտի գար:

Երեխաները հազում էին, Արաքսի արգանդը մրմռում էր, ստիպում ցավից մղկտալ, Սուրենը, մազերը խռիվ, էժանագին ծխախոտը շուրթին՝ ման էր գալիս, փորձում ելք գտնել:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7725 | 0 | 0
Facebook