Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԵՊՔ ՊԱՏԱՀԱԾ ՄԵՌԱԾ ԴԵՄՔԻ ՀԵՏ-ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

19:33, կիրակի, 23 օգոստոսի, 2015 թ.
ԴԵՊՔ ՊԱՏԱՀԱԾ ՄԵՌԱԾ ԴԵՄՔԻ ՀԵՏ-ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

ԴԵՊՔ ՊԱՏԱՀԱԾ ՄԵՌԱԾ ԴԵՄՔԻ ՀԵՏ

— Պատկերացնում եմ, թե ինչպիսի անհամբերությամբ եք սպասում տեսնելու խեղճին, - ասաց զոքանչը` աճապարանքով ուղեկցելով տղամարդուն այն սենյակը, ուր պառկած էր նրա մահացած կինը:
     — Ահա տեսեք, թե ինչ է արել նրան մահը, - ասաց նա և ուզեց հանգուցյալի դեմքից ետ գցել սպիտակ ծածկոցը:
     Բայց փեսան անսպասելիորեն կանգնեցրեց նրան.
     — Սպասեք մի րոպե: Ես կուզենայի նայել նրան առանց կողմնակի անձանց: Չի՞ կարելի արդյոք ինձ նրա հետ մենակ թողնել:
     Նրա խոսքերը փոքր-ինչ տարօրինակ տպավորություն գործեցին սենյակում հավաքված ազգականների վրա: Բոլորը լուռ դուրս եկան` իրենց ետևից փակելով սյոձիները:
     Նա ետ քաշեց սպիտակ ծածկոցը:
     Տառապանքը սառել էր մահացած կնոջ դեմքին: Ցամաքած այտերը փոս էին ընկել, և կիսաբաց բերանից դուրս էին ցցվել դեղնած ատամները: Վերին կոպերը ծխախոտաթղթի պես բարակ ու թափանցիկ, թվում էին կպած ակնախնձորներին: Ճակատի ուռած երակները վկայում էին նրա կրած տանջանքների մասին:
     Վախենալով շարժվել` ամուսինը երկար ժամանակ նստած նայում էր մահացած կնոջ տգեղ ու տանջահար դեմքին: Հետո նա վեր կացավ, մոտեցավ հանգուցյալին ու դողացող ձեռքերով փորձեց միացնել ծնոտները: Բայց հենց որ նա ձեռքերը հեռացրեց, հանգուցյալի ատամները նորից բացվեցին: Տղամարդը նորից սեղմեց կնոջ բերանը, բայց նրա շրթունքները կրկին դանդաղ բացվեցին` մերկացնելով դուրս ցցված այլանդակ ատամները: Նա այդպես արեց մի քանի անգամ, բայց ապարդյուն: Այնուամենայնիվ, նա նկատեց, որ հանգուցյալի բերնի շուրջը գոյացած խոշոր ու վշտալի ծալքերը դարձան ավելի մեղմ ու նուրբ:
     Նա զգաց, որ իր մատները թեժացան, ասես նրա մարմնի ամբողջ ջերմությունը կուտակել էին իրենց մեջ, և սկսեց եռանդուն կերպով տրորել կնոջ ճակատի խոր կնճիռներն ու ուռած երակները: Նա այդպես արեց այնքան ժամանակ, մինչև որ ափերն սկսեցին այրվել: Հետո նորից նստեց հանգուցյալի կողքին ու նայեց նրա դեմքին, որը նրա ձեռքերի ջերմությունից կարծես մի տեսակ թարմացավ` դարձավ ավելի հանգիստ, խաղաղ ու բարի:
     Այդ ընթացքում սենյակ մտան հանգուցյալի մայրն ու կրտսեր քույրը:
     — Դուք հավանաբար ճանապարհից հոգնած կլինեք: Ձեզ հարկավոր է ճաշել ու հանգստանալ:
     Բայց հանկարծ զոքանչն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել և կերկերուն ձայնով ասաց.
     — Աստված իմ, ինչպիսի ուժ կա մարդու հոգում: Խեղճ աղջիկն այնպես չէր ուզում մեռնել, սպասում էր Ձեր վերադարձին: Ձեր մեկ հայացքն էլ բավական էր, որ նրա դեմքը դառնար հանգիստ ու քնքուշ: Դե լավ… թողեք խեղճը խաղաղ ննջի:
     Հանգուցյալի կրտսեր քույրը իր անասելի հիասքանչ, լուսաշող աչքերով նայեց փեսայի փոքր-ինչ խելագար աչքերի մեջ և, բարձրաձայն հեկեկալով, ծնկի եկավ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5906 | 0 | 0
Facebook