Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԼԲԵՐՏ ՔԱՄՅՈՒ_ԱԲՍՈՒՐԴ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

11:49, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2015 թ.
ԱԼԲԵՐՏ ՔԱՄՅՈՒ_ԱԲՍՈՒՐԴ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱԲՍՈՒՐԴ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Գլխավորն արդեն արված է: Ես արդեն ունեմ մի քանի ճշմարտություն, որոնցից չեմ կարող հրաժարվել: Ես ընդունում եմ միայն այն, ինչ գիտեմ, ինչին հավատում եմ և ի վիճակի չեմ ժխտել, անտեսել: Իմ անորոշ թախիծով ապրող էությունից կարելի է հեռացնել ամեն ինչ, բացի միասնականության ցանկությունից, վճռականության ձգտումից, պարզության ու կապակցվածության պահանջից: Ես ի վիճակի եմ ինձ շրջապատող, նյարդայնացնող, ինչ-որ տեղ տանող աշխարհում մերժել ամեն ինչ, բացի այս քաոսից, բացի վերին պատահականություններից ու անիշխանականությունից առաջացած աստվածային հավասարակշռությունից: Ես չգիտեմ՝ աշխարհն ունի արդյոք իրեն գերազանցող իմաստ, բայց գիտեմ, որ ինձ հայտնի չէ այդ իմաստը և տվյալ պահին անհնար է իմանալ: Բայց ինչ արժեք ունի ինձ համար այն իմաստը, որ իմ ընկալման շրջանակից դուրս է: Ես ունակ եմ հասկանալու միայն մարդկային արտահայտությունները, այն, ինչին ձեռք եմ տալիս, ինչը դիմադրում է ինձ: Ինձ հայտնի է նաև, որ ի վիճակի չեմ հաշտեցնելու երկու հավաստիություններ՝ բացարձակի, միասնականության իմ ձգտումը և այս աշխարհի անհամատեղելությունը ռացիոնալ ու տրամաբանական սկզբունքներին: Ուրիշ ի՞նչ ճշմարտություն կարելի է իմանալ առանց ինքնախաբեության, հույսի միջամտության, որ ես չունեմ և որն ավելորդ է իմ իմացության սահմաններում:
     Եթե ես անտառում ծառ, կենդանիների մեջ՝ կատու լինեի, կյանքը կունենար իմաստ, ավելի շուտ նման հարց չէր ծագի, որովհետև աշխարհի մասնիկը կլինեի: Ես կլինեի այս աշխարհը, որին այժմ իմ ողջ իմացությամբ ու հարազատության ներքին պահանջով ներհակ եմ: Այս տարրական տրամաբանությունն ինձ հակադրում է արարված ամեն ինչի, մի տրամաբանություն, որը գրչի հարվածով անհնար է ժխտել: Չէ՞ որ ես պարտավոր եմ պաշտպանել այն, ինչ ճիշտ եմ համարում, այն, ինչ նույնիսկ կամքիս հակառակ ինձ ճշմարիտ է թվում: Եվ ի՞նչ է ընկած այդ կոնֆլիկտի, աշխարհի և իմ գիտակցության խզման հիմքում, եթե ոչ կոնֆլիկտի գիտակցությունը: Ուրեմն կոնֆլիկտը պահպանելու համար ես պետք է միշտ, անընդհատ թարմացնեմ, անընդհատ լարեմ գիտակցությունս…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5426 | 0 | 0
Facebook