Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Հայ եկեղեցին՝ ազգայի՞ն եկեղեցի

16:17, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2015 թ.
Հայ եկեղեցին՝ ազգայի՞ն եկեղեցի

Ցաւով եւ տրտմութեամբ ականատես ենք լինում, թէ յաճախ ինչպէ՛ս ու ինչպիսի՛ ծանր փորձութիւնների է բախւում Հայոց եկեղեցին, որ դարեր շարունակ մաքառել է հաւատքի մաքրութեան եւ հոգեւոր անաղարտութեան համար, զուգահեռաբար պահել ու պահպանել հայ ժողովրդի զաւակներին ձուլումից ու օտարացումից:

Տակաւին օրեր առաջ հրապարակ նետուեց տարածաշրջանային հարցերով փորձագէտ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանի ս.թ. Օգոստոսի 11-ի մամլոյ ասուլիսի տեսանիւթը, որտեղ նա պատմում է, թէ «ինչո՞ւ Հայաստանեայց Առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտեան Հայաստանի Դերսիմ գաւառից Երեւան եկած 1915 թ. բռնի իսլամացուած երկու հայուհուն եւ Տիգրանակերտից ժամանած մէկ հայորդուն»` միաժամանակ ներկայացնելով Սփիւռքի նախարարութեան եւ Մայր Աթոռի միջեւ տեղի ունեցած բանակցութիւնների մանրամասներն ու Կ. Պոլսի հայոց պատրիարքութեան կատարած քայլերի բացայայտումն ու վերլուծութիւնը: Այս զգայուն թեման շօշափեցին նաեւ հայկական եւ սփիւռքեան մի շարք թերթեր եւ ամսագրեր, ձայնասփիւռն ու հեռուստատեսութիւնը` առիթ տալով ընկերային ցանցերում իրարամերժ եւ կրքոտ քննարկումների:

Ի պատասխան բարձրացուած աղմուկի` Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգը մի պարզաբանում հրապարակեց, որտեղ մկրտութեան պայմաններ էին ներկայացւում ազգութեամբ հայ լինելը, ինչը ստուգելու համար մկրտուել փափագող ծպտեալ հայերից հայկական ինքնութիւնը հաստատող փաստաթուղթ են պահանջել, որը նրանք չեն ունեցել: Սփիւռքի փոխնախարար Սերժ Սրապիոնեանն անձամբ բանակցել է Մայր Աթոռի հետ, բայց ապարդիւն, իբրեւ լաւագոյն փոխզիջում կաթողիկոսարանից առաջարկել են ծպտեալ հայերին «առնվազն երեք տարի գնալ-գալ Հայաստան ու համապատասխան քննութիւններ յանձնել, որպէսզի հնարաւոր լինի հասկանալ՝ արժէ՞ մկրտել, թէ՞ ոչ», - նշում է «Հրապարակ» թերթը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնից տեղեկացրել են նաեւ, որ Կ. Պոլսի Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արք. Աթէշեանը շրջաբերական է ուղարկել եւ նշել, որ «Հայաստանեաց եկեղեցին չի կարող կնքել Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացուն, ով դաւանում է իսլամ», քանի որ, ինչպէս հաղորդում է «Արմէնպրէս» թերթը, «թուրքական անձնագրերում նշւում է նրանց կրօնական պատկանելութիւնը, մարդը կարող է Հայ Առաքելական եկեղեցում մկրտուելուց յետոյ իր թուրքական անձնագրում մնալ մահմեդական», - նշեց Տեղեկատուական համակարգի տնօրէնի պաշտօնակատար Զաքարիա Վրդ. Բաղումեանը: Մինչդեռ բանախօս Սարգիս Հացպանեանը փաստերով ապացուցում է, որ թուրքական անցաթղթերում եւ անձնագրերում չի նշւում թուրքական քաղաքացիութիւն ստացած անձի կրօնական պատկանելութիւնը: Ուստի սուտ է այն պատճառաբանութիւնը, թէ իբր մկտրութիւնից յետոյ հակասութիւն կը ստեղծուի անձնագրի (իսլամ) եւ մկրտութեան վկայականի (քրիստոնեայ) միջեւ:

Ինչ խօսք, աւելորդ բիւրոկրատական թղթաբանութիւնները միայն կարող են վանել մարդկանց եւ նրանց հեռացնել Հայ եկեղեցուց ու հաւատքից: Վերջապէս, տրամաբանական կը լինէր, եթէ հայկական ինքնութիւնը հաստատող փաստաթուղթ պահանջէր Սփիւռքի նախարարութիւնը: Բայց զաւեշտալին այն է, որ Սփիւռքի նախարարութիւնը որեւէ խնդիր չի տեսել ծպտեալ հայերի հայկական ինքնութեան հետ կապուած, աւելին` նրանց մկրտութեան հարցով միջնորդել է Էջմիածնի կաթողիկոսարանի հետ, սակայն մկրտութեանը խոչընդոտել է հէնց կաթողիկոսը Կիսլաւոդսկի (Ռուսաստան) իր հանգստավայրից` խնդիրը իր վրայից տեղափոխելով Կ. Պոլսոյ հայոց Պատրիարքարան:

Ստեղծուած լարուած կացութեան եւ հարցի հանրային հնչեղութեան վերաբերեալ արտայայտուել է նաեւ Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանի եւ Ընծայարանի դասախօս, Մատենադարանի նախկին գիտաշխատող, աստուածաբան Արամ դպիր Դիլանյանը. «Ես նման պատասխան չէի սպասում տէր Զաքարիա վարդապետ Բաղումեանից: Մատենադարանում այդքան կարդալուց յետոյ այդպէ՞ս պատասխանել: Սա կորուստ է, եւ ես ցաւում եմ այդ կորուստի համար: Երկու եպիսկոպոսական ժողով նուիրեցին ցեղասպանութեան զոհերի յիշատակին եւ Մկրտութեան խորհրդի միօրինակութեանը, եւ ահա, ցեղասպանութիւնից մազապուրծ հայրերի զաւակները եկել են մկրտուելու, եւ նրանց ասացին այն, ինչ չէր կարելի ասել: Սա ո՛չ Եկեղեցու շահերին է համապատասխանում, ո՛չ ազգային, եւ ո՛չ էլ պետական: Ի՜նչ ամօթ ամբողջ Հայաստանի համար: Այս ամէնից յետոյ ինչպէ՞ս կը լսես այն քահանայի քարոզը, ով չի համարձակուել մկրտել մկրտութիւն փափագողներին: Եթէ ասէին, թէ պատրաստ չեն կամ համապատասխան հաւատ չունեն կամ Ավետարանը չգիտեն, կը համաձայնէինք, այն դէպքում, երբ այնքա՜ն մարդիկ են մկրտել առանց համապատասխան պատրաստութեան, առանց Աւետարանը իմանալու եւ նոյնիսկ առանց հաւատի. նոյնիսկ կրկնամկրտութեան փաստեր կան, իսկ այս կարօտեալներին ամենաանհեթեթ պատասխանն են տուել»:

Համատարած բողոքի եւ քննադատութեան ալիքին ընդառաջ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի կողմից հրապարակուեց արդէն երկրորդ պարզաբանումը, ինչը դարձեալ մնում է խոցելի` առաջին հերթին հէնց ծիսական-աստուածաբանական առումով։

Սոյնի առնչութեամբ ընկերային ցանցերում կարեւոր հարցադրումներ է կատարել Տէր Մարտիրոս Բէրբէրեանը, ով ոչ վաղ անցեալում հոգեւոր հովիւն էր Մոսկուայի Ս. Գէորգ եկեղեցու: Ի միջի այլոց, մէկ տարուց աւելի է, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի Առաջնորդ Եզրաս Արք. Ներսիսեանը փակել է Ս. Գէորգ եկեղեցին, ինչի հետեւանքով տեղի համայնքը զրկուած է ոչ միայն Ս. Պատարագների մասնակցութիւնից, այլեւ նոր մկրտութիւններ ունենալու հնարաւորութիւնից, այլ խօսքով` այն հոգեւոր սննդից, ինչի մասին Գարեգին Բ. կաթողիկոսը խօսում էր բոլորովին վերջերս Նոր Հաճնի նորակառոյց եկեղեցու օծման եւ բացման օրը` ի պատասխան լրագրողներից մէկի հարցադրման: Մէջբերենք Տէր Մարտիրոսի հարցադրումները. «Ես շատ կ’ուզէի որ Կաթողիկոսի խօսնակը նաեւ բացատրութիւն տար թէ ինչո՛ւ են մկրտում որեւէ հայ անհատի առանց պատրաստութեան։ Արդեօք «Մաշտոց» ի մէջ գրուածը կարդում ու գործադրո՞ւմ են. «Նախ ուսուցանել զՔրիստոս եւ յետոյ մկրտել» ։ Արդեօք Հայաստանի կամ Սփիւռքի մէջ բոլոր մկրտուողներուն սորվեցնո՞ւմ են՝ ո՛վ է Քրիստոս, եւ յետո՞յ մկրտում են։ Այդ տարբերակը որ առաջարկել են՝ «երեք տարի Հայաստան գալ ու երթալ, ու յետոյ մկրտուիլ», պէտք է առաջարկէին երեք տարի Հայ եկեղեցի յաճախել ու յետոյ մկրտուիլ։ Այս առաջարկը նաեւ պէտք է ընեն բոլորին եւ ոչ թէ միայն Արեւմտեան Հայաստանէն եկած հայերուն։ Ինչու` երեք տարի Հայաստան գալ-երթալով անձը քրիստոնէական դաստիարակութի՞ւն կը ստանայ ու քրիստոնեա՞յ կը դառնայ…» ։ Վստահաբար, եկեղեցու համար շատ կարեւոր հարցադրումներ են սրանք, որոնց պիտի անդրադառնանք քիչ յետոյ: Հիմա եկէք մի պահ վերանանք Արեւմտեան Հայաստանի ծպտեալ 3 հայերի մկրտութեան այս մասնաւոր դէպքից՝ քննելու հարցը իր ողջ հոգեւոր լրջութեամբ եւ աստուածաբանական խորութեամբ։ Մայր Աթոռի պարզաբանումից իմանում ենք, որ.

1. «Հայ Առաքելական Եկեղեցու Ս. Աւազանում կարող են մկրտուել ազգութեամբ հայեր եւ հայի հետ ամուսնացածները... Թուրքիայում բնակուող հայերը Հայ Առաքելական եկեղեցում մկրտուելու համար պէտք է ներկայացնեն Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հաստատումը, որ իրենք հայ են» ։
     Հայ եկեղեցու ո՞ր կանոնով կամ եկեղեցական ո՞ր ժողովով է հաստատուած այս ինքնահնար մօտեցումը կամ պնդումը։ Հայ հայրաբանական բովանդակ ժառանգութեան մէջ երբեւէ չենք հանդիպում նման շինծու գաղափարի, ինչն ամբողջովին հակառակ է քրիստոնէական նկարագրին եւ Աւետարանի ոգուն: Ընդհակառակը` Նոր Կտակարանի էջերում կարդում ենք. «Գնացէ՛ք, աշակերտեցէ՛ք բոլոր ազգերին, մկրտեցէ՛ք նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով» ... (Մատթ. 28։20) ։ Քրիստոսի եկեղեցին իր հիմնադրման օրուանից բոլոր ազգերին է հրաւիրում քրիստոնեայ դառնալու։ Քրիստոնէութեան մէջ չկայ ազգային խտրականութիւն (տե՛ս Հռոմ. 10։8-17, Կող. 3: 11): Ինչպէս բոլոր եկեղեցիների, Հայ եկեղեցու համար նոյնպէս հիմնովին սխալ է օգտագործել «ազգային եկեղեցի» արտայայտութիւնը։ Թէեւ որեւէ եկեղեցի իր մէջ կարող է կրել ազգային տարրեր (տուեալ ազգի լեզուն, մշակոյթը, պատմութիւնը եւն), բայցեւայնպէս, եկեղեցին համամարդկային է, վերազգային` իր հոգեփրկչական առաքելութեամբ, եւ չի կարող սահմանափակուել ազգային նեղ շրջանակների մէջ։ Միաժամանակ քրիստոնէութիւնը ապազգայնութիւն չէ, եւ որեւէ չափով չի նուազեցւում ազգասիրութիւնն ու ազգապահպանումը, ճիշդ հակառակը` դրա ջատագովումն է (հմմտ. Յովհ. 15: 13): Հետեւաբար, Հայ եկեղեցու Ս. Աւազանում կարող են եւ պէտք է մկրտուեն ինչպէս ազգութեամբ հայերը եւ հայի հետ ամուսնացած օտարազգիները, այնպէս էլ հաւասարապէս՝ մնացեալ բոլոր ազգերի ներկայացուցիչները, եթէ փափագում են դառնալ քրիստոնեայ եւ անդամակցել Հայ եկեղեցուն։

Քրիստոս միայն հայերի համար չեկաւ աշխարհ, այլ` ամբողջ մարդկութեան փրկութեան համար: Խօսքը որեւէ ազգի կամ եկեղեցու մասին չէ, այլ Քրիստոսի բերած տիեզերական փրկագործութեան մասին է, ինչն իրագործւում է Ընդհանրական եկեղեցու միջոցով: Այսպէս ենք դաւանում Նիկիական հանգանակում. «Հաւատում ենք նաեւ միայն Մէկ, Ընդհանրական (Կաթողիկէ), Առաքելական եւ Սուրբ Եկեղեցուն»: Բոլոր քրիստոնէական եկեղեցիների կողմից ընդունուած ուղղափառ հաւատքի այս հանգանակում ազգային պատկանելութեան մասին բառ անգամ չկայ: Յետագայում Քրիստոսի աշակերտներն ու առաքեալները ցրուեցին աշխարհով մէկ` քարոզելու Աւետարանը եւ հիմնելու զանազան քրիստոնէական եկեղեցիներ. Ս. Թադէոսն ու Ս. Բարդուղիմէոսը` Հայաստանում, Ս. Պետրոսը` Հռոմում, Ս. Մարկոսը` Եգիպտոսում, Ս. Թովմասը` հեռաւոր Հնդկաստանում եւն: Ինչպէս տեսնում ենք, Քրիստոս Իր Աւետարանի Լոյսը տարածեց բոլոր ազգերի մէջ` Իր առաքեալների կողմից հիմնադրուած Մէկ, Ընդհանրական, Առաքելական եւ Սուրբ Եկեղեցու միջոցով:

2. «...Եկեղեցին նաեւ որոշակի զգուշաւորութիւն է ցուցաբերում նրանց մկրտելու հարցում` վստահ լինելու համար, որ նրանք իսկապէս ազգութեամբ հայեր են, եւ ամենակարեւորը` պատրաստ են Ս. Մկրտութեան խորհուրդն ընդունելու: Ս. Մկրտութիւնը շոու չէ, եւ այն կարող է կատարուել միայն դարերով հաստատուած Հայոց Եկեղեցու կարգ եւ կանոնի համաձայն» ։

Արդէն նշեցինք, որ ազգութեամբ հայ լինել-չլինելը երբէք պատճառ չի կարող լինել մկրտութեան մերժման համար։ Այսպիսի պատճառաբանութիւնը կեղծ է եւ անընդունելի: Գանք մկրտութիւնից առաջ հոգեւոր պատրաստութեան հարցին, ինչը չափազանց կարեւոր եւ սուրբգրային պատգամ է՝ նախ աշակերտել, ապա մկրտել (տե՛ս Մատթ. 28։20) ։ Հայ եկեղեցու «Մաշտոց» ծիսամատեանում կարդում ենք հետեւեալ խրատը, ինչը ներկայացնում ենք աշխարհաբար փոխադրութեամբ. «Մկրտութիւից առաջ (չափահասի դէպքում), ով կամենում է քրիստոնեայ լինել, պէտք է նրան սովորեցնել հաւատքը եւ Ս. եկեղեցու վարդապետութիւնը, այսինքն՝ Աստուածային Անձերի Երրորդութիւնը, աշխարհի արարչագործութիւնը, սուրբ այրերի ընտրութիւնը, Քրիստոսի ծնունդը եւ նրա ողջ փրկարար տնօրէնութիւնները, Յովհաննէսից մկրտութիւնը, քարոզութիւնը, հրաշագործութիւնը, մատնութիւնը, խաչելութիւնը, մահը, թաղումը, յարութիւնը, համբարձումը, Սուրբ Հոգու գալուստը, Յիսուսի երկրորդ գալուստը, համընդհանուր յարութիւնը, գործերի հատուցումը եւ Ս. եկեղեցու եօթ խորհուրդները։ Իսկ մկրտութեան պահին նրան խրատել՝ թողնել մեղքերի հնութեան ծերութիւնը եւ երիտասարդանալ Քրիստոսով՝ նորածնի պէս անմեղութեանը վերադառնալով» («Մաշտոց», Ս. Էջմիածին, 2001) ։

Նախ ինձ համար անորոշ է, թէ քանի՛ հոգեւորական է տեղեակ այս խրատի եւ կամ Ս. Կիւրեղ Երուսաղէմացու «Կոչումն ընծայութեան» արժէքաւոր աշխատութեան մասին: Եւ ապա ինչո՞ւ մինչեւ հիմա կարեւոր չնկատուեց եւ ոչ էլ երբեւէ գործադրուեց (բացառութիւնները` յարգելի) սոյն հոգեւոր պատրաստութիւնը մկրտութիւնից առաջ: Բազմահազար մկրտուած հայորդիներ կարող են վկայել, որ հոգեւորականները իրենց հետ բացատրողական զրոյց եւ հոգեւոր պատրաստութեան շրջան չեն ունեցել այն եկեղեցիներում, որտեղ նրանց մկրտել են: Նոյն անմխիթար վիճակը Ս. Պսակի խորհրդին է վերաբերում: Ինքս եմ Հայաստանում եւ սփիւռքում շատ անգամներ ականատես եղել, որ մկրտութեան եկած մարդիկ մինչեւ անգամ չեն իմացել «Հայր մեր» տէրունական աղօթքը, ճիշդ խաչակնքուել, իսկ ներկաների անպարկեշտ կեցուածքի եւ կիսամերկ հագուկապի մասին խօսելն աւելորդ է:

Եթէ «Ս. Մկրտութիւնը շոու չէ», ինչպէս փոխանցում է Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգը, ապա ո՞վ է այս բոլոր անկարգութիւնների ու տգիտութիւնների մեղաւորը: Երբեմն մկրտութիւնները այնքան հերթ են ունենում որոշ եկեղեցիներում, որ ժամանակի մէջ տեղաւորուելու համար ամէն մի մկրտութիւնը 7-10 րոպէ է տեւում` խորհրդակատար հոգեւորականի ձեռամբ կամայականօրէն կրճատելով Մկրտութեան տեքստը եւ աղաւաղելով նրա խորհուրդը: Ո՛չ հոգեւոր ապրում է փոխանցւում, ո՛չ քրիստոնէական ուրախութիւն է ապրւում, ո՛չ մկրտուողն է իմանում, թէ ինչո՛ւ մկրտուեց, ո՛չ էլ կնքահայրն է հասկանում, թէ ի՛նչ պաշտօն է իրեն վստահուել: Կարեւորը` հարուստ քաւոր լինի, որ Մկրտութեան կերուխումի սեղանները ճոխ լինեն, նուէրները` առատ: Հիմա հարցնում ենք` Ս. Մկրտութիւնը շոու չէ՞:

Իսկ ո՞վ է իրաւունք տուել Մկրտութեան համար սակագին սահմանել, ինչը գործում է արտասահմանի բոլոր հայկական եկեղեցիներում: Աւետարանն ասում է. «Ձրի առաք, ձրի էլ տուէք» (Մատթ. 10: 8), իսկ այժմ վաճառւում է Մկրտութեան խորհուրդը, չհաշուած միւսները (Պսակ, թաղում): Ս. Մկրտութիւնը շոու չէ՞...

Այսպիսի ամպագորգոռ յայտարարութիւններից եւ բռնազբօսիկ պարզաբանումներից առաջ լաւ կը լինէր լրջօրէն մտածել իրա՛ւ հոգեւորականների պատրաստութեան եւ հայ ժողովրդի հոգեւոր դաստիարակութեան մասին` օր առաջ իրականացնելու Հայ եկեղեցու բարեկարգութիւնը, եթէ իսկապէս չենք ցանկանում դադարել քրիստոնէական եկեղեցի լինելուց` չվերածուելու պարզ մարդկային հաստատութեան` իրեն բնորոշ տարատեսակ ախտերով ու արատներով:


    

Այս թեմայով առաջարկում ենք կարդալ.

------------------------

Ազգ և եկեղեցի. աստվածաբանական-պատմական մոտեցում

Ինչո՞ւ չեն մկրտում հայրենի հավատքին վերադառնալ ձգտող իսլամացած հայերին

Առաքելական եկեղեցին հրաժարվում է մկրտել իսլամացված երեք հայերի

Ծպտյալ հայերին Հայաստանում չեն մկրտել

Իրենց ինքնությանը վերադառնալ ցանկացող հայերին Հայաստանում հրաժարվել են մկրտել

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
| | |
4458 | 1 | 1
Facebook
Մամուլի խոսնակ