Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հատված ՏՈՒՆԸ վիպակից

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
13:41, ուրբաթ, 07 օգոստոսի, 2015 թ.
Հատված ՏՈՒՆԸ վիպակից

Արշակին ջղայնացնել սկսեց կողպեքի տեսքը: Հաստ, ծանր փականքը, խավարում փայլփլող անտրացիտը լիության, հարստության նշան էին՝ մոր, Անուշ տատի, իր, գյուղի մարդու ապրածի հետ համեմատության եզր չունեցող:

Ոտնաձայն առնելով՝ շրջվեց: Լենդրոշն էր:

-Արշո՞, բարով տեսանք:

Արշակը մեկնեց ձեռքը:

-Չես գալիս, չես գնում: Անցած անգամ էլ Ալյոշիս տեսել, չես բարևել:

-Երևի չեմ ճանաչել: Որտե՞ղ:

-Ձեր ինստիտուտում:

-Վերջն ընդունե՞լ տվիր:

-Բա ոնց, կլոր քսան հազար նստեց վրաս:

-Կարողանու՞մ է գլուխ հանել:

-Աչքաբաց տղա է, արդեն դասախոսների հետ է նստում-ելնում: Անցած ամիս դեկանին մեր տուն խորոված ուտելու բերեց: Երեկ իրիկուն էլ սիգնալը կապած եկավ: Տեսնեմ Ալյոշս է կուրսեցիների հետ:

-Հանրակացարանու՞մ է ապրում:

-Ի՞նչ գործ ունի: Հարյուր մանեթով կենտրոնում սենյակ եմ վարձել՝ ջուրը, հեռախոսը մեջը: Կոոպերատիվի հարցն էլ շուտով կդասավորեմ. մեկը կա, խոստացել է:

-Փափուկ ես մեծացնում: Բա որ պատի՞ն դեմ առնի:

-Արշո ջան, չենք թողնի: Մենք էլ մարդ ենք, ծանոթ, բարեկամ, գնահատողներ ունենք: Միայն դու ես քեզ հեռու պահում: Օգնեիր, Ալյոշս հիմա երկրորդ կուրսում կլիներ: Թե՞ կարծում էիր Լենդրոշի ձեռքը քարի տակ է, լավությանդ տակից դուրս չէր գա:

-Ես քեզ դեռ այն ժամանակ ասի՝ նման գործերի ընդունակ չեմ:

-Այ Արշո, մի ձեռը ծափ չի տա:

-Ո՞ր ֆակուլտետում է սովորում, -տհաճ խոսակցությունից խուսափելու համար հարցը շեղեց Արշակը:

-Երկար գցեցի-բռնեցի, վերջը ամնեահարմարն իրավաբանականն էր:

-Աշխատանք ճարելը դժվար կլինի: Ապրանքագիտական տայիր, քո գծով կգնար:

-Գործ շատ կա, թող բարով-խերով ավարտի…

Ինքնագոհ ժպիտը ողողեց յուղոտ դեմքը: Կարճ կապելու համար Արշակը հայացքով ցույց տվեց կողպեքը.

-Նո՞ր ես դրել:

-Ապահովության համար է:

-Ուզում եմ ներսը տեսնել:

-Կածուխոտվես, ի՞նչ կա նայելու, -դեմքին վատ թաքցրած ժպիտ հայտնվեց: Քիչ առաջվա հադարտաբարո հարևանից հետք չէր մնացել:

-Բանալին մո՞տդ է:

-Դե լավ, որ ուզում ես, գնամ բերեմ, -երկու քայլ չարած՝ վերադարձով: -Գուցե դու է՞լ գաս: Ալյոշիս ընկերների հետ ջահել դասախոս կա, կծանոթանաք: Համարյա քո տարիքին է:

-Չէ, ես կսպասեմ:

Լենդրոշի հորը գյուղում չէին սիրում, առավել ևս՝ Արշակենք: Պատմում էին, որ գիշերով Հայկոյին տանելու եկածներից մեկը նրա հայրն է եղել: Թե ո՞ր մեղքի համար, այդպես էլ չիմացվեց: Տարիներ անց, երբ ընդհանուր խուճապն անցել էր, հորեղբայր Սեդրակի տղան՝ Նորայրը, քեֆը տաք պահին փողոցում ոտքի տակ էր առել հորն ու լավ սղկել: Չէր նայել, տարիքն առած մարդ է: Քսու Գեղամից իրենց տոհմի, ողջ գյուղի վրեժն էր լուծել: Ոչինչ չարեցին, բողոքող չեղավ: Բողոքեին էլ, բանի տեղ դնող չէր լինի. ժամանակները խիստ էին փոխվել:

Լենդրոշը չէր երևում: Համոզված էր, դիտմամբ է ոտքը կախ գցել, որպեսզի հետո գա, թե՝ բանալին չեմ գտնում: Ցատկով անցնելով պարիսպը՝ հայտնվեց նրանց բակում. պատկից հարևաններ էին: Ծածկի տակ կանգնած կարմիր «Ժիգուլու» բաց դռներից ականջ ծակող երաժշտություն էր հորդում: Տան առաջին հարկի մի ծայրից մյուսը բռնող պատշգամբում աշխուժություն էր: Սյունն ի կախ ոչխարի մսի շուրջ հավաքված երիտասարդները զրուցում էին, աղմկում: Մեկի ձեռքին երկար շեղբով դանակ կար: Մյուս երկուսը բռնել էին մսացուի ոտքերից, իսկ երրորդը, որ չարնոտելու համար հանել էր վերնաշապիկը, փորձում էր մատների ուժով մորթն անջատել մսից: Կոնքերը գրկող ջինսե շալվարի գրպանից ցցվել էր «Կոսմոսի» տուփը:

Արշակը ձայն տվեց: Ոչխար մաշկող երիտասարդն ուղղվեց: Աչքերի գույնից, շարժուձևից ճանաչեց Լենդրոշի ժառանգին: Մեծացել էր, լցվել:

-Հերդ ու՞ր գնաց:

-Մտավ տուն, հիմա կկանչեմ, -որդին իջեցնելով երաժշտությունը՝ դիմեց դեպի երկրորդ հարկ տանող աստիճանները:

-Ալյոշ ջան, Հարութին դիր լսենք: Ես դրա ցավը տանեմ, -խնդրեց կիսարբած մի ձայն:

-Համբերե՛ք:

Տղայի պատրաստակամությունը և, ընդհանրապես, նրանց ընտանիքի՝ հետը հարևանություն, բարեկամություն անելու համառ ձգտումն Արշակը դժվարանում էր բացատրել. ժամանակին արած վատությու՞նն էին կամենում մոռացության տալ, փողով գործ անել չկարողանալու դեպքում հույսն իր վրա էին դրել՝ կարծելով դրացին դեռ շատ առաջ կգնա և հեռամտորեն կամուրջները չէի՞ն այրում, թե՞ պարզապես կեղտաջրի՝ զուլալ առվակին խառնվելու, այն ևս պղտորելու բնական ձգտում, հատկություն էր: Համենայնդեպս, պտուղը ծառից հեռու չէր ընկել:

Այգու խորքում մեկը եռանդով ալյումինից աման էր շփում: Լենդրոշի փոքր քույրն էր ՝ Պայծառը, ում դասարանում շռան Պայծո էին ասում: Նստում էր վերջին նստարանին: Մեկ էլ տեսար դասի կեսին առաջին շարքից բղավեցին.

-Հեղեղը, հեղեղը, -ու մատնացույց էին անում դեպի գրատախտակը հոսող մեզը:

Բոլորը շրջվում էին պատի տակի շարքում նստած Պայծառի կողմը:

-Շը-ռան, շը-ռան, -վանկարկում էր դասարանը, ու որքան էլ Նավասարդյանի ցուցափայտը եռանդով էր ելնում-իջնում տղայոց գլխին, ձայները չէին հանդարտվում:

Մինչև յոթերորդ դասարան քաշեքաշ փոխադրվեց: Արշակից ավելի մեծ՝ երկու-երեք դասարան տեղում դոփած տղաները հերթով նստում էին կողքին՝ դասի ժամանակ մի ձեռքով գրատախտակին եղածն արտագրելով, մյուսով շոշափելով նրա ազդրերը: Թանձրամիտի մեկն էր: Հետագայում շատերն էին տղամարդկային փորձաշրջանը հետն անցկացնում:

Պայծառն ուղղվեց այգու անկյունը և մտավ մարագ: Արշակն աչքերին չհավատաց. Լենդրոշը պարտեզի կողմից նոր դուռ էր բացել: Ուրեմն՝ մարագը հիմա երկու մուտք ունի՝ մեկը հինը, որ իրենց կողմից է, մյուսը՝ նորը, հարևանի բացածը:

Արագացնելով քայլերը՝ Պայծառի ետքից մտավ ներս: Եվ նույն մարագն էր և՝ չէ: Պատին խփված էր մնում ժանգոտ շղբիկը: Առաստաղին, ինչպես քսան տարի առաջ, տարուբերվում էին սարդոստայնի փնջերը՝ վրան դարմանի մռեղ: Մարագի իսկական դռան ճեղքերից ընկած լույսի շիթերն ածխի վրայից ձգվում էին պատն ի վեր: Պայծառը, ձեռքը մինչև ուսը տակառը մտցրած, բան էր ուզում հանել: Մյուսում նոր լվացած ամանն էր: Պանրաջրի թույլ հոտ առավ, ականջն անգամ աղաջուրն ընկնող կտորի չլմփոց լսեց: Պայծառն ուղղվեց: Իրոք, ձեռքին անքաշ պանրի սպիտակ, մեծ գլուխ կար: Ջուրը մատներից, պանրից ծորում էր: Ձեռքը մինչև արմունկը թաց էր, և բորբոս կար կպած: Բերանում հայտնված թուքը հրեց խորքերը. սոված էր:

-Ո՞վ է արել, -հերսոտ հարցրեց:

Պայծառն ուսերը թոթվեց:

-Ինչու՞ եք առանց ինձ հարցնելու ձեր կողմից դուռ բացել:

-Կարճ ճամփան թողած հորի՞ պտտվիմ, - և դարձյալ թոթվելով ուսերը՝ ժպտաց:

Սարսաղ, ծանծաղամիտի մեկը: Տղաներով ելնում էին Նախավկա առուն, հետո մեկին ճամփում Պայծառի ետևից: «Պայծո, նստի», -ասում էին: Հնազանդ նստում էր: «Պայծո, ծիծդ հանի», -շարունակում էին: Արձակում էր կոճակները, ստինքը գցում դուրս: «Մոսո, -կարգադրում էին հասակակից թաղեցուն, -պագի»: Մի անգամ կաղ Անդոն տեսավ: Առվի ափով իր հանգին դնդնալով եկավ, դեմ առավ խմբին: Ով ինչպես կարող էր, փախավ: Իսկ Պայծառի պետքը չէր. կոճկելով կուրծքը՝ ոտքերը կոխեց ջուրը: Իրենք քարերի թիկունքից հետևում էին: Անդոն թափ էր տալիս անթացուպը, գոռգոռում, իսկ նա, գլուխը կախ, եռանդով չեչաքարը քսում էր կոշտուկներին:

Մարագ մտավ Լենդրոշը: Պայծառը գնաց, և նրա հետ կապված հուշերը մնացին հեռվում: Արշակն անքթիթ նայեց հարևանին:

-Ուզում էի տեղյակ պահեի, չէիր գալիս, -հաշտ, ներողություն հայցող հայացքով արդարացավ հարևանը:

Արշակը ձայն չհանելով՝ դիմեց դեպի դուռը: Լենդրոշը ետ-ետ գնաց և առաջինը դուրս եկավ:

-Գոմի ծածկը փլվել է, տեսա՞ր:

-Գիտեմ:

Երկուսի հայացքն էլ ուղղվեց Արշակենց տան կողմը: Կտուրին ավելների անտառ էր: Հավերի քջջած տեղերը բացատներ էին հիշեցնում:

-Արշո, թե ծախելու մտադրություն ունենաս, ինձ ասա:

Արշակը շրջվեց նրա կողմը.

-Քանիսո՞վ կառնես:

Պատասխանը հապաղեց.

-Դե, ի՞նչ իմանամ: Տունը քոնն է, դու ես որոշողը:

-Ինչի՞դ է պետք, -շարունակեց հարցուփորձը:

-Բակը կմեծացնեմ: Տունը՝ հեչ բուլդոզերի տակ կտամ, իսկ մարագը թող մնա, հետագայում հնարավոր է կողքին գարաժ կանգնեցնեմ:

Արշակը վատ զգաց: Մի պահ պատկերացրեց, թե բուլդոզերն ինպես է հողն ու քարն առաջն արած՝ հարթեցնում հայրական տունը:

-Դուռը կշարես, -անգամ իր համար անսպասելի՝ դաժանացավ:

Լենդրոշի լեզուն փաթ ընկավ:

-Ինչու՞:

-Կշարես: Մարագն ինձ պետք է: Հասկացա՞ր, -ու բռունցքը դեմ արեց հարևանի քթին: -Հենց էսօր կշարես, թե չէ քացու տակ կգցեմ, -ապա թողնելով հարևանին՝ դիմեց տան կողմը:

Լենդրոշն ուշքի եկած՝ գնաց նրա ետքից.

-Արշո, ինչ եղել է, եղել: Մոռացիր:

Արշակը նրան չնայեց:

-Պայծառը հաց է դրել, գնանք տուն:

Մատնիչի տղա, մատնիչ: «Բուդոզերի տակ կտամ»: Կտաս, բա չե՞ս տա: Ուրեմն՝ հերդ իմ հորը Սիբիր ճամփի, քիչ է, հիմա էլ՝ դու: Իժի ծնունդ: Քո Պայծառի ծնողն էլ… քո էլ: Որոշված է՝ նոր տուն եմ կառուցելու:

Իմ հայր Հայկո, Գևորգ պապը շատ սիրելուց քեզ միանգամից երկու անունով է կնքել՝ Հայկ-Արամ: Նետաձիգ Հայկի և աշխարհակալ Արամ արքայի անունները զարկել է իրար, որպեսզի զորնդեղ լինի ՀԱՅՈՑ ՏՈՒՆԸ, իսկ քսու Գեղամի տղա Լենդրոշն ուզում է բուլդոզերի տակ առնել: Քո Պայծառ քրոջ ծնողն էլ… քո էլ:

Չի՛ լինի: Երբե՛ք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5029 | 0 | 0
Facebook