Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՇՈՒԿԱ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
08:48, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
ՇՈՒԿԱ /պատմվածք/

Սահակը գրպանում տասնհինգ ռուբլի ունի՝ երեք լղարիկ, քրտնխաշ հինգանոց, նրանցից, որ ուզում ես ժամ առաջ ազատվել, վճարելիս էլ ամաչում ես, կասկածը սրտումդ դեմ անում վաճառողին. հանկարծ հետ չտա՞, թե՝ մաշված է, ուրիշը հանիր: Իսկ սահակն այլ փող չունի, դա է, կողմնակի ծախսի իրավունք՝ նմանապես: Պետք է շուկա գնա, կանաչի գնի, գազար, լոլիկ…Չէ, լոլիկը հաշվից դուրս է գալիս, որովհետև կնոջ՝ գոնե կաղամբն ու կարտոֆիլը խանութից գնելու պատվերն ի կատար ածելու հնար չեղավ, տնտեսած գումարի հաշվին մի բան ավել առնելու հույսը հօդս ցնդեց. պտուղ-բանջարառի կետերը կամ փակ էին կամ դատարկ՝ անցած աշնան առևտրի մգլահոտով ներծծուն:

Ու հիմա ուրիշ ելք չկար, դրանք ևս պետք է շուկայից առնվեր, պարզ է՝ շուկայական գներով, այլապես կիրակնօրյա ճաշը՝ կաղամբապուր, չէր եփվի: Եփվելը կեփվեր, գուցե ուտվեր էլ, բայց անունն այլ կլիներ, մարսելը՝ դժվար, որովհետև պակասող մթերքների տեղակ ամանում մաղձ, ժահր լցված կլիներ՝ տանտիրուհուց, իրենից անկախ:

Նույն վիճակի մեջ Սահակն էլի էր ընկել, սովոր էր դրան, սակայն… Բանն այն է, նա շուկա այս անգամ մենակ չէր գնում, աղջիկները հետն էին: Կինն է մեղավոր, կպավ, թե երեխաներին մաքուր օդի հանիր:

Շուկան պայթում, նեղ էր գալիս մարդկանց, մրգի առատությունից: Փող ունեցողի տեղ էր՝ առ, սիրտդ ինչքան ուզի, որքան կամենաս: Իսկ Սահակը… Սահակն ի՞նչ, նրա հոգսն ուրիշ է:

Առաջին շարքերին չմոտեցավ. ամենաբարձր գներն այդ մասում էին, լավ ապրանքը՝ նմանապես: Երեխաներին հետևը գցած, որպեսզի դեմից եկողները չհրմշտեն, անցավ խորքերը, ուր մարդը սակավ էր, միրգը՝ համեմատաբար էժան: Գիտեր՝ դեպքից դեպք ապրանք շուկա բերողին, խեղճուկրակ անձանց կարգին վաճառասեղան չեն տրամադրում, իսկ այդպիսիք գութ ասածից ունեն, գին իջնել գիտեն, կա որ պարզապես ուզում է ժամ առաջ տուն հասնել, մինչև արևմտոց՝ տավարին, տունուտեղին հասնելու համար, հաց ու թացի հարց կա…

Ուրիշ ժամանակ հաճույք էր շուկայում լինելը՝ գույների ի՜նչ խաղ, հետաքրքիր միջադեպեր, մարդկային բնավորություններ… Իր նրբադեմ, նրբականջ դուստրերն ու շուկակայական կյանքը՝ բիրտ, որտեղ հանուն դրամի թույլատրելի է գրեթե ամեն բան: Որ թանկություն է, լսել էր, բայց այդպիսի՞: Զարհուրելի գներ էին՝ չտեսնված, չլսված: Սկզբում պարզապես շրջում էր, ծանոթանում, ականջ պահում խոսակցություններին, հետո, երբ անուշադիր մեկը կրծքով, մարմնով զարկվեց մեծ աղջկան, նեղսրտեց.

-Բարձրանանք երկրորդ հարկ, -դարձավ երեխաներին:

Կարտոֆիլը տակը կլցնեմ, մնացածը, որպեսզի չճխլվի, վրան, -վճռեց: Որոշելը՝ որոշեց, բայց նախ՝ առնել էր պետք: Աղջիկներին պատվիրեց սպասել անկյունադարձի մոտ, իսկ ինքը մոտեցավ վաճառասեղանին, ծայրը որի չէր երևում: Վաղահասի կիլոգրամը չորս, անցած տարվա կարտոֆիլինը՝ երկու ռուբլի էր: Իհարկե, էժանն էլ կար: Ընկույզի մեծությանը, օինակ, մեկ ռուբլի արժեր: Ամոթ էր մինչևիսկ գին հարցնելը:

-Լցնում ես տոպրակը, լավ աղում ու, թեթևակի թրջելուց հետո տրորում. կլեպն ինքն իրեն դուրս է գալիս, - բացատրում էր մի կին մյուսին՝ հավանաբար աղքատ լինելը թաքցնելու, քողարկելու համար:

Գայթակղված կողքից պատահաբար լսածով՝ ինքը ևս կշռել տվեց:

-Երեք կիլո, -քաշն ասաց ու տեղնուտեղը փոշմանեց:

Կինը հիմա դարձել, Սահակի հետ էր զրուցում՝ առավել ջանադիր:

-Նորի վրա կլեպ որտեղի՞ց: Թավայում կարմրացնում ես, դառնում է ձվածեղ: Թոռներս շատ են սիրում: Էն կլորից, -ասում են:

-Բայց ինձ ճաշի համար էր պետք, -իր հերթին անկեղծացավ Սահակը:

-Էս մյուսից առ, Մարտունու կարտոլ է, զեմլյակ, -փորձեց գայթակղել դիմացինը:

-Չորսո՞վ:

-Քեզ՝ երեք ու հիսուն:

-Չառնես, -անսպասելի նոր եռանդ եկավ կնոջ վրա: -Հոր գինը դրել են վրան, -հետո վերստին մեղմվեց: -Ճաշի մեջ չպիտի՞ կտրատվի, թե՞ չեք ծամելու: Նույն բանն է, տղաս: Հարսս որ եկավ…

Սահակն ակամա ժպտաց, սակայն մտաբերելով կնոջը, անխուսափելի վեճը, բնական դիրք ընդունեց. աչքերը դարձան թախծոտ, դեմքը երկարեց, իսկ պարանոցն առաջ եկավ: Լավ է, կինը չի լսում, չի տեղեկանա այս խոսակցությանը, այլապես կսկսի՝ հա դու, հա նա: Եվ տեղին կլինի դիտողությունը: Անկեղծանալու տեղ ես գտել: Քիչ էլ որ մնա, կենսագրությունը կսկսի պատմել: Ուրիշները…

Զայրույթ եկավ վրան, չհասցրեց մինչևիսկ միտքը ձևակերպել: Կնոջ բառն էր՝ ուրիշները… Ճշմարտությունը, որքան էլ անհեթեթ, խարազանեց ուղեղը: Ուրիշները, այո, զամբյուղները լցրած, հրե՛ն, դուս են գալիս, թարմ մսի հերթ են կանգնել, տասը ռուբլով սունկ են գնում, հունիս օրով՝ ձմերուկ, իսկ դու քո նմանին գտել, բան՜ ես ասում: Հետո անանձնական սիրուց, ազնվական տոհմից սերած լինելուց կխոսես, այս աշխարհում ծնունդդ արդարացնելուց:

Այդ տրամադրությամբ էլ գնաց դեպի երեխաները: Վերևից շուկան՝ ինչպես ափումդ: Ընդհանուր գորշության մեջ մրգաշեղջերն ընդգծվել, շողշողում էին: Գունախաղով տարված, ականջներում գվվոց՝ փոքրիկները լլսեցին հոր կանչը:

-Չեք լսու՞մ, -ձայնի տոնը չոր էր:

-Հայրիկ, երեսունվեց տեղ ծիրան են ծախում, -բանից անտեղյակ՝ ոգեշունչ վրա տվեց փոքրը: -Չես հավատու՞մ, երեք անգամ հաշվել ենք:

-Հասմիկ…-մեծը որսացել էր հոր տոնը, զգաստացել:

Սահակը երկուսին էլ գգվեց, մեծին առավ անութի տակ:

-Թե կարողացա, կառնեմ:

Սանդուղքներով դիմեցին առաջին հարկ:

-Ծիրանը քանիսո՞վ եք տալիս, մայրիկ, -Սահակը շեղջերից մատնացույց արեց կենտրոնինը, որը թեև ոչ ընտրովի, տանելի որակ ուներ:

-Հինգ մանաթ, -պատրաստակամ ժպտաց գեղջկուհին:

-Բա սա՞, -իներցիայով շարունակեց:

-Երեք մանաթ, -նա միրգն այնպես էր դիզել, որ ճխլվածը, կարկտի խփածն ու թերհասը առաջին պահ չնկատվեն: Երրորդ շեղջն ուրիշ բառով կրճոն էր, որ եթե ձրի տային, չարժեր տուն հասցնել:

Ամենալավը, ուրեմն, վեց-յոթ ռուբլի կարժենա, հատը գրեթե մեկ ռուբլի է գալիս: Այ թե գին է: Մեր տան մեջ եկել, մեզ ուտում են, մեր հողում աճեցրածով ոսկի դիզում: Տեղն է…

Հոգու խորխորատները քշած դառնությունը վերստին արևերես ելավ ու, որքան էլ ջանաց, այլևս վտարել չեղավ: Ալեկոծ սրտով էլ առևտուր արեց, գնեց ինչ պետք էր՝ առանց արժեքը հարցնելու, կշեռքին հետևելու: Ուզում էր րոպե առաջ դուրս պրծնել գաղջ միջավայրից, ազատվել նյարդերը սղոցող աղմուկից, անզոր վիճակից:

Զամբյուղը լցվել էր, գրպանը՝ դատարկվել, ու նա դուրս եկավ: Երեխաներն ամբողջ ընթացքում խոսք չասացին, ակնարկ չարեցին: Երբեմն-երբեմն մեկմեկու ականջի բան էին փսփսում: Եղավ պահ, որ Սահակի մեջ նրանց առաջ ծնկելու, ներողություն խնդրելու, գութ հայցելու ցանկություն ծնվեց, արդարանալու, իր վարքը բացատրելու, տիեզերական չափանիշներով մարդու կյանքն ու գործը քննելու, նրա լինելիության իմաստն այս հողագնդի վրա մեկնելու, նյութին ու ստամոքսին գերի դառնալ-մնալու, ուրագի փիլիսոփայությունն օրենք դարձնելու հոռիությունը, վտանգավորությունը ասել-հասկացնելու պահանջ զգաց, սակայն զսպեց: Ուրիշ, տարբեր առիթներով փոքրիկների հետ նման հարցերի շուրջ խոսել էր, բայց առողջ սերունդ ունենալու բնազդը հուշում էր, որ դեռ վաղ է, գուցե թե՝ անհարկավոր, որովհետև առանց խոսքի էլ նրանք իրենից նույն արյունը, բջիջների նույն կառուցվածքը, դասավորություն էին ժառանգել, հետևաբար և աշխարհին միևնույն դիտակով, նույն լուսանցքից են նայելու, էլ կարիք կա՞ր ժամանակից շուտ սրել առանց այդ էլ սուր, անտանելի ցավը, որ բույն էր դրել նրանց հոգում ի սկզբանե, հարկ կա՞ր որ զավակները հաղորդակից դառնային տվայտանքին: Կակուղ, մատղաշ շիվեր են, մեկ էլ տեսար չդիմացան, բարալիկ նյարդեր, մեկ էլ տեսար շատ պրկվելուց կտրվեցին, փխրուն սրտեր, որ դեռ որքա՜ն պիտի բաբախեն:

Կանգառում պաղպաղակ էին վաճառում: Վերջին դրամը՝ երեք ռուբլիանոցը, որով ծիրան չկարողացավ առնել, մեկնեց կրպակավաճառին:

-Որի՞ց:

-Երկու պաղպաղակ, ամենալավից, - չարտաբերած՝ ժպիտը ներսից ծամածռեց դեմքը:

-Հայրիկ, դու չես ուտելու՞, -մեծն էր:

-Չէ, աղջիկս, - ձեռքը տարավ ստամոքսումսին, իբր, ներսում այրուք է:

-Ուժե՞ղ է ցավում, -նա հպվեց, սեղմվեց հորը:

-Հոգ չէ, ուր որ է կանցնի: Առավոտն իզուր հաց կերա:

Ուտելուց չէր, այլ ներսում կուտակված ցավից, դառնությունից, մաղձից, որն ավերում էր անցավոր մարմինը, կրծում հոգին, տանջահարում: Մի երկյուղ ուներ՝ հանկարծ ժամանակից շուտ մնաս բարով չասի աշխարհին, հոգու կացարանն անսպասելի ճաք չտա, կյանքի կայծը չմարի: Աղջիկներն այս դաժան աշխարհում նեցուկից կզրկվեն, կմնան որբ:

-Ընկեր, մի րոպե, մի րոպե…

Սահակը շրջվեց: Վաճառողուհին խալաթով ելել էր մայթ:

-Դուք ի՞նչ տվեցիք:

-Երեքանոց:

-Կներեք, ուշադրություն չդարձրի: Դուք էլ ձեր հերթին…

-Ի՞նչ է պատահել:

-Մանրը չեմ տվել՝ երկու ռուբլի:

Եվ իսկապես, Սահակը մետաղադրամը վերցրել էր, մտամոլոր լցրել գրպանը՝ մոռանալով թղթադրամի մասին: Հավանաբար չէր էլ հիշի, մինչև վերստին նոր բան գնելու առիթ չծագեր:

-Զգացված եմ: Հազար շնորհակալություն:

-Կներեք, շատ կներեք:

-Դուք ևս ձեր հերթին ներող եղեք, մտքիս ետևից էի ընկել, - հետո չբավարարվեց ասածով: -Չեք պատկերացնի, թե որքան գոհ եմ: Առաջին դեպքն է, լուսավորվեց աշխարհը:

-Դե իմացեք, առևտրականների մեջ էլ մարդիկ կան: Ի՜նչ անուշ երեխաներ են: Ձեզ են նման, -նա փաղաքշեց փոքրին: -Կրպակի դուռը բաց եմ թողել, գնամ… Ցտեսություն:

-Գնաք բարով:

Դուստրերը շրթունքներով նրբորեն պոկում էին պաղպաղակը, լեզվով հրում բերանի խորքերը և անթաքույց երանությամբ ժպտում հորը: Սահակն ի պատասխան անսպասելի քրքջաց: Մի քանի անծանոթ դեմքեր, կարծելով իրենց է հասցեագրված, շրջեցին հայացքները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8337 | 0 | 0
Facebook