Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Կոմիտաս` Էջմիածնի հալածված միաբանը

21:18, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Կոմիտաս` Էջմիածնի հալածված միաբանը

Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտաս վրդ. Սողոմոնյանի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։ Մեծն Կոմիտասը իր հուշերում գրում է.

«Երբ վերադարձայ Սուրբ Էջմիածնի վանք` տպաւորութիւնս խղճալի էր։ Գլուխն` անգլուխ։ Ոտքերը` բազմոտանի։ Խելքը` ցամաքած։ Գործը` մեռած։ Կիրքը` զարթուն… Մի բերան չասացին նոյնիսկ` թէ ինչո՞ւ չես մնալու, ինչո՞ւ չես մնում, ինչո՞ւ ես հեռացել վանքից… Արդէն ոսկի էլ թափէին` չէի մնալու, բայց եւ այնպէս մարդ կարող էր զգալ թէ մի օր այնտեղ գործ է կատարել եւ կեանք է մաշել` ջանք թափելով անձնուիրաբար։ Վանքի երգեցողութիւնը դարձել է գիւղականից էլ ստոր… Ժխոր, աղաղակ. խառնաձայն ճիչեր… ահա քեզ երգեցողութիւն…

1909 թուականն էր, Սեպտեմբերի 5-ը… Ես ստիպուած էի մի նամակ գրել Վեհափառ Հայրապետ Մատթէոս Երկրորդ կաթողիկոսին...»:


    

«Քսան տարի Մայր Աթոռ Էջմիածնի միաբան եմ։ Մտել եմ այս հաստատութեանը ծառայելու նպատակով։ Քսան տարուայ ընթացքում շրջապատն ինձ թոյլ չի տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետեւ տեսայ միայն որոգայթ եւ ոչ արդարութիւն։ Նեարդերս թուլացել են, այլեւս տոկալու ճար ու հնար չունեմ, որոնում եմ հանգիստ, չեմ գտնում, ծարաւ եմ ազնիւ աշխատանքի, փափագում եմ հեռու մնալ` խցել ականջս չլսելու համար, գոցել աչքերս չգայթակղուելու համար, սանձել զգացումներս չվրդովուելու համար, բայց չէ, մարդ եմ, չեմ կարողանում։

Եթէ հաճոյ է Վեհիդ ինձ չկորցնել, արտասուելով աղերսում եմ` արձակեցէք ինձ Ս. Էջմիածնի միաբանութեան ուխտից եւ նշանակեցէք Սեւանայ մենաստանում մենակեաց։ Քսան տարի կորցրի, գոնէ մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները` իբր առաւել կարեւոր ծառայութիւն Հայ եկեղեցւոյ եւ գիտութեան։


    

Վեհափառութեանդ ծառայ եւ որդի` Կոմիտաս վարդապետ, միաբան Ս. Էջմիածնի» ։


    

Կոմիտասի նամակը մնաց անպատասխան։ 1910 թ. աշնանը Կոմիտասը թողեց Էջմիածինը եւ մեկնեց Պոլիս։ 1911 թ. Կոմիտասը դարձավ Պոլսի Ղալաթիո անվան Կենտրոնական վարժարանի հայկական երաժշտության դասախոսը։ Կարճ ժամանակում կազմեց 300 հոգանոց երկսեռ երգչախումբ եւ կոչեց «Գուսան» ։ Նոյեմբերի 21-ին նշանակված էր անդրանիկ համերգը, որը կայանալու էր Փըթի-Շանի դահլիճում։ Տոմսերը սպառված էին նախապես։ Համերգասրահը հազիվ էր տեղավորել մեծաքանակ ցանկացողների չնչին մասը։ Հանդիսատեսն անհամբեր էր դառնում։ Նշանակված ժամից անցել էր 15 րոպե. վարագույրը չէր շարժվում։ Դահլիճով շշուկ է անցնում` համերգն արգելում են։ Թուրք կառավարությո՞ւնը։ Ո՛չ։ Հայ եկեղեցին։ Մի հոգեւորական է ներս մտնում եւ Կոմիտասին պարզում փակ ծրար` պահանջելով բացել եւ կարդալ։ Քառածալ, կնքված թղթի վրա գրված էր.


    

«Կը ցաւինք ի տեղեկութիւն հաղորդել Ձեր գերազանցութեան, որ Հայոց եկեղեցւոյ սրբազան օրինաց եւ կարգաց բացարձակ հակառակ է եկեղեցւոյ Ս. Պատարագի երգեցողութիւնը աշխարհիկ թատերաբեմի վրայէն։ Հետեւաբար` կ’արգելենք Ձեր յայտագրին առաջին մասը ի գործ դնել` ի բուժումն գայթակղեալ մտաց եւ կ’արտօնենք երկրորդ մասը` ի գոհացումն Ձեր անզուգական տաղանդաւոր երգեցողութեանց հետաքրքիրներուն։


    

Մնամ Ձեր անձնուէր` Պատրիարքական փոխանորդ Ղեւոնդ Արք. Դուրեան» ։


    

«Փարիսեցինե՜ր, - պոռթկաց Կոմիտասը այնպիսի ձայնով, որ ապշեցրեց իր աշակերտներին, որոնք ամիսներ ի վեր ճանաչում էին նրան եւ չէին տեսել վարդապետին այդպիսի վիճակում, - ուզում էիք տապալե՞լ իմ գործը... Եթէ միայն արգելելն էր ձեր նպատակը, ինչո՞ւ նախապէս չէիք արգելում։ Մի ամսից աւել է՝ ազդագրերը փակցուած են։ Ես պատրիարք-մատրիարք չեմ ճանաչում։ Գնա՛, ըսէ՛, որ կաթողիկոսի հրամանը ունեմ գրպանս» ։

Նա, անշուշտ, ակնարկում էր այն հրամանը, որն, իրոք, էջմիածնական իր տարիներին ստացել էր Խրիմյան Հայրիկից։

Համերգը տեղի ունեցավ նախատեսված ծրագրով։ Կղերականները համերգը համարեցին մեղք եւ սրբապղծություն, իսկ Կոմիտասը ուխտադրուժ հայտարարվեց։ «Չես կարող երեւակայել, թէ ինչե՜ր քաշեցի, ի՜նչ օյիններ սարքեցին տխմար տիրացուները, - գրում է Մարգարիտ Բաբայանին, - բայց ես յաղթեցի, հայ երաժշտութիւնը հնչեց նորից» ։

1914 թ. հունիսին Կոմիտասը մեկնում է Փարիզ` մասնակցելու Միջազգային երաժշտական ընկերության հերթական կոնգրեսին։ Հետաքրքրությունը զեկուցումների եւ հայ երաժշտության հանդեպ այնքան մեծ է լինում, որ կայանում են երրորդ, չորրորդ չնախատեսված զեկուցումները։ Փարիզում ունեցած հաջողությունների լուրերի հետ Պոլիս էին հասել Կոմիտասի եւ Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ հոգեւոր եւ աշխարհիկ երգերի սկավառակները։ Այդ երգերի ձայնագրմանը Կոմիտասը նվագակցել էր անձամբ` դաշնամուրով եւ ֆիլհարմոնով։ Հոգեւորականները դա եւս համարեցին մեղք եւ սրբապղծություն։ Կրոնական ժողովը դիմեց ոստիկանությանը, որ արգելվեն գրամոֆոնի պլաստիկաների վաճառքը. գնեցին սկավառակները եւ ջարդեցին։ Հետագա սերունդները եւ մենք զրկված ենք Կոմիտասի կատարմամբ ձայնասկավառակներից։ Կոմիտասից մեզ հասած մի քանի հազվագյուտ ձայնագրումները իրեղեն վկաներն են զրկանքի մեծության։

Կոմիտասը դեռ 1909 թ. զգում էր մոտալուտ ճայթյունը. Արշակ Չոպանյանին գրած նամակում, դառնալով դաշնակներին, ասում է. «Էլ բա՛ւ է, որքան քանդեցին մեր ներքին ու արտաքին կեանքը անմիտ հպարտութեամբ եւ փուչ ուժով» ։ 1912 թ. դեկտեմբերի 18-ին գրում է. «Բաւական է հաւատալ Եւրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներին։ ժամանակն է մշակել սեփական գործնական ճամփէն» ։

1914 թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

«Հօտն անհովիւ, մոլոր ու շփոթ... Անմիտ որսորդներ բոլորած` միամիտ ձկներ ցանցած։ ... Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերութիւն, օտարամոլութիւն եւ ցեխոտ սրտեր՝ միւս կողմէն։ Փառասիրութիւն, փութկոտութիւն մէկ երեսէն, ապիկարութիւն, տգիտութիւն` միւս երեսէն։ Իւրաքանչիւր ոք իր պաշտօնն զգեցած է իբր հանդերձ, զոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց։ Ո՞ւր է մեր խոհական Խորենացին, թող ելլէ՛ ու ողբա՛ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը... Սիրտս փլած է...» ։

Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանական կառքը կանգնեց Կոմիտասի տան դարպասի մոտ։ Կոմիտասին տարան Պոլսի կենտրոնական բանտ։ Երկու ժամվա մեջ բանտի բակում 220 ձերբակալված հայ մտավորականներ էին հավաքել։ Այդտեղից ցուցակները կարդալով` նրանց նստեցրին փակ մեքենաները, մի մասին տարան Արաշ, մյուսին` Էնկյուրի։ Էնկյուրի տարվածներին 44 կառքով տարան Գալայջիքի կայարան, տեղավորեցին Չանղըրըի զորանոցի նկուղում։ Այդտեղ Կոմիտասը կազմեց իր վերջին երգչախումբը։ Բայց խումբն օրեցօր նվազում էր. տանում էին 2-3 հոգու` ռազմական դատարանում դատելու պատրվակով։ Եկավ Դանիել Վարուժանի եւ Ռուբեն Սեւակի հերթը։ Երկար գրկել էին Կոմիտասին։ Հետո նրանց կառք նստեցրին ու տարան...

Աքսորից փրկված մտավորականները օտարերկրյա դեսպանների միջամտությամբ կարողացան ձեռք բերել Կոմիտասին եւ եւս 8 մտավորականներին ազատելու հրամանը։ Աքսորից ազատվելուց հետո Կոմիտասը դեպրեսիայի մեջ էր։ 1916 թ. առողջությունը լավանում է։ Գրում է «Հայկական պար», «Մշոյ պար» դաշնամուրային ստեղծագործությունները։ Աշնանը դեպրեսիան կրկնվում է։ Նրան տեղավորում են Պոլսի թուրքական զինվորական հիվանդանոց։ 1919 թ. տեղափոխում են Փարիզի Վիլ-Էվրար, ապա` Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանը։ Այստեղ էլ Կոմիտասը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 22-ին։ Իր կյանքի վերջին 19 տարին Կոմիտասն անց է կացրել հոգեբուժարաններում` որպես խելագար։

Կոմիտասի մահվանից անցել է 75 տարի: Ցայսօր նրա հիվանդության եւ մահվան իրական պատճառները մնում են առեղծվածային: Կոմիտասագիտության մեջ մեծ երաժշտագետի վախճանին վերաբերող մի քանի վարկածներ գոյություն ունեն:

1991 թ. Փարիզում բժշկագիտության դոկտոր, 2 հոգեբուժական հիվանդանոցների գլխավոր մասնագետ Լուիզա Տեր-Հովհաննիսյանը Կոմիտաս վարդապետի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց, որտեղ ապացուցում է, որ Կոմիտասը խելագար չէր եւ չէր տառապում շիզոֆրենիայով` հիմնվելով հետեւյալ փաստերի վրա:

«Բիւզանդ» թերթի խմբագիր Բյուզանդ Քեչյանը, որ աքսորված էր Կոմիտասի հետ, վկայել է, որ աքսորի դաժան օրերին ապրելու կամք եւ ցանկություն նրանց ներշնչում էր վարդապետը: Զարմանում էին, որ Կոմիտասը այդ պայմաններում ուժ էր գտնում ֆիզիկապես եւ հոգեպես առողջ մնալու, իսկ գիշերները քնում էր երեխայի նման:

Երկու անգամ էլ` թե՛ Պոլսում, թե՛ Փարիզում, Կոմիտասին հոգեբուժարանում մեկուսացրել են խաբեությամբ: Թուրքական ջարդերի սարսափներից հետո նա դառնում է թուրք զինվորական բժիշկների հիվանդը. միայն այս փաստը բավական է եզրակացություն անելու` մի՞թե վարդապետը թուրքերի հետ պիտի խոսեր Եղեռնից:

Նույն կերպ Կոմիտասի «օգնության կոմիտեն» խաբեց վարդապետին` իբր Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Ֆրանսիա` հերթական զեկուցումը կարդալու: Կոմիտասը շոգենավով ուղեւորվում է Փարիզ: Նրան ուղեկցում էր մի անծանոթ երիտասարդ` ոմն Գեւորգ Քամալյան, որն էլ կոմիտեի կարգադրությամբ Կոմիտասին խաբեությամբ տանում է հոգեբուժարան:

Կոմիտասի հիվանդության պատմությանը կցված է սխալ գրություն. իբր Կոմիտասը դեռեւս 1898 թ. բուժվել է Թուրքիայի եւ Ռուսաստանի հոգեբուժարաններում։ Դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Կոմիտասն այդ շրջանում սովորում էր Գերմանիայում: Կոմիտասը 48 տարեկան էր, երբ առաջին անգամ հայտնվել էր հոգեբուժարանում: Բժշկական պրակտիկան բացառում է այդ տարիքում շիզոֆրենիայի դրսեւորվելը: Ակնհայտ է, որ փաստերը նենգափոխել են կեղծ ախտորոշումը արդարացնելու համար: Կոմիտասի պահվածքում անհանգստացնող դրսեւորումը լռությունն էր:

Մորիս Դուկոստեն, որը եղել է վարդապետի բժիշկը, գրում է, որ Կոմիտասն ուղղակի չէր ուզում խոսել, հատկապես նախկին ընկերների հետ: Բացի այդ, հայտնի է, որ «Օգնության կոմիտեն» կարգադրել էր, որպեսզի առանց իրենց թույլտվության ոչ ոք չայցելի Կոմիտասին: Ի՞նչ իրավունքով եւ ինչի՞ց էին զգուշանում կոմիտեի ներկայացուցիչները, եթե այդպես համոզված էին, որ Կոմիտասը հոգեկան հիվանդ է:

1999 թ. հրատարակվեց Խաչիկ Սաֆարյանի «Կոմիտաս հրաշագործ» գիրքը, որտեղ հեղինակը Կոմիտասի խելագարության պատմությունը ներկայացնում է` վերապատմելով վարդապետի ժամանակակիցների հուշերը:

Ըստ այս վարկածի` հիվանդության առաջին նախանշաններն ի հայտ են եկել աքսորի օրերին: Ձերբակալված հայ մտավորականները, կանխազգալով իրենց հրեշավոր վախճանը, խնդրում են Կոմիտասին երգել «Տէ՛ր, ողորմեա՛» -ն: Լացի ու հեկեկոցի ալիք է բարձրանում: Տեսնելով իր ընկերներին այդ վիճակում` Կոմիտասը հիստերիայի մեջ բարձր ծիծաղում է:

Հետագայում, չկարողանալով վերականգնել Կոմիտասի առողջությունը` նրան ռումինական «Տաչիո» նավով ուղարկում են Փարիզ, որտեղ նրան դիմավորում է իր ավագ ընկերը` Արշակ Չոպանյանը: Վերջինս վարդապետին համերգասրահ ուղեկցելու փոխարեն տանում է հոգեբուժարան: Հեղինակն այս փաստը կապում է Կոմիտասի հիվանդության հետ. նա ի վիճակի չէր տնօրինել իր կյանքը, նրա համար միեւնույն էր` ո՛ւր կտանեն իրեն:

Կոմիտասը մահացել է ոսկորի բորբոքումից: Վիլ-Ժուիֆը էժանագին հոգեբուժարան էր եւ այստեղ հիվանդներին հագցնում էին կոպիտ ոտնամաններ, ինչից էլ Կոմիտասի ոտքը վնասվում է, հետո բորբոքվում` հասնելով մինչեւ ոսկորը: Հակաբորբոքային միջոցներ այդ տարիներին չկային, դրանք հայտնվել են միայն 1948-50-ական թվականներին: Սա միակ եզրակացությունն է, որը ընդհանուր էր երկու վարկածների համար:

2004 թվականին լույս տեսավ «Կոմիտաս. Փշուր մը քնարերգութիւն» ժողովածուն: Նախագծի հեղինակը եւ ղեկավարը Վահան Արծրունին էր: Կազմողը եւ խմբագիրը` Այդին Մորիկյանը: Գրքում ընդգրկված է Կոմիտասի քնարերգությունը: Քնարերգությունն, իսկապես, ընդամենը մի փշուրն է Կոմիտասի համընդգրկուն հանճարի: Բայց գրքում զետեղված սիրային բանաստեղծությունները վկայում են, որ Կոմիտասը, հաստատ, ապրել է սիրո զգացումը եւ դրանք նվիրված են սիրած կնոջը.


    

Անմար սեր


    

Քեզ չսիրե՞լ`

Գեհեն կորել

Ու կըրակով հոգին փորել:

- Քեզի սիրել`

Դըրախտ երթալ

Ու վարդերով քընանալ:


    

Քո երազում


    

Եւ ա՛յս գիշեր, քո երազում,

տեսել ես, որ ես ու դու`

Երես-երես ճանաչել ենք

սիրոյ ծովում իրարու...

Քո սուրբ սէրը սար է դառել

Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,

Գլխիդ վերը ամպ է շարել`

Գալարահեղ, կամարակապ ու զեղուն:

Սարը շողէն, ամպի քօղէն`

Մենաւորի ոգին ծնել, դեգերել,

Ձեռին մի բոյս` կանաչ ու կոյս`

Խորհրդաւոր ձոր են քաղել ու բերել:

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել`

Ամպի տակին` արեւծագին շունչ առել,

Ջրի մօտին, կանաչ խոտին`

Գլխիդ վերեւ ծիրան-գօտին փունջ արել:


    

Ճերմակ հեր, գարուն սեր


    

Ես ու դու սէ՛ր ենք,

Մէկ սրտի տէ՛ր ենք.

Նռան ճիւղերով բոցուն,

Սիրոյ տաղերով արբուն:

Տե՜ս, իմ հեր`

Ճերմակ սէր,

Որ պաղել էր շատ ձմեռ,

Սրտիդ բաղում դալարեց:

Տե՜ս, քու սէր`

Գարուն էր,

Որ գոցեց իմ խոց ու վէր`

Սրտիս խաղում ծաւալեց:


    

Պետք չէ Կոմիտասին հիշել որպես տխուր, խելագարված հանճարի: Ի վերջո, կյանքի վերջում բոլոր հանճարները էլ չեն ուզում խոսել, շփվել. ընտրած մարդիկ են լինում նրանց վերջին տարիների, օրերի վկաները: Կոմիտասը խելագար չէր եւ միայն Ցեղասպանության զոհը չէր: Այդ վերջին փաստն, իհարկե, հաճելի մորմոք է ավելացնում մեր մազոխիստական ցավին, ողբին: Բայց հիշե՛ք, ռեալ մտածե՛ք, սթափ դատե՛ք. այդ ո՞ր Մեծին, Հանճարին մենք չենք խաչել: Շատ հեռու չգնանք. Փելեշյանից ի՞նչ գիտենք: Գիտենք, որ նա Մոսկվայում է եւ որ էլ չի նկարում այդ հանճարեղ, մեծ ռեժիսորը: Ինչո՞ւ: Այս ազգային նկարագրի մաս կազմող հարցի պատասխանն այնքան պարզ է Կոմիտասի երգիծական բանաստեղծություններից մեկում.


    

Առակ


    

Կար ու չկար,

Մի մոծակ կար:

Բզզաց,

Դզզաց,

Եկաւ

Նստաւ

Ճակտին վըրան.

Բացաւ բերան,

Հանեց իր փուշ

Ու եկաւ կուչ.

Ձայնը կտրեց,

Ինծի խաբեց,

Կըծեց, ծակեց,

Թույնը թափեց,

Նըշան դըրաւ,

Ելաւ, թըռաւ:

Մոծակ անկոչ,

Երկարապոչ,

Դու բան չունե՞ս,

Դու քուն չունե՞ս

Իմ ճակատին

Դու ի՞նչ ունես:

- Այդ պարտքըս է

Բայց ինձ լըսէ`

Սազով

Նազով

Ձայն եմ տալիս,

Այնպես գալիս:

Զգուշացիր

Դու մլակից,

Որ կծում է

Կաշու տակից:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
11384 | 2 | 0
Facebook
Մամուլի խոսնակ