Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

30 հետաքրքիր փաստ Շեքսպիրի մասին. մահանալիս նա շատ հարուստ է եղել և իրականում երկու կյանք է վարել

Կարմեն Կարիս
Հեղինակ`
Կարմեն Կարիս
14:33, հինգշաբթի, 31 հունվարի, 2013 թ.
30 հետաքրքիր փաստ Շեքսպիրի մասին. մահանալիս նա շատ հարուստ է եղել և իրականում երկու կյանք է վարել

Հետաքրքրվա՞ծ եք Շեքսպիրի կյանքով: Եթե այո, ապա դուք ճիշտ տեղում եք: Ստորև բերված են 30 ոչ այդքան հայտնի փաստեր Ուիլյամ Շեքսպիրի մասին: Շատ քիչ ճշգրիտ տվյալներ են հայտնի Շեքսպիրի կյանքի մասին, բայց մենք փորձել ենք լավ ուսումնասիրել մեզ հայտնի ինֆորմացիան և ներկայացնել մի շարք բազմազան ու հետաքրքիր փաստեր այս հանճարեղ մարդու մասին:

Փաստ 1

Շեքսպիրը մահացել է 52 տարեկան հասակում: Հայտնի է, որ ծնվել է 1564 թվականի ապրիլին և մահացել 1616 թվականի ապրիլի 23-ին: Գիտենք, որ մկրտվել է 1564 թվականի ապրիլի 26-ին, ու գիտնականները կարծում են, որ նա ծնվել է ապրիլի 23-ին: Հետևաբար, նա մահացել է իր 52-րդ տարեդարձին: Այս օրը համընկնում է Սուրբ Գևորգի ծննդյան օրվա հետ: Հետաքրքիր է, որ մեծ անգլիացի գրողի կյանքում այսչափ սերտ համընկնում կա Անգլիայի գլխավոր սրբի հետ:

Փաստ 2

Շեքսպիրն ունեցել է յոթ եղբայր ու քույր՝ Ջոն (1558), Մարգարեթ (1562), Գիլբերթ (1566), Ջոն II (1569), Անն (1571), Ռիչարդ (1574) և Էդմանդ (1580).

Փաստ 3

Շեքսպիրն ամուսնացավ Անն Հեֆավայի հետ 17 տարեկանում: Երբ ամուսնացան, կինը 26 տարեկան էր ու հղի: Նրանց առաջին երեխան ծնվեց ամուսնությունից վեց ամիս անց:

Փաստ 4

Շեքսպիրն ու Անն Հաթավայը երեք երեխա ունեին՝ մի զավակ Հեմնեթը, ով մահացավ 1596 թվականին, և երկու դուստր՝ Սուսաննան ու Ջուդիֆը: Նրա միակ թոռնուհի Էլիզաբեթը՝ Սուզաննայի դուստրը, մահացավ առանց ժառանգություն թողնելու 1670 թվականին: Հետևաբար Շեքսպիրը չունի հետևորդներ:

Փաստ 5

Շեքսպիրը մահացավ, երբ շատ հարուստ էր: Նա բազմաթիվ նվիրատվություններ է արել, իսկ ունեցվածքը կտակել է իր դստերը՝ Սուսաննային: Շեքսպիրն իր կտակում միայն մեկ անգամ է հիշատակել կնոջ մասին. «Կնոջս եմ թողնում իմ երկրորդ լավագույն մահճակալը անկողնու սպիտակեղենի հետ միասին»:

Փաստ 6

Շեքսպիրի մարմինը թաղվել է Ստրատֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Նա անիծել է այն մարդուն, ով կհամարձակվի տեղափոխել իր աճյունը վերջնական հանգստի տեղից: Նրա տապանաքարի գրությունն է.

Իմ լավ ընկեր, հանուն Հիսուսի

Մոռացիր այստեղի հողը փորելու մասին:

Օրհնվեն այն մարդիկ, ովքեր հանգիստ կթողնեն այս քարերը,

Եւ թող անիծվեն նրանք, ովքեր կտեղափոխեն իմ ոսկորները:

Թեև գերեզմանները փորելու սովորույթ կա՝ այլոց համար տարածք ազատելու համար, սակայն Շեքսպիրի աճյունի մնացորդները մնում են տեղում:

Փաստ 7

Շեքսպիրի մոր կողմից բարեկամներից մեկը՝ Ուիլյամ Արդենը, ձերբակալվել է Էլիզաբեթ I թագուհու դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով, կալանավորվել է Լոնդոնի Աշտարակում, ապա մահապատժի ենթարկվել:

Փաստ 8

Իր ամբողջ կյանքի ընթացքում գրել է 37 պիես և 154 սոնետ: Կարելի է ենթադրել, որ նա գրել է միջինը մեկուկես պիես ամեն տարի, քանի որ սկսել է գրել 1589 թվականից: Նրա վերջին պիեսը՝ «Երկու վերոնացի ազնվականները», ենթադրվում է, որ գրվել է 1613 թվականին՝ 49 տարեկան հասակում: Այսքան արագ պիեսներ գրելու հետ մեկտեղ նա նաև ընտանեկան, հասարակական և զբաղված գործարարի կյանք էր վարում, ինչպես նաև ղեկավարում թատրոնը:

Փաստ 9

Քչերը գիտեն, որ բացի բազմաթիվ պիեսներ և սոնետներ գրելուց, Շեքսպիրը նաև դերասան էր, ով խաղում էր իր կողմից գրված պիեսներից շատերում, ինչպես նաև ընդգրկված էր այլ գրողների ստեղծագործությունների բեմադրություններում: Շեքսպիրը խաղացել է Էլիզաբեթ I թագուհու, իսկ հետո արդեն Ջեյմս I-ի համար, ով հովանավորում էր նրա աշխատանքը:

Փաստ 10

Շեքսպիրը մասնագիտությամբ դերասան էր: 1592, 1598 և 1603 թվականների փաստաթղթերում նա ներկայացվում է որպես դերասան: Գիտենք, որ խաղացել է Բեն Ջոնսոնի բեմադրությունում, ինչպես նաև իր պիեսներում: Բայց կարծիք կա, որ նա չէր խաղում մեծ դերեր, քանի որ շատ զբաղված էր. ղեկավարում էր թատրոնը, անընդհատ տեղափոխվում էր Լոնդոնից Ստրատֆորդ, որտեղ իր ընտանիքն էր ապրում: Ապացուցված է, որ խաղացել է ուրվականի դերը «Համլետ»-ում և Ադամի դերը «Ինչպես կուզեք» պիեսում:

Փաստ 11

Էլիզաբեթյան շրջանի գրողները սովորաբար համագործակում էին պիեսներ գրելու նպատակով: Իր կարիերայի ավարտին Շեքսպիրը աշխատել է այլ գրողների հետ ու գրել ստեղծագործություններ, որոնք համարվում են նրանց գործերը: Այլ գրողներ ևս աշխատել են որոշ ստեղծագործությունների վրա, որոնք համարվում են Շեքսպիրի հեղինակային գործերը: Կարող ենք համոզված ասել, որ «Տիմոն Աթենացի» պիեսը Թոմա Միդլթոնի հետ համագործակցույթան արդյունք էր, «Պերիկլես»-ը՝ Ջորջ Վիլքինսի և «Վերոնացի երկու ազնվական»-ը՝ Ջոն Ֆլեչերի հետ համագործակցության արդյունք էր:

Փաստ 12

Չնայած որոշ գիտնականներ պնդում են, որ իրականում Շեքսպիրը չի գրել շեքսպիրյան պիեսները և առաջարկում են առնվազն հիսուն գրողներ՝ որպես պիեսների «իսկական» հեղինակներ, այդուհանդերձ, լուրջ ապացույցներ կան, որ այս ստեղծագործություններն իրականում Շեքսպիրի գրչին են պատկանում:

Փաստ 13

Շեքսպիրը անգլերեն լեզվով գրած երկրորդ ամենամեջբերվող հեղինակն է՝ աստվածաշնչյան հեղինակներից հետո:

Փաստ 14

Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնը ամբողջովին այրվել է 1613 թվականի հունիսի 29-ին՝ «Հենրի VI» պիեսի բեմականացման ժամանակ:

Փաստ 15

Շեքսպիրը համարվում է էլիզաբեթյան շրջանի դրամատուրգ, բայց քանի որ նրա ամենահայտնի ստեղծագործությունները գրվել են Էլիզաբեթի մահից հետ, նա իրականում Ջեկոբի ժամանակների գրող էր: Նրա վերջին երկերը ներկայացնում են այդ ժամանակաշրջանի դրամատուրգիային բնորոշ առանձնահատկությունները:

Փաստ 16

Շեքսպիրի մահից գրեթե 400 տարի հետո Գուգլ որոնողական համակարգում գոյություն ունի նրան վերաբերող 157 միլիոն կայքէջ:

Փաստ 17

Շեքսպիրի պիեսներում տեղի է ունենում տասներեք ինքնասպանություն, իսկ տասներեքը համարվում է դժբախտության թիվ:

Փաստ 18

Շեքսպիրի բազմաթիվ ստորագրություններից շատերը պահպանվել են օրիգինալ փաստաթղթերում: Ոչ մի փաստաթղթում նա իր անունը չի գրել այն ձևով, որը դարձել է սովորական և օգտագործվում է բոլորի կողմից:

Փաստ 19

Շեքսպիրն իրականում երկու կյանք է վարել: 17-րդ դարում նա արդեն հայտնի դրամատուրգ էր Լոնդոնում, իսկ իր հայրենի քաղաքում՝ Ստրատֆորդում, որտեղ ապրում էին կինն ու երեխաները, հայտնի էր որպես շատ հարգված գործարար և սեփականատեր: Նա հաճախ էր այցելություններ կատարում Ստրատֆորդ:

Փաստ 20

Ամերիկայի նախագահ Աբրահամ Լինքոլնը շեքսպիրյան պիեսների մեծ սիրահար էր և հաճախ մեջբերումներ էր անում նրա ստեղծագործություններից: Նրան սպանողը՝ Ջոն Բուֆը, հայտնի շեքսպիրյան դերասան էր:

Փաստ 21

Թեև կաթոլիկ լինելն արգելվում էր շեքսպիրյան ժամանակներում, Շեքսպիրի ծանոթներից Ռիչարդ Դեվիսը նրա մահից որոշ ժամանակ անց գրել էր, որ նա իրականում կաթոլիկ էր:

Փաստ 22

Մոմերը շատ թանկ էին շեքսպիրյան ժամանակներում, այդ իսկ պատճառով օգտագործվում էին միայն հատուկ դեպքերում՝ շատ կարճ ժամանակով: Շատ գրողներ գրում էին ցերեկային ժամերին, իսկ երեկոյան՝ շփվում մարդկանց հետ: Պատճառ չկա ենթադրելու, որ Շեքսպիրը տարբերվում էր իր ժամանակի գրողներից:

Փաստ 23

Շեքսպիրյան ժամանակներում կանանց և աղջիկներին չէր թույլատրվում ելույթ ունենալ թատրոնում, ահա թե ինչու բոլոր մասերը, որ նախատեսված էին աղջիկների համար, գրվում էին տղաների համար: Որոշ պիեսներում, ինչպես «Համլետ»-ում և «Անտոնիոս և Կլեոպատրա»-ում, կան վառ օրինակներ: Շատ ավելի ուշ Անգլիայի բեմերից մեկում հայտնվեց առաջին դերասանուհին:

Փաստ 24

Շեքսպիրյան պիեսներից միայն երկուսն են ամբողջովին չափածո՝ «Ռիչարդ Երկրորդ»-ը և «Ջոն Արքա»-ն: Շատ պիեսներ կիսով չափ արձակ են:

Փաստ 25

Շեքսպիրն իրականում ավելի շատ պիեսներ է գրել, քան մեզ է հայտնի: Փաստ է, որ նա գրել է «Կարդինիո» անվանումով մի պիես, որը հետագայում կորել է: Գիտնականների կարծիքով՝ նա գրել է մոտ քսան գործ, որոնք անհետ կորել են:

Փաստ 26

Շեքսպիրի ամենակարճ պիեսը՝ «Սխալների կատակերգություն»-ը, իր ամենաերկար ստեղծագործության՝ «Համլետ»-ի, մեկ երրորդ չափն է կազմում: Չորս ժամ է պահանջվում այն բեմականացնելու համար:

Փաստ 27

Շեքսպիրի՝ «Համլետ» և «Ոչնչից մեծ աղմուկ» պիեսները թարգմանվել են Կլինգոն լեզվով: Կլինգոն լեզվի ինստիտուտը պլանավորում է ավելի շատ գործեր թարգմանել:

Փաստ 28

Ուրան մոլորակի բոլոր արբանյակներն անվանել են շեքսպիրյան կերպարների անուններով:

Փաստ 29

Ուիլյամ Շեքսպիր անունը «Ես թույլ եմ ուղղագրությունից» անգլերեն (I am a weakish speller) արտահայտության անագրամման է:

Փաստ 30

Տապանաքարի նկարում Շեքսպիրը ձեռքին ցորենի տոպրակ էր: 1747 թվականին Ստրատֆորդի բնակիչներն այն փոխարինել են գրիչով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11498 | 0 | 0
Facebook