Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիշում ենք ու պահանջում

Հովհաննիս Յան
15:37, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Հիշում ենք ու պահանջում

Հարյուր տարի: Անցել է մի ամբողջ դար, իսկ մարդկությունը մնացել է գրեթե նույնը. հայը՝ հայ, թուրքը՝ թուրք, եվրոպացին էլ նույն՝ սեփական շահերն ու կարիքները գնահայտող քաղաքակիրթը: Ու մենք էլ փորձում ենք կրկնօրինակել այդ քաղաքակրթությունը: Դեպի եվրոպական արժեքներ գաղափարներ ենք որդեգրում և փորձում դիվանագիտական ճանապարհով պահանջել հատուցել մեր կորուստները: Բայց ինչո՞ւ ենք կրկին միամտաբար կարծում՝ միշտ դիվանագետ մուսուլման թուրքը փոխել է իր տեսակն ու մի օր զիջումների կարող է գնալ, մի օր զղջալ ու ներողություն խնդրել նախնյաց արարքների համար:

Հիշում ենք… Այլ կերպ հնարավոր չէ: Ցեղասպանության մասին հիշողությունները մեր գեներում են ամրագրվել: Եվ նույնիսկ ամենակարող ջնջոցն ի վիճակի չէ մաքրել այն մեր գլխից: Սարսափ տեսարանները, որ փառք աստծո, մեր սերունդը չի տեսել, բայց դժբախտաբար ապրել են մեր տատերն ու պապերը, մեր հոգուն են դաջված: Ու եթե անգամ ժամանակին իրականացվեր մեկ հայ՝ այն էլ թանգարանում թողնելու գաղափար-մտադրությունը, եթե անգամ մեզ

էլ զոմբիացնեին, մանկուրտ դարձնեին, միևնույն է՝ հիշելու էինք: Քանզի ցեղասպանության մասին հիշողությունները դարձել են մեր գենի հիշողությունները: Նույնիսկ հիվանդության տեսքով են արտահայտվում: Ինչո՞ւ է հայերի, հատկապես արևմտահայերի շրջանում այդքան տարածված պարբերական կոչվող հիվանդությունը: Այդ հայի հոգին է ցավում, որ մարմնական ցավի միջոցով է արտահայտվում, որ պարբերաբար հիշեցնում է պապերի կրած ցավն ու տառապանքը: Ու չկա սպեղանի, չկա դեղահաբ, որ ի չիք դարձնի ցավն ու թույլ չի տա տառապել: Տառապողները փախչում են ապրելավայրից, ինչպես Եղեռնից մազապուրծ լինելու միակ ճանապարհը հեռանալն ու այլ վայրում հաստատվելն էր, ցավը հազվադեպ է դառնում, ասես նահանջում է, բայց ժամանակավոր: Ոչ տեղափոխությունը, ոչ բարվոք պայմանները, ճոխ ապրելակերպն ի զորու չեն փոխել գենը: Ինչ-որ հրաշքով ողջ ես մնացել այսօրվա Թուրքիայում, թե լիարժեք՝ ազատ ու բարեկեցիկ ապրում ես արևմուտքում՝ միևնույն է՝ անցյալից մնացած փոքրիկ զարդատուփը կամ թաշկինակը մասունքի պես ես պահում՝ հիշելով անցյալն ու վերապրելով այն:

…ու պահանջում: Պահանջում ենք հարգել մեր նախնյաց հիշատակը, այնքան բարոյական լինել, որ կարողանալ գոնե հարյուր տարի անց ներողություն խնդրել գործած չարիքի համար: Ներողությո՞ւն: Գրում եմ այս բառն ու հասկանում, որ գեներիս մեջ նաև ազգիս միամտությունն է թևածում: Նույնիսկ եթե գիտակցեն ու ընդունեն կատարվածը, պետք է աշխարհը բարոյական համարենք: Մինչդեռ այն օրը, երբ տասը միլիոն հայ ու մի ամբողջ մարդկություն, որ կարող է սգալ մոր ու մանկան անմեղ չգոյությունը, անհոգի թուրքը ՙԽաղաղության միջազգային համաժողով՚ է կազմակերպում և մեծաշուք տոնում այդ օրը չհաղթանակած Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյա հոբելյանը: Պահանջում ենք աշխարհից՝ այլևս երբեք թույլ չտալ նման կերպ աղտոտել և ոչ մի ժողովրդի ճակատագիր, թույլ չտալ բնաջնջել ազգի մտավորական սերուցքը, խելագարության մատնել լուսավոր գլուխները, հավերժ ծնողի կարոտ դարձնել նորածին մանկանը, մոր աչքն էլ պահել մինչ մահ արցունքոտ: Պահանջում ենք վերադարձնել մեր անցյալը, Էրգրի հողը, Վանի ջուրը, հազար ու մեկ եկեղեցիների պատերի հետ անարգվող հավատքը:

Հարյուր տարի է անցել, և այլևս գլուխներս կախ չենք ենթարկվում ոսոխի յաթաղանին, այլ զենքը ձեռքներիս ամեն պահի պատրաստ ենք պայքարել մեր ազատության, լինելիության, մեր հայ լինելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8677 | 0 | 0
Facebook