Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՍԽԱԼՄՈՒՆՔ ԷՐ, ՁԱԳ, ԵՍ ԳՈՂ ՉԵՄ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
11:44, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
ՍԽԱԼՄՈՒՆՔ ԷՐ, ՁԱԳ, ԵՍ ԳՈՂ ՉԵՄ /պատմվածք/

Շունչ քաշելու համար Սրբուկը ձեռքի պայուսակը դրեց աստիճանահարթակին. դեռ հինգ հարկ ուներ բարձրանալու: Մթերային խանութից տան համար երշիկ էր գնել, պանիր, կարագ, բրինձ: Գյուղում են ապրում, բայց, դե, կապը քաղաքի հետ է: Անունն է գյուղ: էհ, փառք Աստծո, հացը հլա որ տնից է: Թե չէ շատերը դա էլ են քաղաքից առնում: Այսինքն՝ հիմա ոչ գյուղն է առաջվանը, ոչ՝ հացը: Չէ, հաստատ թողնելու է թխելը: Քաղաքացոց որ հարցնես, կասեն՝ ի՞նչ կա: Կարծում են, միայն իրենք են աշխատում: Առաջին մի քանի հացն է հեշտ: Դաստակներդ հոգնում են, կռանալ-ուղղվելուց թիկունքդ քիչ է մնում կոտրվի, երեսդ, հո, կարմրում է թոնրի կողերի պես: Անտեր գլխացավն էլ վերջերս ավելացավ: Ու էդ բոլորը, ինչ է թե՝ մի քիչ փող ետ գցի: Մանավանդ տղան դեմ է: Ինքն է, էլի, ընկել է հարևան կանանց խելքին: Թխում են, տանում քաղաքի շուկան: Պատահել է, բակերն է ընկել ու լավա՜շ, լավա՜շ կանչել: Էլ վերջ: Այսօրվանից դադար է տալիս: Հիմա կբարձրանա հինգերորդ հարկ, տան համար մի երկու ցամքոց կառնի, հետո կտեսնի՝ հարմար բան կա՞: Գյուղի ավտոբուսին կես ժամ է մնում, հանգիստ կհասցնի:

Հիշողություններով տարված Սրբուկը չէր նկատում, որ խանգարում է անցուդարձին: Վերևում՝ բաժիններից մեկում հավանաբար նոր ապրանք էին ստացել: Շարժասանդուղքի փոխարեն շատերը գերադասում էին սովորական աստիճանները: Անկյունադարձին, չնկատելով հարթակին կանգնած գեղջկուհուն, ոմանք խփվում էին նրան, քթի տակ բան փնթփնթում, շարունակում ցատկերով առաջանալ: Ընդհանուր հուզումը տիրեց նաև Սրբուկին. Տեսնես ի՞նչ են ստացել:

Վերցնելով պայուսակը՝ աճապարեց վերև: Կոշիկի բաժնում մարդիկ խռնվել էին իրար: Վաճառողուհին՝ սիրունատես մի աղջիկ, կուրծքը դեմ արած ամբոխին, թույլ չէր տալիս խուժել բաժին: Ճտքավոր կոշիկներին էին՝ կաշվից: Ուրիշ ժամանակ, եթե նույնը դրված լիներ բաժնում, չէր նկատի, ուշադրություն դարձնելու դեպքում էլ, կարդալով գինը, սահմռկած ետ կփախչեր: Իսկ հիմա, տեսնելով հրմշտող մարդկանց, որոշեց գնել: Հարսի համար կառնի, թող հագնի, ումի՞ց է պակաս: Իր տղայի կինն է, չէ՞, էլ ո՞ր օրվա համար է աշխատում: Համ էլ՝ թողնելու է թխելը, ո՞վ գիտի, հետագայում ձեռքը գումար ընկնի՞:

Մտածում էր Սրբուկը, հետն էլ փորձում խցկվել հերթի մեջ: Խփվում էր մարդկային պատվարին, ուզում առաջ ընկնել: Պայուսակը խանգարում էր:

-Տեղ տվեք դուրս գամ, տեղ տվեք, -աղմուկում էր մեկը՝ ջանալով կենդանի պատնեշի մեջ ճեղք բացել: Սրբուկը միայն հուսահատ ճիգեր գործադրողի ստվարաթղթե տուփը պարզած ձեռքն էր տեսնում: Պատնեշն ալիքվում էր: Հաջողակ գնորդը համառորեն, քայլ առ քայլ առաջանում էր: Ետքից կես վայրկյանի չափ ազատ տարածություն էր մնում, դեպի ուր մղվում էին մուտքի մոտ խմբվածները: Ի վերջո, երիտասարդը կարողացավ դուրս գալ: Հորձանքի մեջ ընկած Սրբուկը, ինքն էլ չհասկանալով ինչպես, հայտնվեց մուտքը պահող վաճառողուհու առաջ: Նրանք, ովքեր թոհուբոհում հետևի շարքերն էին մղվել, սկսեցին աղմկել, հրել առջևում կանգնածներին:

-Մի հրեք, մի հրեք, էս ինչ ժողովուրդ են, -գոռում էր վաճառողուհին:

-Մեր աղջիկ, ավտոբուսից ուշանում եմ, թող մտնեմ, -նրան դիմեց Սրբուկը:

Վաճառողուհու հայացքը սահեց գեղջկուհու վրայով՝ առանց նկատելու:

-Ձեզ հետ եմ, մի հրեք:

Սրբուկը ճիգով էր դիմանում ահռելի ճնշմանը: Եթե չլիներ վաճառասեղանի երկու եզրերից պինդ բռնած աղջիկը, տեղում չէր մնա և կընկներ, ոտնատակ կգնար: Վաճառողուհին ավելի բարձրահասակ էր: Նրանից քրտինքի, օծանելիքի հոտ էր գալիս: Սրբուկն զգում էր, թե որքան են լարվել նրա մկանները: Երբ հերթական ալիքը հասավ աղջկան, մի ձեռքը պոկվեց հենարանի դեր կատարող սեղանից, և Սրբուկը, մոտերքում կանգնածները թիկունքից եկող ուժի ճնշման տակ հայտնվեցին բաժնի ներսում:

-Չեղավ, չեղավ, վայրենիներ, -ճչաց աշխատողներից մյուսն ու հասավ՝ պատնեշելու ներս խուժող գնորդներին:

Աղմուկի վրա պահեստ տանող դռնից հայտնվեց քառասունհինգին մոտ մի տղամարդ, հավանաբար, վարիչը:

-Առևտուր չանեք, մինչև բաժինը չազատեն, - ասաց ու նույնպես միացավ մուտքի մոտ կանգնած աշխատակցուհիներին:

Հագնվել էր նորաձև: Դեմքին սպիտակ փափկություն կար. ակնհայտորեն վաղուց ֆիզիկական աշխատանք չէր կատարել: Համենայնդեպս, տեսքն ու ձայնն ազդեցիկ էին, ու մի պահ առաջ մղվող ամբոխը հապաղեց: Տղամարդն արագորեն մի վաճառասեղանը մոտեցրեց մյուսին, և մուտքի մոտ անցուդարձի համար հազիվ ճեղք մնաց:

-Այստեղ կանգնեք, չթողնեք մարդ մտնի, -կարգադրեց, ապա դարձավ դրսում կանգնածներին: - Հերթ կանգնեք, առանց հերթի ոչինչ չի ծախվի:

Առջևում եղողները համոզված, որ իրենց կհասնի, պատրաստակամ շարվեցին, մնացյալը ուշքի եկած՝ սկսեց աղմկել:

-Իմ հերթն առաջ է: Ես պետք է հիմա ներսում լինեի, -չէր հանդարտվում ի կին:

-Ճիշտ չեք ասում, ես տեսա, դուք նոր եկաք, -նկատեց մեկը:

-Պահ, գլխիս պրոֆեսոր մի կտրի, գիտե՞ս ինչ…-տաքացավ կինը:

Երկու քայլ այն կողմ ևս վիճում էին:

-Ասացի՝ ինձ հետ դուք-ով խոսեք, -թիկունքի չսափրած դեմքով կարճահասակ տղամարդուն քաղաքավարության դասեր էր տալիս փառահեղ արտաքինով մի տիկին:

-Հերթդ որտե՞ղ է, հերթդ ցույց տուր:

-Գնացեք ձեր կնոջը մատով բզեք: Ես իմ տեղում եմ կանգնած:

-Դե լավ, օյիններ մի բանեցրու, քեզ նմաններին էլ գիտենք, -նահանջի ճանապարհին չմոռանալով խոսքի թույն կաթեցնել՝ նետեց տղամադրը:

Փառահեղ տեսքով կինը ոչնչացնող հայացքով ոտքից գլուխ հակառակորդին չափելուց հետո վերստին շուռ եկավ վաճառասեղանի կողմը:

-Հանդարտվեք, ընկերներ, բոլորիդ կհասնի, հանդարտվեք, -վարիչն այնուհետ դարձավ ներսում խռնված գնորդներին: -Արագացրեք: Շուշան, չեկերը խփիր:

Սրբուկը թեթևացած շունչ քաշեց: Կհասցնի: Ավտոբուսին, երևի, տասը րոպե է մնում: Ո՞ր համարը գնի, երեսունյոթ, թե՞ երեսունութ:

-Տղաս, իմպրտնիի համարը մերի հետ բռնու՞մ է, -կողքի երիտասարդին դիմեց Սրբուկը:

-Լավ կլինի մի համար մեծ վերցնեք:

Ճիշտ է ասում, թող մեծ լինի, ձմռանը բրդե գուլպայի խնդիր կա:

-Աղջիկս, ինձ երեսունութ համարից տուր:

-Փորձելու՞ եք, -հարցրեց վաճառողուհին:

-Չէ, հարսիս համար է, արևիդ մեռնեմ:

Աշխատողը տուփերից մեկը մեկնեց: Սրբուկն ուզեց մոտենալ դրամարկղին, հետո նկատեց՝ մյուսները չեն շտապում. հագնում էին, փորձում, ստուգում կաշվի որակը, համեմատում զույգերը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքն էլ փորձի: Վաթսուն տարեկան է, սակայն կյանքում սապոգ հագած չկա:

Նայեց կոշիկներ տվող վաճառողուհու կողմը: Աղջիկն այլ գնորդներով էր զբաղված: Նստեց և, հանելով հագինը, ոտքը մտցրեց: Մեծ էր: Ձգեց շղթան: Կաշվե փողքերը գրկեցին սրունքը: Սիրուն ոտնաման է, արժե առնել, -մտածեց:

-Էս ու՞մն է, թող տեր լինի, -ոտքով պայուսակին հարվածեց մեկը:

Սրբուկը պայուսակը մոտ քաշեց: Մյուս ոտքն էլ չփորձի՞: Միևնույն է, պիտի առնի, իմաստ ունի՞ փորձելը: Տուփով է լավ, թե՞ դնի պայուսակը: Տե՞ղ: Կանի, տեղ շատ կա:

Նա մի կողմ տարավ երշիկը, բրնձի փաթեթը, հացի շորը փռեց, որպեսզի, բան է, կարագը ոտնամաններին չդիպչի, ապա՝ սկզբում մեկը դրեց, ուղղակի պառկեցրեց շորին, հետո մյուսը: Բրինձը, երշիկը տեղավորեց վերևում: Հիմա կգնա, կմուծի գումարը և՝ ուղիղ տուն: Հազիվ հասցնի: Մոտն ինչքա՞ն փող կա: Որքան հիշում է՝ հարյուր ռուբլի: Ներքնաշորի տակ է, թաշկինակի մեջ: Նա ձեռքը շրջազգեստի տակ տարավ:

…Իսկ եթե չմուծի՞: Անսպասելիորեն հայտնված մտքից սահմռկած՝ շուրջը նայեց: Վաճառողուհին առևտրով էր զբաղված: Մուտքի մոտ կանգնած բաժնի վարիչը գնորդների հերթական խումբն էր ներս թողնում:

Բրնձի, երշիկի տակից կոշիկները երևում էին: Ի՞նչ անի: Յոթանասունհինգ ռուբլին քիչ թող չէ: Ոչինչ էլ չի պատահի, կվերցնի պայուսակն ու դուրս կգա: Հարցնո՞ղն ով է:

Կոշիկների տակից հացի շորը քաշելով՝ փռեց պայուսակի երեսին, ապա մանրակրկիտ հարթեց, կոկեց եզրերը: Հիմա ոչինչ չէր երևում: Հուզվել էր: Փուչ միտք էր, մտավ գլուխը: Ինչպես բոլորի, նրա հոգին ևս աշխարհի չարից ու բարուց պաշտպանված չէր:

Վերցնելով պայուսակը՝ դիմեց մուտքի կողմը: Մի քանիսին առաջ թողեց: Գնորդները ցույց էին տալիս կտրոնը, բաժնի վարիչը վերցնում էր այն, մեջտեղից պատռելով՝ վերադարձնում: Դուրս ելնողների թվում գնում չկատարածներ նույնպես կային:

Սրբուկի բախտը բերեց. բաժնի վարիչին կանչեցին հեռախոսի մոտ: Բարձրահասակ, գեղեցկատես վաճառողուհին վերստին մենակ մնաց:

-Հիմա կգամ, տեսնեմ ո՞վ է: Առանց հերթի մարդ չթողնես, -ընթացքում կարգադրություններ անելով՝ դեպի անկյունում դրված հեռախոսը գնաց տղամարդը:

Մեկն էլ անցավ: Հերթը հասավ Սրբուկին:

-Չե՞կը:

-Չունեմ, -առանց վաճառողողուհուն նայելու՝ պատասխանեց Սրբուկը:

-Կոշիկ չառա՞ք:

-Չէ, ոտքովս չեղավ:

Աղջիկը տեղ տվեց, որպեսզի գնորդը դուրս գա: Պայուսակը երկու ձեռքով բռնած՝ նա անցավ հերթում եղողների ու անհերթ խցկվել կամեցողների միջակա բացվածքով: Թվում էր՝ վերջ: Ետևից լսվեց վաճառողուհու ձայնը.

-Ընկերուհի, հետ եկեք:

Ի՞նչ եղավ, չլինի՞ կասկածեց: Արտաքինը կասկածի տեղիք տվեց, պայուսակի տեսքը, թե՞ բաժնի վարիչի աչքին է ուզում բարձրանալ: Քարացած՝ կանգ առավ: Քրտինքը մեկից ողողեց մարմինը: Սիրտը պատեպատ էր խփվում:

-Պայուսակումդ ի՞նչ կա:

Հարցի վրա շրջվեց: Աղջիկը, թողած բաժինը, եկել էր Սրբուկի ետքից: Շուրջը զարմանալի լռություն էր իջել, կրքերը մեկից հանդարտվել էին:

-Բրինձէ, երշիկ…-պատասխանը ուշացումով հնչեց:

-Ստուգի՛ր:

Բաժնի վարիչն էր: Վերադարձել էր և, վաճառասեղանին կռթնած, հետևում էր միջադեպին: նրա ներկայությունը վաճառողուհուն ոգևորեց:

-Բա՛ց արա:

Սրբուկը մի փոքր ետ տանելով լաթը՝ ցույց տվեց երշիկի ծայրը:

-Լրիվ բաց:

-Ավտոբուսից ուշանում եմ, հիմա կշարժվի: Թող գնամ, բախտդ ընկնեմ, -վերջին հուսակտուր փորձն արեց Սրբուկը:

Վաճառողուհին կռանալով բարձրացրեց շորը, ապա՝ ձեռքը մտցնելով բրնձի փաթեթների տակ, հանեց կոշիկներից մեկը: Կոպիտ շարժումից թուղթը պատռվեց, և բրնձի մի մասը խշշաց հատակին:

-Սապոգ է գողացել, ընկեր Արշակյան:

Միանգամից աղմուկ բարձրացավ: Մեղվի փեթակն սկսեց բզզալ:

-Ներս բեր, -աշխուժացավ վարիչը:

-Արի, արի, -երկրորդ կոշիկը հանող վաճառողուհու դեմքին հաղթական ժպիտ էր հայտնվել:

-Ավտոբուսից ուշանում եմ, թողեք գնամ:

Ձայնն ընդհանուր աղմուկի մեջ չլսվեց: Փորձեց ազատվել: Աղջիկը երկու ձեռքով աքցանելով Սրբուկի թևը՝ կրկին դիմեց վարիչին.

-Չի ուզում գալ:

-Հո իր չուզելով չէ, -նա քայլ անելով՝ կնոջը քաշեց ներս:

-Գողացել է, քիչ է, հիմա էլ ծլկել է ուզում, -պայուսակը քարշ տալով՝ դժգոհեց աղջիկը:

-Կեղտոտի մեկը, կեղտոտ, -վերևից նետեց գանձապահուհին:

-Կոշիկը պիտի գլխով տաս, որ խրատվի: Չի էլ ամաչում, -հավելեց հերթում կանգնածներից մեկը:

-Միլիցիա զանգեք, թող գան տանեն, -հուշեց մեկ այլը:

Սարսափած, բուռ դարձած Սրբուկն աղերսագին դիմեց վարիչին.

-Եղբայր, սխալվել եմ: Երեխաներիդ մատաղ լինեմ, էդ բանը մի արա:

-Ի՞նչ չանեմ, -չհասկանալու տվեց դիմացինը:

-Միլիցիա մի կանչիր, մեղք եմ: Տարիքս խնայիր:

-Տարիքից ամաչողը գողություն չէր անի:

-Սխալմունք էր, ձագ, ես գող չեմ: Ինքս էլ լավ չհասկացա:

-Գող չես, բա ի՞նչ ես: Մենք այստեղ ամբողջ օրը ոտքի վրա տանջվում ենք, երակ ուռցնում, մեր անունն է դուրս եկել: Պակասորդ որ տայի, դու՞ էիր փակելու, -վրա տվեց գանձապահը:

-Լավ, լավ, դու պակասորդ տվող չես, -նկատեցին հերթից:

Կրակը բորբոքելու համար փոքրիկ ոստն էլ բավական էր:

-Ի՞նչ, -գանձապահուհին շուռ եկավ հավաքածների կողմը, -էս չէ՞ ձեր ազնվությունը, -ու մատնացույց արեց Սրբուկին:

-Տես, է, ո՜նց են գողին պաշտպան կանգնում: Մեղքը ես եմ, որ յոթանասուն ռուբլով չորս երեխա եմ պահում, -մեջ ընկավ մի տարեց վաճառողուհի:

-Հարցնող լինի՝ էդ ո՞նց ես պահում, -բորբոքվեց գնորդը:

-Դե գլուխ մի տար: Ընկեր Արշակյան, սրանց նմաններին այդպես էլ պետք է, զանգեք, թող գան:

Սրբուկի աղերսագին հայացքն այս անգամ ուղղված էր հերթում կանգնածներին: Տեր եղեք, փրկեք, -պաղատում էր անխոս դեմքը: -Կյանքումս գողություն չեմ արել: Միշտ գլուխս կախ բանել եմ՝ երեխա մեծացրել, հող փորել, հաց թխել: Եղավ էլի: Ամեն մեկը կյանքում գոնե մի անգամ սխալվում է: Իմն էլ սա էր: Տղաս որ իմանա, կսպանի, երկու կես կանի: Ձեր ոտքն ընկնեմ, ի՞նչ կմտածեն հարևանները, գյուղացիք, հարսս:

Աչքերին արտասուքներ հայտնվեցին: Հակառակի պես թաշկինակ չուներ:

-Անունդ ի՞նչ է, -հարցրեց վարիչը:

-Սրբուհի, -այտն ի վար հոսողը փեշով մաքրելով՝ պատասխանեց:

-Համա թե սուրբ ես, պառավ:

Վաճառողուհիները պատրաստակամ փռթկացին:

-Ազգանու՞նդ:

Սրբուկն զգուշացավ:

-Չլինի՞ զանգելու ես: Ոտքդ պագնեմ, ոտնամանները ետ եմ տալիս, ուրիշ ի՞նչ եք ուզում:

-Սրամիտն է, հա՜: Չէ մի՝ չտայիր: Երեխա, ամուսին ունե՞ս:

-Ունեմ, գառս, երեք աղջիկ ունեմ, մի տղա:

-Տղադ ի՞նչ գործի է:

-Վիլիսի վրա է, տնօրենին է պտտացնում:

-Բա որ էդպիսի տղա ունես, ամոթ չէ՞, կոշիկ ես թռցնում:

Արբուկի սիրտը քիչ էր մնում վիրավորանքից պայթի, բայց վախն ավելի զորեղ էր: Իր կյանքի ամենասև ժամը սա է: Մահը հազար անգամ գերադասելի է, քան գողության մեջ բռնվելը: Էլ ի՞նչ պատիժ: Սրանից մեծ պատի՞ժ կա: Չէ, չի պատասխանի: Էլի սրանք գութ ունեն: Թող վիրավորեն, ծեծեն, միայն թե վերջում խղճան, բաց թողնեն: Բա որ հավաքվածների մեջ գյուղից մա՞րդ լինի: Դժվար. իրենց ավտոբուսը հիմա շարժվել է: Վերջին ուղերթն է: Տա Աստված, մարդ չիմանա, տաքսիով էլ տուն կհասնի:

-Որտեղացի՞ ես:

-Քաղաքից չեմ:

-Ո՞ր գյուղից ես: Գյուղիդ անունն ասա:

Սրբուկի դեմքին պարզ նկատելի էր տառապանքը:

-Հոգիս բերանս բերիր: Դու մայր չունե՞ս:

-Թողեք գնա, հերիք է տանջեք, -մեջ ընկավ մի գնորդ:

Վարիչը շրջվեց ձայնի կողմը.

-Մեկ էլ դու ես մեղք:

Գնորդը սուր պատասխան չգտնելով՝ գոհացավ խոսքի հարվածը դիմադարձելով:

-Համենայնդեպս, քեզնից մեղք չեմ:

Վարիչը մի պահ կամեցավ թողնել գեղջկուհուն, որպեսզի խոսողի հախից գա, հետո փոխելով մտադրությունը՝ կրկին դարձավ զոհին.

-Հիմա ի՞նչ ես ասում՝ չզանգե՞մ:

Սրբուկը ձարձագանքեց: Արդեն ատում էր բաժնի վարիչին և ներքուստ համոզված էր, որ նա հազար անգամ ավելի մեծ մեղսագործ է, քան ինքը, որ բռնվել էր կոշիկները ձեքին:

-Քեզ հետ եմ: Եթե թողնեմ, մյուս անգամ գողություն կանե՞ս:

-Ես իմն առա. սրանից հետո իմ կյանքը լեղի է:

-Դե հիմա ներողություն խնդրիր ու գնա: Մյուս անգամ, տես, հա՜, չես պրծնի:

-Ձեռքս ու միտքս չորանային, որ ինձ էս օրը գցեցին:

-Չէ, ըտենց չէ: Ասա՝ ներողություն եմ խնդրում, այլևս նման բան չեմ անի:

-Ներողություն եմ խնդրում, էլ նման բան չեմ անի:

-Նույնը չասիր, բայց՝ ոչինչ: Իսկ հիմա գնա ու էլ էս կողմերը չերևաս: Առևտուրը շարունակեք, - դարձավ նա աշխատողներին:

Սրբուկը ոտքի ելավ: Ծնկներում ուժ չկար: Մեքենաբար փեշերն ուղղելով՝ վերցրեց պայուսակն ու մարդկային պատվարի միջով դուրս եկավ: Մեռնել էր կամենում: Ներսը ցավից նվվում էր: Ոտքերի տակ ներքև տանող սանդուղքներն էին՝ ողորկ, անբիծ: Սալիկներից մեկը միայն կենտրոնում լայնակի ճաք ուներ, որը համատարած ճերմակության մեջ ուշադրություն չէր գրավում: Այդպես մեկիկ-մեկիկ իրար էին հաջորդել իր ապրած տարիները՝ նույնքան անեղծ, նույնքան դաշն, բացի վերջինից: Էլի օրեր կգան, բայց ինքն այլևս հանգիստ չի ունենա, կջանա չնկատելու տալ ճաքած սալիկը, սակայն չի կարողանա: Չի՜ կարողանա:

Հետո կոպերի տակ լճացած արցունքի պատճառով սանդուղքը կորավ մշուշում, գույները խառնվեցին, և նա չընկնելու համար ձեռքը գցեց բազրիքին:

Քրտնած ապակիների ետևում խտտուն լույսերով ողողուն քաղաքն էր: Գյուղ տանող ավտոբուսը չէր երևում:
    
     «Հետհարված» շարքից:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2603 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ