Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի հատ սելֆի չանե՞նք

Հովհաննիս Յան
14:37, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Մի հատ սելֆի չանե՞նք

Ի՞նչ է անում այդ աղջիկը, ինչու է շուրթերն ուռեցրել ու քիչ կկոցած աչքերով, դեմքի հիացական արտահայտությամբ նայում բջջայինին: Ու նա միակը չէ: Քիչ առաջ փողոցի մյուս կողմում ևս մի քանիսը դեմքի այդ նույն արտահայտությունն ունեին: Ախ, սելֆի են անում: Խոհանոցում, ննջասենյակում, բակում, փողոցում, թանկարժեք ավտոմեքենայի (կարևոր չէ՞ ում) հարևանությամբ, բրենդային խանութի ցուցափեղկի մոտ, այնպես, որ երևա հեռվում նշմարվող քիչ հայտնի անձնավորությունը, իսկ եթե հնարավորություն ընձեռնվի հանդիպել որևէ հայտնի մարդու, սա արդեն իրական հաջողություն է: Նույնիսկ մեծ ու փոքր երկրների նախագահների սելֆիներ շատ կարելի է հանդիպել: Նույնիսկ նրանք չեն կարողանում ետ մնալ այս կախումից: Վերը նշված վայրերն ամենաանմեղ տեղերն են, որտեղ կարելի է սելֆիներ անել: Մարդկությունը ծայրահեղության է հասել. արտաքնոցներում արվող ինքնանկարներն անգամ այլևս չեն զարմացնում:

Սելֆին հայելու դիմաց արված ինքնալուսանկարն է: Ու թեև այն մեր օրերի հայտնություն է համարվում շնորհիվ բազմաֆունկցիոնալ բջջային հեռախոսների, աշխարհում առաջին ՙսելֆին՚ համարվում է անհայտ կնոջ կողմից 1900թ. Կոդակ լուսանկարչական սարքով արված ինքնալուսանկարը: Հաջորդ շատ տարածված ինքնալուսանկարը, որ հասել է մեզ, Կոդակ Բրոունի լուսանկարչական խցիկով արվել է 1913 թվականին ռուս վերջին կայսր Նիկոլայ Ռոմանովի դստեր՝ Անաստասիայի կողմից: 1914թ. հոկտեմբերի 28-ին հորն ուղարկած գրության մեջ նա նշում է. ՙԵս նկարեցի ինքս ինձ՝ նայելով հայելու մեջ: Դա շատ դժվար էր, որովհետև ձեռքերս դողում էին՚:

Այսօր, ավելի քան 100 տարի անց, սելֆիներով լի են բոլոր սոցիալական ցանցերը: Վիճակագրության համաձայնª բրիտանացիներն ամեն ամիս սոցցանցերում հրապարակում են 35 միլիոն ինքնալուսանկար: Օքսֆորդյան բառարանի կազմողները սելֆի բառը համարեցին 2013-ի տարվա բառ:

Հոգեբույժների ամերիկյան ասոցացիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ինքնալուսանկարներով այսաստիճան տարվելն արդեն կարելի է հոգեկան խանգարում համարել: Նորահայտ ՙսելֆիտ՚ հիվանդությունը սահմանվում է որպես օբսեսիվ-կոմպուլսիվ (անցանկալի մտքեր՝ ուղեկցվող կպչուն գործողություններով) ցանկություն՝ նկարելու ինքն իրեն և տեղադրելու նկարները սոցիալական ցանցերում՝ սեփական անձի նկատմամբ հարգանքի և շփման բացը լրացնելու համար: Առանձնացվում է խանգարման երեք մակարդակ. Էպիզոդիկ սելֆիտ. ինքն իրեն նկարում է օրական ամենաքիչը 3 անգամ՝ չտեղադրելով դրանք սոցիալական ցանցերում, սուր սելֆիտ. ինքն իրեն նկարում է օրական ամենաքիչը 3 անգամ և տեղադրում դրանք սոցիալական ցանցերում և քրոնիկ սելֆիտ. երբ կա ինքն իրեն նկարելու շուրջօրյա անզուսպ ցանկություն և տեղադրում է նկարները սոցիալական ցանցերում օրական վեց և ավելի անգամ:

Մարդկության նոր հիվանդության ախտանիշները հաշվի առնելով և գումար վաստակելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելով՝ տարբեր ընկերություններ նոր գաղափարներ են հղանում: Ինտերնետում սովորական հայելու առջև արվող լուսանկարների կողքին նոր լուսանկարչական ստեղծագործություններ են հայտնվում՝ այլընտրանքային սելֆիներ, օրինակ՝ մատների տեսքով: Մեկ այլ գաղափար է առաջացել ամերիկացիների մոտ, ովքեր սկսել են տոստերներ արտադրել, որոնք կարող են հացի վրա մարդու պատկերը տպել: ՙBunt Impressions՚ ընկերությունն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ամեն առավոտ ուտել ՙսեփական պատկերը՚: Նա տոստերներ է արտադրում, որոնք կարող են հացի վրա պատկերել ցանկացած լուսանկար, որը կպատվիրի հաճախորդը: Ուղարկիր ցանկացած որակյալ լուսանկար և մեկ շաբաթ անց կարող ես վայելել անհատական սելֆի անող տոստերի մեջ եփված լուսանկար-տոստդ:

Թերևս պետք է համաձայնվել գածվում, սակայն ի՞նչ անել, եթե շատ այլ հիվանդությունների պես սա էլ դեռ չունի բուժում: Հետևե՞նք հարցով հետաքրքրվող սելֆիասերի խորհրդին. վերացնե՞նք բջջային հեռախոսները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6144 | 0 | 0
Facebook